
ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՆԵՐՍԷՍ ԱՐՔ. ՄԵԼԻՔ-ԹԱՆԳԵԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ 1914-1918ԹԹ.
Դերենիկ Մելիքեան
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր
Իրանահայութեան ամենահինաւուրց թեմի՝ Ատրպատականի հայոց թեմակալ 20-րդ առաջնորդն է եղել երջանկայիշատակ Տ.Ներսէս արք. Մելիք-Թանգեանը: Նա 36 տարի հովւել է Ատրպատականի թեմը, որի հետ էլ դիմագրաւել է համաշխարհային երկու պատերազմների արհաւրալից ժամանակաշրջանները:
1866 թւականին Զանգեզուր գաւառի Բռնակոթ գիւղում ծնւած Մելիք-Թանգեանը (աւազանի անունով՝ Նիկողայոս) 20 տարեկան հասակում յաջողութեամբ աւարտել է Ս. Էջմիածնի Գէորգեան ճեմարանի միջնակարգ եւ լսարանական բաժինները: Որպէս ուսուցիչ պաշտօնավարել է Բաքւի «Հայոց Մարդասիրական Ընկերութեան» դպրոցում (1894թ.), այնուհետեւ 1896 թւականին, երբ ցարական կառավարութիւնը փակում է հայոց դպրոցները, Մելիք-Թանգեանն անցնում է Պետերբուրգ եւ չորս տարի ուսանում համալսարանի իրաւաբանական բաժնում՝ ստանալով աւարտական վկայական 1900թ.:
Վերադառնալով Էջմիածին՝ կարգւում է սարկաւագ, իսկ յաջորդ տարի (1901) ձեռնադրւում է վարդապետ Ներսէս անունով: Առաջին անգամ վանահայր է լինում Տաթեւի վանքում, ապա նշանակւում է Սիւնեաց թեմի առաջնորդական փոխանորդ: 1906 թւին նրան հրաւիրում են Էջմիածին ու նշանակում Հայրապետական դիւանապետ: 1912 թւին ժամանակի Ամենայն Հայոց կաթողիկոս Գէորգ 5-րդի կարգադրութեամբ հայրապետական յատուկ կոնդակով նշանակւում է Ատրպատականի թեմի առաջնորդ, ուր մնում է մինչեւ իր մահը (1948թ.)1:
Հարկ է նշել, որ նախքան Թաւրիզ մեկնելը Ներսէս վարդապետը վեհափառ հայրապետի հաւանութեամբ անցնում է Թիֆլիս, Բաքու եւ Ռոստով, կատարում է հանգանակութիւն, որով հնարաւոր է դառնում Ատրպատականի հայոց առաջնորդարանի ֆինանսական գործունէութիւնը դիւրացնել: Վերադառնալով Թաւրիզ եւ ստանձնելով պաշտօնը՝ նա յատուկ ուշադրութիւն է դարձնում դպրոցական գործերի վրայ: Գիւղերում նոր դպրոցներ բացելու հետ միաժամանակ կանոնաւորում է Թաւրիզի ազգային դպրոցների հասոյթները, ինչպէսեւ հասարակական ու մշակութային ամէն տեսակ ձեռնարկներին աջակից եւ հովանաւոր է հանդիսանում:
Առանձնայատուկ այցելութեամբ Մելիք-Թանգեան վարդապետը 1913թ. ամռանը ժամանում է Ատրպատականի հայոց թեմի երկու պատմական վանքերը՝ Ս. Թադէոս Առաքեալի հռչակաւոր վանքը (Մակու) եւ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքը (Դարաշամբ, Հին Ջուղայի դիմացը, Արաքսի պարսկական ափ): Թեմական ու հասարակական կեանքում մեծագոյն եռանդ դրսեւորելով՝ իբրեւ «շինարար հովիւ» վերանորոգում է Թաւրիզի հայոց եկեղեցիների զանգակատները: Նրա օրով Թաւրիզում կառուցւում է 1914-15թթ. «Արամեան» թատրոնի գեղեցիկ շէնքը՝ յատուկ ծրագրով… «Կարճ ժամանակի մէջ իր խոհեմ գործելակերպով նա ժողովրդական լայն համակրանքի եւ յարգանքի է արժանանում, որի արդիւնքը եղաւ այն, որ Ատրպատականի հայոց Թեմական-պատգամաւորական ժողովը դիմում է վեհափառ հայրապետին՝ խնդրելով, որ Ներսէս վարդապետին ձեռնադրէ եպիսկոպոս»2։
Վեհափառ հայրապետի ձեռամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ներսէս վարդապետ Մելիք-Թանգեանը ձեռնադրւում է եպիսկոպոս եւ 1914թ. սեպտեմբերին վերադառնում է Թաւրիզ՝ թեմի պատասխանատու պարտականութիւններին անցնելու համար:
Ներսէս արք. Մելիք-Թանգեանը եւ հայ գաղթականութիւնը. 1914–17թթ. Ատրպատականի հայութեան գաղթականների կացութեան մասին հարուստ փաստեր են արձանագրւած «Նախիջեւան-Շարուր-Դարալագեազ-Սալմաստի Եղբայրական օգնութեան կոմիտէի» տեղեկագրում, որտեղ մասնաւորապէս ակնյայտ են դառնում Ատրպատականի Հայոց թեմակալ առաջնորդ տ. Ներսէս ս. եպսկ. Մելիք-Թանգեանի անմնացորդ ջանքերը գաղթականներին պատսպարել-օգնելու գործում: «1914թ. դեկտեմբերին,- նշւած է տեղեկագրում,- Կովկասեան ճակատի Սարիղամիշի դէպքերի պատճառով Ատրպատականի զօրամասին կարգադրւում է ընդհանուր նահանջ: Նահանջը տեղի է ունենում մի օրւայ ընթացքում եւ քրիստոնեայ ազգաբնակչութեան առաջարկւում է գաղթել զօրքի հետ միասին դէպի Ջուլֆա: Դարերից ի վեր խաղաղ եւ ճոխ ապրած այդտեղի քրիստոնեայ տարրը ստիպւած թողնում է իւր կայքն ու հարստութիւնը, սոսկալի տանջանքներով, ճանապարհին մեծ քանակութեամբ՝ բուքին, ձիւնին, ցեխին ու սովին զոհեր տալով՝ 6-7 օրւայ ընթացքում հասնում է Ջուլֆա: Այդտեղ կուտակւում են մօտ 44000 գաղթականներ, որոնցից 24000–ը հայեր, Թաւրիզից՝ 3000, Խոյից՝ 2000, Սալմաստից՝ 15000, Ուրմիայից՝ 4000, իսկ մնացած 20000-ը ասորի եւ այլ քրիստոնեաներ, դարձեալ նոյն վայրերից»3։ Գաղթի հէնց սկզբի օրից թէ՛ ռուսական, թէ՛ կաթոլիկ, թէ՛ բողոքական եւ թէ՛ ասորիների հոգեւորականներն ու գործիչները, թողնելով իրենց ժողովուրդը դժոխային տանջանքների մէջ անտէր, անցնում են Ռուսաստանի խորքերը: Մնում է միայն Ատրպատականի Հայոց թեմակալ առաջնորդ տ. Ներսէս եպսկ. Մելիք-Թանգեանը, որն իր վրայ է վերցնում, առանց դաւանանքի խտրութեան, գաղթականութեան բոլոր կարիքների հոգացողութիւնը: «...Մի քանի օր անց նրան օգնութեան է գալիս Թիֆլիսի Հայոց Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Ա.Շարաֆեանը, քիչ յետոյ Բագւայ գաղթականական ներկայացուցիչ Գ Պապեանը, Թիֆլիսի Պարսկահայ կոմիտէի ներկայացուցիչ Ա.Յարութիւնեանը եւ յետոյ Բագւայ Հայոց Կուլտուրական Միութեան բժշկական խումբը՝ բժ. Ա.Աւետիսեանի ղեկավարութեամբ: ...Գաղթականութեան մեծ մասը անցնում է Ռուսաստանի զանազան քաղաքները, իսկ 15000-ի չափ՝ Երեւանի եւ Նախիջեւանի ու Շարուր–Դարալագեազի գաւառները: Յունւարի 10-ի վերջին էտապի հետ տեղափոխւում է տ. Ներսէս սրբազանը իր օգնականներով՝ Նախիջեւան»4։
1915թ. Թիֆլիսում գտնւելու օրերին Ներսէս Մելիք-Թանգեանը հանդիպումներ է ունեցել Սիմոն Վրացեանի հետ, որը հետեւեալ վկայութիւնն է թողել այդ հանդիպումների մասին. «...Ես նրան հանդիպեցի 1915–ին, Թիֆլիսում, այլեւս իբրեւ եպիսկոպոս եւ Ատրպատականի թեմի առաջնորդ: Եկել էր Թիֆլիս Ատրպատականի թեմի համար պաշտպանութիւն խնդրելու: Կարապետ եպսկ. տ. Մկրտչեանից յետոյ, որ գիտուն եւ գաղափարական հոգեւորական էր, Ատրպատականի թեմի առաջնորդութեան պատասխանատու պաշտօնը նրան էր յանձնւած: Եվ նա բացառիկ անձնւիրութեամբ եւ վարչական հմտութեամբ ծառայում էր իր հօտին: Նրա օրօք, Ատրպատականի թեմը մեծ առաջադիմութեան մէջ էր, երբ վրայ հասան մեծ պատերազմը եւ 1914թ. Դեկտեմբերեան աղէտաւոր նահանջը: Ուրմիոյ եւ Սալմաստի հայութիւնը ամբողջապէս տեղահան եղան: Թաւրիզեցիներից էլ ով հնարուն էր՝ անցաւ Կովկաս: Ներսէս սրբազանը աղէտահար ժողովրդի մէջ էր՝ նրա հետ բաժանելով ամէն նեղութիւն: Նրա ջանքերով կազմւեցին նպաստամատոյց մարմիններ, նիւթական միջոցներ հայթայթեցին եւ թէ՛ գաղթի ճանապարհին, եւ թէ՛ գաղթավայրերում ուտելիք, հագուստ եւ հաց տրւեց կարիքաւորներին: Այժմ նա Թիֆլիսում աշխատում էր պետական նպաստ ապահովել եւ հասարակական կազմակերպութիւնների աջակցութիւնը կանոնաւորել... Ներսէս սրբազանը վերադարձաւ՝ իր հետ տանելով ոչ միայն խոստում, այլեւ շօշափելի օգնութիւն: Վերադարձաւ եւ իր հօտի հետ ճաշակեց թրքական արշաւանքի բոլոր դառնութիւնները: Իր աչքերով տեսաւ Ատրպատականի թեմի քայքայումը, ապա, դաշնակիցների յաղթանակից յետոյ, Հայաստանի Հանրապետութեան ծնունդը, որի հանդէպ անսահման սէր ու պաշտամունք ունէր» 5։
Գաղթականների անհրաժեշտ պէտքերը հոգալու համար, բացի Թիֆլիսից ստացւած օգնութիւնը, տ. Ներսէս եպսկ. Մելիք–Թանգեանը ստիպւած է լինում նաև շրջել Ատրպատականի բոլոր գիւղերը եւ կոչ անել բոլոր տեղացիներին իրենց ունեցածը հնարաւորինս կիսելու գաղթականների հետ: Այդ նոյն նպատակով նա անցնում է նաեւ Սիսիանի շրջանի հայկական գիւղերը, որտեղից 1000 ռուբլու չափ փող եւ ալիւր է հանգանակում:
1915–ի «ապրիլի վերջերին Սալմաստի 2–րդ գրաւումից յետոյ, Ներսէս եպ.-ը Կոմիտէի անդամների հետ անցաւ Խոյ, Սալմաստ եւ Ուրմիա, դրութեան եւ պայմանների հետ ծանօթանալու, որպէսզի գաղթականութեան վերադարձը կազմակերպւի: Մոռացւեց յիշելու, որ Սալմաստի առաջին գրաւման ժամանակ Խոյի փոխհիւպատոս Վեդինսկին անցնում է Խոյից Սալմաստի շրջանը՝ համաձայն Ներսէս եպ.-ի ստացած հեռագրի, եւ այնտեղից հաղորդում է, որ ինքը եկել է Սալմաստ, արհաւիրքի ժամանակ մնացած քրիստոնեաներից սպանւածների դիակները թաղելու, որոնց դուրս է բերում ջրի հորերից եւ փլատակների տակից: Գրում է նաեւ, որ Կոմիսիա է կազմում իւր նախագահութեամբ եւ ամբարել է տալիս պարսիկների մօտ գտնւած քրիստոնեաներից կողոպտած իրերը եւ նկարագրում գիւղերի աւերածութեան եւ կարիքների մասին:
...Մայիսի կէսերին շրջող խումբը հասնում է Խոյ, ուր ժողովուրդը միւս շրջանների համեմատութեամբ այնքան էլ տուժած չի լինում, գտնւելով գաղթականական վերջին կէտում եւ սահմանագլխին մօտիկ վայրում, ժողովուրդը հնարաւորութիւն է ունեցած լինում քիչ զրկողութեամբ սահմանը անցնել, տանելով տնային իրերի մի մասը, նաեւ անասուններ, իսկ մնացածը հարեւան պարսիկներին պահ տալ: Այդտեղ կազմում են գիւղական խառը յանձնաժողովներ՝ Ռուսաց հիւպատոսի եւ պարսիկ դատաւորի հսկողութեամբ, որ պահ տրւած իրերը պարսիկներից համերաշխութեամբ յետ ստացւեն: ...Ատրպատականի զօրամասի հրամանատարի մօտ ժողով են կայացնում եւ ընտրում խառը Կոմիսիա, հրամանատարի եւ պարսիկ դատաւորի հսկողութեամբ, որոնք կոչ են անում պարսիկ ազգաբնակչութեան իրենց կամքով վերադարձնել կողոպտած իրերը...
...Ուրմիայի շրջանը գտնում են աւելի վատթար դրութեան մէջ: Այնտեղի ամերիկեան միսիան, տաճիկների տիրապետութեան օրօք, պատսպարելիս է եղել 16.000 ասորիներ եւ 300 հայեր, որոնք կերակրւել են միսիայի միջոցներով: Զանազան վայրերում պարսիկ խաների մօտ թաքնւած են եղել 2000-ի չափ հայեր եւս: Տաճիկների բարբարոսութիւններից սպանւել են 1000-ի չափ ասորիներ եւ 25 հայեր, եւ տարափոխիկ հիւանդութիւններից եւ բծաւոր տիֆից մեռել են 4000 ասորի եւ 20 հայ: Այդ շրջանում էլ նոյնպիսի Կոմիսիա է կազմակերպւում՝ տնտեսութիւնը վերականգնեցնելու ծրագրով»6։
Գաղթականներին վերադարձնելով՝ Կոմիտէն իր կազմով 1915-ի յուլիսի 1–ին տեղափոխւում է Սալմաստի շրջան՝ կենտրոն ընտրելով Հաֆթւան հայկական գիւղը:
1915թ. յուլիսի վերջերին սկսւում է Վանի գաղթը: Փախստականները երկու գծերով (Խօշաբի եւ Սարայի) գալիս են Սալմաստ եւ Խոյ, որոնցից մօտ 6500 հոգի Վանի, Շատախի, Մոկսի, Կարճկանի եւ Կառկարի շրջաններից, գալիս են Չուխա-գադուկից, Բաշկալէից մինչեւ Աղբակի Ս. Բարդուղիմէոս Առաքեալի վանքը, տեղաւորւում գետերի ափերին, իսկ 2500 հոգի Սարա-կոթուր գծով գալիս է դէպի Խոյ: Որոշւում է ունեցած գումարներով անմիջապէս օգնութեան հասնել թէ՛Աղբակ եւ թէ՛ Խոյ7։
Այստեղ էլ տ. Ներսէս եպս. Մելիք-Թանգեանը Թաւրիզից իսկոյն Սալմաստ է գնում գաղթականութեանը պարենաւորելու եւ պատսպարելու համար: Եվ երեւի Վասպուրականի բովանդակ հայութեան մեծ եւ աղետալի գաղթը թեթեւացնելու անմնացորդ զոհողութիւնների արդիւնքում էր, որ հետագային (1917թ.) Գէորգ 5-րդ կաթողիկոսը տ. Ներսէս եպիսկոպոսին նշանակում է Առաջնորդ Հայոց Վասպուրականի: Իսկ աւելի ուշ Ատրպատականի Հայոց Թեմական–պատգամաւորական ժողովի առաջարկով վեհ. կաթողիկոսը տ. Ներսէս եպիսկոպոսին շնորհում է արքութեան տիտղոս նրա ազգանւէր, անշահասէր եւ բազմարդիւն գործունէութեան համար8։
Մելիք-Թանգեանի Սալմաստում ծավալած գործողութեան մասին Անդրէ տ. Օհանեանը (Ամուրեան) հետեւեալ վկայութիւնն է թողել. «...Ա. աշխարհամարտին, 1915-6թթ. սրբազանը մեծ մասամբ մնացել էր Սալմաստ, ուր կամաւորական բանակները հանդիպումներ էին ունեցել, եւ սրբազանը մտերիմ էր բոլոր խմբապետերի հետ, մասնաւորապէս՝ Անդրանիկի (որն հետագային, 1920-ին, սրբազանի դիմումի վրայ, Ամերիկայից 20000 դոլար ուղարկեց Ատրպատականի հայութեան կարիքների համար): Սրբազանը իսկական ժողովրդի մարդ էր, արտակարգ հայրենասիրութեամբ տոգորւած: ...Սրբազան Մելիք-Թանգեանը կարծես ստեղծւած էր գաղթականութեանը հոգ տանելու համար»9։
Բնութագրելով Ներսէս արք. Մելիք-Թանգեանի՝ հայ փախստականներին օգնելուն ուղղուած գործունեութիւնը՝ Թեհրանում հրատարակւող «Րաֆֆի» տարեգիրքը նշում է. «...Բաւական է յիշատակել 1915-1916-ին Արեւմտեան Հայաստանից Ատրպատական ապաստանած բազմահազար գաղթականների, 1918-ին տաճիկ բանակների ներխուժման հետեւանքով Ատրպատականի հայաշատ գաւառներից գաղթած գիւղացիների եւ 1921-ին Հայաստանից Թաւրիզ անցած աւելի քան տասն հազար տարագիրների պաշտպանութեան ու խնամատարութեան գործին բերած նրա հայրական գորովագութ հոգատարութիւնը, երկրորդ աշխարհամարտի ընթացքին Ատրպատականի հայ համայնքին սպառնացող վտանգալից փորձութիւններին դիմագրաւելու իր ճիգերն ու զոհողութիւններն, պատկերացնելու համար այն փոթորկալի կեանքը, որ ունեցաւ Մելիք-Թանգեան սրբազանը, առընթեր իր թեմի ազգային–եկեղեցական ու կրթական մարզերին վերաբերող ընթացիկ աշխատանքներին»10։
Հետագա տարիներին հայ գաղթականութեանը ցուցադրւած օգնութեան մասին խօսելով՝ պատմաբան Հայկ Աճեմեանը նկարագրում է 1918 թւականին Ատրպատական ներխուժած թուրք բանակի հակահայկական յետին նպատակների մասին, որտեղ եւս ակնբախ է դառնում Ներսէս արք. Մելիք-Թանգեանի խոհեմ, զգոյշ եւ հեռատես քաղաքականութիւնը:
Եվ այսպէս, ըստ Հայկ Աճեմեանի, «Ներսէս արքեպիսկոպոսը այդ յուսահատ օրերին, իր դիրքի եւ ազդեցութեան շնորհիւ, կարողացաւ այնպիսի մի քաղաքականութիւն վարել թէ՛ տաճիկների եւ թէ՛ Պարսից կառավարութեան հետ, որ Թաւրիզի հայ գաղութը փրկւեց իսկական կոտորածից»11:
Յիշատակութեան արժանի պատմական խոշոր փաստ է նաեւ այն, որ Պարսից պետական բարձրաստիճան պաշտօնեաները եւ ժողովրդական լայն խաւերը մեծ պաշտպանութիւն ցուցաբերեցին հայերին: Թէ՛ Պարսից պետութիւնը եւ թէ՛ ժողովուրդը այնքան ջերմ ու անկեղծ կերպով պաշտպան հանդիսացան հայերին, որ տաճիկները չյաջողեցին հասնել իրենց նպատակին12:
Համաշխարհային Առաջին պատերազմի զինադադարից յետոյ, տաճիկները հեռանում են Թաւրիզից, սակայն Մակւի, Ս.Թադէի գիւղում մնացած հայերը, իրենց հարեւան պարսիկների մօտ ապաստան գտած՝ սպասում են իրենց հայրենակիցների օգնութեանը: Այստեղ եւս առաջնորդարանը՝ Մելիք-Թանգեան սրբազանի գլխաւորութեամբ, չի ուշանում օգնութեան հասնել Մակւի, Խոյի եւ Ս. Թադէի վանքի խլեակներին փրկելու ստոյգ մահից: Իրանի պետական պատասխանատուների օգնութեամբ եւ Մելիք–Թանգեան սրբազանի հետապնդումների արդիւնքում, Թաւրիզ են փոխադրւում Խոյի կոտորածից ազատւած կանայք եւ երեխաները, բոլոր տղամարդիկ13:
Ներսէս արք. Մելիք-Թանգեանի ժողովրդանւէր ծառայութիւնների մեծագոյն արգասիքը կարող լինել արդէն վատառողջ Գէորգ 5-րդ կաթողիկոսին փոխարինելը, որը սակայն սովետական քաղաքական ճղճիմ չարաշահումների բերումով իրականութիւն չդարձաւ, չնայած նրան, որ նրա ժողովրդականութիւնն ու հեղինակութիւնը բարձրակէտին էին գտնւում թէ՛ Հայաստանի հասարակայնութեան եւ թէ՛ յատկապէս հոգեւոր եկեղեցականութեան շրջանակներում: Ահա թէ ինչ ենք կարդում պրոֆ. Վ.Ն. Ղազախեցեանի «Փաստաթղթերի ժողովածու»-ում տւեալ իրողութեան մասին. «Դաշնակցութեան թուլացմանը կարող էր օժանդակել նրան մեծապէս օգնող՝ Հայոց եկեղեցու Ատրպատականի թեմի առաջնորդ Ներսէս արք. Մելիք-Թանգեանի գահընկեցութիւնը: Խնդիրը կարեւոր էր նաեւ այլ տեսակէտից: Բանն այն է, որ Մելիք-Թանգեանը մեծ հեղինակութիւն էր վայելում հաւատացեալների ու հոգեւորականութեան միջավայրում. դրա շնորհիւ նա նոր կաթողիկոսի հնարաւոր թեկնածուն կարող էր լինել արդէն տարեց Գէորգ 5-րդի մահւան դէպքում: Մելիք-Թանգեանի յաղթանակով Հայոց Առաքելական եկեղեցու նստավայրը կարող էր փոխադրւել արտասահման. դա դէմ էր խորհրդային իշխանութեան շահերին ու քաղաքականութեանը: Նկատենք, որ Էջմիածինը լաւագոյնս օգտագործւում էր յօգուտ խորհրդային երկրի՝ նրա արտաքին քաղաքականութեան բնագաւառում: Արք. Մելիք-Թանգեանի հարցը լուծելու փորձ էր Գիւտ եպիսկոպոսին14 Թաւրիզ գործուղելը:
Միւս փորձի անձը դարձաւ Արսէն արք. Ղըլտճեանը: 1928 թւին նա Ֆրանսիայից ժամանեց Մոսկւա եւ Պետքաղվարչութիւնում ընդունւեց արտաքին բաժնի արեւելեան բաժանմունքի պետ Աղաբէկովի կողմից, որը նրան հաւաքագրեց որպէս գործակալ (Գ / 58 համարով)՝ ամսական 200 դոլար վճարով: Նա մեկնեց Սպահան՝ Հնդկա-պարսկական թեմի առաջնորդի պաշտօնը զբաղեցնելու համար, իսկ Սպահանի Մեսրոպ եպիսկոպոսը նշանակւելու էր Թաւրիզում: Սակայն Մելիք-Թանգեանի դիրքերը բաւական ամուր էին, եւ նրա գահընկեցութեանն ուղղւած ջանքերն առայժմ դրական արդիւնք չէին տալիս եւ հետագայում էլ չտւեցին»15։
Եւ այսպէս, իր մահից կարճ ժամանակ առաջ, Մելիք-Թանգեան սրբազանը շատ յուզիչ մի կտակ է թելադրել, որի ներքոյ ինքն էլ իր դողդոջ ձեռքերով աւելացրել է մի քանի բառ: Ըստ որոշ վկայութիւնների՝ կտակը գտնւում է Թեհրանում, եւ, իրազեկների պատմածով, սրբազանն իր այդ կտակում իմիջիայլոց ասել է. «Աշխարհ է եկել դատարկ ձեռքերով եւ այդպէս էլ մեկնում է. ոչ պարտք ունի, ոչ առնելիք»: Եվ իբրեւ վերջին ցանկութիւն խնդրել է իրեն չթաղել եկեղեցու բակում կամ զանգակատան ներքեւ, այլ իր մարմինը պէտք է հանգչի գերեզմանատնում, իր ժողովրդի քովն ի վեր...16։
Մեծութիւններ կան, որոնց թողած բացը հնարաւոր չէ լցնել: Այդպիսի մեծութիւն էր «Մեր սրբազանը», «Իրանահայոց Հայրիկը», Ատրպատականի Հայոց անվեհեր ու անձնուրաց առաջնորդը, որն իր բովանդակ կեանքը նւիրեց հայ ժողովրդին եւ ցանկացաւ իր յաւիտենական հանգիստը գտնել հասարակաց հանգստարանում:
Երախտագէտ ժողովուրդը կատարեց իր սիրելի առաջնորդի վերջին ցանկութիւնը եւ նրա շիրմի վրայ արձանագրեց՝ «Աստ հանգչի Սիւնեցի տ. Ներսէս արք. Մելիք-Թանգեան, արիւնոտ օրերի ազգանւէր առաջնորդ եւ պաշտպան հայոց Ատրպատականի. 1866-1948»17։
1 «Պատմութիւն Ատրպատականի Հայոց Թեմական դպրոցի», 1981թ., Թեհրան, տպ. «ԱԼԻՔ», էջ 20:
2 «Արտազ» տեղեկատու, Դ տարի, հեղ. Է. Յ., թիւ 5-6, սեպտ.-հոկտ. 2006, էջ 20:
3 «Ասորիների ջարդերն Իրանի թիւրքաբնակ վայրերում...» աշխատութեան մէջ Անահիտ Խոսրոեւան այդ մասին մատնանշել է. «1914թ. հոկտ.-ի 3–ին Ուրմիայում Ռուսաստանի փոխհիւպատոս Վեդինսկին տեղի նահանգապետի հետ այցելում է քրդերի, թուրքերի եւ պարսկական խուժանի կողմից աւերւած ասորական Անգար, Ալւաչ եւ այլ գիւղեր»: «Ամենուրեք,- գրումէ նա,- առկայ են ջիհադի արդիւնքները: Անգար գիւղում ես տեսայ ասորիների հրկիզւած դիակներ, որոնց փորերը խոցւած էին մեծ, սրածայր ցցերով: Ասորիների շինութիւնները հրդեհւած եւ աւերւած են: Հարեւան գիւղերի հրդեհը դեռ շարունակւում է: Ասորիների ընտանիքները հաւաքւել էին քաղաքի մօտակայ դաշտերում»: 1914թ. հոկտ.-ի 24-ին Վեդինսկին հեռագրում էր հետեւեալը. «Փախստականների հոսքը շարունակւում է: Լուրեր են շրջում սպասւող նոր սպանդի մասին»: Մէկ օր յետոյ նա նշում էր, որ Թուրքիայից Իրան է անցել աւելի քան 600 փախստական ասորի»:
4 ՀԱԱ, Ֆ. 50, ց. 1, գ.127, թթ. 108-115:
5 «Յուշամատեան տ. Ներսէս արք. Մելիք-Թանգեանի», Թեհրան, «Ալիք» տպ., էջ 42:
6 Նոյն տեղում:
7 Նոյն տեղում:
8 «Յեղափոխական Ալբոմ», Լիբանան, Գ շարք, թիւ 27, էջ 76-77:
9 «Րաֆֆի» տարեգիրք, 1969 թ., Ա տարի, Թեհրան, էջ 110 եւ 114:
10 Նոյն տեղում, էջ 546:
11 «Ներսէս արք. Մելիք Թանգեան», նշւ. աշխ.:
12 «Արտազ» ամսագիր, Թաւրիզ, Դ. տարի, թիւ 5-6 , սեպտ.-հոկտ., 2006 թ., էջ 22:
13 Նոյն տեղում:
14 Գիւտ եպիսկոպոս տէր Ղազարեան, ձերբակալւել է այն բանից յետոյ, երբ Հայաստանի ղեկավարութիւնը կազմակերպել է Էջմիածնի կաթողիկոսութեան կողմից նրա գործուղումը Թաւրիզ՝ Ատրպատականի թեմի առաջնորդ Ներսէս Մելիք-Թանգեանին համոզելու հրաժարական տալ: Գիւտը, սակայն, մերժում է ստացել եւ իր անյաջողութեան համար յայտնւել է Չեկայի նկուղում: 1926թ. յուլիսի 18-ի զեկուցագրում, հասցէագրւած Գէորգ 5-րդ կաթողիկոսին, Խորէն արք. Մուրադբէկեանը յայտնում էր հանրապետութեան Պետքաղվարչութեան նախագահ Ս.Մելիք-Յովսէփեանի հետ ունեցած հանդիպման եւ դրա շնորհիւ Գիւտ եպիսկոպոսի ազատ արձակմանը հասնելու մասին (տե՛ս Վավերագրեր հայ եկեղեցու պատմութեան, 1921-1938, Եր., 1994, էջ 116):
15 Վ.Ն. Ղազախեցեան, «ՀՅ Դաշնակցութիւնը ԽՍՀՄ արտակարգ յանձնաժողովի եւ պետական քաղաքական վարչութեան գաղտընթերցումներում (1920-ական թւականներ)», փաստաթղթերի ժողովածու, Երեւան, Պատմութեան ինստիտուտ, 2016թ., էջ 11-12:
16 Գէորգեան Կարօ, «Ամենուն տարեգիրքը», 1958թ., Ե. տարի, Բեյրութ, էջ 439:
17«Րաֆֆի» տարեգիրք, Ա տարի, 1969թ., Թեհրան, էջ 546-47:
Փետրվար, 2017թ.
դեպի ետ