
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏ»-Ը, 907-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԽԱԽՏՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Սուրեն Սարգսյան
ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի
գիտաշխատող, միջազգայնագետ
ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ի օգոստոսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ ընդունեցին «Ազատության աջակցության ակտ» օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ստեղծելու դեմոկրատական կառավարման մոդել և ազատական տնտեսություն: Այդ ակտը (օրենքը) գործողությունների ծավալուն փաթեթ է, որը տարբեր ուղղություններով ճանապարհային քարտեզ է։ Ըստ էության, այն գործադիր իշխանության տարբեր մարմինների համար նախատեսված քաղաքական փաստաթուղթ է։
«Ազատության աջակցության ակտ»-ը նախատեսում էր տնտեսության, բիզնեսի, գյուղատնտեսության և այլ ուղղություններով ծավալուն օժանդակություն Ռուսաստանին և նորանկախ բոլոր պետություններին, որոնց ԱՄՆ նախագահը հատուկ ուղերձով ճանաչել և որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն էր հայտնել 1991թ․ դեկտեմբերի 25-ին։1
1992թ., հաշվի առնելով Արցախի դեմ հրահրված պատերազմը, հայ համայնքի և լոբբիստների աշխատանքի շնորհիվ «Ազատության աջակցության ակտ»-ի տեքստում նախաձեռնվեց 907-րդ բանաձևը2 (հոդվածը), որով արգելվեց ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել, հետևաբար՝ զեկուցել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: 907-րդ բանաձևի նախաձեռնողը դեմոկրատ սենատոր Ջոն Քերին3 էր: Նախագահ Բուշի կողմից օրենքի ստորագրման պահից այն ուժի մեջ մտավ և դարձավ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների համար խոչընդոտ՝ ուժի մեջ մնալով շուրջ 10 տարի։ Այդ տարիների ընթացքում Ադրբեջանը ԱՊՀ միակ պետությունն էր, որ ԱՄՆ կառավարությունից ուղղակի օժանդակություն չէր կարողանում ստանալ։ Բազմաթիվ փորձեր՝ դիվանագիտական խողովակներով, թե լոբբիստների կողմից, իրականացվում էին, սակայն հայ լոբբիստներին հաջողվում էր բանաձևը թողնել ուժի մեջ։
2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո ԱՄՆնախագահ Ջորջ Բուշ կրտսերը, ազգային անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով, դիմեց Կոնգրեսին՝ հնարավորություն խնդրելով յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907 բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ ահաբեկչության դեմ պայքարի, կոալիցիոն հակաահաբեկչական գործողությունների և Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու համար՝ վստահեցնելով, որ այդ օգնությունը որևէ ձևով չի խանգարելու Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին և չի օգտագործվելու Հայաստանի դեմ4: Այդ օգնությունը մի շարք կրթական և վերապատրաստման ծրագրեր էր ներկայացնում ԱՄՆ տարբեր ռազմաուսումնական հաստատություններում։
Հետևաբար, ստացվում է, որ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ուղղված իր ամենամյա նամակով հաստատում է, որ 907-րդ բանաձևի շրջանցումը և Ադրբեջանին տրամադրվող օգնությունը չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ (այստեղ տեքստից արդեն իսկ հանված են «Լեռնային Ղարաբաղ» բառերը, որոնք ներառված են 907-րդ բանաձևի հիմնական տեքստում):
Հաշվի առնելով ԱՄՆ ազգային շահերը, ազգային անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգը, ինչպես նաև կոալիցիոն գործողություններն Աֆղանստանում և Իրաքում, սեպտեմբերի 11-ին ահաբեկչական գործողություններից հետո ստեղծված իրողությունը՝ հայ համայնքն ու լոբբիստները չէին կարող հակազդել բանաձևի շրջանցմանը, և դա ամեն տարի արվում է՝ նույն սկզբունքով և նույն տեքստով:
2016թ. ապրիլյան ռազմական բախումների ընթացքում, Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարձակման ժամանակ հայկական զինված ուժերի կողմից ոչնչացվել է ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպա, ովքեր Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության շրջանակներում ուսանել են ԱՄՆ-ում: Մասնավորապես, փոխգնդապետ Մուրադ Միրզաևն ուսանել է Տեխասի նահանգի Սան Անտոնիոյի Ռազմական լեզվաբանական ինստիտուտում և մասնակցել է Վիրջինիայի ռազմածովային ուժերի սպայական հատուկ դասընթացներին: Փոխգնդապետ Վուգար Յուսիֆովը՝ Թալիշում ոչնչացված երկրորդ ադրբեջանցի զինվորականը, ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության շրջանակներում ուսանել է Արիզոնա նահանգի ռազմական հետախուզության կենտրոնում:
Սրանից բխում է, որ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ուղղած իր ամենամյա նամակով հավաստիացնում և հաստատում է մի բան, իսկ Ադրբեջանի իշխանություններն անում են միանգամայն այլ բան։ Ստացվում է, որ Ադրբեջանի պատճառով խախտվում է նախ 907-րդ բանաձևը, բացի բանաձևից՝ ԱՄՆ նախագահի նամակ-հիմնավորումը՝ ուղղված Կոնգրեսին, քանի որ, ըստ նամակի բովանդակության, Ադրբեջանին տրամադրվող օգնությունը չի կարող խանգարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցային գործընթացին։
Այս իրավիճակին հակազդելու համար Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, պաշտպանության նախարարության, ԱՄՆ հայ համայնքի և հայկական լոբբիստական կազմակերպությունների միահամուռ ջանքերով անհրաժեշտ է հարցը ներկայացնել Սպիտակ տանը, Պետական դեպարտամենտին, Պենտագոնին, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին և Սենատին, քանի որ Ադրբեջանի անպատասխանատու գործողությունները ոչ միայն սպառնում են Հայաստանի և Արցախի անվտանգությանը, այլև խախտում են Միացյալ Նահանգների «Ազատության աջակցության ակտ»-ը, 907-րդ բանաձևը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի՝ Կոնգրեսին ուղղված նամակի բովանդակությունն ու տրամաբանությունը։
Միաժամանակ, անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտին ներկայացնի համապատասխան ապացույցներն առ այն, որ Ադրբեջանի սպաները, ովքեր ոչնչացվել են Թալիշում և Թալիշի խաղաղ բնակչության, մասնավորապես՝ տարեց քաղաքացիների դաժան սպանության պատասխանատուն են, կրթվել և վերապատրաստվել են ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում և ստացել են համապատասխան դիպլոմներ ու սերտիֆիկատներ։
Բացի վերոնշյալ հանգամանքներից, պետք է հաշվի առնել նաև հետևյալ խնդիրը։ 2016թ. հայտնի դարձավ, որ Իսրայելն Ադրբեջանին է վաճառել «Երկաթե գմբեթ» կոչվող հակահրթիռային կայանները։ Այս կայաններն ամբողջապես արտադրված են Իսրայելում։ Սակայն արտադրության համար կիրառվել են տարբեր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ամերիկյան արտադրության։ Եթե մենք հնարավորություն ունենանք վերականգնելու 907-րդ բանաձևի գործողությունը, ապա երրորդ պետությունները, որոնք ամերիկյան արտադրության կամ ամերիկյան տեխնոլոգիաներ պարունակող զինատեսակներ են ձեռք բերում ԱՄՆ-ից, իրավունք չեն ունենա դրանք վաճառել երրորդ պետությանը՝ Ադրբեջանին։ Այսինքն, եթե բանաձևն իրավական ուժ ստանա և յուրաքանչյուր տարի ԱՄՆ նախագահը չշրջանցի այն իր նամակով, ամերիկյան զենք արտադրող ընկերությունները զենքի վաճառքի պայմանագրում պարտավոր են լինելու նշել, որ համապատասխան զինատեսակները չեն կարող վերավաճառվել Ադրբեջանին։
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել դիվանագիտություն-հայ համայնք-լոբբիստական աշխատանք ձևաչափով և հարցը բերել հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունների օրակարգ։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի միջոցով կարող ենք ազդեցություն ունենալ Սպիտակ տան վրա։ Ինչպես հայտնի է, հայ համայնքը կարողանում է լուրջ աշխատանք իրականացնել օրենսդիր մարմնում, սակայն գործադիրում, մանավանդ՝ հանրապետական վարչակազմի պարագայում, առանձնապես լայն հնարավորություններ չունի։ ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայաստանին աջակցող խմբի միջոցով հնարավոր է համապատասխան օրինագիծ դնել շրջանառության մեջ և ակտիվ աշխատել այս ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերջնականապես դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը ԱՄՆ-ի կողմից։
1 http://www.nytimes.com/1991/12/26/world/end-soviet-union-text-bush-s-address-nation-gorbachev-s-resignation.html
2 https://www.congress.gov/bill/102nd-congress/senate-bill/2532/text
3 https://www.congress.gov/amendment/102nd-congress/senate-amendment/2686/text
4 https://georgewbush-whitehouse.archives.gov/news/releases/2002/01/20020128-20.html
դեպի ետ