• am
  • ru
  • en
Версия для печати
01.08.2020

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԸ

   

Արամ Ադամյան
Տորոնտո, 24 հուլիս 2020

Տավուշի սահմանագոտու ռազմական դեպքերով պայմանավորված՝ վերջին օրերին աշխարհի տարբեր երկրներում փողոցային բախումներ են տեղի ունենում հայերի և ադրբեջանցիների միջև: Այդ առիթով կուզենայի կատարել մի քանի նկատառում.

1. Տավուշի սահմանագոտու ռազմական գործողություններում հայկական կողմն իրեն փայլուն է դրսևորել, ուստի, որպես հաղթող կողմ, մենք բախումներն այլ հարթություններ տեղափոխելու շահագրգռվածություն չունենք:

2. Աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքները ի տարբերություն ադրբեջանցիների, ունեն լավ ձևավորված կառույցեր և պատրաստի կազմակերպություններ, ուստի փողոցային պայքարը այդ կառույցների ներուժն օգտագործելու լավագույն մեթոդը չէ:

3. Ի տարբերություն ցեղասպանության հարցի, Արցախյան խնդրին աշխարհը ծանոթ չէ, և մենք ադրբեջանցիների հետ փողոցային պայքարի մեջ մտնելով ու դրանով տեղական բնակչությանը անհարմարություն պատճառելով ադրբեջանցիների հետ հավասարապես հարուցում ենք նրանց դժգոհությունը և այդպիսով մեզ հավասարեցնում ադրբեջանցիներին:

4. Արևմուտքի երկրները, որտեղ կան հայահոծ համայնքներ, զարգացած հասարակություններով ժողովրդավարական երկրներ են, որտեղ համայնքների անունից տեղի իշխանություններին ուղղված լավ ձևակերպված խոսքը շատ ավելի ազդու կարող է լինել, քան փողոցային միջոցառումները:

5. Սփյուռքի քաղաքական կաույցները, սփյուռքի հետ աշխատող հայաստանյան իշխանությունների հետ համագործակցելով, կարող են իրենց երկրների ազդեցիկ հայերին տրամադրել լավ ձևակերպված քաղաքական տեքստեր՝ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտելու և նրա վրա ճնշում գործադրելու նպատակով: Այս առումով Քիմ Քարդաշյանի սոցցանցերում կատարած գրառումները ասվածիս գերազանց օրինակներ են:

Եզրակացություն. սփյուռքում հայրենիքին զորավիգ լինելու համար հայտնի հիմնադրամներին հանգանակություններ կատարելուց զատ մենք մեր պայքարը պետք է տանենք այն դաշտում, որտեղ մենք առավել զորեղ ենք՝ մտքի դաշտում: Հարկավոր է համակարգված ձևով դիմումներ հղել բնակության երկրի իշխանություններին և իրենց բնակության տարածքներից ընտրված խորհրդարանի անդամներին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ուղղված սահմանագծի հայ խաղաղ բնակչության և հայկական քաղաքացիական նշանակության օբյեկտների դեմ, անպայման շեշտելով նաև Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու Ադրբեջանից հնչած սպառնալիքները:

Փողոցում ադրբեջանցիներին ևս մեկ անգամ հաղթելուն ուղղված քայլերն ու այնտեղ նրանց սադրանքներին տրվելը այն դեպքում, երբ սահմանին մեր զինվորականներն արդեն հաղթել են, այնքան էլ խոհեմ չեն: Չմոռանանք, որ պետությունների միջև եղած զինված հակամարտությունները ոչ միայն նրանց զինվորականների, այլև նրանց ամբողջ պետական համակարգերի ու հասարակությունների միջև եղած պայքար են: Եվ Սփյուռքն իր կառույցներով, որպես հայաստանյան հասարակության և պետական համակարգի ներդաշնակ շարունակություն, պետք է ցուցաբերի առավել կազմակերպվածություն:


keghart.org


դեպի ետ