
ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ 907-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԸ. ԱՅԴՊԵՍ ԿԱԶԴԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ
Հեղինակ՝ Արամ Սարգսյան, Հյուր` Սուրեն Սարգսյան
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) փետրվարի 13-ին դիմել է ԱՄՆ Պետքարտուղարության ռազմատեխնիկական հարցերի բյուրո՝ կոչ անելով թույլ չտալ Իսրայելի կողմից «Երկաթե գմբեթ» կոչվող հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի վաճառքը Ադրբեջանին, քանի որ այդ զինատեսակի արտադրության մեջ օգտագործվում են նաև ամերիկյան սարքավորումներ և տեխնոլոգիաներ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
– Պարոն Սարգսյան, հնարավոր կլինի՞ կանխել «Երկաթե գմբեթի» վաճառքը Ադրբեջանին, որովհետև Հայ դատը շատ հստակ փաստարկ է նշել, որ Ադրբեջանին զինելը նպաստում է տարածաշրջանի ապակայունացմանը՝ վնաս հասցնելով տարածաշրջանում ամերիկյան շահերին:
– Իրականում խնդիրն այստեղ չի, խնդիրն այն է, որ եթե մենք ժամանակին հետևողականորեն աշխատեինք և 907-րդ բանաձևը թողնեինք ուժի մեջ, այդ դեպքում որևէ ամերիկյան տեխնոլոգիայով արտադրված որևէ զինատեսակ չէր կարող երրորդ պետության կողմից վաճառվել Ադրբեջանին, և քանի որ մենք տապալել ենք այս գործընթացը, 907-րդ բանաձևը, մեծ հաշվով, թողել ենք բախտի քմահաճույքին, դրա պատճառով այսօր որևէ իրավական մեխանիզմ չկա, որով կկարողանայինք ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա, որպեսզի այդ զինատեսակները չվաճառվեն Ադրբեջանին: Եթե 907-րդ բանաձևը ուժի մեջ լիներ, Իսրայելը չէր կարողանա փոխանցել Ադրբեջանին այն համակարգերը, որոնք ունեն ամերիկյան արտադրություն, իսկ մենք գիտենք, որ հակաօդային կամ հակահրթիռային պաշտպանության այս համակարգը եթե ոչ ամբողջությամբ, ապա որոշ առումով նաև ամերիկյան տեխնոլոգիաների արտադրության արդյունք է: Կարծում եմ՝ մեր աշխատանքը պիտի լինի 907-րդ բանաձևի ուղղությամբ: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ 907-րդ բանաձևը այլևս չշրջանցվի ԱՄՆ նախագահի կողմից և հետևաբար Միացյալ Նահանգները կամ երրորդ պետությունները հնարավորություն չունենան ամերիկյան տեխնոլոգիաներ վաճառել Ադրբեջանին:
– Նշանակում է՝ 907-րդ բանաձևը իրականում չի՞ գործում: Այդ բանաձևով արգելվում էր ուղղակիորեն զենք մատակարարել հակամարտող պետություններին, թե՞ նշվում էր նաև երրորդ պետությունների միջոցով ամերիկյան զինատեսակներ վաճառելու արգելքի մասին:
– Եթե հնարավորինս պարզ և հակիրճ ներկայացնենք, թե ինչ է 907-րդ բանաձևը, ապա այն 1992 թ. ընդունված «freedom Support Act»-ի բաղկացուցիչ մասն է, որը, որպես հոդված, ավելացվել է այս օրենքում: Հոդվածի հեղինակը եղել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին: 1992 թ. 907-րդ բանաձևով արգելվել է Ադրբեջանին տրամադրել որևէ ռազմական կամ այլ աջակցություն, քանի դեռ Ադրբեջանը չի վերացրել Հայաստանի շրջափակումը և ագրեսիվ գործողություններ է իրականացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Բառացի այդպես է նշվում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: 907-րդ բանաձևը 10 տարի ուժի մեջ է եղել, և Միացյալ Նահանգների իշխանությունները որևէ օժանդակություն չեն տվել Ադրբեջանին: Սա մեր լոբբիստների ամենափայլուն ձեռքբերումներից մեկն է, որը երբևէ եղել է ԱՄՆ-ում:
2001-ի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո, երբ ԱՄՆ-ի շահը թելադրում էր համագործակցություն Ադրբեջանի հետ հակաահաբեկչական և մի շարք այլ ուղղություններով, ԱՄՆ նախագահը դիմեց Սենատին՝ խնդրելով ուժը կորցրած ճանաչել 907-րդ բանաձևը, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա աջակցել Ադրբեջանին: Սենատը ուրիշ առաջարկ արեց Սպիտակ տանը, որը և ընդունվեց: Սենատը նշեց, որ «մենք ամեն տարի կընդունենք ձեր նամակը, եթե մեզ հավաստիացնեք, որ զենք եք վաճառելու Ադրբեջանին և այդ զենքը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ»: Այսպիսով, ԱՄՆ նախագահը ամեն տարի նամակ է ուղարկում Սենատ, և նշվում է հետևյալ տեքստը, որ «Ադրբեջանին տրամադրում ենք օգնություն, որը ռազմական բնույթի օգնություն է: Այդ օգնությունը իր մեջ ներառում է գործողություններ հակաահաբեկչական պայքարի համար, երկրորդ ուղղությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն է, և երրորդ ուղղությունը սահմանային պաշտպանությունն է», բայց խոսքը ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին է, այլ Կասպից ծովի ծովային սահմանի մասին: Հիմա Ադրբեջանին տրամադրվում է օգնություն այս երեք ուղղություններով, բայց ԱՄՆ նախագահի նամակում հստակ գրված է՝ «Ես հավաստիացնում եմ Կոնգրեսին և Սենատին, որ այս օգնությունը չի խանգարելու հայ-ադրբեջանական խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերմանը»:
Ստացվում է, որ եթե հայկական կողմը ոչնչացնում է Թալիշում ադրբեջանցի երկու զինծառայողի, ովքեր ռազմական կրթություն են ստացել ԱՄՆ ռազմա-ուսումնական հաստատություններում, ապա և՛ ԱՄՆ նախագահի նամակը, և՛ 907-րդ բանաձևի օրիգինալ տեքստը խախտվել են: Եթե կարողանանք վերականգնել 907-րդ բանաձևը, այն կրկին ուժի մեջ լինի, ոչ թե ամեն տարի շրջանցվի նախագահի կողմից, հնարավորություն կունենանք նաև ազդելու Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացի վրա:
– Ադրբեջանը կարո՞ղ է հրեական լոբբիստների միջոցով այնպես ներկայացնել այս գործարքը, որ նշված զինատեսակը Իրանի դեմ է, ոչ թե Հայաստանի կամ Ղարաբաղի դեմ:
– Նախ, պիտի հասկանանք մի շատ կարևոր բան, որ այն զինատեսակը, որն Իսրայելը վաճառել է Ադրբեջանին, ակնհայտորեն օգտագործվելու Հայաստանի դեմ: Թեև դա պաշտպանական միջոց է՝ նախատեսված փոքր և միջին հեռավորության հրթիռներ խոցելու համար, բայց միևնույն է, ակնհայտ է, որ Հայաստանն է Ադրբեջանի թշնամին:
Երկրորդը, մենք խնդիր ունենք՝ կապված Իսրայելի հետ մեր հարաբերությունների հետ, և ունենք շատ լուրջ խնդիր: Խնդիրն այն է, որ մենք Իսրայելում ռեզիդենտ դեսպան չունենք: Մեր դեսպանի նստավայրը Կահիրեում է, նա ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ է գնում Իսրայել և իհարկե չի կարող արդյունավետ աշխատել այս ուղղությամբ: Սա մեծ խնդիր է: Կարծում եմ, որ այս հարցը պիտի ևս մեկ անգամ քննարկվի և ուշադրության արժանանա, որովհետև մենք Իսրայելում ունենք հայկական համայնք, եկեղեցապատկան գույք, ի վերջո այնքան էլ դրական չենք կարող գնահատել Երուսաղեմի հայոց պատրիարքի և կաթողիկոսի հարաբերությունները: Մի խոսքով, այստեղ մենք դեսպանի ամենօրյա ու ակտիվ աշխատանքի կարիք ունենք, և շատ վատ է, որ Իսրայելում չունենք ռեզիդենտ դեսպան:
Ինչ վերաբերում է Հայ դատի նախաձեռնությանը, ապա դա իրոք կարևոր նախաձեռնություն է, թեև նորից եմ ասում՝ կարծում եմ, որ ավելի հեշտ կլիներ 907-րդ բանաձևի վրա աշխատել, բայց ինչ-որ առումով սա կարող է զսպաշապիկ լինել, որովհետև եթե հնարավոր է ազդել Իսրայելի վրա, ապա միայն Վաշինգտոնի միջոցով: Թրամփի ընդգծված իսրայելամետ հայտարարությունները, այդ թվում Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Իսրայելը դառնալու է գերտերություն, և Միացյալ Նահանգներն ամեն ինչ անելու է դրա համար: Մենք պիտի փորձենք ամեն ինչ անել, որպեսզի ամերիկյան տեխնոլոգիաները երրորդ երկրների միջոցով չվաճառվեն Ադրբեջանին:
http://www.1in.am/2093586.html
դեպի ետ