• am
  • ru
  • en
Версия для печати
30.11.2018

ԿԻԲԵՌՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

   

Նարինե Աղայան
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող

21-րդ դարում ցանկացած երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և բնակչության բնականոն կենսագործունեության համար է՛լ ավելի կարևոր նշանակություն են ձեռք բերում ազգային անվտանգությունն ապահովելու և արտաքին սպառնալիքներին դիմագրավելու հարցերը: Բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը, առավել ևս՝ հաշվի առնելով այն ոչ բարեկամական աշխարհագրական միջավայրը, որում գտնվում է մեր հանրապետությունը: Վիճակն ավելի է բարդացնում ղարաբաղյան հիմնահարցի լուծված չլինելը:

Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացներն աննախադեպ արագություն են հավաքել, պետությունների միջև գծված քաղաքական սահմանները կորցնում են իրենց երբեմնի նշանակությունը, հետզհետե մեծանում են անգամ տարբեր մայրցամաքներում գտնվող պետությունների միջև փոխկապվածությունն ու փոխկախվածությունը: Արդյունքում՝ սրվում են աշխարհաքաղաքական հակամարտությունները` փոխելով քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների հավասարակշռված բնույթը: Սրվում է բնական ռեսուրսների համար պայքարը, առաջ են գալիս նորանոր մարտահրավերներ` ուղղված քաղաքացիների բարեկեցության, անվտանգության դեմ [1]:

Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո, այսպես կոչված Սառը պատերազմին հաջորդած նոր ժամանակահատվածում` հետարդիական տեղեկատվական դարաշրջանում, պետությունների միջև տեղի ունեցող հակամարտությունները հաճախ շեղվում են ավանդական ռազմական բնույթից` ստանալով բոլորովին նոր ձև ու բովանդակություն՝ տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական, վիրտուալ և տարատեսակ այլ պատերազմների տեսքով: Այս առումով առաջին դիրքերում դարձյալ գերտերություններն են` ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, ԵՄ երկրներ և այլն: Նրանց միջև շարունակվում է ազդեցության համար պայքարը երկրագնդի տարբեր տարածաշրջաններում: Այս ամենը հղի է համաշխարհային քաոսի հանգեցնելու վտանգով:

Ելնելով այս մտահոգությունից՝ ՄԱԿ սպառնալիքների, մարտահրավերների և փոփոխության բարձր մակարդակի խմբի 2005թ. «Առավել անվտանգ աշխարհ. մեր ընդհանուր պատասխանատվությունը», A/59/565 զեկույցում թվարկվել էին վեց հիմնական սպառնալիքներ, որոնց լուծմամբ առաջնահերթորեն պետք է զբաղվեր համաշխարհային հանրությունը` 1. պետությունների միջև պատերազմները, 2. բռնությունը երկրների ներսում, այդ թվում՝ քաղաքացիական պատերազմները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և ցեղասպանությունը, 3. աղքատությունը, վարակիչ հիվանդությունները և բնապահպանական ավերումը, 4. միջուկային, ռադիոգիտական, քիմիական և կենսաբանական զենքը, 5. ահաբեկչությունը, 6. կազմակերպված վերազգային հանցավորությունը1:

Այս զեկույցից ավելի քան մեկ տասնամյակ անց նշյալ սպառնալիքները որևէ չափով չեն նվազել, ավելին՝ մեծացել են: Սիրիական ճգնաժամը, որը դեռ շարունակվում է, ավելի քան ակնհայտորեն ցույց տվեց դա: Մասնավորապես, ահաբեկչության սպառնալիքը ոչ միայն ահագնացավ, այլև հանգեցրեց իրական ողբերգության: Սիրիայի և հարևան Իրաքի միլիոնավոր բնակիչներ դարձան փախստականներ, հարյուր հազարավորները զոհվեցին: Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր ու կործանարար կարող է լինել ահաբեկչությունը որպես բարիք ներկայացնող գաղափարախոսությունը: Դրա ցայտուն վկայությունը Մերձավոր Արևելքում տարբեր ծայրահեղական կազմակերպությունների հենքի վրա առաջացած «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման աննախադեպ չափերի հասնելն է [2]: Վերջին հինգ-վեց տարում ծայրահեղ իսլամիստական այս կազմակերպությունը կարողացավ լուրջ ռազմական խաղացող դառնալ` 2013թ. գրավելով Սիրիայի և Իրաքի տարածքների զգալի մասը, որոշ գնահատականներով՝ վերահսկելով շուրջ 90 հազար կմ2: Դրանից զատ` ԻՊ-ը աշխարհի տարբեր ծայրերում իրեն թշնամական հռչակած երկրներում ահաբեկչական գործողություններ է իրականացնում՝ փորձելով մշտական վախի ու լարվածության մեջ պահել այդ երկրների խաղաղ բնակչությանը:

Հատկանշական է, որ այս կազմակերպությունը լայնորեն և արդյունավետորեն օգտագործում է տեղեկատվական դարաշրջանի տեխնիկա-տեխնոլոգիական և մյուս հնարավորությունները: Իտալական «il Messaggero» թերթը վկայակոչում է Իտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտիի՝ Հռոմի Լուիսի համալսարանում կիբեռանվտանգությանը նվիրված համաժողովում ունեցած ելույթը, որում նա ասում է. «ԻՊ-ը առաջին ահաբեկչական կազմակերպությունն է, որը համացանցը դարձրել է իր հիմնական զենքը: Համաշխարհային ցանցը կարևորագույն դեր է խաղում արմատական իսլամի հետևորդների թիվը մեծացնելու և կրոնական մոլեռանդություն տարածելու գործընթացում: Այդ աշխատանքի 80%-ը կատարվում է համացանցի միջոցով, գլխավորապես՝ զինյալների և կողմնակիցների հավաքագրելու նպատակով»2: Մինիտին հայտարարել է, որ ահաբեկչական նպատակներով համացանցն օգտագործելը «բարդ և լուրջ» խնդիր է, որի դեմ լուծումներ գտնելը չափազանց դժվար է:

Կիբեռհանցավորության աճն աշխարհում վկայում է, որ կիբեռահաբեկչության սպառնալիքը համացանցում ավելի ու ավելի իրական է դառնում և իրապես լուրջ վտանգներ է պարունակում պետությունների ազգային անվտանգության համար [3]: Այս սպառնալիքն ավելի քան իրական է, բնավ չափազանցված չէ, և դրա ամենավառ ապացույցներն են տարբեր ինտերնետ-ռեսուրսների, տեղային ցանցերի, տվյալների պահոցների և կառավարական կազմակերպությունների վրա հաքերային գրոհների ավելի ու ավելի աճող քանակն ու որակը: Ցանցահենները չեն բավարարվում միայն տնտեսական կամ ֆինանսական տվյալներ հափշտակելով, ժամանակ առ ժամանակ նրանք փորձեր են անում թափանցելու պետական անվտանգությունն անմիջականորեն ապահովող գերատեսչությունների, ռազմավարական օբյեկտների տվյալների բազա՝ դրանք խափանելու կամ այնտեղից գաղտնի տեղեկատվություն գողանալու համար: Այն իրողությունը, որ քաղաքացիների, երկրների և պետությունների կենսագործունեության մեծ մասը կառավարվում է ցանցերի և ծրագրերի միջոցով, էականորեն բարձրացնում են նրանց խոցելիությունը կիբեռհարձակումների նկատմամբ:

Հռոմի վերոնշյալ համաժողովում նաև նշվել է, որ աշխարհում հաքերների գրոհներից ընդհանուր վնասը տարեկան կազմում է $445 մլրդ: 2020թ. այդ թիվը կարող է հասնել $3 տրլն-ի:

2007թ. ընդունված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության «Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները» բաժնում ամրագրված են նաև արտաքին սպառնալիքները, որոնցից են «ահաբեկչությունն ու անդրսահմանային հանցագործությունները. Հայաստանի Հանրապետության համար անմիջական սպառնալիք է ներկայացնում միջազգային ահաբեկչությունը` իր բոլոր դրսևորումներով, զանգվածային ոչնչացման զենքի և թմրանյութերի տարածումն ու տարանցումը, փողերի «լվացումը», մարդկանց առևտուրը (թրաֆիքինգ)»3: Հաշվի առնելով կիբեռհանցավորության աճի միտումները և այն, որ դեռևս ոչ մի երկիր ապահովագրված չէ նման հարձակումներից՝ անհրաժեշտություն է առաջանում, որ մեր երկիրն ավելի կարևորի այս խնդիրը և՛ օրենսդրական, և՛ գործնական առումներով:

Պետք է նշել, որ վիրտուալ տիրույթում թշնամական գործողությունների հարցն առավել սուր է դրված հակամարտություններում ներգրավված երկրների անվտանգային միջավայրն ապահովող ծառայությունների ու մարմինների առջև [4]:

1994թ. ի վեր Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետություն) ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ կարգավորման բանակցություններին զուգահեռ՝ ղարաբաղա-ադրբեջանական և հայաստանա-ադրբեջանական շփման գծում շարունակում են դիմագրավել հակառակորդի ռազմական ոտնձգությունները: Ավելին՝ վերջին մեկուկես տասնամյակում արդեն Ադրբեջանի դեմ պայքարում են վիրտուալ ճակատում: Հակառակորդը, ոչ մի կերպ չհամակերպվելով ձևավորված ստատուս քվոյի հետ, ձգտում է մեծ ռեսուրսների ներգրավմամբ գերազանցության հասնել հայկական կողմերի նկատմամբ վիրտուալ, տեղեկատվական և կիբեռպատերազմներում:

Արդեն նորություն չեն ադրբեջանական հաքերների և հաքերային խմբերի պարբերական գրոհները հայկական կազմակերպությունների, պետական կայքերի, սերվերների վրա: Հատկապես հիշարժան օրերին, տարելիցներին նրանք չափազանց ակտիվանում են, և մեկ օրում կարող են գրոհի ենթարկվել հարյուրավոր կայքեր, ուստի անհրաժեշտ է լինում ձեռնարկել անհրաժեշտ անվտանգության պաշտպանողական միջոցներ:

Անկասկած, վիրտուալ ճակատում գործող խմբերի մեծ մասը գործում է Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանության մարմինների ուղղորդմամբ և ֆինանսավորմամբ, հետևաբար՝ վստահաբար կարելի է պնդել, որ այդ գործելաոճը շարունակվելու է ավելի մեծ ընդգրկումով:

Նկատենք, որ վերջին շրջանում ստեղծված միջազգային իրադրությանը համահունչ` հակամարտող պետություններն ավելի հաճախ են սկսել կիրառել հիբրիդային պատերազմի մարտավարությունն ու ռազմավարությունը: Ըստ Ջոն Մակքեյնի [5]` սա թշնամական գործողությունների տեսակ է, որի դեպքում հարձակվող կողմը չի դիմում ռազմական ներխուժման դասական եղանակին, այլ օգտագործում է հակառակորդին ճնշելու տարբեր ձևերի համադրություններ` քողարկված գործողություններ, դիվերսիաներ, կիբեռհարձակումներ, տեղեկատվական ներգործություն և այլն: Հիբրիդային պատերազմը ենթադրում է բարձրտեխնոլոգիական ինտելեկտուալ համակարգերի, ռադիոէլեկտրոնային, կիբեռնետիկ, տեղեկատվական-հոգեբանական միջոցների կիրառում: Ընդ որում, պայքարի մեջ են ներգրավվում նաև ոչ զինվորական անձինք ու կազմակերպություններ, որոնք հաճախ անտեսանելի են մնում:

Հիբրիդային պատերազմի տարրերի կիրառումն ակներև էին Լիբիայի առաջնորդ Քադաֆիին գահընկեց անելիս, Սիրիայում քաղաքացիական պատերազմ սանձազերծելիս, ինչպես նաև Եմենում, Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումների ժամանակ:

Ներկայում Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանը հենց այդպիսի հիբրիդային պատերազմ է վարում, որն իրականացվում է ոչ միայն ռազմական սպառազինության, այլև քաղաքական քարոզչության, ահաբեկչության, ապատեղեկատվության և այլ միջոցներով4:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը 2015թ. մարտի 26-ին «Սիվիլնեթ» կայքին տված հարցազրույցում ասաց, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ, որի հիմնական նպատակը հակառակորդին հյուծելն է: Հիբրիդային պատերազմի բաղադրիչներից է նաև սահմանային լարվածությունը շարունակաբար պահպանելը: Ժամանակ առ ժամանակ դիվերսիոն գործողություններ ձեռնարկելով և միջադեպեր հրահրելով սահմանին՝ հակառակորդը փորձում է հիբրիդային պատերազմների տարբեր բաղադրիչներ կիրառել. մասնավորապես՝ առաջացնել խուճապ, բարոյահոգեբանական ընկճվածություն, անկումային տրամադրություններ: Տևական ժամանակ այս հնարքները գործի դնելուց հետո Ադրբեջանը փորձեց ստուգել դրանց տված արդյունքն ու իր ռազմական ուժի համադրությունը: Սակայն 2016թ. ապրիլի 2-5-ի քառօրյա պատերազմը ցույց տվեց ադրբեջանական ղեկավարությանը, որ ներկայում Արցախի տարածքի զավթումը ռազմական ճանապարհով ոչ միայն բարդագույն, այլև անիրականանալի խնդիր է ադրբեջանական բանակի համար: Հետևաբար, այդ երկիրը կրկին ակտիվացրեց վիրտուալ-քարոզչական հարթությունում առավելության ձգտելու իր մարտավարությունը:

Ասվածից պետք է եզրակացնել, որ այսօր հայկական կողմերի ազգային անվտանգության արտաքին սպառնալիքների շարքում գլխավորն Ադրբեջանի զավթողական հավակնություններն ու գործողություններն են: Դրանց դիմագրավելու համար հայկական հանրապետությունները չափազանց մեծ անելիքներ ունեն: Լինելով նաև Արցախի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանը պարտավոր է այնքան կատարելագործել իր անվտանգային համակարգը, որ կարողանա արդյունավետ հակազդել այդ հիբրիդային ազդեցություններին:

1 http://www.sns.am/index.php/am/nss-today/legislation/61-law-on-security-bodies

2 «ԻՊ-ի ահաբեկիչներն իրենց կողմնակիցների 80 տոկոսին հավաքագրել են Համացանցի միջոցով», 5 հոկտեմբերի 2017թ. // httpc://www.armenpress.am

3 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, http://www.mfa.am/u_files/file/doctrine/Doctrinearm.pdf

4 https://www.civilnet.am/news/2015/03/26/interview-artsrun-hovhannisyan... /265671

Հուլիս, 2018թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Какурин В.Ю., Трудов А.Э., Борьба за ресурсы в современном мире / https: //www.scienceforum.ru/2016/1394/18048

2. Тарасов Станислав, Ближний Восток: диагностика будущего года // Regnum, 27.12.2014.

3. Աթոյան Վ.Կ., Ազգային անվտանգության հիմնախնդիրներ, Եր., 2014։

4. Почепцов Г.Г., Информационные войны, Серия: Образовательная библиотека, Издательство: Рефл-бук, 2001.

5. McCuen, John J. Hybrid wars // Military Review 88.2 (2008), p. 107.



դեպի ետ