• am
  • ru
  • en
Версия для печати
22.10.2020

ՊԵՏՔ Է ԴԻՄԵՆՔ ԹԵ ՀԱՊԿ-ԻՆ, ԹԵ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆ

   

Արցախյան մերօրյա պատերազմի 25-րդ օրն է, եւ Հայաստանն ու Արցախը շարունակում են ռազմադաշտում ու դիվանագիտական ճակատում պաշտպանել հայրենիքն այնպես, ինչպես կարող են: Կան բանակցելու շուրջ առաջարկներ, մտահոգիչ զարգացումներ, որոնց շուրջ «Իրավունքը» զրուցեց միջազգայնագետ, արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:


«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԾԱԿՇԻՌ ՈՒԺԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԿԱ՛Մ ՌԴ-Ն, ԿԱ՛Մ ԹՈՒՐՔԻԱՆ»

– Պարոն Կոստանյան, ՀՀ վարչապետ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը համաձայնություն են տվել բանակցել Մոսկվայում: Ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից:

– Ռուսաստանը փորձ կատարեց հրադադարի հաստատման համար, բայց, ինչպես տեսանք, Ադրբեջանի կողմից այն չհարգվեց: Ըստ իս, հետագայում այն շատ վատ անդրադարձ է ունենալու Ադրբեջանի համար դիվանագիտական դաշտում: Ինչ վերաբերում է Մոսկվայում կայանալիք հնարավոր հանդիպմանը՝ մեր պահանջը հստակ է. պետք է բոլոր դիվանագիտական խողովակներն օգտագործենք, որպեսզի կարողանանք հասնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: Այդ մասին իր վերջին հայտարարությունում Ն© Փաշինյանը հստակ ձեւակերպեց, եւ նաեւ դրա մասին էր նշել ԱԳ նախարարն իր հարցազրույցներում օտարերկրյա լրատվականներին: Կարծում եմ՝ պետք է ավելի ակտիվ աշխատենք ոչ միայն Մինսկի խմբի շրջանակներում, որովհետեւ այս հարցը դարձել է ռեգիոնալ եւ միջազգային խնդիր, երբ պարզ դարձավ Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին՝ իր ռազմական օդուժի մասնակցությամբ եւ ահաբեկիչների ներմուծմամբ: Այս առումով՝ պետք է կարողանանք մեր բարեկամներին վերածել ուղղակիորեն դաշնակիցների, որովհետեւ Թուրքիայի նկրտումները սպառնալիք են ոչ միայն այս տարածաշրջանի, այլ մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի, Լիբիայի համար: Թուրքական զորքը ներխուժել է սիրիական հյուսիս եւ հովանավորում է Իդլիբ քաղաքի ահաբեկիչներին, իսկ Սիրիայի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ ահաբեկիչներ կան Սիրիայից Ադրբեջանում, որոնք արցախյան պատերազմում կռվում են հայերի դեմ: Մենք պետք է միջազգային բոլոր հարթակներում, դիվանագիտական եւ տեղեկատվական դաշտում շեշտը դնենք սրա վրա, որովհետեւ թեպետ Ադրբեջանն է սանձազերծել այս պատերազմը, բայց հստակ է, որ հետեւում կանգնած է Թուրքիան:

– Եվրամիությունը չընդունեց ԵՄ անդամ պետություն հանդիսացող Հունաստանի առաջարկը` պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ: ՄԱԿ-ը փակ քննարկում է անում Արցախի հարցով, բայց էլի որեւէ գործուն քայլեր չկան: Այս իրավիճակում չե՞ք կարծում, որ պետք է հույսներս կտրենք Արեւմուտքից ու միջազգային կառույցներից, եւ վերջապես պաշտոնապես ՀՀ իշխանությունները դիմեն ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին, մանավանդ որ արդեն ծանր մարտեր են մղվում Հայաստանի սահմանից 8 կմ, իսկ Կապանից՝ 25 կմ հեռավորության վրա Իշխանաձորում:

– Ամբողջությամբ համաձայն եմ, որ պետք է դիմենք թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ուղղակիորեն Ռուսաստանին: ՀԱՊԿ-ը մի քանի երկրներից բաղկացած կառույց է, եւ այնտեղ ժամանակ է պահանջվելու որեւէ որոշում կայացնելու համար, որովհետեւ ամեն մեկն ունի իր շահերը: Բայց, այո, պարտավոր ենք դիմել, որովհետեւ ունենք պայմանագիր եւ ՀԱՊԿ անդամ ենք: Սակայն, ես խորհուրդ կտայի, որ ուղիղ դիմեինք Ռուսաստանին, որովհետեւ այս կատարվածը ոչ թե միայն մեր դեմ է, այլեւ՝ Ռուսաստանի: Թուրքիան մուտք է գործում Այսրկովկաս, եւ այս տարածաշրջանում շատ հստակ է՝ կա՛մ լինելու է մեծակշիռ ուժը Ռուսաստանը, իսկ եթե՝ ոչ, լինելու է Թուրքիան: Այստեղ չեն լինելու ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ էլ ինչ-որ եվրոպական զորքեր, որոնք գոյութուն էլ չունեն: Կան հիմնական երկու դերակատար, որոնք խաղում են ռազմական դաշտում՝ մի կողմում Ռուսաստանն է եւ, դժբախտաբար, մյուս կողմում՝ Թուրքիան: Եվ սա նաեւ սպառնալիք է Ռուսաստանին: Հենց ՌԴ-ի ներսում վերջերս իմացանք մամուլից, որ ահաբեկիչներ են հայտնվել, եւ կարող ենք կռահել, թե այդ ահաբեկիչներն ինչպիսի վայրագ գործողություններ կարող են իրականացնել հենց այնտեղ: Իսկ ՌԴ-ում ապրող 20-30 միլիոնանոց իսլամական կրոն ունեցող քաղաքացիները կարող են սատարել այդ ահաբեկիչներին կամ այդ գաղափարախոսությունը:


«ԱՄՆ-Ն ՉՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳԻՐ, ՆՈՒՅՆԸ՝ ԵՎՐՈՊԱՆ»

– ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: Իսկ ուրբաթ օրը նրա հետ առանձին-առանձին հանդիպում կունենան ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը: Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումներից:

– Թեեւ ուշացած, բայց լավ է, որ միջազգային խաղացողները, Մինսկի խմբի անդամ երկրներն ակտիվանում են: Միացյալ Նահանգները լուռ էր այսքան ժամանակ եւ, իհարկե, ողջունելի է, որ, ի վերջո, այսպիսի որոշում կայացվեց հանդիպում կազմակերպելու: Կարծում եմ՝ սա տեղի ունեցավ հենց տեղի մեր հայկական համայնքի աշխույժ դիվանագիտական աշխատանքի եւ համախմբված ցույցեր կատարելու շնորհիվ: Նրանք, ԱՄՆ քաղաքացի են, եւ այդ պետությունը պարտավոր է լսել նրանց ձայնը: Նույն կերպ նրանց հաջողվեց խաթարել CNN լրատվական գործակալության լռությունը, որովհետեւ հայությունը CNN-ի շենքի դիմաց մեծ ցույց էր կազմակերպել եւ պահանջել, որպեսզի այս խնդրի մասին չլռեն: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն պետք է առաջին րոպեին կարողանար Թուրքիայի ռազմական ակտիվությունը եւ ներխուժումն այս տարածաշրջան սանձել, երբ հայտնի դարձավ, որ Արցախի դեմ օգտագործվում է ՆԱՏՕ անդամ Թուրքիայի F-16 ուղղաթիռները, եւ հայտարարվեց որ Թուրքիան ստանձնել է Ադրբեջանի օդային ուժի համակարգումը: Իհարկե, այս օրերին ԱՄՆ կոնգրեսից եւ ամերիկյան քաղաքական գործիչներից հայտարարություններ եղան, որ հարկ է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնել, բայց չեմ կարծում, որ այն մեծ արձագանք կունենա ԱՄՆ-ի քաղաքականության ներսում: Թեպետ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի անդամ է՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողքին, բայց այդքան էլ շահագրգռված չէ այս տարածաշրջանում իր դերակատարությունն ունենալ: Իհարկե, կարեւոր էր Պոմպեոյի հայտարարությունն այն առումով, որ եթե դիվանագիտորեն դիտարկենք, նա ուղիղ մեղադրեց Ադրբեջանին, եւ հստակ դարձավ, որ Ադրբեջանն է սկսել այս պատերազմը, իսկ Արցախը պաշտպանվող կողմ է: Բայց, ամեն դեպքում, ԱՄՆ դերակատարությունն այստեղ նվազել է, բացի այդ իրենք չունեն Հայաստանի կամ Արցախի հանդեպ ուրույն ծրագիր: Հիշեք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան եւ հայտարարությունը, որ պետք է մեր պատմական ակնկալիքները մի կողմ թողնենք: ԱՄՆ-ն Հայաստանը դիտում է, որպես մի երկիր, որտեղ կկարողանա իր որոշ համակիրների կամ կազմակերպությունների միջոցով ճնշում բանեցնել ՌԴ-ի եւ Իրանի վրա: Սա է իր հիմնական քաղաքականությունը մեր տարածաշրջանում: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն կողմ է Ադրբեջանի նավթային ուղիները մինչեւ Եվրոպա հասցնելուն, որպեսզի կարողանան մեկուսացնել Ռուսաստանի գազի դերը Արեւմուքում:

– Այնուամենայնիվ, պարզ է, որ հիմա ԱՄՆ-ում նախատեսված են ընտրություններ, եւ հիմա հայերի ձայններն իրենց կողմը ներգրավելու համար բավական ականջահաճո հայտարարություններ կլինեն: Այս դեպքում իրականում ստեղծված իրավիճակի ելքը դիվանագիտական ճակատում որտե՞ղ է:

– Միացյալ Նահանգները չունի Հայաստանի վերաբերյալ հատուկ ծրագիր, նույնը՝ Եվրոպան: Իհարկե, մենք նախկին իշխանությունների ժամանակ ավելի լավ հարաբերություններ ունեինք ՌԴ-ի հետ, բայց թե՛ նախկին, թե հիմա առավել եւս այսօրվա իշխանությունների օրոք շեշտը դրվեց Եվրոպայի եւ ԵՄ ասոցացման ծրագրերի վրա: Միանշանակ, մենք պետք է բոլորի հետ լավ լինենք, բայց պետք է նկատի ունենանք, որ պատերազմական իրավիճակում ենք եւ լավ հասկանանք մեր տարածաշրջանը: Դժբախտաբար, մենք այն հատուկենտ երկրներից մեկն ենք, որ մեր դաշնակիցներին չենք ճանաչում եւ չենք փորձում մեր բարեկամներին վերածել դաշնակիցների: Եթե ուզում ենք կարողանալ այս տարածաշրջանում գոյատեւել եւ մեր երազանքներով ու նպատակներով շարունակել ապրել, դրա համար ունենք հստակ երկու դաշնակից՝ Ռուսաստանն ու Իրանը: Սակայն, Իրանի հետ վերջին ժամանակներս նույնիսկ կարողացանք մեր հարաբերությունները որոշ չափով բացասական հուն տանել, մասնավորապես՝ Իսրայելում բացելով դեսպանատուն: Սա շատ բացասական ընկալվեց Իրանի կողմից: Այնպես որ, երբ մի քայլ ենք կատարում, պետք է հաշվարկենք այդ քայլի դրական եւ բացասական կողմը եւ, ամբողջացնելով՝ գանք եզրակացության: Ի վերջո, մենք Իսրայելի հետ ոչ մի դրականորեն առնչություն չենք կարող ունենալ այս տարածաշրջանում, որովհետեւ Իսրայելը տարիներ ի վեր հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է: Ստացվում է, որ այդ ռազմավարական դաշնակից երկու երկրներից մեկը՝ Ադրբեջանը, մեր թշնամին է, իսկ Իսրայելը՝ դաշնակի՞ցը: Մենք ի՞նչ էինք շահում` Իսրայելի հետ մտերմանալով: Իրականությունն այն է, որ ոչինչ չենք շահել եւ տեսնում ենք, թե ինչպես է մինչեւ օրս Իսրայելը զինում Ադրբեջանին: Նա շարունակաբար ուղարկում է ինքնաթիռներ, ռազմամթերք եւ ռազմական մասնագետներ Ադրբեջանին, որը մեր դեմ պատերազմ է մղում: Եվ այսօր մենք ունենում ենք բազմաթիվ խնդիրներ հենց Իսրայելի կողմից ուղարկված դրոնների պատճառով:


Հրանտ Սարաֆյան

www.iravunk.com


դեպի ետ