
ՀԱՊԿ-Ը ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Անժելա Մնացականյան
ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության անձնակազմի կառավարման բաժնի առաջին կարգի մասնագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հայցորդ
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը կնքվել է 1992թ. մայիսի 15-ին՝ եվրասիական անվտանգային ճարտարապետության արմատական կերպարանափոխության սկզբնական փուլում [1], իսկ 2002թ. մայիսին վերակազմավորվել է միջազգային տարածաշրջանային կազմակերպության` ՀԱՊԿ-ի [2, էջ 147-155]: ՀԱՊԿ-ը կոչված էր ապահովելու հետվարշավյան տարածքի սահուն հրաժարումը երկբևեռ դիմակայության անվտանգային ճարտարապետությունից՝ պաշտպանելով նոր համաչափ սպառնալիքներից, որոնք առկա էին Վարշավյան պայմանագրի պատասխանատվության գոտում՝ կապված դրա լուծարման հետ [3, էջ 186]:
Տարածաշրջանային մակարդակում ՀԱՊԿ-ն իր գործունեությունն իրականացնում է երեք ուղղությունով՝ արևելաեվրոպական, կովկասյան և կենտրոնաասիական: Կովկասյան ուղղությունը հիմնված է հայ-ռուսական համագործակցության վրա, ինչն ավելի է բարձրացնում Հայաստանի նշանակությունը կառույցում: ՀԱՊԿ կովկասյան ուղղությունը կազմակերպվել է երկկողմ համագործակցությամբ: 2000թ. օգոստոսի 27-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր հավաքական անվտանգության ապահովման և զինված ուժերի համատեղ կիրառման ու պլանավորման հարցերի վերաբերյալ: Համաձայնագիրն իրավական հիմք հանդիսացավ երկու երկրների միացյալ զորքերի ստեղծման համար՝ ուղղված միասնական ղեկավարության ներքո համատեղ պաշտպանական խնդիրների լուծմանը: Այս և Բելառուսի ու Ռուսասատնի միջև կնքված երկկողմ համաձայնագիրը որպես հղում ներկայացվում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի նախաբանում: Հավաքական անվտանգության գործող հայեցակարգում նշվում է, որ կազմակերպության անդամերի կողմից ոչ մի պետություն կամ դրանց դաշինք չի դիտարկվում որպես հակառակորդ [4, էջ 250]:
Դեռևս 2009թ. սկզբին «Եվրոպական անվտանգության ճարտարապետություն» զեկույցում ՀԱՊԿ-ը հատուկ ուշադրության արժանացավ որպես Եվրոպայում անվտանգության ապահովման նոր համակարգի կարևոր մասնակից: Զեկույցում կոչ էր արվում վերանայել ՀԱՊԿ նշանակության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը և իրականացման հնարավորությունները, հատկապես այդ կազմակերպությանը մասնակից պետություններին և դրանից դուրս հնարավոր առնչություն ունեցող սուբյեկտներին ակտիվացնելու մասով: Առաջարկվում էր հստակեցնել կազմակերպության գործառույթների իրատեսական բնույթը, ինչը կխթաներ այնպիսի գործընկերների հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի հանդեպ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը: Իսկ «Ռուսաստանի և ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին» ինստիտուտի՝ 2010թ. հոկտեմբերին հրապարակված զեկույցում բարձրացվեցին ավելի կոնկրետ հարցեր: Մասնավորապես, նշվում էր, որ կազմակերպությունը կարող է լինել հիմնական օղակ ինչպես տարածաշրջանային անվտանգության բարեփոխումների, այնպես էլ Ռուսաստան-ՆԱՏՕ նոր փոխհարաբերությունների կառուցման գործում: Վերոնշյալ ինստիտուտի 2011թ. հրապարակած «Ապագայի ձեռքբերում. 2012-ի ռազմավարություն» զեկույցում նշվում է, որ հետխորհրդային տարածաշրջանում կարևոր խնդիրներից է ՀԱՊԿ պահանջվածության ապահովումը որպես հավաքական անվտանգության կառույցի՝ վերջինիս գործունակության և արդյունավետության ընկալման առաջնահերթություններով [4, էջ 310]: ՀԱՊԿ պայմանագրի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունում նշվում է. «Մասնակից պետությունները հաստատում են իրենց պարտավորությունը` միջպետական հարաբերություններում զերծ մնալ ուժի կիրառությունից կամ ուժի սպառնալիքից, իրար միջև, ինչպես նաև այլ պետությունների հետ տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով»։ Նույն հոդվածի 2-րդ պարբերությունում նշվում է. «Մասնակից պետությունները չեն մտնի ռազմական դաշինքների, այլ խմբավորումների մեջ, ինչպես նաև չեն մասնակցի մյուս անդամ պետության դեմ ուղղված գործողություններին»։ Կարելի է ասել, որ սրանով կանխորոշվում է ՆԱՏՕ-ՀԱՊԿ հարաբերությունների մակարդակը [5]: ՀԱՊԿ՝ ՆԱՏՕ-ին հակակշիռ ուժ դառնալու առաջին լուրջ խոչընդոտը վերաբերում է ՀԱՊԿ անդամ երկրների միջև, թերևս, փոխգործակցության արդյունավետության, փոխվստահության մթնոլորտի ապահովման ոլորտում առկա խնդիրներին: Հիմնավորումը կարելի է բացատրել Հայաստանի օրինակով. երբ 2014թ. օգոստոսին և 2016թ. ապրիլին պաշտոնական Երևանը կանգնած էր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի նախաշեմին, ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ բացահայտ աջակցում էին Ադրբեջանին: Մինչդեռ, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական զինուժը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական ՍՈւ-24 ռմբարկուն [6], ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները, ներառյալ Հունաստանը, իրենց աջակցությունը հայտնեցին Թուրքիային [7]` առաջնորդվելով «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով [8]: Միևնույն ժամանակ, օբյեկտիվորեն նշենք, որ չնայած այդ ամենին, ներկայում Թուրքիան և Հունաստանը գտնվում են փոխհարաբերությունների քաղաքական ճգնաժամում, բայց դա ամենևին էլ չի նվազեցնում ՀԱՊԿ ներքին հակասություններին վերաբերող հարցերի կարևորությունը։
Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, վերջինս Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրատարրերից է: Պաշտոնական Երևանն իր արտաքին ռազմական քաղաքականությունն իրականացնելիս մեծ դեր է հատկացնում ՀԱՊԿ-ին: Հավաքական անվտանգության ձևաչափը ենթադրում է անդամ պետությունների համաձայնեցված դիքորոշում միջազգային հարաբերություններում խնդիրների առկայության դեպքում: Համաձայն ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության, եթե «անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի պարագայում մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն, ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան, համաձայն ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդված» [5]: Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային բաղադրիչներից է ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցությունը, որի արդյունքում կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» պայմանագրերը, պաշտպանության ոլորտում սերտ համագործակցությունը և Ռուսաստանի ռազմական ներկայությունը Կովկասում ՀՀ անվտանգության և տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության ապահովման կարևոր գործոն են [9, էջ 93]: Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ–ին, ռազմատեխնիկական, զենքի ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման տեսանկյունից, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստվածությունն ու մարտունակությունը որոշող կարևորագույն գործոններից է։ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ նշվում է, որ «նման կերպ ոչ միայն բարձրանում է հայոց բանակի միջազգային հեղինակությունը, այլև ՀՀ զինված ուժերը ծանոթանում են ժամանակակից բանակներում քննություն բռնած առաջավոր փորձին և այն կիրառում ՀՀ զինված ուժերի շինարարության գործում» [10, էջ 208]: ՀԱՊԿ-ին անդամակցությունը նաև արտոնյալ պայմաններ է ընձեռում ռազմատեխնիկական մատակարարումների և ամենամյա համատեղ զորավարժությունների միջոցով բանակի մարտունակության բարձրացման համար [11, էջ 535]՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ում կիրառվող զեղչեր տրամադրող ռեժիմը ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում: 2003-ից պաշտոնական Մոսկվան ՀԱՊԿ անդամ երկրներին ռազմական նշանակություն ունեցող արտադրանք է մատակարարում ներռուսական գներով և առանց ավելացված արժեքի հարկը գանձելու:
Պաշտոնական Երևանն իր ռազմական քաղաքականությունն իրականացնում է ՀԱՊԿ և նրա կազմի մեջ մտնող բոլոր պետությունների շահերը հաշվի առնելով։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որն իրագործվում է անդամ պետությունների միջև բազմակողմ կապերի միջոցով [12]:
ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ հոդվածում նշվում է. «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով»: Իսկ 4-րդ հոդվածը սահմանում է. «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ»: Վերոհիշյալ հոդվածով նախատեսված պարտավորությունները կատարելու պատրաստվածությունը գործնական առումով ապացուցելուն և պաշտոնական Երևանի հանդեպ հնարավոր ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում Հայաստանի պետական կառավարման մարմինների կողմից ձեռնարկվելիք քայլերի մշակմանն էին միտված 2008թ. հունիս-օգոստոսին Հայաստանում «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համատեղ պաշտպանության գործողության նախապատրաստում և անցկացում» խորագրով անցկացված ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական ուժերի և միջոցների համակարգի «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները:
2009թ. փետրվարի 4–ին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության օրոք, Մոսկվայում գումարված ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նստաշրջանի արդյունքներով կայացվեց որոշում` ստեղծել Օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր (ՕԱՀՈւ): Նշվեց, որ ՕԱՀՈւ առջև դրվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների հանդեպ ռազմական ագրեսիայի կասեցման, միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ գործողությունների անցկացման, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և այլ խնդիրներ: Ներկայում ՀԱՊԿ ՕԱՀՈւ կազմում ներառված են ստորաբաժանումներ ՀՀ Զինված ուժերից, Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ազգային անվտանգության ծառայությունից և Ոստիկանությունից: 2011թ. հունվարին պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցչություն հիմնեց, արդեն 2013թ. տարեվերջին ներկայացուցչությունում նշանակվեց նաև ՀՀ ԶՈւ ներկայացուցիչ:
Եթե համակարգենք ասվածը, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունն ունի մի շարք առավելություններ.
- անդամակցությունը դրական է անդրադարձել երկրի մարտունակության վրա,
- շնորհիվ ՀԱՊԿ անդամակցության և Ռուսաստանի հետ համագործակցության Հայաստանը կարողացավ իր բանակի մակարդակը ժամանակակից տեխնիկայի հագեցածության առումով հասցնել միջազգային բարձրագույն չափանիշների,
- ըստ ռազմական փորձագետների գնահատականների՝ Հայաստանը տարածաշրջանում ստեղծել է ապահով Հակաօդային պաշտպանության համակարգ: Պաշտոնական Երևանը մտնում է ՀԱՊԿ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի մեջ և տնօրինում է ամենակատարելագործված ՀՕՊ միջոցների,
- ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը հնարավորություն է ստանում արտոնյալ զենք և զինամթերք ստանալու,
- Հայաստանն օգտագործում է ՀԱՊԿ անդամակցությունը՝ իր ձայնը լսելի դարձնելու և իր միջազգային ներկայացվածությունն ապահովելու համար:
Պաշտոնական Երևանը, ի տարբերություն ՀԱՊԿ անդամ այլ պետությունների, առավել մեծ հավանականություն ունի ընդգրկվելու ռազմական հակամարտության մեջ` Արցախյան հիմնահարցի պատճառով: Համաձայն պաշտոնական դիրքորոշման՝ ՀԱՊԿ-ը չի միջամտում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, այլ միայն հետևում է զարգացումներին, քանի որ կան այդ գործով զբաղվող այլ միջազգային կազմակերպություններ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Չնայած այս հանգամանքին՝ ՀԱՊԿ շրջանակներում պարբերաբար անդրադարձ է կատարվել Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Օրինակ` ՀԱՊԿ-ում անդամ պետությունների ղեկավարները միջազգային հարաբերությունների օրակարգային հարցերին նվիրված 2012թ. մայիսի 15–ի հռչակագրում և 2014թ. դեկտեմբերի 23–ի հայտարարությունում նշել են. «ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարևորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը [13]»: Եղել են նաև դեպքեր, երբ հարցի առնչությամբ ի հայտ են եկել կազմակերպության իրավաքաղաքական նորմերին հակասող ներքին մոտեցումներ։ Այս փաստն ընդգծել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը` Սոչիում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ: Նախագահը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ Հայաստանը ճիշտ չի համարում, երբ ՀԱՊԿ առանձին անդամ պետություններ Արցախյան հակամարտության հարցում հայտարարություններ են անում, որոնք ներդաշնակ չեն կազմակերպության որոշումների հետ: ՀՀ նախագահը մասնավորապես նկատի ուներ ՀԱՊԿ անդամ երկրների և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը [14]: Ավելին, ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամ են, իսկ վերջինս Արցախյան հիմնահարցում ունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում։ Ղազախստանն ու Ղրղզստանը Թյուրքալեզու պետությունների միության [15] անդամ են, իսկ այս կազմակերպությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Համաձայն ՀԱՊԿ կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ պարբերության՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավորություն են ստանձնում չանել քայլեր, որոնք ուղղված կլինեն անդամ երկրների անվտանգության դեմ: Մինչդեռ Բելառուսը Ադրբեջանին պարբերաբար զենք է վաճառում` ի հակադրություն պաշտոնական մակարդակով արված հայտարարությունների: ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի առնչությամբ հայկական կողմը բազմիցս հայտնել է իր մտահոգությունները։
Չնայած ՀԱՊԿ անդամ որոշ երկրների վարած վերոնշյալ քաղաքականությանը՝ պաշտոնական Երևանը շարունակում է ամրապնդել դիրքերը ՀԱՊԿ-ում և ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություններին: ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները 2016թ. մայիսի 17-19-ը Բելառուսում մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: Հայկական զինուժի պատվիրակությունը մասնակցել է 2016թ. մայիսի 20-ին Տաջիկստանում անցկացված ՀԱՊԿ ռազմատնտեսական կոմիտեի 14-րդ նիստին: 2016թ. մայիսի 24-26-ին Հայաստանում անցկացվել են ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների «Կոբալտ-2016» զորավարժությունները: 2016թ. հոկտեմբերին Երևանում կայացավ ՀԱՊԿ գագաթաժողով, որին Ղազախստանը ներկայացել էր վարչապետի մակարդակով, քանի որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վատառողջ էր, ինչը որակվեց որպես «դիվանագիտական հիվանդություն» [16]: Գագաթաժողովին, ի թիվս այլ հարցերի, պետք է քննարկվեր նաև ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը, այդ պաշտոնի թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում էր Հայաստանին [17], սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգվեց մինչև 2017թ. ապրիլ:
Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները նոր փուլ մտան 2016թ. դեկտեմբերի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությամբ, որում նա մեղադրում էր Ադրբեջանին Հայաստանի տարածք կատարած դիվերսիոն ներթափանցման փորձի մեջ՝ դա դիտարկելով որպես սադրիչ քայլ ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ: Հայտարարության մեջ Ն.Բորդյուժան օգտագործել է նաև «Արցախի Հանրապետություն» եզրույթը, ինչն իր արձագանքը գտավ Ադրբեջանում: Հաջորդ քայլն արեց ՀԱՊԿ առանցքային երկրի՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողին։ Նրա պատասխանում հստակ նշում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի հանդիսանում Ադրբեջանի ներքին խնդիր [18]: 2017թ. մայիսի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Գրիգորիի Խաչատուրովը [19]: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի թեկնածուի նշանակումը հետաձգվում էր համարյա մեկ տարի՝ կապված ՀԱՊԿ անդամ որոշ երկրների որդեգրած հակահայկական քաղաքականության հետ [20]: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովի գլխավոր քարտուղար նշանակմանը, նշել է, որ այն կարող է ունենալ իր դրական և բացասական ազդեցությունը Հայաստանի համար, քանի որ ՌԴ քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի և ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի հայտարարությունները տարբեր կշիռ կունենան ՀԱՊԿ-ում՝ հավելելով, որ Յուրի Խաչատուրովն այդ պաշտոնում հանդես է գալու ոչ թե որպես ՀՀ քաղաքացի, այլ որպես միջազգային պաշտոնյա [21]:
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ Հարավային Կովկասը կարևոր տեղ է զբաղեցնում ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակում, և Հայաստանը, լինելով ՀԱՊԿ ամենաակտիվ անդամներից մեկը, տարածաշրջանում հանդես է գալիս որպես նրա հիմնական գործընկերը և հենարանը: Սա խաղաքարտ է Հայաստանի ձեռքում, որը կարող է արդյունավետ օգտագործել ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների հակահայկական գործողություններին և հայտարարություններին հակակշռելու համար:
Մայիս, 2018թ.
Աղբյուրներ և գրականություն
- Договор о коллективной безопасности от 15 мая 1992 года, Официальный сайт ОДКБ, www.odkb.gov.ru/start/index.htm
- Տոնոյան Դ., Պաշտպանական բարեփոխումների իրականացումը ռազմական համագործակցության շրջանակներում, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, N 1-2(71-72), Ե., 2012։
- Քոչարյան Տ., Ազգային անվտանգության հիմունքների վերաբերյալ դասընթաց, Ե., 2013։
- Քոչարյան Տ., Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովումը ազգային անվտանգության համատեքստում, Ե., 2012։
- Устав Организации договора о коллективной безопасности, 07.11.2002, Официальный сайт ОДКБ, www.odkb-csto.org/documents/detail.php?ELEMENT_ID=124
- Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ինքնաթիռ է խոցել», 24.11.2015, CIVILNET, www.civilnet.am/news/2015/11/24/fighter-jet-crashes-syria-turkish-border/282088
- Lambdin A., Greek-Turkish Relations: Why Greece supports Turkey’s? European Union candidacy bid, University of Arizona, www.eucenter.scrippscollege.edu/wp-content/uploads/files/2016/03/Claremont-Conference-Alexandros-Lam...
- Macfarquha N., Erlanger S., RNATO-Russia Tensions Rise After Turkey Downs Jet, 24.11.2017, www.nytimes.com/2015/11/25/world/europe/turkey-syria-russia-military-plane.html?_r=0
- Գրիգորյան Ա., Միջազգային ռազմական համագործակցությունը որպես ՀՀ ռազմական անվտանգության բաղադրիչ, ԵՊՀ հրատ., Ե., 2015։
- Օհանյան Ս., Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը, Ե., 2012։
- Մինասյան Է., Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմություն, Ե., 2014։
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջ, www.mfa.am/hy/international-organisations/CSTO/
- “Helsinki Final Act” Organization for Security and Cooperation in Europe OSCE, www.osce.org/helsinki-final-act
- Գևորգյան Ա., ՀԱՊԿ առավելություններ և թերություններ, Diplomat-Արատտա ուսանողական շարժում, www.astgh-gevorgyan.blogspot.am
- Official page of The Cooperation of Turkic speaking states, www.turkkon.org/en-US/general_information/299/308
- Korotayev A., Kazakh president Nazarbayev treated for cold before Armenian visit, REUTERS, 17.06.2016, www.uk.reuters.com/article/uk-kazakhstan-president-idUKKCN12B0JG?il=0
- Chausovsky E., Why Russian`s Military Alliance is Not the Nest NATO, 10.01.2017, Stratfor Worldview, www.stratfor.com/analysis/why-russias-military-alliance-not-next-nato
- Երեմյան Ա., Լավրովի պատասխանը շոկ է առաջացրել Բաքվում, ParsToday, 18.01.2017, www.parstoday.com/hy/news/armenia-i51460
- Никольский А., Саммит ЕАЭС в Бишкеке: о чем говорили семь президентов, Риа Новости, 15.04.2017, www.ria.ru/analytics/20170415/1492319201.html
- Kucher J., St.Petersburd Summit Accelerates Unravelling of CSTO, EURASIANET.org, www.eurasianet.org/node/81786
- Սարգսյան Վ., Յուրի Խաչատուրովը այդ պաշտոնում հանդես է գալու ոչ թե որպես ՀՀ քաղաքացի, այլ որպես միջազգային պաշտոնյա», Aravot.am, www.aravot.am/2017/04/21/880112/
- Акопян В., Назначение Хачатурова на пост генсека ОДКБ ненужно переоценивать, ArmenianSputnik.am, www.ru.armeniasputnik.am/exclusive/20170415/7025010/akopyan-naznachenie-khachaturova-na-post-genseka...
- Соглашение о правовом статусе Организации договора о колективной безопасности, 07.11.2002, МОЦИП, Официальный сайт ОДКБ Армения, www.odkb-armenia.am/doc02.php
- Юргенов И., ОДКБ: Отвественная безопасность, М., 2011.
- Poghosyan B., The appointment of General Khachaturov as head of the CSTO has both positive and negative implications for Armenia, Commonspace.eu, www.commonspace.eu/index.php?m=23&news_id=4215
- Kucher J., At Summit, CSTO Wrestles with internal Disputes, Irrelevance, EURASIANET.org, www.eurasianet.org/node/80906
դեպի ետ