• am
  • ru
  • en
Версия для печати
31.10.2020

ԱԱԾ-Ն ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՑՆԵՐ, ԱՅԼ ԼՐՋՈՐԵՆ ԶԲԱՂՎԵՐ ԱՅԴ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՈՎ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ

   

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ: ԱԱԾ-ն հիշեցնում է, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաեւ առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալներն ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել ՀՀ եւ Արցախի անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ:


– Պարոն Ամարյան, ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Վահե ՊԵտրոսյան անունով աղանդավորականը: Ազգային անվտանգությունն ազգաբնակչությանը հորդորել է սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսեւորել զգոնություն, աչալրջություն եւ զերծ մնալ առաջնա¬գծին առնչվող տվյալներ տարածելուց: Ի՞նչ կասեք վերոնշյալ հայտարարության վերաբերյալ:

– Այսօրվա դրությամբ՝ բոլոր աղանդավորները մտել են ընդհատակ այնպես, որ չերեւան: Բայց հիմնականում այս օրերին կրոնական կառույցներ կան, որ զբաղված են տեղեկատվության հավաքագրման խնդրով, ինչպիսիք են մորմոնները, «Եհովայի վկաները», խարիզմատիկ եկեղեցիները: Վահե Պետրոսյանը, որին ես եմ ճանաչում, ինչքան գիտեմ, խարիզմատիկ եկեղեցու ներկայացուցիչ է: Հիշեցնեմ, որ խարիզմատիկ եկեղեցուց էր նաեւ այն անձը, որը իրականացրեց 2012 թվին Ավետիսյանների ընտանիքի սպանությունը: Ընդհանրապես՝ խարիզմատիկ եկեղեցում ԱԱԾ-ն շատ գործ ունի ճշտելու: Օրինակ, այն, որ խարիզմատիկ եկեղեցիներից մեկն ունի մասնաճյուղ Թուրքիայում եւ իր կառույցը Ադրբեջանում, որը ոչ թե քույր եկեղեցի է, այլ նույն եկեղեցու մասնաճյուղն է, որը կա Հայաստանում: Ավելին՝ այդ կառույցի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միասնության մասին շատ նյութեր կան համացանցում: Կարծում եմ՝ արդեն միանշանակ պարզ է, թե այդ տեղեկատվությունների հավաքագրման պատվիրատուն ով է: Իրականում ոչ թե իրենց հետաքրքրում է, թե Աստծո շնորհիվ քանի զինվոր է փրկվել, այլ տեղի է ունենում տեղեկատվական հավաքագրման գործընթաց: Հետեւաբար, ԱԱԾ-ն ոչ թե պետք է զգուշացներ ազգաբնակչությանը, որ չպետք է տրամադրել որեւէ տեղեկատվություն, այլ ավելի լուրջ զբաղվեր վերոնշյալ կառույցով ու ճշտեր, թե ինչի համար է իրենց պետք այդ տեղեկատվությունը: Եթե այդ տեղեկատվությունն իրենց եկեղեցու ներսում է լինելու, ուրեմն՝ այն ժողովրդի համար չէ: Իսկ եթե փորք մի խմբի համար է, նրանց ընդհանրապես՝ այդ տեղեկատվությունը հետաքրքիր էլ չպետք է լիներ: Ամեն դեպքում, ԱԱԾ-ի հայտարարություն տարածելն ուրախալի է, ուրեմն՝ իրենք արդեն գործում են: Իսկ եթե գործում են, հուսով եմ՝ մինչեւ վերջ կբացահայտեն նշածս կապը եւ թույլ չեն տա, որ այլեւս ՀՀ-ում ինչ-որ մարդիկ կարողանան տեղեկատվություն փոխանցել թշնամուն: Չնայած արդեն այնքան ինֆորմացիա են տվել, որ մի լուր ավել-պակասն արդեն էական դեր չունի:

– Սոցցանցում կան մեկնաբանություններ, որ Վահե Պետրոսյանն Արթուր Սիմոնյանի «Կյանքի խոսքից» է: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նա խարիզմատիկ եկեղեցու հետեւորդ է, իսկ Արթուր Սիմոնյանի եկեղեցին մտնում է խարիզմատիկ եկեղեցու մեջ:

– Երբ որեւէ աղանդի հետ կապված անձ հայտնվում է բացասական առումով ուշադրության կենտրոնում, միանգամից տվյալ աղանդի կառույցից սկսում են հերքել, ուրանալ, թե նա իրենցից է: Դե պարզ է՝ չեն հրապարակում իրենց կառույցի անդամներին ու այդպես էլ չի իմացվում՝ ով մտավ, ով՝ դուրս եկավ: Ասում են՝ միլիոնավոր հետեւորդ ունենք, բայց ում անունը տալիս ես, պնդում են, թե մեզնից չէ: Սա ի՞նչ գործելակերպ է:

–Քանի դեռ այդ աղանդն իրենց ֆինանսավորում է, գումար է բերում, իսկ այդ անդամն՝ իրենց օգուտ է տալիս, ասում են՝ մեր կառույցից է: Բայց այն պահին, երբ նա ընկնում է ինչ-որ մի աղմկահարույց գործընթացի մեջ, ինչ-որ արարքներ է կատարում, միանգամից իրենից հրաժարվում են, թե մեզնից չէ: Նման դեպքեր եղել են, օրինակ, հետախուզում էին հայտարարել մի կրոնական կառույցի հետեւորդի, ուսումնասիրություն արեցին, պարզվեց՝ խարիզմատիկ աղանդից է, բայց հրաժարվեցին իրենից: Հետո երբ իր պատիժը ստացավ ու վերադարձավ նորմալ կյանքի, այսինքն՝ դատապարտվեց, ինքն էլ հրաժարվեց այդ կրոնական կառույցից՝ բացատրելով, թե այն արդեն իր համար երկրորդական է:

– Ի դեպ, «Կյանքի խոսքի» ադրբեջանական մասնաճյուղն ապրիլյան պատերազմի ժամանակ զօրուգիշեր աղոթում էր, որ Արցախը տրվի Ադրբեջանին: Հետաքրքիր է՝ մերօրյա արցախյան պատերազմում ինչպիսի՞ն է նրանց դիրքորոշումը:

– Ավելին՝ նրանք կազմակերպում էին տուրեր դեպի Թուրքիա, որտեղ, ինչպես ասացի, ունեն մասնաճյուղ: Իսկ «Կյանքի խոսքի» հայաստանյան ղեկավարը սերտ կապերի մեջ էր Ադրբեջանի «Կյանքի խոսքի» առաջնորդ Խալիլովի հետ: Իսկ թե հիմա ինչպիսի դիրքորոշում ունեն, սա արդեն ոչ թե իմ խնդիրն է կամ որեւէ մեկիս, այլ անվտանգության ծառայությունը պետք է ուսումնասիրի: Թեպետ Հայաստանում ուժային կառույցների հետ ասում են՝ Արթուր Սիմոնյանը խնդիր չունի, քանի որ այդ կառույցներում կան մարդիկ, որոնք իր եկեղեցու անդամներն են:

– Վերջին օրերին տեղեկացանք, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգեւորականներ կան զոհված ու վիրավոր, տեղեկություն ունե՞ք՝ որեւէ աղանդավորական կառույցի մասին, որոնց անդամներն, օրինակ, կամավորագրվել են եւ գտնվում են առաջնագծում:

– Որեւէ տեղեկություն չունեմ, բայց նույն հասարակ, շարքային աղանդավորները եւս ՀՀ քաղաքացիներ են եւ չի բացառվում, որ իրենք էլ լինեն մարտի դաշտում, բայց, իհարկե, որպես ՀՀ քաղաքացի: Բայց որոշ կրոնական կառույցներ էլ կան, որոնք միանշանակ կմերժեն առաջնագիծ գնալը, քանի որ իրենք, այսպես ասած, պացիֆիստներ են, զենք չեն վերցնում, նույնիսկ եթե պատերազմ է:


Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:

Հրանտ Սարաֆյան

www.iravunk.com


դեպի ետ