
ԲԱԹՈՒՄԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԱԶԴԱԿ Է
Հայկ ԲաբուխանյանՍԻՄ կուսակցության նախագահ
Այսօր Հայաստանի պատմության ամենատխուր էջերից մեկի Բաթումի պայմանագրի 102-ամյակն է: 1918 թվականի հունվարից թուրքական բանակը անցավ հարձակման եւ կարճ ժամանակահատվածում գրավեց ամբողջ Արեւմտյան Հյաաստանը եւ Արեւելյանի մեծ մասը: Իրար հետեւից ընկան Էրզրումը, Վանը, Բայազեթը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, Ալավերդին, Նախիջեւանը: Եվ միայն Սարդարապատի հերոսամարտում հայկական բանակին հաջողվեց կասեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Երեւան: 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում կնքվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ խաղաղության եւ բարեկամության մասին խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանին թողնվում էր ընդամենը Երեւանն ու էջմիածինը 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով եւ 1 մլն բնակչությամբ: Ավելի քան 1 մլն հայ բնակչությամբ բնակեցված տարածքները անցնում էին Թուրքիային: Ըստ պայմանագրի` Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, դառնում էր Թուրքիայի կողմից վերահսկելի տարածք առանց որեւէ ապագայի:
Բարեբախտաբար ամիսներ անց Թուրքիան պարտույթուն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում եւ Հայաստանը չեղարկեց Բաթումի պայմանագիրը: Ավելին, ստացավ առաջին աշխարհամարտում հաղթող պետության կարգավիճակ: Սակայն, եթե այլ հաղթող պետությունները այդ հաղթանակից ունեցան իրենց մեծ չափաբաժինները, ապա Հայաստանը շուտով դարձավ թուրքական նոր ագրեսիայի զոհը:
Ցավոք, Հայաստանը այդ ժամանակահատվածում մնաց առանց դաշնակիցների: Ռուսաստանում հեղափոխություն էր, Գերմանիան ուներ թուրքամետ դիրքորոշում եւ հանդես էր գալիս հայերի դեմ, իսկ Անտանտայի գլուխը խառն էր իրենց գործերով եւ հայերը նրան չէին հետաքրքրում, Վրաստանը խաղում էր իր խաղը:
Այսօր 102 տարի անց կարծես թե շատերը մոռացել են մեր պատմության այդ ողբերագական էջը եւ կորցրել են վտանգի զգացողությունը, անգամ ինքնապահպանման բնազդը: Երկիր կառուցելու փոխարեն իշխանության հասած կիսագրագետների ու անբարտավանների խմբակը ազգին կիսում է սեւերի ու սպիտակների, պառակտում է, թուլացնում, աշխարհով մեկ խայտառակում ու նսեմացնում: Այնինչ Թուրքիայի եւ Ադրբեջանի հայասպան ծրագրերը մնում են ուժի մեջ: Այդ արյունախում գազաններին ընդամենը առիթ է պետք ավարտին հասցնելու հայ ժողովրդի եւ Հայաստանի ոչնչացման իրենց վաղեմի երազանքը: Եվ Աստված մի արասցե, որ մենք նորից ստիպված լինենք կնքել Բաթումի պայմանագրի նման մի խայտառակ փաստաթուղթ: Սթափվեք, Պատմությունը եւ Ազգը ձեզ եւ ձեր սերունդներին չի ներելու:
դեպի ետ