• am
  • ru
  • en
Версия для печати
20.12.2017

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՌՑԱՆՑ ԶԼՄ-ՈՒՄ

Руский

   

Սյուզաննա Բարսեղյան
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող

Սփյուռքի մարդկային, սոցիալական և ֆինանսական կապիտալը հաճախ դիտարկվում է որպես զարգացման ռեսուրս էթնիկ հայրենիքի համար, որը ներդրումների կարիք ունի: Տարբեր սփյուռքեր այդ ռեսուրսն օգտագործում են տարբեր կերպ՝ հայրենիքի շահերի լոբբինգ ընդունող երկրում, բարեգործություն, կամավորություն, դրամական փոխանցումներ և այլն: Սակայն սփյուռքի քիչ ներկայացուցիչներ են օգտագործում իրենց հիմնական կապիտալը՝ կատարելով ուղղակի ներդրումներ և ստեղծելով նոր ձեռնարկություններ: Մյուս կողմից, սփյուռք ունեցող երկրները տարբեր կերպ են նպաստում և խրախուսում սփյուռքի ներգրավմանն իրենց տնտեսության մեջ, ուղիներ են փնտրում՝ խթանելու սփյուռքի ուղղակի ներդրումները: Շատ հետազոտողներ գտնում են, որ սփյուռքի ներդրումները հայրենիքում գործարարության զարգացման ավելի մեծ հնարավորություն ունեն, քան ոչ սփյուռքյան օտարերկրյա ուղղակի ներդրումները, քանի որ սփյուռքի ներդրումները և ձեռներեցությունը հաճախ ոչ միայն պայմանավորված են առավելագույն շահույթ ստանալու ձգտմամբ, այլ նաև սոցիալական ճանաչմամբ (ներդրումը հայրենիքում կարող է պատվաբեր և ողջունելի համարվել սփյուռքի համայնքում և հայրենիքում) և զգայական մոտիվներով (հայրենիքին օգնելու էմոցիոնալ բավարարվածություն կամ ծագման երկրի տնտեսությանն աջակցելու պարտավորվածություն)1:

Սփյուռքի ներդրումները և ձեռներեցությունն առավել կարևորվում են այն երկրների համար, որոնք գրավիչ չեն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար՝ փոքր շուկայի, չզարգացած ենթակառուցվածքների, կոնֆլիկտների, պատերազմի, քաղաքական ու ինստիտուցիոնալ կառուցվածքի և այլ ցուցանիշների պատճառով: Այս տեսանկյունից Հայաստանը նույնպես, ունենալով մեծ սփյուռք և արտագաղթի բարձր ցուցանիշ, սփյուռքի կապիտալի ներգրավման մեծ պահանջ ունի:

Ներգրավման քաղաքականության մեջ, ի թիվս այլ միջոցների, կարևոր է նաև մեդիայի դերը, որի միջոցով սփյուռքն ավելի մեծ հնարավորություն ունի «կապ հաստատելու» հայրենիքի հետ, տեղեկանալու ներդրումային միջավայրի և պայմանների, վարվող քաղաքականության հետ: ԶԼՄ-ի միջոցով Հայաստանում և սփյուռքում կարող է ձևավորվել պատկերացում Հայաստանի ներդրումային միջավայրի և սփյուռքահայերի դերի մասին և կարծրատիպեր սփյուռքահայ գործարարների կերպարի ու գործարարության հայաստանյան խոչընդոտների վերաբերյալ:

Հայաստանյան մեդիայում ներգրավման քաղաքականության նման դրսևորումների, ինչպես նաև սփյուռքահայ գործարարների կերպարի, նրանց գործունեության շարժառիթների ուսումնասիրության նպատակով «Սփյուռքահայ ձեռներեցները Հայաստանում. նրանց գործունեության փորձը, խնդիրներն ու հեռանկարները» ծրագրի2 շրջանակներում իրականացվել է Հայաստանում սփյուռքի ներդրումների և սփյուռքահայ գործարարների մասին առցանց ԶԼՄ վերլուծություն:

Հետազոտությունն իրականացվել է որակական բովանդակության վերլուծություն մեթոդի ավանդական մոտեցմամբ3: Վերլուծության միավոր է ընտրվել թեման: Ուսումնասիրվել է չորս առցանց ԶԼՄ` 1in.am, news.am, tert.am, aravot.am4, մեկ տարվա՝ 2016թ. կտրվածքով: ԶԼՄ ողջ հրապարակումներում դիտարկվել են բոլոր այն նյութերը, որոնք առնչվել են սփյուռքի ներդրումներին և սփյուռքահայ ձեռներեցների գործունեությանը Հայաստանում ու Արցախում:

Հարկ է նշել, որ չնայած թեմայի կարևորությանը և ՀՀ-ում սփյուռքի ներդրումների անհրաժեշտության հռչակմանը՝ ուսումնասիրված ԶԼՄ-ից յուրաքանչյուրը 2016թ. ընթացքում հրապարակել է ընդամենը 1-2 տասնյակ նյութեր: Նյութերը տիպայնացվել են ըստ թեմաների և ուղղվածության (տե՛ս Աղյուսակ 1):


Ընդհանուր առմամբ, սփյուռքի ներդրումների մասին հրապարակումների մեծ մասն ավելի շատ մտադրություն կամ հայտարարություն են, քան իրական գործունեություն: Սփյուռքի ուղղակի ներդրումների կարևորության մասին նյութերն առավելապես ներկայացնում են կոչեր կամ խնդրանք սփյուռքին՝ ներդրումներ կատարել հայրենիքում: Ներդրման մտադրություններ, կարծրատիպեր, կերպարի մասին պատկերացումներ ձևավորող ամենաազդեցիկ տեղեկատվությունը սփյուռքահայ ձեռնարկատերերի գործունեության առանձին դեպքերն են, որոնք, սակայն, ոչ միայն ամենաքիչն են ներկայացվում, այլև բևեռային են՝ հաջողված կամ ձախողված (չկան առկա խնդիրները հաղթահարած իրական դեպքերի պատմություններ):

ԶԼՄ հրապարակումների միջոցով, մի կողմից, մատնանշվում է սփյուռքի տնտեսական մեծ ներուժը և ցույց են տրվում Հայաստանի իշխանությունների ակնկալիքները՝ ներգրավելու այն երկրի տնտեսության մեջ, մյուս կողմից՝ ներդրումային միջավայրի և բիզնեսի պայմանների մասին հավաստիացումները վստահություն չեն ներշնչում սփյուռքի ներդրողների համար: Հայրենիքի զարգացմանը նպաստող ներդրումների ներգրավումն առավելապես ներկայացվում է էմոցիոնալ մոտիվների հիմնավորմամբ (ֆինանսական և սոցիալական մոտիվները կամ չեն դիտարկվում, կամ դիտարկվում են որպես երկրորդական): Սփյուռքի ներգրավման քաղաքականությունը ներկայացվում է միակողմանի՝ դեպի Հայաստան և մեկ գործոնով՝ ֆինանսական կապիտալով, ինչը սփյուռքահայերի մեջ կարող է առաջացնել անվստահություն: Սփյուռքահայերն, իրենց հերթին, առաջ են քաշում վստահության և երաշխիքների խնդիրներ (ընհանրապես, սփյուռքահայերի տեսակետներն անհամեմատ քիչ են ներկայացվում):

Այսպիսով, սփյուռքի ներդրումների և սփյուռքահայ գործարարների մասին ուսումնասիրված առցանց ԶԼՄ նյութերը ցույց են տալիս. ա) խիստ անհամաչափություն խնդրի կարևորության և դրա լուսաբանման ծավալների միջև, բ) մեդիան չի օգտագործվում որպես սփյուռքյան ներդրումների ներգրավման կարևոր գործիք, գ) հրապարակումները բովանդակային առումով չեն նպաստում սփյուռքահայերի գործարար նպատակադրումներին, դ) սփյուռքահայ գործարարի կերպարը ներկայացվում է առավելապես էմոցիոնալ, այսպես կոչված հայրենասիրական շարժառիթներով, ինչը ոչ իրական պատկերացում է ձևավորում, ե) չի ներկայացվում սփյուռքի ներդրումների վերաբերյալ իրատեսական գնահատական, ինչը կարող է այն ըստ արժանվույն չգնահատելու և չկարևորելու տպավորություն ստեղծել սփյուռքում:

1 Nielsen, Tjai M. and Riddle, Liesl, Why Diasporas Invest in the Homeland: A Conceptual Model of Motivation (July 1, 2007). Available at SSRN, https://ssrn.com/abstract=987725 or http://dx.doi.org/10.2139/ssrn.987725

2 Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի կողմից 2016-2017թթ., ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ: Ծրագրի հեղինակը և ղեկավարը Ռ.Կարապետյանն է:

3 Որակական բովանդակության վերլուծության այս մոտեցմամբ ուսումնասիրությունը սկսվում է դիտարկմամբ, կոդավորումն իրականացվում է տվյալների վերլուծության ընթացքում, իսկ կոդերը ստացվում են տվյալներից: Տե՛ս Hsiu-Fang Hsieh and Sarah E. Shannon, Three Approaches to Qualitative Content Analysis, Qualitative Health Research, 2005:

4 Ընտրված առցանց ԶԼՄ-ն ունեն հասարակական-քաղաքական ուղղվածություն, բարձր վարկանիշ և մեծ լսարաններ, չեն հայտարարում իրենց քաղաքական համակրանքների և նախասիրությունների մասին։



դեպի ետ