
ՀԱՂԹԱՆԱԿ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ (ինչպես է աշխատում օբյեկտիվ գործիքանին սուբյեկտիվ հիմքի վրա)

Գեորգի Պոչեպցով
Կոմունիկատիվ տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ, ռազմավարության, տեղեկատվական պատերազմների և մարքեթինգի հարցերի տեսաբան։
Հումանիտար գիտությունները դասում են սուբյեկտիվ բնույթի գիտությունների շարքին, համենայնդեպս՝ բնական գիտությունների հետ համեմատության մեջ դրանք առաջարկում են իրենց արդյունքը, որը կարող է չհամընկնել նման այլ սուբյեկտիվ վերլուծության արդյունքի հետ, որը կատարվել է ուրիշ գիտնականի համակարգչով։ Սակայն վերջին քարոզչությունները, որոնք ձեռք են բերվել big data-ներին դիմելու օգնությամբ, վկայում են այն մասին, որ սուբյեկտիվ գիտելիքները կարող են օբյեկտիվ արդյունքներ բերել, երբ դրանք դառնում են ներգործության քարոզչաբազա։
Ստացվում է, որ զանգվածային սուբյեկտներին դիմելը՝ սուբյեկտիվ գործիքանու օգնությամբ, կարող է հանգեցնել օբյեկտիվ արդյունքների։ Եվ դա միայն Թրամփի ընտրությունները չեն կամ էլ Մեծ Բրիտանիայի ելքը ԵՄ-ից (մանրամասն տե՛ս 1-9]), երբ ստեղծվում էին բարդ կլաստերներ, որոնք արտացոլում էին մարդկանց սուբյեկտիվ կարծիքները սոցիոմետրիկ ցուցանիշների օգնությամբ, բայց անգամ այնպիսի սուբյեկտիվ գործիքանու օգտագործման պարզ օրինակը, ինչպիսին է լրագրությունը, ավելի ճիշտ՝ տեղեկատվական գործիքանու օգտագործումը, որն ունեն ոչ միայն լրագրողները, այլև քաղաքական գործիչները, արդեն երկու անգամ հանգեցրել է իշխանափոխության Ուկրաինայում։ Զանգվածային գիտակցությանը հասցված տեղեկատվական «հարվածին» այդ պահին իշխանություն ունեցողները չկարողացան դիմանալ։ Կարելի է ասել, որ սուբյեկտիվ ուժերն ավելի հզոր գտնվեցին օբյեկտիվներից։
Ֆեյսբուքը դարձավ լավ բազա նման կարգի տեղեկատվության հավաքման համար՝ մեկնակետ ունենալով օգտատերերի «լայքերն» ու էլեկտրոնային այլ նշումները [10-13]։ Ընդ որում՝ Թերեզա Մեյի ելույթների վերլուծությունը ևս՝ Քեմբրիջի համալսարանի հոգեչափական կենտրոնի մեթոդաբանության հիման վրա, ցույց է տալիս, որ նրա առաջին հազար բառերը տալիս են 67% վարկանիշ բացության բնութագրիչով, նրան մատուցելով որպես «լիբերալ և արտիստիկ», այլ ոչ թե «կոնեսրվատիվ և ավանդապաշտ» գործիչ, ինչն, իհարկե, տարօրինակ է պահպանողական կուսակցության առաջնորդի համար։ Նա տարօրինակ վարչապետ չի թվում (99%) [14-15]։
Միխալ Կոսինսկին, որը սուբյեկտիվ նյութը օբյեկտիվի փոխարկման մոտեցման ստեղծողներից է (նրա կայքն է՝ // http:www.michalkosinski.com/home/Press), ասում է. «Մարդիկ չեն հասկանում, որ այն ինֆորմացիան, որով մենք հաճույքով կիսվում ենք, ավելի քան բավական է լավ ալգորիթմի համար, իսկ ալգորիթմերը շտապ լավն են դառնում, եթե բացում եք ձեր անձնական բնութագրերը, որոնց մասին դուք, հնարավոր է, չէիք ցանկանում բարձրաձայնել, ինչպես ձեր քաղաքական հայացքները, կրոնը, անձը, IQ-ն, սեռական կողմնորոշումը և այլն»։ Նա ընդգծում է, որ մեր ապագայում այլևս չի լինելու գաղտնիություն, որ մշակույթը, հասարակությունը, օրենքները պետք է պատրաստվեն հետանձնային (пост-приватный) ապագայի։ Այնպես որ, հետճշմարտությունից հետո մեզ սպասվում է նաև հետանձնայինը (հետմասնավորը)։
2015թ. տված հարցազրույցում նա նոր ալգորիթմերի ավելի ցնցող հնարավորություններ է բացահայտում, երբ «լայքերի» հիման վրա կարելի է կանխատեսել, թե արդյոք ամուսնալուծված եղել են ձեր ծնողները։ Նա ասում է. «Կան բազմաթիվ այլ անձնային բնութագրեր, որոնք նույնպես կանխատեսելի են ձեր էլեկտրոնային «դրոշմներից. ծխելը, ալկոհոլը, թմրանյութերը, սեռական կողմնորոշումը, կրոնական և քաղաքական հայացքները և այլն։ Իրականում այն ամենը, ինչը մենք ջանացել ենք կանխատեսել, որոշակի չափով ստացվում էր, և բավական հաճախ շատ ճիշտ էր» [16]։
Մ.Սիկորան, որը Թրամփին հաղթանակ էր գուշակել ընտրությունների օրվանից երեք շաբաթ առաջ՝ վերլուծության ենթարկելով Թվիթերը, աշխատում է Emotive համակարգով (համակարգի կայքը՝ emotive.systems/how.html), որի օգնությամբ նրանք հույզեր են «կորզում» սոցիալական ցանցերից [17]։ Ի դեպ, Թրամփի հաղթանակը նրանք կանխատեսել էին ոչ թե սոցհարցումների, այլ արտահայտվող հույզերի հիման վրա։ Emotive համակարգը ստեղծվել է 2013թ.՝ մշտադիտարկելու համար սոցիալական անկարգությունների հնարավորությունը 2011թ. հուզումներից հետո, պաշտպանության նախարարության փողերով։ Համակարգը կառուցված է լեզվաբանական վերլուծության վրա՝ հույզեր արտահայտող բառերի և արտահայտությունների որոնման համար։ Բառարաններ են կազմվել բրիտանական, ամերիկյան և կանադական անգլերենի համար, որպեսզի հաշվի առնվի յուրաքանչյուր երկրի սլենգը։
Մ.Սիկորան ասում է. «Եթե ուզում եք, սա բառերի քարտեզ է։ Մենք կարող ենք վերլուծել հաղորդման նշանակությունը փոքր-ինչ ավելի բովանդակալից, քան զուտ ստատիկ մոտեցումները»։ Նրանք իրենց համակարգը կապեցին ազգային անվտանգության պահանջմունքների հետ [18-19]։ Emotive-ը մշակում է 2000 թվիթ մեկ վայրկյանում՝ ստացված ինֆորմացիան բաշխելով ըստ հույզերի ութ տեսակների [20]։
Սրանք այս մոտեցման առավել ցայտուն հնարավորություններն են, որոնք թույլ են տալիս լուծել, ինչպես մի ժամանակ ասում էին, կարևոր գիտատեխնիկական խնդիրներ։ Big data ոլորտի առաջատար մասնագետ Ա.Փենթլենդն իր գրքում այսպիսի կարծիք է հայտնում, որ մեկ մարդու վարքագիծը գուշակելը դժվար է, բայց մարդկանց զանգվածի վարքը գուշակելը՝ դյուրին [21]։ Իսկ ի՞նչ է անում գովազդը. չէ՞ որ դա նույնպես հավանական գործընթաց է, երբ մարդկանց որոշակի քանակություն իր հիշողության մեջ պահում է բրենդը, և երբ գնելու ժամանակը գալիս է, այդ բրենդը «արթնանում» է հիշողության մեջ՝ ստիպելով մեզ գնել։ Հարցը միայն այն է, թե ինչ մեթոդներով «կանգնեցնել» սպառողի ուշադրությունը։
Ամենակարևորն այն է, որ փորձ է արվում միավորել հումանիտար և բնական մոտեցումները մեկ գործիքանու մեջ։ Դա համահունչ է նաև այն կարծիքին, որ ապագայում հումանիտար տեխնոլոգիաների դերը լոկ աճելու է (տե՛ս, օրինակ, [22-23])։
Հումանիտար և բնական մոտեցումները միավորող նման մոտեցման նոր ներկայացուցիչն է դարձել Թալերի և Սանսթեյնի մղման (nudge) համակարգը [24-28]։ Նրանց գիրքն այնպիսի ընդունելության արժանացավ, որ հեղինակներն անմիջապես աշխատանքի անցան կառավարություններում. Թալերը՝ բրիտանական, Սանսթեյնը՝ Օբամայի վարչակազմում։ Այս մոտեցման մեկ այլ անվանումն է ընտրության ճարտարապետություն. ստեղծվող ընտրությունը պետք է մարդուն տանի դեպի ճիշտ ընտրություն։
Սա մարդու բանականության վրա ոչ թե ուղղակի, այլ անուղղակի ազդեցություն է։ Իսկ նախորդ մոտեցումների հետ ընդհանուրն այն է, որ գտնվում են մարդուն որոշակի արարքի մղող անցման-մոտիվացիայի՝ առաջին հայացքից անտեսանելի ուղիներ։ Դա կարող է լինել որոշակի կուսակցության, վարքագծի առավել առողջ տեսակի, հանրաքվեի ժամանակ այս կամ այն ընտրության համար քվեարկելու որոշումը։
Զանգվածային գիտակցությունն ասես «նոսր» տարածք է, որտեղ յուրաքանչյուր տարրի հատկությունները տարբեր են, ուստի դժվար է հասկանալ ամբողջի վարքագիծը։ Այդ ժամանակ մասնագետները «խտացման» նման գործընթացն իրենք են անում՝ ստեղծելով օբյեկտի, օրինակ՝ գովազդ անողի անհրաժեշտ տիպը, այդ անորոշ տարրերը մեկտեղում են ըստ ինչ-որ բնութագրի, երբ գովազդատուին ասում են, որ այդ ֆիլմը երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 18.00-ին դիտելու են 60-ից բարձր տարիքի կանայք։ Նրանք հավաքում են միանման տարրերը՝ արդյունքում ձևավորելով միասնական կանխատեսելի վարքագծով կառուցվածք։
Եվս մեկ տարբերակ է «նոսրի» փոխարինումն արհեստականորեն ստեղծված ամբողջով, ինչը մենք տեսնում ենք փափուկ ուժի օգտագործման պարագայում (Ջ.Նայ) [29]։ Դրա հերթական օրինակը դարձավ Հարավային Կորեան։ Ի դեպ, այս նոր Կորեան կարողացավ երեք տարի շուտ վերադարձնել ԱՄՀ $56 մլրդ-ն։ Իսկ ինչ վերաբերում է նրա կերպարին, նրա արհեստական փոխարինիչին, ապա Times Literary Supplement-ը գրում է. «Կորեան այլևս այն երկիրը չէ, որն արևմտյան մարդու համար ասոցացվում է «պատերազմի, դիկտատորության, արցունքաբեր գազի, Դարթ Վադերի հագուստով ոստիկանության, ՄԷՇ հոսպիտալի, շներին որպես կերակուր օգտագործելու, օլիմպիադայի հետ» [30]։ Ի՞նչ է արթնանում մեր հիշողության մեջ Հարավային Կորեա ասելիս։ Առաջին տեղում երկնաքերներն են, տեխնոլոգիաները, ճշմարտությունը և դատավարություններն ընդդեմ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչը նույնպես, միևնույն է, ուրախացնում է։ Այսինքն՝ բոլոր մեսիջները կրում են սկզբունքորեն դրական բնույթ։
Դ.Դոնդուրեյը շատ է գրել փափուկ ուժի այլ կերպ իրագործման՝ իմաստների կառուցման մասին՝ դրանց աշխատանքով բացատրելով ռուսաստանյան արդի զանգվածային գիտակցության և մտածողության առանձնահատկությունները [31]։ Մենք այստեղ հավելել ենք «զանգվածային մտածողություն» եզրը, քանի որ շատ հաճախ որոշումների անհրաժեշտ տեսակներն ընդունում է ինքը՝ ինֆորմացիան սպառողը, անգամ այն ժամանակ, երբ դրանք նրան ուղղակի տեսքով չեն առաջարկում։ Ինչպես մղման մեթոդաբանությունում, երբ քո առջև ընտրություն են կատարում, որը ստիպում է քեզ որոշում ընդունել։ Բայց այդ որոշումը մարդն ինքն է ընդունում։
Դոնդուրեյը գրել է. «Մենք հստակ զգում ենք այն անտեսանելի իմաստակերտիչ ուժը, որն անընդհատ որոշում է՝ մեր փոխարեն, մեզ համար, այն, թե, մեր տարածքից նայելով, ինչ տեսք ունի մեզ շրջապատող աշխարհը։ Քրտնաջան կառուցելով բացատրական սխեմաների, արժեքային գերակայությունների, բարոյական ռուբրիկացիաների շինությունը, որտեղ տեղավորվում է մինչ այդ արդեն ձևաչափված ամբողջ ինֆորմացիան իրականության մասին։ Չէ՞ որ մենք, հեռուստացույցից բացի, չենք տեսնում այն տեղերը, որոնցում տեղի է ունենում ամենօրյա այն իրադարձությունների բովանդակային մշակումը, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պետք է արձագանքի ողջ երկիրը»։
Նույնը տեղի է ունենում նաև արևմտյան մարդու հետ։ Սերգեյ Պերեսլեգինն ասում է հետևյալը. «Այնպիսի հասկացություններ, ինչպիսին են «շուկան», «մոնետարիզմը», «հեղինակային կապիտալը», «կայուն զարգացումը», «կանաչ քաղաքները», «հանդուրժողականությունը», «սեռական փոքրամասնությունների իրավունքները», «էկոլոգիական գիտակցությունը», «գլոբալ ջերմացումը», աստիճանաբար անցնում են հնացած հռետորաբանության շարքը։ Այդ բոլոր տրենդները միայն մեկ ֆունկցիա են ունեցել՝ հանրային գիտակցության կառավարում կայուն համաշխարհային կարգի ապահովման համար։ Այդ բառերն աշխատում էին 1990-2000-ական թթ.։ Այժմ հասարակությանը նոր բառեր են առաջարկվում։ Այսօր արևմտյան էլիտաների քաղաքական կոնսենսուս դարձավ վեցերորդ տեխնոլոգիական կարգը, քանի որ դրանց համար իդեոլոգեմները քաղաքականության խտացված շարադրանք են» [32]։
Այստեղից էլ ծագում է տարօրինակ մի եզրահանգում. ամեն բան (կրոն և գաղափարախոսություն, տնտեսություն և, հասկանալի է, քաղաքականություն, գրականություն և արվեստ) ուղղված է գերիշխող ուժի կայունացմանը։ Ըստ էության, վաղուց այսպես էր գրում Անտոնիո Գրամշին՝ այդ երևույթի նկարագրման համար մտցնելով հեգեմոնիա եզրը։ Կապիտալիզմը, նրա կարծիքով, պահում է ենթակա դասերի համաձայնությունը վերնաշենքի օգնությամբ, այսինքն՝ խոսքը ոչ այնքան հարկադրման մասին է՝ որպես ինքնակամ համաձայնության։
Իրականությունը հեռուստատեսային ընկալմամբ հասկանալու սովորությունն ընկած է այն բանի հիմքում, որ մարդկանց տալիս են պատրաստի մտածական կոնստրուկտներ, միևնույն ժամանակ՝ աշխարհի պատկերում որպես ամենակարևոր մեկնակետ են ունենում՝ ո՞վ է թշնամի և ո՞վ՝ բարեկամ։ Զանգվածային գիտակցությունը, նման կոորդինատներ ստանալով, արդեն կարող է ինքն էլ գնահատական տալ տեղի ունեցողին, բայց հեռուստատեսությունը, միևնույն է, նրան օգնում է այդ հարցում։
Վերադառնանք մեր դատողությունների սկզբնակետին։ Մեր առջև է զանգվածային գիտակցությունը՝ որպես չկառուցակցված, ազդեցությանը դժվար տրվող օբյեկտ։ Ձևակերպենք սա հետևյալ կերպ. օբյեկտիվ գործիքանիով զանգվածային հարվածը սուբյեկտիվությանը հանգեցնում է օբյեկտիվ արդյունքների, քանի որ բազմաթիվ սույեկտիվություններ հավաքվում են օբյեկտիվ միասնության մեջ, որի վրա արդեն կարելի է ազդել օբյեկտիվ մեթոդներով։
1937 թվականը խորհրդային պատմության մեջ նույնպես այդպիսի օրինակ է, թե ինչպես սուբյեկտիվ վարքը կարող է էապես օբյեկտիվացվել և դառնալ կանխատեսելի։ Երեսունյոթի բռնաճնշումները փոխեցին ինչպես այդ իրադարձությունների վկաներին, այնպես էլ պահպանվեցին որպես տրավմա անգամ սերունդներ հետո։ Մարդն սկսում է իրեն առավելագույնս զգույշ պահել՝ դրանով իսկ մեծացնելով ճիշտ պահվածքի տարածքը։ Պայմանականորեն ասած՝ Ստալինին ատող երկու մարդ միմյանց հետ խոսելիս Ստալինին գովաբանելու են, որպեսզի մատնության օբյեկտ չդառնան։ Սա տրավմայի՝ վարքը կանխորոշող նույնպիսի տեսակ է, ինչպիսին էր սեպտեմբերի 11-ը, որը հնարավորություն տվեց փոխել աշխարհի կառուցվածքը՝ դրանում թշնամու նոր տեսակ մտցնելով։
Մենք շատ հնազանդ ենք, ինչին հասնելու համար իշխանությունը կիրառում է ոչ այնքան շատ ուժ, ինչպես կարող է թվալ։ Օրինակ, փորձերը ցույց են տալիս, որ մարդը, գտնվելով սոցիալական միջավայրում, պակաս կտրուկ վերաբերմունք ունի ստացվող ինֆորմացիայի հանդեպ [33]։ Այսինքն՝ սոցիալականը ծնում է համաձայնություն մատուցվող ինֆորմացիայի հետ։
Ֆրանկֆուրտյան դպրոցին նույնպես հետաքրքրել է հնազանդության և կոնֆորմիզմի ծագումը։ Հորքհայմերը և Ադորնոն իրենց «Լուսավորության դիալեկտիկա»-ում նշում են հետևյալը [34]. «Հեռախոսից դեպի ռադիոն մի քայլ առաջը հանգեցրեց դերերի հստակ բաշխմանը։ Առաջինը դեռևս թույլ էր տալիս իրենից օգտվողներին լիբերալ կերպով խաղալ սուբյեկտի դեր։ Երկրորդը դեմոկրատաբար բոլորին նույն կերպով վերածում է լսողների, որպեսզի միանգամայն ավտորիտար ձևով նրանց հանձնի տարբեր կայանների՝ միմյանց միջև կատարելապես նույնական ծրագրերի իշխանությանը»;
«Ոչ մի բանի հետ հաշվի չնստող կինոարդյունաբերության միասնությունը սպասվող միասնության նախակարապետն է քաղաքականությունում։ Մշտապես ընդգծվող տարբերությունները, ինչպիսին են, օրինակ, Ա և Բ կատեգորիաների ֆիլմերի կամ ամսագրերի հրապարակումներում գների տարբեր մակարդակների միջև տարբերությունները, ծնվում են ոչ այնքան գործի էությունից, որքան ծառայում են սպառողի դասակարգման, կազմակերպման և հաշվառման խնդրին։ Այստեղ բոլորի համար ինչ-որ բան նախատեսված է ստացվում նրա համար, որպեսզի ոչ ոք չկարողանա «պլստալ», տարբերությունները սերմանվում և քարոզվում են։ Հանրության՝ որակների սերիական արտադրության հիերարխիայով ապահովումը նպաստում է ավելի ու ավելի համապարփակ քվանտիֆիկացիային։ Իբր ինքնաբուխ ամեն մեկը պետք է իրեն պահի ինդեքսիկացիայի միջոցով նախապես սահմանվող իր «մակարդակին» համապատասխան և գործ ունենա զանգվածային արտադրանքների այն կատեգորիաների հետ, որոնք արտադրվում են հատուկ իր տեսակի համար։ Որպես վիճակագրական նյութ սպառողները հետազոտական ատյանների (որոնք արդեն ոչնչով չեն տարբերվում քարոզչական ատյաններից) աշխարհագրական քարտեզի վրա բաժանվում են խմբերի ըստ իրենց եկամտի՝ ձևավորելով կարմիր, կանաչ և կապույտ դաշտեր»;
«Ողջ աշխարհը դառնում է մշակութային արդյունաբերության զտիչի միջով անցած։ Կինոդիտողի լավ հայտնի զգացողությունը, որը փողոցը, որտեղ գտնվում է կինոթատրոնը, ընկալում է որպես հենց նոր ավարտված տեսարանի շարունակություն հենց այն պատճառով, որ վերջինը միշտ կողմնորոշված է աշխարհի սովորական ընկալման ճշգրիտ վերարտադրմանը, դառնում է արտադրական պրոցեսի ուղեցույց։ Որքան ավելի խիտ և համատարած է ստացվում այն իրականացնող տեխնիկաների կողմից էմպիրիկ առարկայականության երկակիացումը, այնքան ավելի հեշտ է հաջողվում այսօր այն պատրանքի հաստատումը, որ արտաքին աշխարհը լոկ այն բանի անմիջական շարունակությունն է, որի հետ ծանոթանալուն «բերում» են կինոթատրոնում։ Կայծակնային արագությամբ տեղի ունեցածը ձայնային կինոյում ներդնելու պահից իրականության մեխանիկական բազմապատկումը լրիվ և ամբողջովին սկսում է սպասարկել այդ մտահղացմանը։ Այս միտմանը համապատասխան՝ իրական կյանքին այլևս թույլ չի տրվում որևէ բանում տարբերվել ձայնային ֆիլմից»։
Ընկեր Ստալինը դա վաղուց էր հասկացել և գրեթե անձամբ էր զբաղվում ակնկալվող քարոզչական գլուխգործոցների խմբագրական աշխատանքով։ Ֆիլմը ստեղծում է իրականության իդեալական պատկերը։ Իսկ նման իդեալի առկայությունը գաղափարախոսություն է զանգվածների համար։ Միայն թե գաղափարախոսության այս տեսակի մեջ կոդավորումն ուրիշ է։ Սովորական գաղափարախոսությունում կգրվի «մարդ», իսկ դրանում՝ «Պյոտր», սովորական գաղափարախոսության միջի բանվորը կդառնա աշխատանքի հարվածային, թշնամին կունենա Ադոլֆ կամ Ալբերտ անունը։ Ի դեպ, Գերման Տիտովն աշխարհում առաջին տիեզերագնացը չդարձավ իր անվան պատճառով, նրա փոխարեն ուղարկեցին Յուրի Գագարինին։
Այս գաղափարախոսությունը կոդազերծվում է անմիջապես փողոցի, այլ ոչ թե քաղաքական գործիչների կամ գիտնականների կողմից, դա ուղղակի ներգործության գաղափարախոսություն է, որը գրքային մտահանգումների և հստակ ձևակերպումների կարիք չունի։ Պուտինի Ռուսաստանը Սուրկովի օգնությամբ հասավ նախագահին աջակցության այդպիսի մակարդակի հենց այդ «ուղղակի» գաղափարախոսության պատճառով։ Այն գալիս է նորությունների և կինոյի միջոցով, կոդավորման նոր տեսակի օգնությամբ, որը տարբերվում է կրոնից և գաղափարախոսությունից։
Փ.Ռիկերը, հղում կատարելով Գիրցին [35], գաղափարախոսությունը տեսնում է երևակայելիի ոլորտում (([36-37], տե՛ս, ի դեպ, Ֆրանսիայի նորընտիր նախագահ Մակրոնի գործողությունների վերլուծությունը Ռիկերի տեսանկյունից, որի երկրպագուն է [38])։ Ըստ Ռիկերի, առանց գաղափարախոսության չի կարելի ձևավորել ինքնություն, չի կարելի ինտեգրվել։ Երևակայելիի ոլորտը հետաքրքիր է նաև Ալեքսանդր Դուգինի համար [39]։
Ֆրանկֆուրտյան դպրոցից բացի հնազանդության ասպեկտը հետաքրքրել է նաև մետրոպոլիայի գաղութներում աշխատող հոգեբաններին [40-42]։ Է.Լինսթրամի «Կառավարելով ուղեղները» գրքի մասին գրախոսը գրում է. «Կառավարելով ուղեղները» ընթերցողին տանում է հիմնականում մոռացված պատմության միջով, թե ինչպես Մեծ Բրիտանիան փորձում էր բարելավել կայսրության արդյունավետությունը և էֆեկտիվությունը «բանականության մասին նոր գիտությունների» օգնությամբ, որոնք լայն կատեգորիա էին ներկայացնում՝ ներառելով ինչպես անձի և խելքի թեստավորումը, այնպես էլ Յունգի և Ֆրեյդի տեսությունները։ Ուգանդայից մինչև Հնդկաստան և Բիրմա կառավարական բյուրոկրատները, գիտնականները, միսիոներները և անթրոպոլոգներն օգտագործում էին թեստեր, որպեսզի հետազոտեն, ռացիոնալացնեն և վերահսկեն կայսրությունը» [43]։
Շատ հեղինակներ ընդգծում են, որ հոգեբանական թեստավորումը կոչված էր ապացուցելու գաղութացվող ժողովուրդների անբավարար զարգացումը, ինչն իր հերթին արդարացնում էր նրանց իբրև երեխաների վերաբերվելն ավագների կողմից, որոնց դերում հանդես են գալիս գաղութարարները։
Է.Լինսթրամն ասում է. «Ինչպես և այլ տեխնոլոգիաները, որոնք աննկատ շարժվում են սահմանների միջով, հոգեբանության գործիքները հնարավոր դարձրին գլոբալ կառավարման հնարավոր կայսերական ամբիցիաները՝ խոստանալով անհրաժեշտ գիտելիքի ծնունդը բանվորների, ուսանողների, զինվորների, ապստամբների և գաղութացված այլ խմբերի մասին։ Բայց այդ նույն տեխնիկաները կասկածի տակ դրեցին այն հիերարխիաները, որոնք ընկած էին բրիտանական կառավարման հիմքում և վեր են հանել բրիտանական արտասահմանում սոցիալական փոփոխությունների բրիտանական պլանների թուլությունը։ Ինտելեկտուալների և պաշտոնական անձանց միջև փոխանակումների պատմությանը հետևելը հասկանալի է դարձնում, որ գիտության և կայսրության կոմբինացիան, որը Էդվարդ Սաիդն անվանել է «տրամաբանական դաշինք», եղել է աննշան փոխգործակցություն՝ նշված անվստահությամբ և թյուրըմբռնմամբ» [44]։
Նման նախագծերից մեկն էլ երազների հավաքումն ու վերլուծությունն էր։ Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցի պրոֆեսոր Զելիգմանը երազահավաքությամբ զբաղվում էր Նիգերիայում, Սուդանում, Ուգանդայում, Հնդկաստանում, Ավստրալիայում և Սողոմոնյան կղզիներում։ Մի կողմից՝ նման հսկայական նյութի կուտակումը ցույց տվեց դրա ադեկվատ իմաստավորման անհնարինությունը։ Բայց մյուս կողմից այն ի հայտ բերեց ոչ այնքան հաճելի պատկեր. «սպիտակ մարդու» կերպարը վախի, նախանձի և ատելության բարդ զգացումներ էր առաջացնում գրեթե ամենուրեք, որտեղ եղել էին հետազոտողները։ Բյուրոկրատները, միսիոներները, առևտրականները կայսերական սուբյեկտների երազներում հանդես էին գալիս որպես տիրաններ, որոնք դիմում էին բռնության, նախորդ տասնամյակների պատերազմի և նվաճման հիշողությունը բավական վառ էր։ Բրիտանական պաշտոնական անձինք միաժամանակ շփոթված էին և անհանգստացած, որ իրենք եղել են ժողովրդական դժգոհության և դրա դեմ պայքարելու անհնարինության աղբյուր, քանի դեռ իրենք իշխանությունում են» ([45], տե՛ս նաև երազի անթրոպոլոգիայի վերաբերյալ արդի հետազոտությունները [46])։ Ի դեպ, Զելիգմանն ասում էր, որ լուրջ հոգեկան հիվանդություններ չեն եղել Նոր Գվինեայում՝ մինչև «արևմտականացումը» (տես՛ նաև քրիստոնեության և շիզոֆրենիայի [47], ինչպես նաև կրոնի և հոգեկան շեղումների [48] թեմայով հոդվածը)։
Գոյություն ունի նաև հակառակ երևույթը. գաղութարար կողմը նույնպես հայտնվել է փսիխոզի ազդեցությանը։ Գրքի «Կայսրություններ և հույզեր» ներածական հոդվածում, որն ուսումնասիրում է գաղութատիրական ժամանակների վախերն ու խուճապները, փաստվում է հետևյալը. «Ասիմետրիայի պարադոքսալ թվացող արդյունքներից մեկը, որոնք բնորոշ են գաղութային իրավիճակի համար, որը գաղութարարների ոչ մեծ մշակութային էլիտային դրել է հաճախ նրանց թվով գերազանցող տեղի բնակչության վրա ուժ գործադրելու դիրքում, եղել է այն փաստը, որ վախը, անհանգստությունը, թախիծը դառնում էին նրանց ամենօրյա փորձի մի մասը։ Համենայնդեպս, այս առումով նշանակություն չուներ՝ արդյո՞ք նրանք բարձրաստիճան պաշտոնական անձինք էին, միսիոներներ, սովորական վերաբնակներ, թե՞ զինվորներ» [49]։
Այս պատճառով հասկանալի է դառնում, որ գրականությունը, որը դուրս է եկել այն մարդկանց գրչի տակից, ովքեր եղել են այնտեղ, զուտ երևակայության արդյունք չէ։ Ջորջ Օրուելը, որ ուներ Էրիկ Արթուր Բլեք անունը, քսանականներին ոստիկան էր Բիրմայում, Ջոզեֆ Կոնրադն իր «լորդ Ջիմին» վերցրել է կոնկրետ ուղևորությունից՝ Սինգապուրից Մեքքա ուխտավորների հետ 1880թ. կատարած ճամփորդությունից։
Սույն հիմնախնդրի կարևորությունն այն է, որ այն ազդում է զանգվածային գիտակցության վրա անգամ անցյալից՝ ներգործության ենթարկելով նաև հաջորդ սերնդին։ Հետտրավմատիկ ախտանիշը, որն ունենում են զինվորականները, հավանաբար, կարող է լրացվել նաև երկրների հետտրավմատիկ ախտանիշով, որոնք դժվարությամբ են մշակում իրենց սեփական ինքնությունը։
Հետազոտողները շեշտում են այս երևույթի կարևորությունը՝ այն նշելով որպես բանականության գաղութացում. «Գաղութացնողի և գաղութացվողի գերպարզեցված բինար հակադրումից հեռանալը հօգուտ ավելի հորիզոնական և ուղղահայաց սահմանազատման, չի կարող, սակայն, հերքել այն փաստը, որ գաղութատիրությունը երկարակյաց դրոշմ է թողել նախկին գաղութների վրա։ Միատեսակ դրամատիկ, թեև տեսողաբար պակաս նկատելի էր, քան անտառների, հանքերի և գաղութային շենքերի անխնա օգտագործումը, բանականության գաղութացումը։ Այդ արդյունքներն առավել ուժեղ էին քաղաքային բնակչության արտոնյալ հատվածում, քանի որ այդ մարդիկ առավել մեծ շփումներ ունեին գաղութարարների հետ» [50]։
Ի դեպ, այստեղից էլ հետևում է այսպես կոչված հետգաղութատիրական հետազոտությունների կարևորությունը, քանի որ արդի նման հասարակության որոշ պարամետրեր կարող են վերցված լինել անցյալից։ Ընդ որում՝ ոչ ոք չի նկատում, որ դրանք «օտար» պարամետրեր են։ Դրանք կարող են գալ ուրիշի կամ սեփական անցյալից, ներկայի ոչ ադեկվատ ընկալումից։
Գաղութային բժիշկներն իրենց աշխարհից բերեցին հայացքներ, որոնք չէին համապատասխանում իրականությանը։ Օրինակ, ի հայտ եկավ մի հիվանդություն, որը վերագրվում էր տեղի բնակչությանը, որը կոչեցին տրոպիկական նևրասթենիա։
Այսօր դրա մասին այսպես են գրում. «Բժշկական գրականության մեծ մասը տրոպիկական նևրասթենիայի մասին կարող է ընթերցվել որպես բարոյական և ռասիստական դիսկուրս։ Այն արտահայտում է երկյուղներ, որ անհատների շեղվող կամ ինքնաքայքայող վարքագիծը հանդիսանում է ռասայի այլասերման վաղ նախազգուշացնող ազդանշան։ Սպիտակ մարդիկ գտնվում էին ռիսկի որոշակի աստիճանի ներքո, քանի որ շատ ժամանակ էին անցկացնում գաղութային առաջնագծում, ուղղակի շփման մեջ էին մերձարևադարձային միջավայրի և մարդկանց հետ, ինչը նրանց ավելի ընկալունակ էր դրաձնում ալկոհոլիզմի, դեպրեսիայի և նևրասթենիկ այլ հիվանդությունների հանդեպ» [51]։
Մենք դիկտատուրան հակադրում ենք դեմոկրատիային այն բանի հիման վրա, որ դիկտատուրայի պարագայում մեկ սուբյեկտությունը դառնում է նշանակալի բոլորի համար։ Բայց դա բնութագրական գիծ է հասարակությունների բոլոր տարբերակների համար, որոնք աշխարհի միասնական պատկերի կարիք ունեն։ Հավանաբար, դա գոյության ամենահարմարավետ տեսակն է, իսկ աշխարհի մյուս պատկերների բոլոր կրողներն անցնում են մարգինալ դիրքեր։
Եվ սա նորմ է ոչ միայն հին տեսակի հասարակությունների համար։ Ա.Սոլնցևան, օրինակ, գրում է ռուսական զանգվածային գիտակցությունում Ղրիմի իմաստային ներկառուցման մասին. «Ղրիմի հետ կապված իրավիճակում Ռուսաստանի առաջնորդը ժողովրդի հետ կարևոր կոմպենսատորային գաղափար է կիսել. մեզ նվաստացնում են, իսկ մենք դիմադրում ենք։ Մեզ նվաստացնում է Ուկրաինան, իսկ նրա միջոցով՝ Ամերիկան, Արևմուտքը, լիբերալները, մասոնները, այսինքն՝ օտարները։ Իսկ մենք յուրային ենք, հարազատ, այնպիսին, ինչպիսին կանք, ուզում ենք մնալ այնպիսին, ինչպիսին կանք և թքած ունենք ձեր օտար արժեքների վրա։ Մի սովորեցրեք մեզ քիթը չքչփորել։ Ձեր գործը չէ։ Մենք ինքներս էլ գլուխ կհանենք։ Այս դիրքորոշումը նրա հեղինակների համար անգամ անսպասելիորեն այնքան պոպուլյար և հուզականապես արդյունավետ եղավ, որ այն սկսեցին գործադրել անխնա։ Ե՛վ հեռուստաշոուներում, և՛ քաղաքական առաջնորդների ելույթներում, ողջ հանրային ոլորտում։ Կուրսը հստակ տրված է» [52]։
Այս կոնկրետ պարագայում մենք բախվում ենք աշխարհի ընկալման այն մոդելներին, որոնք արդեն եղել են զանգվածային գիտակցությունում։ Ղրիմը պարզապես դարձավ ևս մեկ օրինակ արդեն գոյություն ունեցող կանոնի։ Ստալինի կերպարի բարձրացումը զուգահեռաբար ընթանում է պետական ուղղահայացի ուժեղացման հետ։ Այսինքն՝ մի բան ասելով՝ մենք միաժամանակ ակտիվացնում ենք մյուսը։
Այսօր սոցցանցերում հույզերի վերլուծություն շատերն են անում (տե՛ս, օրինակ, Ֆեյսբուքում ըստ լայքերի կախվածությունների (ալկոհոլային, նիկոտինային, թմրանյութերի) կանխատեսմանն ուղղված աշխատանքները [53])։ Աշխատանքում կարելի է տեսնել ֆիլմեր և երաժշտական խմբեր, որոնց «լայքերը» ցույց են տալիս այս կամ այն կախվածության հետ կորելյացիան։ Օրինակ, ֆիլմերի կամ խմբերի շարքում՝ ծխելը և «Աղջամուղջը», ալկոհոլը և «Քաղցած խաղերը», թմրանյութերն ու «Դեփեշ մոդ» խումբը։ Եվ սա վկայում է այն մասին, որ սուբյեկտիվությունը նոր կյանք է ստացել՝ դադարելով terra incognita լինել հետազոտողների համար։
Ինչպես տեսնում ենք, մեր ժամանակներում սուբյեկտիվ գործոնները դադարել են պատնեշ լինել զանգվածային գիտակցության վրա ներգործության համար։ Ստացվել է հակառակը. նա, ով տիրում է սուբյեկտիվությանը, կարող է հասնել լավագույն օբյեկտիվ արդյունքների։ Աշխարհը կրկին կորցրել է բարդությունը, քանի որ ալգորիթմերը տիրել են նրան։
Հունիս, 2017թ.
Աղբյուրներ և գրականություն
1. The human fabric of the facebook pyramid // labs.rs/en/the-human-fabric-of-the-facebook-pyramid/
2. Mapping and quantifying political information warfare. Part 1, Propaganda, domination & attacks on online media // labs.rs/en/mapping-and-quantifying-political-information-warfare/
3. Mapping and quantifying political information warfare. Part 2, Social media battlefield, arrests & detentions // labs.rs/en/mapping-and-quantifying-political-information-warfare-2/
4. Doward J. a.o., Did Cambridge Analytica influence Brexit vote and the US election? // www.theguardian.com/politics/2017/mar/04/nigel-oakes-cambridge-analytica-what-role-brexit-trump
5. Cadwalladr C., The great british Brexit robbery: how our democracy was hijacked // www.theguardian.com/technology/2017/may/07/the-great-british-brexit-robbery-hijacked-democracy
6. Cadwalladr C., Follow the data: does a legal document link Brexit campaigns to US billionaire? // www.theguardian.com/technology/2017/may/14/robert-mercer-cambridge-analytica-leave-eu-referendum-bre...
7. Cadwalladr C., Revealed: how US billionaire helped to back Brexit // www.theguardian.com/politics/2017/feb/26/us-billionaire-mercer-helped-back-brexit
8. Cadwalladr C., Robert Mercer: the big data billionaire waging war on mainstream media // www.theguardian.com/politics/2017/feb/26/robert-mercer-breitbart-war-on-media-steve-bannon-donald-tr...
9. How social media, big data and communism influence politics // en.hromadske.ua/posts/how-social-media-big-data-and-communism-influence-politicst
10. Miller J., How Facebook’s tentacles reach further than you think // www.bbc.com/news/business-39947942
11. Marr B., Using your personal data is now second nature for politicians // www.theguardian.com/commentisfree/2017/may/08/personal-data-politicians-election
12. Raeside J., What Facebook knows about you review — start panicking now! // www.theguardian.com/tv-and-radio/2017/may/09/facebook-panorama-bbc-what-knows-about-you-mark-zuckerb...
13. Solon O., Facebook admits: governments exploited us to spread propaganda // www.theguardian.com/technology/2017/apr/27/facebook-report-government-propaganda
14. Mathieson S., Trump, Brexit, and Cambridge Analytica — not quite the dystopia you are looking for // www.theregister.co.uk/2017/03/07/cambridge_analytica_dystopianism/
15. Facebook and Twitter prediction // applymagicsauce.com/demo.html
16. On What Facebook Knows – An Interview with the Man Behind Facebook’s Personality Experiment // www.socialmediatoday.com/technology-data/adhutchinson/2015-10-01/what-facebook-knows-interview-man-b...
17. Mathieson S., Meet the Loughborough ’emo’ boffins who predicted Trump’s victory // www.theregister.co.uk/2016/11/24/loughborough_emotive_study_predictive_trump_election/
18. Sykora M., a.o. National security and social media monitoring: a presentation of the emotive and related systems // dspace.lboro.ac.uk/dspace-jspui/bitstream/2134/18767/1/National%20Security%20and%20Social%20Media%20Monitoring%20-%20A%20Presentation%20of%20the%20EMOTIVE%20and%20Related%20Systems.pdf
19. Sykora M., a.o. Twitter based analysis of public, ne-grained emotional reactions to significant events // dspace.lboro.ac.uk/dspace-jspui/bitstream/2134/16454/1/Twitter+based+Analysis+of+Public,+Fine-Grained+Emotional+Reactions+to+Significant+Events.pdf
20. Computer system uses Twitter to ‘map mood of nation’ // www.bigdata4analytics.com/blog/computer-program-uses-twitter-to-map-mood-of-nation-from-bbc-news-ana...
21. Pentland A., Social Physics. How Good Ideas Spread.The Lessons from a New Science, New York, 2014.
22. Микел Б., Программисты скоро будут никому не нужны. Почему (и какие профессионалы будут востребованы) - объясняет миллиардер Марк Кьюбан // incrussia.ru/understand/programmisty-skoro-budut-nikomu-ne-nuzhny-pochemu-i-kakie-professionaly-budut-vostrebovany-obyasnyae/
23. Bhaskar M., In the age of algorithm, the human gatekeeper is back // www.theguardian.com/technology/2016/sep/30/age-of-algorithm-human-gatekeeper
24. Thaler R.H., a.o. Nudge. Improving Decisions About Health, Wealth, and Happiness, New York etc., 2009.
25. Thaler R.H., Misbehaving. The Making of Behavioral Economics, N.Y., 2015
26. Санстейн К., Иллюзия выбора. Кто принимает решения за нас и почему это не всегда плохо, М., 2016.
27. Sunstein C., The ethics of nudging // digitalcommons.law.yale.edu/cgi/viewcontent.cgi?article=1415&context=yjreg
28. Sunstein C.S., The Ethics of Influence. Government in the Age of Behavioral Science, Cambridge, 2016.
29. Nye J.S., Jr. Soft Power. The Means To Success In World Politics, New York, 2004.
30.Marshall C., How Korea got cool // www.the-tls.co.uk/articles/public/how-korea-got-cool-hanguk/
31. Дондурей Д., Российская смысловая матрица // kinoart.ru/editor/rossijskaya-smyslovaya-matritsa
32. Переслегин С., Дополненная реальность // iz.ru/news/714488
33. Yun Y., a.o. Perceived social presence reduces fact-checking
// www.pnas.org/content/early/2017/05/16/1700175114.full
34. Хоркхамер М., Адорно Т., Диалектика просвещения. Философские фрагменты, М., СПб., 1997.
35. Geertz G., Ideology as a cultural system // www.sociosite.net/sociologists/texts/geertz_ideology.php
36. Ricoeur P., Lectures on ideology and utopia, New York, 1986.
37. Ricoeur P., Ideology and utopia as cultural imagination // digitalcommons.brockport.edu/cgi/viewcontent.cgi?article=1193&context=phil_ex
38. Humphreys J. Paul Ricoeur: The philosopher behind Emmanuel Macron // www.irishtimes.com/culture/paul-ricoeur-the-philosopher-behind-emmanuel-macron-1.3094792?utm_content...
39. Дугин А., Социология воображения. Введение в структурную социологию, М., 2010.
40. Linstrum E., Spectres of dependency. Psychoanalysis in the age of decolonization // Psychoanalysis in the Age of Totalitarianism. Ed. by M. ffytche, D. Pick, London etc., 2016.
41. Linstrum E., Ruling Minds. Psychology in the British Empire, Cambridge, 2016.
42. Labiste M.D., Spectres of new media technologies: the hope for democracy in the postcolonial public sphere // etheses.bham.ac.uk/3800/1/Labiste_13_PhD.pdf
43. Meserve J., How Psychology Helped Support — and Subvert — the British Empire // nymag.com/scienceofus/2016/02/psychology-helped-and-hurt-the-british-empire.html
44. What we’re reading now: Ruling Minds: Psychology in the British Empire by Erik Linstrum // www.bbk.ac.uk/hiddenpersuaders/blog/reading-now-ruling-minds-psychology-british-empire-erik-linstrum...
45. Linstrum E., The Weird Experiment by Colonial Powers to Read the Minds of the People They Ruled // historynewsnetwork.org/article/161758
46. Edgar I.R., Anthropology and the dream // community.dur.ac.uk/i.r.edgar/
47. Littlewood R., Did Christianity lead to schizophrenia? Psychosis, psychology and self reference // www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4107833/
48. Dein S., Littlewood R., Religion and psychosis: A common evolutionary trajectory? // Transcultural Psychiatry, 2011, Vol. 48, N 3.
49. Fischer-Tine H., Introduction: Empires and Emotions // Anxieties, fear and panic in colonial settings empires on the verge of a nervous breakdown. Ed. by H. Fischer-Tine, London etc., 2016.
50. Hartnack C., Colonial Dominions and the Psychoanalytic Couch: Synergies of Freudian Theory with Bengali Hindu Thought and Practices in British India // Unconscious Dominions: Psychoanalysis, Colonial Trauma and Global Sovereignties, Ed. by W. Anderson a.o., Durham, 2008.
51. Kennedy D., Minds in Crisis: Medico-moral Theories of Disorder in the Late Colonial World // Anxieties, fear and panic in colonial settings empires on the verge of a nervous breakdown. Ed. by H. Fischer-Tine, London etc., 2016.
52. Солнцева А., Шинели в первом ряду // www.gazeta.ru/comments/column/solnceva/10694819.shtml
53. Ding T., a.o. Social Media-based Substance Use Prediction // arxiv.org/pdf/1705.05633.pdf
դեպի ետ