
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (79), 2018թ.
Տարոն Սաքոյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հայցորդ
Համաշխարհային պատմության մեջ քիչ չեն այն պետությունները, որոնց փոխհարաբերություններն անմիջականորեն անդրադարձել են նրանց հարևան ու հարակից պետությունների և ժողովուրդների վրա: Մասնավորապես, այս առումով կարելի է առանձնացնել ռուս-թուրքական հարաբերությունները, որոնց պատմությունը հարուստ է ծայրահեղություններով՝ ռազմադիվանագիտական ճակատներում կատաղի բախումներից մինչև դաշնակցային հարաբերություններ, որոնք ուղղակիորեն ազդել են մասնավորապես հայերի սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանքի վրա: Սույն աշխատանքում վերհանվել և լուսաբանվել են պատմական այն իրադարձությունները, որոնք սրել կամ փոխգործակցության են մղել ռուսական և թուրքական (օսմանյան) կողմերին: Առանձնակի ուշագրավ և կարևոր է հիշյալ կողմերին փոխգործակցության մղած փաստերի, ինչպես նաև դրանց դրդապատճառների օբյեկտիվ լուսաբանումը, քանի որ, եթե ռուս-թուրքական պատերազմներին (12) քիչ թե շատ ծանոթ է նույնիսկ ընթերցողը, ապա նույնը չենք կարող ասել ռուս-թուրքական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, որոնց իմացությունը նույնպես ունի սկզբունքային նշանակություն: Ռուս-թուրքական մերձեցումները, պատերազմների համեմատ, քանակով թեև զգալիորեն սակավ են, բայց պակաս ազդեցություն չեն թողել դրանցում ներգրավված պետությունների և ժողովուրդների միջազգային կարգավիճակի վրա:
Ռուս-թուրքական միջպետական շփումները հաստատվել են 15-րդ դարի վերջերին, որոնք առավելապես կրել են առևտրային բնույթ [1, с. 149-150]: Սակայն ռուսական և օսմանյան պետությունների հետագա հզորացումն ու տարածքային ընդարձակումները բերեցին նրան, որ հիշյալ տերություններն անմիջական շփման և առճակատման մեջ մտան միմյանց հետ: Հպանցիկ անդրադառնալով և ընդհանուր գծերով ներկայացնելով ռուս-թուրքական ընդհարումները՝ անդրադառնանք նաև ռուս-թուրքական մերձեցումներին ու դրանց դրդապատճառներին, որոնց ուսումնասիրությունը, ինչպես վերն ասվեց, կարևոր է, քանի որ ունի ուսուցողական նշանակություն, հատկապես արդի աշխարհաքաղաքական պայմանների համատեքստում [առավել մանրամասն տե՛ս 2]: Նշենք, որ դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև հաստատվել են միայն Կոստանդնուպոլսի 1700թ. հուլիսին կնքված ռուս-օսմանյան հաշտության պայմանագրից հետո [1, с. 154-155; 3, с. 131-132]: Մինչդեռ այդ պետություններն արդեն հասցրել էին երեք անգամ պատերազմել միմյանց հետ (1568-1570թթ., 1672-1681թթ., 1686-1700թթ.): Ռուսաստանն ու Թուրքիան այն պետություններն են, որոնք իրենց գաղափարական, էթնիկական, կրոնական, պատմամշակութային և աշխարհաքաղաքական կառուցվածքով և հակասություններով միմյանցից՝ որպես հակառակ բևեռներ, էականորեն առանձնանում են, ինչն էլ, բնականաբար, կանխորոշել է նրանց հարաբերությունների պատմական անհանգիստ ընթացքը: Թերևս, տեղին կլինի հիշատակել օսմանյան պետական գործիչ Մեհմեդ Էմին Ֆուադ փաշայի (1814-1869) 1869թ. նշած այն տեսակետը, որով Ռուսաստանը վերջինիս կողմից օբյեկտիվորեն որակվել էր որպես «մեր կայսրության բնական թշնամի» [4, էջ 33-34]:
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններում հայկական գործոնի ի հայտ գալուն, հարկ է նշել, որ այն սկսեց դեր խաղալ 18-րդ դարի սկզբից, երբ հայության ազատագրման և ինքնորոշման խնդիրներով տարված մի շարք նվիրյալներ, ի դեմս Իսրայել Օրու (1658-1711), Դավիթ Բեկի (1669-1728) և այլոց, դիվանագիտական և ռազմական ճանապարհով փորձում էին թոթափել պարսկական և թյուրքական տիրապետությունները, որոնց ընթացքում շփումներ հաստատվեցին նաև ռուսական արքունիքի հետ [5, էջ 81-95]: Ռուսական պետության հզորացումն ու հետագա ընդարձակումները վերջինիս արևելյան հիմնահարցերում ակտիվորեն ներգրավվելու հնարավորություն ընձեռեց, որոնց ընթացքում հայ ժողովուրդը մշտապես եղավ ռուսական կողմին հուսալի աջակցողի դերում: Նշենք, որ եթե Պարսկաստանը ստիպված էր հաշտվել Հայաստանի՝ իրեն պատկանող արևելյան հատվածի կորստի հետ (1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներով [6, էջ 427-428]), ապա նույնը չենք կարող ասել Օսմանյան կայսրության մասին: Վերջինս, ունենալով ռազմավարական նշանակության աշխարհագրական դիրք (առաջին հերթին՝ նեղուցների առկայությունը), բոլոր ժամանակներում էլ առավելագույնս օգտվել է այդ հանգամանքից, իսկ, մասնավորապես, թուրքական դիվանագիտությանը մշտապես բնորոշ են եղել ճկունությունն ու ծայրահեղ պրագմատիզմը, որոնք մեկ անգամ չէ, որ Թուրքիային դուրս են բերել բարդ իրավիճակներից: Այս ամենին առանձին դեպքերում գումարվել է նաև մի շարք տերությունների (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և… Ռուսաստանի) աջակցությունը, ինչից թուրքերն օգտվել են առավելագույնս արդյունավետ կերպով: Մնում է միայն արձանագրել, որ պատմությունն ապացուցել է նման քաղաքականության կենսունակությունը: Այսպիսով, պետք է փաստենք, որ, ի տարբերություն Պարսկաստանի, Թուրքիան երբեք չկամեցավ հրաժարվել առաջավորասիական հեգեմոնի նկրտումներից, նույնիսկ Օսմանյան կայսրության փլուզման իրական սպառնալիքի պայմաններում: Կարող ենք ասել, որ թուրքերը, այս առումով, պարսիկներից շատ ավելի համառ գտնվեցին, ինչն էլ, անխոս, տվեց իր պտուղները: Բնականաբար, այս հանգամանքը նույնպես պետք է ենթադրեր ռուս-թուրքական գրեթե անդադար առճակատումներն ընդհուպ մինչև մեր օրերը: Չնայած այս ամենին, ռուս-թուրքական հարաբերություններին, ինչպես ասվեց վերը, բնորոշ են եղել նաև մերձեցումները:
Ռուս-թուրքական հարաբերություններում հայկական գործոնն առավել սուր արտահայտվեց 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքներով, երբ Սան Ստեֆանոյում, ապա Բեռլինի վեհաժողովում արծարծվեց, միջազգային հնչեղություն ու նաև իրավական կարգավիճակ ստացավ միանգամայն նոր՝ «Հայկական հարց» եզրույթը [7, էջ 5-6]: Սա հետագայում պետք է իսկական «դամոկլյան սուր» դառնար Օսմանյան կայսրության գլխին՝ դրդելով նրան աննախադեպ վայրագությունների արևմտահայության նկատմամբ: Այս առումով Թուրքիայի առջև լայն հեռանկարներ բացվեցին Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) տարիներին, երբ օսմանյան կառավարության պարագլուխներ հանդիսացող երիտթուրքերը («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) մշակեցին, ապա և 1915թ. իրականացրին արևմտահայության տեղահանումներն ու կոտորածները, որոնք հետագայում պետք է բնորոշվեին որպես «ցեղասպանություն» [8, էջ 283-442]: Նշենք, որ երիտթուրքերը, արևմտահայությունը դիտելով որպես թշնամի Ռուսաստանին դաշնակից տարր, այս կերպ նաև «Հայկական հարց»-ից ազատվելու փորձ կատարեցին, ինչն արդեն տասնամյակներ շարունակ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի ձեռքում վերածվել էր շահարկման արդյունավետ գործիքի: Այսպիսով, «Հայկական հարց»-ն ընդամենը պատրանք եղավ համայն հայության համար: Օսմանյան կայսրության առջև նպաստավոր հեռանկարներ բացեցին նաև 1917թ. հոկտեմբերին Ռուսաստանում ազգային պետության փլուզումն ու դրան հաջորդած քաղաքացիական պատերազմը (1917-1922թթ.): Արդյունքում՝ ներքին և արտաքին սպառնալիքների առջև հայտնված և արդեն բոլշևիկյան դարձած Ռուսաստանը Օսմանյան կայսրության հետ 1917թ. դեկտեմբերին կնքելով Երզնկայի զինադադարը, իսկ 1918թ. մարտին Քառյակ միության պետությունների հետ՝ Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը՝ դուրս եկավ Առաջին աշխարհամարտից և Անտանտի կազմից [9, с. 195, 230-232]: Օգտվելով ստեղծված պատեհ իրադրությունից՝ օսմանյան իշխանությունները խրախուսեցին Անդրկովկասի անջատումն ու անկախացումը (1918թ. ապրիլ) ներքին խնդիրներով տարված Ռուսաստանից, որին անմիջապես հետևեց թուրքական զորքերի ներխուժումը տարածաշրջան (1918թ. մայիս): Անհհրաժեշտ է արձանագրել, որ Ռուսաստանի թուլացումն անմիջականորեն բխում էր Թուրքիայի աշխարհաքաղաքական ծրագրերից, որոնք համակված էին պանթյուրքիզմի ազգայնամոլ գաղափարներով [10, с. 87-95]: Սույն գաղափարախոսությունը ենթադրում է Թուրքիայի գլխավորությամբ Եվրասիայում բնակվող թյուրքալեզու ժողովուրդների համախմբումը մեկ պետության՝ Մեծ Թուրանի կազմում: Այն, ըստ էության, Թուրքիայի շովինիստական և ծավալապաշտական նկրտումների հանրագումարն է, որը սպառնում է հայ ժողովրդի գոյությանը, ինչպես նաև ենթադրում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մասնատումը [11]: Թուրքական իշխանություններն այս ազգայնամոլ ծրագրերին այնքան արժեք են հաղորդել, որ դրանք փոխանցվել են սերնդեսերունդ: Եվ որքան էլ պաշտոնական Անկարան փորձի ներկայացնել հակառակը, ակնհայտ է, որ պանթյուրքիզմի մոլուցքն այսօր էլ ստանում է լուրջ առարկայական դրսևորումներ նրա քաղաքական վարքագծում [12, 13]:
Այսպիսով, 1918թ. գարնանը ստեղծված իրադրությունը ենթադրում էր թուրքական բանակի սրընթաց առաջխաղացումը Կովկասյան ռազմաճակատում, ուր ռուսական զորքերի հեռանալուց հետո պաշտպանական գործառույթներն ստանձնել էին կամավորական ուժերը, որոնք առավելապես կազմված էին հայերից: Սակայն թուրքական բանակը, ի դեմս կովկասյան թաթարների, ուներ հուսալի դաշնակիցներ, որոնք ջանքեր չէին խնայում իրենց «թուրք եղբայրներին» ամեն կերպ աջակցելու առումով [10, с. 15-16, 94-95]: Այս գործընթացների ընթացքում էր, որ ձևավորվեցին անդրկովկասյան հանրապետությունները՝ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Սակայն վերջիններիս կարճատև գոյատևումը բոլշևիկյան էքսպանսիայի, իսկ Հայաստանի Հանրապետության (1918-1920) պարագայում՝ նաև 1920թ. օգոստոսին կնքված ռուս-թուրքական հակահայ դաշինքի արդյունք էր [առավել մանրամասն տե՛ս 14]:
Մինչ առաջին ռուս-թուրքական դաշինքներին անցնելը՝ նախ հարկ է ընդհանուր գծերով ներկայացնել զարգացման և քաղաքակրթական այն աստիճանը, որ գտնվում էին Ռուսական և Օսմանյան կայսրությունները 18-19-րդ դարերում: Նման մոտեցումը հնարավորություն կտա իրապես ընկալելու մեր ուսումնասիրության առարկա հանդիսացող այն միանգամայն նոր իրավիճակային զարգացումները, որ գրանցվեցին հիշյալ տերությունների միջև փոխհարաբերություններում: Դրանք, ըստ էության, տնտեսապես հետամնաց միապետություններ էին, որոնք, մինգամայն օրինաչափ կերպով, հանդիսանում էին նաև հետադիմական արժեհամակարգի կրողներ: Սույն մոտեցումն ուղղակիորեն պետք է տարածվեր նաև այդ պետությունների ներքին և արտաքին քաղաքականության վրա: Նույնիսկ 18-19-րդ դարերում քաղաքակիրթ աշխարհին արդեն հայտնի էին ցարական և սուլթանական իշխանությունների կողմից սեփական բնակչության նկատմամբ տարաբնույթ բռնաճնշումները: Պետք է փաստենք նաև, որ օսմանյան հասարակության թուրքական հատվածի էլիտան իր կրթական աստիճանով անհամեմատ զիջում էր ռուսականին: Մինչդեռ, այս առումով, իրավիճակը միանգամայն այլ էր կայսրության այլազգի, առավելապես հույն, հայ և ասորի բնակչության առումով: Հետևաբար, սուլթանական վարչակարգի և նվաճած ու նվաճված կողմերի միջև կրթական ակնհայտ տարբերությունների առկայության պայմաններում, միանգամայն օրինաչափ էին այն վայրագությունները, որ սոցիալական և հատկապես էթնիկ ու կրոնական հիմքերի վրա պարբերաբար տեղի էին ունենում օսմանյան պետությունում [15, էջ 102-136]: Չնայած վերը թվարկված ընդհանրություններին՝ Ռուսական կայսրության հասարակական-քաղաքական կյանքում առկա էին որոշ առանցքային առանձնահատկություններ: Մասնավորապես, ռուսական հասարակությունը թեև նույնպես միատարր չէր, սակայն դրանում առկա ճնշումներն առավելապես կրում էին սոցիալական բնույթ՝ անկախ դրանց օբյեկտի ազգային պատկանելությունից [16, с. 107, 592]: Ռուսաստանի հասարակական-քաղաքական կյանքն ուղղակիորեն մարմնավորված էր ճորտատիրական կարգում, քանի որ տեղի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմված էր ճորտերից [17, с. 208-209, 292-293]: Սույն իրողությունը դարձել էր այդ ժամանակների ռուսական մտավորականության և առաջադեմ մարդկության ծաղր ու ծանակի, ինչպես նաև սուր քննադատության առարկան [18, с. 30-31, 448-452, 508-510; 19, с. 56-58]: Ուստի, պատահական չէր, որ ռուսական ինքնակալությունը հանդես եկավ ընդդեմ Ֆրանսիայում ծավալվող հասարակական-քաղաքական առաջադիմական փոփոխությունների, որոնց ընթացքում ցարիզմը դաշնակցեց նույնիսկ իր ոխերիմ հակառակորդ Օսմանյան կայսրության հետ [20, с. 95]՝ այդ կերպ նախապատվություն տալով իր արտաքին քաղաքականության գաղափարական կողմին: Այսպես, Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում միահեծանության (1789թ.), ապա և միապետական կարգի տապալումը (1792թ.), ինչպես նաև Ֆրանսիական Հանրապետության հռչակումը (1792թ. սեպտեմբերի 22) թշնամանքով ընկալվեց Եվրոպայի ֆեոդալ-միապետական վարչակարգերի կողմից: Բացի այդ, Ֆրանսիայում տեղի ունեցած իրավական և սոցիալ-քաղաքական արմատական փոփոխությունները, մասնավորապես՝ 1789թ. օգոստոսին ընդունված Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրն իր առաջադիմական սկզբունքներով նույնպես անընդունելի եղան նրա հարևանների համար: Արդյունքում՝ 1792 թվականից Ֆրանսիայի դեմ ձևավորվեցին եվրոպական բացարձակ միապետությունների և Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական դաշինքները՝ հակաֆրանսիական խմբավորումները (1792-1815), որոնք հետապնդում էին ագրեսիվ նպատակներ [21]: Այն է՝ ներխուժում Ֆրանսիա և հին հասարակական հարաբերությունների ու բացարձակ միապետության վերականգնում: Նշենք, որ, ի տարբերություն իր դաշնակիցների, Մեծ Բրիտանիան հետապնդում էր միանգամայն այլ նպատակներ: Բանն այն է, որ դարեր շարունակ Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական և տնտեսական գլխավոր մրցակիցն էր, և անկախ Ֆրանսիայում առկա պետական կարգից ու սոցիալ-քաղաքական կառուցվածքից, Լոնդոնն ամեն կերպ ձգտում էր թուլացնել ախոյանին: Նշված գործընթացներում Ռուսաստանին՝ որպես մարդկային ռեսուրսներով առավել հարուստ պետության, վիճակված էր դառնալ Մեծ Բրիտանիայի հակաֆրանսիական քաղաքականության գլխավոր գործիքը: Մասնավորապես, օգտվելով իր դաշնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսական հետամնացությունից՝ բրիտանացիները նրանց յուրաքանչյուր հարյուր հազար զինվորի դիմաց տարեկան վճարում էին 1.250.000 ֆունտ ստերլինգ [22, с. 87, 97]: Ռուս-օսմանյան դաշինքը գրանցվեց 1799թ. հունվարին երկրորդ հակաֆրանսիական խմբավորման (1798-1801թթ.) շրջանակներում, երբ Մեծ Բրիտանիայի տնտեսական հզորությունը սասանելու նպատակով 1798թ. գարնանը ֆրանսիական իշխանությունները ձեռնարկեցին Արևելյան (եգիպտական) արշավանքը (1798-1801թթ.) [23]: Սույն ձեռնարկման հաջող ելքը կզրկեր բրիտանացիներին Ֆրանսիայի դեմ երկարատև պատերազմներ վարելու, ինչպես նաև իրենց դաշնակից արքունիքներին առատ ֆինանսավորելու հնարավորությունից: Ռուս-օսմանյան այս դաշինքը նաև բրիտանական դիվանագիտության եռանդուն ջանքերի արդյունք էր [24, էջ 139-140]: Եվ չնայած այն հաջողություն չունեցավ, սակայն հիմք դրվեց պատմական այն նախադեպին, որը հետագայում ոչ մեկ անգամ պետք է կրկնվեր: Հարկ է նշել նաև այն, որ Արևելյան արշավանքի ընթացքում ֆրանսիական հրամանատարությունը դեպի Կոստանդնուպոլիս արշավելու և այդ նպատակով օսմանյան լծի տակ գտնվող հայության աջակցությունն ստանալու խնդիր էր դրել [25, էջ 9-10]: Նշվածը, սակայն, չիրագործվեց ֆրանսիական ուժերի դեպի Սիրիա կատարած ռազմարշավի (1799թ.) անհաջող ելքի պատճառով:
Ուշագրավ է նաև 19-րդ դարի 30-ականների ռուս-օսմանյան դաշնակցությունը [26, էջ 431-452]: Այսպես, 1831թ. պատերազմ էր սկսվել օսմանյան սուլթան Մահմուդ II-ի և վերջինիս անհնազանդ վասալ, Եգիպտոսի կառավարիչ Մուհամեդ Ալիի միջև: Ռազմական գործողություններն ընթանում էին հօգուտ Եգիպտոսի, ինչը սուլթանին ստիպեց ընդունել ռուսական աջակցությունը, քանի որ սույն գործընթացների նկատմամբ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ընդունել էին կրավորական դիրքորոշում: Արդյունքը եղավ այն, որ ռուսները բառացիորեն փրկեցին սուլթանին՝ կանխելով Եգիպտոսի ուժերի առաջխաղացումը դեպի Կոստանդնուպոլիս: Պատերազմը դադարեց 1833թ. մայիսին, իսկ նույն թվականի հուլիսին կնքվեց ռուս-օսմանյան դաշինքը (Ունքյար-Իսքելեսի պայմանագիր), որն, ի հակակշիռ Մեծ Բրիտանիայի ռազմավարական շահերի, Ռուսաստանին տալիս էր լայն լիազորություններ Բոսֆորի և Դարդանելի նեղուցների վերահսկման առումով: Չնայած շուտով Ռուսաստանը զրկվեց այս առավելությունից, ինչն ամրագրվեց Մեծ Բրիտանիայի ջանքերով հրավիրված «Նեղուցների մասին» լոնդոնյան կոնվենցիայում (1841թ. հուլիս): Այսպիսով, օբյեկտիվ կլինի նշել, որ Օսմանյան կայսրությանը հաջողվեց օգտագործել իր աշխարհաքաղաքական հակառակորդ Ռուսաստանի ներուժը: Մինչդեռ, վերջինիս հետ նրա պատերազմն ավարտվել էր անհաջող ելքով և վերը հիշատակված իրադարձություններից ընդամենը մի քանի տարի առաջ` 1829թ.: Սա, թերևս, կարելի է դիտարկել որպես Realpolitik-ի դասական օրինակ թուրքական դիվանագիտության կատարմամբ:
Ամփոփելով՝ անհրաժեշտ է մեկ անգամ ևս մատնացույց անել, որ ռուս-թուրքական հարաբերությունները հաճախ աչքի են ընկել իրենց կտրուկ շրջադարձերով (ինչպես, օրինակ, 2015-2017թթ.), ոչ միանշանակ, անկանխատեսելի ու ֆորսմաժորային ելքերով: Առհասարակ, սրանք այն հարաբերություններն են, որոնք իրենց եզակիությամբ էականորեն առանձնանում են այլ պետությունների միջպետական հարաբերություններից և, թերևս, չունեն իրենց համարժեք նախադեպը համաշխարհային պատմության մեջ: Չնայած այս առումով որպես քիչ թե շատ մոտ օրինակ կարելի է դիտարկել ռուս-գերմանական հարաբերությունները, որոնք նույնպես ունեցել են բազում հակասական փուլեր: Այս համատեքստում, թերևս, միանման կարելի է համարել նաև հայ և լեհ ժողովուրդների պատմական ճակատագրերը, որոնք, շրջապատված լինելով հզոր հարևաններով` թուլանալուն պես նրանց կողմից ենթարկվել են բաժանումների ու տարաբնույթ ճնշումների: Հատկանշական է այն, որ և՛ Լեհաստանի, և՛ Հայաստանի պարագայում կողմերից մեկը եղել է Ռուսաստանը, սակայն սրա հետ մեկտեղ առկա է նաև էական վերապահում: Մասնավորապես, Լեհաստանի դեպքում Ռուսաստանի՝ որպես հիշյալ կողմերից մեկի, առկայությունը կրել է մշտական բնույթ:
Մայիս, 2018թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Петросян Ю.А., Османская империя: могущество и гибель. Исторические очерки, М., 1990.
2. Սաքոյան Տ.Ա., Սիրիական և ուկրաինական ճգնաժամերը Ռուսաստանի և Թուրքիայի շահերի տեսանկյունից // «Մխիթար Գոշ», Գիտական հոդվածներ, 2017, 2(47), էջ 296-299:
3. Павленко Н.И., Птенцы гнезда Петрова, М., 1985.
4. Սիմոնյան Հր. Ռ., Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Ե., 1991:
5. Գալոյան Գ.Ա., Հայաստանը մեծ տերությունների աշխարհակալական առճակատումներում (XVI դարից 1917թ.), Ե., 2004:
6. Բայբուրդյան Վ.Ա., Իրանի պատմություն, Ե., 2006:
7. Սահակյան Տ.Ղ., Ցավալի պայմանագրեր, Ե., 2007:
8. Ղազարյան Հ.Մ., Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. հատոր երկրորդ, Ե., 2004:
9. Киссинджер Г., Дипломатия, М., 1997.
10. Зареванд, Турция и пантуранизм / введ. А.Н. Мандельштама, М., 2015.
11. Սաքոյան Տ.Ա., Պանթյուրքիզմը որպես եվրասիական ժողովուրդների աշխարհաքաղաքական մարտահրավեր // «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (71), Ե., 2017, էջ 75-84:
12. Сафрастян Р.А., Пантюркизм 2023: Турция нацелилась на Алеппо и Нахичевань, 06.03.2018թ., https://ru.armeniasputnik.am/armenia/20180306/10810385/pantyurkizm-2023-turkey-nacelilas-na-aleppo-i...
13. Հարությունյան Վ.Վ., Նախիջևանը Թուրքիայի համար պլացդարմ է արևելք անցնելու համար, 21.02.2017թ., http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15474
14. Սաքոյան Տ.Ա., Ռուս-թուրքական հարաբերությունները և Հայաստանը // «21-րդ ԴԱՐ», թիվ 5 (75), Ե., 2017, էջ 92-102:
15. Պողոսյան Ս.Կ., Գոյատևման պայքարի քառուղիներում, Ե., 1988:
16. Понасенков Е.Н., Первая научная история войны 1812 года, М., 2017.
17. Тарасов Б.Ю., Россия крепостная: история народного рабства, М., 2011.
18. Россия первой половины XIXв. глазами иностранцев, сост. Лимонов Ю.А., Л., 1991.
19. Радищев А.Н., Путешествие из Петербурга в Москву, М., 1982.
20. Капитонова Н.К., Романова Е.В., История внешней политики Великобритании, М., 2016.
21. Понасенков Е.Н., Сакоян Т.А., Характер и цели антифранцузских коалиций // «Մխիթար Գոշ», Գիտական հոդվածներ, 2015, 2(43), էջ 186-193:
22. Троицкий Н.А., Александр I и Наполеон, М., 1994.
23. Սաքոյան Տ.Ա., Նապոլեոն Բոնապարտի արևելյան արշավանքի շարժառիթները // ՀՀ ԳԱԱ ԱԻ «Մերձավոր Արևելք» XI-XII հոդվածների ժողովածու, Ե., 2017, էջ 150-155:
24. Բորիսով Յու.Վ., Շառլ-Մորիս Թալեյրան, Ե., 1989:
25. Բախչինյան Ա.Հ., Նապոլեոն Բոնապարտը և հայերը, Ե., 2003:
26. Բայբուրդյան Վ.Ա., Օսմանյան կայսրության պատմություն, Ե., 2011:
դեպի ետ