
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ
Գայանե Հարությունյան
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ ակադ. Մ.Քոթանյանի անվ. ՏԻ ավագ գիտաշխատող
ՀՀ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում ռազմարդյունաբերական գործունեություն է համարվում ռազմական պետական պատվերի հիման վրա սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգնման, նորոգման, ծառայությունների մատուցման և սպասարկման աշխատանքների տնտեսական գործունեության ձևերի համակցությունը [1]։ Սահմանումն ընդհանուր է և քիչ ինֆորմատիվ՝ ոլորտում մասնագիտանալու ուղղությունները տարբերակելու համար: Այդ առումով առավել լայն հնարավորություն է տալիս, այսպես կոչված, Կրաուզեի աղյուսակը [2], որը ներկայացնում է ոլորտում հնարավոր մասնագիտացման աստիճանակարգը.
1. Պարզագույն սպասարկման ծառայություններ
2. Կապիտալ վերանորոգում և տարրական (ռուդիմենտար) ձևափոխություններ
3. Ներմուծված բաղադրիչների հավաքում, պարզ լիցենզավորված արտադրություն
4. Բաղադրիչների կամ հումքի տեղական արտադրություն
5. Ոչ բարդ (ոչ առաջադեմ-less sophisticated) սպառազինությունների բաղադրիչների վերջնական հավաքում, որոշ բաղադրիչների տեղական արտադրություն
6. Ոչ բարդ սպառազինությունների համատեղ կամ լրիվ լիցենզավորված արտադրություն
7. Տեղական լիցենզավորված արտադրությունների համար սահմանափակ գիտահետազոտական մշակումներ
8. Ոչ բարդ սպառազինությունների տեղական անկախ արտադրություն, առավել առաջադեմ սպառազինությունների (advanced arms) սահմանափակ արտադրություն
9. Ոչ բարդ սպառազինությունների անկախ ԳՀՓԿԱ-ների (գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքներ) իրականացում և արտադրություն
10. Արտասահմանյան բաղադրիչներով առավել արդիական սպառազինությունների անկախ հետազոտական և նախագծային աշխատանքներ
11. Անկախ ԳՀՓԿԱ կազմակերպում և սպառազինությունների ինքնուրույն արտադրություն։
Թեև ներկայացված աստիճանակարգը կարող է լավ կողմնորոշիչ հանդիսանալ երկրներում ռազմարդյունաբերության փուլային զարգացման համար, այնուամենայնիվ, հետազոտողներն այն զերծ չեն համարում թերություններից։ Մասնավորապես, Բրաուերը գտնում է, որ պարտադիր չէ մասնագիտանալ առաջին փուլից և հասնել մինչև վերջին փուլ, ռազմարդյունաբերության զարգացումը կարելի է սկսել ցանկացած փուլից՝ կախված երկրի զարգացման աստիճանից և առկա խնդիրներից։ Բացի այդ, նա գտնում է, որ այն չի արտացոլում մասնագիտացման բոլոր հնարավորությունները, օրինակ՝ երկիրը կարող է արտադրել սպառազինությունների հենահարթակներ (օրինակ, ռազմանավեր), սակայն ներկրել այն սպառազինությունները, որոնք տեղակայվելու են դրանց վրա, կամ երկիրը կարող է մասնագիտանալ կառավարման ավտոմատացված համակարգերի արտադրությունում, բայց չունենալ սեփական ռազմարդյունաբերություն [3]։

դեպի ետ