
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ԱՅԼ ՌԴ-Ն»
ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԻ գնահատմամբ` լիովին կանխատեսելի էր գրեթե երկու շաբաթ առաջ Տավուշի ուղղությամբ սկսված հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, որն իր կարծիքով` կարելի է համարել հերթական բախումը, ավելի ճիշտ` սադրանքը: Թե ինչու էր կանխատեսելի, «Իրավունքը» այս եւ այլ հարցերի պատասխաններ պարզեց հենց նրանից:
«ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՆԳԱՄ ՍԱՐԻՑ ԸՆԿԱԾ ՔԱՐԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԵՐԿՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ»
– ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանը, պարզապես, պետական սահման չէ: Սա գրեթե հավերժական դետոնատոր է, որը ժամանակ առ ժամանակ օգտագործում են համաշխարհային հայտնի ուժերը` տարածաշրջանում լարվածությունը սրելու համար: Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերը նշված իրադարձությունները համեմատվում են 2016 թվականի, այսպես ասած, «քառօրյա» պատերազմի դեպքերի հետ, երբ Լեռնային Ղարաբաղում ՀՀ եւ Ադրբեջանի ռազմական ուժերի միջեւ առճակատման սրումը մեծապես հետեւանքն էր այն ժամանակ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ շատ բարդ հարաբերությունների: Վերջին ամիսներին այդ հարաբերությունները կրկին վատթարացել են: 2020-ին Էրդողանը միակողմանիորեն ուժեղացրեց Սիրիայի տարածքում գտնվող թուրքական զորքերի գործողությունները, որոնք գրեթե առաջացնում էին ուղիղ բախումներ ռուս զինվորականների հետ: Այնուհետեւ Թուրքիայի ղեկավարությունը Լիբիայում սկսեց ռազմական գործողություններ` ընդդեմ գեներալ Հաֆթարի, որը հայտնի է, որ աջակցում է ՌԴ-ին եւ Եգիպտոսին: Եվ ահա Հայաստանի սահմանում տեղի ունեցած դեպքից մեկ օր առաջ Էրդողանը հրամայել էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել: Համոզված եմ, որ տարածաշրջանում եւ աշխարհում շատ քաղաքական ուժեր կան, որոնք վերջին գործողությունների մեջ տեսան Թուրքիայի ոչ միայն պանիսլամիստական նոր նպատակները, որոնք պատրաստ են ռազմական ճանապարհով իրենց տարածքներն ընդլայնել, այլ նաեւ համարում են սա ազդանշան` Մերձավոր Արեւելքում «Հյուսիս-հարավ» պատերազմի սրման նոր փուլ սկսելու համար: Եվ դարձյալ, այս առումով, վերոնշյալ ուժերի ուշադրության կենտրոնում հայտնվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, որն իդեալական «թեժ կետ» է, որտեղ անգամ սարից ընկած քարը կարող է դառնալ երկու ուղղություններով կրակոցների պատճառ:
– Ըստ Ձեզ` ինչո՞ւ սահմանային սրացումը տեղի ունեցավ հենց Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանում, եւ ոչ թե Արցախում կամ Նախիջեւանի ուղղությամբ:
– Տարածաշրջանում պատերազմը սաստկացնող շահագրգիռ ուժերի համար նշանակություն չունի, թե որտեղից այն կսկսվի: Նրանք իրականացնում են սադրանքներ կողմերի շփման գծի ցանկացած կետում, երբ դրա համար համապատասխան պայմաններ են ստեղծվում: Օրինակ` այն կարող է պայմանավորված լինել իրենց գործակալների առկայությամբ եւ ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա կենտրոնացումով: Մյուս կողմից` Տավուշի մարզում իրավիճակի սրումը կարող է ազդանշան լինել այն մասին, որ որոշ մարդիկ հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրը դիտարկեն ոչ միայն արցախյան հիմնախնդիրների պրիզմայով, այլեւ ավելի լայնորեն ` որպես աշխարհաքաղաքական խնդիր: Սա ազդանշան էր առաջին հերթին նաեւ նույն Ռուսաստանի համար:
– Ադրբեջանից վերջերս բարձաստիճան պաշտոնյայի մակարդակով հնչեց սպառնալիք` Հայաստանի Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Անկախ նրանից, թե ինչ է հայտարարել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան Մեծամորի ատոմակայանի հնարավոր հրթիռային հարվածների մասին, դժվար թե, այն կարելի է անվանել Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշում: Կարծում եմ, որ այդ երկրի էլիտաներում (ներառյալ` ուժայիններում) թուրքական եւ մի շարք արեւմտյան երկրներից շատ գործակալներ կան, որոնք միտումնավոր ձգտում են տարածաշրջանում առճակատումը սրել: Իսկ ոմանց էլ արտասահմանյան հատուկ ծառայությունները օգտագործում են մութ գործերի համար, ովքեր նույնիսկ տեղյակ չեն, թե իրենց հայտարարությունների եւ գործողությունների հետեւանքներն ինչպիսին կարող են լինել:
«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԴՐԴՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ` ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ»
– Այսքանից հետո` միջազգային հանրության համար ակնհա՞յտ է, թե ով է ագրեսորը:
– Տարածաշրջանում գլխավոր ագրեսորները գլոբալիստներն են ու Թուրքիան, որոնք էլ իրենց հերթին ուղղորդվում են Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից: Եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը չունենար տարածաշրջանում ղեկավարման շատ բարձր դիրք ունենալու նկրտումներ եւ չձգտեր Արեւմուտքի հիմնական աջակցությամբ մի շարք վիճահարույց հարցեր լուծել ուժով` քրդերի հետ, ինչպես նաեւ իր հակառակորդների` Սիրիայի, Լիբիայի, Հայաստանի եւ այլն, դժվար թե հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակն այնքան թեժանար, որքան վերջին տարիներին է: Կասկած չկա, որ թուրքական անվտանգության ուժերն են ադրբեջանական «բազեներին» պաշտպանում եւ չեմ բացառում, որ որոշ հայ ազգայնականների էլ ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործում են` իրենց նպատակների իրականացման համար:
– Կարծում եք` հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մեջ իր ազդեցությունն ուներ թուրքական գործո՞նը` հաշվի առնելով նաեւ այն, որ Թուրքիայի ղեկավարությունը անվերապահ աջակցություն հայտնեց Բաքվին` միջամտելու հակամարտությանը:
– Թուրքական գործոնը կարող էր դառնալ շատ լուրջ գործոն, եթե Թուրքիայի ղեկավարությունը չունենար իր աշխարհաքաղաքական ռազմավարությունը: Արեւմուտքը դրդում է Թուրքիային պատերազմի` ընդդեմ Ռուսաստանի` թեժացնելով հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ առճակատումը: Բայց Թուրքիայի ղեկավարությունն այդ աջակցությունն օգտագործում է տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու համար` առանց մեծ պատերազմի: Այս առումով Թուրքիան բարձրագոչ կճոճի սուրը եւ կփորձի զբաղվել տեղական հակամարտություններով, բայց չի համարձակվի Ռուսաստանի դեմ իրական պատերազմի մեջ մտնել` հանուն Հայաստանի: Անկարան հասկանում է, որ Ռուսաստանի փափկությունը խաբուսիկ է: Ռուսաստանը կարող է ներել Թուրքիային ինքնաթիռի խոցման եւ մի շարք այլ սադրանքների համար, բայց նա չի վախենա ուղղակի պատերազմից Թուրքիայի դեմ: Եվ եթե մեկնարկի նման պատերազմ, ապա Ռուսաստանը, անկախ նրանից, թե ինչ գին կվճարի դրա համար, կհասնի հաղթական ավարտի: Կրկնում եմ` բրիտանական գաղտնի ծառայությունները փորձում են շրջադարձ կատարել Թուրքիայում, որոնք առնվազն երկու հարյուր տարի է, ինչ շատ ուժեղ ազդեցություն ունեն թուրքական էլիտաների վրա: Բայց Թուրքիայի ղեկավարությունը փորձում է մարտավարական օգուտներ քաղել այս խաղից եւ չի իրականացնի Արեւմուտքի ռազմավարական ծրագրերը:
– Ըստ Ձեզ` սահմանին լարվածությունը կարո՞ղ էր կապված լինել նաեւ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի հետ` հաշվի առնելով, որ դեպքերին նախորդել էր Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե մտադիր են դուրս գալ բանակցային գործընթացից:
– Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների միջեւ, այս կամ այն կերպ կապված է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացով: Սա այնքան լուրջ խնդիր է, որը լուծում չունի ներկայիս աշխարհակարգում: Բայց համաշխարհային կարգը հիմա-հիմա պատրաստվում է փոխվել (Դոնալդ Թրամփի ընտրություններում տարած հաղթանակից հետո): Այդ իսկ պատճառով ամերիկյան դեմոկրատների հետ կապված ուժերը շտապում են, նրանց իսկապես մեծ պատերազմ է պետք Մերձավոր Արեւելքում` Ռուսաստանի մասնակցությամբ: Նրանք փորձեցին Ռուսաստանին մղել պատերազմի ՆԱՏՕ-ի դեմ` հանուն Սիրիայի, ապա` Թուրքիայի դեմ (2015-ի վերջին), բայց այդ տարբերակները չիրականացան: Հիմա էլ համառորեն փորձում են կրկնել Թուրքիայի դեմ պատերազմի հնարավորությունը: Հիշեցնեմ, որ Հայաստանի դեմ սադրանքների հիմնական նախաձեռնողների գլխավոր նպատակը ոչ թե Հայաստանն է, այլ Ռուսաստանը:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ