
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (79), 2018թ.
Քրիստինե Մելքոնյան
Պ. գ. թ., ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականությունը բնութագրվում է որպես փոփոխական և անվստահելի: Ըստ ամերիկյան արխիվներում պահպանված վավերագրերի` թեև Թուրքիան պատերազմին չմասնակցեց, սակայն նրա դիվանագետների՝ «վարագույրի հետևում» իրականացրած խաղը բավական նկատելի էր [1, s. 27]: Այդ տարիների նրա արտաքին քաղաքականության մեջ առանձնանում են երեք ուղղություն. նախ՝ Թուրքիայի հարաբերություններն անգլո-ֆրանսիական կողմի հետ, այնուհետև թուրք-գերմանական և, ի վերջո՝ խորհրդա-թուրքական լարված հարաբերությունները:
Հոդվածի նպատակն է ներկայացնել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պատերազմի տարիներին, հատկապես նրա ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև դրանք խախտելու պաշտոնական Անկարայի ավանդույթը, որը սուր արտահայտվեց նաև Երկրորդ աշխարհամատի տարիներին: Դրա վառ ապացույցներից է այն, որ պատերազմի սկզբին Թուրքիան աջակցում էր Անգլիային, այնուհետև ոչ բացահայտ անցավ Գերմանիայի կողմը: Միաժամանակ, պատերազմի ողջ ընթացքում թե՛ Անգլիան, թե՛ Գերմանիան, թեպետ անհաջող, փորձում էին Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ: Պատերազմի տարիներին Անկարան նախընտրությունը տալիս էր հաղթող կողմին: Որոշ թուրք պատմաբաններ Թուրքիայի արտաքին այս քաղաքականությունն անվանում են «պաշտպանողական» [1, s. 27]: Անգլիան և ԱՄՆ-ը այն որակում էին որպես «հավատարմության վատ օրինակ» [2]: Իսկ եթե ավելի ստույգ՝ Թուրքիան այդ կերպ փորձում էր «բարձրացնել իր գինը», այսինքն` որքան հնարավոր է «թանկ վաճառել իր հավատարմությունը»: Պահանջներ ներկայացնելով թե՛ Գերմանիային, թե՛ Անգլիային` նա սպասում էր, թե որ կողմն ավելի շուտ կարձագանքի: Մինչդեռ երկու կողմերի համար դրանք անընդունելի էին:
Անգլիական և գերմանական արխիվային նյութերից պարզ է դառնում, որ 1938թ. Թուրքիան նախընտրությունը տալիս էր Գերմանիային: Սակայն վերջինիս արտգործնախարարությունն այդ տարիներին Թուրքիայի հետ դաշինք կնքելու անհրաժեշտություն չէր տեսնում [1, s. 28]: Միաժամանակ, մերձեցում էր նկատվում ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև. նախ Ի.Ռիբենտրոպն է այցելում Մոսկվա, ապա Վ.Մոլոտովը` Բեռլին: Գերմանիայի այս դիրքորոշումը հանգեցնում է 1939թ. թուրք-անգլիական համաձայնագրի ստորագրմանը: Ավելի ուշ Բեռլինը Թուրքիայի հետ այդ տարիներին վարած քաղաքականությունը կհամարի իր ամենամեծ սխալը [1, s. 28]: Թուրքիան հյուսիսից պաշտպանում էր Մեծ Բրիտանիայի մերձավորարևելյան տարածքները: Դա էլ ավելի էր բարձրացնում Թուրքիայի «արժեքը»: Որոշ փաստաթղթերի համաձայն` այդ տարիներին Թուրքիան ծրագրեր է ունեցել Հյուսիսային Իրաքի տարածքների հետ կապված. Անկարային հիմնականում հետաքրքրում էին նավթով հարուստ շրջանները:
Պատերազմի ընթացքում Թուրքիան քաջ գիտակցում էր իր որոշիչ դերը. եթե անցներ Գերմանիայի կողմը, ապա լուրջ հարված կհասցներ Անգլիային, և վերջինս կկորցներ Մերձավոր Արևելքի իր տարածքները: Իսկ եթե պաշտպաներ Անգլիային, ապա Գերմանիայի առջև կփակվեին սևծովյան նեղուցները, և վերջինս կկորցներ վերահսկողությունն այդ տարածաշրջանում: Այդ պատճառով Գերմանիայի օգնելու դիմաց Թուրքիան պահանջում է Մոսուլն իր շրջակայքով [1, s. 28]: Անգլո-ամերիկյան կողմում հանդես գալու համար առաջարկում էր վերադարձնել Օսմանյան կայսրության տարիներին իրեն պատկանող Էգեյան կղզիները, այդ թվում` Կիպրոսը: Բայց ո՛չ Բեռլինը, ո՛չ էլ Լոնդոնը չէին պատրաստվում զիջել այդ տարածքներն Անկարային: Ըստ այդ տարիների փաստաթղթերի` Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու.Չերչիլը Թուրքիայի այս ցանկությանը պատասխանել է հետևյալ կերպ. հնարավոր է՝ իրենք համակերպվեն այն մտքի հետ, որ նա իրենց դաշնակիցը չէ, սակայն երբեք «անգլիական թագի զմրուխտ» համարվող Կիպրոսը չեն հանձնի նրան` վստահեցնելով, որ Անգլիայի և ոչ մի կառավարություն նման նախապայմաններով Թուրքիայի հետ համաձայնության չի գա [3]: Լոնդոնը կարող էր բավարարվել միայն Անկարայի չեզոքությամբ, ինչը մեծացնում էր թուրք-գերմանական դաշինքի ձևավորման հավանականությունը: Պատերազմի ավարտից հետո ամերիկացի պատմաբանները, գնահատելով այդ տարիների իրադարձությունները, գրում են, թե կարևորն այն էր, որ իրենք թույլ չտվեցին, որ Գերմանիան Թուրքիային ներքաշի պատերազմի մեջ, քանզի դա կկանխորոշեր հակաֆաշիստական կոալիցիայի պարտությունը [4]:
Վերլուծելով պատերազմի սկզբնական շրջանում Թուրքիայի վարած քաղաքականությունը` այդ երկրում ԱՄՆ դեսպան Ջոն Վան Ա. Մաջմուրայը 1939թ. Վաշինգտոն ուղարկած իր զեկուցագրում նշում էր, որ Թուրքիային ձեռնտու չէ պատերազմի մեջ մտնելը, քանզի հնարավոր է, որ կորցնի իր տարածքների մեծ մասը, այդ պատճառով էլ ընտրել է չեզոքությունը: Դեսպանը հետևյալ եզրակացություններն էր անում. պատերազմի հարցում Թուրքիայի կառավարությունը շատ «իրատես» է` գիտակցելով իր դերը տարածաշրջանում, թուրքերն Անգլիային չեն համակրում, սակայն նախընտրությունը տալիս են վերջինիս, քանի որ պատերազմում նրա ռազմական և քաղաքական հեղինակությունը մեծ է, Թուրքիան հիմնվում է պատմական դասերի և փորձի վրա. պարտվողների կողքին չհայտնվելու համար, հաշվի չառնելով ստորագրված համաձայնագրերը, ապագայում նախընտրությունը կտա հաղթող կողմին [5, p. 858]:
1939թ. նոյեմբերին դեսպան Մաջմուրայը նախագահ Ֆ.Ռուզվելտին հղած զեկուցագրում, ներկայացնելով այդ տարիների խորհրդա-թուրքական հարաբերությունները, շեշտում էր, որ ներկայում Թուրքիան դաշնակցում է Անգլիայի ու Ֆրանսիայի հետ և փորձում է իր հարաբերությունները պարզել Խորհրդային Միության հետ, քանզի դրանցում սառնություն է նկատվել: Դեսպանի բնորոշմամբ` 1939թ. ամռանը պաշտոնական այցով Մոսկվա մեկնած Թուրքիայի արտգործնախարար Շ.Սարաջօղլուն հյուրընկալվել էր «զբոսաշրջիկի» կարգավիճակով, մինչդեռ նա հույս ուներ ԽՍՀՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել: Գերմանիայի հետ բանակցություններ սկսած ԽՍՀՄ-ը, սակայն, չի ընդունել Սարաջօղլուի ներկայացրած պահանջները: ԱՄՆ դեսպանը հաղորդում է, որ Թուրքիան անհանգստացած է խորհրդա-գերմանական մերձեցմամբ` ընդգծելով, որ «երկու բարեկամ, բայց և թշնամի պետություններ» միանալով օկուպացրել են Լեհաստանը: Մոսկվայից վերադարձած Սարաջօղլուի կարծիքով` ռուսներն օգտագործել են նոր տարածքներ գրավելու հարմար պահը: Չի բացառվում, որ ԽՍՀՄ ծրագրերում սևծովյան նեղուցների վերահսկումն էլ կա, հայտնում էր դեսպանը [5, p. 858]: Այս ենթադրությունը հաստատում էր նաև Մոսկվայում Վաշինգտոնի դեսպան Ջոն Ա. Սթենհարդը [5, p. 859]:
1941թ. փետրվարի 14-ին ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ Թուրքիային վերաբերող զեկուցագրերում նշվում էր, թե ենթադրվում է, որ Անկարան պատերազմի մեջ մտնելու նպատակով է զորահավաք սկսել, սակայն միաժամանակ հույս էր հայտնում, որ վերջինս հավատարիմ կմնա իր պարտավորություններին և չի խախտի 1925թ. խորհրդա-թուրքական պայմանագիրը: Նկատենք, որ 1941թ. մայիսի 2-ին Ճապոնիայում գործող խորհրդային հետախույզ Ռ.Զորգեն կենտրոն ուղարկած իր տեղեկատվության մեջ Մոսկվայի ուշադրությունն էր հրավիրում գերմանա-թուրքական ընթացող բանակցությունների վրա: Նա գրում էր, որ «այդ երկու երկրների համաձայնության գալու դեպքում ԽՍՀՄ-ի շուրջ իրավիճակն էլ ավելի կբարդանա և պատերազմից խուսափելն անհնար կլինի: Գերմանիան պատրաստ է միաժամանակ պատերազմել և՛ ԽՍՀՄ-ի, և՛ Անգլիայի դեմ» [6]: Հետախույզն իր գնահատականում չէր սխալվում. Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակումից մի քանի օր առաջ` հունիսի 18-ին, Թուրքիայի և Գերմանիայի միջև բարեկամության ու չհարձակման գաղտնի պայմանագիր է կնքվում: Գերմանիայի արտգործնախարար Ի.Ռիբենտրոպի կարծիքով` այս փաստաթուղթը պետք է Թուրքիային ազատեր այն հարաբերություններից, որոնք նրան կապում էին Անգլիայի հետ, ավելին, նպաստելու էր, որ Անկարան, ի վերջո, ընդգրկվեր առանցքի երկրների շարքում [7, с. 193]: Պայմանագիրն ապահովում էր նաև գերմանական բանակի հարավային թիկունքն անակնկալներից. Գերմանիան այլևս կախվածության մեջ չէր լինելու Իրանից և կարող էր ԽՍՀՄ-ի վրա հարձակվել Թուրքիայի տարածքով: Բացի այդ, փաստաթուղթը Գերմանիային իրավունք էր վերապահում Թուրքիայի տարածքով զենք ու զինամթերք տեղափոխել, ավելին, վերջինս պետք է նպաստեր Մերձավոր Արևելքում Գերմանիայի ազդեցության մեծացմանը:
Ինչպես ասվեց, Թուրքիան պայմանագիր ուներ ոչ միայն Գերմանիայի, այլև ԽՍՀՄ-ի հետ: 1925թ. դեկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրված խորհրդա-թուրքական բարեկամության և չեզոքության մասին պայմանագիրը երեք անգամ երկարաձգվել էր տարբեր ժամկետներով: Միաժամանակ ավելացվել էին նոր հավելվածներ, որոնք լուծում էին երկու պետությունների միջև այդ տարիներին ծագած խնդիրները: Վերջին անգամ` 1935թ., այն երկարացվել էր 10 տարով, այսինքն` մինչև 1945թ. նոյեմբերի 7-ը: Անկարայում 1929թ. ստորագրված արձանագրության Բ հոդվածի համաձայն` կողմերը պարտավորվել էին միմյանց տեղյակ պահել երրորդ պետության հետ քաղաքական պայմանագիր կնքելու մասին և առանց մյուս կողմի համաձայնության` այն չստորագրել [8, с. 35]: Մինչդեռ, ինչպես վերը նշվեց, Թուրքիան 1941թ. հունիսի 18-ին պայմանագիր էր ստորագրել Գերմանիայի հետ` դրանով իսկ խախտելով խորհրդա-թուրքական պայմանագիրը: Այս փաստաթղթի ստորագրումից չորս օր անց` 1941թ. հունիսի 22-ին, Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, որից անմիջապես հետո` հունիսի 25-ին, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հ.Աքթայը ԽՍՀՄ արտգործնախարարությանը պաշտոնապես հայտարարեց իր երկրի «չեզոքության» մասին [9, с. 129]: Չնայած չեզոքությանը` պատերազմի տարիներին Թուրքիան չէր թաքցնում բացասական վերաբերմունքը ԽՍՀՄ-ի նկատմամբ:
Պատերազմի տարիներին հակախորհրդային քաղաքականություն վարելով` Թուրքիան նախևառաջ փորձում էր իրականացնել իր պանթյուրքիստական ծրագրերը: Այդ ժամանակաշրջանում թուրքական մամուլը լեցուն էր հակախորհրդային հոդվածներով: 1941թ. օգոստոսի 5-ին Թուրքիայում Գերմանիայի դեսպան Ֆրանց ֆոն Պապենը Բեռլին ուղարկած իր մի գրությամբ տեղեկացրել է. «Գերմանիայի հաղթանակները Ռուսաստանում հանգեցրել են նրան, որ Թուրքիայի քաղաքական շրջանակները հետաքրքրություն են ցուցաբերում խորհրդա-թուրքական սահմանից այն կողմ ապրող իրենց հայրենակիցների, հատկապես Ադրբեջանի թուրքերի ճակատագրով: Այս շրջանակները ցանկանում են իրականացնել իրենց 1918թ. ծրագրերը և Անդրկովկասը, այդ թվում` Բաքվի հարուստ նավթային պաշարները միացնել Թուրքիային» [10, с. 34]: Նույն օրը Բեռլինում Թուրքիայի դեսպանն առաջարկել է Գերմանիային հակախորհրդային քարոզչություն ծավալել թուրք բնակչության շրջանում, ինչը թույլ կտա միավորել կովկասյան բոլոր ժողովուրդներին մեկ «բուֆերային» պետության մեջ և նման կերպ ստեղծել թուրքական մեկ այլ պետություն [10, с. 34]:
Նկատենք, որ Աթաթյուրքի մահից հետո (1938թ.) Թուրքիայում վերստին զարթոնք է ապրում պանթյուրքիստական գաղափարախոսությունը: 1941թ. նոյեմբերին Ստամբուլում նշանավոր պանթյուրքիստներ Հ.Էրկիլետի, Նուրի փաշայի (Էնվեր փաշայի եղբայրը), գեներալ Իսհան Սաբիսի և այլոց նախաձեռնությամբ կազմակերպվում է հատուկ կենտրոն` հակախորհրդային գործունեություն ծավալելու նպատակով: Անկարայում և Ստամբուլում հրատարակվում են պանթյուրքիստական թերթեր ու ամսագրեր, որոնք ողողված էին հակախորհրդային և պանթյուրքիստական հոդվածներով [11]: Այս ամենը կատարվում էր կառավարության գիտությամբ: Ավելին` նորից հրապարակ էր հանվում «Մեծ Թուրանի» ստեղծման գաղափարը: 1941թ. թուրքական «Բոզ քուրթ» («Գորշ գայլ») թերթը հրապարակում է Մեծ Թուրքիայի քարտեզը, որի մեջ ընդգրկված էին Խորհրդային Միության անդրկասպյան և Անդրկովկասի տարածքները [12]:
Գերմանիան, տեսնելով Թուրքիայում տիրող այս տրամադրությունները, օգտվելով իրավիճակից` վերջինիս խոստացել է «չեզոք և չպատերազմելու» դիմաց նրան զիջել ԽՍՀՄ սահմանամերձ որոշ շրջաններ [13, с. 17]: Գերմանացի ֆելդմարշալ Էրիխ ֆոն Մանշտեյնը իր գրառումներում նշել է, որ հաստատելով Ղրիմի վրա հարձակման ծրագիրը` գերմանական հրամանատարությունը հաշվի է առել նաև այն, որ Գերմանիայի հաղթանակը որոշիչ դեր կխաղա Թուրքիայի կողմնորոշման վրա [14, s. 96]:
Ավելի ուշ՝ 1942թ. հունվարի 5-ին ֆոն Պապենը հաղորդել է Բեռլին, որ օրեր առաջ նախագահ Ի.Ինյոնյուի հետ ունեցած հանդիպման ժամանակ վերջինս մի քանի անգամ կրկնել է, թե Թուրքիան մեծապես շահագրգռված է ԽՍՀՄ պարտությամբ, և որ անգլո-ամերիկյան կողմից ոչ մի քարոզչություն ու ոչ մի ճնշում չեն կարող ստիպել նրան այնպիսի քայլեր անել, որոնք կվնասեն Գերմանիայի շահերը: Ըստ Ի.Ինյոնյուի` ներկա պահին Թուրքիայի չեզոք դիրքորոշումն անհրաժեշտ է նախևառաջ առանցքի երկրներին, քան Անգլիային [10, с. 55-56]: Նման կերպ թուրքերը գերմանական կողմին հասկացնում էին, որ նախընտրում են իրենց, սակայն դեռևս պատրաստ չեն հրաժարվել չեզոքությունից: Այդ տարիներին Թուրքիայի կառավարությունը գտնվում էր Գերմանիայի ազդեցության տակ և անհամբեր սպասում էր վերջինիս հաղթանակին: Ինչպես վկայում են փաստերը, 1941–1942թթ. Թուրքիան բարելավել է քաղաքական և տնտեսական հարաբերություններն առանցքի երկրների հետ: Նա ոչ միայն տնտեսական աջակցություն է ցույց տվել վերջիններիս` նրանց մատակարարելով քրոմ, բամբակ, պղինձ և ռազմավարական այլ հումք, այլև, խախտելով սևծովյան նեղուցների վերահսկման հարցում ստանձնած պարտավորությունը, 1941թ. հուլիսից թույլատրել է գերմանական և իտալական նավերի անցումը նեղուցներով: Մինչև 1941թ. դեկտեմբերը պաշտոնական Անկարան ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները կառուցում էր` վստահ լինելով վերջինիս պարտության վրա, ինչպես նաև կանխատեսում էր Անգլիայի և Գերմանիայի միջև դաշինքի կնքման հավանականությունը: Երկու կարևոր իրադարձություն, սակայն, ստիպեց Թուրքիայի կառավարությանը վերանայել իր տեսակետը. առաջինը Մոսկվայի մատույցներում գերմանական զորքերի պարտությունն էր, երկրորդը` ԱՄՆ պատերազմի մեջ մտնելը: 1942թ. իրավիճակն էլ ավելի էր լարվել, քանի որ Թուրքիայի և ԽՍՀՄ-ի միջև ծագել էին նոր խնդիրներ: Նախ, փետրվարին Գերմանիայի կառավարությունն Անկարայում մահափորձ էր կազմակերպել իր դեսպան ֆոն Պապենի դեմ ու դրանում մեղադրել ԽՍՀՄ քաղաքացիներ Պավլովին և Կորնիլովին [9, с. 445]: Փետրվարի 12-ին ՏԱՍՍ-ը հերքել էր այն լուրը, թե խորհրդա-թուրքական սահմանի մոտ, իբր, տեղի են ունեցել լուրջ բախումներ [15]: Մարտի 26-ին Գերմանիան ԽՍՀՄ-ին մեղադրել է նաև թուրքական «Չանքայա» նավի խորտակման մեջ [9, с. 445]: Հասկանալի է, որ այս բոլոր իրադարձությունները գործողություններ էին Խորհրդային Միության դեմ և մի նպատակ էին հետապնդում. Գերմանիային անհրաժեշտ էր իր կողքին տեսնել Թուրքիան: Դեռևս 1942թ. հունվարին Ի.Ինյոնյուի հետ հանդիպման ժամանակ ֆոն Պապենը ցանկություն էր հայտնել Գերմանիայի ծրագրած «Կովկասյան արշավանքի» ժամանակ խորհրդային սահմանի մոտ տեսնել թուրքական զինված ուժերին [10, с. 58]: Ավելի ուշ Պապենը հաղորդել է Բեռլին. «Թուրքիայի զինված ուժերի շտաբը քննարկել է այդ հարցը և նպատակ ունի դա դիտել մեզ համար բարենպաստ ուղղությամբ» [10, с. 58]: 1942թ. մարտին Ա.Հիտլերը Իտալիայի վարչապետ Բ.Մուսոլինիին տեղեկացրել է, որ Թուրքիան չնայած դանդաղ, սակայն մոտենում է առանցքի երկրներին: Դրան հիմնականում նպաստում է թուրքերի և ռուսների միջև եղած թշնամությունը: Ըստ նրա` Թուրքիան երբեք չի լինի առանցքի երկրների թշնամին [14, s. 102]:
Գերմանիայի քաղաքական շրջանակների կանխատեսումները մոտ էին իրականությանը: 1942թ. ամռանը, երբ խորհրդային բանակը բոլոր ռազմաճակատներում պարտություն էր կրում, Թուրքիայում ձևավորվում էր բոլշևիզմի դեմ «խաչակրաց արշավանք» կազմակերպելու գաղափարը: Գերմանական փաստաթղթերից հայտնի է դառնում, որ Թուրքիան ծրագրել էր ԽՍՀՄ-ի վրա հարձակվել Կովկասի ուղղությամբ (Բաքուն գրավելու նպատակով) [16]: 1942թ. աշնանը թուրքական 26 դիվիզիաներ էին կենտրոնացված խորհրդա-թուրքական սահմանի մոտ: Ըստ պաշտոնական տվյալների՝ 1942թ. թուրքական բանակի թիվը հասնում էր 1 միլիոնի, որից 750 հազ. զինվոր տեղակայված էր խորհրդային սահմանի մոտ: Նրանք սպասում էին Ստալինգրադի անկմանը` Անդրկովկաս ներխուժելու համար [14, s. 101]: Որոշ աղբյուրներ նույնիսկ հաղորդում էին, որ Թուրքիան ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու է 1942թ. հոկտեմբերի 17-ին [13, с. 17]: Հայության համար դա մի նոր ցեղասպանություն էր նշանակում:
1942թ. օգոստոսին Անկարայում սկսել էին քննարկել խորհրդա-գերմանական ռազմաճակատում ընթացող ռազմական գործողությունների արդյունքները: Պաշտոնական Անկարան հատկապես անհամբերությամբ սպասում էր, թե ինչ արդյունք են ունենալու Վոլգայի և Կովկասի ուղղությամբ գերմանացիների հարձակումները: Ինչպես տեղեկացնում էին գերմանական աղբյուրները, Թուրքիան առաջվա պես հետաքրքրված էր Խորհրդային Միության որոշ տարածքներով: Այդ պատճառով Թուրքիայի և Գերմանիայի միջև շարունակվում էին քննարկումները Ղրիմում և Կովկասում բուֆերային պետությունների ստեղծման ծրագրերի շուրջ [10, с. 67-68]:
Դաշնակից երկրները` Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, հասկանում էին ստեղծված իրավիճակի լրջությունը և ամեն կերպ ցանկանում էին կասեցնել Թուրքիայի միացումը գերմանական դաշինքին: Պաշտոնական Անկարային հասկացնում էին, որ դաշնակիցների հաղթանակի դեպքում Թուրքիան կկորցնի տարածքների մեծ մասը, նույնիսկ իր վրա դրված նեղուցների վերահսկողությունը: Արդյունքում՝ 1942թ. նոյեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ի.Ինյոնյուն, բացելով մեջլիսի նիստը, հայտարարեց, որ նախկինի պես Թուրքիան շարունակելու է վարել չեզոքության քաղաքականություն [17, s. 336]: Մինչդեռ Թուրքիան այդ կերպ փորձում էր ընդամենը ժամանակ շահել և իրադարձությունների ընթացքից որոշել հետագա գործողությունները:
1942թ. վերջին Թուրքիայում կասկածներ էին առաջացել, որ պատերազմը կավարտվի Գերմանիայի հաղթանակով: Ստամբուլում վերջինիս հյուպատոսը հեռագրել էր Բեռլին` հաղորդելով, որ Թուրքիան նախկինի պես ցանկանում է, որ Գերմանիան պարտության մատնի ԽՍՀՄ-ին, միայն թե Անկարային անհանգստացնում է, որ գերմանացիների ուժերը չեն բավարարի ռուսներին հաղթելու համար [18, p. 227]: Ավելի ուշ՝ 1943թ. սկզբներին, Ստալինգրադում գերմանական բանակի ջախջախիչ պարտությունը ստիպեց Թուրքիային փոխել իր քաղաքականությունը, չնայած, ինչպես և սպասվում էր, խորհրդա-թուրքական հարաբերություններում բարելավում չնկատվեց: Ընդհակառակը, Թուրքիայում աշխուժանում էին պանթյուրքիստական ուժերը, որոնց գործունեությունն ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ: Արդի թուրք պատմաբաններն իրենց աշխատություններում փորձում են արդարացնել այդ տարիներին ազգայնականների ձեռնարկած քայլերը: Թ.Աթայովը գրում է. «…չի կարելի ասել, որ Թուրքիայում չկային մարդիկ, որոնք տարված չլինեին պանթյուրքիստական գաղափարներով: Միայն թե այդ մարդկանց մեծ մասը թուրք-թաթարական ծագում ուներ» [14, s. 197]: Մինչդեռ պատերազմի տարիներին ակնհայտ էր, որ նույնիսկ կառավարությունը չի թաքցնում իր պանթյուրքիստական ուղղվածությունը, քանի որ ոչինչ չէր ձեռնարկում վերջիններիս գործունեությունը կասեցնելու համար: Բեռլինում Թուրքիայի դեսպանը գերմանացի մի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ շեշտել էր, որ «Բաքուն այն քաղաքն է, որտեղ խոսում են թուրքերեն» [14, s. 197]: Թուրքիայի նման քաղաքականությունը, հասկանալի է, չէր կարող նպաստել խորհրդա-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Դրա փոխարեն Անկարան փորձում էր բարիդրացիական հարաբերություններ պահպանել Անգլիայի ու ԱՄՆ-ի հետ: 1943թ. հունվարին Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են դաշնակից երկրների ղեկավարներին: Հատկապես հատկանշական է հունվարի 30–31-ին Ադանայում Թուրքիայի նախագահ Ի.Ինյոնյուի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու.Չերչիլի հետ, որտեղ կողմերը հիմնականում անդրադարձել են խորհրդա-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակին [19, p. 635]: Բացի այդ, Անկարայի կառավարությունն աշխատում էր Անգլիային ու Գերմանիային նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Նույնիսկ առաջարկել էր իր միջնորդությունն այս գործընթացում [14, s. 197]: Սակայն հակակոմունիստական ուղղվածությամբ հայտնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու.Չերչիլը, որը 1946թ. իր ելույթով կազդարարի «Սառը պատերազմի» սկիզբը, պատերազմի տարիներին միայն մեկ նպատակ էր հետապնդում, այն է` պարտության մատնել առանցքի երկրներին: Իր այդ ծրագրերում, հատկապես բալկանյան հարցում, նա յուրահատուկ տեղ էր հատկացրել Թուրքիային: Վերջինս ևս գիտակցում էր, որ բրիտանական կողմին անհրաժեշտ է, որ առաջինը Բալկանյան թերակղզի մտնի ոչ թե Կարմիր, այլ թուրքական բանակը:
Այդ պատճառով էլ Չերչիլը բոլոր հնարավոր միջոցները կիրառել է Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու համար: Եվ չնայած 1943թ. առանցքի երկրները պարտություն էին կրում բոլոր ռազմաճակատներում` Անկարայի կառավարությունը խուսափում էր անցնել դաշնակիցների կողմը` նշելով, որ դեռ վաղ է խոսել առանցքի երկրների պարտության մասին: Այլ կերպ ասած՝ 1943թ. Թուրքիան դեռ պատրաստ չէր Գերմանիային պատերազմ հայտարարել:
1944թ. գարնանը, երբ խորհրդային բանակը մոտեցել էր Ռումինիայի սահմանին, Չերչիլը կրկին փորձում է Թուրքիան ներքաշել պատերազմի մեջ [8, с. 182]: Վերջինս, սակայն, չի շտապում նման քայլ կատարել և միայն 1944թ. օգոստոսի 2-ին, այն էլ` Հյուսիսային Ֆրանսիայում երկրորդ ճակատի բացումից երկու ամիս անց է հայտարարում, որ խզում է դիվանագիտական հարաբերությունները և տնտեսական կապերը Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ [19, p. 647]: Չնայած դրան, Թուրքիան 1944թ. էլ իր մեջ ուժ չգտավ վերջիններիս պատերազմ հայտարարել:
Ստալինգրադի ճակատամարտից հետո, ինչպես ասվեց, Թուրքիան ստիպված էր վերանայել իր քաղաքական պահվածքը, բայց ԽՍՀՄ-ի հանդեպ վերաբերմունքը չի փոխում: Անկարան միայն 1944թ. է փորձում վերականգնել բարիդրացիական հարաբերությունները Մոսկվայի հետ, և այդ ուղղությամբ մի շարք քայլեր է ձեռնարկում: Նախևառաջ ամռանն աշխատանքից հեռացվում են քաղաքական և զինվորական այն գործիչները, ովքեր համագործակցում էին գերմանացիների հետ. վերջիններիս թվում էր նաև երկրի զինված ուժերի շտաբի պետ Ֆ.Չաքմաքը [8, с. 182]: Ձերբակալվում է ԽՍՀՄ-ի դեմ «խաչակրաց արշավանք» սկսելու կոչով հանդես եկած պանթյուրքիստական 23 գործիչ (1944թ. նրանք կանգնել են Ստամբուլի ռազմական դատարանի առաջ, սակայն ավելի ուշ արդարացվել են) [20]: Ազատ են արձակվում Գերմանիայի դեսպան ֆոն Պապենի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով դատապարտված ԽՍՀՄ քաղաքացիներ Պավլովը և Կորնիլովը [8, с. 182]: 1944թ. մայիսի 19-ի իր ելույթում Թուրքիայի նախագահ Ի.Ինյոնյուն դատապարտում է պանթյուրքիստներին և հիշեցնում, որ օտարերկրյա զավթիչների դեմ պատերազմում իրենց միակ դաշնակիցը եղել է խորհրդային պետությունը [14, s. 120]: Այդ հայտարարությունից երեք օր անց (մայիսի 22-ին) Թուրքիայի արտգործնախարար Ն.Մենեմենջօղլուն Անկարայում ԽՍՀՄ դեսպան Ս.Վինոգրադովի հետ հանդիպման ժամանակ կարևորում է երկու պետությունների հարաբերությունների ջերմացման անհրաժեշտությունը [21, s. 222-223]: Մայիսի 27-ին Խորհրդային Միությունում Թուրքիայի դեսպան Ջ.Աչըքալըն է իր կառավարության անունից Մոսկվային այս հարցի առնչությամբ բանավոր առաջարկ անում [21, s. 223-225]: Սակայն խորհրդային կառավարությունը չէր պատրաստվում ընդառաջ գնալ Անկարային, քանի դեռ վերջինս չէր խզել հարաբերությունները Գերմանիայի հետ: Անգլիայի ճնշման տակ, ինչպես ասվեց, 1944թ. օգոստոսի 2-ին Թուրքիան ստիպված էր գնալ այդ քայլին: Ամեն դեպքում նկատենք, որ դեսպան ֆոն Պապենի վկայությամբ, Ի.Ինյոնյուն 1944թ. ամռանը ԽՍՀՄ թիկունքում Գերմանիայի և Անգլիայի մերձեցման մի վերջին փորձն է արել [18, p. 527]:
Թուրքիան, չնայած դաշնակից պետությունների անընդմեջ պահանջին, 1945թ. հունվարին դեռևս պատերազմ չէր հայտարարել առանցքի երկրներին: Եվ երբ Ղրիմի խորհրդաժողովում (1945թ. փետրվարի 4–11) քննարկվում էր Միավորված Ազգերի Կազմակերպությանը (ՄԱԿ) երկրների անդամակցության հարցը, և որոշվել էր հիմնական անդամներ ընդունել Գերմանիայի դեմ պատերազմ հայտարարած երկրներին, Ու.Չերչիլի պնդմամբ Ի.Ստալինը համաձայնել է Թուրքիան ևս ընդգրկել ՄԱԿ հիմնական անդամների կազմում` Անկարայից պահանջելով մինչև 1945թ. փետրվարի վերջը պատերազմ հայտարարել առանցքի երկրներին: Արդյունքում՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ճնշմամբ Թուրքիան 1945թ. փետրվարի 23-ին պատերազմ է հայտարարել Գերմանիային ու Ճապոնիային` ռազմաճակատ չուղարկելով և ոչ մի զինվոր: Թեպետ այս քայլով Թուրքիան հնարավորություն ստացավ դառնալ ՄԱԿ անդամ և օգտվել արևմտյան երկրների հովանավորությունից, սակայն այդպես էլ չկարողացավ մեղմել ԽՍՀՄ զայրույթը և բացասական վերաբերմունքը պատերազմի տարիներին վարած հակախորհրդային քաղաքականության համար:
Այսպիսով, Թուրքիան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խախտելով իր ստանձնած միջազգային պարտավորությունները և պայմանագրերը՝ չեզոքության քողի տակ վարեց երկակի խաղ: Հատկապես պաշտոնական Անկարան նախընտրություն էր տալիս Գերմանիային, քանի որ վերջինիս հաղթանակները հնարավորություն կտային թուրքերին իրականացնել իրենց պանթյուրքիստական ծավալապաշտական ծրագրերը: Հիմնականում Թուրքիան հավակնություններ ուներ ԽՍՀՄ-ում թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցված տարածքների և Կովկասի նկատմամբ: Դա բացահայտ սպառնալիք էր Խորհրդային Հայաստանի համար, և միայն Ստալինգրադի ու Կուրսկի ճակատամարտերում խորհրդային բանակի հաղթանակները կանխեցին Թուրքիայի հայերի ցեղասպանությունը ավարտին հասցնելու ծրագիրը:
Հունիս, 2018թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Arcayürek С., Şeytan Üçgeninde Türkiye, Ankara, 1987.
2. Kirk G., A Short history of the Middle East, London, 1948, p. 198.
3. Woodward L., British Foreign Policy in the Second World War, v. IV, London, 1975, p. 124.
4. Печатнов В., От союза к холодной войне. Советско-американские отношения 1945–1947гг., М., 2006, с. 18.
5. Foreign relations of the United States diplomatic papers, (այսուհետ`FRUS), 1939. The Far East, The Near East and Africa, v. IV, Wasington, 1951.
6. Лота В., Секретный фронт Генерального штаба, М., 2005, с. 166.
7. История Великой Отечественной войны Советского Союза 1941– 1945гг., т. II, М., 1961.
8. СССР и Турция, 1917-1979, М. 1981.
9. Внешняя политика Советского Союза в период Отечественной войны, т. I, М., 1946.
10. Документы министерства иностранных дел Германии, вып. II, Германская политика Турции (1941–1943), М., 1947.
11. История дипломатии, т. IV, М., 1975, с. 584.
12. Vere Hodge E., Turkish Foreign Policy During 1918–1948, Geneva, 1950, p. 143.
13. Исраелян В., Дипломатия в годы войны (1941–1945), М., 1985.
14. Ataöv T., Türkish Foreign Policy, Ankara, 1965.
15. «Правда» (Москва), 12. II. 1942.
16. «Правда», 27. III. 1947.
17. Öztürk K., Türkiye Cumhuriyeti hükümetleri ve programları, İstanbul, 1968, s. 336. Նույնի` Cumhurbaşkanlarının Türkiye Büyük Millet meclisinin açış nutukları, İstanbul, 1969, s. 336.
18. Papen F., Memoirs, p. 227.
19. Churchill W., The Second World War, London, 1951, p. 635.
20. Robinson R., The First Turkish Republic, Cambridge, 1963, p. 307.
21. Türkiye dış politikasında 50 yil. Ikinci dünya savaşı yılları (1939–1946).
դեպի ետ