• am
  • ru
  • en
Версия для печати
17.07.2020

ԳԼՈԲԱԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

   

Գագիկ Տեր-Հարությունյան
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն

Հայաստանյան տեղեկատվական դաշտում այսօր անհամեմատ սակավ կարելի է հանդիպել աշխարհաքաղաքականությանը վերաբերվող նյութերի։ Այդ երևույթը թերևս բնական է, քանի որ հասարակության հիմնական ուշադրությունը ուղղված է վիրուսային և ներքաղաքական իրավիճակիներին։ Միևնույն ժամանակ այդ ոլորտներում հարցերի լուծումը ենթադրում է ադեկվատ ընկալում մեզ շրջապատող իրողությունների և դրանց ծագումնաբանության վերաբերյալ, քանի որ առանց իրատեսական պատկերացումների երևույթների մասին լուծել առաջացած խնդիրները անհնարին է։ Ելնելով նման մոտեցումից հարկ է նշել, որ կորոնավիրուսային համավարակի սերմերը ցանվել են դեռևս 2003թ., երբ ամերիկյան առաջատար «ուղեղային կենտրոն» ՌԵՆԴ կորպորացիան Պենտագոնի պատվերով մշակեց տեղեկատվական և կենսաբանական զենքերը համատեղ կիրառելու հայեցակարգը։ Ի դեպ հենց նույն տարի կյանքի կոչվեց «Կենսաբանական վահան» անվանումը կրող միլիարդներ արժեցող նախագիծը, որի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում ստեղծվեցին ավելի քան 400 կենսաբանական լաբորատորիաներ, որոնցից 7-ը՝ Հայաստանում և որոնց հետազոտությունների նպատակը հայտնի չէ հանրությանը։ Նկատենք նաև, որ դեռևս մարտի 22-ին նման մի լաբորատորիայի 14 աշխատակիցներ վարակվեցին կորոնավիրուսով և, որոշ փորձագետների կարծիքով, ամենևին էլ պատահական չէ, որ Հայաստանը «առաջատար» դիրքեր է գրավում աշխարհում վարակման և մահացության չափանիշներով։

Վերոնշյալի համատեքստում փորձենք հասկանալ արդի գլոբալ աշխարհաքաղաքական միտումները և հնարավորինս հակիրճ համադրել դրանք այն զարգացումների հետ, որոնք այսօր առկա են Երրորդ Հանրապետությունում։

«Եռաբևեռ աշխարհակարգ» բազամակենտրոն աշխարհում և գաղափարախոսական հակամարտություն։ Այսօր կան բոլոր նախապայմանները արձանագրելու, որ աշխարհաքաղաքական գլխավոր միտումը եռաբևեռ աշխարհակարգի ձևավորվումն է ի դեմս Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի։ Նշենք, որ այդ շարքում ՉԺՀ-ին առաջինը թվարկելով նկատի ունենք այսօր արդեն բոլորի համար ակնհայտ այն իրողությունը, որ նա արդեն մոտ ապագայում իր ընդհանրական կարողություններով կգերազանցի Միացյալ Նահանգներին։ Նման ձևաչափը ենթադրում է գլոբալ հարթությունում տարածաշրջանային տարաբնույթ ուժերի հակամարտությունների որոշակի սաստկացում։ Միևնույն ժամանակ ներկայիս աշխարհակարգը որոշակի չափով հիշեցնում է ԽՍՀՄ դարաշրջանի երկբևեռ համակարգը, քանի որ ներկայումս նույնպես ընթանում է գաղափարախոսական գլոբալ հակամարտություն, որն այսօր ընթանում է «ծայրահեղ ազատականության» (ինչն երբեմն ավելի բարեհունչ անվանում են «նեոազատականություն») կողմնակիցների և գաղափարախոսական տարբեր ուղղությունների (ազատական, սոցիալիստական և պահպանողական) ներդաշնակ համադրումը ավելի գերադասող ուժերի միջև։ Հայտնի է, որ այդ ունիվերսալ գաղափարախուսություններից յուրաքանչյուրի ծայրահեղականությունը հանգեցնում է ծանր հետևանքների։ Օրինակ «հողը՝ գյուղացուն» կարգախոսով իշխանության եկած բոլշևիկները գյուղացիներին զրկեցին հող ունենալու իրավունքից և դրեցին «կոլխոզային» լծի տակ և նախորդ դարին բնորոշ «բոլշևիզմի» հակամարդկային դրսևորումների մասին կարելի է երկար դատել։ Սսակայն այսօր նման մի պատուհաս է դարևել նաև «ծայրահեղ ազատականությունը», որտեղ «մարդու իրավունքների պաշտպանության» կարգախոսի քողի տակ աղավաղվում և ոչնչացվում են ազգային, հոգևոր և արժեքները ու այդպիսով իրականում ստրկացնում են մարդկանց։ Այլ խոսքերով կարելի է համարել, որ արդի «ծայրահեղ ազատականությունը» նախկին «բոլշևիզմի» իրավահաջորդն է։ Այսօրվա ծայրահեղական ազատականները իրենց նպատակներին հասնելու համար, ինչպես և բոլշևիկները, կիրառում են «հեղափոխություններ», որոնք այսօր, համաձայն տեղեկատվական տեխնոլոգիաների կանոններին, կրում են բարեհունչ անվանումներ՝ «նարնջագույն», «թավշյա» և այլն, սակայն, ըստ էության, գրեթե չեն տարբերվում բոլշևիկյաններից։ Նկատենք նաև, որ նման «հեղափոխությունների» ընթացքում թվացյալ պահպանվում են այսպես կոչված ժողովրդավարության նորմերը, սակայն հիշենք, որ ժամանակին այդ նորմերը պահպանելով իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը... Այս առիթով նկատենք, որ նման գործընթացներում կարևոր, եթե ոչ որոշիչ դերակատարում ունեն տեղեկատվական – հոգեբանական ազդեցության մեթոդները, բայց դա արդեն մեկ այլ քննարկման առարկա է։

Արդի ժամանակահատվածում «բազմագույն հեղափոխական» գործընթացները ունեն զարգացումներ, որոնք դեռևս մի քանի տար առաջ անհավանական էին թվում։ Օրինակ, այսօր նման «հեղափոխություն» կատարելու փորձ է արվում ոչ միայն Հոնկոնգում, այլև ԱՄՆ-ում, որի առիթ հանդիսացավ կապված սևամորթ Ֆլոյդի սպանությունը։ Նկատենք նաև, որ այս երկու դեպքում էլ կիրառվող հեղափոխական մեթոդները գրեթե համընկնում են, սակայն Միացյալ Նահանգներում ավելի ինտենսիվ է ընթանում պայքարը պատմական ժառանգության դեմ. տապալվեցին ոչ միայն ԱՄՆ նախկին նախագահների, այլ անգամ Քրիստափոր Կոլումբոսի արձանը, որը կարծես թե ռասայական խտրականությունների հետ պետք է որ կապ չունենար։ Նման տարբերությունը հոնկոնգյան զարգացումներից դա բնական է, քանի որ ամերիկյան տարբերակում հիմնական նպատակը ոչ թե տնտեսական նշանակություն ունեցող տարածքի զավթումն է, այլ պետության կազմաքանդումը։ Այնպես որ ամենևին պատահական չէ, որ ԱՄՆ-ի պարագայում զարգացումների գլխավոր կազմակերպիչը ոչ այնքան նախագահ Տրամպի գլխավոր ընդիմախոս դեմոկրատական կուսակցությունն է, այլ անդրազգային «իրավապաշտպան» կազմակերպությունները (օրինակ՝ Ջորջ Սորոսի գրասենյակների ցանցը), որոնք այսօր փաստորեն ուղղորդում են ԱՄՆ քաղաքական համակարգի կարևորագույն դերակատարին՝ դեմոկրատական կուսակցությանը։ Այլ խոսքերով արդեն ժամանակավրեպ է դարձել քաղաքագիտական շրջանականերում նախկինում ընդունված ասացվածքը, թե «ԱՄՆ–ում «գունավոր հեղափոխությունները» բացառված են, քանի որ այնտեղ չկա ամերիկյան դեսպանատուն», մինչդեռ «հեղափոխություն» կատարելու համար այսօր բավարար է Սորոսի գրասենյակների առկայությունը։ Այսպիսով ԱՄՆ-ում սպասվող նախագահական նոյեմբերյան ընտրությունները զուտ կուսակցական և անձնային բնույթ չեն կրում։ Հայտնի է, որ Տրամպը, չնայած որ իր երբեմն հակասական քաղաքականությամբ միանշանակ չի ընկալվում, այնումանայնիվ հանդիսանում է ամերիկյան ավանդական - ժողովրդավարական արժեքների կրող։ Այլ խոսքերով նրա պարտությունը կնշանակի ծայրահեղ ազատականների հաղթանակ, ինչը էապես կսրի հակասությունները արդեն իսկ խիստ ոչ ներդաշնակ ներկայիս աշխարհակարգում։ Անշուշտ, նման զարգացումները էապես կազդեն նաևև մեր տարածաշրջանի վրա և այդ համատեքստում հակիրճ անդրադարձ կատարենք Հայաստանին վերաբերվող իրողություններին։

«Մեծ» կամ «Նոր» Մերձավոր Արևելք». Աշխարհաքաղաքականության տեսանկյունից հարկ է նշել, որ Հայաստանի պարագայում ասելով «տարածաշրջան», չպետք է հասկանանք միայն մեզ և մեր անմիջական հարևաններին, այլ ամբողջ այն տարածքը, որը կոչվում է «Մեծ Մերձավոր Արևելք», որի խմբագրված տարբերակը ստացել «Նոր Մերձավոր Արևելք» անվանումը և տարածվում է Պակիստանից մինչ Բալկաններ։ Այս մեգառեգիոնի համար դեռևս նախորդ դարի 80–ականներին մշակված ռազմավարությունը ենթադրում է այսպես կոչված «Եվրասիայի փորատակում» «կառավարելի քաոսի» ձևավորումը, որի հայեցակարգը մշակվել է ամերիկյան Սանտա Ֆե քաղաքում գործող «Բարդությունների ինստիտւտ» կոչվող «ուղեղային կենտրոնում»։ Նման հայեցակարգի արտահայտությունն էր, օրինակ, 2011թ.-ին սկիզբ առած «Արաբական գարունը», որի նպատակն էր փլուզել ողջ «Արաբական սշխարհը» և այդպիսով սկսել իրագործել, մասնավորապես, «Մեծ Իսրաել» նախագիծը։

«Արաբական գարուն» նախագիծը «փայլուն» իրագործվեց և այս առիթով նշենք, որ այդ հեղափոխության կարևոր շարժից ուժը «Իսլամական պետություն» կազմավորումն է, որը ստեղծվել էր ամերիկյան, բրիտանական և իսրաելական հատուկ ծառայությունների կողմից։ Նման պնդումը ոչ թե այսպես կոչված «կոնսպիրոլոգիական» մտահաղացում է, այլ փաստվում է Էդուարդ Սնոուդենի կողմից հրապարակած ամերիկյան հետախուզության գաղտնի նյութերում։ Նկատենք, որ անգլոսաքսոնյան հատուկ ծառայությունների գործնեության արգասիք է հանդիսանում նաև «Թալիբան» շարժումը, որի նպատակն է «քաոսի» ձևավորումը արևելյան «Եվրասիայի փորատակում»։

Բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ «Արաբական գարնան» արդյունքում Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Լիբանանում առ այսօր տիրում է քաղաքական քաոս։ «Ժողովրդավարության տարածման» այս ալիքի արդյունքում մարդկային կորուստների մասին ԶԼՄ-ները գերադասում են լռել կամ խիստ սակավ անդրադառնալ, մինչդեռ այդ «գարնանային» զարգացումներում զոհվեց ավելի քան 1մլն. մարդ (այսինքն կարելի է խոսել «արաբական ցեղասպանության» մասին), իսկ տեղահանվածների թիվը գերազանցում 10 մլն.-ը։ Այս վերջին երևույթը անշուշտ, առաջին հերթին, ողբերգություն է տեղահանվածների համար է, սակայն միևնույն ժամանակ ժողովրդագրական - քաղաքակրթական տեսանկյունից մեծ խնդիրներ է առաջացնում Եվրոպայում (բավական է մտաբերել «Փարիզի Աստվածամոր «մզկիթը»» տաղանդավոր ստեղծագործությունը, որում նկարագրվում է միանգամայն տեսանելի ապագայում Ֆրանսիայում «մահմեդական լծի» դեմ սկիզբ առած ազատագրական շարժումը)։

««Կառավարվող քաոսի» աշխարհաքաղաքական նպատակները Հայաստանում»։ Ակնհայտ էր, որ արաբական «գարնանային» ալիքը անխուսափելիորեն հասնելու էր նաև Հայաստանին, ինչի մասին և ժամանակին գրել ենք մեր հոդվածներում։ «Քաոսացման» գործընթացին ի սկզբանե դիմադրում էր Իրանը, իսկ հետագայում՝ նաև Ռուսասատանը, որը կարողացավ, առանց չափազանցնելու, փրկել լիակատար փլուզումից Սիրիան։ Սակայն դա դեռ բավարար չէր այդ «քաոսացման» ալիքը կանգնեցնելու համար։ Եվ «հայկական գարունը» սկսվեց 2018-ին, իր հետ բերելով Երրորդ Հանրապետության առանց այն էլ ոչ այնքան ամուր պետականության հիմքերի խարխլումը։ Այսօր կարելի է արդեն փաստել, որ ներքաղաքական ոլորտում արդեն իսկ բավականաչափ քաոտիկ իրավիճակ է տիրում, սակայն այդ գործընթացներին մենք կանդրադառնանք հետագա նյութերում և փորձենք խնդիրները դիտարկել աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Այդ ոլորտում Հայաստանի պարագայում, ըստ մեզ, դրված են հետևյալ ռազմավարական գերխնդիրներները.

  1. Թուլացնել Հայաստան – Ռուսաստան դաշնակցային հարաբերությունները, իսկ հնարավորության դեպքում խզել այդ հարաբերությունները ( ինչպես որ դա եղավ, օրինակ, Վրաստանի պարագայում)։
  2. Խարխլել Հայաստան – Իրան հարաբերությունները և վերահսկողություն սահմանել Իրանի հյուսիսային սահմաների որոշ հատվածներում Իսրաել – Իրան հակամարտության համատեքստում։
  3. Վերոնշյալ կետերի իրագործումը թույլ կտա «լուծել» Արցախյան հիմնախնդիրը համաձայն ադրբեջանական և թուրքական պատկերացումների։

Ինչպես ցույց են տալիս վերջին երկու տարվա զարգացումները, վերոնշյալ ծրագրերը դանդաղ, սակայն հետևողականորեն այս կամ այն չափով իրագործվում են։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանի և ընդհանրապես համայն հայության համար ամենակրիտիկականը վերջին նախագիծն է, քանի որ մեր անմիջական հարևաններ Ադրբեջանի ու Թուրքիայի «պատկերացումների» մասին, հաշվի առնելով պատմության դասեիը, խիստ դժվար է որևէ հստակ կանխատեսում կատարել։

Նկատենք, որ մասնավորապես Թուրքիայի համար տարածաշրջանում ձևավորվող իրավիճակը խիստ խոստումնալից է և նա, որպես կայսերական վաղեմի ավանդույթներ ունեցող պետություն, հերթական անգամ վերսկսել է իր պանօսմանյան հավակնությունների քաղաքականությունը։ Ըստ ամենայնի մեզ համար Թուրքիան հանդիսանում է ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության կրկնօրինակը, սակայն անհամեմատ ավելի մեծ կարողություններ ունեցող տարբերակով։ Բավական է նշել, որ այսօր այդ պետության զինված ուժերը տեղակայված են 9 երկրներում (և ոչ միայն Կիպրոսում, Իրաքում, Սիրիայում և ներկայումս նաև՝ Լիբիայում, (որտեղ նա անթաքույս հակասությունների մեջ է մտել Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ), այլ անգամ նաև Հարավ - Աֆրիկյան Հանրապետությունում, Մալիում և Սոմալիում։

Ավելորդ է փաստել, որ Թուրքիան ագրեսիվ պլաններ ունի Հայաստանի նկատմամբ, սակայն առայժմս Ադրբեջանի հետ համատեղ բավարարվում է տեղեկատվական - հոգեբանական հարձակումներով, որոնք կարող են ընդունել ռազամական գործողությունների տեսք, ինչպես որ դա օրերս տեղի ունեցավ Տաուշում։ Թուրք – ադրբեջանական կողմը համարում է, որ Հայաստանում ձևավորված ներքաղաքական ճգնաժամը արդեն իսկ թուլացնում է մեր երկիրը և նրանք սպասում են հարցի այսպես կոչված փուլային լուծմանը, ինչը թույլ կտա զավթել մեր տարածքները առանց պատերազմական գործողությունների։ Սակայն սա միայն սցենարներից մեկն է և չկա որևէ իրատեսական երաշխիք, որ նրանք կբավարարվեն միայն նման զարգացումներով։


ԱԶԳ 17.07.2020 #22(5619)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր