• am
  • ru
  • en
Версия для печати
14.12.2018

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԵՎ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

   

«21-րդ ԴԱՐ» N 5, 2018


Իրինա Բարսեղյան-Կրպեյան

Պատմ. գ. թ.

Գորբաչովյան «վերակառուցման» ընթացքում սկսվեց հայ ազգային-ազատագրական պայքարի նորագույն փուլը` Ղարաբաղյան շարժումը: Խորհրդային տարիներին մի քանի անգամ բարձրացված, սակայն լուծում չստացած արցախյան հիմնահարցը, որի առանցքը Մայր Հայաստանին վերամիավորվելու արցախահայության արդար պահանջն էր, ոտքի հանեց հայ մտավորականության ստվար հատվածին, ապա ողջ ժողովրդին: Սկզբում գաղտնի, այնուհետև՝ բացահայտ ժողովրդական պայքարն ուղղված էր 70-ամյա վաղեմության ազգամիջյան հարաբերությունների ոլորտում խորհրդային իշխանության բացթողումներն ու կատարած սխալները շտկելուն, ոտնահարված ազգային արժանապատվությունը վերականգնելուն, հայրենի հողն ու հայրենակիցների պատիվը պաշտպանելուն:

1985 թվականից ՀԽՍՀ-ում, ԼՂԻՄ-ում և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում ընդհատակում գործող փոքր խմբերի միջոցով ծավալվում էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու նախապատրաստական գաղափարական-քարոզչական շարժումը` ճշմարտացիորեն լուսաբանելով արցախյան հիմնահարցի խեղաթյուրված պատմությունը, ըստ այդմ՝ բարձրացնելով հասարակության իրազեկվածության մակարդակը, գտնելով համախոհներ, հայթայթելով դրամական միջոցներ՝ պայքարին նոր թափ հաղորդելու, հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու համար զենք-զինամթերք ձեռք բերելու նպատակով: Առաջադեմ գաղափարներով և Հայ դատի խնդիրներով մտահոգ երիտասարդությունը և ուսանողությունը նույնպես ներգրավվում էին ընդհատակյա պայքարում: Ազատագրական շարժման համաժողովրդական ալիքը հետզհետե ընդգրկում էր Ադրբեջանական ԽՍՀ-ում անօրինականորեն հայտնված հայաբնակ շրջանների, ներառյալ՝ Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի բնակչությանը:

Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչ և ընդհանուր հրամանատար, հետմահու Հայաստանի ազգային հերոս, «Հայրենիք» շքանշանի ասպետ (20. 02. 1996թ.), Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող Թաթուլ Կրպեյանը «Միացում» հասարակական կազմակերպության անդամ էր, զբաղվում էր զանգվածային երթերի, հանրահավաքների, նստացույցերի, դասադուլների կազմակերպմամբ, Հայ դատի քարոզչությամբ: Կազմակերպության ղեկավարը Ղարաբաղյան շարժման և «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր Իգոր Մուրադյանն էր, որն ահռելի դերակատարություն ունեցավ Ղարաբաղյան շարժման ընդհատակյա փուլի նախապատրաստման, ապա Ղարաբաղյան շարժման առաջին ամիսների հանրահավաքների, ցույցերի, գործադուլների կազմակերպման և «Ղարաբաղ» կոմիտեի կազմավորման գործում: Որպես ՀԽՍՀ պետպլանին կից էկոնոմիկայի և պլանավորման ինստիտուտի հատուկ տնտեսագիտական հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող՝ 1985 թվականից նա համակարգում էր Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթներ կազմելու և ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ներկայացնելու աշխատանքները:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԵՎ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ (հոդվածն ամբողջությամբ, 133 KB)


դեպի ետ