
ՌԱԶՄԱՃԱԿԱՏԱՅԻՆ ԲԵԿՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ ՄԻԱՅՆ ԵՐԵՒԱՆԻՑ
Այն, որ այս օրերին սուր մտահոգություններ են առաջացել Շուշիի հետ կապված, հայտնի փաստ է. պաշտոնական աղբյուրներն էլ են դա ֆիքսում՝ հորդորելով չհավատալ, խուճապի չմատնվել եւ այլն:
Իրականում ի՞նչ վիճակ է Շուշիում: Ոչ պաշտոնական աղբյուրները խոսում են քաղաքում մարտերի մասին: Պաշտոնական աղբյուրները խոսում են քաղաքի մատույցներում համառ ու ծանր մարտերի մասին: Ո՞րն է տարբերությունը. ընդամենը մի քանի կիլոմետր, որը փոքր թիվ է: Այսպիսով, պատկերը սա է՝ մի քիչ այս կողմ, մի քիչ այն...
Ո՞րն է ելքը, ինչպե՞ս կարելի է բեկում մտցնել: Ելքը պետք է հանրությանը պարզ եւ ամենամատչելի ձեւով ներկայացնեին իշխանությունները, նաեւ հաշվի առնելով, որ մյուս բոլորը զրկված են ձայնից: Մինչդեռ իշխանություններից եկող ազդակները միայն տարբեր հարցերի տեղիք են տալիս:
Սկսենք Սահմանադրությամբ երկրի ղեկավար համարվող նախագահից: Վերջին ազդակներից մեկը, որը եկավ Արմեն Սարգսյանից այն էր, որ ադրբեջանական նավթամուղին հարված չի հասցվելու: Պարց հարց՝ ինչո՞ւ: Ազերիներն առանց վայրկյան անգամ մտածելու ոչնչացրել եւ ոչնչացնում են Արցախի ողջ տնտեսական, քաղաքացիական պոտենցյալը, անգամ հարվածներ են հասցրել ծննդատներին: Ու այս իրավիճակում այդ ի՞նչ ջենթլմենական հայտարարություններ է անում ՀՀ ղեկավարը: Ավելին, ժամանակին նա էր բողոքում, թե լիազորությունենրի չունի: Ու այդ դեպքում ո՞վ է նրան իրավունք տվել՝ ռազմական ստրատեգիայի հետ կապված նման հայտարարությունենր անի, այն էլ՝ ըստ էության նաու Արցախի անունից: Ինչո՞ւ մինչ այժմ ոչնչացված չէ նավթամուղը, որով Ալիեւը նավթ է վաճառում, փող աշխատում, դրանով զենք առնում եւ հարվածում Արցախի ծննդատներին: Մինչդեռ նույն Արմեն Սարգսյանը, ով, որքան էլ դիմեցինք, այդպես էլ հրապարակավ չներկայացրեց այն փաստաթուղթը, որ հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Այն նույն Մեծ Բրիտանիայի, որը մի կողմից՝ իր հերթին է փող աշխատում հիշատակված նավթամուղից, իսկ մյուս կողմից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով տորպեդահարում է Արցախի հետ կապված բանաձեւերը: Եթե ավելացնենք այն հայտնի փաստը, որ թագուհու հպատակները պարտավոր են եւ երդվել են առաջնորդվել բացառապես բրիտանական շահերով, մտածելու լուրջ հիմք կունենանք...
Անցնենք վարչապետին: Ի՞նչ ռազմավարություն է այս ծանր վիճակում առաջարկում Փաշինյանը. անկեղ ասած գոնե մենք այս պահին պատկերացում անգամ չունենք: Անգամ այն հարցի հետ կապված, թե ո՞ւր մնաց Պուտինին հղված հայտնի նամակով Փաշինյանի պահանջած հրատապ խորհրդակցությունները՝ Հայաստանին օգնելու հետ կապված: Նաեւ պատկերացում անգամ չկա, թե ի՞նչ է մտածում Փաշինյանը՝ ՌԴ-ի հետ միասին հակաահաբեկչական օպերացիաներ կազմակերպելու խնդրի հետ կապված: Փաստը սա է. Հայաստանը պաշտոնապես հիմնավորել է, որ Արցախի դեմ գործում են ահաբեկչական խմբավորումներ: ՌԴ-ն եւս ամենաբարձր մակարդակներով հաստատել է, որ այդպես է, Արցախ են բերել հազարավոր ահաբեկիչների: Սա պետք է բավական լիներ, որ հակաահաբեկչական օպերացիաների թեման մտներ օրակարգ: Մտե՞լ է, կա՞ն այդ հարցով Հայաստան-Ռուսաստան քննարկումներ, առավել եւս՝ պայմանավորվածություններ եւ հստակ պլաններ, պատկերացում անգամ չկա: Մինչդեռ, այդ նույն ահաբեկիչները եւս այս պահին Շուշիի մատույցներում են:
Այն, որ այս հարցերն ամենաուղղակի պակն ունեն ռազմաճակատային իրավիճակի հետ, երեւի հասկանում են բոլորը: Ավելին, շատերը նաեւ ունեն այս հարցերի պատասխանները: Եվ վերջ, դրանից այն կողմ արդեն հանրային լեթարգիայի նմանվող իրավիճակ է: Լավ, բա հետո՞...
դեպի ետ