• am
  • ru
  • en
Версия для печати
13.02.2017

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

   

Արման Մկրտչյան
ՀՀ ԶՈւ գնդապետ, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի
Պատերազմի ազգային քոլեջի մագիստրոս

Պետության կառավարման համակարգի արդյունավետությունը պայմանավորված է կառավարման պարտավորություններն ստանձնած ղեկավար անձնակազմի ռազմավարական մտածելակերպի շարունակական զարգացմամբ, նրանց հմտությունների անընդհատ կատարելագործմամբ ու հաջորդ սերունդներին այդ հմտությունների փոխանցմամբ: Ռազմավարական մտքի զարգացմամբ և ռազմավարության արվեստին հստակ տիրապետմամբ է հնարավոր մշակել և իրագործել ազգային անվտանգության այնպիսի ռազմավարություն, որը կապահովի անհատի, հասարակության և պետության ֆիզիկական անվտանգությունը և որը կնպաստի սոցիալական, տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացին, ժողովրդագրական պատկերի բարելավմանը, ազգային արժեքների պահպանմանը:

Լայն իմաստով, ռազմավարությունը նպատակների, դրանց հասնելու համար անհրաժեշտ միջոցների և այդ միջոցներն արդյունավետ օգտագործելու ձևերի փոխկապվածության և փոխներազդման համակարգ է [1]: Արևմտյան գիտական շրջանակներում հայտնի է նաև հետևյալ ձևակերպումը. «Ռազմավարությունը որոշակի առավելությունների հայտնաբերումը կամ ստեղծումն է, ինչը կարող է օգտագործվել վերջնանպատակին հասնելու համար՝ չնայած ռեսուրսների և այլ տեսակի սակավությանը և, ամենակարևորը, հակառակորդների կամ մրցակիցների հակառակ ջանքերին» [2, էջ 19]: Մեկ այլ ձևակերպմամբ՝ «իրական ռազմավարությունը սահմանափակ միջոցների և մեծ նպատակների միջև կամրջի կառուցման ձև է, որով ռիսկերը վերածվում են հնարավորությունների» [3, էջ 5]:

Ռազմավարությունն էապես տարբերվում է նախանշված նպատակներին հասնելուն անհրաժեշտ «գործողությունների պլանից»՝ այն իմաստով, որ այդպիսի պլանները ենթադրում են հաջորդական գործողությունների իրականացման շարք, մինչդեռ ռազմավարությունը նախատեսում է համակարգային ձևաչափով միջոցառումների միաժամանակյա իրականացում, ընդ որում՝ նախօրոք հաշվի առնելով համապատասխան ռիսկերն ու հետևանքներն անցանկալի զարգացումների դեպքում:

Պաշտպանական-անվտանգային բնագավառում ռազմավարության մշակումն ունի որոշ առանձնահատկություններ, թեև, ընդհանուր առմամբ, այն պահպանում է ռազմավարական գործընթացի բովանդակությունը: Այդ գործընթացը բաղկացած է համապատասխան տարրերից, որոնք պետք է փոխկապված լինեն: Ռազմավարության արդյունավետությունն ուղղակիորեն կախված է այդ առանձին տարրերի փոխկապվածության աստիճանից և այն հանգամանքից, թե որքանով են այդ տարրերը միմյանց փոխլրացնում: Ռազմավարական գործընթացի տարրերից են.

1. ռազմավարական միջավայրի գնահատումը (հայտնի, անհայտ տեղեկատվոություն, ռազմավարական նկատառումներ),

2. սեփական, հակառակորդի, հավանական դաշնակիցների (գործընկերների) և հավանական հակառակորդների շահերի հստակեցումը,

3. ազգային շահերի դեմ ուղղված սպառնալիքների և այդ շահերը խթանող հնարավորությունների գնահատումը,

4. ռազմավարական նպատակների և խնդիրների սահմանումը,

5. սեփական և հակառակորդի (այլ հնարավոր կողմերի) ուժեղ ու թույլ կողմերի համեմատական վերլուծությունը,

6. կարողությունների վերլուծությունը և դրանց զարգացման ծրագրի մշակումը,

7. ռազմավարության իրագործման հետևանքների, օգուտների և ռիսկերի գնահատումը,

8. ռազմավարական նկատառումների վերանայումը և համապատասխանաբար՝ ռազմավարության հարմարեցումն ազգային շահերին, գերակայություններին [4]:

Վերոնշյալ տարրերն ըմբռնելու, վերլուծելու և համապատասխան ռազմավարություն մշակելու համար անհրաժեշտ է պետական կառավարման համակարգում ունենալ ռազմավարական մտածելակերպով օժտված, անվտանգության խնդիրների վերաբերյալ համակարգված գիտելիքներով անձնակազմ: Անվտանգության համակարգի առանձին տարրերի փոխներգործության, ինչպես նաև ազգային և գլոբալ համակարգերի միջև փոխկապվածության ճանաչողությունը նման անձնակազմին դարձնում է ազգային անվտանգության ապահովման գործի առաջամարտիկներ:

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացը սկիզբ է առնում անվտանգության միջավայրի գնահատումից, ինչը պահանջում է կիրառել ռազմավարական և օբյեկտիվ վերլուծական մոտեցում: Անվտանգության միջավայրը, որպես կանոն, բնութագրվում է անորոշությամբ, հարափոփոխությամբ, բարդությամբ և հնարավոր ռազմավարական-մարտավարական անակնկալներով: Այս փուլում պետք է հստակ տարանջատել փաստերը ռազմավարական նկատառումներից և պարբերաբար անդրադառնալ այդ նկատառումների վերստուգմանը: Մինչև գործողությունների որևէ պլան մշակելն անհրաժեշտ է համակողմանի ուսումնասիրություններ իրականացնել՝ անվտանգության միջավայրն առավելագույնս ադեկվատ ընկալելու նպատակով: Անհրաժեշտ է կատարել համեմատական վերլուծություն, «քարտեզագրել» ռազմավարական անվտանգային միջավայրը՝ յուրային, հակառակորդի, հավանական դաշնակիցների և հավանական հակառակորդների շահերը, շարժառիթները, ուժերն ու կարողությունները, ուժեղ և խոցելի կողմերը, նպատակները հասկանալու համար:

Ռազմավարություն մշակողների (ստրատեգների) համար կարևոր է հասկանալ պետությունների ռազմաքաղաքական ղեկավարության աշխարհընկալումը և անվտանգության այն միջավայրը, որտեղ պետք է իրագործվի մշակված ռազմավարությունը: Ընդ որում, անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել ինչպես սեփական երկրի ղեկավարության, այնպես էլ այլ երկրների և ոչ պետական դերակատարների աշխարհայացքները, իմանալ դրանց ձևավորման պատմությունը և առանձնահատկությունները, ինչը հնարավորություն կընձեռի համակողմանիորեն հիմնավորված նախադրյալներ ստեղծել՝ ռազմավարության ճիշտ մշակման և, ըստ այդմ, հնարավորությունները ճիշտ օգտագործելու համար:

Անվտանգության միջավայրի համակողմանի գնահատումից հետո անհրաժեշտ է հստակեցնել ազգային շահերը՝ միաժամանակ հասկանալով հակառակորդի, ինչպես նաև դաշնակիցների և գործընկերների շահերը: Ամերիկացի հետազոտող Թերի Դեյբլի սահմանմամբ՝ գոյություն ունի ազգային շահի չորս հիմնական կատեգորիա, որոնցից կարևորագույնը ֆիզիկական անվտանգությունն է, ինչը ենթադրում է պաշտպանություն պետության ներսում կամ դրա սահմաններից դուրս պետության քաղաքացիների կյանքին կամ ունեցվածքին ուղղված արտաքին միջավայրի սպառնալիքներից: Երկրորդ հիմնական կատեգորիան վերաբերում է տնտեսական բարեկեցությանը, որտեղ պետությունն իր հիմնական ջանքերն ուղղում է պետության ներքին սահմաններում տնտեսական առաջընթացի ապահովմանը: Ազգային շահի երրորդ հիմնական կատեգորիան պետական կառավարման համակարգի, ազգային արժեքների և մշակույթի պահպանումն է: Վերջին՝ չորրորդ կատեգորիան վերաբերում է սեփական ազգային արժեքների հնարավորինս լայն տարածմանն այլ երկրներում [4, էջ 123-127]։ Վերջինիս համատեքստում Հայաստանի հնարավորությունները, հաշվի առնելով Սփյուռքի գործոնը, բավական շահեկան են։ Ռազմավարություն մշակողները պետք է ազգային շահերին ստորադասեն ռազմավարության մնացած բոլոր տարրերը և դրանք նպատակաուղղեն ազգային նպատակներին ամենաարդյունավետ ճանապարհով հասնելուն:

Ազգային շահերը ձևակերպելուց հետո անհրաժեշտ է գնահատել դրանց ուղղված սպառնալիքները, հասկանալ այն հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ազգային շահերի հետապնդմանը: Այնուհետև պետք է սահմանել ռազմավարության նպատակները և խնդիրները, որոնք նույնպես պետք է ծառայեն ազգային շահերին հասնելուն: Միևնույն ժամանակ, այդ նպատակների և խնդիրների առաջադրման գործում պետք է հաշվի առնվեն ազգային շահերին ուղղված սպառնալիքները և հնարավորությունները: Այսպիսով՝ կարելի է ներկայացնել ռազմավարության արդյունավետ մշակման հոտևյալ մոդելը (նկ. 1

Նշենք, որ նկ. 1-ում ներկայացված եռանկյունու տարրերի փոխգործակցության և դրանց՝ միմյանց լրացնելու պարագայում է հնարավոր մշակել և իրականացնել այնպիսի ռազմավարություն, որն առավելագույնս արդյունավետ կլինի ազգային շահերի համատեքստում։

Ազգային շահերին ուղղված սպառնալիքները գնահատելու համար անհրաժեշտ է հաշվարկել բոլոր դերակատարների կարողությունները և նպատակադրվածությունը: Կարողությունները համեմատաբար հեշտ է հաշվարկել, թեև պետություններն իրենց իրական ռազմական կարողությունները թաքցնում են: Նպատակադրվածությունը հասկանալու համար անհրաժեշտ է մշտազննել տվյալ պետության ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները, հայտարարությունները, հասկանալ հնարավոր զարգացումների միտումներն ու սպառնալիքների ընկալման նրանց տեսլականը: Սպառնալիքների սխալ գնահատման հետևանքով կարող են արագանալ սպառազինությունների մրցավազքի տեմպերը՝ որոշ դեպքերում հանգեցնելով սահմանափակ նպատակներով կամ լայնամասշտաբ պատերազմների, և դրա արդյունքում կարող է մշակվել թերի կամ սխալ ռազմավարություն: Հետևաբար, ռազմավարություն իրագործողների առաջնային խնդիրներից է հակառակորդի նպատակադրվածության վերաբերյալ ստույգ պատկերացումների ձևավորումը՝ անկախ հակառակորդի ունեցած ռազմական կարողություններից, քանզի դրանք, որպես այդպիսին, վտանգ չեն ներկայացնում, եթե հակառակորդը նպատակ չունի ռազմական ագրեսիա իրագործել:

Ռազմական սպառնալիքների գնահատման և յուրային ուժերի վրա դրանց ազդեցության համատեքստում պետք է դիտարկել նաև սեփական խոցելի կողմերը: Ինչպես սպառնալիքները, այնպես էլ խոցելի կողմերն առանձին վերցրած վտանգ չեն ներկայացնում պետության համար, եթե չկա հակառակորդի կողմից ռազմական ագրեսիայի նպատակ: Սակայն հակառակորդի սպառնալից նպատակադրվածությունը և սեփական խոցելիությունը ստեղծում է վտանգի համապատասխան աստիճան: Հետևաբար, վտանգը կարող է սահմանվել որպես սպառնալիքի իրականացման հավանականության (որը չափվում է հարձակվող կողմի նպատակադրվածությամբ և կարողություններով), դրա հաջողության հավանականության (որը չափվում է պաշտպանվող կողմի խոցելիության աստիճանով) և սպառնալիքի իրականացման ու դրա հաջողության դեպքում հնարավոր հետևանքների (որը չափվում է վտանգված միջոցների կարևորությամբ) արտադրյալ: Ռազմական վտանգը չեզոքացնելու համար պետություններն ունեն երկու տարբերակ. հարձակողական դիրքորոշման որդեգրում՝ սպառնացող կողմի նպատակադրվածությունը նվազեցնելու կամ չեզոքացնելու նպատակով, և պաշտպանողական դիրքորոշման որդեգրում՝ մարտավարական դիրքային առավելության միջոցով հետագա ռազմական գործողությունների բարենպաստ ելքն ապահովելու նպատակով:

Ռազմավարության մշակման ընթացքում անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել և վեր հանել այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ազգային շահերից բխող նպատակներին հասնելուն: Այդպիսի հնարավորությունների ի հայտ գալը կախված է տվյալ պահին արտաքին կամ ներքաղաքական իրադարձությունների զարգացման ընթացքից: Ինչպես սպառնալիքները, այնպես էլ հնարավորություններն ունեն կարևորության աստիճան: Թե´ ներկա և թե´ հետագա հնարավորությունները պետք է հայտնաբերվեն և օգտագործվեն՝ սպառնալիքների չեզոքացման կամ նվազեցման, ինչպես նաև ռեսուրսների սղությունը կոմպենսացնելու համար:

Թե´ հնարավորությունները և թե´ սպառնալիքները կապված են ազգային շահի հետ և ազդեցություն ունեն այդ շահի վրա: Պետությունները կարող են ունենալ շահեր՝ առանց սպառնալիքների առկայության, սակայն երբ շահերն արդեն սահմանված են, սպառնալիքի չափը կամ լրջությունը գնահատվում է կոնկրետ շահի արժեքով և այդ շահի վրա կոնկրետ սպառնալիքի ազդեցության աստիճանով: Այդ պատճառով էլ սպառնալիքների գնահատման գործընթացում անհրաժեշտ է որոշել ոչ միայն ակնկալվող վնասի չափը, այլև սպառնալիքի առարկան (ազգային շահը) և դրա կարևորությունը:

Ռազմավարության նպատակների և խնդիրների սահմանումը նույնպես ռազմավարական գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է: Առանց նպատակների ռազմավարությունն անիմաստ է: Ռազմավարության էությունը ցանկալի արդյունքի հասնելն է կամ, որոշ դեպքերում, անցանկալի արդյունքների կանխարգելումը, և այդ արդյունքն էլ հենց կոչվում է ռազմավարական նպատակ: Թեև ռազմավարության իրականացման ընթացքում նպատակները կարող են ենթարկվել որոշակի փոփոխությունների և վերադասավորումների, այդուհանդերձ, դրանք պետք է հստակորեն սահմանվեն նախօրոք: Ռազմավարական նպատակները պետք է սերտորեն կապված լինեն ազգային շահի հետ և նպաստեն այդ շահին հասնելու պետական ջանքերին: Ռազմավարական նպատակների սահմանումն առանց ազգային շահի հաշվառման կարող է հանգեցնել մարտավարական հաջողությունների, սակայն, ի վերջո, կհանգեցնի ռազմավարական անհաջողության: Նպատակները ռազմավարության հաջողությունն են կարճաժամկետ հեռանկարում, իսկ ազգային շահն այդ հաջողությունների համախումբն է, որը տեսանելի է երկարաժամկետ հեռանկարում:

Ռազմավարական նպատակները սահմանելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ խնդիրներին.

1. արդյո՞ք հիմնական ռազմավարական նպատակը ծառայում է ազգային շահին,

2. արդյո՞ք այն հաշվի է առնում ազգային շահի դեմ ուղղված սպառնալիքները և դրան հասնելու հնարավորությունները,

3. արդյո՞ք հիմնական նպատակն իրատեսական է և չափելի,

4. ի՞նչ լրացուցիչ նպատակներ կան, որոնք կարող են նպաստել հիմնական նպատակին հասնելուն,

5. արդյո՞ք հիմնական նպատակին հասնելու գործընթացը խոչընդոտում է ընդհանուր ռազմավարության մեկ այլ հիմնական նպատակին հասնելու գործին,

6. ո՞րն է բոլոր հիմնական նպատակների հարաբերական առաջնահերթությունը:

Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ ռազմավարական նպատակներն այն ցանկալի արդյունքն են, որին ձգտում ենք հասնել, իսկ ռազմավարությունը՝ այն մեթոդներն ու ձևերն են, որոնք պետք է կիրառվեն նպատակներին հասնելու համար: Ռազմավարական ոլորտի որոշ մասնագետների համար երբեմն դժվարություններ են առաջանում ռազմավարական նպատակները ռազմավարությունից զատելու առումով: Օրինակ, ոմանք դժվարանում են պատասխանել՝ «Սառը պատերազմի» տարիներին ԽՍՀՄ-ի նկատմամբ ԱՄՆ զսպման քաղաքականությունը նպատա՞կ էր, թե՞ ռազմավարություն: Այդ ժամանակաշրջանի քաղաքականություն մշակողների գաղափարախոսությանը քիչ ծանոթ անձը կարող է պնդել, որ ԽՍՀՄ զսպման և մեկուսացման քաղաքականությունը նպատակ էր: Իրականում, այդ քաղաքականության հեղինակներն այն որպես նպատակ չէին դիտարկում, այլ որպես մեխանիզմ, որն, ի վերջո, կհանգեցներ ներքին խժդժությունների, տնտեսական անկման և ԽՍՀՄ փլուզման: Այսինքն՝ այդ քաղաքականությունն իր իսկ հիմնադիրների կողմից դիտարկվում էր որպես ռազմավարություն՝ իր բոլոր տարրերով, և ոչ թե որպես առանձին ռազմավարական նպատակ [5]:

Ռազմավարության իրականացման փուլում օգտագործվող միջոցների առումով իրատեսության և շարունակականության գործոնները պետք է համակողմանի վերլուծության ենթարկվեն: Ամերիկացի հետազոտող Ռոս Հարիսոնի կարծիքով՝ «չափազանցություն չի լինի ասել, որ որևէ պետության կամ կազմակերպության համար ռազմավարության մշակումը և այդ համատեքստում միջոցների ու կարողությունների պլանավորումը ցանկացած ռազմավարություն մշակողի կարևորագույն գործառույթներից են: Նրանք պետք է առաջարկեն, թե ինչպես այդ ռեսուրսները վերածել կարողությունների, ինչով էլ պայմանավորված կլինի ռազմավարության արդյունավետ իրականացման ամբողջ ընթացքը» [3, էջ 35-47]: Ամերիկացի մեկ այլ գիտնական՝ Ջոզեֆ Նայը, ավելացնում է, որ «վերջիվերջո ոչ թե ռեսուրսները, այլ արդյունքներն են կարևոր, և անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել ռեսուրսների՝ կարողությունների փոխակերպման գործընթացին, ինչը ռազմավարության մշակման համար որոշիչ գործոն է» [6, էջ 10]:

Ռազմավարության իրականացման համար պահանջվող միջոցների պլանավորման փուլում անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ ռազմավարական նպատակներին հասնելու ժամկետը կարող է երկարել, հետևաբար այդ միջոցները պետք է համապատասխանեն ռազմավարության իրականացման նոր ժամանակահատվածին: Հնարավոր անհամապատասխանություններից խուսափելու և աշխատանքների արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար նպատակահարմար է միջոցների պլանավորման ընթացքում ռազմավարության մշակողներին և հնարավոր կատարողներին ընդգրկել մեկ աշխատանքային խմբի կազմում: Օրինակ, եթե այդ խմբում գնահատական է հնչում, որ կոնկրետ նպատակին հասնելու համար տվյալ միջոցն անիրատեսական է, ապա անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ ենթանպատակներ, որոնք կկենտրոնանան համապատասխան կարողություն ստեղծելու վրա՝ հետագայում հիմնական նպատակին հասնելու համար:

Հայոց պատմության ներկա շրջափուլում, առավել քան երբևէ, տնտեսական, անվտանգության և սոցիալական արդի մարտահրավերների դիմակայման համատեքստում ռազմավարական մտածելակերպի զարգացման և հաստատութենացման պահանջը պետք է ներառվի ազգային խնդիրների առաջնային լուծում պահանջող հրամայականների ցանկում: Այս առումով, միջգերատեսչական ձևաչափով ռազմաքաղաքական կրթության ապահովման նպատակով 2015թ. դեկտեմբերին հիմնադրված ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը յուրահատուկ առաքելություն է ստանձնել՝ ՀՀ պետական կառավարման համակարգում ռազմավարության ոլորտի որակյալ մասնագետների, ռազմական ու քաղաքացիական կառույցների ապագա ղեկավարների պատրաստման գործում: Համալսարանի ռազմական բաղադրիչի զարգացման շրջանակում պլանավորվում է ստեղծել ԱՄՆ ազգային ռազմական քոլեջի քույր կազմակերպություն, որտեղ համալսարանի ուսանողական կազմը կուսումնասիրի ազգային անվտանգության ռազմավարության մշակման և իրականացման, պետությունը պաշտպանության պատրաստման կարգն ու առանձնահատկությունները: Նշված հաստատությունը մեծապես կնպաստի ՀՀ պետական կառավարման համակարգում ռազմավարական մտածելակերպի զարգացմանը և ռազմավարություն մշակող քաղաքացիական ու զինվորական մասնագետների հետագա գործունեությունը կդարձնի ավելի համակարգված և նպատակային:

Դեկտեմբեր, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Arthur F. Lykke Jr., “A Methodology for Developing a Military Strategy” in Military Strategy: Theory and Application, ed. Arthur F. Lykke Jr. (Carlisle, PA: U.S. Army War College, 1993).

2. Krepinevich, Andrew and Watts, Barry. Regaining Strategic Competence (Washington D.C., CSBA, 2009).

3. Harrison, Ross. Strategic Thinking in 3D. VA: Potomac Books, 2013.

4. Deibel, Terry. Foreign Affairs Strategy: Logic for American Statecraft (Cambridge University Press, 2007).

5. John Lewis Gaddis, Strategies for Containment: A Critical Appraisal of Postwar American National Security (New York: Oxford University Press, 1982).

6. Nye, Joseph. The Future of Power (New York, PublicAffairs, 2011).


դեպի ետ