• am
  • ru
  • en
Версия для печати
15.05.2017

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՐԺԵՔԱՎՈՐ ՌԵՍՈՒՐՍՆ ԱՅԼԵՎՍ ՆԱՎԹԸ ՉԷ, ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ

English

   

Տվյալների վրա հիմնված տնտեսությունը նոր մոտեցումներ է պահանջում հակամենաշնորհային կարգավորման հանդեպ

ՆՈՐ ապրանքը սկիզբ է դնում տնտեսության շահութաբեր, սրընթաց աճող ճյուղի, ստիպելով, որ հակամենաշնորհային կարգավորող մարմինները միջամտեն և կարգավորեն դրա շարժը վերահսկողների գործունեությունը։ Մեկ հարյուրամյակ առաջ այդ ապրանքը նավթն էր։ Այժմ նման խնդիր է առաջ գալիս թվային դարաշրջանի նավթի, այսինքն` տվյալների գործով զբաղվող հսկաների առնչությամբ։ Անհաղթելի թվացող այդ տիտանների շարքում են Alphabet-ը (Google-ի սեփականատեր ընկերությունը), Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Microsoft-ը։ Այս հնգյակի կազմում են աշխարհում կապիտալացման ամենաբարձր արժեքն ունեցող ընկերությունները։ Նրանց շահութաբերությունը հսկայական է. 2017թ. առաջին եռամսյակում նրանց գումարային զուտ շահույթը կազմել է ավելի քան 25 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ամերիկայում առցանց ծախսվող միջոցների կեսը ստանում է Amazon-ը։ Նախորդ տարում թվային գովազդից ստացվող հասույթի գրեթե ամբողջ աճն Ամերիկայում գրանցվել է Google-ի և Facebook-ի հաշվին։

Նման գերակայությունը տեղիք է տվել տեխնոլոգիական հսկա կորպորացիաները մասնատելու կոչերի, ինչպես որ 20-րդ դարի սկզբին վարվեցին «Ստանդարտ օյլ» նավթային տրեստի հետ։ Անցյալում մեր լրագիրը դեմ է հանդես եկել այդ կարգի կտրուկ գործողություններին։ Խոշորությունն ինքնին դեռևս հանցանք չէ։ Հսկաների հաջողությունից օգտվում են սպառողները։ Քչերը կհամաձայնվեն ապրել առանց Google-ի որոնման համակարգի, Amazon-ի մեկօրյա առաքումների կամ Facebook-ի նորությունների։ Բացի այդ, նշված ընկերությունները չեն առարկում հակամենաշնորհային ստանդարտ օրենքների կիրարկմանը։ Դժվար է նրանց մեղադրել սպառողներին շահագործելու մեջ, քանի որ նրանց ծառայություններից շատերն անվճար են (ըստ էության, սպառողները դրանց դիմաց վճարում են տրամադրելով ավելի մեծաքանակ տվյալներ)։ Հաշվի առնելով ավանդական, ոչ առցանց մրցակիցներին, վերոհիշյալ ընկերությունների շուկայական մասնաբաժինների չափը պակաս մտահոգիչ է թվում։ Իսկ Snapchat-ի պես նորահայտ ընկերությունների փորձը ցույց է տալիս, որ շուկա նոր մուտք գործողների համար դեռևս առկա են մեծ հնարավորություններ։

Այնուամենայնիվ, մտահոգության առիթներ ևս կան։ Տվյալների վերահսկողության շնորհիվ ինտերնետային ընկերություններն ահռելի իշխանություն են ձեռք բերում։ Մրցակցության վերաբերյալ նավթային դարաշրջանում ստեղծված հին մտածելակերպը «տվյալների տնտեսության» մերօրյա ժամանակաշրջանում այլևս արդիական չէ։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ։

Քանակն իր յուրահատուկ որակն ունի

Ի՞նչ է փոխվել։ Խելախոսների (սմարտֆոն) և ինտերնետի շնորհիվ տվյալները դարձել են ծավալուն, համատարած և շատ ավելի արժեքավոր։ Եթե զբաղվում եք վազքով կամ հեռուստացույց դիտում կամ նույնիսկ պարզապես հայտնվել եք ճանապարհային խցանման մեջ, այդ բոլոր գործողությունները թողում են թվային հետք, որն իր հերթին հումք է հանդիսանում տվյալներ մշակող համակարգերի համար։ Տարբեր սարքեր, ձեռքի ժամացույցներից մինչև ավտոմեքենաներ, կապվում են ինտերնետին, մեծացնելով առաջացող տվյալների ծավալը։ Որոշ հաշվարկներով ինքնավար ավտոմեքենան կարող է վայրկյանում 100 գիգաբայթ ծավալով տվյալներ ստեղծել։ Իսկ արհեստական ինտելեկտի այնպիսի մեթոդներ, ինչպիսին համակարգիչների ինքնուսուցումն է, թույլ են տալիս ավելի մեծ արժեք կորզել տվյալներից։ Ալգորիթմերը կարող են կանխատեսել, թե հաճախորդը երբ պատրաստ կլինի գնում կատարելու, երբ ռեակտիվ շարժիչը վերանորոգման կարիք կունենա կամ երբ անձը հիվանդության վտանգի տակ կհայտնվի։ «Ջեներալ էլեկտրիկ» և «Սիմենս» արդյունաբերական հսկաներն այժմ իրենց ներկայացնում են որպես տվյալների ընկերություններ։

Տվյալների առատությունը փոփոխում է մրցակցության էությունը։ Տեխնոլոգիական հսկաները միշտ էլ օգտվել են ցանցային էֆեկտից. որքան ավելի շատ օգտատերեր են գրանցվում Facebook-ում, այդքան ավելի գրավիչ է այն դառնում մյուսների համար։ Տվյալների ավելի մեծ ծավալներ հավաքելով ընկերությունն իր արտադրանքը բարելավելու հնարավորություն է ստանում, ինչն իր հերթին գրավում է նոր հաճախորդների, ստեղծելով է՛լ ավելի մեծածավալ տվյալներ և այդպես շարունակ։ Որքան շատ տվյալ հավաքի Tesla-ն իր անվարորդ ավտոմեքենաներից, այդքան ավելի արագ կկարողանա կատարելագործել դրանց ինքնուրույն երթևեկելու կարողությունները. ահա թե ինչու ս/թ առաջին եռամսյակում ընդամենը 25 հազ. ավտոմեքենա վաճառած այս ընկերության արժեքն ավելի բարձր է, քան «Ջեներալ մոթորզ»-ինը, որը նույն ժամանակահատվածում վաճառել է 2,3 մլն մեքենա։ Այսպիսով, տվյալների հսկայածավալ շտեմարանները ծառայում են որպես պաշտպանիչ խանդակ։

Տվյալների հասանելիությունն ընկերություններին պաշտպանում է մրցակիցներից նաև այլ կերպ։ Տեխնոլոգիական ոլորտում մրցակցության գոյության պահպանման հույսը հիմնվում է մեկնարկային փոքր ընկերությունների կողմից կայացած ընկերություններին «թիկունքից հարված հասցնելու» հնարավորության կամ տեխնոլոգիայի անսպասելի շրջադարձի վրա։ Սակայն այդ երկու տարբերակն էլ պակաս հավանական են դառնում տվյալների դարաշրջանում։ Հսկաների հետախուզական համակարգերը պարուրում է ամբողջ տնտեսությունը. Google-ը տեսնում է, թե մարդիկ ինչ են որոնում, Facebook-ը` թե ինչի մասին են կիսվում, Amazon-ը` թե ինչ են գնում։ Նրանց ունեն հավելվածների սեփական առցանց խանութներ և օպերացիոն համակարգեր, նրանք մեկնարկային ընկերություններին վարձակալության են հանձնում համակարգչային–հաշվողական հզորություններ։ Նրանց տեսադաշտը «երկնային բարձունքից» է, որտեղից հնարավոր է ուշի–ուշով հետևել, թե ինչ է կատարվում սեփական շուկաներում և դրանցից անդին։ Նրանց աչքից չի վրիպում, երբ մի նոր արտադրանք կամ ծառայություն սկսում է թափ հավաքել, որից հետո կամ կրկնօրինակում են այն, կամ էլ կլանում այն ստեղծած մեկնարկային ընկերությունը, քանի դեռ վերջինս սպառնալիք չի դարձել իրենց համար։ Շատերն են համոզված, որ 2014թ.-ին Facebook-ի կողմից պակաս քան 60 աշխատակից ունեցող WhatsApp-ի գնումը 22 մլրդ ԱՄՆ դոլարով ոչ այլ ինչ էր, քան հնարավոր մրցակցի վաղօրոք վնասազերծում։ Այսպիսով, տվյալները կարող են սահմանափակել մրցակցային գործընթացը շուկա մուտք գործելու խոչընդոտների ստեղծման և «վաղ նախազգուշացման» համակարգերի միջոցով։

Եվ ու՞մ եք դուք դիմելու, հակամենաշնորհային մարմիններ

Տվյալների բնույթը նվազեցնում է անցյալի հակամենաշնորհային միջոցառումների արդյունավետությունը։ Google-ի պես ընկերության բաժանումը հինգ Google-իկների չի կարող կանխել ցանցային էֆեկտը. վաղ թե ուշ նրանցից մեկը կրկին գերիշխող դիրք ձեռք կբերի։ Այստեղ անհրաժեշտ է մտածելակերպի կտրուկ վերափոխում: Նոր մոտեցումների առթիվ, թերևս, առավել ուշագրավ են երկու գաղափարներ։

Առաջինն այն է, որ հակամենաշնորհային մարմինները պետք է արդյունաբերական դարաշրջանից անցնեն 21-րդ դար։ Օրինակ, ընկերությունների միաձուլման պարագայում պետական միջամտության անհրաժեշտությունը դիտարկելիս ավանդաբար հաշվի են առել գոյացող ընկերության մեծությունը։ Այժմ նման գործարքների հետևանքները քննելիս հարկավոր է հաշվի առնել ընկերության տվյալային ակտիվների մասշտաբները։ Նաև, գործարքի արժեքը կարող է հուշել այն մասին, որ կայացած ընկերությունը կլանման միջոցով չեզոքացնում է նոր ձևավորվող մրցակցային վտանգը։ Գրեթե հասույթ չունեցող WhatsApp-ի համար Facebook-ի կողմից այդչափ խոշոր գումար վճարելու պատրաստակամությունն արդեն իսկ ահազանգ կհանդիսանար այս չափանիշի կիրառման դեպքում։ Շուկայական դինամիկան վերլուծելիս հակամենաշնորհային մարմինները պետք է նաև ավելի բանիմաց լինեն տվյալների առնչությամբ։ Օրինակ, կարելի է մոդելավորման մեթոդներ կիրառել գների վերաբերյալ անօրինական հակամրցակցային համաձայնությունների հայտնաբերման կամ մրցակցային դաշտի խթանման համար առավել արդյունավետ միջոցառումների ձևավորման համար։

Երկրորդ սկզբունքը կայանում է նրանում, որ թուլացվի առցանց ծառայություններ մատուցողների վերահսկողությունը տվյալների նկատմամբ, ավելի մեծ իրավունքներ վերապահելով այդ տվյալները նրանց տրամադրողներին։ Թափանցիկության ավելացումը նույնպես չէր խանգարի, քանի որ ընկերությունները ստիպված կլինեին սպառողների առջև բացահայտել, թե ինչ տվյալներ են պահում և որքան եկամուտ են ստանում դրանց շահագործումից։ Պետությունը կարող է նպաստել նոր ծառայությունների ստեղծմանը, բացելով ավելի մեծ թվով սեփական տվյալների շտեմարաններ կամ կառավարելով տվյալների տնտեսության կարևորագույն բաղադրիչները որպես հանրային ենթակառուցվածքներ, ինչպես որ վարվել է Հնդկաստանը «Aadhaar» կոչվող թվային նույնականացման իր համակարգի պարագայում։ Կարելի է նաև պարտադրել որոշակի տեսակի տվյալների բացահայտում` օգտատերերի համաձայնությամբ։ Այս մոտեցումը կիրառվում է Եվրոպայի ֆինանսական ծառայությունների ոլորտում, որտեղ բանկերը պարտավոր են իրենց հաճախորդների տվյալները տրամադրել երրորդ կողմերի։

Հակամենաշնորհային համակարգի վերափոխումն ու դրա համապատասխանեցումը ինֆորմացիոն դարաշրջանի պահանջներին հեշտ չի ընթանալու։ Այն պարունակելու է ռիսկեր։ Օրինակ, տվյալների բացահայտումը կարող է վտանգել գաղտնիության իրավունքը։ Բայց եթե պետությունները չեն ցանկանում, որ տվյալների տնտեսությունում գերիշխեն հատուկենտ հսկաները, ապա հապաղել այլևս չի կարելի։

http://www.economist.com/news/leaders/21721656-data-economy-demands-new-approach-antitrust-rules-worlds-most-valuable-resource


դեպի ետ