• am
  • ru
  • en
Версия для печати
31.10.2020

ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՊԱՐՏՎԵԼ, ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՆՔ. ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

   

Արդեն մեկ ամսից ավել ընթացող արցախյան մերօրյա պատերազմի, այդ ընթացքում հնչած առաջարկների, անելիքների եւ իրավիճակի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:


«ԴՐՎԱԾ Է ՄԵՐ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»

– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք մեր բանակի գործողություններն ու ռազմաճակատում ստեղծված իրավիճակը:

– Նախ ամենակարեւոր արձանագրումն այն է, որ պատերազմը թեպետ մենք չենք սկսել, մենք չենք սանձազերծել, բայց այն իրականում մեզ համար մեր մեծ հայրենականն է: Այսինքն՝ սեղանին դրված է ոչ Արցախի, ոչ էլ Հայաստանի պետականության, այլ ընդհանրապես՝ հայ ժողովրդի, հայության ճակատագրի խնդիրը, եւ այս պատերազմում մենք իրավունք չունենք պարտվելու: Չեմ ասում, որ պարտավոր ենք հաղթել, բայց ակնհայտ է, որ պարտվելու ոչ մի իրավունք չունենք: Եվ այս պահի դրությամբ՝ մենք չենք պարտվում: Նույնիսկ եթե որոշ տարածքներ ենք զիջել, շարունակում եմ պնդել, որ չենք պարտվում: Աշխարհը տեսավ Արցախի մարտունակ պաշտպանության բանակին, հայ զինական ուժը, ըստ էության, աշխարհին ապացուցեց, որ նույնիսկ ամենաազդեցիկ ռազմական կարողություններով, հզորություններով օժտված բանակը՝ Թուրքիան, Ադրբեջանը եւ ահաբեկիչները, կարող է ինչ-որ տարածքներ վերցրին, բայց պաշտպանության բանակին չեն կոտրել: Միգուցե, որոշ մարտեր զիջեցինք, բայց պատերազմը դեռ ավարտված չէ: Սա շատ կարեւոր եմ համարում, որովհետեւ այս պատերազմը մեզ համար ճակատագրական է լինելու, քանի որ դրված է մեր լինել-չլինելու հարցը:

– Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ շուրջ մեկ տասնյակից ավելի կուսակցություններ հանդես եկան միասնական հայտարարությամբ եւ առաջարկով, սակայն այն որեւէ արձագանք չունեցավ իշխանության կողմից: Ի՞նչ կասեք այս մասին:

– Փաստենք, որ հենց պատերազմի առաջին օրվանից բոլոր քաղաքական ուժերով, այդ թվում նաեւ ընդդիմադիր, պայմանավորվեցինք, որ ներքաղաքական կյանքում չպետք է լինի որեւէ քննադատություն, որեւէ այնպիսի մի քայլ, որը կարող էր հանգեցնել ներքին պառակտումների, խժդժությունների կամ դառնալ առիթ ներքաղաքական ցնցումների: Ավելին՝ ինչպես Դուք նշեցիք, ընդդիմադիր կուսակցությունները, ստեղծված իրավիճակից ելնելով, տարբեր առաջարկություններ ներկայացրին: Այդ առաջարկներից մեկը ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին ստեղծելն էր: Մեր կուսակցությունն էլ է մասնակցել այդ փաստաթղթի մշակմանը ու ստորագրել ենք դրա տակ: Դրա ամբողջ իմաստն այն էր, որ պատերազմական ոչ ստանդարտ պայմաններում անհրաժեշտ են նաեւ ոչ ստանդարտ լուծումներ ու ճգնաժամային կառավարում: Իսկ այդ փորձառությունն այսօրվա կառավարության անդամները չունեն, ինչը որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Սա ասվում է նույնիսկ ոչ թե քննադատաբար, այլ փաստն է արձանագրվում: Հետեւաբար, երբ ընդդիմադիրներն առաջարկում են ստեղծել ինչ-որ մի կառույց, որում կարող են ներգրավվել փորձառություն ունեցող անհատները, ընդ որում՝ ոչ կուսակցական պատկանելության, սա շատ էական է: Խոսքն այն մասին է, որ կուսակցությունները պատրաստ են այսօր գործող իշխանության հետ նաեւ պատասխանտվությունը կիսել, որովհետեւ օպերատիվ կառավարման շտաբի կամ «Ազգային փրկության կոմիտեի» ստեղծումը, ինչպես առաջարկել է ՍԻՄ կուսակցության նախագահ պարոն Բաբուխանյանը, դրանք առաջարկություն են` ստեղծելու այնպիսի կառույց, որոնցում փորձառություն, հմտություն, կարողություն ունեցող, որոշում կայացնելու փորձ ունեցող մարդկանց ներգրավելով՝ հնարավոր է ավելացնել գործադիր իշխանության ունակությունները: Գոնե ես այդպես եմ հասկանում: Նման առաջարկությունները ոչ թե պետք է ընդունել սվիններով, այլ դրանք պատրաստակամություն են՝ նպաստելու այսօրվա գործող իշխանությանը իրեն վերապահված պատասխանատվությունն ավելի արդյունավետ իրացնելու համար, այլ կերպ այն չի կարելի ներկայացնել:


«ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉՄՏԱՀՈԳՎԵ՞Ց ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՑԱՎՈՏ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ» ՄԱՍԻՆ ԼԱՅՎԻՑ»

– Մերձիշխանական շրջանակների կողմից սվիններով ընդունվեց նաեւ նախկին վարչապետ եւ նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի կոչը: Նա ասում էր, որ «այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել»: Դուք նշել էիք, որ պաշտպանում եք Վ. Մանուկյանի առաջարկը, կբացե՞ք փակագծերը:

– Երբ լսեցինք վարչապետի ֆեյսբուքյան այն ուղիղ եթերը, որտեղ խոսում էր, թե հայերս պատրաստ ենք ամենացավոտ զիջումների, կամ երբ կոչ էր անում կանանց զենք վերցնել, իսկ դրանից առաջ էլ ասում էր, որ համայնքի ղեկավարները, քաղաքապետները պետք է կազմավորեն կամավորական ջոկատներ, եւ իրենք էլ դառնան հրամանատարներ, բոլորը, այդ թվում՝ նաեւ եթե վերլուծություն կատարեք, կտեսնեք, որ ադրբեջանական մամուլում եւս, սկսեցին մտածել, որ արդեն կոտրված ենք: Որովհետեւ եթե գերագույն գլխավոր հրամանատարն է այդպես խոսում, նշանակում է, եթե մի քիչ էլ խփեն, մի քիչ էլ հարվածեն, ամեն ինչ կվերջանա: Ինձ թվում է՝ սրանով էր պայմանավորված Վազգեն Մանուկյանի առաջարկը, որն ավելի շատ սթափեցնող էր: Եվ այդպես էլ եղավ՝ ի թիվս այլ քննադատությունների, նաեւ այդ առաջարկն անկասկած իր ազդեցությունը թողեց, որ վարչապետը, գիտակցելով իր բացառիկ պատասխանատու դերակատարությունը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, հաջորդ օրը հանդես եկավ բոլորովին այլ՝ գոտեպնդող ուղերձով: Այդպիսին պետք է լինի ամենապատասխանատու պահին երկրի ղեկավարի վարքագիծն ու մոտեցումը: Ի վերջո, նրա խոսքը, թե՛ մենք ներսում, թե՛ մեր թշնամիները դրսում, լսում են ու հետեւում: Հետեւաբար, բոլոր նրանք, ովքեր նման առաջարկությունները ընկալում են սվիններով, ուղղակի չեն գիտակցում իրական վիճակը եւ դրա ամբողջ պատասխանատվությունը: Իսկ այն քաղաքակյան գործիչները, որոնք առաջարկություններով են հանդես գալիս, նրանք գիտեն, թե ինչ է սա նշանակում:

– Երբ քննադատում են ֆեյսբուքյան ֆեյքերը, ինչ-որ տեղ կարելի է ասել, որ չեն տիրապետում իրական վիճակին: Բայց երեկ ԱԺ-ում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում էր, թե իրեն շատ մտահոգում են մեր «ներքին բայրաքթարները» (համեմատությունը՝ թուրքական «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ների հետ.-խմբ.)՝ նկատի ունենալով Վազգեն Մանուկյանի կոչը եւ նրան միացած անձանց: Ինչպե՞ս եք վերաբերվում նման արձագանքին:

– Ամենահեշտը ինչ-որ բան սեւացնել, ցեխ շպրտելն է: Բայց, օրինակ, նույն Անդրանիկ Քոչարյանը չմտահոգվե՞ց, այդ պատասխանատու պահին վարչապետի լայվից (ֆեյսբուքյան ուղիղ եթերից), որտեղ ասում էր, թե պատրաստ ենք, բացի կապիտուլյացիայից, ցանկացած ցավոտ զիջումների: Եթե Անդրանիկ Քոչարյանն ազնիվ է, պետք է նաեւ այս հարցով մտահոգվեր: Նա պետք է արձանագրեր, որ պատերազմական այս պայմաններում գերագույն գլխավոր հրամանատարի այդպիսի խոսքը որեւէ դրական հետեւանք չի կարող թողնել: Այն մարդկանց մոտ ոգեւորություն էլ չէր առաջացնում, որովհետեւ հուսահատ մարդու խոսք էր: Ամեն դեպքում, բոլոր նախաձեռնությունները, որոնք եղան, սթափեցրին վարչապետին, եւ նա հաջորդ անգամ հանդես եկավ ավելի գոտեպնդող հայտարարությամբ: Այնպես որ, Վ. Մանուկյանի կոչը հանրային անհամեմատ ավելի օգտակար դերակատարություն ունեցավ: Ավելին՝ վաղը նույնիսկ վարչապետն այն կարող է օգտագործել որպես դրական գործոն, որպեսզի հղում անելով թե՛ ընդդիմության վրա, թե՛ հանրության, ասի՝ իմ ժողովուրդը ոչ մի կերպ չի կարող հաշտվել ինչ-որ անհասկանալի, ոչ ադեկվատ ու ոչ համաչափ զիջումների հետ: Այսինքն՝ սա գործոն է, որ վաղը նա կարող է ցանկացած պահի դնել բանակցային սեղանին եւ ասել, որ ուղղակի պարտադրված է` բոլորովին այլ որոշումներ կայացնելու: Այնպես որ, խելացի, փորձառու, հմուտ մարդը այս երեւույթն ընդհանրապես՝ կօգտագործեր, ոչ թե հանրությանը ներկայացներ՝ իբրեւ դաշույնով հարված թիկունքից կամ չգիտեմ ինչ: Ես լինեի վարչապետ, անկասկած, այդ գործոնը կօգտագործեի միջպետական մակարդակներում իմ հարաբերություններում, թե` տեսեք, ես մի բան ասացի, ինչպես ոտքի կանգնեց ժողովուրդը, ընդհուպ հարց բարձրացվեց, որ եթե այդպես է, հրաժարական տուր: Էլի եմ ասում՝ սրանք սթափեցնող եւ օգտակար առաջարկներ են, եւ պետք չէ որւեիցե մեկին մեղադրել դավաճանական քայլերի մեջ: Վերջիվերջո, այդ առաջարկներն անում են մարդիկ, ովքեր կանգնած են եղել անկախ պետականության ակունքներում:

– Այս օրերին անընդհատ բոլորը միասնության մասին են խոսում: Իսկ որքանո՞վ է այդ միասնությանը նպաստում Անդրանիկ Քոչարյանի պառակտիչ հայտարարությունները մերժվածների, ներսի «կենդանի բայրաքթարների» մասին, թե՞ ռազմական դրության պայմաններում ընդիմությունը որեւէ քննադատություն չպետք է հնչեցնի, իսկ իշխանությունը որեւէ զսպվածություն չպետք է ունենա:

– Այս ամբողջ ընթացքում փորձել եմ զերծ մնալ որեւէ քննադատական մեկնաբանությունից՝ բացառությամբ վարչապետի վերոնշյալ ֆեյսբուքյան ուղիղ եթերի: Բայց հավաքական միասնականության, համախմբվածության համար նախեւառաջ առաջին պատասխանատուն քաղաքական իշխանությունը պետք է լինի: Նրանք պետք է գիտակցեն, որ այդ միասնականության նախաձեռնողը, դրա համար նախադրյալներ ստեղծողը իրենք են, որովհետեւ այս խժդժոցները, ներքին պառակտումները նախեւառաջ թուլացնում են մեր հավաքական դիմադրելու կարողությունները: Հետեւաբար սա օգտակար չէ նախեւառաջ իշխանությունների համար: Համենայնդեպս, ես այդպես կվարվեի, եթե լինեի իշխանության: Միասնությամբ առաջին հերթին պետք է շահագրգռված լինեն իշխանության ներկայացուցիչները եւ նախեւառաջ՝ վարչապետը:


Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ