• am
  • ru
  • en
Версия для печати
05.03.2020

Ի՞ՆՉ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

   

Ռաֆիկ Գաբրիելյան

Մշակույթը համակարգ է: Այն ունի իր կառուցվածքը և ենթակառուցվածքները, որտեղ բոլոր բաղադրիչները փոխկապակցված են: Սա ենթադրում է, որ մի բաղադրիչում տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մնացած բաղադրիչների և համակարգի վրա1:

Մշակույթի հարցը անվտանգության համատեքստում դիտարկելու համար պետք է հստակեցնել մշակույթի կատարած ամենահիմնական և ընդհանրական ֆունկցիան, այն է` սեփական փորձի, գիտակցության, գործելաձևերի, մտածելակերպի, արարողակարգային համակարգերի, կողմնորոշումների, դիրքորոշումների, համոզմունքների, ինքնակազմակերպման ձևերի, յուրահատուկ հատկանիշների և արժեքների, այլ կերպ ասած` մշակութային ինֆորմացիայի, անընդհատական փոխանցում և կատարելագործում: Սա պայմանավորում է ինկուլտուրացիայի (մշակութավորվածության) շարունակականությունը և մշակութային կերտվածքը: Իսկ Էդուարդ Մարգարյանն մեկ բառով այս փոխանցումը անվանել է արտակենսաբանական: Նա մշակույթը սահմանում է որպես միջոց մարդու գործունեության արտակենսաբանորեն (առօրյա` սոցիալական կյանքում շփման միջոցով) փոխանցման համար, ինչը նաև ենթադրում է այդ գործունեության ընթացքում ստեղծած արդյունքը2:

Մշակութային անվտանգության խնդիրը կարելի է դիտել առնվազն երեք կոնտեքստներում`

  • գլոբալիզացիայի (համահարթեցման, միատիպացման),
  • ազգային ինքնության պահպանման(չուծացման),
  • ժամանակակից հիբրիդային պատերազմների (ավելի ճիշտ` պայքարի հիբրիդային մեթոդների տրամաբանության):

Բովանդակային առումով այս երեք ոլորտների բաղադրիչները կարող են նույնատիպ հատկանիշներ դրսևորել, իսկ որոշ դեպքերում լրիվ նույնը լինել: Եթե առաջին դեպքում տեղի է ունենում հանրույթի բովանդակազրկում (էթնոմշակութային բազմազանության կորուստ), իսկ երկրորդ դեպքում ուծացում, ապա երրորդ ոլորտը գործում է ամենասկզբից և ծրագրված կերպով և եթե առաջին երկու ոլորտները կրում են իրենց մեջ որոշ բնական գործընթացներ, ապա երրորդ ոլորտը կարելի է դիտել որպես մշակութային էքսպանսիա (հարձակում), որը իդեպ նոր բան չէ3: Պարզապես տեխնոլոգիական առաջընթացի պարագայում, համարյա ամբողջությամբ փոխվել է դրա մեթոդաբանությունը և մոտեցումները:

Որպեսզի կարողանանք հասկանալ` մշակութային անվտանգություն հասկացությունը, պետք է հստակեցնենք թե մշակույթի, որ հիմնական ոլորտներն են հնարավոր վտանգի կամ սպառնալիքի ենթարկվում և իհարկե, որոնք են այդ վտանգները: Մշակութային անվտանգությունը, ազգային անվտանգության հիմնական բաղադրիչներից է4 և ըստ մեզ իր մեջ է ներառում մի քանի առավել առանցքային ոլորտներ՝

  • հոգևոր (ոգեբարոյական),
  • մտավոր ստեղծագործական,
  • սոցիոնորմատիվ,
  • վարքակամային,
  • կրթադաստիարակչական։

Այս ոլորտները կարող ենք համարել մշակութային անվտանգության կրիտիկական ոլորտներ5: Ընդսմին հասարակական ընկալումներում երբեմն մշակութային անվտանգությունը կրում է հուշարձանների պահպանության իմաստ6, ինչը սխալ չէ, սակայն այս ոլորտը դուրս է մեր ուսումնասիրության շրջանակից:

Մշակույթը տվյալ ոլորտների համատեքստում` ինքնին կենդանի, անընդհատ փոփոխվող, ինքնավերարտադրվող, ոչ ստաբիլ և «բաց օրգանիզմ» է և նրա պաշտպանությունը, բառի բուն իմաստով անհնար է: Հարևան մշակույթների հետ շփումը ավելի է հարստացնում տվյալ հանրույթի մշակույթը և ամրացնում «մշակութային իմունիտետը»: Ընդսմին մշակույթը միտում ունի ամրապնդվելու, քանի որ մարդիկ ունեն որոշակի փորձ և այդ փորձը փոխանցում են ուրիշներին7: Սակայն կան այնպիսի դեգրադացնող երևույթներ, որոնք նախապես ծրագրված և ֆինանսավորված ձևով թափանցում են տվյալ հանրույթի մեջ:

Մշակութային գործոնը միշտ աշխատում է տվյալ հանրույթի պահանջմունքներով պայմանավորված միտումներով8: Սակայն այդ պահանջմունքների վրա ազդում են տարբեր գործոններ: Հիմնական տեսակարար կշիռը ներկայացնում են իհարկե տեղեկատվական հոսքերը: Մշակութային պայքարը տեղեկատվական պատերազմների բաղադրիչներից մեկն է9: Եթե օտար տեղեկատվական հոսքերին հաջողվի սողոսկել թիրախ հանդիսացող հանրույթի մշակութային տեղեկատվության շրջանառության և վերարտադրության ոլորտ, ապա դրանք քարոզչության միջոցով կներազդեն վերը թվարկված կրիտիկական ոլորտների վրա10 առաջ բերելով իրենց համար ցանկալի պատկեր: Տեղեկատվության անխոչնդոտ ընդունմանը խիստ նպաստում է սպառողական հասարակության ձևավորումը, վերջինիս կազմալուծման համար անհրաժեշտ է գերիշխող մշակութային մոդելների ամբողջական վերափոխում11: Բայց պետք չէ կարծել, որ մշակութային վտանգները միշտ գալիս են դրսից: Շատ երևույթներ արդեն ունեն արմատացած և ինքնավերարտադրվող բնույթ: Այդպիսի երևույթների ցանկում են փողի գերարժևորումը և շահամոլությունը, հարբեցողությունը, անիմաստ խնջույքները, ծխախոտի չարաշահումը (կամ առհասարակ օգտագործումը), որոնք ունեն դեգրադացիոն ունակություններ:

Մշակութային ինքնության պահպանման և վերարտադրության համար հարկավոր է ակտիվացնել հանրույթի, ակունքներ և շարունակականություն ունենալու պահանջմունքները12, սկսելով իհարկե կրթական ոլորտից: Հարկ է նշել, որ առանց համապատասխան մոտիվացիայի (դրդապատճառի) բոլոր փորձերը անհաջող կլինեն, իսկ դրա համար պետք է իմաստավորել այն, ինչ ուզում ես զարգացնել: Հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր է նաև փոփոխվող և անկայուն աշխարհում հենվել ինչ-որ մի, ավելի կայուն և բովանդակային բանի վրա, որը այս դեպքում մշակույթն է13: Մյուս քայլը արդեն անհատների ստեղծագործական հատկությունների դրսևորման և իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է14: Այս ոլորտում պետությունն ունի իր խիստ կարևոր ֆունկցիան, այն է ապահովել սոցիալական արդարություն և հավասար մրցակցություն, ինչպես նաև բարձրակարգ կրթության հասանելիություն` հատկապես անապահով խավերի համար15: Միայն այս դեպքում է հնարավոր հանրության մտավոր-ստեղծագործական ներուժի արդյունավետ զարգացում:

Մշակութային վտանգների կարևոր հատկանիշներից են հիբրիդայնությունը (խառնածին լինելը) և անտեսանելիությունը: Մշակութային դեգրադացիայի միջոցով փորձ է արվում հասարակության մեջ ստեղծել էնտրոպիայի16 վիճակ և այդպիսով թուլացնել այն: Ստորև կներկայացնենք մեր նշած կրիտիկական ոլորտների վրա ազդող առավել վտանգավոր երևույթները:

Ամենատարածված երևութներն են ինտերնետի և հեռուստատեսության, ժամանցային ու լրատվական կոնտենտի և համակարգչային խաղերի` գերարժևորումը և գերտարվածությունը: Սրա վտանգավորությունը այն է, որ սրանով տարված են նաև երեխաները: Բացի սա, երեխաները մեծ մասամբ, համարյա թե անվերահսկելի են ծնողների կողմից: Նրանք ավելի լավ են տիրապետում նոր տեխնոլոգիաներին: Միևնույն ժամանակ այս երևույթները և ազդման օբյեկտ են և միջոց այլ երևույթների տարածման համար: Դրանց թվում են լրատվական հաղորդումները, հեռուստասերիալները, ֆիլմերը, որոնց ուղիղ խոսքում, կոնտեքստում և ենթատեքստում արտահայտված են սոցիալական բարքերի, քաղաքական կողմնորոշումների, բարոյական նորմերի` տարբերակներ, որոնք մեծ մասամբ ենթագիտակցորեն առաջարկվում են դիտողներին և նրանք դա գրանցում են պասիվ կերպով: Այդ առաջարկների մեջ են «ազատության», «սիրո», «ընկերության» մասին պատկերացումները, ապրելու և կյանքի կանոնները, հերոսների օրինակելի վարքաձևերը, «իմաստուն խոսքի» բնույթ ունեցող արտահայտությունները և այլն:

Վերջին շրջանում հայ հասարակության մեջ տարածում են ստացել տարբեր տիպի ազարտային խաղերը և խաղադրույքներ17 կատարելու երևույթները: Վերջիններս տարածվում են նաև վիրտուալ հարթությունում: Օնլայն տարբերակով խաղալը և խաղադրույք անելը չի պահանջում հավելյալ ժամանակի կորուստ, միևնույն ժամանակ ապահովվում է համապատասխան «տարածքով»: Այստեղ ավելի շատ ներգրավվում են երիտասարդները և առհասարակ այն խմբերը որոնք նոր-նոր են սկսում գումար վաստակել:

Ավելի քիչ տարածում ունեցող երևույթների շարքում է թմրամոլությունը: Սակայն ավելի շատ տարածված են այսպես կոչված` «թեթև թմրանյութերը18»: Այստեղ կարևոր խնդիր է վիճակագրության գոնե մոտավոր բացակայությունը: Մշակույթի վրա թմրամոլության թողած ազդեցությունների հարցը խիստ առանցքային է: Թմրանյութերը մարդու համար ստեղծում են իրականության այլ պատկեր, որում արդեն լրիվ այլ կերպ է պետք կողմնորոշվել և որտեղ բացակայում է մտավոր բեռնվածության հարցը: Այլ կերպ ասած, մարդը` թմրանյութ օգտագործելով, իրեն ազատում է մտածելուը բարդությունից:

Մյուս վտանգավոր և հիբրիդային երևույթը` դա աղանդն է: Հայաստանի բնակչության 10%-ից ավելին աղանդավոր է: Նախ աղանդները ֆինանսավորվում են դրսից, ու բացի զուտ հավատք լինելը, պարտադրում են կոնկրետ վարքի նորմեր19, ինչը խախտում է հասարակության միասնականությունը: Երիտասարդները հրաժարվում են բանակում ծառայելուց, որոշակի տվյալներ կան նաև ինքնասպանությունների մասով: Բացի սա աղանդի անդամները իրենց համարյա թե անձնապես նվիրում են իրենց «հովիվներին», փաստորեն կորցնելով սեփական կարծիքը և մտածողության արտահայտման մյուս եղանակները: Քիչ չեն դեպքերը, երբ հատուկ հանձնարարությամբ աղանդավորները ներգրավվում են քաղաքական բողոքի ելույթներում:

Մեր համոզմամբ ամենավտանգավոր երևույթների թվում է մարդու սեռական անկանոն վարքը: Այն ունի վտանգների բավականին լայն ասպեկտ, ինտերնետում էրոտիկ տեսանյութերի դիտումից` մինչև աբորտ: Սրա հետևանքով բազմաթիվ մութ ուժեր մեծ գումարներ են «աշխատում»: Թրաֆիքինգի, մարմնավաճառության, էրոտիկ կայքերի, ամսագրերի, սեքս-շոփերի, սթրիփ-ակումբների և այլ բաների միջոցով: Սրանք բոլորը այսպես կոչված` «սեքս-ինդուստրիայի» բաղադրիչներն են: Բնականաբար սա ազդում է նաև ժողովրդագրական ցուցանիշների վրա: Բացի սա, այս երևույթը նպաստում է հասարակության մտավոր և մշակութային դեգրադացիային (բթացմանը), իմիջիայլոց նաև նեյրոֆիզոլոգիական հիմնավորումով20: Այս դրույթը արտահայտված է նաև Գրիգոր Նարեկացու մոտ, նա գրում է.-«Եւ որ իմն է տաղանդ` յանառակս աստէն կորուսեալ»21:

Գոյություն ունեն սեռական վարքը կարգավորող մի շարք արարողակարգեր: Այս հարցի հետ անմիջականորեն կապված են ամուսնության և ընտանիքի պլանավորման խնդիրները: Այս ոլորտը կարգավորվում է բարոյական և իրավական մի շարք նորմերով: Առհասարակ քրիստոնեական բարոյագիտության և մշակութային անվտանգության տեսանկյունից` սեռական կյանք հասկացությունը, պիտի գոյություն ունենա միայն ամուսնական կյանքի ներսում:

Մյուս կարևոր հարցը այսպես կոչված22 «ԼԳԲՏ թեման» է: Հայ հասարակությունը միշտ շատ կոշտ է արձագանքել այս խնդրին: Սակայն թեմայի արծարծումը կատարում է մի շատ վտանգավոր ֆունկցիա, որը անտեսանելի է մնացել հասարակության աչքից: Հարցն այն է, որ սրա ֆոնին մարդկանց գիտակցության մեջ ավելի նորմալ է ընկալվում հետերոսեքսուալ բնույթի անառակ վարքը: Ինչը ըստ մեզ իրականում ավելի լուրջ չարիք է:

Ներկայացված դեգրադացիոն երևույթների ֆոնին, հայկական ԶԼՄ-ներում և շատ գործիչների ելույթներում բազմիցս խոսվում է «ավանդական արժեքների» և «ավանդական ընտանիքի» մասին: Հենց այստեղ էլ արտահայտված է խոսքային սիմուլյակրը, կամ լեզվամտածողության պարտությունը (չգիտակցված կիրառելու դեպքում): Բանն այն է, որ այս արտահայտությունների օգտագործումը իր կոնտեքստում ենթադրում է ոչ ավանդական արժեքների և ոչ ավանդական ընտանիքի գոյությունը և դրանց նկատմամբ տարվող հակաքարոզը, միևնույն ժամանակ հակաքարոզվող երևույթները ձևակերպվում են որպես «արժեքներ» և որպես «ընտանիք», որոնք իրենցից ներկայացնում են հակամշակույթ23: Իսկ հետո այս տերմինաբանությունը տարածվում է հայտնի սոսուրյան բանաձևով, համաձայն որի մենք վերցնում ենք արդեն պատրաստի խոսքային միավորներ, կրելով նաև որոշակի մտածողություն24:

Այստեղ մեր առջև է հայտնվում լեզու, մշակույթ, մտածողություն, եռանկյունին: Այս երեք մակրոհասկացությունները խիստ փոխկապակցված են: Մշակույթը պարտադրում է որոշակի մտածողություն և մտածողությունն է, որ ստեղծում է որոշակի մշակույթ: Իսկ այս կապը տեղի է ունենում լեզվի շնորհիվ: ՈՒստի լեզվական նշանի փոփոխությունը ազդում է մտածողության վրա, մտածողության սահմանափակումն էլ իր հերթին չի ստեղծում համապատասխան պայմաններ մշակույթի ինքնակատարելագործման համար և մշակույթի բովանդակազրկումը, դա լեզվական նշանի բովանդակազրկումն է:

Վերը ներկայացված բոլոր երևույթները անմիջականորեն ազդում են հասարակության բջիջը հանդիսացող ընտանիքի վրա: Ավանդական հայ հասարակությունում, ուր ինֆորմացիոն կապերը համարյա թե բացառապես ներհամայնական էին, մեր կողմից նշված` կրիտիկական ոլորտներին վերաբերող շատ հարցեր, կանոնակարգվում էին նորմավորված կերպով: Ընտանիքի և համայնքի ներսում կազմակերպվում էր երեխաների դաստիարակությունը և կրթությունը, առաջին պլանում էին աշխատանքային դաստիարակությունն ու ընտանեկան, համայնքային ավանդական նորմերի յուրացումը: Երիտասարդները նախապատրաստվում էին ծնողների գործը շարունակելուն, իսկ աղջիկները` ամուսնության ու մայրության համար25: Ներկայումս շատ հարցեր կանոնակարգվում են ինստիտուցիոնալ կերպով, օրինակ` կրթության և մասամբ դաստիարակության համար պատասխանատու է դպրոցը, որը պետական ինստիտուտ է: Փաստորեն ընտանիքից հետո այն առաջին օջախն է ուր տեղի է ունենում անհատի սոցիալականացման և մշակութավորվածության գործընթացը: Այս տեսանկյունից պետական կրթական համակարգն ունի կրիտիկական նշանակություն:

Սահմանումները

Մշակութային անվտանգության տեսանկյունից ավելի առանցքային է ոչ թե անհատի` այլ հասարակության կամ հանրույթի(էթնիկ իմաստով) կոլեկտիվ անվտանգությունը: Քանի որ մշակույթը, որպես համակարգ ենթադրում է մարդկային կոլեկտիվ և կոլեկտիվ գիտակցություն: Կոլեկտիվ գիտակցությունը ըստ Յուն Էլսթերի (Jon Elster) ներառում է բարոյական և սոցիալական նորմերը, կրոնը26 և ըստ մեզ միասնական գաղափարախոսությունը27: Եթե անհատների մշակութային դեգրադացիայի դեպքում մենք գործ ունենք վտանգավորության ինչ-որ մի աստիճանի հետ, ապա հասարակության դեգրադացիայի դեպքում արդեն գործ ունենք ամբողջ համակարգի անկման և կորստի հետ: Անհատը մշակութապես կարող է պաշտպանված լինել միայն իր հասարակության ներսում և միշտ էլ մշակութային ապաստան գտնել այնտեղ: Իհարկե եթե հասարակությունը, որպես մշակութային համակարգ դեռ գոյություն ունի:

Մշակութային անվտանգությունը սահմանվում է որպես` ռեալ և վիրտուալ վտանգների և փոփոխությունների պայմաններում հասարակության կողմից սպեցիֆիկ մշակութային հատկանիշների պահպանություն: Մյուս կողմից կարևորվում է պայմանների ստեղծումը մշակույթի ներդաշնակ զարգացման համար և հասարակության մշակութավորվածությունը(ավելի տիպական է` նորմավորվածությունը)28: Մեկ այլ սահմանմամբ` մշակութային անվտանգությունը դա ռեֆլեքսիան է օտարի հանդեպ29 (նոր իհայտ եկող` օտար մշակութային երևույթների հանդեպ):

Մեր կարծիքը փոքր ինչ այլ է: Որպեսզի կարողանանք ճիշտ սահմանել, հասկանալ ու գնահատել մշակութային անվտանգությունը, պետք է ճիշտ հասկանանք մշակութային վտանգների ազդման ուղղությունները: Մենք համոզված ենք, որ մշակութային վտանգները հիմնականում փորձ են անում ազդել արժեքային համակարգի վերարտադրության պրոցեսի վրա, ներմուծելով այլ տարրեր: Այս տեսանկյունից մշակութային անվտանգությունը կարելի է սահմանել որպես` նոր ի հայտ եկող մշակութային երևույթների հետ, հասարակության կամ հանրույթի` ճիշտ շփվելու կարողություն և այդ շփման արդյունքում մշակութային նոր և կատարելագործված մոդելների ստեղծում ու զարգացում: Իսկ Հ. Քաջազնունին գրում է.-«Հասանի ու Իվանի հետ կենակցելն ու գործակցելը ոչ միայն անխուսափելի, այլև շատ կարևոր բան է հենց իրեն Արամի համար»30: Այնուամենայնիվ պետք է կարևորել օտար արժեքների հետ շփումը: Օտար մշակութային երևույթների հետ ճիշտ շփումը մշակութային և էթնոազգային հզորության ամենահիմնական բնութագրիչներից է, քանի որ վերջինս հզոր է իր ճիշտ շփվելու ունակությամբ:

Մշակութային դիմադրություն

Մշակութային դիմադրության համար կարևոր ցուցիչ և գործոն է ծառայում հանրույթի ներսում մշակութային ինֆոկապերի ակտիվությունը և շփման ձևերի բազմազանությունը: Ուղղահայաց (տարաժամանակյա) կապերի շնորհիվ ապահովվում է կապը ակունքների և մշակութային ժառանգության հետ, իսկ հորիզոնական (համաժամանակյա) ինֆոկապերը ապահովվում են հանրույթի համախմբվածությունը և միասնական մշակույթ կրելու շարունակականությունը31:

Մշակութային դիմադրությունը ծնվում է ինքնության վերարտադրության պրոցեսին զուգահեռ, այն կարող ենք կոչել նաև, ոչ ռազմական իմաստով` էթնոմոբիլիզացիոն ներուժ, այն այլ բան չէ քան ինքնապահպանման բնազդի արթնացում և տեղափոխում կոնկրետ գործողությունների դաշտ:

Այս տիպի էթնոմոբիլիզացիան համարվում է ազգային ինքնության արձագանքը (ռեֆլեքսիան) սպառնացող վտանգներին: Մեր կարծիքով էթնոմոբիլիզացիան բացի ինքնության արտադրանք լինելուց ինքն է ստեղծում ինքնություն: Խոսքը «հակառակ էֆեկտի» երևույթի մասին է: Այստեղ օրինակ է ծառայում 1903 թվականին ցարական հրամանագրին չենթարկվելու` հայ ժողովրդի պայքարը: Հրամանագիրը վերաբերում էր Հայ Առաքելական Եկեղեցու գույքի բռնագրավմանը, ինչի հետևանքով փակվելու էին դպրոցները32: Փաստորեն հրամանագիրը միտված էր հայերի ռուսականացումը արագացնելուն: Այս պայքարը այլ բան չէր քան հակառակ էֆեկտի դրսևորում(որոշ մարդիկ այն կձևակերպեին, որպես ազգայնականություն) ռուսական քաղաքականության դեմ: Հայ հասարակության կողմից Թիֆլիսի ռուսական օպերա չայցելելը, ռուսերենի բոյկոտումը, ռուսադավան(ուղղափառ) հայերին հալածելը, երեխաների համար հայերենի ուսուցիչներ վարձելը, գաղտնի հայկական դպրոցների հիմնումը, պետական դպրոցների բոյկոտը, եկեղեցուց բռնագրաված հողերի, վաճառակետերի, խանութների, հյուրատների չվարձակալումը, ռուսին աղջիկ չտալը, ռուսական ազգանուններից հրաժարումը, ռուսական ապրանքների բոյկոտը33, այլ բան չեն քան մշակութային դիմադրության ձևեր(փափուկ ուժի կիրառմամբ, հակահիբրիդային պայքարի ձևով): Երկու տարվա պայքարի արդյունքում հայերին հաջողվեց հասնել հրամանագրի չեղարկմանը: Մշակութային ինքնության վերարտադրության համար սա շատ կարևոր դարձավ: Այս շրջանում տարածվեց այն խոսքը, թե «Գոլիցինը հայերին հայ սարքեց»34: Ու սա ճշմարտություն է:

Մշակութային դիմադրության մյուս ակնառու օրինակը` դա լեհական «Վադեր» ռոք խմբի համերգի, Տիկնիկային թատրոնում անցկացման չեղարկումն էր: ԶԼՄ-ներում և հատկապես ֆեյսբուքում տարածվել էր այն լուրը, որ սատանիստական ռոք խումբը համերգ է ունենալու Տիկնիկային թատրոնում: Սրան հաջորդեց հասարակական անհանդուրժողական արձագանքը, որի արդյունքում համերգը անցկացվեց այլ վայրում: Իհարկե արդարության համար նշենք, որ հայ հասարակության մեջ բողոքի արթնացումը, կազմակերպման ձևի առումով, որոշակի մանիպուլյատիվ բնույթ էր կրում, դե գոնե այն պատճառով, որ խմբի անդամները սատանայի եկեղեցու հետևորդներ չեն: Ընդսմին խմբի մասին տեղեկությունները հասարակությանը ներկայացվել են ոչ ամբողջական և կոնտեքստից դուրս35: Բայց այնուամենայնիվ այս դեպքը որոշ առումով ցույց տվեց մշակութային դիմադրության ինչ-որ մի ձև, միևնույն ժամանակ հայաստանյան տեղեկատվական հասարակության հուզազգացմունքային բնույթի խոցելիությունը:

Այս կոնտեքստում ցանկանում ենք ներկայացնել ևս մի շատ կարևոր հարց: Խոսքը վերաբերում է ցածր բաների հակաքարոզին, որը ըստ մեզ իրականում իր մեջ ունի քարոզչական ֆունկցիա: Երբ խոսում ես ինչ-որ մի ցածր բանի մասին, որի մասին չարժե այդքան խորանալ, դու փաստորեն ավելի լսելի ես դարձնում այդ հարցը և հետագայում այն ավելի սովորական է ընկալվում: Այստեղ հայտնվում է ցածրի ու բարձրի, լավի ու վատի բաժանելու հարցը: Իհարկե գիտության մեջ շատ հաճախ դրվում է լավի ու վատի չբաժանելու սկզբունքը, այն պարզ պատճառով, որ մենք չունենք բոլորի կողմից ընդունելի չափանիշներ լավը և վատը որոշելու համար, բայց այդպիսի չափանիշներ կան: Առաջինը դա առողջ բանականությունն (մտածողությունն) է երկրորդը այն զգացողությունը, որը մարդ ունենում է տվյալ երևույթին առերեսվելիս, և վերջապես երրորդ, եթե խոսում ենք անվտանգության խնդիրների մասին, կարող ենք նշել նաև, ազգային շահերի հետ կոնկրետ երևույթի նպաստավոր կամ վտանգավոր լինելու մասին:

Ամփոփելով պետք է նշենք, որ ներկայացված մշակութային անվտանգության հիմնական գաղափարների տրամաբանություը ենթադրում է, որ պետք է կազմակերպել կրթամշակութային ծրագրեր (դասընթացներ, խմբակներ, միջոցառումներ, բաց սեմինարներ) և նպաստել սեփական մշակույթի ճանաչմանը և վերաիմաստավորմանը, ինչպես նաև հստակեցնել պետության, մարդու և հասարակության` տեղը, դերը և գործը, ընդհանուր մշակութային համակարգում և մշակութաստեղծման գործում:



1 Арутюнов С., Силуеты этничности на цивилизационном фоне, Москва, 2012, с. 292-293 (այսուհետ` Арутюнов և էջը).
2 Маркарян Э., Вопросы системного исследования общества, М., 1972, с. 37. Маркарян Э., Теория культуры и современная наука, М., 1983, 44-56.
3 Թադևոսյան Ա., Մշակութային ինքնության պահպանման և վերարտադրության հիմնահարցը ազգային անվտանգության տեսանկյունից, Երևան, 2002, էջ 5 (այսուհետ` Թադևոսյան և էջը):
4 Շահգելդյան Մ., Ազգային անվտանգություն, Ե., 2002, էջ 9, 20: Սաֆարյան Ս., Ազգային անվտանգություն, Ե., 2002, էջ 78-79:
5 Առանձին ոլորտ է լեզուն և լեզվամտածողությունը: Ըստ էության հենց այս չափումներն են, որ մարդուն բնորոշում են որպես մարդ հենց արտակենսաբանական իմաստով:
6 Այս հարցի բովանդակային առումը` դա մշակութային եղեռնն է, որը արտահայտվում է ներկայիս Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներում հայկական հուշարձանների ավերմամբ և հումանիտար բնույթի արժեքների ձևախեղմամբ ու ոչնչացմամբ: Վարդումյան Գ., Հայոց ազգային ինքնության հիմնախնդիրը մշակութային եղեռնի համատեքստում.-Լրաբեր հասարակական գիտությունների, Ե., 2015, թիվ 1, էջ 77-78:
7 Libicki M., Conquest in cyberspace: National Security and information warfare, New York, 2007, p. 123 (այսուհետ` Libicki և էջը).
8 Այս գաղափարի այլ ձևակերպման մասին տես` Գաբրիելյան Մ., Դաբաղյան Ա., Թադևոսյան Ա., Մարգարյան Ն., Հոգևոր անվտանգության ապահովման և բարոյական արժեքների պահպանման հմնադրույթները ազգային անվտանգության համատեքստում, Ե., 2002, էջ 24 (այսուհետ` Գաբրիելյան և էջը):
9 Libicki, 16.
10 Գաբրիելյան, 32:
11 Ասադուրյան Է., Սպառողական մշակույթների ծաղկումը և անկումը.-«21-րդ ԴԱՐ», Ե., 2012, թիվ 6(46), էջ 73:
12 Մանուսյան Ս., Ազգային ինքնության սոցիալ-հոգեբանական ըմբռնումը.-Անձի հոգեբանության տեսական և կիրառական հարցեր, Ե., 2016, էջ 186:
13 Стефаненко Т., Социально-психологические аспекты изучения этнической идентичности, http://flogiston.ru/articles/social/etnic, 27.02.2020.
14 Թադևոսյան, 25:
15 Флиер А., Культура как фактор национальной безопасности.- Общественные науки и современность, М., 1998, номер 3, с. 185.
16 Левит С., Культурология. XX век. Энциклопедия. том 2, Санкт-Петербург, 1998, с. 391-392.
17 2018 թվականի տվյալներով ՀՀ-ում կատարվել է մոտ 300 մլրդ դրամի խաղադրույք: Տես` Առաքելյան Մ., Ֆեյսբուքյան գրառում, https://blog.168.am/blog/218246.html, 24.02.2020թ.: Այստեղ ուշագրավ է խաղադրույքների աճի ցուցանիշը, 8 տարում այն աճել է մոտ 20 անգամ:
18 Ամենատարածված թեթև թմրանյութերից են մարիխուանան(կանեփ) և ափիոնը:
19 Ընդունելի փաստ է, որ ցանկացած դավանանաք պետք է ազդի իրեն կրող մարդու և հասարակության վարքի վրա, սակայն միայն իրեն հատուկ ոլորտներում: Իսկ աղանդը դուրս է գալիս հոգևոր, բարոյական և կրոնին ներհատուկ մյուս ոլորտներից, նախորոշելով անգամ քաղաքական վարքի որոշ դրսևորումներ:
20 Էրոտիկ տեսանյութերի դիտումը ուղեղում արտադրում է մեծ քանակությամբ դոֆամին, որը առաջացնում է հաճույքի զգացողություն: Դոֆամին է առաջանում նաև կոկային օգտագործելիս: Ուղեղի տվյալ ֆունկցիան թուլացնում է մարդու մոտիվացիան և այլ տիպի պահանջմունքները: Անգամ իրական կյանքում սեռական հարաբերություն ունենալիս մարդը արդեն կարող է շատ քիչ հաճույք զգալ: Այդ պատճառով էլ հետագայում մարդուն բավարարման համար պետք են ավելի այլասերված միջոցներ: Мохамед Г., Как просмотр порнографии отражается на мозге, http://islam.plus/ru/semya/zdorovye-sport/kak-prosmotr-pornografii-otrazaetsa-na-mozge, 24.02.2020թ.
21 Նարեկացի Գրիգոր, Մատեան Ողբերգութեան, Բան ԻԳ:
22 Նմանատիպ կեղծ դիսկուրսներին բնորոշ է տերմինների հաճախակի փոփոխությունը:
23 Հարցն այն է, որ ավանդական արժեքները դրանք այն արժեքներն են որոնք մեզ են հասել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին գրառված ազգագրական նյութի շնորհիվ և վերաբերում են այդ շրջանին, որից հետո մենք ունենք սովետական շրջանը և արդի շրջանը: Վերջինս իդեպ չի տեղավորվում ավանդական եզրույթի ներքո: Ստացվում է, որ ավանդական ընտանիք հասկացությունը փակցվում է արդի ընտանիքին և արդի ընտանիքի ինչ-որ մի տիպի կարգավիճակ է տրվում այն տիպի «ընտանիքին» որի հանդեպ տարվում է հակաքարոզչություն:
24 Այլ կերպ ասած մենք ինքներս ոչինչ չենք ստեղծում այլ միայն վերցնում ենք մեզ մատուցվածը` պատրաստի ինֆորմացիան: Սոսյուր դը Ֆ., Ընդհանուր լեզվաբանության դասընթաց, Ե., 2008, էջ 29: Իսկ ինչ-որ նոր ինֆորմացիա ստեղծելու համար պետք է զարգացնել սեփական վերլուծական մտածողությունը:
25 Գաբրիելյան Մ., Հայկական ընտանիքն անցումային շրջանում, Ե., 2005, էջ 86:
26 Elster J., Explaining social behavior, Cambridge, 2015, p. 247.
27 Յուն էլսթերի` քաղաքական գաղափարախոսութնուններ եզրը, մենք փոխարինել ենք միասնական գաղափարախոսություն եզրով, որի ներքո մենք հասկանում ենք կոնկրետ գաղափարի կամ ծրագրի կարևորության աստիճանի գիտակցում և ընդունում հասարակության ճնշող մեծամասնության կողմից: Ենթադրենք բարեկեցությունը (սպառողական տեսանկյունից) բոլորի համար կարող է նույն արժեքը չունենալ, ինչ ասենք իրական ինքնիշխանությունը:
28 Романова А., Мармилова В., Культурная безопасность как важнейший фактор национальной безопасности. Южно-российский журнал социальных наук, Кубань, 2008, ном. 2, с. 91-92.
29 Романова А., Хлыщева Е., Якушенков С., Топчиев М., Чужой и культурная безопасность, М., 2013, с. 184.
30 Քաջազնունի Հ., Ազգ և Հայրենիք, Ե., 2008, էջ 120:
31 Թադևոսյան, 52, Арутюнов, 99-105:
32 Այստեղ կրիտիկական է դառնում կրթական ոլորտը:
33 Այս մասին տես` Անանուն Դ., Ռուսահայերի հասարակական զարգացումը, հատոր 3, Վենետիկ, 1926, էջ 50-52: Երկանյան Վ., Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870-1905 թթ.), Ե., 1970, էջ 255-256, 267: Համբարյան Ս., Հայոց եկեղեցական բռնագրաված գույքի օգտագործումը ցարիզմի կողմից 1903-1905 թթ.-Հասարակական գիտություններ, Ե., 1961, թիվ 10, էջ 77-86:
34 Սա շատ հայտնի փաստ է: Այս մասին հիշատակում է անգամ Պարույր Սևակը իր Անլռելի զանգակատան մեջ: Նա ավելի պատկերավոր գրում է.-«Եվ արդ` չուզելով և ակամայից` ուխտյալ հայատյաց այդ Գոլիցինը մինչևիսկ արդեն ռուսացած հայից մոլի հայ սարքեց»: Պարույր Սևակ, Անլռելի զանգակատում, Ե., 1990, էջ 81-82:
35 Ղազարյան Զ., Ռուբեն Բաբայանը վստահ է՝ աղմուկը տխմարություն է, համերգի կազմակերպիչը վստահեցնում է՝ Vader ռոք խումբը սատանիստ չէ․ Տիկնիկային թատրոնում չեղարկված համերգը տեղափոխվել է ակումբ, https://www.tert.am/life/am/news/2019/10/04/vader/60945, 03.02.2020: Մենք այստեղ ամենևին չենք փորձում, ինչ-որ մի կողմից մեկնաբանել այս դեպքը, մեզ համար սա պարզապես մի հիպոթետիկ օրինակ է: Այս դեպքը կարող էր ընդհանրապես և տեղի ունեցած չլինել:

դեպի ետ