
«ԹՈՒՐՔԻԱՆ ՁԳՏՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ՌԵԳԻՈՆԱԼ ԽԱՂԱՑՈՂ՝ ՀԻՄԱ ՊԱՏԵՀ ԱՌԻԹ Է ԻՐ ՆԿՐՏՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ՔԱՂԱՔԱԳԵՏ
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այն, որ Թուրքիան վաղուց ներգրավված է Արցախի հակամարտության գործում, նորություն չէ, ավելին՝ տարիներ ի վեր հայկական կողմը դիմակայել է թուրք-ադրբեջանական տանդեմին։
«Այսօր այս երևույթն ավելի նյութական տեսք է ընդունել վարձկանների, զինատեսակների, զինյալների տեսքով, ըստ էության սա շարունակությունն է և զարգացումն է այդ ամենի։ Մեկ կարևոր տարր կա, որը պետք է նկատի ունենալ, ժամանակին Թուրքիան հլու-հնազանդ ՆԱՏՕ-ի երկիր էր, այսօր նեոօսմանիստական գաղափարախոսությամբ տառապող Էրդողանի Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, որը 14-15 երկրներում ունի իր սեփական ռազմական բազանները։ Թուրքիան ձգտում է դառնալ ավելի կարևոր ռեգիոնալ խաղացող գլոբալ մասշտաբի, իսկ հիմա պատեհ առիթ է իր ամբիցիաները, նկրտումներն իրականացնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։
Նա փաստեց, որ եվրոպական երկրները, առաջին հերթին՝ Ֆրանսիան, ինչը կարևոր է, հայտարարեցին, որ թուրքական նկրտումներն առաջին հերթին վտանգ են ոչ միայն՝ Հունաստանի կամ Հայաստանի, այլև՝ Եվրոպայի, Ռուսաստանի համար։ Փաստացի Թուրքիան այս քայլերով փորձում է մտնել Անդրկովկաս, ինչը պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին, Վրաստանին, որը շատ մեծ խնդիրներ է ունենում։
Նա նաև նշեց, որ, եթե Թուրքիան մուտք գործի հյուսիսային Կովկաս, ապա տեղի որոշ ժողովուրդներ կարող են նրանց հետ համագործակցել, ինչպես ժամանակին արել են չեչեն ահաբեկիչները։
«Այս ամբողջ պատերազմի հեղինակների հիմնական խնդիրը ոչ թե Արցախն է, այլ նաև Իրանի խնդիրն է, որպեսզի վերջինիս շրջափակեն բոլոր կողմերից։ Ինչպես միշտ, Իրանը շատ ադեկվատ գնահատական և պատասխան տվեց, այլ խնդիր է, թե ինչպես է սա արտահայտվելու։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Իրանը մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին, ոչ միայն բարոյական, այլև ռազմամթերքի, վառելիքի առումով, անգամ այդ մարդուն գիտեի, ով ժամանակին կազմակերպել էր այդ գործը։ Նույնը վերաբերում է նաև ռուսներին, որոնք այսօր ոչ միայն պետք է արդեն ինչ-որ բաներ ասեն, այլև անեն։ Մյուս կողմից՝ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա արվելու, ինչ գործողությամբ, այս դեպքում մենք գործ ունենք դիվանագիտական եղանակների հետ, որը գործածվում է ՌԴ-ի կողմից»,- շեշտեց նա։
Ըստ քաղաքագետի՝ Իրանին մեկուսացնելու գործընթացներում կա նաև իսրայելական հետքը, որը, ցավոք, այսօր սպասարկում է Ադրբեջանին՝ տրամադրելով անօդաչու թռչող սարքեր և այլ զենքեր։
Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանում Թուրքիային ու Ադրբեջանին զսպող մեծագույն գործողը հայկական բանակն է, հաջորդիվ՝ ռուսականը, որը բազմաթիվ պատերազմներ է վարել Թուրքիայի դեմ։ Նա նաև հիշեցրեց, որ ռուսական բանակը ժամանակին կանխեց Հարավային Օսիայի օկուպացիան։
«Մեր բանակը, մեր տղաները փայլուն փորձ ունեն, գիտեն՝ ինչ պետք է անեն, և դա նրանց մոտ ստացվում է։ Վատագույն սցենարը մեզ համար կլինի այն, որ այս գործընթացը երկար տևի, սակայն կարծում եմ՝ ժամանակին բոլոր խնդիրները կլուծվեն։ Իսկ այս պահին մեր բանակը փայլուն է գործում՝ ի պատիվ մեր զինվորների, սպաների, գեներալների։ Փաստում եմ, որ միշտ հայոց բանակի զինվորն ավելի խելացի է գործել, քան ադրբեջանցի զինվորականը»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]
- «40-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ». Գագիկ Հարությունյան[11.12.2024]
- «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԱԾ ՔԱՈՍԻՆ. ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՎԵՐՑՆԻ ՆԱև ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». Գագիկ Հարությունյան[29.11.2024]
- «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ՝ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵԼ». քաղաքագետ[17.11.2024]
- ՇՈՒՏՈՎ ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԵՎ 102 ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ՍԱ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ. Գագիկ Հարությունյան[11.10.2024]
- ԲՈԼՈՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻՆ, ՀԱՍԿԱՑԱՆՔ, ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ ԻՐԱՐ. Գագիկ Հարությունյան[29.08.2024]
- ԱՐԵՎՄՏՅԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԵՆ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ. Գագիկ Հարությունյան[05.08.2024]
- ՄԵԶ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ… Գագիկ Հարությունյան[27.07.2024]
- ՔԱՂԱՔԱԳԵՏ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ[15.05.2024]
- ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ. Հարությունյան[04.05.2024]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ, ՍՊԱՍԵՔ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. Հարությունյան[08.03.2024]