• am
  • ru
  • en
Версия для печати
20.02.2017

ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ. «ԴԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»` ԱՇԽԱՐՀԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

   

Լիա Էվոյան
Թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հայցորդ

1993թ. հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում երկրի նախագահ հռչակվեց Հեյդար Ալիևը: Թուրքիայի կողմից այդ լուրն ընդունվեց ոչ միանշանակ. կար մտավախություն, թե նախկին Ադրբեջանի ԽՍՀ Կոմկուսի առաջին քարտուղարը նախապատվությունը կտա ՌԴ-ի հետ հարաբերությունների սերտացմանը և չի շարունակի Էլչիբեյի պանթուրանական քաղաքականության գիծը: Դա էր պատճառը, որ Հ.Ալիևի նախագահության առաջին երկու տարիներին Թուրքիայի հետ հարաբերություններն ունեին որոշակի լարված բնույթ: Այդուհանդերձ, Հ.Ալիևի կառավարման ժամանակաշրջանում են Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները թևակոխում որակական նոր փուլ՝ կայուն, ինստիտուցիոնալ համագործակցության ստեղծմամբ և զարգացմամբ: Հարկ է նշել, սակայն, որ նախագահի պաշտոնում Հ.Ալիևի առաջին և հիմնական քայլը ոչ թե Թուրքիայի, այլ Արևմուտքի հետ «դարի գործարքի» կնքումն էր, ինչը մեծապես պայմանավորում է Ադրբեջանի տեղն ու դերը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումներում:

Հարավային Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանի, մասնավորապես Ադրբեջանի շուրջ աշխարհաքաղաքական պայքարն ընթանում էր Կասպից ծովի էներգապաշարների և էներգակիրների տարանցման ուղիների վերահսկման իրավունքի համար: Սա որպես ռազմավարական խնդիր հստակ ձևակերպված է Զ.Բժեզինսկու «Շախմատային մեծ խաղատախտակ» աշխատությունում: «…Ադրբեջանն իր մեծ էներգետիկական պաշարների հետ նաև աշխարհաքաղաքական առումով ունի առանցքային նշանակություն։ Այդ երկիրը կարելի է համարել Կասպից ծովի ու Միջին Ասիայի հարստություններն ամփոփող անոթի խցան։ Անկախ թուրքալեզու Ադրբեջանը, որի տարածքով անցնող նավթամուղները ձգվում են ազգակից ու քաղաքական աջակցություն ցուցաբերող Թուրքիայի տարածքով, կխոչընդոտի Ռուսաստանին՝ իրագործելու տարածաշրջանում իր մոնոպոլ դերը և դրանով կզրկի նրան Միջին Ասիայի նոր պետությունների նկատմամբ գլխավոր քաղաքական ներազդման լծակներից» [1, c. 155]։

«Վերակառուցման» ժամանակաշրջանում սույն ծրագիրն իրագործելու առաջին փուլը սկսվեց իրավասու իշխանությունների հետ Կասպից ծովի պաշարների շուրջ բանակցություններ վարելու գործընթացով:

«Նավթային» պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակագրական ընթացքը և տրամաբանությունը.- Կասպից ծովի, տվյալ պարագայում՝ ադրբեջանական հատվածի նավթային պաշարների շահագործման իրավունքի վերաբերյալ գործնական քայլեր ձեռնարկողներից առաջինը բրիտանական Ramco Energy կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Սթիվ Ռեմփն էր [2, p. 7]։ 1986թ. հետո ԽՍՀՄ-ում գործունեություն սկսած ամերիկյան ծագումով գործարարը, 1989թ. ժամանելով Ադրբեջանական ԽՍՀ, սկսեց բանակցությունները երկրի ղեկավարության հետ։ Համաձայնություն ձեռք բերվեց նավթահանքերի հարցում օտարերկրյա ձեռնարկությունների ներգրավման ու փայատիրոջ իրավունքով համագործակցության վերաբերյալ [3, p. 49]։ 1990թ. օգոստոսին British Petroleum/Statoil, Amoco և Unocal ընկերությունների հետ պաշտոնական բանակցությունների արդյունքում համաձայնագիր ստորագրվեց 1978թ. ԽՍՀՄ ենթակայության «Կասպմորնեֆտեգազ» միավորման հետ՝ արևմտյան ներդրողներ ներգրավելու նպատակով [3]։ 1991թ. հունվարի 18-ին ԽՍՀՄ նավթագազային մինիստրության ու Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի No 25/25 համատեղ որոշումով հայտարարվեց «Ազերի» (նախկինում՝ «26 կոմիսարների») նավթահանքի հետազոտման համար «Կասպմորնեֆտեգազի» հետ համատեղ արտադրական միավորում ստեղծելու տենդեր անցկացնելու մասին։ 1991թ. հունիսին տենդերին մասնակցեցին ԽՍՀՄ-ի կողմից հրավիրված 15 մասնակիցներից վերոնշյալ երեքը, որոնցից հաղթեց ամերիկյան Amoco-ն [4]։ Հետագայում, աշխատանքներին ներգրավվեցին նաև British Petroleum/Statoil ալյանս, Unocal, McDermott և Ramco ընկերությունները։ Արդեն 1992թ. սկզբին օրակարգում էր նավթամուղի կառուցման ուղիների ընտրության հարցը [5]։

Հարկ է նշել, որ այս իրադարձությունների ժամանակագրությունը՝ 1989-1992թթ., ներառում է ադրբեջանական նավթային գործարքի բանակցային կողմերի և քաղաքական վիճակի փոփոխության երկու փուլ։

Առաջին շրջանում (1989-90թթ.) ի դեմս «Կասպմորնեֆտեգազ» պետական արտադրական միավորման հանդես էր գալիս ԽՍՀՄ ու Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունը։ 1988թ. մայիսից Ադրբեջանի ղեկավարն էր Ղարաբաղի Շուշի քաղաքում ծնված, Նավթաքիմիական ինստիտուտի շրջանավարտ, Կիրովաբադի (Գյանջա) քաղկոմի նախկին ղեկավար, 1985թ. Պակիստանում ԽՍՀՄ դեսպան Աբդուլ Ռահման Վեզիրովը։ Պաշտոնի նշանակվելով ԼՂ հիմնահարցը ԽՍՀՄ քաղաքական օրակարգում արդիականացվելուց և Սումգայիթում հայերի ջարդերի ծրագրված գործողությունից հետո՝ Ա.Վեզիրովը 1989թ. սեպտեմբերի 23-ին նախաձեռնեց հանրապետությունում Ինքնիշխանության մասին սահմանադրական օրենքի ընդունումը։ Նույն տարվա նոյեմբերին նա կարողացավ Մոսկվային պարտադրել ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի (ղեկ.՝ Ա.Վոլսկի) լուծարումը և կայացնել ԼՂԻՄ հարցերով հանրապետական կոմիտեի (ղեկ.՝ Վ.Պոլյանիչկո) ստեղծման որոշումը։ Ա.Վեզիրովը պաշտոնանկ արվեց 1990թ. հունվարին Բաքվում ԱԺՃ – խորհրդային բանակ զինված բախումներից հետո։

Այսպիսով, 1989-90թթ. փուլի վերաբերյալ կարելի է արձանագրել հետևյալ իրողությունները։

Նախ, նավթային գործարքի շուրջ բանակցություններում որպես կողմեր հանդես էին գալիս միջազգային նավթային ընկերությունների ներկայացուցիչը (Սթիվ Ռեմփ) և ԽՍՀՄ ու Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունը՝ ի դեմս Ա.Վեզիրովի։

Երկրորդ, 1989թ. սեպտեմբերին, մերձբալթյան երկրներից հետո առաջինը խորհրդային հանրապետություններում, Ա.Վեզիրովի նախաձեռնությամբ ընդունվեց «Ադրբեջանական ԽՍՀ ինքնիշխանության մասին սահմանադրական օրենքը»։ Ըստ այդմ, թիվ 6, 10, 12/3,12/11 և 14 կետերով սահմանվեցին.

ա) երկրի տարածքում հանրապետական օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների հետ հակասության պարագայում,

բ) երկրի բնական պաշարների տնօրինման ու շահագործման հանրապետության իշխանությունների ինքնիշխան իրավունքը,

գ) վարչատարածքային միավորումների կազմավորման կամ լուծարման մասին որոշումների կայացման ինքնիշխան իրավունքը,

դ) արտերկրյա պետությունների և այլ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններ հաստատելու հանրապետության ինքնիշխան իրավունքը։

1990-92թթ. Խորհրդային Ադրբեջանի ղեկավարի պաշտոնում Ա.Վեզիրովին փոխարինեց արմատներով Շեմախից, մասնագիտությամբ նույնպես Նավթաքիմիական ինստիտուտի սան, 1982թ. երկրի Մինիստրների խորհրդի փոխնախագահ, 1989-90թթ. Մինիստրների խորհրդի նախագահ Այազ Մութալիբովը, որը 1990թ. մայիսին խորհրդարանի կողմից ընտրվեց նախագահ, իսկ հուլիսին՝ նաև ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ։ 1991թ. հունվարի 17-ին ԽՍՀՄ-ի հանդեպ Ադրբեջանի լոյալության երաշխիքի դիմաց նա կարողացավ ստանալ խորհրդային ուժային կառույցների կողմից ԼՂ-ում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու Մոսկվայի համաձայնությունը [6, с. 93]։ Մարտի 17-ին Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մասնակցեց ու քվեարկեց հօգուտ ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին։ Ապրիլի 10-16-ին անցկացված երկրի ուժային կառույցների նիստերում (Մութալիբովի գլխավորությամբ) ընդունվեց Ադրբեջանի հայկական բնակավայրերից բնակչության դեպորտացիայի մասին քաղաքական որոշումը։ Ապրիլ-օգոստոս ամիսներին խորհրդային բանակը և ՆԳՆ զորքերը 1990թ. աշնանից Ղարաբաղում գործող նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՄՀՆՋ) հետ իրագործեցին «Օղակ» (Кольцо) գործողությունը, ինչի արդյունքում հայաթափվեցին 21 հայկական բնակավայրեր1։ 1991թ. օգոստոսի 23-ին, այսպես կոչված «ԳԿՉՊ»-ի հեղաշրջման փորձից հետո, ընդունվեց «Ադրբեջանական Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, որի հիմքով սեպտեմբերին Մութալիբովն ընտրվեց երկրի նախագահ։ Ըստ Մութալիբովի մամլո խոսնակ Ռ.Աղաևի, նախագահը ամերիկյան Amoco նավթային ընկերության ներկայացուցչի հետ հանդիպմանը որպես գործարքի նախապայման առաջադրել է Արևմուտքի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հօգուտ Ադրբեջանի [7, с. 165]։ Ուշագրավ է, որ ադրբեջանցի նախկին պաշտոնյան Մութալիբովի տապալման պատճառ ենթադրաբար համարում է այս բանակցությունների ընթացքը։ Այս համատեքստում հատկանշական հանգամանք է US Mega Oil նավթային կազմակերպության կողմից վարչակարգի անվտանգության ծառայության բարեփոխման մասին համաձայնությունը՝ նավթային պայմանագրի կնքման դիմաց [8, pp. 41-42]։

Այնուհանդերձ, ինչպես վերը նշվել է, նախ Շուշիի, ապա Խոջալուի անկմանը հաջորդած հեղաշրջման հետևանքով Ա.Մութալիբովը հեռացավ Մոսկվա՝ իշխանությունը թողնելով ԱԺՃ-ին։

Այսպիսով, 1990-92թթ. փուլի վերաբերյալ կարելի է արձանագրել հետևյալ իրողությունները։

Նախ, 1991թ. հունվար-հունիսին ընդունվեց և անցկացվեց վերոհիշյալ տենդերը ըստ ԽՍՀՄ ու Ադրբեջանական ԽՍՀ համատեղ No 25/25 որոշման։ Այս նույն ժամանակահատվածը համապատասխանում է դեպորտացիայի մասին քաղաքական որոշումն ընդունելուն և ԽՍՀՄ ու Ադրբեջանական ԽՍՀ զորքերի կողմից «Օղակ» գործողության անցկացմանը։ Սա առաջին կարևոր իրողությունն է, որը նավթային գործարքի, մասնավորապես նավթամուղի երթուղու ընտրության շուրջ զարգացումների համատեքստում ձեռք է բերում որոշակի իմաստ։

Երկրորդ, քաղաքական վիճակի փոփոխության հետ փոխվում են նաև բանակցող կողմերը։ Արևմուտքն արդեն ներկայացնում են 1991թ. Բաքվում գրասենյակներ հիմնադրած ԱՄՆ (Հյուսթոն) Amoco և Pennzoil, բրիտանական British Petrolium, նորվեգական Statoil, ԱՄՆ (Նոր Օռլեան) Unocal, McDermott International և Ramco կազմակերպությունները: Միաժամանակ, մյուս կողմը, որը սկզբնապես ներկայացնում էր Մոսկվա-Բաքու տանդեմը, արդեն ներկայանում է որպես Ադրբեջանի Հանրապետություն՝ դրանից բխող հետևանքներով։

Մեկ կարևոր հանգամանք ևս։ Բացի վերոնշյալ տենդերի գործարքից, հայտնի է ևս մեկ կայացած գործարք։ Խոսքը US Mega Oil նավթային կազմակերպության կողմից պայմանագիրը ստորագրելու դիմաց վարչակարգի անվտանգության ծառայության բարեփոխման մասին համաձայնության մասին է։ Սա երրորդ ուշագրավ իրողությունն է, որը ոչ միայն չի կարելի դասել տնտեսական շահագրգռությունների կարգին, այլև ընդգծում է գործարքի քաղաքական բաղադրիչը։

1992թ. հետո նախկին ԽՍՀՄ տարածքում նոր պետությունների կազմավորմամբ պայմանավորված՝ Կասպից ծովի ավազանի նավթագազային պաշարների յուրացման շուրջ ստեղծվեց որակապես նոր վիճակ։ Նավթային պաշարների վերաբաշխման գործարքին ներգրավվեցին այլ երկրներ ու կազմակերպություններ։

Այս ամենը նշանակում էր, որ Ադրբեջանը հայտնվել էր մրցակցային իրավիճակում և ստիպված էր միջազգային ասպարեզում վերահաստատել իր կարգավիճակը որպես նավթարդյունաբերող կարևոր կողմ։ Ահա այս համատեքստում պետք է դիտարկել հետագա իրադարձություններն ու զարգացումները։

«Դարի պայմանագրի» բանակցությունների ավարտական փուլը՝ որպես նախադրյալ նավթային պաշարների արտահանման երթուղիների շուրջ բանակցությունների.- 1992թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Ա.Էլչիբեյի № 200 հրամանագրով ստեղծվեց Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային կազմակերպությունը՝ Azerbaycan Respublikasi Devlet Neft Sirketi (State Oil Company of the Azerbaijan Republic-SOCAR), որը միավորեց նախկինում հանրապետական յոթ նավթագազային ձեռնարկություններ [9, p. 112]: Կազմակերպության նախագահ նշանակվեց Ա.Էլչիբեյի խորհրդատու Սաբիթ Բաղիրովը՝ ի պաշտոնե անմիջականորեն ենթարկվելով վարչապետին: Unocal-ի առաջարկով նոյեմբերի 9-ին SOCAR-ը ստորագրեց «Միասնական ծովային խողովակաշարերի ու տերմինալների համակարգի, մատակարարման միասնական բազայի մասին փոխըմբռնման հինգ հուշագիրը», ինչը դարձավ հետագա միասնական կոնսորցիումի ստեղծման հիմքը BP-ի գլխավորությամբ [10, p. 26]։ Կարճ ժամանակ անց գործարքին միացավ Turkish Petroleum նավթային ընկերությունը՝ ստանալով բաժնեմաս BP-ից։ Ըստ Ս.Բաղիրովի ու Ս.Ռեմփի, թուրքական ընկերության ներգրավումը Ադրբեջանն իրականացրել է երկրում առկա պանթուրքական տրամադրությունների ու պանթուրքական լոբբինգի արդյունքում՝ միաժամանակ մերժելով ռուսաստանյան LUKoil-ի և Իրանի համարժեք առաջարկները [3, p. 49]։

BP-ն, Statoil-ը և Ramco-ն սկսեցին նավթային օբյեկտների կատարելագործման և նավթային սարքավորումների արտադրության վերականգնման աշխատանքները [3]։

Զուգահեռաբար Amoco, Pennzoil, McDermott և մյուս կազմակերպությունները նաև փորձում էին գտնել այլ հնարավորություններ մեծածավալ մերձափնյա և ծովային բնական գազի պաշարները շահագործելու նպատակով: 1993թ. հոկտեմբերին SOCAR-ը և Pennzoil-ը ստորագրեցին գազի օգտահանման պայմանագիր՝ Գյունեշլիի արդյունահանված գազը խտացնելու և Բաքվի հարավում գտնվող վերամշակման ձեռնարկություն տեղափոխելու մասին: McDermott-ը ընդգրկվեց գազը Pennzoil-ի վերամշակման օբյեկտներ փոխադրող խողովակաշարերի կառուցման աշխատանքներում [11, p. 5]։

1993թ. հունիսի 5-ին SOCAR-ը արևմտյան ընկերություններին ներկայացրեց Հայտարարագիր օգտահանման մասին, որով միավորված Գյունեշլի, Չիրաղ և Ազերի հանքավայրերը նախատեսվում էր շահագործել նոր պայմաններով [12, p. 8]: Նախկինում երեք տարբեր նախագծերում ընդգրկված Amoco, Pennzoil, Unocal, BP, Statoil, McDermott, Ramco և Turkiye Petrolleri Anonim Ortakligi (TPAO) նավթային ընկերությունները ձևավորեցին կոնսորցիում՝ հետամուտ լինելու նոր համակցված գործարքին: 1993թ. հուլիսի 21-ին Լոնդոնում նշանակվեց պայմանագրի ստորագրության հանդիսավոր արարողությունը։

Ադրբեջանում պետական հեղաշրջման արդյունքում հունիսի 24-ից նախագահի պաշտոնակատարի լիազորությունները ստանձնած Հ.Ալիևը հուլիսին հրամանագիր ստորագրեց բանակցությունները կասեցնելու մասին։ Ըստ նրա, 1993թ. հունիսի 6-ին հրաժարական ներկայացրած վարչապետ Փ.Հուսեյնովը ամսի 11-ին ստորագրել է պայմանագիրը կնքելու մասին կառավարության համաձայնագիրը, իսկ հաջորդ օրը Ս.Բաղիրովը կնքել է պայմանագիրը։ Խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո, Հ. Ալիևի խոսքերով, վերջինս նրան զգուշացնում է գործարքի ինչ-որ մութ կողմերի մասին և դա հիմք է դառնում պայմանագիրը չեղյալ հայտարարելու և բանակցությունները կասեցնելու որոշումն ընդունելու համար [13]։ Այնուհանդերձ, չնայած երկրում տիրող անկայուն իրավիճակին, նոր իշխանություններին խրախուսելու համար 1993թ. հունիսի 21-ին կոնսորցիումի ութ ընկերություններ որպես բոնուս նախնական $81 մլն փոխանցեցին SOCAR-ին [14, pp. 33-34]։

Հ.Ալիևի գլխավոր նպատակներից մեկը, սակայն, ակներև դարձավ, երբ օգոստոսին նավթային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը նա հայտարարեց. «Եթե զարգացած պետությունների նավթային ընկերությունները հետաքրքրվում են Ադրբեջանի նավթահանքերով… ապա այդ երկրների պետական կառույցները պետք է ուշադրություն դարձնեն հանրապետության ներկա հասարակական-քաղաքական վիճակին» [15, с. 213]։

1994թ. փետրվարի 4-ին նախագահի հաջորդ հրամանագրով SOCAR-ը լիազորվեց շարունակել բանակցություններն արևմտյան ընկերությունների հետ՝ հիմք ընդունելով մինչ այդ մշակված սկզբունքները [16]։ SOCAR-ի նոր վարչակազմի նախագահ դարձավ Նաթիք Ալիևը, փոխնախագահ՝ Իլհամ Ալիևը, իսկ բանակցային խմբի ղեկավար նշանակվեց Մանաֆովը։ Բանակցությունները վերսկսվեցին Բաքվում, այնուհետև շարունակվեցին Ստամբուլում։ Ստամբուլյան բանակցություններում ձեռք բերված փոխհամաձայնության, այն է՝ Ադրբեջանին ավելի մեծ շահութաբաժին (80%) հատկացնելու, նավթահանքերի արդյունահանման ու շահութաբաժնային վճարը $500 մլն սահմանելու արդյունքում Բաքվում ստորագրվեց ստամբուլյան բանակցությունների ավարտի մասին փաստաթուղթը։ Միաժամանակ, SOCAR-ի պատվիրակությունը Հյուսթոնում (ԱՄՆ) 45-օրյա աշխատանքի ընթացքում շահագրգիռ կողմերի հետ ավարտեց պայմանագրի նախագծի մշակումը։

Այդ ժամանակահատվածում կոնսորցիումին միացավ նաև սաուդյան Delta Nimir Khazar Ltd նավթային կազմակերպությունը՝ 1.68% բաժնեմասով, որը գնել էր Unocal-ի մասնաբաժնից: Այս ամենից հետո հրապարակվեց նախագահի հրամանագիրը պայմանագիրը ստորագրելու տեղի ու ժամկետի մասին։

Մինչ այդ, սակայն, եղան երկկողմանի մանևրներ։ Այսպես, 1993թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ Լոնդոնում տեղի է ունեցել առանձնակի խորհրդակցություն կոնսորցիումի մի շարք ընկերությունների մասնակցությամբ՝ առանց տեղեկացնելու ադրբեջանական ու թուրքական կողմերին [17]։ Որոշ ժամանակ անց՝ դեկտեմբերին, Ադրբեջանի կառավարությունը լուծարեց բանակցային խումբը Մանաֆովի ղեկավարությամբ, ինչի հետևանքով ընթացիկ բանակցությունները կանգ առան: 1994թ. փետրվարին Հ.Ալիևը մեկնեց Լոնդոն, որտեղ ստորագրեց ադրբեջանա-բրիտանական միջկառավարական ութ, այդ թվում՝ «Նավթարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրեր: Որոշվեց, որ BP-ն կստանա 31% բաժնեմաս Ազերի և Չիրաղ հանքավայրերի շահագործման նախագծից: Բացի այդ, բրիտանա-նորվեգական դաշինքին (BP/Statoil) տրվում էր ադրբեջանական կողմի հետ «Շահ-Դենիզ» հանքավայրի գնահատման, հետազոտման և մշակման շուրջ բանակցելու բացառիկ իրավունք [18]։ Դրան հաջորդեց արևմտյան ընկերությունների փաստացի վերջնագիրը ստամբուլյան հերթական հանդիպումից հետո, երբ հայտարարվեց, թե առաջիկայում պայմանագիրը չկնքելու դեպքում իրենք կհեռանան՝ «շրխկացնելով» դուռը [19, с. 2]։

Վերջապես, 1994թ. սեպտեմբերի 20-ին Բաքվի «Գյուլիստան» պալատում SOCAR-ը և 9 միջազգային նավթային ընկերություններ ստորագրեցին այսպես կոչված «դարի պայմանագիրը», որը նախատեսում էր $7,4 մլրդ-ի ներդրում հաջորդ 30 տարիների ընթացքում ափաշերտային (offshore) Ազերի, Չիրաղ և Գյունեշլի հանքավայրերի շահագործման համար: Այդ ժամանակամիջոցում նախատեսվում էր արդյունահանել 511 մլն տոննա նավթ, որից 258 մլն տոննան պատկանելու էր Ադրբեջանին [18]։ Հանքավայրերի ընդհանուր նավթային պաշարները գնահատվել էին 520 մլն տոննա, իսկ բնական գազի պաշարները՝ մոտ 55 մլրդ մ3: Կառուցվելու էին նաև լրացուցիչ հարթակներ, խողովակաշարեր և տերմինալներ, իսկ $2 մլրդ առանձնացվելու էր նավթը արտարժութային շուկաներ տեղափոխող խողովակաշարեր կառուցելու համար: Ադրբեջանի կառավարությունը նաև ստանալու էր $400 մլն ստորագրման շահութաբաժին կոնսորցիումի կողմից, որից 81 մլն գումարն արդեն վճարվել էր (1993թ. հունիս), իսկ $170 մլն-ը պետք է վճարվեր Ադրբեջանի Մեջլիսի կողմից պայմանագրի վավերացումից հետո (1994թ. դեկտեմբերի 12): Մնացած գումարը պետք է հատկացվեր աստիճանաբար՝ ըստ պայմանագրի կետերի [10, p. 27]։ Այդ կետերից մեկի համաձայն, վերջին $70 մլն-ը պետք է հատկացվեր հիմնական նավթը կառուցվելիք նավթամուղով արտահանելու դեպքում, իսկ որպես նավթամուղի կառուցման ժամկետ սահմանվել էր 54 ամիս [10]։

Բացի այդ, գործարքի ստորագրման արարողության ժամանակ կոնսորցիումի անդամները լրացուցիչ $5 մլն նվիրաբերեցին Ադրբեջանի նախագահ Հ.Ալիևին՝ Բաքվի հիվանդանոցի վերականգնման համար։ Եվս $50 մլն հատկացվեց կառավարության սոցիալական հիմնադրամին՝ Մեջլիսի կողմից պայմանագրի վավերացումից հետո օգտագործելու պայմանով [10]։ «Դարի պայմանագրի» ստորագրումից հետո կողմերը հիմնեցին աշխատանքային կառույցներ՝ Ղեկավար կոմիտե, Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերություն (ԱՄՕԸ, AIOC) և Խորհրդատվական կոմիտե, որոնք սկսեցին իրենց աշխատանքները Ադրբեջանի նախագահի հատուկ հրամանագրով իրավական լիազորություններ ստանալուց հետո: ԱՄՕԸ կազմում ընդգրկված էին 5 օտարերկրացի և 15 ադրբեջանցի, ընկերության ղեկավարն էր BP ներկայացուցիչ Թերի Ադամսը՝ 5 տարի ժամկետով:

«Դարի պայմանագիրը» հիմք հանդիսացավ Ադրբեջանի և 19 պետությունների 41 նավթային ընկերությունների միջև 26 այլ գործարքների կնքման համար2։

Վերոհիշյալ գործընթացին զուգահեռ, տեղի էին ունենում որոշակի զարգացումներ Ադրբեջան-ՌԴ հարաբերություններում։ Պայմանագրով Արևմուտքը վերահսկողություն էր հաստատում Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանային հիմնական էներգառեսուրսների նկատմամբ՝ զգալիորեն չեզոքացնելով տարածաշրջանում ՌԴ էներգետիկ մենաշնորհը և ազդեցությունն առհասարակ: Դեռևս 1994թ. հուլիսին Ադրբեջանում ՌԴ դեսպան Վ.Շոնիան հայտարարել էր. «Մենք 200 տարվա համագործակցության պատմություն ունենք Ադրբեջանի հետ: Որևէ քաղաքական գործիչ, ով կժխտի Ռուսաստանի ուժը, երկար չի մնա կառավարությունում: Ռուսաստանը հետաքրքրված է Արևմուտքի հետ Ադրբեջանի համագործակցությամբ, բայց եթե Ռուսաստանին հաշվի չառնելու ինչ-որ փորձեր լինեն, ապա կլինեն անցանկալի հետևանքներ» [20]։

Այնուամենայնիվ, ԱՊՀ կազմում Ադրբեջանի անդամակցության մասին փաստաթուղթը ստորագրվելուց հետո (1993թ. սեպտեմբեր), 1993թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռուսաստանյան LUKoil նավթային ընկերության հետ բանակցությունների ավարտին ստորագրվեց նաև փաստաթղթերի փաթեթ SOCAR- LUKoil համագործակցության վերաբերյալ։ Վերջինս ստացավ 10% մասնաբաժին՝ ադրբեջանական 30% բաժնեմասի հաշվին [2, p. 10]։ Ռուսաստանի կողմից փաթեթը վավերացրեց Վառելիքի և էներգետիկայի նախարար Յուրի Շաֆրանիկը։ Այս նույն ժամանակահատվածում ՌԴ այլ գերատեսչություններ, օրինակ՝ ԱԳՆ-ն, ՊՆ-ն և Արտաքին հետախուզության ծառայությունը, ակտիվ քայլեր էին ձեռնարկում պայմանագիրը խափանելու համար։ Ռուսաստանի միջկառավարական նման հակասությունները որոշ փորձագետների կողմից դիտվում են որպես հետխորհրդային դեռևս նոր ու չկայացած կարգի դրսևորում [10, p. 28]: Կար տեսակետ, որ ՌԴ իշխանություններում գործում էր երկու թև, որոնցից մեկը վառելիքաէներգետիկ համալիրն էր՝ կառավարության ղեկավար Վ.Չեռնոմիրդինի գլխավորությամբ [21, p. 223]3:

Այսպիսով, նավթային գործարքի բաժնեմասային հարաբերակցությունը բաշխվեց հետևյալ կերպ. BP՝ 17.1267%, Statoil՝ 8.563%, Amoco՝ 17.01%, Pennzoil՝ 9.8175%, Ramco՝ 2.0825%, Unocal՝ 11.2%, McDermott՝ 2.45%, TPAO՝ 1.75%, LUKoil ՝ 10% և SOCAR՝ 20% [10, p. 27]:

ԱՄՆ ճնշումների արդյունքում իրանյան ընկերությունները դուրս դրվեցին գործարքի մասնակիցների շարքից։

1993-94թթ. Ադրբեջանի նոր իշխանությունները նավթային գործարքի առերևույթ տնտեսական խնդիրներից առավել փորձում էին լուծել ավելի մասշտաբային խնդիրներ։ Անհրաժեշտ էր լուծել որպես պետական կազմավորում ասպարեզում մնալու և միջազգային հարաբերություններում միավոր դառնալու խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հետ ընթացող պատերազմի պայմաններում։ Անհրաժեշտ էր հստակորեն տարբերակել ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների զարգացման և այլ ուժերի միջև հավասարակշռություն պահպանելու համար տարվող քաղաքական ուղեգծերը։ Ըստ էության, բանակցությունների գործընթացը վերհանեց ոչ միայն նշյալ խնդիրները, այլև դրանց լուծումների տրամաբանությունը։ Այդ համատեքստում միանգամայն հատկանշական են պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա թուրքական պատվիրակության ղեկավարի խոսքերը։ Թուրքիայի պետնախարար Ն.Ջովհարին, նշելով, թե պայմանագիրն ունի ոչ միայն տնտեսական կարևորություն, այլև նշանակում է եղբայրական Ադրբեջանի ճանաչումը Արևմուտքի կողմից, ընդգծեց. «Իմ ժողովրդի անունից ես դա համարում եմ Արևմուտքի խոնարհումը Ադրբեջանի և նրա դրոշի առաջ» [22]։

Նավթամուղի կառուցման երթուղիների խնդիրը և ռազմավարական նշանակությունն աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Թուրքիայի դերակատարումը.- Նավթային պաշարների արդյունահանման հարցով «դարի պայմանագիրը» կնքելուց հետո առաջնահերթ կարևորություն ստացավ հումքը միջազգային շուկաներ հասցնելու խնդիրը։ Առաջադրվեց կառուցվելիք խողովակաշարերի հնարավոր երթուղիների ընտրության հիմնահարցը։ Ըստ պայմանագրի՝ նախատեսվում էր խնդրի լուծման երկու փուլ. առաջին փուլով նախատեսվում էր 18 ամիս անց արդյունահանված վաղ նավթի, երկրորդ փուլով՝ մինչև 2000թ. հիմնական նավթի արտահանումը։ Գլխավոր հարցը, սակայն, դեպի Արևմուտք կառուցվելիք նավթային խողովակաշարի երթուղու վերաբերյալ որոշման կայացումն էր։ Այս հիմնահարցի լուծումը բարդ էր երթուղիների հարցում քաղաքական ու տնտեսական շահերի բախման իրողությամբ։

Նավթամուղի երթուղիների խնդիրը՝ որպես քաղաքական ու տնտեսական շահերի ցուցիչ.- Նավթամուղի երթուղիների շուրջ քննարկումներն ադրբեջանական կողմի և շահագրգիռ պետությունների ու նավթային ընկերությունների միջև սկսվել էին նավթային պաշարների վերաբերյալ բանակցություններին զուգահեռ։ Տեսականորեն գերակա շահ համարվում էր նավթահորերի արդյունահանումից և նավթի արտահանումից ստացված ֆինանսատնտեսական շահույթը։ Տեսականորեն դիտարկվում էին Արևմուտքի շուկաներ ադրբեջանական նավթի արտահանման աշխարհագրական երեք՝ հյուսիսային, արևմտյան և հարավային երթուղիները։ Նավթամուղի կառուցման հնարավոր չորս ուղիները պետք է անցնեին սահմանակից երկրներից որևէ մեկի տարածքով։ Ադրբեջանին սահմանակից էին Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը։ Աշխարհագրական առումով հյուսիսային երթուղին ՌԴ տարածքն էր, արևմտյանը՝ Վրաստանն ու Հայաստանը և հարավայինը՝ Իրանը։ Ինչպես դժվար չէ նկատել, աշխարհագրական այս ուղղությունները համապատասխանում են աշխարհաքաղաքական երկու՝ եվրասիականության (Нeartland) և ատլանտյան (Rimland) կոնցեպցիաների, ինչպես նաև քաղաքակրթական Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ առանցքների հատման հանգույցին։ Սա նշանակում էր, որ նավթամուղի երթուղու ընտրությունը ուղղակիորեն առնչվում էր աշխարհառազմավարական և աշխարհատնտեսական շահերին։ Այդ իսկ պատճառով, ինչպես վերը նշվել է, ԱՄՆ քաղաքական ղեկավարությունն իր ուղղակի միջամտությամբ «դարի պայմանագրի» մասնակիցների նախնական ցանկից հեռացրեց Իրանի անունը։ Միևնույն պատճառով Արևմուտքը հստակորեն արտահայտեց ՌԴ տարածքը շրջանցող որևէ երթուղու հանդեպ իր նախապատվությունը։ Այնուհանդերձ, ուշադրության արժանի են այն իրողությունները, որոնք, թեկուզև քիչ հայտնի, այնուամենայնիվ, եղել են շրջանառության մեջ մեծ քաղաքականության համատեքստում։

Հայաստանյան տարբերակ։ Տնտեսական առումով Հայաստանի տարածքն ամենաշահավետ երթուղին էր ինչպես Կասպից-Սև, այնպես էլ Կասպից-Միջերկրական ծովեր նավթամուղի կառուցման համար աշխարհագրականորեն առավել կարճ ճանապարհը լինելու առումով։ Առաջին անգամ նավթամուղի հայաստանյան երթուղու մասին տեղեկատվություն եղել է դեռևս 1992թ. սկզբին։ Ըստ Attila Doğan Petrol թուրքական նավթային միավորման մասնաճյուղի՝ AD Petrosan ընկերության նախագահ Օղուզ Կափանի, նա ադրբեջանական ղեկավարությանն առաջարկել է Ադրբեջան-Թուրքիա խողովակաշարը կառուցել Հայաստանի տարածքով, ինչը թեև բացասական անդրադարձ է ունեցել, այնուամենայնիվ, միանշանակորեն չի մերժվել [23]։ Ի դեպ, 1993թ. Attila Doğan Petrol ընկերությունը և SOCAR-ը ստեղծեցին Anshad Petrol համատեղ ձեռնարկությունը, որը գործում է մինչ այժմ։

1992-93թթ. Ղազախստանի ու Թուրքմենստանի հետ դեպի Թուրքիա կառուցվելիք նավթամուղի հարցով Անկարայի ակտիվ գործողությունների համատեքստում, BОТАS-ի ղեկավար Մ.Գյոքնելը Լոնդոնում հայտարարեց, թե իր ընկերությունը քննում է ղազախա-թուրքմենական նավթը Կրասնովոդսկից ստորջրյա խողովակաշարով մինչև Ադրբեջան և, ապա, Հայաստան-Նախիջևան-Թուրքիա երթուղով դեպի Եվրոպա կառուցվելիք նավթամուղի նախագիծը [24]։

Վերլուծաբան Ֆրեդի դը Փաուերը նույն շրջանի մասին գրել է հետևյալը. «Քանի որ նավթամուղը պետք է անցներ Հայաստանով, ապա ավելի քան երբևէ հարկ էր վերջ տալ հակամարտությանն Անդրկովկասում։ Ուստի, Թուրքիան ճնշում գործադրեց Էլչիբեյի վրա թուրք-ռուսական խաղաղարար առաջարկն ընդունելու համար… 1993թ. օգոստոսի 3-ին Թուրքիայի ԱԳՆ-ն, նավթամուղեր կառուցող BОТАS և նավթային TPAO ընկերությունները մամլո ասուլիսում հայտարարեցին Վրաստան-Թուրքիա երթուղուն նախապատվություն տալու մասին… քանի որ տարանցումը Հայաստանով այլևս աջակցություն չունի տարածաշրջանում հայկական ռազմական գործողությունների անցկացման պատճառով» [25, с. 199-212]։

Այնուհանդերձ, ավելի ուշ ԱՄՆ նախագահ Բ.Քլինթոնը հայտարարեց, թե անհրաժեշտ է կառուցել առնվազն երկու մեծ խողովակաշար, որոնցից մեկը պետք է անցնի Հայաստանի տարածքով, ինչը միաժամանակ կնպաստեր Ղարաբաղյան հակամարտության լուծմանը [26, с. 168]։ Որպես միջնորդներ հանդես եկան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ս.Թելբոթը, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի արտգործնախարարներ Մ.Ռիքֆինդը և Կ.Կինքելը, ինչպես նաև Փ.Գոբլը, սակայն նախագիծը հաջողություն չունեցավ տվյալ պահի ռազմաքաղաքական գործընթացների պայմաններում։

Իրանյան տարբերակ։ 1993թ. մարտի 9-ին Անկարայում վարչապետ Ս.Դեմիրելը և Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Ս.Բաղիրովը ստորագրեցին համաձայնագիր Ադրբեջան-Թուրքիա նավթամուղի վերաբերյալ։ Ըստ այդմ, նախատեսվում էր BОТАS-ի միջոցով կառուցել նոր խողովակաշար Ադրբեջանի և Ղազախստանի նավթը Բաքվից Իրան-Նախիջևան երթուղով մինչև թուրք-իրաքյան խողովակաշար և, ապա, թուրքական Յումուրթալիք տերմինալային նավահանգիստ [27, p. 605]։ Այնուհանդերձ, ինչպես վերն ասվեց, իրանյան տարբերակն Արևմուտքի համար անընդունելի էր առկա աշխարհաքաղաքական շահերի հակասության պատճառով:

Ռուսաստանյան տարբերակ։ Ըստ էության, խոսքը ռուսաստանյան այլընտրանքի, այլ ոչ տարբերակի մասին էր։ Արդեն նախքան նավթային կոնսորցիումի կազմում ռուսաստանյան LUKoil-ի ներգրավումը Ռուսաստանը պայքարում էր առաջին պլան մղել գործող Բաքու- Գրոզնի-Նովոռոսիյսկ նավթամուղի տարբերակը։ Առաջարկվում էր Նովոռոսիյսկից հումքը նավթատարներով Բոսֆորի նեղուցով փոխադրել Միջերկրական ծով: AIOC–ը մերժեց այս առաջարկը հետևյալ պատճառներով։

Առաջինն անվտանգության խնդիրն էր։ 1994թ. հետո նավթամուղի տարածքում սկսվեցին ռազմական հակամարտություններ (Չեչնիա, Դաղստան), ինչպես նաև պարբերական (հակա)ահաբեկչական գործողություններ, (Կաբարդինո-Բալկարիա, Կարաչաևո-Չերքեզիա)։

Երկրորդ պատճառաբանությունը նավթի որակական խնդիրն էր։ Ադրբեջանական բարձր մակնիշի նավթը, նովոռոսիյսկյան նավթամուղի Տիխորեցկի հանգույցում խառնվելով ցածրորակ նավթի հետ, կստանար Urals մակնիշի կարգ, ինչը բացասաբար կանդրադառնար գնի վրա։

Երրորդ խնդիրը նավթը Բոս‎ֆոր-Դարդանել նեղուցներով համաշխարհային շուկա հասցնելու երաշխիքի բացակայությունն էր։ 1994թ. Թուրքիան միակողմանիորեն վերանայեց 1936թ. Մոնթրյոյի կոնվենցիան նեղուցների մասին՝ ընդունելով թուրքական նեղուցներով նավագնացության կարգավորման վերաբերյալ նոր օրենք, ինչն անհնարին դարձրեց նավթատարներով հումքի անարգել արտահանումը։

Վերջապես, նշյալ պատճառներից բացի, ռուսաստանյան երթուղու այլընտրանքի համար առկա էր, թերևս, գլխավոր մեկ այլ խոչընդոտ։ 1998թ. ընդունված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում Կասպյան տարածաշրջանը պաշտոնապես հայտարարվեց ԱՄՆ ազգային շահերի գոտի4։ Այս հիմքով տարածաշրջանը ներառվեց ամերիկյան զինուժի ռազմական ծրագրերում։ Մասնավորապես, ըստ «Միացյալ հրամանատարության ծրագրի»՝ հարավկովկասյան երեք պետությունները 1998թ. հոկտեմբերի 1-ից ներառվեցին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության (USEVCOM) պատասխանատվության, իսկ Միջին Ասիան՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (USCENTCOM) գոտիներում։ Միաժամանակ, նշյալ համատեքստում տեղի ունեցավ փոխկապակցվող երկու գործընթաց.

ա) ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերում Կասպյան տարածաշրջանից,

բ) նոր ռազմաքաղաքական դաշինքների ձևավորում։

Առաջին գործընթացի արդյունքում 2001թ. հետխորհրդային այս տարածաշրջանում մնացին Գյումրիի ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը Հայաստանում, Գաբալայի ռադիոլոկացիոն համակարգն Ադրբեջանում և Բայկոնուրի տիեզերակայանը Ղազախստանում։ Երկրորդ գործընթացը, որի նախաձեռնող կողմը Թուրքիայի վարչապետ Ս.Դեմիրելն էր, նպատակաուղղված էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղային տարանցման այս երկրների ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմանը և ստանում էր ԱՄՆ աջակցությունը [26]։

Այնուհանդերձ, Ռուսաստանը ևս փորձում էր քայլեր անել իր վերահսկողությանը ենթակա երթուղիներով Կասպյան նավթային պաշարների արտահանման վերաբերյալ իր շահերին համապատասխան որոշում կայացնելու համար։ Նման քայլերից էին մասնակցությունը Կասպյան նավթամուղային կոնսորցիումի ստեղծմանը և Կասպյան ջրավազանի կարգավիճակի հարցի արծարծումը միջազգային ատյաններում։

Կասպյան նավթամուղային կոնսորցիումը՝ որպես այլընտրանք.- Կասպյան նավթի արդյունաբերման ու արտահանման մասին պայմանագիրը կնքվել էր նախքան «դարի պայմանագրի» ստորագրումը և ուներ նույնքան, եթե ոչ ավելի, ռազմավարական նշանակություն։ 1992թ. հուլիսի 17-ին Օմանի թագավորության Մասկաթ քաղաքում Oman Oil Company և Ղազախստանի ներկայացուցիչները ստորագրեցին Կասպյան նավթամուղային կոնսորցիում (Caspian Pipeline Consortium Limited) ստեղծելու մասին պայմանագիրը, որին մեկ ամիս անց միացավ Ռուսաստանը, իսկ հետագայում՝ նաև խոշորագույն Chevron, Shell, ExxonMobil, Eni, British Gas, LUKoil և Роснефть միջազգային ընկերությունները։ Ըստ պայմանագրի, նախատեսվում էր կառուցել Ղազախստան (Թենգիզ)-Նովոռոսիյսկ նավթամուղը։ Ուշագրավ է, որ այս գործարքը, ինչպես ադրբեջանական նավթահանքերի պարագայում, սկսվել էր 1988թ. ԽՍՀՄ նավթարդյունաբերության և Chevron ընկերության միջև ղազախական Թենգիզ հանքավայրի մասին համաձայնագրով՝ առանց Ղազախական ԽՍՀ մասնակցության [28]։ Նույն կերպ անցկացվել էր մրցույթ, որի հաղթող ճանաչվել էր Chevron-ը, և այդ հարցում գործուն մասնակցություն է ունեցել ԽՍՀՄ ԱԳՆ ղեկավար Է.Շևարդնաձեն [25, с. 199-212]։ 1990-91թթ. հետո, ինչպես և Ադրբեջանը, բանակցող կողմ դարձել էր նորանկախ Ղազախստանը, որի շահերը ներկայացրել են նախագահ Ն.Նազարբաևի էներգետիկայի հարցերով խորհրդական, ամերիկյան գործարար Ջեյմս Գիֆենը և օֆշորային Բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված Oman Oil Company ղեկավար, հոլանդացի Ջոն Դոյսը։ Վերջինը, ի դեպ, ԽՍՀՄ նավթային ոլորտի գերատեսչությունների պատասխանատուների հետ համագործակցել է դեռևս 1977 թվականից, ունեցել սերտ հարաբերություններ Վ.Չեռնոմիրդինի՝ ՌԴ ապագա վարչապետի հետ [29]։ Կոնսորցիումի անդամ ընկերությունները խողովակաշարի չորս՝ վրացական, թուրքական, իրանական ու ռուսաստանյան երթուղիների տարբերակներից նախընտրեցին վերջինը։ Հատկանշական է ԱՄՆ կառավարության և ամերիկյան նավթային ընկերությունների միջև դիմակայությունը սույն հարցում։ 1998թ. հոկտեմբերի 22-ին Թենգիզ-Ջեյհան նավթամուղը կառուցելու օրակարգով վերջինների ներկայացուցիչների և Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Սեմյուել Բերգերի հետ հանդիպումից երկու օր առաջ Chevron-ի վարչության նախագահ Քենեթ Դերը հայտարարեց, թե չի կարող մասնակցել հանդիպմանը, սակայն գրավոր կհայտնի իրենց նախընտրանքի, այն է՝ Թենգիզ-Նովոռոսիյսկ երթուղու մասին, որպես տնտեսական տեսանկյունից առավել շահավետ [30]։ Թենգիզ-Նովոռոսիյսկ խողովակաշարը կառուցվեց 1999թ., արդեն 2010թ. արտահանվում էր տարեկան 35 մլն տոննա նավթ, իսկ 2015թ. նախատեսված էր արդյունահանել մինչև 50 մլն տոննա նավթ5։

Կասպյան ջրավազանի կարգավիճակի հարցը.- «Դարի պայմանագրի» ստորագրմանը հաջորդեցին Ռուսաստանի դիվանագիտական դեմարշները: 1994թ. հոկտեմբերի 5-ին ՌԴ ԱԳՆ-ն ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղարկեց նամակ, որում մասնավորապես ասվում էր. «Կասպից ծովին սահմանակից ոչ մի պետություն չի կարող միակողմանիորեն հավակնություններ ներկայացնել ծովի բնական ռեսուրսների նկատմամբ: Կասպյան որևէ պետության կողմից պետական պահանջների ներկայացումը ծովի և նրա բնական ռեսուրսների նկատմամբ անխուսափելիորեն վերաբերում է կասպյան մյուս պետությունների իրավունքներին և շահերին, ուստի չի կարող համարվել օրինական» [10, p. 28]։ Որպես իրավական հիմք Ռուսաստանը վկայակոչում է 1921թ. փետրվարի 26-ին և 1940թ. մարտի 25-ին կնքված սովետա-իրանական համաձայնագրերը՝ հանդիսանալով ԽՍՀՄ միակ իրավահաջորդը: Ըստ 1921թ. «Բարեկամության և համագործակցության մասին» սովետա-պարսկական համաձայնագրի 11-րդ հոդվածի, միայն նշյալ կողմերն իրավունք ունեն հավասարապես օգտվել Կասպից ծովում ազատ նավարկության իրավունքից [31, с. 538]։ Վեցերորդ հոդվածի համաձայն, Ռուսաստանն իրավունք է ստանում զորքեր մտցնել Իրան, եթե որևէ երրորդ պետություն փորձի օգտագործել Իրանի տարածքը որպես հենակետ սահմանն անցնելու և Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ռազմական գործողություններ սկսելու նպատակով։ Ըստ 7-րդ հոդվածի, եթե իրանական նավատորմի կազմում լինեն երրորդ պետության քաղաքացիներ, որոնք իրենց ներկայությունը նավատորմում կօգտագործեն Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նպատակներով, Ռուսաստանի կառավարությունն իրավունք կունենա պահանջել Իրանից արտաքսել վերոնշյալ վնասակար տարրերին [31]։ Այս հոդվածը փաստորեն արգելում է երրորդ պետության ծովայինների մուտքը Կասպից ծով:

ՄԱԿ գլխավոր քարտուղարին Ռուսաստանի հասցեագրած նամակում վկայակոչվող մեկ այլ՝ 1940թ. սովետա-իրանական պայմանագրով, մասնավորապես, նշվում է, որ միայն երկու պետություններին (ԽՍՀՄ և Իրան) պատկանող նավերն իրավունք ունեն նավարկել Կասպից ծովում, իսկ այդ նավերում և նավահանգիստներում աշխատող օտարերկրյա անձնակազմը պետք է սահմանափակի իր գործունեությունը համաձայնագրերով սահմանված շրջանակներում6։

Հարկ է նշել, որ 1991թ. դեկտեմբերի 21-ին որպես ԱՊՀ մասնակից պետություններ ստորագրելով Ալմա Աթայի հռչակագիրը՝ Ադրբեջանը, Ղազախստանը, ՌԴ-ն ևւ Թուրքմենստանը հաստատել են այս պայմանագրերի իրավասությունը։ Այնուհանդերձ, 1990-ականների սկզբին առաջ քաշվեց Կասպից ծովի կարգավիճակի հարցը, ինչի շուրջ ձևավորվեց երկու տարբեր մոտեցում։ Նախ, խնդրի էության մասին։

Որևէ ջրավազանի կարգավիճակը որոշվում է ըստ ՄԱԿ ծովային իրավունքի կոնվենցիայի, համաձայն որի՝ «ծով» կամ «լիճ» սահմանումն այդ ջրավազանին տրվում է Համաշխարհային օվկիանոսի հետ, այն է՝ բնական ջրային ուղիներով (ծով, նեղուց) հարաբերակցության բնույթով։ Ի դեպ, գետերն ու արհեստական ջրանցքները միջազգային իրավունքի օբյեկտ չեն համարվում։ Ըստ այդմ, Կասպիականը չի կապվում Համաշխարհային օվկիանոսին անմիջականորեն (բաց ծով), մեկ այլ ծովի (կիսափակ ծով) կամ նեղուցի (փակ ծով) միջոցով, ուստի կարող է համարվել լիճ։ Այնուհանդերձ, ի՞նչ առնչություն ունի Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը նավթային պաշարների խնդրի հետ։

Բանն այն է, որ ծովի կարգավիճակ ստանալու դեպքում Կասպյան ջրավազանի վերաբերմամբ կգործեն 1982թ. ՄԱԿ ծովային իրավունքի կոնվենցիայի համապատասխան հոդվածները։ Դա նախ կնշանակի, որ մերձկասպյան պետություններն ինքնիշխան իրավունք կստանան առափնյա 12 միլ տարածքային ջրերի և 200 միլ բացառապես տնտեսական ջրային տարածքի նկատմամբ [32, с. 55, 76-77]։ Եվ քանի որ Կասպից ծովի լայնքը 200 միլից ավելի չէ, ապա բացառապես տնտեսական ջրային տարածքի սահմանները կորոշվեն միջնագծով։ Բացի այդ, նշյալ ջրային տարածքում ծովային ու օդային ներկայության ու գործունեության (բացի ռազմական կարգի) իրավունք են ստանում երրորդ երկրները ևս։ Ըստ ՌԴ-, Իրանի և Թուրքմենստանի՝ Կասպից ծովը համընդհանուր օգտագործման ջրավազան է մերձկասպյան երկրների համար, և նրա պաշարները պետք է բաժանվեն ծովափնյա բոլոր պետությունների միջև, Կասպիցը «փակ» ծով է երրորդ երկրների համար։ Իրանը շահագրգռված էր Կասպից ծովում status quo-ի պահպանմամբ, քանի որ, ինչպես գրում է Կ.Մալեքին, «Բաքուն բացել է դարպասները արևմտյան պետությունների ներթափանցման առջև, և առաջիկայում Ադրբեջանում կիշխեն ԱՄՆ-ի, Անգլիայի, Թուրքիայի և մի քանի այլ պետությունների շահերը» [32]։ Դա հակասում է Իրանի շահերին, որի համար Ռուսաստանը դառնում է աշխարհաքաղաքական դաշնակից, իսկ «Կասպից ծովը՝ ռուս-իրանական համագործակցության առանցքը» [33]։

Լիճը, ի տարբերություն ծովի, առափնյա պետությունների ինքնիշխան տարածք է, ուր չեն գործում միջազգային օրենքներն ըստ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի։ Սահմանային լճի իրավական կարգը հաստատվում է բացառապես ծովափնյա պետությունների միջև պայմանագրերով։ Ադրբեջանը, կտրականապես մերժելով Կասպիցի համատեղ օգտագործման սկզբունքը, առաջարկեց իրավական ասպարեզում այսպես կոչված «ազգային հատվածի» հասկացությունը, որով ծովի հատակը, ջրային շերտն ու ծովի վրայի օդային տարածքի նկատմամբ ծովափնյա պետությունը ստանում է ինքնիշխան իրավունքներ։ Ուշագրավ է, որ Ադրբեջանը, մի կողմից հայտարարելով, թե ԽՍՀՄ վերացմամբ այլևս իրավական ուժը կորցրած պետք է համարել այդ պետության կողմից ստորագրված օրենքները, մյուս կողմից՝ հղումներ է անում նույն այդ պետության օրենքներին [34, с. 9]։ Խոսքը, մասնավորապես, 1991թ. հունվարի 18-ին ԽՍՀՄ նավթարդյունաբերության մինիստրության և Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի համատեղ որոշման մասին է, ըստ որի՝ Ադրբեջանն իրավունք էր ստանում արդյունահանել Կասպիականի հանքային պաշարները՝ համաձայն խորհրդային չորս հանրապետությունների միջև գծված վարչատարածքային սահմանների (հատվածների) միջնագծով։ Մինչդեռ, ԽՍՀՄ հանրապետությունների միջև սահմանները, այս դեպքում՝ նշյալ ծովային վարչատարածքային բաժանումները, չունեին միջպետական իրավական հիմքեր, այլ միայն՝ ժողովրդատնտեսական նշանակություն [34, с. 15]։

Հետևաբար, Ադրբեջանը Կասպիականը «ազգային հատվածի» բաժանման դեպքում ստանում է հանքային պաշարների առավել մեծ մասնաբաժինը։ Միևնույն ժամանակ, այդ երկիրը դառնում է միակ կասպյան պետությունը, որը պահպանում է ընդհանուր սահմանները մյուս ծովափնյա պետությունների հետ։

Այնուհանդերձ, չնայած առերևույթ իրավական այս վեճին, Ադրբեջանն ու Ղազախստանը փաստացիորեն սկսեցին Կասպիականի բաժանումն ըստ «ազգային հատվածների»՝ դա ամրագրելով իրավական փաստաթղթերում. Ադրբեջանը՝ իր 1995թ. սահմանադրությամբ, Ղազախստանը՝ «Կասպից ծովի ղազախական բաժնի նավթագազային պաշարների գնահատականի հարցով Միջազգային կոնսորցիումի մասին» նախագահի թիվ 1517 և «Նավթի մասին» թիվ 2350 հրամանագրերով7։

Այնուհանդերձ, ըստ փորձագետների, մասնակցելով Կասպից ծովի նավթագազային պաշարների արդյունահանման միջազգային նախագծերին և ստորագրելով համապատասխան փաստաթղթեր (նաև «դարի պայմանագիրը»), Ռուսաստանն անուղղակիորեն ճանաչեց Կասպից ծովը «ազգային հատվածների» բաժանելու սկզբունքը [34, с. 18-19]։

Ի վերջո, հաշվի առնելով «դարի պայմանագիր» կոչվող գործարքի ռազմավարական ու գործառութային նշանակությունը՝ AIOC կոնսորցիումն արդյունավետ չէր համարում ռուսաստանյան երթուղու տարբերակը:

Թուրքական տարբերակ։ Քաղաքական տեսանկյունից թուրքական Ջեյհան տերմինալը, որպես կասպյան նավթի վերջնակետային երթուղի, բացառման սկզբունքով, ի սկզբանե կանխորոշված էր։ Ասվածի ապացույցն է 1993թ. մարտի 9-ին Անկարայում երկու երկրների միջև ստորագրված (Ս.Դեմիրել - Ս.Բաղիրով) համաձայնագիրը Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման մասին։ Շինարարությունն իրականացնելու էր թուրքական Botas-ը, որին այդ նպատակով 1996թ. Համաշխարհային բանկը հատկացրեց $12.5 մլն։ Խնդիրը միայն նավթամուղի առավել անվտանգ երթուղու ճշտումն էր, հնարավոր սպառնալիքների չեզոքացումը և տնտեսական շահավետության ապահովման հեռանկարը։ Botas-ի և Համաշխարհային բանկի կողմից կատարվեց երթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, կազմվեց առավել արդյունավետ երթուղու նախագիծը։ Թիվ մեկ սպառնալիքը՝ Քրդական բանվորական կուսակցության հնարավոր խափանարար գործողությունները նավթամուղի տարածքում, չեզոքացվեց 1999թ. ՔԲԿ առաջնորդ Ա.Օջալանի ձերբակալությամբ։ Նրան մահապատժի ենթարկելու սպառնալիքով ՔԲԿ-ն զինադադար հաստատեց, դեկտեմբերին ջոկատները հեռացվեցին Իրաքի տարածք։

1998թ. ԱՄՆ ղեկավարությունը հայտարարեց Բաքու-Ջեյհան նավթամուղը որպես Կասպյան ավազանի նավթի տարանցման փոխադրամիջոց, ինչն արմատապես փոխեց տնտեսական շահավետության գործակիցը, հետևաբար՝ նավթային ընկերությունների շահագրգռվածության աստիճանը։ Արդյունքում՝ նախ 1998թ. հոկտեմբերի 22-ին Թենգիզ-Ջեյհան նավթամուղը կառուցելու օրակարգով վերջինները Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Սեմյուել Բերգերի հետ հանդիպումից հետո համաձայնեցին մասնակցել նախագծին, ապա հոկտեմբերի 29-ին Անկարայում Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը ստորագրեցին հռչակագիր Կասպյան ավազանի և Միջինասիական նավթը Բաքու-Ջեյհան նավթամուղով համաշխարհային շուկաներ հասցնելու մասին։ 1999թ. նոյեմբերի 18-ին Ստամբուլում ստորագրվեց Աքթաու (Ղազախստան) - Բաքու և Բաքու - Ջեյհան նախագծերի փաթեթային համաձայնագիրն այս անգամ նաև ԱՄՆ մասնակցությամբ։

Այսպիսով, «դարի պայմանագրի» շրջանակներում նախ գործարկվեց Բաքու-Սուփսա խողովակաշարը (1999թ.), ապա կառուցվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (2005թ.) նավթամուղը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Էրզրում (2006թ.) գազատարը: Հարկ է նշել, սակայն, որ Ռուսաստանի տարածքով նավթի առավել փոքր ծավալով փոխադրումը ևս շարունակվեց՝ օգտագործելով դեպի Նովոռոսիյսկի նավահանգիստ անցնող նավթամուղը:

Եվ այսպես, ակնհայտ է, որ «դարի պայմանագիրն», էներգատնտեսական գործարք լինելուց զատ, գլխավորապես աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կարևորագույն նշանակության նախագիծ էր: Դա, ըստ էության, Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում, ինչպես նաև արտաքին ու ներքին քաղաքականությունն ուղղորդող հիմնական գործոնն է, որը կանխորոշում է այդ երկրների տեղն ու դերն Արևմուտքի ծրագրերում: Դեռևս 19-րդ դարում Standart Oil–ի հիմնադիր Ջոն Ռոք‎ֆելերն էր ասել, թե «ով վերահսկում է նավթային փոխադրամիջոցները՝ նրա ձեռքերում են և՛ նավթի արդյունահանումն ու մշակումը, և՛ աշխարհաքաղաքականությունը»։

1 http://www.memo.ru/hr/hotpoints/karabah/Getashen/chapter1.htm

2 З.Гулиев, “Контракт Века”: Завоевание и проблемы Азербайджана”, ИА REGNUM, http://www.regnum.ru/news/1446785.html#ixzz2ScXnaHOv

3 Այս համատեքստում ուշագրավ է 1998թ. հուլիսին Հ.Ալիևի Լոնդոն կատարած պաշտոնական այցի ժամանակ արձանագրված հետևյալ փաստը. «Ադրբեջանի նախագահն առավել հաճույքով ստորագրում է պայմանագրեր այն մարդկանց հետ, ովքեր իրեն զորավիգ են եղել 1993-94թթ. բարդ շրջանում, ովքեր, հակառակ ՌԴ ցանկության, ռիսկային որոշում ընդունեցին ստորագրելու նավթային գործարքը։ Նրա դաշնակիցներն էին Մեծ Բրիտանիայի ու ՌԴ էներգետիկայի երկու նախարարներ Թիմ Էգգարն ու Յուրի Շաֆրանիկը։ …Դառնալով նավթային ընկերությունների ղեկավարներ, նրանք որոշեցին հեռանկարային նավթահորեր ստանալ ադրբեջանական հատվածում… Շաֆրանիկն ասաց, որ իր մասնաբաժինը կազմում է 12.5%» (Э.Ахундова, Мгновения истины, Баку: "Дом сказки", 2003, с. 197).

4 A national security strategy for a new century. http://www.bits.de/NRANEU/others/strategy/nss-9810.pdf

5 http://www.cpc.ru/RU/about/Pages/chronology.aspx

6 Рустам Мамедов, “Международно-правовой статус Каспийского моря: вчера, сегодня, завтра (теории и практики)”, “ Кавказ и Центральная Азия”, CA&CC Press, Швеция, http://www.ca-c.org/journal/cac-08-2000/24.mamedov.shtml

7 http://kazakhstan.news-city.info/docs/sistemsi/dok_perbhb.htm, http://online.zakon.kz/Document/?doc_id=3103801&mode=p

Նոյեմբեր, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

  1. З.Бжезинский, Великая шахматная доска. Американское первенство в мире и геостратегические перспективы, Москва, Международные отношения, 1998.
  2. Ara Sanjian, “The Negotiations of the “Contract of the Century” and the Political Background to the Revival of Azerbaijan’s Oil Industry”, Armenian Center of Armenian and International Studies, 1997.
  3. Klebnikov Paul, “The Quietly Determined American”, Forbes, October 24, 1994.
  4. The Wall Street Journal, October 2, 1994, p. A 4:4, The Economist, November 14, 1992, p. 85.
  5. The Washington Times, March 9, 1992, p. A, 9:5.
  6. Томас де Ваал, Черный сад. Между миром и войной, M., 2005.
  7. Ч.А. Султанов, Нашествие, т. 2, «Нафта-пресс», Баку, 2004.
  8. Thomas Goltz, “Oil and Civil Society Don’t Mix,” War Report: Bulletin of the Institute for War and Peace Reporting, No. 45 (September 1996).
  9. Eastern Europe, Russia and Central Asia 2004 By Europa Publications Limited.
  10. N.Sagheb and M. Javadi, “Azerbaijan's "Contract of the Century" Finally Signed with Western Oil Consortium, Azerbaijan International, Winter 1994 (2.4).
  11. Guy Chazan, “Western Oil Firms Help Azerbaijan on the Road to Economic Recovery,” AGBU News, Vol. 2, No. 4 (December 1992).
  12. Interfax Petroleum Report, December 11-18, 1992.
  13. Известия, 4 августа 1993.
  14. O&GJ, June 28, 1993.
  15. И.Гусейнова, Гейдар Алиев, Баку, Тахсил, 2005.
  16. Heydər Əliyev. Müstəqilliyimiz əbədidir. Bakı, 1997, II с., səh. 226; Azərbaycan: Окtyabr 94 - mart 95. Qəsd.Bakı, 1995, səh. 6-7.
  17. Hurriyet, 1993, 11 August.
  18. Московские новости, 25/10/1994, стр. 4; Независимая газета, 20/09/1994, Сегодня, 20/09/1994.
  19. НИА Хабар-сервис, 7 июня 1994г., бюл. No 971.
  20. Economist , "Russian Pressure on Azerbaijan," Foreign Report, July 14, 1994.
  21. Barylski V. Robert, Russia, the West and the Caspian Energy Hub, Middle East Journal 49, No 2, 1995.
  22. Azərbaycan, Oktyabr 94 - mart 95, Qesd. Bakı, 1995, səh. 39.
  23. The Washington Times, March 9, 1992, p. A 9.
  24. Oil & Gas Journal, March 22, 1993, p. 30; Елхан Полухов, Контракт века, Кавказские Региональные Исследования, том 2, выпуск 1, 1997.
  25. Фредди де Пау, Политика Турции в Закавказье, Спорные границы на Кавказе: сб. ст., Москва, "Весъ мир", 1996.
  26. Гусейнов В.А., Каспийская нефть. Экономика и геополитика, 2002.
  27. Robins Philip, Between Sentiment and Self-Interest: Turkey’s Policy Towards Azerbaijan and the Central Asian States’ in Middle East Journal 47, No 4, Autumn 1993.
  28. Деловая неделя, 29 мая 1998 года, №21.
  29. Известия, 24 февраля 1995, №36(24395).
  30. Известия, 22 октября 1998.
  31. Документы внешней политики СССР, т. III, Москва, 1959.
  32. Конвенция Организации Объединенных Наций по морскому праву, Монтего-Бей, 10 декабря 1982.
  33. “Iranian Parliamentary Speaker in Moscow,” RFE/RL Newsline, Vol. 1, No. 9, Part I, 11 April 1997.
  34. Бутаев А.М., Каспий: море или озеро? Махачкала, 1998.

դեպի ետ