• am
  • ru
  • en
Версия для печати
17.01.2017

«ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

   

Գևորգ Մկրտչյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնի հայցորդ:

«Հոգևոր անվտանգություն» հասկացությունը և նրա ընկալումը ՀՀ-ում առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում ժամանակակից մարտահրավերների համատեքստում:

Յուրաքանչյուր պետության ազգային նպատակների կամ դրանց ամբողջական համակարգ հանդիսացող ազգային գաղափարախոսության իրականացման համար առանձնահատուկ տեղ է զբաղեցնում անվտանգությունը: Արդի համաշխարհային գլոբալիզացիայի և աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում անվտանգություն տերմինը՝ իր բոլոր տարրերով, ամենաշոշափվող թեմաներից է: Այս առումով բացառություն չէ նաև Հայաստանը՝ ազգային անվտանգության սեփական առանձնահատկություններով ու դերակատարությամբ, և գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում երկար ժամանակ եղել է այլ հոգևոր արժեհամակարգ ունեցող պետությունների (ինչպես մուսուլմանական, այնպես էլ քրիստոնեական) տիրապետության ներքո, պատմական փաստ, որն ստիպել է հայ ժողովրդին միջոցներ ձեռնարկել` ապահովելու սեփական անվտանգությունն ընդհանրապես և հոգևոր անվտանգությունը՝ մասնավորապես1: Ուստի «հոգևոր անվտանգություն» (այսուհետ՝ ՀԱ) հասկացության ժամանակակից ուսումնասիրություններում կարևորվում են ինչպես ժամանակակից միտումների, այնպես էլ հայոց պատմության տարբեր ժամանակաշրջաններում հոգևոր բնույթի մարտահրավերների քննական վերլուծությունը և արժևորումը:

Ազգային և հոգևոր անվտանգության բավական ուշագրավ ուսումնասիրություններ և ուսումնական ձեռնարկներ են հրատարակվել Ռուսաստանի Դաշնությունում: Մեզանում այս ուղղությամբ շնորհակալ գործ է կատարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, որը վերջին տասը տարիների ընթացքում ընթերցողին է ներկայացրել մի շարք արժեքավոր աշխատանքներ և հաշվետվություններ ազգային անվտանգության և դրա առանձին բաղադրիչների վերաբերյալ2:

Անրադառնալով ժամանակակից մարտահրավերներին և ՀԱ ընկալումներին՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը գրում է. «Հայկական ընդհանրական հանրության մի զգալի մասը, տարբեր գնահատականներով՝ 10-20%-ը, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն: Ավելին, բացի հայ կաթոլիկներից, ավետարանականներից և ուղղափառներից, առկա է իսլամացված հայերի մի ստվար զանգված: Ակնհայտ է, որ տարադավան և տարակրոն հայության վերաբերյալ զարգացած փորձագիտական պատկերացումների ձևավորումը ոչ միայն մեր ինքնաճանաչողության, այլև ազգային անվտանգության (ԱԱ) կարևոր մաս հանդիսացող հոգևոր անվտանգության (ՀԱ) հրատապ խնդիրներից է: Կասկած չի հարուցում նաև այն, որ առանց տարադավան և տարակրոն հատվածների վերաբերյալ հստակ պատկերացումների՝ անհնարին է մշակել հայկական հանրության համերաշխ և արդյունավետ գործունեության մեխանիզմները: Միևնույն ժամանակ, հայտնի է, որ ԱԱ համակարգում սկզբունքորեն չեն կարող լինել մեկուսացված ոլորտներ, և անգամ տարաբնույթ խնդիրներն այս կամ այն չափով փոխկապակցված են: Այդ առումով ՀԱ-ին վերաբերող հարցերը, մասնավորապես, անմիջապես առնչվում են.

- Սփյուռքի անվտանգության խնդիրների հետ. հայտնի է, որ տարադավան և տարակրոն հայերի զգալի մասը բնակվում է ՀՀ և ԼՂՀ սահմաններից դուրս:

- Հայաստանի ներքաղաքական ակտուալ խնդիրների հետ, որոնք վերաբերում են տարադավան հատվածների փոխհարաբերություններին, աղանդավորական արտահայտումներին, հարկային-գույքային խնդիրներին, հուշարձանների պահպանման հարցերին և այլն:

- Արտաքին քաղաքական զարգացումներին՝ հաշվի առնելով տարակրոն և տարադավան հայության առկայությունը և քաղաքական ներուժը Թուրքիայում, Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Եվրոպայում և ամերիկյան մայրցամաքում»3:

Ակնհայտ է, որ հեղինակը շեշտը դնում է հայկական գործոնի և կրոնական հարցերի վրա: Եվ սա, իհարկե, պատահական չէ, որովհետև եթե ժամանակակից մարտահրավերներից դիտարկում ենք հայապահպանության խնդիրը, ապա ակնհայտ է դառնում ՀԱ խնդրի ուսումնասիրության էլ ավելի կարևորումը, քանի որ պատմականորեն կրոնական գործոնը մեծ նշանակություն է ունեցել հայոց ազգային անվտանգության համակարգում:

Կարող ենք մեջբերել ևս մեկ ուշագրավ միտք ՀՀ անվտանգության համակարգի համար հոգևորի դերակատարության մասին, որի անբաժան մասնիկն է նաև սփյուռքը. «Հայության ու Հայաստանի Հանրապետության գոյությունը, հայոց քաղաքակրթական հնարավոր զարգացումը, ազգի հավաքական ուժի կենտրոնացումն ու անվտանգության ապահովումն առանց հոգեբարոյական ու մշակութային նվաճումների պատկերացնել հնարավոր չէ: Այն հասարակությունը, որը զուրկ է այդ ամենից կամ դրանց տալիս է երկրորդական, ածանցյալ նշանակություն, անհեռանկար է, ինքնաքայքայվող ու ոգեզուրկ»4:

Վերը նշված ուսումնասիրությունները կարևոր ուղենիշ համարելով՝ ներկայացվող հետազոտության մեջ առավել կարևորել ենք երիտասարդության շրջանում հոգևոր-կրոնական հիմնախնդիրներին առնչվող հարցերը, որոնց ուսումնասիրության և վերլուծության համար ՀՀ բուհական միջավայրում «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպել և իրականացրել ենք «Հոգևոր կյանքի առանձնահատկությունները Երևանում» հետազոտությունը (այսուհետ՝ հետազոտություն)5:

Հետազոտության միջոցով փորձել ենք վեր հանել և ստանալ այնպիսի հարցերի պատասխանները, ինչպիսիք են. ի՞նչ միտումներ և ի՞նչ մոտեցումներ կան ՀԱ-ի վերաբերյալ ՀՀ ակտիվ, կրթված և նոր կյանք մտնող երիտասարդության շրջանում: Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում ՀԱ հասկացությունը որպես այդպիսին դեռևս վերջնական սահմանում չունի՝ հարցաթերթիկներում հիմնախնդրի վերաբերյալ ներառել ենք հետևյալ հարցը՝ ըստ Ձեզ, հոգևոր անվտանգությունն իր մեջ ներառո՞ւմ է արդյոք հետևյալ հասկացությունները.

- Ազգային փոքրամասնությունների կրոնական իրավունքների պաշտպանությունը: Հարցվածների 62,7%-ը տվել է դրական պատասխան և կարծում է, որ այն հոգևոր անվտանգության մաս է կազմում, իսկ 27,6%-ը կարծում է, որ չի կարող մեր կողմից ուսումնասիրվող հարցի մաս կազմել: Նշենք նաև, որ 9,7%-ը դժվարացել է պատասխանել: Այս առումով, թերևս, ավելորդ չէ նշել, որ ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերի համաձայն՝ ազգային փոքրամասնությունների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված են:

- Կրոնական կազմակերպությունների դեմ պայքարը6: Այս հարցի դեպքում պատասխանը հետևյալն է՝ 70,2%-ը կարծում է, որ ՀԱ-ն, այո՛, ենթադրում է կրոնական կազմակերպությունների դեմ պայքար, 22,4%-ը կարծում է, որ ո՛չ, իսկ 7,4%-ը դժվարացել է պատասխանել: Այստեղ հարկ է հավելել, որ ՀՀ հասարակությունում առկա են կրոնական կազմակերպությունների և նրանց գործունեության վերաբերյալ ձևավորված որոշակի մոտեցումներ, որոնք, սակայն, առանձին քննարկման առարկա են:

- Կրոնական հավաքույթներին, ժողովներին մասնակցության ազատությունը: Այս հարցը որոշակիորեն կապված է նախորդի տրամաբանության հետ, իսկ պատասխանները հետևյալն են՝ 38,8-ը կարծում է, որ, այո՛, ՀԱ-ն ներառում է այն, իսկ 52,5%-ը կարծում է, որ ո՛չ, 9,3%-ը դժվարացել է պատասխանել:

- Քաղաքացիների պաշտպանվածությունը կրոնական քայքայիչ հոսանքներից: Այս դեպքում հարցվածների 69,6%-ը կարծում է, որ, այո՛, ՀԱ-ն սա ևս ներառում է, 23,2%-ը կարծում է, որ ո՛չ, իսկ 7,2%-ը դժվարացել է պատասխանել:

- Կրոնական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությունը: Կրոնական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությունը, ըստ հարցվածների 61,5%-ի, չպետք է ներառվի ՀԱ ոլորտ, իսկ 30,3%-ը դրա կողմնակիցն է, 8,1%-ը դժվարացել է պատասխանել:

- Սեփական հոգեկան հավասարակշռությունը (այս հարցը կոնկրետ անձի հոգեբանական շեշտադրում ունի): Հարցվածների 74,4%-ը կարծում է, որ պետք է ներառվի, 19,4% կարծում է, որ ոչ, 6.2%-ը դժվարացել է պատասխանել:

- Ազատ դավանանքի իրավունքի ապահովումը: Այս հարցին ի պատասխան ստացել ենք հետևյալ պատկերը՝ 45,2%-ը կարծում է, որ պետք է ներառվի, 46,6%-ը կարծում է, որ ոչ, իսկ 8,2%-ը դժվարացել է պատասխանել:

- Բարոյական արժեքների, նորմերի ապահովումը: Այս հարցի դեպքում հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 73,8%-ը, կարծում է, որ սա պետք է ներառվի ՀԱ ոլորտում, 20,5%-ը դեմ է արտահայտվել, իսկ 5,7%-ը դժվարացել է պատասխանել: Այս հարցի համար ստացված պատասխանները բխում են նաև մեր ազգային էթնոմշակութային ու կրոնական պատկերացումներից, և, թերևս, գաղտնիք չէ, որ բարոյական արժեքները դարեր շարունակ հայ ժողովրդի համար կարևոր դերակատարություն են ունեցել և այսօր էլ հասարակական աշխարհընկալման և արժեհամակարգի հիմնական մասն են:

- Քաղաքացիներին կրոնական կազմակերպություններից պաշտպանությունը. տոկոսային պատկերը հետևյալն է. 61,5%-ը կարծում է, որ պետք է ներառվի, 31,1%-ը կարծում է, որ ոչ, 7,4%-ը դժվարանում է պատասխանել:

- Ազգային արժեքների պահպանումը: Այս հարցի դեպքում պատկերը հետևյալն է՝ 73,8%-ը կարծում է, որ պետք է ներառվի, 20,5%-ը կարծում է, որ ոչ, 5,7%-ը դժվարացել է պատասխանել: Ազգային արժեքների պահպանումը հոգևոր անվտանգության շրջանակում տեսնելը խոսում է այն մասին, որ երիտասարդության շրջանում առկա են օտարածին և ներմուծված արժեքների արժևորում և գնահատում, ինչը քննարկվող հիմնախնդիրների համատեքստում է՛լ ավելի է բարձրացնում գիտակից և ազգային-հոգևոր արժեհամակարգին տիրապետող երիտասարդության դերը հասարակական կյանքում:

- Հայ Առաքելական եկեղեցու արժեքների պահպանումը: Այս յուրահատուկ հարցի ներառումը կարող ենք հիմնավորել այն կարևոր հանգամանքով, որ ավանդաբար Հայոց եկեղեցին հայ ժողովրդի համար ոչ միայն համարվել է հոգևոր-կրոնական պահանջմունքների բավարարման միջոց, այլև պատմականորեն իրականացրել է ազգապահպան, մշակութաստեղծ և հասարակական կյանքի կարգավորիչ գործառույթներ: Այս հարցի դեպքում ունենք հետևյալ պատկերը. հարցվածների 82,5%-ը կարծում է, որ այն պետք է ներառվի ՀԱ, 12,7%-ը կարծում է, որ ոչ և 5,7%-ը դժվարացել է պատասխանել: Այս դեպքում ևս ակնհայտ է, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը, լինելով Հայոց եկեղեցու հետևորդ և տվյալ արժեհամակարգի կրող, մտահոգ է այդ խնդրով և ուզում է անպայման ապահովված տեսնել Հայոց եկեղեցական արժեհամակարգի պահպանումը:

- Հարցաշարում ներառված է եղել նաև ընդհանրական «հոգևոր արժեքների պահպանում» բազմանշանակ հարցը, որի մասին արդեն նշել ենք այն կարևոր հանգամանքը, որ «հոգևոր արժեք» երևույթի վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ, և այն առանձին ուսումնասիրության թեմա է: Ուստի մենք այս հարցադրումով այդ երևույթի ընկալումը և մեկնաբանությունը թողել ենք հարցվողների հայեցողությանը, որի արդյունքում նրանք իրենք են սեփական ընկալումներով ներկայացրել հարցի պատասխանը: Եվ այսպես, ըստ հարցման արդյունքների, հարցվածների ճնշող մեծամասնությունը` 90,7%-ը, կարծում է, որ պետք է ներառվի, 5,6%-ը կարծում է, որ ոչ, իսկ 3.7%-ը դժվարանում է պատասխանել: Այս հարցադրման դեպքում հստակ երևում է, որ հարցվածները բոլոր հարցերից առավել կարևորել են հոգևոր արժեքների ապահովումը, ինչը նաև տրամաբանական է, որովհետև հասարակական ընկալումներում «հոգևոր արժեք» ասելով, որպես կանոն, հասկացվում են այնպիսի կարևոր արժեքներ, ինչպիսիք են ընտանիքը, հայրենիքը, ազգային մշակույթը, ավանդական տոները, ծեսերը, սովորությունները, ի հակադրություն նոր ներմուծված և խորթ արժեքների, որոնք այսօր երբեմն գերակայող են դառնում հասարակական կյանքի որոշ ոլորտներում:

Այսպիսով, հետազոտության այս մեկ հարցի վերաբերյալ ստացված պատասխանների հպանցիկ ուսումնասիրությունն արդեն ի հայտ է բերում ոչ միայն ՀՀ երիտասարդության (այնուամենայնիվ, հաշվի պետք է առնենք այն հանգամանքը, որ խոսքն ուսանողներին է վերաբերում) շրջանում առկա հոգևոր անվտանգությանն առնչվող առավել հրատապ հարցերի շրջանակը, այլև տալիս է մի շարք կարևոր հարցերի պատասխաններ, որոնք կարող են դառնալ ավելի խոր և համապարփակ ուսումնասիրությունների օբյեկտ: Ակնհայտ է, որ տրված պատասխանների արդյունքում կարող ենք «հոգևոր անվտանգություն» հասկացության համար առավել կարևոր տարրեր համարել հավատացյալի հոգևոր պահանջմունքների անվտանգ իրացումը, անձի հոգեբանական հավասարակշռությունը, ազատ դավանանքի, բարոյական արժեքների պահպանումը, ազգային եկեղեցու՝ որպես հոգևոր-մշակութային արժեքների պահապանի, անվտանգությունը և այլն:

Հետազոտության հաջորդ հարցը նախորդի տրամաբանական շարունակությունն է՝ «Ձեր կարծիքով Երևանում ընդհանուր առմամբ որքանո՞վ է վտանգված երիտասարդների հոգևոր անվտանգությունը»: Այս հարցի դեպքում (գնահատումը կատարվել է 1-10 բալանոց համակարգով, որտեղ 1-ը նշանակում, որ ընդհանրապես վտանգված չէ, իսկ 10-ը` շատ է վտանգված) ստացված պատասխանները պայմանականորեն բաժանել ենք երկու մասի՝ գնահատված մինչև «5» և «5» ու ավելի բարձր գնահատականներով, որի արդյունքում ստացել ենք այսպիսի պատկեր.

ա. երիտասարդների հոգևոր անվտանգության վտանգավորությունը հարցվածների կողմից գնահատվել է «1» 5,2%-ի, «2»՝ 1,4%-ի, «3»` 3,7%-ի և «4»՝ 7,6%-ի դեպքում, ինչը կազմում է ընդհանուր հարցվածների 17.9%-ը: Արդյունքում՝ հարցվածների փոքր տոկոսն է կարծում, որ ժամանակակից հայ հասարակությունում երիտասարդության հոգևոր անվտանգությունը վտանգված չէ;

բ. երիտասարդների հոգևոր անվտանգության վտանգավորությունը «5» և ավելի բարձր գնահատականով է գնահատել հարցվածների 80.6%-ը, մասնավորապես՝ «5»՝ 16.5%, «6»՝ 11.6%, «7»՝ 16.2%, «8»՝ 16.2%, «9»՝ 7.3% և «10»՝ 11.1%:

Հարցվածների 1.5%-ը դժվարացել է պատասխանել:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ներկայացված տվյալները բավական մտահոգիչ են և խոսուն, ուստի այս ուղղությամբ անհրաժեշտ է անցկացնել բազմակողմանի և լիարժեք վերլուծական աշխատանք և համապատասխան ուսումնասիրություններ:

Վերոհիշյալ պատասխաններն արդիական են նաև ներկայում ՀՀ-ում գործող տարատեսակ կրոնական կազմակերպությունների գործունեության ֆոնին և պահանջում են առանձին ուսումնասիրությունների առարկա դարձնել կրոնական կազմակերպությունների գործունեությանը և կարգավիճակին առնչվող բազմազան հարցեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ հասարակական ընկալումներն ու մոտեցումները:

Անկախության վերականգնումից հետո ՀՀ-ում կրոնական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հասարակական ընկալումները միանշանակ չեն, առկա են տարբեր մոտեցումներ, հնչում են տարբեր տեսակետներ, մասնավորապես նաև այն, որ դրանք մեր հասարակությունը մասնատում են և ազգային անվտանգության տեսանկյունից վտանգավոր են: Հասարակական ընկալումներում առկա այդ մոտեցումը մենք ներառեցինք հետազոտության մեջ հետևյալ հարցի տեսքով՝ ի՞նչ եք կարծում, վտանգավո՞ր են արդյոք կրոնական կազմակերպությունները մարդու հոգևոր անվտանգության համար: Այս դեպքում, ի դեպ, հատուկ պետք է շեշտենք, որ կրոնական կազմակերպություններ ասելով առաջին հերթին նկատի ենք ունեցել ոչ ավանդական կրոնական կազմակերպությունները: Ստացված արդյունքներն այսպիսին են` 88,4%-ը, այսինքն՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը, կարծում է, որ դրանք վտանգ են ներկայացնում, իսկ 11,6% կարծում է, որ վտանգ չեն ներկայացնում: Ինչպես և սպասելի էր, ստացված արդյունքը փաստում է, որ հասարակության մեջ կա լուրջ մտահոգություն, և մեծամասնության համար կրոնական որոշ կազմակերպությունների գործունեությունը վտանգավոր է դիտարկվում։ Այս առումով կարծում ենք, որ պետական և հասարակական համապատասխան խնդիրներով զբաղվող կառույցները պետք է հետևություններ անեն:

Նախորդ հարցի տրաբանական շարունակությունն է հետազոտության հետևյալ հարցադրումը` ինչո՞ւ: Հարցման արդյունքները հետևյալն են. հարցվածների 31,1%-ը կարծում է, որ կրոնական կազմակերպությունները շեղում են մարդկանց ճիշտ ուղուց, իսկ 28,0%-ը կարծում է, որ խեղաթյուրում են մարդու հոգևոր արժեքները, 18,3%-ը դժվարացել է պատասխանել, 5,6%-ը կարծում է, որ դրանք քարոզում են սխալ գաղափարախոսություն` Հայ Առաքելական եկեղեցուց դուրս: Այնուհետև հարցվածների 4,6%-ը գտնում է, որ դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է, 3,9%-ը կարծում է, որ դրանք մարդուն դրդում են ինքնասպանության: Այսպիսով, այս դեպքում ևս ստացել ենք պատասխաններ, որոնք բավական մտահոգիչ են: Ուստի արդյունքներն ավելի կոնկրետացնելու համար ընտրել ենք այս հարցի տրամաբանական շարունակությունը՝ եթե այո, ապա ո՞ր խմբերի համար են առավել շատ վտանգ ներկայացնում: Այս հարցը հատկապես կարևորել ենք այն նպատակով, որ պարզաբանենք, թե հարցվածները հատկապես ի՞նչ խոցելի խմբեր են դիտարկում՝ հաշվի առնելով նաև ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը և բնակչության աղքատության մակարդակը՝ 32.4%7:

Այսպիսով` եթե այո, ապա ո՞ր խմբերի համար են շատ վտանգ ներկայացնում հարցին տրվել են հետևյալ պատասխաները (յուրաքանչյուր հարցվածի տրվել է երեք պատասխանի հնարավորություն).

Առաջին պատասխան

- 64,2%-ը կարծում է, որ առավել խոցելի են սոցիալապես անապահովները, ինչը հանրապետության մեծագույն մարտահրավերներից է,

- 17,7%-ը կարծում է, որ գործազուրկներն են առավել խոցելի,

- 9,8%-ը կարծում է, որ դրանք առավել վտանգավոր են երեխաների համար:

Երկրորդ պատասխան

- 29,8%-ը կարծում է, որ դրանք առավել վտանգավոր են երեխաների համար,

- 16,1%-ը կարծում է, որ ծերերն են ավելի խոցելի,

- 11,6%-ը կարծում է, որ գործազուրկներն են առավել խոցելի:

Երրորդ պատասխան

- 33,9 %-ը կարծում է, որ առավել խոցելի են կրթական ցածր մակարդակ ունեցող մարդիկ,

- 6,5%-ը կարծում է, որ դրանք առավել վտանգավոր են երեխաների համար,

- 7,3%-ը կարծում է, որ ծերերն են ավելի խոցելի:

Հետազոտության հարցերի շարքում վերոհիշյալ պատասխաններն ի վերջո հանգում են տրամաբանական այն հարցադրմանը, թե՝ կարծում եք պե՞տք է պայքարել կրոնական այդ կազմակերպությունների դեմ: Այս հարցադրումը հատկապես կարևորել ենք այն հանգամանքով, որ հասարակության մեջ գերակշռող է այդ կրոնական կազմակերպությունների դեմ պայքարի պահանջը: Այսպես՝ հարցվածների 89.7%-ը կարծում է, որ պետք է պայքարել, իսկ 10.3%-ը կարծում է, որ ոչ:

Որպեսզի նախորդ պատասխանն ավելի հստակ լինի և մանրամասն ներկայացնի երիտասարդության մտահոգությունները, հարցվածներին ուղղեցինք հաջորդ հարցը` ինչո՞ւ.

- 29,7%-ը գտնում է, որ դրանք շեղում են ճիշտ ճանապարհից,

- հարցվածների 23,1%-ը կարծում է, որ դրանք պառակտում են ազգը, պետությունը և հասարակությունը,

- 19,6%-ը կարծում է, որ պետք է պայքարել, բայց դժվարանում է ասել, թե ինչու,

- 8,0%-ը կարծում է, որ դրանք շատանում են և վտանգավոր են,

- 7,8%-ը կարծում է, որ դրանք ազդում են մարդու ներաշխարհի վրա,

- 3,3%-ը կարծում է, որ դրանք հանգեցնում են հոգեկան շեղումների, անգիտակից գործողությունների,

- 1,5%-ը պատասխանել է, որ դրանք անհանգստացնում են իրենց այցերով:

Այս պատասխանները, փաստացի, լիարժեքորեն պարզաբանում են կրոնական կառույցների վերաբերյալ երիտասարդության շրջանում առկա մտահոգությունները, և կարծում ենք, որ ՀՀ հոգևոր անվտանգության տեսանկյունից նմանատիպ հարցերի բարձրացումը և երիտասարդության շրջանում առկա մտահոգությունների բազմակողմանի և լիարժեք ուսումնասիրությունը խիստ արդիական են։ Եվ այս հետազոտությունը որոշ չափով կարող է առնվազն հստակեցնել ապագա ուսումնասիրությունների օբյեկտ հանդիսացող հիմնախնդիրների շրջանակը:

Այսպիսով, ներկայացված հետազոտության շրջանակներում քննարկված հարցերը և դրանց պատասխանները որոշակի լույս են սփռում ՀՀ ազգային և հոգևոր անվտանգությանն առնչվող արդի հիմնախնդիրների վրա և թույլ տալիս որոշակի հետևություններ կատարել այդ կապակցությամբ: Մասնավորապես, ակնհայտ է, որ այս ուղղությամբ ավելի խոր և մասնագիտական բազմաբնույթ հետազոտություններ պետք է անցկացվեն թե՛ գիտական ուսումնասիրությունների մակարդակով, թե՛ եկեղեցու կողմից: Իսկ ներկայացված հետազոտությունն ընդամենը փորձ է՝ ի մի բերելու ՀՀ երիտասարդության կարծիքն ու մտահոգությունները քննարկվող հիմնահարցերի վերաբերյալ:

1 Այդպիսի օրինակ է Վարդանանց պատերազմը, որն էական նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում ինչպես հոգևոր (նաև կրոնական), այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից:

2 Մանրամասները տե՛ս Ա.Աղայան, Ազգային անվտանգություն. հասկացությունը, էությունը, ձևավորումը և առաջնահերթությունները, «Նորավանք», Ե., 2002, Ա.Թադևոսյան, Մշակութային ինքնության պահպանման և վերարտադրության հիմնահարցը ազգային անվտանգության տեսանկյունից, «Նորավանք», Ե., 2002, Ա.Մարկոսյան, Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները, «Նորավանք», Ե., 2005, Մ.Շահգելդյան, Ազգային անվտանգություն. հասկացությունը, էությունը, ձևավորումը, առաջնահերթությունները, «Նորավանք», Ե., 2002, Ս.Սաֆարյան, Ազգային անվտանգություն. հասկացությունը, էությունը, ձևավորումը, առաջնահերթությունները (թեմայի հաշվետվություն), «Նորավանք», Ե., 2002, Մ.Գաբրիելյան, Ա.Դաբաղյան, Ա.Թադևոսյան, Ն.Մարգարյան, Հոգևոր անվտանգության ապահովման և բարոյական արժեքների պահպանման հիմնադրույթներն ազգային անվտանգության համատեքստում, «Նորավանք», Ե., 2002, Իդեոլոգեմները Հայաստանի տեղեկատվական տարածքում, Ե., 2013, О некоторых проблемах информационной безопасности, «Нораванк», 2009 և այլն:

3 Մանրամասն տե՛ս Սփյուռքի դավանանքային հատվածների խնդիրները և հնարավորությունները, Երևան, 2011, «Նորավանք» ԳԿՀ, 2011, էջ 8-9:

4 Տե՛ս Սարգսյան Ա. և ուրիշ., ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի հոգևոր-բարոյական հիմնախնդիրները / Տնտեսագետ, «Ամբերդ» մատենաշար, Երևան, 2014, էջ 27:

5 Հետազոտությունն անցկացվել է սոցիոլոգիական ուսումնասիրությունների պահանջներին համապատասխան, իսկ ամբողջական ուսումնասիրությունը տպվելու է մեկ այլ ուսումնասիրության մեջ: Հետազոտության ընտրանքի կազմման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԱՎԾ 2010թ. ՀՀ ժողովրդագրական ժողովածուն: Մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2010 թվականին և դինամիկ շարքեր (2005-2010), ՀՀ ԱՎԾ, Երևան, 2011, էջ 125:

6 Կրոնական կազմակերպության անվան տակ, որպես կանոն, ընկալվում են վերջին տարիներին Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալած բողոքական ծագման որոշ հարանվանություններ կամ ուղղակի աղանդներ:

7 Տվյալները վերցված են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքից: Ըստ տվյալների՝ 2012թ. աղքատության մակարդակը կազմել է 32.4%: Մանրամասն տե՛ս http://www.armstat.am/file/doc/99477218.pdf: Վիճակագրական տվյալները մեջբերված են հետազոտությունից առաջ տիրող իրավիճակից:

Ապրիլ, 2016թ.

դեպի ետ