
ԻՐԱՆԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ՝ «FINDME.AM»-Ն ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՀԱՐԹԱԿ
«alikonline.ir» - Հարմիկ Մանասէրեանը ծագումով իրանահայ է: Նա ծնւել է Թաւրիզում, իսկ այժմ ապրում է Հայաստանում: Նա 2012 թւականին Երեւանում հիմնադրւած «Հարմիկ Մոթորս» ընկերութեան սեփականատէրն է: Ընկերութիւնը մասնագիտացել է շարժիչի դետալների ողորկման, ինչպէս նաեւ յղկիչ մեքենաների արտադրութեան եւ վաճառքի մէջ:
Ըստ՝ Հարմիկ Մանասէրեանի ընկերութեան առաքելութիւնն է գործընկերների եւ յաճախորդների հետ փոխշահաւէտ համագործակցութեան համար ամուր հենարան ստեղծել եւ տրամադրել որակեալ արտադրանքներ ու ծառայութիւններ:
Ընկերութեանը յաջողւել է վերջերս ստեղծել «findme.am» կայքը, որի մանրամասնութիւնները պարզեցինք ընկերութեան սեփականատիրոջ հետ զրոյցում:
- Պարոն Մանասէրեան, ի՞նչ է իրենից ներկայացնում «FindMe.am» կայքը:
- «FindMe.am»-ն նպատակաուղղւած է միաւորել հայ մասնագէտներին եւ արւեստագէտներին ողջ աշխարհի հայ գործարարների հետ, որտեղ կը միաւորւեն ե՛ւ Հայաստանում ե՛ւ Հայաստանից դուրս բնակւող հայերը՝ ստեղծելով մեծ բիզնես ընտանիք, որոնք կը համագործակցեն, կամ պարզապէս կօգտւեն միմեանց ծառայութիւններից: Այն հանդիսանում է տեղեկատւական-կոմունիկացիոն հարթակ, որը հնարաւորութիւն է ընձեռում կայքից օգտւողներին աշխարհի իւրաքանչիւր կէտում եւ ցանկացած ժամանակ ստեղծել բիզնես կապեր:
- Ինչպէ՞ս է աշխատում կայքը:
- «Findme»-ում հնարաւոր է որոնումներ իրականացնել երեք ձեւով, որոնք են բանալի բառերը, աշխարհագրական դիրքը եւ ընդհանուր շահերի որոնման մեթոդը: Առաջինի դէպքում պէտք է մուտքագրել բանալի բառերը, օրինակ մուտքագրէք «կօշիկ» բառը եւ կը ստանաք հայ կօշկակարների ցանկը ողջ աշխարհում: Աշխարհագրական դիրքով որոնում իրականացնելու համար հարկաւոր է ընտրել պահանջւած վայրը եւ տրամադրել համապատասխան բանալի բառերը: Օրինակ` «Աւստրիա-Վիեննա-բժիշկ» եւ կը ստանաք բոլոր հայ բժիշկների ցանկը Վիեննայում: Ընդհանուր շահերի միջոցով որոնելու համար էլ հնարաւոր է մուտքագրել բանալի բառեր: Եթէ փնտրում էք հայ բիզնես գործընկերներ, ապա կարող էք ներկայացնել ձեր բիզնեսը այն օգտատէրերին, որոնց շահերը համապատասխանում են ձեզ:
- Ովքե՞ր են կարող դառնալ կայքի օգտատէրերը, արդեօ՞ք կան սահմանափակումներ:
- Այո, սահմանափակումներ կան. կայքի օգտատէր կարող են դառնալ միայն ազգութեամբ եւ ծագումով հայ անձինք, ինչը հաւաստելու համար, կայքի ադմինիստրացիան կարող է պահանջել համապատասխան փաստաթղթեր: Կայքում գործում է նաեւ գնային քաղաքականութիւն` մէկ յայտարարութիւնն երեք տարով տեղադրելու համար օգտատէրը վճարում է 60 դոլար:
- Պարոն Մանասէրեան, հայկական Սփիւռքն էական ներուժ պարունակող ռեսուրս է, որի կարեւորութիւնը յատկապէս ընդգծւում է գլոբալիզացիայի, ինչպէս նաեւ սոցիալական ու տեխնոլոգիական աննախադէպ վերափոխումների ներկայիս համատեքստում, իսկ ո՞րն է «FindMe»-ի դերը հէնց այս գործընթացում:
- Բանն այն է, որ կայքը համարւում է առաջին համահայկական բիզնես հարթակն, որը հնարաւորութիւն է ընձեռում գտնել աշխարհում սփռւած մեր հայրենակիցներին եւ ստանալ տեղեկութիւններ նրանց գործունէութեան մասին, այն, մեծ ներուժ ունի դառնալու հէնց այս համատեքստի լրացուցիչ մասնիկներից մէկը, ինչը կարող է համահայկական շուկայական յարաբերութիւնների խորացման ու արմատաւորման գործընթացում խթանող օղակ հանդիսանալ:
Դէ ինչ, սիրելի գործարարներ արդէն կարող էք դառնալ իրանահայ գործարարի հիմնադրած համահայկական բիզնես ընտանիքի անդամ, տեղեկացնել միւսներին ձեր աշխատանքի մասին համագործակցելով ստեղծարար եւ հետաքրքիր հայերի հետ ողջ աշխարհում:
Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ
http://www.alikonline.ir/news/item/44829
դեպի ետ