• am
  • ru
  • en
Версия для печати
04.08.2020

ՎԱՐՔԸ ՈՐՊԵՍ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԱԾԱՆՑՅԱԼ

   

Անահիտ Գաբրիելյան, Ռաֆիկ Գաբրիելյան 

Ոչ զուտ սոցիոլոգիական, ոչ էլ զուտ փիլիսոփայական չէ այն պնդումը, որ մարդու ամեն գործողություն` վարքային ամեն դրսևորում, կապված է նրա մենթալիտետի և իրավիճակային կողմնորոշման հետ: Երեխան գիտակցության աճին զուգահեռ առնչվում է արտաքին աշխարհից եկող ամենատարբեր ինֆոհոսքերի հետ, տեղի է ունենում ճանաչողության գործընթաց, որն էլ նպաստում է նրա սոցիալիզացիային և կուլտուրիզացիային, ինչպես նաև ձևավորվում է նրա հոգեմտակերտվածքը: Այս ամենի ներքո պետք է հասկանալ մարդու ինքնությունը, գիտելիքները, կրոնը և հավատալիքները, լեզուն, մյութոսը և արվեստը, մտավոր-վերլուծական մակարդակը, համոզմունքները, չափանիշային կողմնորոշումները, գաղափարական դիրքորոշումները, նախապատվությունները և իդեալները, բարոյական և սոցիալական նորմերը, այլ բառերով ասած` «արժեհամակարգային մատրիցան» կամ իր ամենալայն սահմանմամբ` «մշակութային մատիրցան1»: Իսկ վերջինս ըստ Կլաուս Մայնցերի, մարդկանց նպատակաուղղված և ծրագրված վարքագծի արդյունք է: Այս տեսանկյունից կրթադաստիարակչական ոլորտը դառնում է ամենաառանցքայինը: Առհասարակ մարդու ամենաբնորոշ հատկանիշներից մեկը դա սովորելն է, իսկ ուսումը ինչպես նշել է դեռ Դավիթ Անհաղթը, մարդու նկատմամբ արտաքինից եկող ազդեցություն է:

Մարդը և հասարակությունը փոխկապված են, և նրանց զարգացումը, մի միասնական փոխպայմանավորված պրոցես է: Բազմաթիվ փաստերով ապացուցված է, որ անբարենպաստ սոցիալական միջավայրը, բարոյահոգեբանական մթնոլորտը, կյանքի պայմանների վատթարացումը, քայքայում են մարդու կենսաբանական, հոգեբանական հիմքերը, առաջ բերում հիվանդագին լուրջ շեղումներ, ու հանգեցնում են ագրեսիվ վարքաձևերի աճին և բռնության:

Էմիլ Դյուրկհայմը խոսելով մարդ-հասարակություն կապի մասին, ցույց է տալիս, որ հասարակությունը հավասար չէ մարդկանց` առանձին անհատների գումարին, այն իրենից ներկայացնում է ավտոնոմ նոր սինթեզ, որը կարող է ազդել մարդկանց սոցիալական վարքագծի վրա, հաճախ կանխորոշել այն: Դյուրկհայմի այս թեզը շարունակում է Վիլհելմ Վունդտը, նա մարդ–հասարակության փոխազդեցության մեջ առանձնացնում է զարգացման հետևյալ փուլերը`

  • առանձին անհատներ փոխազդեցության մեջ են մտնում միմյանց հետ,
  • այդ փոխազդեցության արդյունքում ձևավորվում է նոր իրականություն,
  • այդ նոր իրականությունը, որը և հենց հասարակությունն է, ապրում է իր սեփական կյանքով և իր օրենքներով,
  • հասարակությունը սկսում է ազդել այն հիմքի վրա, որից առաջացել է ` այսինքն մարդկանց վրա:

Այստեղ կարելի է հանգել մի եզրակացության, որ վարքային դրսևորումները, որոնք տեղ են գտել առանձին անհատների մոտ, նոր հարթություն են ստանում հասարակության մեջ, հետո անդրադառնում և փոխում են նաև հասարակության այլ անդամների վարքը: Այս մասին նշում է նաև Ալբերտ Բանդուրան, օրինակ նա բռնությունը բնութագրում է` որպես ուսուցանված վարքագիծ: Համաձայն Բունդարայի, բռնություն գործադրող անձը` բռնություն գործադրելով կրկնօրինակում է այլ մարդկանց վարքերը:

Այս և նմանատիպ հետազոտությունները ցույց են տալիս, որ անձը իր հետագա կյանքի ընթացքում կկիրառի վարքային նույն ձևերը, եթե դա օրինակելի է համարվել իր համայնքում, կամ քարոզվել է մեդիայով: Բանդուրայի տեսությունից եզրակացնենք, որ վաղ տարիքում երեխայի կրած հոգեբանական տրավմաները, ինչպես նաև ծնողների կոնֆլիկտային հարաբերությունները, բռնի վերաբերմունքը, կամ խիստ դաստիարակչական վերաբերմունքը երեխաների նկատմամբ կարող են հետագայում նրա վարքագծում ագրեսիվության հիմք հանդիսանալ:

Անալոգային ձևով այս կարծիքի քննադատություններից մեկն այն է, որ այն ամբողջովին անտեսում է մարդու անհատական առանձնատակությունները` տեսածը չկրկնելու գիտակցությունը: Այս մասին գրում է Վիկտոր Ֆրանկլը, նա անդրադառնում է համակենտրոնացման ճամբարում ձևավորված անողոք սոցիալական միջավայրին, և փաստացի դեպքերով բացատրում, որ գոյություն ունի հոգևոր ազատություն, ինքնորոշում, առաջադրված արտաքին հանգամանքների նկատմամբ: Որ մարդն կարող է խուսափել կեցության այն ձևի ներգործություններից, որի մեջ հայտնվել է բռնի կերպով, որ մարդը ստիպված չէ ամբողջովին ենթարկվելու այդ ազդեցություններին, որ մարդն ի զորու է պահպանելու իր հոգևոր ներքին էությունը և իր մարդկային արժանապատվությունը: Այստեղ մենք հանգում ենք Էռնստ Կասսիրերի այն կարծիքին, համաձայն որի, մարդու իսկական էությունը կախված չէ արտաքին հանգամանքներից, այլ միայն նրանից թե ինչպես է մարդը արժևորում ինքն իրեն: Միակ բանը, որ նշանակություն ունի, միտվածությունն է, հոգու ներքին վիճակը, և հենց այս ներքին սկզբունքն է, որ չպետք է խախտվի:

Այսպիսով մեր առջև են հայտնվում երկու հարացույցներ: Առաջինի համաձայն մարդը արտաքին միջավայրի կամ հասարակության ստեղծածն է, մենք այն պայմանական կանվանենք «կամայական», այստեղ կարող են լինել թե՛ դրական, թե՛ բացասական էլեմենտներ: Իսկ ըստ երկրորդ հարացույցի, մարդը ինքնակազմակերպվող համակարգ է, մենք այս հարացույցը կանվանենք «աուտոպոետիկ2», այս հարացույցի մեջ գտնվողը ևս օգտվում է արտաքին ազդեցություններից, սակայն դրանք ավտոմատ չի վերարտադրում, այլ գումարելով իր ներքին մղումներին և մտատեսությանը, ստեղծում է նոր` ավելի կատարյալ, կյանքի վարքաձևեր, նորմեր ու մոդելներ:

Վերը ասվածից կարելի է եզրակացնել որ արտաքին ազդեցությամբ առաջին հերթին փորձ և արվում ազդել մարդկային մտածողության վրա, մարդու արժեհամակարգային մատրիցայի մեջ մտցնել նորմավորող է իրավիճակային արդարացումների տանող համոզմունքներ: Մյուս կողմից մտածողության վրա գործադրվող բռնությունը, հասարակության մեծագույն մասի համար անընդհատական և անտեսանելի իրողություն է: Այս ձևերի մեջ են մտնում`

  • համացանցում և եթերում` բռնության, ծխելու և ալկոհոլ ու այլ թմրանյութեր օգտագործելու, էրոտիկ տեսարանների, անկանոն սոցիալական բարքերով հագեցած ֆիլմերի, տեսահոլովակների ու սերիալների ցուցադրումը, տարածումը և տեղադրումը,
  • մանիպուլացնող լեզվական հնարքներով քաղաքական և մեդիա տեքստերի, ինչպես նաև բառապաշարի ավտոմատ կրկնությունը,
  • ցածրակարգ վերլուծությունների, կրթության և մշակույթի հրամցնումը, դրանց «գիտական» պիտակների սոսնձումը, որոշ գիտական ձևակերպումներ օգտագործելով,
  • սոցիալական մակարդակում, հեշտասիրության և խրախճանասիրության ուղղորդումը,
  • քվազիկրոնական կազմակերպությունների ողջ գործունեությունը,
  • քրեական և քվազիքրեական բարքերի տարածելը, մարդկանց «լավ տղու» կերպարի չափանիշներին, հասցնելու քայլերը և այլն:

Այս ամենը ունի մեկ խիստ բնութագրական հատկանիշ, այն պիտի ոչ միայն աննկատ արվի, այլ նաև այս ամենը վերարտադրող մարդը պետք է համոզված լինի, որ ամեն ինչի հեղինակը հենց ինքն է, և որ ոչ ոք չի կարող ազդել նրա վրա: Մարդու մոտ ձևավորվում է թվացյալ ազատական համոզմունք, սեփական կեցության մասին:

Սրան հակազդելու և երկրորդ հարացույցով առաջնորդվելու միայն մեկ միջոց կա, ցանկացած բան անցկացնել սեփական` նախապես զարգացված, մտածողության(պրակտիկ, ռացիոնալ) և իհարկե խղճի (հոգևոր, իռացիոնալ) պրիզմայով: Իսկ սեփական մտածողությունը զարգացնելու համար պետք է այն դարձնել բարդհամակարգային, օգտվելով իհարկե արդեն առկա տեսական գիտելիքներից, և այն դարձնել սեփական կյանքի փորձը3:


Օգտագործված գրականություն

  1. Դավիթ Անհաղթ, Երկեր, Երևան, 1980:
  2. Դյուրկհայմ Էմիլ, Սոցիոլոգիական մեթոդի կանոնները, Երևան, 2006:
  3. Էռնստ Կասսիրեր, Էսսե մարդու մասին, Երևան, 2008:
  4. Ֆրանկլ Վիկտոր, Կյանքին ասել Այո, Երևան 2020:
  5. Вундт Вильгельм, Психология народов, Москва, 2002.
  6. Майнцер Клаус, Сложносистемное мышление: Материя, разум, человечество. Новый синтез, Москва, 2009.
  7. Bandura Albert, Social Learning Theory, New Jersey, 1977.

1 Ամենաընդհանրական սահմանմամբ` մշակույթ ասելով պետք է հասկանալ մարդուն իր էությամբ և ողջ գործունեությամբ, ի տարբերություն վայրի բնության, և տիեզերական մյուս գոյությունների:
2 Հասկացությունը վերցված է Ֆրանսիսկո Վարելաի և ՈՒմբերտո Մատուրանաի կողմից գիտական շրջանառության մեջ դրված համանուն` «Աուտոպոեզիս» (Autopoiesis) տերմինից:
3 Հուսով ենք որ այս մասին կկարողանանք խոսել մեր հետագա հոդվածներում:
դեպի ետ