• am
  • ru
  • en
Версия для печати
22.03.2017

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՐՈՇ ԲԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

   


Արմեն Ղալեչյան

ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության տեղեկատվական հակապայքարի բաժնի պետ, գնդապետ

Բազմաթիվ աղբյուրներում (բաց, թե փակ) հանդիպում ենք տեղեկատվական գործողություններ իրականացնող կառույցներին նվիրված ոչ շատ, հաճախ իրարամերժ և կոնկրետ տեղեկատվություն չտրամադրող նյութեր և հոդվածներ: Այս ոլորտին նվիրված ամբողջական տեսական աշխատությունները սակավաթիվ են, ինչը հասկանալի է, քանի որ ոլորտը պարունակում է ռազմական և այլ բնույթի գաղտնիքներ:

ՀՀ ԶՈւ տեղեկատվական գործողությունների զարգացման և հնարավորությունների հեռանկարների տեսլականի պատկերացման համար այսպիսի աշխատանքներն ուղղակի անհրաժեշտություն են:

Հոդվածն ուղղված է մասնակիորեն լրացնելու այդ բացը, մասնավորապես՝ համապատասխան տեղեկատվություն տրամադրելով ՀՀ ԶՈւ սպայակազմին և ոլորտի պատասխանատուներին:

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակում (ՉԺԱԲ) տեղեկատվական գործողությունների վարման և զորքերի տեղեկատվահոգեբանական պաշտպանության ապահովման համար պատասխանատու է ՉԺԱԲ քաղաքականության գլխավոր վարչությունը: Սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը՝ պայմանավորված տեղեկատվական և տեղեկատվահաղորդակցային ենթակառուցվածքների գործունեության խաթարման գործառույթով, ՉԺՀ պետական մակարդակով դիտարկվում է որպես բացառապես տեղեկատվական պատերազմների բաղկացուցիչ մաս: Այդ տեխնոլոգիաների կիրառման գլխավոր նպատակը «ղեկավարման համակարգերի դեմ պայքարն է», որը բովանդակում է հակառակորդի զորքերի և սպառազինության ղեկավարման համակարգերի համակարգված ներազդեցության միջոցառումների մի ամբողջ համախումբ՝ տարաբնույթ ծրագրային մեթոդներով, ռադիոէլեկտրոնային պայքարի իրականացմամբ և կրակային խոցման միջոցներով: Համացանցում տեղեկատվական հակապայքարի կազմակերպման գործողությունների համակարգումն իրականացնում է ՉԺԱԲ գլխավոր շտաբի ռադիոէլեկտրոնային պայքարի վարչությունը: Այդ կառույցին են ենթարկվում հակառակորդի տեղեկատվական համակարգերին միանալու հնարավորություններն ու սեփական ղեկավարման ցանցերի պաշտպանությունն ուսումնասիրող մասնագիտացված կենտրոնները, որոնք իրականացնում են նաև տեղեկատվական պատերազմների վարման հնարավորությունների վերլուծություն՝ կիրառելով ՉԺԱԲ կենտրոնական և կայազորային ենթակա զորամասերի կողմից իրականացվող տեղեկատվահոգեբանական գործողությունները, ռադիոէլեկտրոնային պայքարի և կապի զորամասերի տեխնիկական հնարավորությունները: Ներկայում ՉԺԱԲ-ում փոփոխվում է տեղեկատվական հակապայքար իրականացնող ստորաբաժանումների կազմհաստիքային կառուցվածքը: Չին մասնագետների կարծիքով՝ նրանք պետք է ավելացնեն համակարգչային հետախուզական և հակահետախուզական, էլեկտրոնային վիրուսային հարձակումների, հակավիրուսային պաշտպանության և այլ տեխնիկական խոցման միջոցներից պաշտպանության ստորաբաժանումներ: ՉԺԱԲ գլխավոր շտաբի կապի վարչությունում գործում է տեղեկատվական պատերազմի վարման ուսումնական (փորձարարական) կենտրոն: Նրա կազմի մեջ է մտնում Հոնկուի ուսումնական կենտրոնը, որը տեղեկատվական հակապայքարի իրականացման հիմնական ձևերի և մեթոդների մշակման հիմնական ուսումնական մարզադաշտն է: Այդ նպատակով ուսումնական կենտրոնում հիմնվել է տեղեկատվական պատերազմի վարման լաբորատորիա, որտեղ իրականացվում են հետազոտություններ հետախուզության վարման, ՌԷՊ-ի, համակարգչայի ցանցերում հակապայքարի կազմակերպման, հոգեբանական պատերազմների իրականացման ոլորտներում: Լաբորատորիան հետազոտում է նաև տեղեկատվության անվտանգության հարցերը, մասնավորապես՝ հատուկ տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցները:

Տեղեկատվական հակապայքարին վերաբերող չինաստանյան հայացքները մեծ մասամբ ձևակերպվում են ամերիկյան տեղեկատվական գործողությունների հայեցակարգերի ներազդեցությամբ (մեկնաբանմամբ): Չին ռազմական մասնագետները կարծում են, որ ապագայի պատերազմներում մարտական գործողությունների հաջողություններն անմիջականորեն կախված կլինեն մարտադաշտում տեղեկատվական առավելությունից, որն իր հերթին նշանակում է ստանալ, վերլուծել և կիրառել տեղեկատվությունը հակառակորդի վրա ներազդելու նպատակով: Ի տարբերություն ԱՄՆ-ի, որը ձգտում է համաշխարհային գլոբալ տիրապետության, չինական հայեցակարգը կրում է պաշտպանողական բնույթ, և նրա գլխավոր նպատակը ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական վտանգներին հակազդումն է:

Կախված մասշտաբներից և լուծվող խնդիրների բնույթից, ներգրավվող ուժերից և միջոցներից՝ Չինաստանում տարբերակվում է տեղեկատվական հակապայքարի երկու ձև.

- Լայն իմաստով տեղեկատվական հակապայքարը կազմակերպվում է պետական բոլոր մակարդակներով։ Այն լինում է գաղտնի կամ բաց, իրականացվում է ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջաններում։ Տեղեկատվական հակապայքարի այս ձևը հսկողություն է հաստատում ՉԺՀ ազգային անվտանգությանը վտանգներ ներկայացնող պետությունների տեղեկատվական տարածքի վրա, ինչպես նաև ապահովում է սեփական տեղեկատվական անվտանգությունը:

- Նեղ իմաստով տեղեկատվական հակապայքարն իրականացվում է հենց պատերազմի և ռազմական ընդհարումների ժամանակ, սահմանափակ ռազմաթատերաբեմում: Այս տեսակը ստացել է «Ռազմական ոլորտի տեղեկատվական հակապայքար» անվանումը: Նրա հիմնական իմաստը հակառակորդի զորքին և սպառազինության ղեկավարման համակարգերին զգալի կորուստ հասցնելն է կամ գերճշգրիտ զինատեսակների և բոլոր տեսակի հետախուզության իրականացման համակարգերի կիրառման դժվարացումը:

Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում (ՄԹ) տեղեկատվական հակապայքար հասկացությունը մեկնաբանվում է որպես ապատեղեկատվություն, հակառակորդի պետական ու ռազմական ղեկավարման համակարգերի վրա տեղեկատվատեխնիկական և տեղեկատվահոգեբանական ներազդեցության միջոցառումների իրականացում (մասնավորապես՝ այն անձանց նկատմամբ, ովքեր ղեկավարման ոլորտներում ընդունում են առավել կարևոր որոշումներ), ինչպես նաև սեփական տեղեկատվական անվտանգության ապահովում: Բրիտանական մինիստրների պալատում տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերի համար պատասխանատու է համատեղ կառավարման գործադիր խումբը: Խաղաղ պայմաններում խմբի ղեկավարումն իրականացնում է արտաքին գործերի նախարարը: Իրավիճակի սրման դեպքում ղեկավարումն անցնում է պաշտպանության նախարարի իրավասության տակ, որին ենթակա է նաև ռազմական տեղեկատվական գործողությունների կոորդինացիոն խումբը: Այս խումբն ապահովում է տեղեկատվական գործողությունների վարման համար պատասխանատու բոլոր շտաբների և ղեկավարման մարմինների միջև համագործակցությունն ու գործողությունների համակարգումը, որտեղ կարևոր դեր ունի տեղեկատվական գործողությունների հետախուզական ապահովումն իրականացնող ռազմական հետախուզության շտաբը, որը միջոցառումներ է իրականացնում նաև տեղեկատվական գործողությունների աջակցության խմբի հետ: Խումբն իր գործունեությունն իրականացնում է սոցիալական հետազոտությունների և ենթակառուցվածքների գնահատման բաժնի տրամադրած վերլուծությունների հիման վրա:

Տեղեկատվական գործողությունների ապահովմանը վերաբերող վերջնական փաստաթղթերն ուղարկվում են պաշտպանության նախարարություն և ՄԹ զինված ուժերի միացյալ օպերատիվ շտաբ, որտեղ ոլորտի մասնագետները կանխորոշում են տեղեկատվական գործողությունների նպատակներն ու խնդիրները, մշակում ներգրավված ղեկավարման մարմիններին ուղղված կարգադրություններ: Այդ գործունեության մեջ կարևոր դերակատարություն ունի միացյալ օպերատիվ շտաբը (ՄՕՇ), իսկ մարտական գործողությունների թատերաբեմում՝ միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շտաբը: ՄՕՇ-ն իրականացնում է տեղեկատվական գործողությունների ռազմավարական պլանավորումն ու իրականացումը: Մարտական գործողությունների թատերաբեմում միացյալ զորքերի խմբավորման (ուժերի) շտաբը (ՄԶԽՈւՇ) պատասխանատու է պետության սահմաններից դուրս իրականացվող տեղեկատվական գործողությունների անցկացման և ղեկավարման համար: ՄԶԽՈւՇ-ում առկա են տեղեկատվական գործողությունների իրականացման խմբեր, որոնք ուղղակի ենթարկվում են շտաբի հետախուզական վարչությանը:

Ռազմական ստորաբաժանումներում տեղեկատվական հակապայքարի գործողություններն ուրվագծվում են «Կռիվ ղեկավարման համակարգերի դեմ» հայեցակարգի շրջանակներում: Վերջինիս հիմնական խնդիրներն են.

  • հակազդել հակառակորդի հետախուզությանը և ապահովել սեփական զորքերի գործողությունների անվտանգությունը,
  • մոլորության մեջ գցել հակառակորդին,
  • վարել ռադիոէլեկտրոնային պայքար,
  • իրականացնել հոգեբանական գործողություններ,
  • ֆիզիկապես ոչնչացնել հակառակորդին:
Տեղեկատվական գործողությունները լինում են հարձակողական և պաշտպանողական: Հարձակողական տեղեկատվական գործողությունները գլխավորապես անց են կացվում հետևյալ նպատակներին հասնելու համար. հակառակորդի ղեկավարության կողմից իրավիճակի ոչ ադեկվատ գնահատում և նրանց կամքի ու ճիշտ որոշումներ ընդունելու հնարավորությունների խափանում: Հակառակորդը պետք է գործի և մտածի այնպես, ինչպես ձեռնտու է բրիտանական կողմին:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում (ՌԴ ՊՆ) կազմավորվել է տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության, հետազոտությունների և ռոբոտատեխնիկայի համար պատասխանատու ռազմական ղեկավարման մարմին: Համաձայն ՌԴ ՊՆ պլանների՝ այդ վարչության գործունեության ընթացքում մշակվում են սպառազինության և ռազմական հատուկ տեխնիկայի հեռանկարային նմուշներ, կազմակերպվում են հայրենական և համաշխարհային առաջատար հետազոտությունների մշակումներ և վերլուծություններ, տեխնոլոգիաների հավաք: Բացի այդ, վարչությունը պլանավորում է ստեղծել ռազմական, հատուկ, երկակի նշանակության տեխնոլոգիաների միասնական տեղեկատվական ռեսուրս:

Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության կազմում գործում է տեղեկատվական հակապայքարի վարչությունը: Այս վարչության գործունեության նպատակը համազորային գործողությունների ժամանակ տեղեկատվական հարվածների և հարձակումների, հոգեբանական և տեղեկատվատեխնիկական գործողությունների, քողարկման միջոցառումների, բարոյահոգեբանական ապահովման, ՌԷՊ-ի, կապի անվտանգության և տեղեկատվության պաշտպանության, զորքերի (ուժերի) մարտական և հատուկ գործողությունների համակցված պլանավորված կիրառումն է: ՌԴ ԶՈւ տեղեկատվական հակապայքարը հակառակորդի մարդկային և նյութական ռեսուրսների վրա ներգործող միջոցառումների համալիր է՝ ուղղված հակառակորդի կողմից ճիշտ որոշումներ կայացնելու դժվարացմանը, ինչպես նաև սեփական տեղեկատվական համակարգերի պաշտպանությանը։

Իսրայելի պետության ղեկավարությունն արաբական աշխարհի դեմ հակամարտության պայմաններում տեղեկատվական հակապայքարի կազմակերպմանը հատկացնում է անհամեմատ մեծ ուշադրություն: Իսրայելում այլ երկրների տեղեկատվական օբյեկտների և հեռահաղորդակցման ենթակառուցվածքների գործունեության խափանման միջոցառումների համար պատասխանատու են ազգային զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության, կապի և համակարգչային համակարգերի վարչությունները: Իսլամական պետությունների ազգայնականների կողմից համացանցում հաճախակի դարձած կիբեռհարձակումներն Իսրայելին ստիպեցին 2010թ. որոշում ընդունել ստեղծելու այնպիսի ստորաբաժանում, որը կմասնագիտանա կիբեռահաբեկչության դեմ հակապայքարում՝ ինչպես հավանական հակառակորդի դեմ գլոբալ տեղեկատվական ցանցերում, այնպես էլ կառավարական, ուժային կառույցների, ֆինանսական և այլ տեղեկատվական ցանցերում: Դրանց կառավարումն իրականացնում է գլխավոր շտաբի հետախուզության վարչության ռադիոէլեկտրոնային հետախուզության հատուկ ստորաբաժանումը: Իսրայելի ԶՈւ հրամանատարությունը հարակից պետությունների տեղեկատվական և հեռահաղորդակցման համակարգերի գործունեության խափանման նպատակով կիրառում է իսրայելական ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ համալրված իսրայելական և ամերիկյան արտադրության ռադիոէլեկտրոնային ճնշման ժամանակակից կայաններով: Իսրայելի պաշտպանության նախարարության պատվերով շարունակվում են «Սյուտեր» ՌէՊ տեխնիկական-ծրագրային համակարգային հեռանկարային միջոցի ստեղծման աշխատանքները, որը նախատեսված է հակառակորդի ռադիոէլեկտրոնային հսկողության հաղթահարման, հակառակորդի ՀՕՊ համակարգերի ռադիոկապերով հաղորդվող տեղեկատվության հափշտակման և դրանցում նշանակետերի կեղծ տվյալների և չափորոշիչների ներդրման համար:

Իսրայելի ԶՈւ ԳՇ հետախուզական վարչությունն ակտիվ համագործակցում է տեղական «Էլբիտ սիստեմս» կորպորացիայի մեջ մտնող գիտահետազոտական և արտադրական ընկերությունների հետ: Իսրայելում կարծում են, որ միջազգային իրավական մեխանիզմների բացակայությունը թույլ է տալիս առանց միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան պետությունների հետ համաձայնեցման խոցել ծրագրային-տեխնիկական միջոցների կիրառմանն ուղղված համակարգչային ցանցերը:

Հնդկաստանի Հանրապետությունում տեղեկատվական անվտանգության ապահովման պատասխանատուներն են (կախված առաջադրված խնդիրներից) կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունները: Հնդկաստանի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում ստեղծվել է համակարգչային ցանցերի խոցելիության գնահատման ձեռնարկ, որը կիրառվում է ազգային ռազմածովային ուժերում (ԱՌԾՈւ): Համաձայն այդ փաստաթղթի՝ միավորումներում և զորամասերում ներգրավված քաղաքացիական մասնագետները եռամսյակը մեկ իրականացնում են ստուգումներ։ Մասնավորապես, այդ ստուգման խնդիրներն են․

  • վերլուծել հեռահար (գաղտնի, ոչ քայքայիչ) ԱՌԾՈւ-ում ապահովվող համակարգչային ցանցերի տեխնիկական, ծրագրային վարչարարական առկա թերությունները,
  • իրականացնել սահմանափակ տեղեկատվության պաշտպանող համակարգերի գաղտնաբառերի ջարդում, DDOS, DOS և այլ ձևերի կիբեռհարձակումներ,
  • փնտրել և հայտնաբերել բրաուզերներում, փոստային ագենտներում, սերվերների և շլուզների ծրագրերում «թույլ սողանցքներ»:

Հնդկաստանի Հանրապետության զինված ուժերում զորատեսակների միջև տեղեկատվական գործունեության համակարգման, ինչպես նաև այլ ուժային կառույցների հետ համագործակցելու նպատակով միացյալ պաշտպանության շտաբի կազմում ստեղծվել է տեղեկատվական պատերազմի գործակալություն: Այդ կառույցի հիմնական գործառույթներն են.

  • տեղեկատվական պատերազմի վարման հիմնական ձևերի ու մեթոդների ընտրությունը,
  • զորքերի տեղեկատվական անվտանգության ապահովման վերահսկողությունը,
  • Հնդկաստանի ԶՈւ զորատեսակների տեղեկատվական պատերազմի մարմինների գործունեության համակարգումը և դրանց կողմից համատեղ գործողությունների կազմակերպումն ու անցկացումը,
  • պետության տարածքում ներքին գործերի նախարարության հետ համատեղ տեղեկատվահոգեբանական գործողությունների իրականացումը:

Հնդկաստանի Հանրապետության մասնագետների կողմից մշակվող նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս եզրակացնել, որ դրանց հաջող կիրառման դեպքում կխաթարվեն հակառակորդ պետությունների տեղեկատվական օբյեկտները և հեռահաղորդակցման ուղիները:

Թուրքիայի Հանրապետությունում ներկայում ԱՄՆ-ը մշակել է ծրագիր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը կից Թուրքական տեղեկատվական զորքերի պատրաստման նպատակով: Այն իր վրա է վերցրել Թուրքիայի «տեղեկատվական զորքերի» մասնակի ֆինանսավորումը, իսկ մասնագիտացումն ու հմտացումն այդ «ենիչերիներն» անցնելու են Մերձբալթիկայում և Ուկրաինայում, քանի որ այնտեղ ամերիկացիներին հաջողվել է ստեղծել «ստացված տեղեկատվական նախագծեր՝ ուղղված Ռուսաստանի ագրեսիայի հետմղմանը»։ Թուրքիայի ազգային պաշտպանության նոր նախարարի համար Պենտագոնի հետ նրա փոխգործակցության նախագիծն այս պաշտոնում առաջինն է։ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետը նախագիծն իր ապագա մասնակիցներին ներկայացնելիս ասել է, որ Անկարայի ուշադրությունն այս աշխատանքի հանդեպ չափազանց մեծ է, իսկ ծրագիրը փակ է հանրային լուսաբանման համար։ Ստեղծված «տեղեկատվական զորքերը» հաշվետու են թուրքական Գլխավոր շտաբին և պաշտոնապես համարվում են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության զինված ուժերին կից «քաղաքացիական անձնակազմ»։ Կանխատեսելի է, որ դրանից կօգտվի նաև Ադրբեջանը:

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում ստեղծվել է առաջին հատուկ մասնագիտական ստորաբաժանումը։ Նրա նպատակը հաքերների դեմ պայքարն է, ովքեր գնալով հաճախակի են դարձնում հարձակումները պետության ռազմական ենթակառուցվածքների վրա: Ստորաբաժանումը Պենտագոնի մասնագետների հետ իրականացրել է փակ համատեղ վարժանքներ: Նախկինում Ճապոնիայի զինված ուժերի համակարգչային ցանցի պաշտպանությունն իրականացրել են առանձին շտաբներ գործուղված մասնագետները: Նոր կազմավորված ստորաբաժանումը պետք է սերտորեն համակարգի նրանց գործունեությունը, ամրագրի և թույ չտա բանակի և նավատորմի տեղեկատվական համակարգերի ներթափանցման կամ ճնշման բոլոր փորձերը: Այդ ստորաբաժանման մեջ մտնող համակարգչային ցանցերի ծրագրավորողները և փորձագետները հետագայում պետք է տարածեն իրենց վերահսկողությունն ամբողջ պետական համակարգչային ցանցի վրա: 2015թ. կառավարությանը կից ստեղծվել է կիբեռանվտանգության կենտրոն: Այն կոորդինացնում է այդ ոլորտի ամբողջ քաղաքականությունը, ներառյալ մասնագետների պատրաստումը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտի զարգացմանը, դրա տեսական և գործնական հմտությունների կատարելագործմանը, մասնավորապես՝ ՀՀ ԶՈւ-ում մշակված ղեկավար փաստաթղթերով հստակեցված են տեղեկատվական հակամարտության նպատակները, խնդիրներն ու հիմնական սկզբունքները, ինչպես նաև պաշտոնատար անձանց պարտականությունները նման գործողությունների նախապատրաստման և իրականացման ժամանակ՝ թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակաշրջաններում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում արդեն մի քանի տարի գործում է տեղեկատվական հակապայքարի ստորաբաժանումը, որը ռազմական գործողությունների պլանավորման ալգորիթմում իր առանցքային դերն ու նշանակությունն ունի: Կարճաժամկետ գործունեության ընթացքում տեղեկատվական հակապայքարի ստորաբաժանումը հաջողությամբ իրականացրել և իրականացնում է բազմաթիվ տեղեկատվական գործողություններ (ակցիաներ), միաժամանակ սեփական տեղեկատվական համակարգերը պաշտպանում է հակառակորդի համանման գործողություններից:

Ամփոփելով ժամանակակից բանակում տեղեկատվական գործողություններ իրականացնող կառույցների կառուցվածքներն ու խնդիրները՝ մեկ անգամ ևս նշենք, որ տեղեկատվական պատերազմները ծավալվում են նույն նպատակով ու սկզբունքներով, ինչ որ համազորային պատերազմները, միայն թե՝ տեղեկատվական դարաշրջանում։ Տեղեկատվական պատերազմն, առհասարակ, պատերազմի բաղկացուցիչ մաս է, նպատակը այն ռեսուրսներն են, որոնք բաժին են հասնում հաղթողին և թույլ են տալիս առաջ բերել անհրաժեշտ տեսակետներ, գաղափարներ, տարածել և ներդնել դրանք հասարակության շրջանում։ Հետևաբար, աշխարհի ժամանակակից բանակների պատասխանատուները գիտակցում են, որ ապագայի պատերազմներում տեղեկատվական «հնարավորություններին» տիրելն ու դրանք կիրառելը դառնում են այնպիսի անհրաժեշտ բաղկացուցիչ, ինչպիսին էր սպառազինությանը, ռազմամթերքին, ռազմական տեխնիկային և այլնին տիրելն անցյալի պատերազմներում:

Մենք ապրում ենք նոր՝ տեղեկատվական դարաշրջանում, որին բնորոշ է պետությունների զինված ուժերի տեղեկատվական պատերազմների վարումը միմյանց դեմ։ Միևնույն ժամանակ, տեղեկատվական պատերազմները միշտ չէ, որ պետք է իրականացվեն զինված ուժերի կողմից և ուղղվեն ռազմական օբյեկտների դեմ: Պետությունը, նրա կազմակերպություններն ու կառույցները, արտադրական և կոմերցիոն կառուցվածքները նույնպես պետք է մասնակցություն ունենան և ինքնուրույն իրականացնեն տեղեկատվական գործողություններ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ցանկացած հակամարտության ընթացքի և արդյունքի վրա: Հետևաբար, այս ոլորտն առաջիկա տասնամյակներում գերակա է համարվելու նաև պետությունների անվտանգային համակարգերի արդիականացման և զարգացման մեջ:

Օգոստոս, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

  1. Информационные войны в киберпространстве - Китай и Индия, https://interaffairs.ru/news/show/614
  2. Минобороны РФ сформировало хай-тек-подразделения и нанимает кибер-бойцов, http://www.cnews.ru/news/top/minoborony_rf_sformirovalo_hajtekpodrazdeleniya
  3. http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/958509
  4. Информационно-психологическое противоборство в современной войне, http://armyrus.ru/index.php?option=com_content&task=view&id=739&Itemid=1148.
  5. Аппарат психологической борьбы Вооруженных сил Румынии //« Зарубежное военное обозрение», М., № 9, 2007.
  6. http://pentagonus.ru/
  7. Гриняев С.Н., Арзуманян Р.В., Акопян А.А., Хлюстов М.В., Информационная война в Сирии. Анализ, оценки, тенденции, М., АНО ЦСОиП, 2016.

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր