• am
  • ru
  • en
Версия для печати
03.06.2020

«ԱԶԳ»-Ի ՏԵՍՈՒԹՅԱՆ ՓԵՐԵՆԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ

   

Ռաֆիկ Գաբրիելյան

Ազգ հասկացությունը միանշանակ չէ, այն ունի հիմնականում երեք իմաստ`

Ι. ազգ-էթնոսի բարձրագույն ձև (էթնիկական ազգ)

ΙΙ. ազգ-պետության քաղաքացիներ (քաղաքական ազգ)

ΙΙΙ. ազգ-մեկ նահապետից սերված ընտանիքների խումբ (հայերի դեպքում):

Ազգ հասկացության շուրջ կան տարբեր հաճախ իրարամերժ, բայց նաև փոխլրացնող հայեցակարգեր: Դրանք իրենց ճյուղավորումների հետ միասին մոտ մեկ տասնյակ են1: Մեր աշխատանքի նպատակն է ներկայացնել փերենիալիստական2 հայեցակարգը:

Անգլերեն perennial բառը օգտագործվում է, որպես հավերժ կամ հին իմաստներով (բայց թարգմանաբար նշանակում է միայն հավերժ, հավերժական): Այս բառը, որպես տերմին և հայեցակարգ/ուղղություն գիտական շրջանառության մեջ է դրել Էնթոնի Սմիթը, ով համարվում է ազգի և ազգայնականության դասական տեսաբան: Նա հիմնականում կատարել է հայեցակարգային վերլուծություններ, և ըստ էության այս ուղղությունը իր բովանդակային համադրությամբ, զուտ Սմիթի մեկնաբանությունների և վերլուծությունների արդյունքն է: Ըստ մեզ փերենիալիստական ուղղության գաղափարները, առանձին-առանձին վերցրած, հիմնականում կարող են տեղավորվել մնացած հայեցակարգերում:

Փերենիալիստական հայեցակարգին բնորոշ գաղափարների հանդիպում ենք Ջ.Ֆիշմանի, Հ.Այզակսի, Ու.Քոնորի, Ջ.Արմսթրոնգի, Հ.Սենթոն-Ուոթսոնի աշխատություններում: Բայց մեզ հայտնի չէ մի հեղինակ, ով համարվի դասական փերենիալիստական ուղղության հետևորդ:

Ըստ փերենիալիստական հայեցակարգի, ազգի և էթնիկ խմբի միջև տարբերություններ համարյա թե չկան3: «Փերենիալիստները`» ազգերին համարում են կամ հին էթնիկ հանրությունների զարգացած տարբերակներ, կամ կոլեկտիվ մշակութային ինքնություն ունեցող խմբեր, որոնք գոյություն են ունեցել էթնոսների կողքին մարդկային պատմության ողջ ընթացքում: Մյուս կողմից ազգերը համարվում են պատմական և սոցիալական երևույթներ, բայց ոչ բնական, ազգերը այս դեպքում դիտվում է մնացած հասարակական երևույթների կողքին4, և փաստորեն ըստ «փերենիալիստների» առավելություն չունեն` ասենք աշխատանքային կոլեկտիվների նկատմամբ (ընդգծումը մերն է՝ Ռ.Գ.): Ուշագրավ է այն ձևակերպումը, որ ազգի անդամներին թվում՜ է թե, ազգերը ունեն հավերժական և ֆունդամենտալ բնույթ5:

Ջ.Ֆիշմանի կարծիքով էթնիկության/ազգայնության, համար պետք չէ արտաքին չափանիշներ, սա մի երևույթ է, որը պետք է փնտրել պատմության և մարդու հոգու մեջ և պետք է դիտարկել այն որպես էմֆատիկական(էմոցիոնալ, արտահայտչական) երևույթ6:

Ու.Քոնորը շեշտը դնում է էթնիկ հոգեբանության վրա: Նա նշում է, որ սերը առ ազգ, ավելի ուժեղ է, քան սերը առ հայրենիք (պետություն իմաստով), ըստ Քոնորի էթնիկությունը ռացիոնալ բնույթ չունի: Քոնորի համար կարևոր է նաև օտարի հետ առնչությունը, և այդ համատեքստում սեփական յուրահատկությունների ճանաչումը, իսկ այս պրոցեսը անընդհատական է7: Փաստորեն ըստ Քոնորի ազգային ինքնագիտակցության գալու պրոցեսը դեռ ավարտված չի (այստեղ կարելի է օգտագործել նաև ինքնության վերարտադրության պրոցես ձևակերպումը): Այս պրոցեսին նպաստել են զանգվածային հաղորդակցությունը և պետության կողմից կրթական համակարգի ներդնումը8:

Ըստ Ջ.Արմսթրոնգի, մեզ հայտնի` գրված, պատմության մեջ միշտ էլ առկա է եղել տարբերությունների հստակ գիտակցում, սեփական էթնոսի անդամների և օտարների միջև: Արմսթրոնգը էթնիկական հատկանիշների մեջ կարևորում է լեզուն, առասպելները, սիմվոլները, որոնք էթնոտարբերակիչ դեր են խաղացել, իսկ պատմության ուշ փուլերում հիմք են հանդիսացել ազգայն ինքնության համար9:

Ըստ մեր կարծիքի փերենիալիզմը բովանդակային առումով, որպես հայեցակարգ գտնվում է էթնոսիմվոլիզմի և պիրմորդիալիզմի միջև: Այն իր մեջ ունի պրիմորդիալիզմի, հոգևոր` ավելի անբացատրելի բաղադրիչները, մյուս կողմից դրանց տրվել է սիմվոլիստական բնույթ: Այստեղ ճիշտ է մեջբերել Կ. Գիրցի` սիմվոլի վերաբերյալ օգտագործած սահմանումը, ըստ որի` սիմվոլը ներկայացնում է մի բան, որը ինքը իրեն` բառացիորեն, չի կարողանում արտահայտվել10:


1 Պրիմորդիալիստական, ինստրումենտալիստական, փերենիալիստական, մոդեռնիստական կամ կոնստրուկտիվիստական, էթնոսիմվոլիստական: Խորհրդային ազգաբանական դպրոցը ներկայացնում է ևս 4 մշակված ճյուղեր, որոնք տեղավորվում են պրիմորդիալիստական հայեցակարգի շրջանակներում` դուալիստական, ինֆորմացիոն, բաղադրիչային, պասիոնար: Իսկ 2012 թ-ին լույս տեսած իր գրքում Յակ Բերնարդը մշակել է մի նոր ուղղություն որտեղ ազգի խնդիրը դիտում է բարոյա-հոգեբանական տեսանկյունից: Бернард Я., Национализм и моральнайа психология сообщества, М., 2017: Մենք հակված ենք կարծելու, որ ամեն ազգ ունի ուրույն կազմավորման ձև և ընթացք, ուր կան բաղադրիչներ համարյա բոլոր հայեցակարգերից, սակայն բաղադրիչների առումով տեսակարար կշիռ կարող է ունենալ մի հայեցակարգը, կամ երկուսը, երեքը:
2 Գրականության մեջ որոշակի շփոթ կա կապված փերենիալիզմ տերմինի հետ, որոշ դեպքերում այն նույնականացվում է էթնոսիմվոլիզմի հետ, սակայն այս երկու հայեցակարգերը իրարից տարբերվում են:
3 Смит Э., Национализм и модернизм, М., с. 293(այսուհետ` Смит, և էջը). Սմիթի այս կոնտեքստում ազգ բառը կիրառում է քաղաքական ազգ իմաստով:
4 Смит, 293.
5 Смит, 293. Այս գաղափարը ըստ մեզ համապատասխանում է մոդեռնիստական տեսությանը:
6 Смит, 295.
7 Смит, 298-299.
8 Смит, 300-301.
9 Смит, 306-307. Այս կոնտեքստում, «ազգային ինքնություն» հասկացությունը, Արմսթրոնգը նաև Սմիթը օգտագործում են քաղաքական ազգի` պետության պատկանելու իմաստով:
10 Гирц К., Интерпретация культур, М. 2004, с. 108.
դեպի ետ