• am
  • ru
  • en
Версия для печати
30.09.2020

ՍԱ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Է, ԻՆՉԸ ՄԵՐ ՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ՄԵԶՆԻՑ ԼԱՎ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ. ԱԲՈՎՅԱՆ

   

ՀՀ Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստ էր գումարել եւ միաձայն ընդունեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ խորհրդարանական բոլոր ուժերի` «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հեղինակած` «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:


– Պարոն Աբովյան, հայտարարության նախագծի վերաբերյալ Ձեր խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ ամբիոնից հարց բարձրացեց, թե ինչու տեքստում տեղ չի գտել կետ, որով դիմում ենք մեր ռազմավարական գործընկերներին: Չէ որ մինչեւ այս պահը որեւէ կոշտ արձագանք դեռ չի եղել ո՛չ ՌԴ-ի, ո՛չ ՀԱՊԿ-ի կողմից...

– Եկեք առայժմ չքննարկենք Ռուսաստանի գործողությունները, որովհետեւ մի փոքրիկ գաղտնիք բացեմ` մեր ռուս գործընկերները շատ ակտիվ աշխատում են: Այլ հարց է, որ հնարավոր է այն չի հանրայնացվում, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր ռուս գործընկերներին: Թերեւս այսքանը, թույլ տվեք չմանրամասնեմ:

– Նախագծի քննարկման ժամանակ Ձեր խմբակցության պատգամավորները պնդում էին, որ պետք է օրակարգ բերել Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը: Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանը» հանդես չի գալիս համապատասխան օրենսդրական նախագծով:

– Ինչպես բազմաթիվ անգամ նշել է պարոն Ծառուկյանը, Արցախի հիմնախնդրի հարց գոյություն չունի, այլ գոյություն ունի անկախ Արցախ, որի միջազգային լեգիտիմիզացիայի խնդիր կա: Այո, ինչպես տեսնում եք, քննարկումները գնում են, բայց թույլ տվեք այս պահին հաշվի առնելով դիվանագիտական լռության օրենքները` առայժմ ոչինչ չմանրամասնենք: Միայն կարող եմ ասել, որ մեր պնդումները պարոն Ծառուկյանի հայտարարությունների կոնտեքստի մեջ են: Նա միշտ ընդգծել է, որ միակ տարբերակն Արցախի միջազգային դե յուրե լեգիտիմիզացիան է, դրանից հետո կտեսնենք` ինչ կլինի:

– Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ հայտարարել է, որ մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Թուրքիան, քանի որ մեր դեմ օգտագործվում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած ժամանակակից զենքներն ու տեխնիկան: Ինչո՞ւ է ռազմական գործողություններին թուրքական մասնակցության մասին լռում միջազգային հանրությունը:

– Թույլ տվեք հիշեցնեմ շուրջ երկու ամիս առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, իմ եւ մեր գործընկերների կողմից հնչեցված բոլոր այն փաստարկները եւ անհանգստությունները, որ Թուրքիան արդեն իսկ ուղղակի ներգրավվել է գործընթացի մեջ: Սա մենք կանխատեսում էինք, եւ մեզ համար բնավ զարմանալի չէ, որովհետու Թուրքիան, լինելով պանթուրանական նախագծի հիմնական հեղինակը, իր «պուճուր» եղբայր Ադրբեջանին օգտագործում է այդ նախագիծն առաջ մղելու համար: Թուրքիան ուզում է ստեղծել ռազմական լարվածություն, ընդլայնել պանթուրանական գոտին եւ հետագայում միավորվել Ադրբեջանին: Սա շատ ուժեղ վտանգ է ոչ միայն Հայաստանի համար, այլ հիմնականում հակառուսական նախագիծ է: Եվ կարծում եմ` մեր ռուս գործընկերները մեզնից լավ են հասկանում:

– Ռազմական գործողություններից, ըստ էության, անմասն չէ նաեւ Իսրայելը, որը զինում է Ադրբեջանին: Իսկ մենք մի քանի ամիս առաջ Իսրայելում բացեցինք դեսպանություն, ինչի հետեւանքով կարող են լարվել մեր հարաբերությունները Իրանի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կարծում եմ` մենք, իսկապես, շտապեցինք` Իսրայելում դեսպանություն բացելով: Ինչ վերաբերում է Իրանին, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շփվել է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, շատ ակտիվ դիվանագիտական կապեր կան իրանցի քաղաքական վերնախավի հետ: Մենք պատերազմի մեջ ենք եւ, ցավոք, չեմ կարող բացահայտել բոլոր մեր գործողությունները:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ արցախա-ադրբեջանական սահմանին, իրավիճակի սրմամբ պայմանավորված, Ուկրաինայի միջազգային ավիաուղիները չեղարկել էին նախատեսված թռիչքը դեպի Երեւան:

– Կարծում եմ` այս հարցով պետք է դիմենք ուկրաինական կողմին: Կպարզաբանենք եւ կասենք:


Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ