
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ՀԱՍՆԵԼ ՀՆԱ-ԱՐՏԱՀԱՆՈՒՄ 30% ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ. ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ
24/02/2018
Ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Նրա խոսքով՝ փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճը, իսկ հումքի արտահանումն աշխարհում լուրջ խնդիր չի հանդիսանում։
«Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ-արտահանում 30% հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը։ 2017թ. արտահանումն առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ կազմելով 2.2 մլրդ դոլար: Փաստացի 2017թ. ընթացքում ունենք 25% արտահանման էական աճ: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճել է մոտ 50%, ինչը կարևորագույն գործոն է ՀՀ մրցունակության աճի ԵԱՏՄ անդամակցության պայմաններում: Այսպիսի ցուցանիշ մենք երբեք չենք ունեցել»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ առաջնահերթ խնդիր է նաև արտահանման հետագա բազմատեսականացումը։
Մասնավորապես, պետք է օգտագործել ԵԱՏՄ բոլոր հնարավորությունները՝ արտահանումը 3 մլրդ դոլարի հասցնելու համար։
Աշոտ Թավադյանը նշեց, որ հիմնականում դեպի ԵԱՏՄ շուկաներ 2017թ.-ին աճել է արտահանումը քիմիական և դեղագործական արդյունաբերության (71.4%), փայտամշակման արտադրության (50.5%), տեքստիլի և տեքստիլ արտադրության (35%) և սննդի պատրաստի արտադրանքի (27%):
Տնտեսագետը հայտնեց, որ նախորդ տարի արտահանումը դեպի Ռուսատան աճել է 44.6%, որը ԵԱՏՄ-ում Հայաստանի առանցքային գործընկերն է. նկատվում է արտահանման, հատկապես պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճ։ Դեպի Ռուսաստան արտահանման աճն ընթանում է առաջանցիկ տեմպերով։ «Ավելացված արժեքի բարձր տոկոս ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական հեռանկարը կապվում է Ռուսաստանի հետ։ Հարկ է օգտագործել ԵԱՏՄ հնարավորությունները դեպի միության այլ երկրներ նույնպես արտահանման զգալի աճ ապահովելու համար»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է արտահանմանը դեպի Եվրամիություն, ապա այս դեպքում արտահանվում է հիմնականում հումք։ Ավելացել է նաև դեպի ԵՄ կատարվող արտահանումը, ինչը նախ և առաջ կապված է գունավոր մետաղների գների էական աճի հետ։ Գունավոր մետաղների հանքաքարի, ալյումինի թերթերի, ֆերոձուլվածքի արտահանումը կազմում է դեպի ԵՄ արտահանման բացարձակ մեծությունը։ Պղնձի գինը 2016-17թթ. բարձրացել է՝ 4400 դոլարից հասնելով 7000-ի՝ մեկ տոննայի դիմաց։ Մետալուրգիական հանքի արդյունահանումը 2017թ.-ին աճել է 13.2%, պղնձի խտանյութի արտահանումը աճել է 32%:
«Ըստ ԵՄ փորձագետների GSP+ համակարգի տված գնահատականով՝ Հայաստանը 2016թ. 8.7 մլն դոլար է խնայել։ Իսկ ԵԱՏՄ արտահանման պարագայում, հաշվի առնելով էներգառեսուրսների արտոնյալ գները, արտահանողները խնայել են մոտ 60 մլն դոլար»,- ընդգծեց Աշոտ Թավադյանը:
Ըստ նրա՝ երկրի մրցունակության մակարդակի բարձրացմանը նպաստել են ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը մաքսատուրքերի վերացման մասին, բոլոր ընթացակարգերի պարզեցումը՝ արտահանման արտոնագրերի ձևակերպումից և ստացումից մինչև մաքսային ձևակերպում, ռուսական ռուբլու կայունացումը. 2016-17թթ. ռուբլին ամրացել է 22.5%-ով, համապատասխանաբար՝ նույնքան էլ բարձրացել է Ռուսաստան արտահանողների հասույթը արտարժույթով, գազի գների իջեցումը. Հայաստանը գազ ստանում է 1000 մ3-ը 150 դոլարով, ընդ որում, գազի գինը տարածաշրջանում կազմում է 180-190 դոլար։
Աշոտ Թավադյանի խոսքով՝ դրական ազդեցություն է ունեցել նաև ՀՀ կառավարության որոշումը՝ մեկ երրորդով իջեցնել գազի գինը ջերմոցային տնտեսությունների և վերամշակող արդյունաբերության համար։ «Հաշվի առնելով այն, որ էներգառեսուրսները կազմում են արտադրանքի ինքնարժեքի մոտ 30%-ը, փաստորեն գյուղտնտարտադրանքի ինքնարժեքն իջեցվել է 10%-ով, ինչն, իհարկե, նույնպես բարձրացրել է այդ արտադրանքի մրցունակությունը»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ իրենց դերն ունեցել են նաև Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները, որոնք ընդլայնել են ԵԱՏՄ երկրներից դեպի Ռուսաստան արտահանման հնարավորությունները։
Անդրադառնալով արտաքին պարտքին՝ Աշոտ Թավադյանն ասաց, որ Հայաստանն արդեն մոտեցել է 60 տոկոսի շեմին: Նա հիշեցրեց, որ երբ Վերահսկիչ պալատի ղեկավարն էր, դրական կարծիք չի արտահայտել որոշ վարկերի նկատմամբ, քանի որ դրանք արդյունավետ չէին:
«Հիմա դրանք վերադարձնելու ժամանակն է: Բայց պետք է նշել, որ վերջերս վերցրած վարկերը դրական են, մասնավորապես ՌԴ-ից ստացած 300 մլն դոլար վարկը, որն ուղղվելու է պաշպանությունն ամրապնդելու համար: Դրա արդյունավետությունը որևէ մեկի համար կասկած չի հարուցում»,- ընդգծեց Աշոտ Թավադյանը՝ հավելելով, որ ատոմակային արդիականացման համար ստացած վարկը ևս չափազանց կարևոր է Հայաստանի համար:
դեպի ետ