
ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԸ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
Տարոն Սաքոյան
«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի
Հայոց պատմություն առարկայի դասախոս
Կան պատմական իրադարձություններ, որոնց գիտական լուսաբանումն անհնար կլիներ առանց որոշ գաղափարական-քաղաքական հոսանքների պատմության ուսումնասիրության: Պատճառն այն է, որ այդ հոսանքները հաճախ գաղափարական նախապատրաստություն են հանդիսացել համապատասխան պատմական գործընթացների համար: Ասվածն առավել որոշակի պատկերացնելու համար բավական է հիշենք լուսավորական շարժումը և ֆրանսիական մեծ հեղափոխությունը, Մարտին Լյութերի «95 թեզիսները» և ռեֆորմացիոն շարժումը Եվրոպայում, սոցիալիզմի գաղափարախոսությունը և 1917թ. բոլշևիկյան հեղաշրջումը Ռուսաստանում, նացիզմի գաղափարախոսությունն ու հրեական Հոլոքոստը և այլն: Այս համատեքստում մեծ կարևորություն է ստանում նաև պանթյուրքիզմի (համաթյուրքականության) գաղափարախոսության պատմության ուսումնասիրությունը:
Ինչպես գիտենք` թուրքական ծավալապաշտությունը ձևավորվել է թուրք ժողովրդի հետ և մշտապես արտահայտված եղել թուրքական (Օսմանյան) կայսրության կայացման հայեցակարգում: Կարելի է ասել, որ ծավալապաշտությունը նաև թուրք էթնոսի ինքնարտահայտման որոշիչ գործոն է հանդիսանում` որպես ազգային երազանքի յուրօրինակ բնութագրիչ:
Պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, ըստ էության, նախատեսում է Թուրքիայի գլխավորությամբ Եվրասիայում բնակվող թյուրքալեզու ժողովուրդների (թուրքեր, ադրբեջանցիներ, ղազախներ, թուրքմեններ, ուզբեկներ, ղրղզներ, թաթարներ, չուվաշներ, բաշկիրներ, ույղուրներ, խակասներ, յակուտներ, տուվացիներ և այլն) համախմբումը մեկ պետության` Մեծ Թուրանի կազմում, այն իր հավակնոտ նպատակներով հանդերձ թուրքական երազանքի հանրագումարն է և իր ծրագրերի իրագործման մեջ չի խորշել նաև հակամարդկային մեթոդներից ու մարդկության դեմ ոճիր գործելուց, ինչպիսին էր 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունը: Սակայն պանթյուրքիզմի անցած ուղու ուսումնասիրության և դրա աշխարհաքաղաքական տեսլականը կազմող ծրագրերի վերլուծության անհրաժեշտությունը չի սահմանափակվում միայն Հայոց ցեղասպանության փաստով: Ակնհայտ է, որ թուրքական իշխանություններն այս ազգայնամոլ ու հիվանդագին գաղափարներին այնքան արժեք են հաղորդել, որ դրանք փոխանցվել են սերնդեսերունդ: Եվ որքան էլ Թուրքիայի իշխանությունները փորձեն ապացուցել հակառակը, ակնհայտ է, որ պանթյուրքիզմի մոլուցքն այսօր էլ ստանում է լուրջ առարկայական դրսևորումներ նրանց քաղաքական վարքագծում [1, с. 44-45; 2, с. 25; 3, 363]:
Առաջնորդվելով «առանց անցյալի չկա ապագա» միանգամայն ճշմարիտ սկզբունքով` սույն հոդվածում կփորձենք համառոտ վերլուծել պանթյուրքիզմի անցած ուղին, ինչպես նաև անդրադառնալ այն խնդրին, թե ինչ վտանգներ ու սպառնալիքներ է այսօր պարունակում այս գաղափարախոսությունը, և որքանով է այն արտահայտված այժմյան աշխարհաքաղաքական գործընթացներում:
Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է ձևակերպել այն պարզ ճշմարտությունը, որ պատմաբանի գործառույթը միայն պատմական գործընթացների, գրանցված փաստերի, դրանց օրինաչափությունների ու պատճառահետևանքային կապերի արձանագրումը չէ (ինչը, սակայն, պակաս կարևոր չէ), այլ նաև վերը նշված տարրերի հանրագումարի և վերլուծության արդյունքում հնարավոր զարգացումների կանխատեսումն ու լուսաբանումը: Ուստի, ուսումնասիրության օբյեկտի անվանումը ճշգրիտ կերպով պետք է համապատասխան լինի դրա էությանը. արդյունքում կստեղծվեն նպաստավոր պայմաններ դրա արդյունավետ վերլուծության համար:
Նախ արձանագրենք, որ պանթյուրքիզմի օբյեկտիվ իրականություն դառնալու սպառնալիքը ներկայումս նույնպես նախատեսում է հայ ժողովրդի ոչնչացումը, ինչպես նաև այնպիսի պետությունների մասնատումը, ինչպիսիք են` Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը [1, с. 44-45]:
Շարժումը, սկիզբ առնելով 19-րդ դարի 2-րդ կեսին Ռուսական կայսրության տարածքում, պարարտ հող գտավ և իր հետագա զարգացումն ստացավ Օսմանյան կայսրությունում և վերջինիս իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունում: Սուլթանական իշխանությունները, ապա և 1908թ. իշխանությունը բռնազավթած երիտթուրքերը, որդեգրած լինելով օսմանիզմի` միատարր հասարակության կառուցման մասին կեղծ առաջադիմական կարգախոսները [4, с. 109-110], փորձեցին կասեցնել կայսրության հոգեվարքը, ինչը, սակայն, ազդակ հանդիսացավ ճնշված, մասնավորապես` բալկանյան ժողովուրդների նոր ընդվզման համար: Արդյունքում սկիզբ առած Առաջին Բալկանյան պատերազմը (1912-1913թթ.) հանգեցրեց Օսմանյան կայսրության պարտությանը, որի հետևանքը եղավ երիտթուրքական վերնախավի կողմից նոր` շովինիստական պանթյուրքիզմը որպես արտաքին քաղաքական գլխավոր հայեցակարգ որդեգրելու փաստը [5, էջ 120-121]: Հարկ է արձանագրել, որ երիտթուրքերին վիճակված էր դառնալ Օսմանյան կայսրության գերեզմանափորը, քանի որ ազգայնամոլությունն ու ծավալապաշտությունը, ի դեմս պանթյուրքիզմի գաղափարախոսության, ի վերջո հանգեցրին Հայոց ցեղասպանությանն ու Առաջին աշխարհամարտում (1914-1918թթ.) Օսմանյան կայսրության սոսկալի պարտությանը: Պատմական զուգահեռ անցկացնելով` պետք է նշենք, որ իրենց բացասական «առաքելությամբ» երիտթուքերը, ըստ էության, Օսմանյան կայսրության, այսպես ասած, նացիստներն էին, որոնք համաշխարհային պատմության մեծագույն հանցագործների շարքում զբաղեցրին իրենց ուրույն տեղը:
Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության կրած պարտության ներքաղաքական ուղղակի հետևանքը եղավ երկրում սկիզբ առած և համազգային բնույթ ստացած քեմալական շարժումը, քանզի տերությունը կանգնել էր տարածքային մասնատման իրական սպառնալիքի առաջ: Քեմալականները ձեռնամուխ եղան պետության տարածքային ամբողջականության պահպանման գործին, քանի որ, մասնավորապես, միայն արևելյան վիլայեթների մի մասը, համաձայն Սևրի պայմանագրի (1920թ.), պետք է անցներ Հայաստանի Հանրապետությանը [6, էջ 363-364]: Հատկանշական է, որ քեմալականների շարքերում ևս պանթյուրքիզմի գաղափարախոսությունն ուներ զգալի ազդեցություն, մինչդեռ գլխավոր և առաջնային խնդիրը հայրենիքը կործանումից փրկելն էր, ինչի հետևանքով ժամանակավորապես երկրորդ պլան էին մղվել պանթյուրքիզմի ծրագրերը: Շարժման առաջնորդ Մուսթաֆա Քեմալի վարած ճկուն դիվանագիտության շնորհիվ Թուրքիան, փոխհամաձայնության գալով ժամանակաշրջանի երկու բևեռների` Արևմուտքի (Անտանտ) և բոլշևիկյան Ռուսաստանի հետ, ոչ միայն կանխեց փոքրասիական տարածքների կորուստը, այլ նաև ամրապնդեց իր` պարտված երկրի միջազգային դիրքերը [2, с. 160; 7, с. 42]:
Ուշագրավ է այն փաստը, որ Հոկտեմբերյան հեղաշրջման հետևանքով Ռուսաստանում սկիզբ առած քաղաքացիական պատերազմը պայքար էր ոչ միայն ընդդեմ նորաստեղծ բոլշևիկյան իշխանության, այլ նաև ազդակ նախկին Ռուսական կայսրության թյուրքալեզու ժողովուրդների համար, որոնք, թուրքական իշխանությունների խրախուսմամբ, փորձելով օգտագործել պատեհ առիթը, ջանում էին կանխել բոլշևիզմի տարածումը նախկին Ռուսական կայսրության տարածքներում, ինչպես նաև անհրաժեշտ հող նախապատրաստել հետագայում համաթյուրքական տերության ստեղծման համար: Բավական է հիշատակել 1921-1922թթ. ընթացքում Միջին Ասիայի քաղաքացիական կռիվներում (բասմաչություն) Օսմանյան կայսրության նախկին ռազմական մինիստր, պանթյուրքիզմի մոլեռանդ կողմնակից ու Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Ի.Էնվերի ակտիվ մասնակցության փաստը [8, էջ 304]:
Այդուհանդերձ, քաղաքացիական պատերազմում բոլշևիկների հաղթանակն ի չիք դարձրեց պանթյուրքական տարրերի և նրանց խրախուսող թուրքական իշխանությունների կայսերապաշտական ծրագրերը: ԽՍՀՄ ձևավորմամբ (1922թ.), ըստ էության, կանխվեց Եվրասիայում մեկ այլ` թուրանական տերության հնարավոր ստեղծումը կամ դրա համար անհրաժեշտ նպաստավոր նախադրյալների առաջացումը:
Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945թթ.) և հատկապես գերմանական զորքերի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա (1941թ. հունիս) նոր հեռանկարներ բացեց պանթյուրքական շարժման առջև: Հատկանշական է, որ արդեն 1941թ. հուլիսին Թուրքիայի պանթյուրքական «Bozkurtlar» (գորշ գայլեր) տպագրական մարմնի կողմից լույս տեսավ Մեծ Թուրանի էթնիկ-քաղաքական քարտեզը [1, с. 44]: Նացիզմի հետ միաժամանակ մարդկության գլխին նորից կախվեց պանթյուրքիզմի սպառնալիքը: Սակայն պետք է արձանագրել, որ երկրորդի կայացումը բացառապես կախված էր առաջինի ռազմաքաղաքական լիակատար հաջողություններից, որոնք, որքան էլ որ տպավորիչ էին, սակայն, միևնույն է, հեռու էին կատարյալ լինելուց:
Պանթյուրքիզմն իր կործանարար բնույթով, թերևս, համեմատելի է նացիստական «Օստ» գլխավոր պլանի հետ [9, с. 13-14] և, ըստ էության, կոչված էր լրացնելու վերջինիս: Սակայն Կարմիր բանակի և խորհրդային ժողովուրդների անձնազոհ պայքարը կանխեց և ի չիք դարձրեց հիշյալ հրեշավոր մտահղացումների իրագործումը: Ինչպես գիտենք, «Օստ» պլանը չիրագործվեց, սակայն դեռևս իրական է վերջինիս «երկվորյակ եղբոր»` պանթյուրքիզմի սպառնալիքը: 1991թ. ԽՍՀՄ կործանմամբ առաջացած քաղաքական վակուումով պանթյուրքիզմի առջև բացվեց հերթական հեռանկարը: Մինչդեռ թուրք-իրանական մշտական հակամարտությունն էական հնարավորություն ընձեռեց ԽՍՀՄ իրավահաջորդ ՌԴ-ին հետխորհրդային տարածքներում, մասնավորապես` Անդրկովկասում ազդեցության վերականգնման համար:
Միևնույն ժամանակ, հարկավոր է արձանագրել, որ ԽՍՀՄ փլուզման պատճառների մեջ ուրույն կարևորությամբ առանձնանում է 1941թ. գերմանական հարձակումը, ինչի հետևանքով ԽՍՀՄ-ը ստացավ առաջին ու, թերևս, մահացու հարվածը: Բացի ահռելի նյութական կորուստներից, ԽՍՀՄ-ը կրեց նաև անհամարժեք մարդկային ռեսուրսների կորուստ (շուրջ 27 միլիոն [7, с. 106]), որը ցանկացած պետության և, առավել ևս, գերտերության համար գլխավոր ստրատեգիական ռեսուրսն է: Հետևապես, Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի կրած պարտությանն ու ԽՍՀՄ հաղթանակին պետք է մոտենալ որոշակի վերապահումով, քանի որ վերջինիս համար այն, ըստ էության, «պյուռոսյան հաղթանակ» էր:
Եվ որքան էլ որ «Սառը պատերազմում» հաղթանակած երկրները հպարտանան իրենց արձանագրած հաջողությամբ, միևնույն է, պարտավոր են ընդունել այն օբյեկտիվ իրողությունը, որ դրանում մասամբ պարտական են նացիստական Գերմանիային, որը, թեև տրոհված, սակայն արևմտյան աշխարհի ներկայացուցիչ էր: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Արևմուտքը միավորվեց համաշխարհային նոր լիդերներից մեկի` ԱՄՆ-ի շուրջ, ինչի արդյունքը եղավ Հյուսիսատլանտյան դաշինքի ձևավորումը 1949թ., որի աշխարհաքաղաքական գլխավոր խնդիրը ԽՍՀՄ գլխավորությամբ ստեղծված սոցիալիստական ճամբարի երկրների դեմ միասնաբար պայքարելն էր:
Ըստ ռուս հռչակավոր գիտնական, սոցիոլոգ և տրամաբան Ալեքսանդր Զինովևի (1922-2006թթ.) տեսության, ԽՍՀՄ-ի` որպես աշխարհի զարգացման հասարակական ու տնտեսական այլ ուղի առաջարկած սուբյեկտի, փլուզումից հետո Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, որդեգրած լինելով գլոբալիզացիայի քաղաքականությունը, ձեռնամուխ կլինի նաև «ասիական կոմունիզմի» ջախջախմանը` ի դեմս Չինաստանի, հանուն որի խնդիր կդրվի Ռուսաստանի մարդկային ռեսուրսների և տարածքի շահագործման անհրաժեշտությունը [10, с. 451-456, 466]: Ավելորդ չէ նշել, որ Ա.Զինովևը հայտնի է իր գիտական ճշգրիտ կանխատեսումներով [11]: Հենց այստեղ է, որ կարող է պահանջվել պանթյուրքիզմի ներուժի օգտագործման կարիքը: Չմոռանանք, որ պանթյուրքական տարրեր ու տրամադրություններ առկա են ինչպես ՌԴ-ում, Չինաստանում (ուր առկա է Արևմուտքից սատարվող թուրքամետ ույղուրական գործոնը [12]) և Իրանում (այսպես կոչված Հարավային Ադրբեջանի գործոնը), այնպես էլ եվրասիական այլ, մասնավորապես` միջինասիական և սիբիրյան տարածաշրջաններում [2, с. 25; 13; 7, с. 537-538]: Բավական է հիշել 2014թ. մայիսին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի Հանրապետության նախագահ Ն.Նազարբաևի կողմից ալիևյան նամակի ընթերցումը, որով վերջինս, ըստ էության, ընդգծում էր իր հաստատուն դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցի շուրջ [14]:
Պանթյուրքիզմը, ըստ էության, եվրասիական տարածաշրջանի այն քիչ թե շատ հզոր գախափարախոսական ու աշխարհաքաղաքական ուժերից է, որն Արևմուտքի օժանդակության և ուղղորդման դեպքում ի զորու կլինի սասանել ՌԴ, ԻԻՀ և ՉԺՀ հասարակական և ռազմաքաղաքական հզորությունը: Հարկավոր է հաշվի առնել այն տեսակետը, որ պանթյուրքիզմի գաղափարներն ԱՄՆ-ի համար կարող են առավել նախընտրելի լինել փաստացի առկա աշխարհաքաղաքական հակառակորդներ ՌԴ-ից և Չինաստանից: Հետևապես, կարելի է արձանագրել, որ ներկայումս նույնպես պանթյուրքիզմի սպառնալիքը կարող է էական դառնալ: Սույն հետևությունը չի բացառում Ա.Զինովևի վերոհիշյալ հայացքները, ինչպես նաև այդ միանգամայն հնարավոր գործընթացներում Թուրքիայի` որպես Եվրասիայում Արևմուտքի գլխավոր հաղթաթղթի, անմիջական մասնակցությունը: Թերևս, ճշմարիտ էր գերմանական աշխարհաքաղաքականության հիմնադիր Կ.Հաուսհոֆերը (1869-1946), որը դեռևս 20-րդ դարի 1-ին կեսին` ի հակակշիռ անգլո-սաքսերի (Մեծ Բրիտանիա - ԱՄՆ) աճող ազդեցության` առաջարկել էր Բեռլին-Մոսկվա-Տոկիո առանցքով ձևավորել «Մայրցամաքային բլոկ» (եվրասիական), ինչին, սակայն, վիճակված չէր իրականանալ [15, глава 82]:
Ուստի, պատահական չէ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դերի կարևորումը: Այն պատմականորեն մշտապես հանդիսացել է տարբեր ուժային կենտրոնների շահերի բախման հանգույց: Մասնավորապես Չինաստանի համար Հայաստանը, ըստ էության, չինական Մեծ պարսպի փոքրիկ, բայց հույժ կարևոր «մասնիկն» է հարավկովկասյան տարածաշրջանում: Նշվածը քաջ գիտակցում է նաև Իրանը (ուր բնակվում են զգալի թվով ազերիներ), որը որպես տարածաշրջանային տերություն երբևէ չի հանդուրժի պանթյուրքիզմի գլխավոր դրոշակակիր Թուրքիայի ռազմական էքսպանսիան կովկասյան տարածաշրջան և Հայաստանի Հանրապետության` որպես պանթյուրքական տարրերի միավորմանը խոչընդոտող գլխավոր դարպասի փլուզումը: Պատահական չէ նաև արցախյան հիմնախնդրի հարցում ԻԻՀ հավասարակշռված դիրքորոշումը, որին միանգամայն ձեռնտու է թյուրքական աշխարհի անբաժանելի մաս կազմող Ադրբեջանի հաշվին հայ-իրանական սահմանի փաստացի ընդլայնումը:
Շատ ավելի անկանխատեսելի կլինի ՌԴ ճակատագիրը, որը պանթյուրքական սպառնալիքի դեպքում կարող է զրկվել ոչ միայն իր մի շարք տարածքներից (Հյուս. Կովկաս, Սիբիր, Պովոլժիե և այլն), այլ նաև հարավկովկասյան և միջինասիական տարածաշրջաններում ունեցած ազդեցությունից, ինչը կնշանակի Ռուսաստանի Դաշնության` որպես գերտերության փլուզում: Հաշվի առնելով Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումները` այդ երկրի պետական շահերին ձեռնտու է Ռուսաստանի ներքին և արտաքին անկայունությունը, որը կստեղծի անհրաժեշտ և նպաստավոր նախադրյալներ պանթյուրքական ծրագրերի իրագործմանը ձեռնամուխ լինելու համար: Թերևս, տեղին կլինի հիշատակել 1918թ. ապրիլ-մայիսին գրանցված պատմական նախադեպը, երբ Թուրքիան խրախուսեց Անդրկովկասի անջատումն ու անկախացումը քաղաքացիական պատերազմով տարված Ռուսաստանից, որին անմիջապես հետևեց թուրքական զորքերի ներխուժումը տարածաշրջան:
Ամփոփելով` փորձենք ձևակերպել սույն աշխատանքի առանցքային միտքը. ներկայումս միանգամայն պահանջված է Մոսկվա-Պեկին-Թեհրան-Երևան առանցքի ձևավորումը, ինչն, անկասկած, կաթվածի ազդեցություն կունենա Թուրքիայի և ողջ պանթյուրքական տարրերի վրա:
Մնում է հուսալ, որ չինական, ռուսական և իրանական իշխանությունները կցուցաբերեն բավարար իմաստություն ու հեռատեսություն վերոգրյալն իրապես գիտակցելու և այդ առումով անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար: Ակնհայտ է, որ թուրքական դիվանագիտությունն ու հատուկ ծառայությունները Ռուսաստանում, Իրանում, Չինաստանում և հետխորհրդային տարածաշրջանների մի քանի երկրներում ունեն դաշնակից-համախոհների զգալի բանակ, ուստի հիշյալ երկրների իշխանությունները պետք է վարեն զգուշավոր և, միևնույն ժամանակ, կենտրոնախույս էթնիկ տարրերին իրավական դաշտի շրջանակներում պահող ներքին քաղաքականություն: Հակառակ պարագայում, թուրքական քարոզչամեքենան կրկին կխոսի «թուրք եղբայրների» շահերի ոտնահարման մասին, ինչին ականատես եղանք 2015թ. «Իսլամական պետության» (ԻԼԻՊ) զինյալների դեմ Սիրիայի տարածքում ռուսական ռազմական ավիացիայի ծավալած հակաահաբեկչական գործողությունների ժամանակ:
Նոյեմբեր, 2016թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Карабахский экспресс, Степанакерт, март-апрель 2013, N 2 (40).
2. Махнач В.Л., Елишев С.О., Политика. Основные понятия: справочник, словарь, М., 2008.
3. Томас де Ваал, «Чёрный сад. Армения и Азербайджан между миром и войной», М., 2005.
4. Сафрастян Р.А., Доктрина османизма в политической жизни Османской империи (50-70гг. XIXв.), Ереван, 1985.
5. Հայկական Սովետական հանրագիտարան, Երևան, 1983, հատոր 9:
6. Հարությունյան Ա.Հ., Առաջին համաշխարհային պատերազմի ռազմադիվանագիտական պատմությունից, Երևան, 1983:
7. Современная иллюстрированная энциклопедия. История зарубежных стран, М., 2008.
8. Հայկական Սովետական հանրագիտարան, Երևան, 1976, հատոր 2:
9. Сакоян Т.А., Сакоян А.К., Взгляд на истоки и результаты Второй мировой войны // Инновации в современном мире: сборник статей Международной научно–практической конференции (10 сентября 2015г., г. Москва), Москва, РИО ЕФИР, 2015.
10. Зиновьев А.А., Русская трагедия. Гибель утопии, М., 2002.
11. Зиновьев А.А., Зияющие высоты, М., 2008 (первое издание: 1976г., Швейцария).
12. Уйгуры как символ пантюркизма, http://uyghurtoday.com/2016/09/30/uygury-kak-simvol-pantyurkizma/
13. Գաբրիելյան Հ., Թուրք-չինական տարաձայնությունների շուրջ, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13740
14. Абраамян А., Для кого читал письмо Назарбаев? http://ru.aravot.am/2014/05/30/179924/
15. Хаусхофер К., О геополитике: Работы разных лет, М., 2001.
դեպի ետ