• am
  • ru
  • en
Версия для печати
16.12.2019

ԷԹՆԻԿՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

Ռաֆիկ Գաբրիելյան

Ցանկացած հետազոտության վերնագրում արտահայտված են այն հասկացությունները, որոնք քննարկվելու են տեքստում, և նախքան սկսելը բուն քննարկումը հարկավոր է հստակեցնել այդ հասկացությունները, որոնք հաճախ իրենցից ներկայացնում են մակրոհասկացություններ և երբեմն մեկնաբանվում են սկզբունքորեն հակառակ ձևերով: Մեր դեպքում նախ պետք է պատասխանենք հետևյալ հարցերին, ի՞նչ է` էթնիկությունը, մշակույթը ու մշակութային փոփոխությունները, և իհարկե ո՞րն է բարդությունը:

Էթնիկություն ասելով նկատի ունենք կոնկրետ հատկանիշների ամբողջականություն, որով էթնիկ հանրույթը տարբերվում է ինչպես այլ էթնոսներից այնպես էլ սոցիալական և առհասարակ այլ ընդհանրություններից:

Այդ հատկաիշները կարելի և դասակարգել մի քանի չափումներում կամ ցուցչախմբերում:

  • Լեզվական (լեզվամտածողություն, գրական լեզու և բարբառներ, այբուբեն, գլոտոգենեզի առանձնահատկություններ)
  • Տարածքային(վարչաքաղաքական),
  • Գենետիկական կամ կենսաբանական(միասնական ծագում` էթնոգենեզի առանձնահատկություններ, էթնոսին բնորոշ յուրահատուկ հոտ, ԴՆԹ, ռասայական հատկանիշների որոշակի ընդհանրություն)
  • Հոգեբանական(ինքնություն, կոլեկտիվ հիշողություն, սիմվոլներ, կարծրատիպեր, համախմբող ներուժ(էթնոմոբիլիզացիա), էմոցիոնալ կապվածություն, մտածողության որոշակի ընդհանրություններ, հոգեկան առանձնահատկություններ, պատվի և խղճի միասնական ըմբռնում, հայրենատիրության միասնական պատկերացում, միասնական արժեքային համակարգի, որպես սեփականի վերագրում)
  • Մշակութային

Մշակութային չափումը թերևս ամենաընդգրկունն է, այն մեր կարծիքով իրենից ներկայացնում է էթնիկության բովանդակության մոտ 80 %-ը: Բացի նյութական և հումանիտար ոլորտների բաղադրիչներից, մշակույթում առանձնացվում է սոցիոնորմատիվ բնույթի տարրեր, օրինակ` բարոյական կողմնորոշումները, վարքային դրսևորումները, բարքերը, սովորույթները, ավանդույթները, իրավունքի ընկալումը, դաստիարակության և կրթության ձևերը և հոգևոր բնույթի տարրերը, օրինակ` կրոնը, տոնը, ծեսը1: Ակնհայտ է, որ մշակույթի, հենց հոգևոր և սոցիոնորմատիվ բնույթի տարրերն են պայմանավորում խմբի և անհատի ինքնությունը, ակնհայտ է նաև, որ այդ հատկանիշներն էլ, ինչպես մշակույթի նյութական տարրերը, վերջին ժամանակներում ենթարկվում են արագ փոփոխությունների2:

Բացի արագացվող փոփոխություններից արդի աշխարհը բնութագրվում է, որպես` բարդ աշխարհ: Այս պարագայում բանական մարդուց, և առաջին հերթին ուսումնասիրողից պահանջվում է շրջակա աշխարհի իրողությունների, երևույթների, առարկաների, ճանաչման և իմացության խնդրի հանդեպ դիրքավորվել նախապես հստակեցնելով և կազմակերպելով սեփական մտածողությունը, որը կարող ենք կոչել «բարդատարր մտածողություն» կամ «բարդ մտածողություն»3: Առողջ դատողության համար պետք է ունենալ բարդ մտածողություն, որը ենթադրում է, որ մարդը պիտի իր մտածողությունը հենի հետևյալ իմացական դրույթների վրա:

  • Խնդիրների և հարցերի ընդհանուր մատնանշում
  • Հասկացությունների բովանդակային սահմանում
  • Դիտանկյունների բազմազանություն և զուգահեռաբար պրոեկցիաների բազմազանություն
  • Տեսական մոտեցումների հստակեցում և հարմարեցում էմպիրիկ փաստերին
  • Հայեցակարգերի, հարացույցների, մոդելների և ծրագրերի կառուցում
  • Մեթոդների ընտրություն(համեմատական, կառուցվածքային, համադրական, ֆրեյմավորման, ֆունկցիոնալ, պատճառահետևանքային, քննական և այլ)
  • Ընդհանուր օրինակների ներկայացում
  • Օբյեկտի բովանդակության սխեմավորում, դասակարգում և որակարգում
  • Բաղադրիչների ֆունկցիաների վերհանում
  • Փոխկապերի և փոխազդեցությունների հայտնաբերում
  • Օբյեկտների դիտում կոնկրետ համատեքստում
  • Տեղեկության աղբյուրների վերլուծություն, դրանց ստեղծման դրդապատճառների իմացություն(տեղեկատվությանը վերաբերվելը ինչպես մեկնաբանության)
  • Տեղեկության աղբյուրների հեղինակների մտակեցվածքի և ով լինելու գործոնների հստակեցում

Ստացվում է, որ առավել ճշմարտացի իմացությունը կախված է այս իմացական գործիքներից, ու ընդհանուր մոտեցումներից և դրանց կիրառությունից, որոնք էլ ձևավորում են մտածողությունը:

Մեր ընդհանուր մոտեցումը, ազգաբանական կտրվածքով բխում է Վ. Պիմենովի կիրառած համակարգային(կառուցվածքա-ֆունկցիոնալ) սկզբունքից, ըստ որի ցանկացած ուսումնասիրման առարկա պետք է դիտարկել բովանդակային տեսանկյունից, գտնելով դրա բաղկացուցիչները և տեսնել դրանց կատարած ֆունկցիաները, կոնկրետ կապերի մեջ, այստեղ ի հայտ է գալիս փոխկապակցվածության անհրաժեշտությունը4: Մեր առջև է հայտնվում մի բանաձև, որը ենթադրում է բովանդակության, ձևի, ու ֆունկցիայի համատեղված պատկերի առկայություն:

Շատ խնդրահարույց թեմա է էթնիկության և ազգայնականության շուրջ ծավալվող գիտական անվերջանալի վեճերը, և այն ամբողջ տերմինաբանական խառնաշփոթը, որը առաջացել է դրանց շուրջը: Բանն այն է, որ հասկացությունների բովանդակությունը անընդհատ համալրվում են գիտության նոր ձեռքբերումներով և իմաստներով և թույլ են տալիս դրանք մեկնաբանել նորովի:

Այն ժամանակ երբ «էթնոս» հասկացության ներքո թվում էր թե պետք է բացառված լինի քաղաքական որևէ իմաստի զետեղումը, էթնոսի վերաբերյալ դասական հեղինակ համարվող Յու. Բրոմլեյը իքն է էթնոսը ներկայացնում լայն իմաստով որպես «էթնո-սոցիալական օրգանիզմ» և նեղ իմաստով, որպես զուտ էթնո-մշակութային հատկանիշների տեսանկյունից, անվանելով «էթնիկոս»: Առաջին դեպքում նա շեշտում է սեփական պետություն(քաղաքական միավոր) ունենալու փաստը, իսկ երկրորդում էթնո-մշակութային հատկանիշների պահպանումը այն դեպքում երբ էթնոսի մի հատվածը գտնվում է իր էթնո-սոցիալական համակարգից(պետության տարածքից) դուրս5:

Ունենք նաև մեկ այլ օրինակ, այս անգամ «ազգ»-ի հետ կապված: Անգլերենում (եվրոպական լեզուներում առհասարակ) «nation» տերմինով անվանվում են միայն կոնկրետ պետության քաղաքացիները: Սրան հակառակ Մ. Գիբերնաուն առաջարկում է կիրառել «ազգը առանց պետության» հասկացությունը՝ օրինակ բերելով առաջին հերթին կատալոնացիներին6: Նա նշում է էթնիկ և քաղաքական բնույթի հատկանիշների մասին, ավելացնելով ազգին բնորոշող մի շատ կարևոր բանի մասին, դա ապագայի ընդհանուր ծրագիր ունենալն է7:

Մեկ այլ հեղինակի` Է. Սմիթի դասական համարվող սահմանումներում, ոչ առանց հիմքի, ազգ հասկացության ներքո դրվում են նաև էթնո-մշակութային տարրեր: Ընդհանուր առասպելները, և ընդհանուր պատմական հիշողությունը, հասարակական մշակույթը8, սրանք տիպիկ են նաև էթնոսի համար: Բացի դա ձևակերպումների մակարդակում Սմիթի բերած հատկանիշները թույլ են տալիս բավականին տարբեր ձևերով և լայն առանցքով մեկնաբանություններ անել: Գոնե միայն այն պատճառով, որ հստակ շեշտվում է ամեն հատկանիշի ընդհանուր լինելը, որը ցանկացած հասարակության դեպքում էլ, մնում է տարակուսելի, քանի որ ընդհանուր հատկանիշի մասին խոսելը շատ դժվար է: Իսկ էթնիկ խմբի ներքո Սմիթը հասկանում է մշակութային կոլեկտիվ, որտեղ կարևորվում են առասպելները, ծագումը, պատմական հիշողությունը, հայրենիքի հետ զուգորդությունը, համերաշխությունը, լեզուն, կրոնը ավանդույթները և ինստիտուտները9: Բերված հատկանիշներից կրոնը ընդհանրական հատկանիշ է, իսկ ինստիտուտները ավելի բնորոշ են քաղաքական ազգին ու պետությանը:

Սխալ ըմբռնում կա նաև քաղաքական ազգ և էթնիկական ազգ հասկացությունների վերաբերյալ, առաջին հայացքից փորձելով հաշտեցնել ազգերի վերաբերյալ երկու հիմնական, մոդեռնիստական(կոնստրուկտիվիստական) և ավանդական (պրիմորդիալիստական) տեսությունների10 վեճը, թվում է թե կարելի է առաջարկել քաղաքական ազգը դիտել մոդեռնիստական տեսանկյունից, իսկ էթնիկ ազգը ավանդական, մի բան, որ չի կարող հստակ տարանջատվել: Այստեղ առկա է տեսութենական բաց, կապված քաղաքական ազգի, մոդեռնիստական տեսության, բնական բաղադրիչների սխալ մեկնաբանման հետ: Բանն այն է, որ կան հատկանիշներ, որոնք իհայտ են եկել բնական, սոցիալական զարգացվածության արդյունքում, դրանցից է օրինակ` ընդհանուր կրթական համակարգի առաջացումը, որը չի կարելի դիտարկել իբրև ազգի կառուցարկման նպատակով ստեղծված ինստիտուտ: Թերևս այս տեսությունների հակադրության միակ ձեռքբերումը այն է, որ դրա արդյունքում ծնվել են բազմաթիվ միջանկայալ ուղղություններ, որոնք ապահովում են դիտարկման բազմաթիվ ռակուրսներ:

Մեկ ուրիշ հարց է ուսումնասիրողների մտակեցվածքների բախումը: Շատ հեղինակների մտակեցվածքում, այնպիսի պետություններ ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, դիտարկվում են որպես միկրոկայսրություններ, ու տարակուսանք է առաջանում, կապված նրանց բնակչության միասնական չկառուցարկված ազգ լինելու գաղափարի հանդեպ: Ընդսմին փորձ է արվում մի քանի ազգերի հիման վրա բերված օրինակներով ստեղծել ընդհանրական տեսություն ազգ հասկացության մասին: Առհասարակ ազգերի(լինեն դրանք էթնիկ, թե քաղաքական) էության վերաբերյան ընդհանրական տեսության գոյությունը արդեն իսկ կասկածելի է, քանի որ ամեն ազգ ունի ձևավորման, կազմավորման, կամ և կառուցարկման, ուրույն ընթացք, ինչպես էթնոգենեզի դեպքում է:

Էթնիկության խնդիրը ուսումնասիրող ցանկացած մասնագետի առջև հենց ամենասկզբից ծանրանում է ժամանակի(ու ժամանակաշրջանների) և ներկայիս արագ փոփոխությունների ազդեցությունները ադեկվատ դիտարկելու հարցերը: Ո՞ր ժամանակահատվածից է հնարավոր խոսել էթնիկության մասին, մարդկային հասարակության պատմության կտրվածքում: Խնդիրը պետք է քննարկվի առանձին ցուցիչների ձևավորման ուսումնասիրմամբ: Մենք կներկայացնենք լեզվի ցուցիչը և մշակույթը, ինչքանով որ մեզ կհաջողվի:

Լեզուն այն ամենահիմնական տարբերակիչն է, որը օգտագործվում է էթնոսների դասակարգման համար: Բայց արդի ժամանակում այն անհարմար գործիք է աշխարհի, որոշ երկրամասերի բնակչության էթնիկ դասակարգման համար, օրինակ` Ամերիկա մայրցամաքի դեպքում: Լեզվական ցուցիչի ժամանակի կտրվածքով հստակեցման համար, կարելի է կարծել, որ դրա որպես էթնիկ հատկանիշի, ձևավորման շրջանը (լեզվաընտանիքների մեջ բարբառների առաջացման, դրանց կրողների գաղթի և առանձին լեզվի կազմավորման) պետք է համարվի սկզբնական մի ժամանակ:

Մշակույթի հարցը քննարկելու դեպքում մեր համար կա մի ելակետ, որի իհայտ գալուց հետո կարող ենք խոսել դրա, որպես էթնիկ հատկանիշի մասին: Մենք համոզված ենք, որ մշակույթը` էթնիկության համար ցուցիչ է դառնում այն պահից, երբ կոնկրետ խմբի անդամները սկսում են առանձին ստեղծագործական գործունեություն ծավալել(ստեղծած արժեքը-ցուցիչը կարող է լինել ինչպես իր, այնպես էլ սոցիալական նորմ, կամ որևէ համալիր գործողություն, ասենք տոն, կամ ծես) և որ ոչ պակաս կարևոր է կրկնօրինակել այդ ստեղծած հատկանիշը, բայց միայն խմբի ներսում:

Հաջորդ փուլը էթնիկ ինքնագիտակցության ձևավորման փուլն է, որը կապված է օտարի հայտնվելու, նրա հետ շփվելու, և կամ չհասկանալու հետ, այստեղ պետք է համաձայնել Ֆ. Բարտի՝ էթնիկ սահմանի և դրա մոտ տեղի ունեցող ճանաչողության գործընթացի հիմնական լինելու կարծիքի հետ11:

Անցնելով ժամանակի և փոփոխությունների հարցերին պետք է նշենք, որ ներկայիս աշխարհը մարդուն շատ քիչ շանսեր է ընձեռում ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Այսպես կոչված արդի սպառողական հասարակությունների12 էթնիկությունը հիմնականում հիմնվում է մարդու` իրեն որպես խմբի անդամ կարծելու, համարելու վրա: Բայց թե՞ որոնք են այդ խմբին բնորոշ մշակութային հատկանիշները, և տվյալ անհատը կամ խումբը ի՞նչ մասնակցություն ունեն մշակութային վերարտադրության ու ինովացիայի մեջ (ընդունված է համարել, որ մշակույթը ոչ ստատիկ, և ինովացվող (ռացիոնալ, դրական իմաստով) համակարգ է, բայց կարող է ժառանգորդության միջոցով պահպանել ավանդական տարրերը) դժվար է ասել: Հարցը կայանում է նրանում, որ մարդը մնում է կենսաապահովման մշակույթի մակարդակին, և ավելի թույլ են նրա հումանիտար (գեղարվեստ, կրթություն, գիտություն և այլն) և հոգևոր բնույթի պահանջմունքները: Մշակութային հիմնական փոփոխությունը կայանում է նրանում որ մշակույթը զրկվում է իր բովանդակային հիմքից:

Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է փոփոխվող սոցիոնորմատիվ մշակույթին, որը խորոպես ազդում է մարդկանց բարոյավարքային13 կողմնորոշումների վրա: Իսկ ինչպես նշում է Ա. Թևիկյանը վարքի վրա հիմնված գործողությունները դրանք ապագային են վերաբերում և ապագայի զենքն են14, որոնք վաղուց արդեն սկսվել են կիրառվել: Արդի տեղեկատվական հոսքերի պայմաններում սոցիոնորմատիվ խնդիրները հասկանալու և համապատասխան ձևով մեկնաբանելու համար պահանջվում է ուսումնասիրել նաև հեռահաղորդակցության գործած ազդեցությունը մարդկային հասարակությունների վրա: Ժամանակակից հասարակություններում տարբեր ինֆոհոսքերի ազդեցության տակ այսօր նկատվում է սոցիալ-մշակութային մարգինալության, էնտրոպիայի, և դեգրադացիայի, բարձր տեսակարար կշիռ, որը քննարկման առանձին թեմա է և դա մենք կներկայացնենք մեր հետագա հոդվածներում: Հարցը ավելի բարդանում է այն ժամանակ երբ դիտարկվում են արհեստական միջամտությունները մարդկային մշակույթների և մտածողության վրա: Որոնց մասնակցում են ոչ միայն պետությունները այլ նոր քաղաքական դերակատարները, որոնց ընդհանրական անվանմամբ կարելի է կոչել անդրազգային կամ անդրպետական կազմակերպություններ:

Մշակույթի վրա արհեստական ներգործության վերաբերյան տեսական և կիրառական մոդելներ է մշակել Ջ. Նայը: Դրանք ներառված են «փափուկ ուժ»-ի ռազմավարական ծրագրում15: Մասնավորապես դա ենթադրում է ինֆոհոսքերի միջոցով հակառակորդին սեփական մշակութային արժեքների(նախ և առաջ սոցիոնորմատիվ) թելադրումը և հակառակորդի մշակույթի նսեմացումը: Ինչպես մենք փորձել ենք ցույց տալ վերևում, ինքնությունը խորապես կապված է մշակույթի հետ, որն էլ իր հերթին ֆունկցիոնալ առումով ազդում է մարդու մտածողության16 և հետևաբար վարքի վրա: Այստեղ չենք կարող չհամաձայնել Մ. Մարգարյանի այն կարծիքի հետ, որ փափուկ ուժը ենթադրում է աշխատանք հենց գիտակցության հետ17:

Վերը շարադրյալից հետևում է, որ մշակույթի զարգացման և վերարտադրության հարցերը պետք է դիտարկել ազգային անվտանգության համատեքստում, կազմելով մշակութային անվտանգության ծրագիր, որտեղ առանցքային դեր են ունենալու գիտատեղեկատվական ենթակառուցվածքները:


1 Мкртумян Ю., Компоненты культуры этноса.-Мето-дологические проблемы исследования этнических культур, Ер., 1978, с. 45.
2 Պատահական չէր, որ 1960ականներին արևմտյան երկրներում տեղի ունեցած, այսպես կոչված` «մշակութային հեղափոխության» ամենահիմնական գաղափարներից մեկը, դա սեռական ազատությունն էր: Իսկ մարդու սեռական վարքը, չի կարող ուսումնասիրվել բարոյական կոնտեքստից դուրս: Մեր կարծիքով այն սոցիոնորմատիվ մշակույթի կրիտիկական բաղադրիչներից մեկն է:
3 Հասկացությունը վերցված է` Арзуманян Р., Сложное мышление и сеть: парадигма нелинейности и среда безопасности 21 века, Е., 2011.
4 Пименов В., Удмурты. Опыт компонентного анализа этноса, Ленинград, 1977, с. 11-12.
5 Бромлей Ю., Очерки теории этноса, М., 1983, с. 59-71.
6 Թերևս կատալոնացիները այն էթնոսներից են, որոնք ներկայումս ամենապատրաստ են ունենալու սեփական պետություն:
7 Guibernau M. Anthony D. Smith on nations and national identity: a critical assessment.- Nations and Nationalism, 2004, № 10(1/2), p. 132.
8 Smith E., National identity, London, 1991, p. 14.
9 Նույն տեղում, էջ 20-21:
10 Այս տեսությունների մասին մանրամասն տես` Հակոբյան Կ., Ազգերի կազմավորման հիմնախնդիրը.-«21-րդ ԴԱՐ», № 3(61), Եր., 2015, էջ 124-141: Հովականյան Յու., «Ազգ» հասկացության ընկալման առանձնահատկությունները և սահմանումները.- Բանբեր ՀՊՏՀ, Եր., 2011, № 1, էջ 151-165: Лурье С., Национализм, этничность, культура. Категории науки и историческая практика.- Общественные науки и современность, 1999, № 4, стр. 101-111. Стефаненко Ю., Этническая идентичность: от этнологии к социальной психологии.-Вестник московского университета, сер. 14, № 2, М., 2009, стр. 3-17.
11 Барт Ф., Этнические группы и социальные границы, М., 2006, с. 8-9:
12 Այս կոնտեքստում հասարակություն, բառի ներքո պետք է հասկանալ Է. Դյուրկհայմի այն բացատրությունը համաձայն, որի հասարակությունը դա մարդկանց համագումարը չէ, այլ մի ուրիշ բան, որը սոցիալական փաստեր է պարտադրում մարդկանց, և մարդիկ միայն դրանց դեմ պայքարելու ժամանակ են իմանում դրանց պարտադրված լինելու մասին: Տես` Դյուրկհայմ Է., Սոցիոլոգիական մեթոդի կանոնները, Ե., 2006, էջ, 40-46:
13 Բարոյականությունը այստեղ կարող ենք դիտարկել որպես վարքի տեսական մաս, իսկ վարքը արդեն բարոյականից կախված գործողություններն (կիրառական մաս) են, որ մարդը կատարում է՝ կախված բարոյական կողմնորոշումներից:
14 Թևիկյան Ա., Հիբրիդային պատերազմներ կամ կառավարելի քաոսը և դրա ֆինանսատնտեսական բաղադրիչը, http://www.noravank.am/img/detail.php?ELEMENT_ID=13635, 08.10.2019:
15 Nye J., Soft Power: The Means to Success in World Politic, New York, 2004, p. 6.
16 Гирц К., Интерпретация культур, М. 2004, с. 98.
17 Մարգարյան Մ., «Փափուկ ուժի» (Soft Power) տեխնոլոգիայի կիրառման անհրաժեշտության մասին, https://mmmargaryan.wordpress.com/tag/%D6%83%D5%A1%D6%83%D5%B8%D6%82%D5%AF-%D5%B8%D6%82%D5%AA/, 04.12.2019:
դեպի ետ