
ԱՄՆ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․ ԻՆՉՊԵ՞Ս ԱՇԽԱՏԵԼ ՆՐԱՆՑ ՀԵՏ
Սուրեն Սարգսյան
Վաշինգտոն
Հունվարի 20-ին ԱՄՆ-ն նոր նախագահ կունենա՝ 70-ամյա հանրապետական Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ն նաեւ նոր Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ կունենա՝ հանրապետական մեծամասնությամբ։ Կուսակցություն, որի իշխանության օրոք հայ համայնքը որոշակի դժվարությունների է բախվել։ Պատճառները տարբեր են, բայց հիմնական խնդիրն այն է, որ համայնքն առավելապես դեմոկրատական կողմնորոշում ունի, սովորաբար աջակցել է դեմոկրատներին եւ հիմնականում բնակվում է դեմոկրատական կողմնորոշմամբ հայտնի Նյու Յորքում, Կալիֆորնիայում եւ Մասաչուսեթսում։ Մեր համայնքի՝ հայ-ամերիկյան հարաբերություններում պոտենցիալ դերի եւ նշանակության մասին թեման կթողնեմ այլ առիթի համար։ Այսօր առանձնացնեմ մի քանի թեզեր, նոր վարչակազմի հետ փոխշահավետ կոնտակտներ գտնելու առումով, ինչը համայնքի համար կարեւոր է։
Եվ այսպես․ նախագահ՝ Թրամփ, փոխնախագահ՝ Փենս։
Թրամփը բիզնեսմեն է՝ հաջողակ բիզնեսմեն։ Ունակ է կորցնել եւ կրկին վերականգնել կորցրածը։ Օժտված է բիզնեսմենին բնորոշ մի շարք առանձնահատկություններով։ Դրանցից են բանակցություններ վարելու կարողությունը, փոխշահավետ գործարքներ կնքելու ունակությունը, անձնական շահի հստակ գիտակցումն ու դրա պաշտպանությունը։ Նա դասական բիզնեսմեն է, այլ ոչ թե օլիգարխ կամ առեւտրական։ Տեղյակ է բիզնեսի համընդհանուր կանոններից, իր գործարար համբավը պաշտպանելու կարեւորությունից։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփին ամեն ինչում մեղադրել են, բայց որեւէ անգամ չի հնչել մեղադրանք առ այն, որ նա բիզնեսի մեջ խաբում, «քցում» կամ գողանում է։ Նրա՝ բիզնեսմենի համբավը, մեծ հաշվով, անարատ է։ Այս առումով Թրամփի հետ աշխատելն ունի յուրահատուկ մոտեցման կարիք։ Պետք է Թրամփի համար, որպես բիզնես մտածելակերպի տեր մարդու, հստակ ձեւակերպել համագործակցության ընդհանուր եզրերը եւ գործարքի փոխշահավետությունը։ Իհարկե, խոսքը քաղաքական շահի եւ փոխգործակցության մասին է։ Դա կարող է լինել միջպետական՝ քաղաքական հարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ համայնքային ակտիվության տեսքով։ Բիզնեսմենի մտածելակերպը Թրամփն այլեւս դարձրել է քաղաքական կատեգորիա։ Այդ երեւույթն այսօր պրագմատիկ է, օգտակար է, ռացիոնալ է, կենսունակ է, եւ դրանից պետք է օգտվել։
Թրամփն Ամերիկան կրկին հզոր դարձնելու գաղափարախոսության հիմքում դնելու է հենց տնտեսության կայուն աճը։ Դա է նրա տեսլականը, եւ կարծում եմ, որ դա նրան հաջողվելու է։ Թրամփը չի սիրում պարտվել։ Կարողանում է հարված ընդունել եւ մի քանի անգամ առավել հուժկու հակահարված հասցնել։ Սա բազմիցս ապացուցել է իր կյանքի ընթացքում, մասնավորապես նախագահական ընտրարշավի ժամանակ։ Միաժամանակ Թրամփը հստակ սահմանագիծ ունի յուրայինների եւ ոչ յուրայինների միջեւ։ Դրա վառ ապացույցն են նրա թվիթերյան վերջին գրառումները, ասենք՝ Շվարցենեգերի եւ Մերիլ Սթրիփի մասին։ Հետեւաբար, Թրամփի հետ պետք է ակտիվ համագործակցել՝ ստեղծելով անձնական բարիդրացիական հարաբերություններ եւ փոխադարձ վստահության մթնոլորտ։ Այս տեսանկյունից հայ համայնքի ակտիվությունը չափազանց կարեւոր է, իսկ եթե հաշվի առնենք, որ որեւէ հայկական կազմակերպություն նրան սատարելու կոչ չի արել, ապա դրա կարեւորությունն առավել ակներեւ է դառնում։
Փոխնախագահ Մայք Փենսը քրիստոնյա է։ Խոր հավատքի տեր, աստվածավախ ու աստվածապաշտ անձնավորություն։ Իր հավատքի եւ այդ հավատքը դավանողների մոլի պաշտպան։ Նա իրեն բնութագրում է այսպես․ «Ես քրիստոնյա եմ, պահպանողական եւ հանրապետական, հենց այսպիսի հերթականությամբ»։ Նա դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, դա դիտարկելով որպես Օսմանյան կայսրությունում բնակվող քրիստոնյաների դեմ ուղղված մեծագույն հանցագործության մի մաս։ Փենսի խոր հավատացյալ լինելը եւ նրա հետ համայնքի ակտիվ աշխատանքը կամրապնդի նաեւ իր կապը Հայաստանի հետ։
Այս առումով Հայաստանը, որպես մահմեդական երկրներով շրջապատված, մշտապես նրանց կողմից հալածված եւ իր հավատքի համար մշտապես մաքառող պետություն, կարող է Փենսի համար լինել հպարտության առարկա։ Իսկ առաջին քրիստոնյա ազգ լինելու փաստն առավել քան ազդեցիկ գործոն է։ Այս առումով կիրառելի կարող ենք համարել եկեղեցական դիվանագիտությունը եւ Ամենայն հայոց եւ Կիլիկիո կաթողիկոսների ակտիվությունը, մանավանդ որ դրա փորձը վեհափառներն ունեն։
Հիշենք, որ Կիլիկիո կաթողիկոսն առավել ակտիվ է հենց Վաշինգտոնում, մշտապես կապի մեջ է ԱՄՆ Կոնգրեսի հետ, նույնիսկ Կոնգրեսի աշխատանքների սկիզբը մեկնարկել է նրա կողմից հնչեցված Տերունական աղոթքով։ Արամ կաթողիկոսը նաեւ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ՝ որպես ԱՄՆ ազդեցիկ եկեղեցիներից մեկի առաջնորդ։
Չնայած ԱՄՆ փոխնախագահը Սահմանադրությամբ որեւէ լծակներով օժտված պաշտոնյա չէ, այդուհանդերձ, նրա կշիռը կախված է նախագահի կողմից նրան նժարի վրա դնելու եւ խաղի մեջ ներգրավելու ցանկությունից։ Փոխնախագահները, չունենալով լծակներ, սովորաբար լուրջ ազդեցություն են ունենում նախագահների կայացրած որոշումների վրա։ Դրա փայլուն օրինակներ են Ջո Բայդենը, Դիք Չեյնին, Հարրի Թրումանը, Ռիչարդ Նիքսոնը եւ Ջոն Ադամսը։ Փոխնախագահից նախագահ մեկ քայլ է՝ սահմանադրական ճանապարհով, եւ երկու քայլ՝ ընտրությունների ճանապարհով։ Կարելի է հիշել, թե ինչպես էր Ջո Բայդենն Օբամայի հանձնարարականով շրջում աշխարհով եւ, ասենք, Էրդողանին սահմանադրական իրավունքի հիմունքներ բացատրում։ Ակնհայտ է, որ Փենսն ազդեցիկ մարդ է լինելու ե՛ւ Կոնգրեսում, ե՛ւ վարչակազմում, ու Թրամփը նրան լուրջ լծակներով է օժտելու։ Փենսն արդեն այսօր իշխանության հանձնման անցումային թիմի լոկոմոտիվներից է։ Չի բացառվում, որ 70-ամյա Թրամփը 4 կամ 8 տարի անց որոշի հենց Փենսին, որպես իր իրավահաջորդ թեկնածու, սատարել։
Որոշ ժամանակ անց, երբ ԱՄՆ-ն կունենա Սենատի կողմից հաստատված պետքարտուղար, եւ նոր վարչակազմը կներկայացնի իր արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները, կարելի կլինի առավել խորքային քննարկել նոր վարչակազմի հետագա անելիքները։ Իսկ այժմ պետք է փորձենք առավել ակտիվ համայնքային կապ հաստատել հանրապետականների հետ, մանավանդ որ այս կուսակցության մեջ եւս ունենք բացառիկ ազդեցություն ունեցող հայազգի գործիչներ։ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգն ամբողջական տեսք կունենա ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների վերջնական հստակեցումից հետո։ Սա բնական երեւույթ է փոքր պետությունների դիվանագիտության տեսանկյունից, եւ կարեւոր է, որ Երեւանը վերջին 25 տարիների ընթացքում երբեւէ իր հարաբերություններն այս պետությունների հետ չի կառուցել ի վնաս մյուսի։ Բայց սա արդեն այլ հոդվածի թեմա է։
Նյութի աղբյուրը` http://hraparak.am/?p=135134&l=am/
դեպի ետ