
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕՐ ՕՐԻ ԱՎԵԼԻ Է ԿՏՐՎՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՑ
Ըստ «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ Անդրանիկ Նիկողոսյանի, կորոնավիրուսի դեմ պայքարը վերջին երկու-երեք ամիսների ընթացքում աշխարհի տարբեր երկրների, մասնավորապես նախկին Խորհրդային բոլոր երկրների ժողովուրդների միավորման դերակատարություն է ունենում: Մինչդեռ Հայաստանն օր օրի ավելի է կտրվում աշխարհից:
– Պարոն Նիկողոսյան, կարծում եք՝ Հայաստանը դո՞ւրս է մնում կորոնավիրուսի դեմ համախմբված պայքարից:
– Հայաստանն ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից է կտրված եւ զբաղված է այլ խնդիրներով, օրինակ, Ազգային ժողովում միմյանց դեմ մարտեր մղելով: Մինչդեռ պետք է մտածել այդ համընդհանուր պայքարի մասնիկը դառնալու մասին, որովհետեւ Խորհրդային միության պետություններն, ինչպես համախբվեցին 1941-45 թթ.-ին եւ կերտեցին միասնական հաղթանակ ֆաշիզմի դեմ, նույնպիսի հաղթանակ էլ կրելու են այս համավարակի դեմ: Տարբերությունը միայն այն է, որ այն ժամանակ թշնամին տեսանելի էր, իսկ հիմա՝ ոչ: Կորոնավիրուսը ո՛չ սահման է ճանաչում, ո՛չ ազգ, սա նոր մարտահրավեր է, որի դեմ պայքարում պետք է նոր մոտեցում: Իսկ Հայաստանն այդ նոր մարտահրավերին դիմակայելու փորձ չունի, ուստի՝ պետք է ակտիվ մասնակցություն ունենալ ընդհանուր պայքարում եւ ստեղծված իրավիճակում ելքեր գտնել, որովհետեւ յուրաքանչյուր հայի կյանք անգին է, իսկ հայաստանյան իշխանությունն այսօր զբաղված է ամեն օր թվեր կրակելով:
– Ըստ Ձեզ, այլեւս շանս կա՞ տեղ գտնել այդ ընդհանուր պայքարում, երբ անգամ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակին ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը հեռախոսազրույց չեն ունենում:
– Չեմ հիշում նախկինում որեւիցե տարի, երբ Հայրենական պատերազմի հաղթանակի օրը անձամբ չեն շնորհավորել ՀՀ ղեկավարին: Իսկ եթե այս տարի չեն շնորհավորել, կարծում եմ՝ զարմանալի չէ: Ապրիի 24–ին քանի՞ պետության ղեկավարից Ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ ուղերձներ ստացանք: Նույնիսկ այն երկրներից, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունն, արձագանք չեղավ, իսկ ՌԴ–ից արձագանք եղավ դեսպանի մակարդակով: Ինչեւէ, վերադառնալով Ձեր հարցին՝ նշեմ, որ համավարակի այս մարտահրավերը ոչ միայն Վլադիմիր Պուտինինն ու Նիկոլ Փաշինյանին է նետված, այլ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին: Հետեւաբար, կապ չունի՝ Նիկոլ Փաշինյանի հետ կխոսեն, թե՝ ոչ, միասնական լուծումներ է պետք գտնել: Անձերին թողնենք մի կողմ, Հայստանը եւ հայ ժողովուրդը մեծ ավանդ եւ փորձ ունի Հայրենական Մեծ պատերազմում թշնամուն հաղթելու, ուստի՝ վստահ եմ, որ այս պայքարում եւս հայ ժողովուրդն իր հաղթական կամքը կցուցաբերի: Իսկ թե քաղաքական այրերն այդ ընթացքում ինչ տեսքով կլինեն եւ ովքեր կփոխվեն, սա ժողովրդի որոշելիքն է:
– Դուք էլ գիտեք, որ հիմա Հայաստանում ներքաղաքական կյանքը խաղաղ չէ, սոցիալ–տնտեսական խնդիրներն էլ, մեղմ ասած, քիչ չեն: Ի՞նչ եք կարծում՝ արտաքին աշխարհն ըմբռնումո՞վ կմոտենա կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի պասիվությանը:
– Տեղի ունեցող իրադարձություններն ընդամենը ներքին լսարանի համար է: Այս ամենից առաջին հերթին պետք է հետեւություններ անեն ՀՀ քաղաքացիները, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները զուգահեռ չեն քայլում աշխարհում տեղի ունեցող խնդիրների հետ: Տպավորություն է, որ Հայաստանն ամբողջությամբ մեկուսացվել է: Հայաստանի ներքաղաքական խնդիրներն այլեւս այդքան էլ մեծ ուշադրություն չի գրավում, որովհետեւ աշխարհում այսօր թիվ մեկ մարտահրավերը կորոնավիրուսի դեմ պայքարն է: Մարդը եւ նրա առողջությունը բարձրագույն արժեք է եւ բոլոր երկրներում մարտականորեն են տրամադրված այս պայքարում: Ցանկալի կլիներ, որ Հայաստանն այդ գործընթացներին ակտիվորեն մասնակցեր, իսկ դրա համար պետք է վերանայվի կառավարության ու Ազգային ժողովի կազմը: Ստեղծված իրավիճակում պետք է ձեւավորվի նոր կառավարություն՝ ներգրավելով լավագույն մասնագետներին, որոնք պրոֆեսիոնալ են: Հայ ժողովուրդը նմանատիպ շատ մասնագետներ ունի: Ասել եմ ու կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է իր մեջ հայրենասիրություն եւ ուժ գտնի եւ հայտարարի իր հրաժարականի մասին: Մենք այսօր ունենք Ադրբեջանի հետ կիսապատերազմական վիճակ ու դրան ավելացավ կորոնավիրուսը, որպես մարտահրավեր: Էլ չեմ ասում, որ երկրում պառակտվածություն կա, սոցիալական ծանր վիճակ, եւ այս պայմաններում սթափ չմտածելը, ժողովրդին չհամախմբելը, պատասխանատվություն չկրելը սեփական ժողովրդի հանդեպ՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս, անմեղսունակություն է: Ո՞վ պետք է երկիրն այս ճգնաժամից հանի:
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր աղջկանից էր հետաքրքրվում, թե ինչպես լուծի, օրինակ, կոմունալ ճգնաժամը…
– Կարո՞ղ է մի հատ էլ կորոնավիրոսի դեմ պայքարի հարցում Մարիամիկ Փաշինյանի կարծիքը լսենք: Էս ո՞ւր ենք հասել, երեխաներին հանգիստ է պետք թողնել: Մարիամիկն ու Արփին պետք է ասե՞ն, թե պետությունն ինչպես դուրս գա այս ճգնաժամից: Ինչո՞ւ է այս մարդը երկրի կառավարումը տանում իր ընտանեկան դաշտ: Աշխարհում չկա այսպիսին բան, երբեւէ տեսե՞լ ենք նման երկրի ղեկավար, այն էլ այս իրավիճակում: Հայ ժողովուրդը քայլածներին տվել է մանդատ, վստահություն, լիազորություն, որպեսզի գործող կառավարությունն ամեն ինչ անի՝ ցանկացած հայի առողջության ապահովման համար: Առողջության ապահովումն այս պահի դրությամբ համար առաջին անվտանգությունն է:
– Իսկ կորոնավիրուսով վարակվածների եւ մահերի թիվն օր օրի Հայաստանում ավելի մեծ թափով է աճում…
– Սա շատ բացասական հետեւանքներ է ունենալու նաեւ Հայաստանի արտաքին աշխարհի հետ շփվելու վրա: Էլի եմ ասում՝ նոր մարտահրավերներին դիմակայելու համար՝ նոր մարդիկ են պետք եւ նոր նախաձեռնություններ: Կորոնավիրուսն այլեւս ոչ թե ամեն մի մարզի կամ գյուղի խնդիրն է, այլ ցանկացած ընտանիքի: Այսօր մարտիկ է, ոչ միայն սահմանին կանգնած զինվորը, այլ ցանկացած բժիշկ, որն այս պահի դրությամբ՝ պայքարում է քաղաքացիների առողջության համար: Սա գիտակցել է պետք եւ միասնաբար պայքարել, հակառակ դեպքում՝ մենք պարտված ենք լինելու: Չպետք է թույլ տալ, որ մի ամբողջ ժողովրդի թողնեն անդունդում: Տարբեր երկրներում ձեւավորվել է պայքարի միջոցներ, թե երբ կլինի վերջնական հաղթանակը, չեմ կարող ասել, բայց հաղթանակ լինելու է միասնական, համախմբված պայքարի արդյունքում:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ