
ԻՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ. ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ «ԻՐԱՎՈՒՆՔԻՆ»
Ստեփանակերտի քաղաքապետ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում ասաց, որ կռվի ժամանակ նույնիսկ ամենավատ թշնամին չի հարվածում եկեղեցու, դպրոցի եւ մանկապարտեզի վրա, սակայն տեսանք, թե ինչպես ռմբակոծվեցին մեր կրթության եւ հոգեւոր օջախները: Նրա գնահատմամբ՝ այս պատերազմն 90-ականների պատերազմից նախեւառաջ տարբերում էր խաղաղ բնակչության դեմ կիրառված անթույլատրելի զենքերով:
– Պարոն Սարգսյան, օրեր շարունակ մայրաքաղաք Ստեփանակերը ռմբակոծության տակ էր, ի՞նչ վնասներ է կրել:
– Քաղաքը տուժվել է 30-40 տոկոսով: Բավականին շատ տուժվել է մեկ դպրոց ու մանկապարտեզ, որն ամբողջովին վերանորոգման կարիք ունի: Մնացած դպրոցներն ու մանկապարտեզները թեթեւ են տուժել: Իհարկե, վնասվել են շատ բնակելի տների պատուհաններ ու տանիքներ: Մեր բնակիչները չեն սպասել, որ քաղաքի մեջ հնարավոր է այսքան կրակեն ու ոչ միայն այսքան անշարժ ու շարժական գույք կվնասվի, այլեւս կլինեն այսքան զոհ ու վիրավոր:
– Ի՞նչ կասեք ապաստարանների մասին, արդյոք քաղաքի ամբողջ բնակչությունն է ապահովված:
– Ովքեր այստեղ են, տեղավորված են: Կան վերանորոգված եւ չվերանորոգված ապաստարաններ: Պատերազմ է գնում, ինչպես կարողացել ենք, սարքել ենք: Եղել են ապաստարաններ, որ ունեցել են հոսանքի, գազի խնդիր, բայց ապահովել ենք մեր ժողովրդին կերասինկաներով ու գազի փոքր պլիտաներով:
– Բայց համացանցում ակտիվորեն շրջանառվում էին լուրեր, թե քաղաքի բնակչությունն ամբողջությամբ տարհանված է…
– Նույնիսկ Ֆեյսբուքում իմ անունն են տվել, թե իբր ես եմ ասել: Բայց իրականում նման բան չկա: Ես որեւէ մեկին Երեւան չեմ ուղարկել: Մեր բնակչությունն ամեն ինչով ապահովված է եղել: Իհարկե, պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ լինում է: Տարբեր մարդիկ եղել են, որ գնացել են Երեւան կամ այնտեղից են եկել: Եվ հիմա կան կանայք եւ երեխաներ, որոնք գտնվում են Երեւանում, Իջեւանում, Դիլիջանում, Կապանում ու Էջմիածնում եւ նրանց պահում են:
– Իսկ Ստեփանակերտում գործո՞ւմ են պետական ենթակառուցվածքները:
– Անխտիր բոլորն աշխատում են, այդ թվում եւ քաղաքապետարանը: Պետական կառույցները սեպտեմբերի 27-ից մինչեւ այսօր աշխատում են 24 ժամյա ռեժիմով: Իմ տեղակալներով, աշխատակազմով, ավագանու անդամներով նույն շենքում ենք մնում ու մարդկանց ապահովում ենք սնունդով: Որքան շունչ կա, այդքան ապրանքով ապահովում ենք մեր ժողովրդին: Կան շատ բարերարներ, որոնք օգնում են եւ ամեն ինչ ուղարկում են:
– Ձեր գնահատմամբ՝ ինչքա՞ն կտեւի այս խիստ հարաբերական ասված հրադադարը:
– Ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ հրադադարի ժամանակ դեռ քննարկվում է հրադադարը: Այն լինելու է 72 ժամո՞վ, թե՞ ինչքան, քննարկման փուլում է: Մեզ տեղյակ կպահեն, բայց, ամեն դեպքում, փորձում ենք այս ժամանակն օգտագործել եւ մեր քաղաքը մի քիչ տեսքի բերել: Օրինակ, Հայաստանից մարդիկ են զանգել եւ պատրաստակամություն հայտնել գալ ու օգնել, որ վնասները վերացնենք, պատուհանները տեղադրենք եւ այլն: Մեր քաղաքաշինության նախարարն ասել է, որ կմիջամտի, որպեսզի ճանապարհները, բազմաբնակարան շենքերը վերականգնվեն, մաքրվեն:
– Այս պահին ի՞նչ կցանկանաք փոխանցել ստեփանակերտցիներին, որոնք գտնվում են թե՛ հենց քաղաքում եւ թե՛ հայաստանյան տարբեր շրջաններում:
– Ցավակցում եմ բոլորին՝ զոհերի համար, վիրավորներին մաղթում եմ առողջություն: Ինքս էլ 2016-ին ընկերոջս եմ կորցրել, այս կռվի ժամանակ էլ ընկերոջս եղբորը: Եվ հիմա մեր քաղաքացիներին սրտանց ուզում եմ մաղթել խաղաղություն: Չմոռանք, որ մեր հայությունը հիմա կռվում է ոչ թե Ադրբեջանի, այլ թուրքական միլիոնանոց բանակի դեմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Արցախ-Երեւան
www.iravunk.com
դեպի ետ