
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՎԱԽԵՑՆԵԼ ԱՐՑԱԽԻՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՋՈՂՎԵԼ. ՇԱՀԳԵԼԴՅԱՆ
Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում մերթընդմերթ դադարներով շարունակում են ռազմական գործողությունները: Արդեն 11 օր շարունակվող այս պատերազմից հնարավոր ելքերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը քաղաքագիտական գիտությունների թեկնածու, քաղաքագետ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ:
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում
«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԽՆԴԻՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՄԱԿ»
– Պարոն Շահգելդյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությանը, ինչպես տեսնում ենք, թուրք-ադրբեջանական տանդեմը չի պատրաստվում ականջալուր լինել: Հետեւաբար, այս ձեւաչափից դեռ կարո՞ղ ենք որեւէ ակնկալիք ունենալ, որպեսզի հակամարտությունը ռազմադաշտից կրկին տեղափոխվի բանակցային սեղանի շուրջ:
– Բոլոր միջազգային կազմակերպություններն ասում են, որ կա Մինսկի խումբ, եւ դրա շրջանակներում պետք է խնդրի լուծում գտնվի: Ադրբեջանն, իհարկե, փորձում է խնդիրը տեղափոխել ՄԱԿ, սակայն ՄԱԿ-ը եւս հղում է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ադրբեջանին ձեռնտու է հարցը տեղափոխել ՄԱԿ, որովհետեւ ադրբեջանական դիվանագիտությունը մեծ չափով հենվում է ֆինանսների, այսպես ասած, խավիարային դիվանագիտության վրա: Պարզ խոսենք` փորձելու են գնել այս կամ այն երկրի բարեհաճությունը ՄԱԿ-ում, ինչպես ԵԽԽՎ-ում էր, որտեղ, ի վերջո, մեծ սկանդալ եղավ, եւ մի շարք պատգամավորների վրա քրեական գործեր հարուցվեցին: Ի դեպ, ԵԽԽՎ հիմնադիր պատգամավորների մի մեծ խումբ շատ կոշտ էր արձագանքում այդ խավիարային առեւտրին, ինչը ցույց էր տալիս, որ այդ կառույցում կան այն առողջ ուժերը, որոնք, միեւնույնն է, պայքարելու են դրա դեմ: Այսօր Թուրքիայի դրդմամբ` Ադրբեջանը գնաց բավականաչափ մեծ ավանտյուրայի, եւ հիմա Ադրբեջանի նպատակն է քանդել Մինսկի խումբը, ուրեմն` մենք նույն քայլը չպետք է անենք, որովհետեւ Մինսկի խումբն այն հարթակն է, որի շուրջ կա կոնսենսուս միջազգային բոլոր կառույցներում: Այո, այսօր ստիպված մեր վզին փաթաթված պատերազմում պաշտպանվում ենք հաջողությամբ, եւ համոզված եմ, որ մեր հակահարվածները շատ հուժկու են լինելու, որպեսզի շատ երկար ժամանակով գոնե մոռանան այսպիսի մոտեցումները, բայց Մինսկի խմբի աշխատանքը պետք է շարունակվի:
ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՐՑՆԵԼ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ
– Այս օրերին լայն քննարկումներ են ընթանում, թե կարո՞ղ է լուծման տարբերակ լինել ռուս խաղաղապահների տեղակայումն Արցախի սահմանին: ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ «Ռուսաստանը կարող է տեղակայել իր խաղաղապահներին ԼՂ-ում միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ»:
– Սա շատ կարեւոր խնդիր է եւ իմ համոզմամբ` լուծման մեխանիզմներից մեկն է: Բայց այստեղ պետք է մեկ հարց դնենք, որը շատ հաճախ չենք դնում. առաջինը` պետք է հարցնել Արցախի Հանրապետության ժողովրդին, որովհետեւ նրանց վրա են ռումբերը թափվում: Իհարկե, ինձ համար Հայաստանն ու Արցախը մի Հայք է, սակայն այսօր ունենք պաշտոնական Արցախի Հանրապետություն, որը պետական ինստիտուտներ ունի ձեւավորած, եւ այդպես ապրում են մարդիկ: Զինվորն առաջին գծում է, եւ, ցավոք, մեր երիտասարդ տղաների կորուստներ ունենք, բայց այսօր նաեւ քաղաքացիական բնակչությունն է հարվածի տակ: Օրինակ, տեղեկություն կար, որ «Սմերչով» հարվածել են Հադրութին: Պարզ է, որ Ադրբեջանը փորձելու է այս կերպ վախեցնել եւ հոգեբանորեն ճնշել Արցախին, որը երբեք չի կարող հաջողվել, իրենք իրենց չափանիշներով են չափում: Այնպես որ, այս հարցն առաջին հերթին արցախցիներին պետք է տաք:
– Արցախցին այսօր առաջնագծում է, չե՞ք կարծում, որ որոշում կայացնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը:
– Հասկանում եմ Հայաստանի դերն ու նշանակությունը, բայց մենք պետք է առաջնորդվենք նրանով, որ Արցախը պետք է հանդիսանա բանակցային գործընթացի մաս, Արցախի բնակչության ժողովրդի կարծիքը հաշվի չառնելով` չպետք է որեւիցե լուծում գտնվի: Իհարկե, Հայաստանն այսօր էլ երաշխավորն է Արցախի պաշտպանության, բայց այս համատեքստում է պետք հարցը դիտարկել:
«ՆԱԽ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՏՐԵՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՉԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»
– Այդ դեպքում` ինչո՞ւ Հայաստանը չի անում առաջին քայլն ու չի ճանաչում Արցախի անկախությունը, երբ Արցախի խորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել ու կոչ արել բոլոր երկրների խորհրդարաններին ճանաչել այն:
– Երբ դիվանագիտական քայլ ես անում, պետք է կարողանաս ապահովել այդ քայլի դրական եւ բարյացակամ արտահայտությունը: Ցանկացած գործընթաց նախնական ապահովում է պահանջում: Այս տեսանկյունից այսօր պետք է հասկանանք անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը եւ իրականացնենք այն, այսինքն` նախ ներկայացնենք, բացատրենք, թե ինչու մինչեւ հիմա չենք ճանաչել: Պետք է ծանրութեթեւ անենք, թե ինչով սա կարող է նպաստել խաղաղ գործընթացին, ինչով կարող է նպաստել Արցախին, որովհետեւ այնտեղ շուտով հումանիտար ճգնաժամ կարող է լինի, եթե խաղաղ քաղաքների ռմբակոծումը շարունակվի: Նման իրավիճակներում դիվանագիտական քայլերը պետք է ապահովվեն նախնական պատրաստվածությամբ: Օրինակ` Ադրբեջանը զենքի տեղափոխման, վարձկանների, որոշակի դիվանագիտական դիրքերի ամրապնդման համար բավականաչափ երկար աշխատել է: Հանկարծակի նման քայլեր չեն լինում: Այլ կերպ ասած` մեր քայլերի հաջորդականությամբ պետք է կարողանանք ապահովել անկախության ճանաչման հնարավորությունը:
«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՊԿ-Ն ԻՐԵՆՑ ԴԵՐԸ ԿԿԱՏԱՐԵՆե
– Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչու մինչեւ այս պահը պաշտոնապես չենք դիմում ՀԱՊԿ-ին:
– ՀԱՊԿ-ին այս պահին դիմելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեւ Թուրքիան ֆորմալ ձեւով է աջակցում Ադրբեջանին: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունն է ՀԱՊԿ անդամ: ՀՀ տարածքը, որպես այդպիսին, զանգվածային հարվածի չի ենթարկվել:
– Էլ ի՞նչ պետք է լիներ. ադրբեջանական ԱԹՍ-ները հասել էին մինչեւ Աբովյան քաղաք...
– Համաձայն եմ, բայց մեկ ԱԹՍ-ով չի առաջանում դիմելու անհրաժեշտությունը: Վերջիվերջո, կա հայ-ռուսական ռազմական դաշինք, եւ մեզ համար կարեւորագույնն այն է, որ ռուսական ռազմաբազան զսպում է թուրքական ավելի ագրեսիվ գործողությունները: Չմոռանանք, որ Թուրքիան, ըստ տվյալների, բավականաչափ բարձր մակարդակի զենք, զորք ու զինամթերք ունի Նախիջեւանում, եւ այստեղ ունենք խնդիր: Սա նշանակում է, որ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին մեծ հնարավորություններ է տալիս հարձակվելու: Եթե Թուրքիայի քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական այս չափի աջակցությունը չլիներ, խնդիրը վաղուց լուծված էր արդեն, եւ պատերազմն այսքան երկար չէր շարունակվի: Դրա հետ միասին դիվանագիտական, միջազգային հարաբերությունների տեսանկյունից այսօր չեմ կարծում, որ անհրաժեշտ է դիմել ՀԱՊԿ-ին: Բայց եթե թուրքական ագրեսիվ գործողություններ լինեն, համոզված եմ` Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ն իրենց դերը կկատարեն: Իհարկե, հասկանալի է, որ հիմնական գործուն դերակատարությունը լինելու է Ռուսաստանինը, բայց հիշենք, որ ժամանակին ՀԱՊԿ գլխավոր արդեն նախկին քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս ասել է, որ իրենց դաշնակցային պարտավորությունները կատարելու են:
– Այսինքն` այն, որ մենք այս պատերազմում մնացել ենք միայնակ, իրականում այդքա՞ն էլ այդպես չէ:
– Այս փուլում պայքարում են մեր զիվորները, մեր սպաները, մեր բանակն ու ազգաբնակչությունը, եւ սա փաստ է: Դուք հարցնում էիք ՀԱՊԿ-ի մասին, ես էլ պատասխանեցի:
– «Ալ Ջազիրաե հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը կարող է որոշիչ լինել, նա նախեւառաջ նշել էր, որ ոչ թե հայ-ռուսական ռազմական դաշինքի մասին, այլ այն, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ի՞նչ կասեք այս մասին:
– Իհարկե, ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, բայց դրա հետ միասին, հասկանալի է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի դերն ու նշանակությունը շատ ավելին է, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամներինը: Բացի այդ, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշանկիցն է: Այս տեսանկյունից Ռուսաստանը միաժամանակ մի քանի խնդրի հետ է առնչվում ու նրանից ե՛ւ ակնկալիքներն են շատ, ե՛ւ Ռուսաստանի խոսքը կարող է որոշիչ լինել` ոչ միայն կտրված Մինսկի խմբից, այլ իր Մինսկի խմբի գործընկերների համար եւս կարող է որոշիչ լինել ՌԴ-ի տեսակետը` արցախյան հիմնախնդրի հետ կապված: Ի վերջո, սա միայն արցախյան հիմնախնդիր չէ, այլ տարածաշրջանային կոնտեքստ ունի: Այնպես որ, համոզված եմ, որ այս առումով Ռուսաստանից նույնիսկ մեզնից շատ ակնկալիք ունեն ամերիկացիները եւ ֆրանսիացիները` տարածաշրջանում թուրքական էքսպանսիան զսպելու տեսանկյունից: Տեսեք, Սիրիայում ԱՄՆ-ն հիմնականում իր զորամիավորումներն ու կոնտիգենտը հանեց` տարածաշրջանում, ըստ էության, հիմնական խաղացող թողնելով ռուսներին, Ֆրանսիան նույնպես հետ քաշվեց, չնայած` Սիրիան եղել է ավանդականորեն ֆրանսիական ազդեցության դաշտում: Այսպիսով` դաշտը թողնվեց Ռուսաստանին, որովհետեւ ՌԴ-ն դարձավ հիմնական խաղացող տարածաշրջանում: Հետեւապես, բոլորը շատ լավ հասկանում են, որ Հարավային Կովկասում հիմնական խաղացողը Ռուսաստանն է: Այո, Ֆրանսիան մեզ աջակցում է դիվանագիտորեն եւ միշտ է աջակցել, բայց նրա ազդեցության վեկտորն ավելի շատ Միջերկրական ծովն է, Հյուսիսային Աֆրիկան եւ ավելի ներքեւ ընկած տարածքները:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ