
«ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ, ԱԲԽԱԶԻԱՆ, ԱՐՑԱԽԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԷԼ ԱՎԵԼԻ ՄԻԱԽՄԲՎԵՆ ՌԴ-Ի ՇՈՒՐՋ»
Հարցազրույց ԵԱՏՄ ինստիտուտի խորհրդի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻ հետ:
10 տարի Մերձավոր Արեւելքում իրականացվում է Մեծ պատերազմի սցենարը
– Վլադիմիր Անատոլեւիչ, Դուք ավելի քան տասը տարի ղեկավարում եք ԵԱՏՄ ինստիտուտը եւ այս ամբողջ ընթացքում սերտորեն ներգրավված եք եվրասիական խնդիրների եւ, մասնավորապես, ռուս-հայկական հարաբերությունների մեջ: Ի՞նչ է կատարվում այսօր Արցախում: Որո՞նք են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված դիմակայության սրման պատճառները, եւ ի՞նչ եք կարծում, ո՞ր ուղղությամբ կզարգանա հակամարտությունը:
– Լեռնային Ղարաբաղի խնդիրն արտացոլում է ոչ միայն Հարավային Կովկասի երկու հարեւան երկրների հարաբերությունները, այլեւ` իրավիճակը Եվրասիայի ամենադժվար շրջաններից մեկում, գումարած ընդհանրապես համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի սահմանին զինված բախումները միշտ էլ ոչ միայն հայ-ադրբեջանական են, այլ նաեւ թուրք-հայկական, թուրք-իրանական եւ այլն: Իրավիճակի ներկայիս սրացումը առանձնահատուկ է. այն ունի բարդ աշխարհաքաղաքական բնույթ եւ ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ռուսաստանի եւ համաշխարհային կարգի դեմ, որն այսօր աշխարհում ձեւավորվում է Դոնալդ Թրամփին սատարող ուժերի հովանու ներքո: 10 տարի Մերձավոր Արեւելքում այնպիսի միջազգային խաղացողի կողմից, ինչպիսին «Ֆինանսական ինտերնացիոնալն» է, իրականացվում է Մեծ պատերազմի սցենարը, որը Աբրահամական էշատոլոգիայում կոչվում է «Վերջին ճակատամարտ»: Սցենարի նպատակն է՝ իրար դեմ հանել աշխարհի առաջատար պետություններին (առաջին հերթին ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին) `օգտագործելով տարածաշրջանային տերությունների (Իրան, Թուրքիա, Իսրայել) հակասությունները եւ մի շարք տարածաշրջանային վարչակարգերի (Իրաք, Սիրիա, Հայաստան) թույլ կողմերը: Տարածաշրջանում Մեծ պատերազմի խթանը այստեղ սկսված «գունավոր հեղափոխություններն» են եւ այնպիսի «թեժ» կետերի «տաքացումը», ինչպիսիք են որոշ քրդական անկլավները, պաղեստինա-իսրայելական առճակատումը եւ Լեռնային Ղարաբաղը: Ըստ այդմ, այս սցենարի իրականացմանը հակադրվում են տարբեր ազգային ուղղվածություն ունեցող ուժերը ոչ միայն ԲՐԻԿՍ-ի, այլ նաեւ արեւմտյան երկրներում: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախօրեին աշխարհը թեւակոխում է այդ ուժերի դիմակայության որոշիչ փուլ: Այստեղից էլ իրավիճակի սրումը ամերիկյան եւ ռուսական ուղղություններով: ԱՄՆ-ում, փաստորեն, քաղաքացիական պատերազմ է սանձազերծվել զուգահեռ գործող մի քանի առճակատման հիմքերով: Ռուսաստանի պարագծով` Բելառուսում, Դոնբասում եւ Լեռնային Ղարաբաղում հակառուսական ուժերն ու նախագծերը շտապ ակտիվացրել են:
– Այսինքն կարծում եք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա հետապնդո՞ւմ է ոչ միայն հակահայկական, այլ նաեւ հակառուսական, ավելին՝ համաշխարհային նպատակնե՞ր:
– Ոչ, այդպես չէ: Ադրբեջանի ղեկավարությունը հետապնդում է իր առջեւ դրված խնդիրները եւ նպատակները: Ամենաքիչը` ՀՀ-ին պարտադրել շարունակել բանակցությունները՝ 1992-1994թթ. պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից գրավված տարածքների մի մասը Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ Թուրքիան շատ ակտիվ դեր ունի այս իրադարձություններում, եւ դա արդեն վկայում է հակամարտության մեջ հաջորդ (տրանս-տարածաշրջանային) մակարդակի խաղացողի առկայության եւ նպատակների մասին: Թուրքիայի ղեկավարությունը չի կարող չհասկանալ, որ իր երկրի մասնակցությունը հակամարտությանը Ադրբեջանի կողմից, անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի մասնակցությանը Հայաստանի կողմից: Բայց սադրում է Ռուսաստանի Դաշնությանը՝ մտնել հակամարտության մեջ: Հարցն այն է, թե ինչո՞ւ: Իմ տեսակետից` Թուրքիայի` որպես ՆԱՏՕ-ի երկրի լկտիությունը կարելի է բացատրել միայն այդ երկրի ղեկավարության ունեցած ռազմական պահանջների աջակցության մակարդակով, որը նրան խոստացել է Դաշինքի ղեկավարությունը: Իսկ այսօր ՆԱՏՕ-ն, ինչպես գիտենք, ղեկավարվում է ամերիկյան դեմոկրատների եւ բրիտանական ռուսաֆոբական խարդավանքներին աջակցող բազեների կողմից: Հայտնի համաշխարհային տիկնիկավարները երկար ժամանակ է հրահրում են Թուրքիային՝ բախվել Ռուսաստանի հետ Սիրիայում եւ Լիբիայում: Դե, հիմա նրանք որոշել են օգտագործել հերթական` Ղարաբաղի խաղաքարտը:
Թրամփի հաղթանակից հետո թուրքերը կկորցնեն ՆԱՏՕ-ի աջակցությունը
– Կարծում եմ, որ աշխարհում ոչ ոք չի կասկածում, որ Լեռնային Ղարաբաղում այսօր հարձակվող կողմը Ադրբեջանն է: Բայց ի՞նչ է ուզում այս երկրի ղեկավարությունը, եւ ի՞նչ են ուզում թուրք քաղաքական գործիչները Հայաստանից:
– Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող չբարձրացնել տարածքների վերադարձման հարցը. դա այդ երկրի վերնախավի խաղի կանոններից է: (Դա մոտավորապես նույնն է, ինչպես Ճապոնիայում քաղաքական գործիչները չեն կարող չբարձրացնել հյուսիսային տարածքների վերադարձի թեման): Եվ երբ Հայաստանի ղեկավարությունը խաղաց բազմավեկտոր քաղաքականություն ու սկսեց տատանվել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչների մոտ չէր կարող չառաջանալ պատրանք՝ պարտադրել ՀՀ-ի ղեկավարությանը՝ վերադարձնել Ադրբեջանին Ֆիզուլին, Աղդամը եւ մի շարք այլ տարածքներ: Չէ որ նրանք գիտեն (Թուրքիայից), որ ՆԱՏՕ-ն ոչ մի պարագայում չի պատրաստվում աջակցել Հայաստանին: Մյուս կողմից` Բաքվում ոմանց թվում էր, թե ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունները սասանվեցին: Ադրբեջանական կողմի մոտ գայթակղություն առաջացավ ստուգել այդ հարաբերությունների ամրությունը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թյուրքական աշխարհի տարածքի ընդլայնումն այսօր Էրդողանի կուսակցության հիմնական գաղափարն է: Մանավանդ, որ այս գաղափարին ակտիվորեն աջակցում են Արեւմուտքում: Ընդհանուր առմամբ, բրիտանացիները լրջորեն քննարկում են Եվրասիայում մահմեդական BLM գործարկելու հնարավորությունը` ուղղված Ռուսաստանի դեմ, իսկ «Ֆինանսական ինտերնացիոնալը» մեթոդաբար աճեցնում է Թուրքիային, որպես Իրանի եւ Ռուսաստանի հիմնական թշնամի: Բայց ոչ այն պատճառով, որ թուրքերը նրանց հարազատ են, այլ` կարեւոր է այդ երկրները միմյանց դեմ հանելը «Վերջին ճակատամարտում», որպեսզի հեռանկարում Նոր աշխարհում իրենց որեւէ այլընտրանք չլինի:
– Ի՞նչ եք կարծում, Արցախում տեղի ունեցող իրադարձությունները մեծ պատերազմի նախերգա՞նք են` առաջին հերթին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Դա իսկապե՞ս տեղի կունենա:
– Նման պատերազմը «Ֆինինտերը» փորձում էր սանձազերծել 2015 թվականից, երբ Ռուսաստանը ստիպված էր պաշտպանել Սիրիան: 2015-ին հնարավոր չեղավ Ռուսաստանի Դաշնությանը բախել Միացյալ Նահանգների հետ (Ռուսաստանի Դաշնությունը Սիրիա մտավ սահմանափակ կազմով): Նույն տարվա նոյեմբերին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի սադրանքով, այդ ուժերը փորձեցին պատերազմ սանձազերծել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: Կրկին հնարավոր չեղավ ծավալել պատերազմը: 2016-ի ապրիլին (քառօրյա պատերազմ) եւ 2018-ի ապրիլին Ղարաբաղն Ադրբեջանի հետ բախման տանելու) փորձերը եւս ձախողվեցին: Վերջապես, այս գարնանը հնարավոր չեղավ թուրքական զինված ուժերին բախել Ռուսաստանի եւ Սիրիայի հետ՝ Հալեպի մերձակայքում: Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ խուսափի թուրք լկտիացող զինվորականների հետ անմիջական բախումներից, եւ կփորձի դիվանագիտական մեթոդներով մարել Ղարաբաղի ներկայիս բռնկումը՝ մինչեւ ԱՄՆ ընտրությունների ավարտը: Ռուսաստանի Դաշնությունում նրանք հասկանում են, որ ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո թուրքերն ակնթարթորեն կկորցնեն իրենց էքսպանսիոնիզմի հիմնական աջակցությունը` ՆԱՏՕ-ին: Թրամփը կսկսի կրճատել այս կառույցի աջակցությունը: Իսկ ընտրություններում Բայդենի հաղթանակի դեպքում, համապատասխանաբար դա կլինի Ռուսաստանի Դաշնության վրա լայնածավալ ճնշման սկիզբը, ռուսական կողմը կորցնելու բան չի ունենա, եւ կարող է արդեն կոշտ պատասխանել Թուրքիային:
Մի շարք երկրների կողմից Արցախի ճանաչմամբ խնդիրը չի լուծվի
– Արցախի իշխանությունները միջազգային հանրությանն ուղղված կոչեր են հնչեցրել` ճանաչել Արցախի Հանրապետությունը: Ղարաբաղյան հակամարտության լուծումը Արցախի ճանաչման միջոցով տեսնու՞մ եք:
– Մի շարք երկրների կողմից Արցախի ճանաչմամբ խնդիրը չի լուծվի: Բայց նման որոշումը կարող է կայունացնել Հայաստանում քաղաքական իրավիճակը` բարձրացնելով, մասնավորապես, ազգի միասնության աստիճանը: Եվ, ի դեպ, ներկայիս պատերազմը կարող է հիմք դառնալ նման որոշման համար. Երեւանն իրավունք ունի պատասխանել Ադրբեջանի Հանրապետության ռազմական գործողություններին նման որոշմամբ: Միայն բանակցություններն ու միմյանց նկատմամբ երկու կողմերի աստիճանական քայլերը կարող են իսկապես նվազեցնել հակամարտության աստիճանը: Սկզբունքորեն, Արցախի հետ կապված իրավիճակը գրեթե լիակատար անալոգիա է Ղրիմի հետ: Ռուսաստանը դեմ չէր, որ Ղրիմը Ուկրաինայի մաս կազմի, քանի դեռ այս երկիրը բարեկամական էր Ռուսաստանի նկատմամբ, իսկ թերակղզու ռուս բնակչությանը վտանգ չէր սպառնում: Երբ Կիեւում ազգայնականների իշխանության գալուց հետո Ղրիմում առաջացավ Ռուսաստանի բնակչության ցեղասպանության սպառնալիք, Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվորեն չէր կարող չաջակցել թերակղզու ինքնորոշմանը: Գրեթե նույնը Լեռնային Ղարաբաղում է. Հայաստանը չի կարող չմիանալ Արցախի հայ ժողովրդին այն իրավիճակում, երբ Ադրբեջանը մտադիր է ուժով վերադարձնել այդ տարածքները` սպառնալով ցեղասպանությամբ տեղի բնակչությանը:
– Անկարան ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին, ինչի կապակցությամբ արդեն իսկ հնչել են կոչեր՝ Թուրքիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից: Ի՞նչ խնդիրներ է լուծում Թուրքիան Մինսկի խմբում:
– Կարծում եմ, որ Մինսկի խմբից Թուրքիայի դուրս գալը աննպատակահարմար է: Մենք պետք է ինչ-որ կերպ ազդենք այս կողմի վրա, գոնե ԵԱՀԿ-ի շրջանակներում: Այլ բան է, որ այս խումբը պետք է ակտիվացվի Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների միջեւ փոխգործակցության միջոցով: Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ կարեւոր քայլ է այս ուղղությամբ: Դա հստակ ցույց է տալիս առաջնահերթությունները. Վաշինգտոնից, Փարիզից եւ Բրյուսելից աջակցություն չի լինի Թուրքիային եւ Ադրբեջանին: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կոչերին Ռուսաստանին` իր զորքերը դուրս բերել Աբխազիայից եւ Հարավային Օսիայից, ապա մենք պետք է ընկալենք հակառակը. Հարավային Օսիան, Աբխազիան, Արցախը եւ Հայաստանը պետք է էլ ավելի միախմբվեն Ռուսաստանի շուրջ:
Զարուհի Բաբուխանյան
www.iravunk.com
դեպի ետ