
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. ՄԵԾ ԽԱՂԻ ՓՈՔՐ ՄԱՍԸ
Աստղիկ Գևորգյան
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի
Համաշխարհային քաղաքականության մագիստրոս
Տարածաշրջանային հակամարտությունների քննարկման ժամանակ անհրաժեշտ է նաև հաշվի առնել տիրող աշխարհաքաղաքական դրությունը խնդրի էությունը հասկանալու համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սրված իրադրությունը և ռազմական գործողությունների բռնկումը, որը ստացավ քառօրյա պատերազմ անվանումը, ևս հարկ է դիտարկել համաշխարհային քաղաքականության համատեքստում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական կենտրոնների միջև գործող հարաբերությունները:
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ավելի վաղ Ուկրաինայում, Սիրիայում տեղի ունեցած և շարունակվող իրադարձությունների շարունակությունը կարող ենք համարել: Այստեղ բախվող շահերը պրոյեկտվեցին Լեռնային Ղարաբաղի վրա:
Երբ Ռուսաստանը 2015թ. սեպտեմբերի 30-ին1 ներգրավվեց Սիրիայում ռազմական գործողությունների մեջ, Մերձավոր Արևելքում արդեն իսկ ներգրավված ԱՄՆ-ի2 հետ հարաբերությունները զգալիորեն լարվեցին: Դրա պատճառն այն էր, որ երկու կողմերի` Ռուսաստանի և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դիրքորոշումները Սիրիայում հակամարտության լուծման շուրջ հակասում էին միմյանց:
Մերձավոր Արևելքում պայքարելով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ` կողմերը միաժամանակ տարբեր հեռանկարներ էին տեսնում Սիրիայում: ԱՄՆ-ը պահանջում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը3 և կառավարության փոփոխությունը: Ռուսաստանն աջակցում էր Սիրիայի նախագահին և կառավարությանը` հայտարարելով, որ նպատակ ունի կայունացնել երկրում օրինական իշխանությունը4։ Ռուսաստանի համար բավարար հիմքեր կային քննադատելու ԱՄՆ-ին և ամրապնդելու դիրքերը միջազգային հանրության առջև՝ հաշվի առնելով Իրաքում [1, p. 39, 88, 155] և Լիբիայում5 ԱՄՆ սխալ քաղաքականության ողբերգական հետևանքները տարածաշրջանի անկայունացման գործում: Ըստ էության, ԱՄՆ-ը Սիրիայում սկսել էր նույն քաղաքականությունը, ինչ Իրաքում և Լիբիայում. տապալել բռնապետին և ստեղծել ժողովրդավարական պետություն:
Մյուս կողմից, Ռուսաստանը հաջողության էր հասնում ռազմական գործողություններում: Ռուսաստանի օդուժի աջակցությամբ սիրիական կառավարական ուժերը կարողանում էին հաջողությամբ պայքարել ԻՊ-ի դեմ: Պատահական չէ, որ քարոզչական դաշտում սկսեցին շրջանառվել արևմտյան այն թեզերը, որ ռուսական օդուժը հարվածում է ոչ միայն ահաբեկիչներին, այլև Սիրիայի ընդդիմադիրներին և խաղաղ բնակչությանը6։ Այս լուրերի ճշմարտացի լինելու հավանականությունն այլ խնդիր է: Այստեղ կարևորն այդ թեզերի առաջ բերման և շրջանառման փաստն է, որի նպատակն էր ցույց տալ, որ Ռուսաստանը չի պայքարում միայն ահաբեկիչների դեմ, այլև ընդդիմադիրների, որոնք ցանկանում են Սիրիան «ազատ տեսնել բռնապետից»: Սրանով ընդգծվում է ոչ թե ԱՄՆ-ՌԴ համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, այլ ԱՄՆ-ՌԴ հակասությունները սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում:
Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ընդգծվող երկու գործոնները՝ միջազգային հանրության ուշադրության հրավիրումը Իրաքի և Լիբիայի համանման դեպքերին և Ռուսաստանի ռազմական հաջողությունները, ԱՄՆ-ը սկսեց նոր խաղ. ներքաշել Սիրիայում ներգրավված Ռուսաստանին Թուրքիայի հետ ռազմական գործողությունների մեջ: Ի վերջո, Ռուսաստան-Թուրքիա պատերազմը նշանակում է Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմ, ինչը կլինի Ռուսաստանի վերջի սկիզբը:
ԱՄՆ-ը հմտորեն օգտագործեց իր դաշնակիցներ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի խաղաքարտերը, որպեսզի Սիրիայում իրադրությունը սրի այնքան, որ Ռուսաստանը ցամաքային պատերազմի մեջ մտնի Սիրիայում, ապա բախվի նաև թուրքական ուժերի հետ։ Իսկ եթե դա տեղի ունենար, կարող ենք ասել, որ Ռուսաստանի հաղթանակելու հավանականությունը, իր ռազմական ուժով և առավել ևս՝ իր ներկայիս տնտեսական բարդ դրության պայմաններում, կտրուկ կնվազեր: Ցամաքային պատերազմը Սիրիայում, առավել ևս՝ բախումը Թուրքիայի հետ, ծուղակ էին Ռուսաստանի համար, որից նա կարողացավ հմտորեն խուսափել։ Մինչդեռ դա այնքան էլ հեշտ գործ չէր այն դեպքում, երբ ԱՄՆ-ը Սիրիայում դեռևս հիմնականում գործում էր անուղղակիորեն՝ օգտագործելով Սաուդյան Արաբիային և Թուրքիային: Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածությունը սկսվեց, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիան Սիրիայում խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը (Սու-24)7 և ներողություն չխնդրեց Ռուսաստանից, ավելին, մեղադրեց Ռուսաստանին իր սահմանը հատելու մեջ: Այս քայլը սկիզբ դրեց Ռուսաստանի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը8։ Արևմտյան մամուլը հեղեղվեց Ռուսաստան-Թուրքիա հնարավոր ռազմական բախման մասին կանխատեսումներով, որտեղ շեշտվում էր Թուրքիայի` ՆԱՏՕ անդամ լինելու փաստը: Բերենք մի քանի օրինակներ:
Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից ընդամենը 2 օր անց ամերիկյան Foxnews-ը գրում է9. «Կես դարում առաջին անգամ էր, երբ ՆԱՏՕ անդամը կործանում է ռուսական ինքնաթիռ: Եթե Ռուսաստանն արձագանքի` հարվածելով թուրքական ինքնաթիռի, ապա ՆԱՏՕ անդամ Թուրքիան կարող է հայտարարել, որ ագրեսիայի է ենթարկվել և խնդրել դաշինքի ռազմական աջակցությունը»: Գերմանական Spiegel-ը գրում է10. «Սիրիան 2016թ. Կուբան է, և միջազգային առճակատման ռիսկն աճում է օր օրի: Հինգ տարի է՝ այդ երկրում դաժան քաղաքացիական պատերազմ է ընթանում, բայց հակամարտությունն այժմ կարող է վերաճել Ռուսաստանի և Արևմուտքի միջև լայնամասշտաբ բախման»: Իսկ BBC-ն, անդրադառնալով ռուսական ռազմական ինքնաթիռի կործանմանը, գլխավոր կետերի շարքում նշում է11. «Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, որը նշել է, որ պատրաստ է պաշտպանել Թուրքիային, եթե Ռուսաստանը խախտի նրա օդային սահմանը»: Ամերիկյան CNN-ը, կրկին շեշտելով Թուրքիայի` ՆԱՏՕ անդամ լինելը, մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքերը. «ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն կաջակցեն Թուրքիային իր ինքնիշանության իրավունքը պաշտպանելու գործում»12։ Ուշագրավ է ամերիկյան The Washington Times թերթի հոդվածը13, որի հիմնական թեզն այն է, որ սիրիական պատերազմը մեծացրեց աշխարհում անկայունության գոտիների քանակը: Մասնավորապես, խոսվում է ղարաբաղյան «սառեցված» հակամարտության մասին, որը, Ռուսաստան-Թուրքիա/ՆԱՏՕ հարաբերությունների լարվածության ֆոնին, տարածաշրջանում անկայունության ակտիվացման գլխավոր կետն է: Ըստ հոդվածի, Հայաստանն ինքնըստինքյան ներքաշվում է սիրիական պատերազմի մեջ, քանի որ լինելով ՆԱՏՕ-ին սահմանակից երկիր՝ ունի ռուսական ռազմաբազա, որն անընդհատ թարմացվում է նոր զենքերով:
Իրենց հերթին, սկսեցին գործել նաև Սաուդյան Արաբիան և Թուրքիան: Սաուդյան Արաբիան 2016թ. փետրվարի 4-ին պաշտոնապես հայտարարեց Սիրիա ցամաքային զորքեր մտցնելու պատրաստակամության մասին14: Իսկ Թուրքիան սկսեց Սիրիայի քրդերի դեմ ցամաքային գործողությունները, այն քրդերի, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ։
Ակնհայտ էր, որ իրադրությունն աստիճանաբար լարվում էր, ուստի ռուսական օդուժի հիմնական մասի դուրսբերումը Սիրիայից15 կարևոր մարտավարական քայլ եղավ այս պարագայում: Ռուսաստանը մի կողմից թողեց իր օդուժի մի մասը, որի աջակցությամբ սիրիական կառավարական բանակը շարունակեց հաղթանակներ տանել ահաբեկիչների դեմ պայքարում, ինչպես, օրինակ, ռազմավարական նշանակություն ունեցող Պալմիրայի և Էլ-Քարյատեյնի ազատագրումն էր ԻՊ ահաբեկիչների վերահսկողությունից16։ Մյուս կողմից, նպաստելով լարվածության թուլացմանը Սիրիայում՝ Ռուսաստանը խուսափեց Թուրքիայի հետ պատերազմից, որը լիովին հավանական էր Թուրքիայի հանդուգն քաղաքականության պայմաններում: Այս քայլը հնարավորություն տվեց Ռուսաստանին պահպանել ազդեցությունը Սիրիայում` միաժամանակ չներքաշվելով իր համար կործանարար պատերազմի մեջ:
Իրադրության զարգացման մյուս տարբերակը, թե Թուրքիան դուրս է եկել ԱՄՆ վերահսկողությունից և նրա քայլերը Սիրիայում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ անկախ քայլեր են, կարելի է բացառել։ Սա ակնհայտ է դառնում, երբ հետևում ենք զարգացումների ընթացքին: Մասնավորապես նրան, երբ Սաուդյան Արաբիան հայտարարեց իր ռազմաօդային ուժերի մի մասը Թուրքիայում տեղակայելու մասին17։ Սա վկայում է, որ ԱՄՆ-ի կողմից համապարփակ և համակողմանիորեն օգտագործվում էին թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական բաղադրիչները՝ իր ազդեցությունը սիրիական հակամարտության կարգավորման արդյունքների վրա անվերապահորեն ապահովելու համար։ Այս շրջանում տեղի ունեցած իրադարձություններից պարզ էր նաև մեկ բան. ինչքան էլ հակասություններ լինեն ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, ինչքան էլ տպավորություն ստեղծվի, թե այս երկու երկրները տանել չեն կարողանում միմյանց, կարելի է բացառել այն, որ ՆԱՏՕ անդամ երկու երկիր իրար դեմ դուրս կգան միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերում:
Ինչպես տեսանք, Սիրիայում ԱՄՆ-ին չհաջողվեց Թուրքիայի հետ պատերազմի մեջ ներքաշել Ռուսաստանին: Այնուամենայնիվ, կարող է հարց առաջանալ, թե ինչու պետք է ԱՄՆ-ը ցանկանա Ռուսաստանի նման ճակատագիրը: Դրա համար կան մի շարք պատճառներ.
- Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ-ը դարձավ միակ պետությունը, որն իսկապես շահեր ուներ աշխարհի բոլոր ծայրերում: Միաբևեռ աշխարհի միակ բևեռը երկար տարիներ սովոր էր, որ լուրջ դիմայակության չի հանդիպելու՝ ինչ քայլ էլ որ ձեռնարկի: Ռազմական տեսանկյունից ամենահզոր պետությունն սկսեց մեծացնել նաև իր փափուկ ուժը18՝ առաջ քաշելով մի հայեցակարգ, ըստ որի, եթե աշխարհի բոլոր պետություններն առաջնորդվեն միևնույն արժեքներով, ապա ԱՄՆ-ի համար ավելի անվտանգ և հեշտ կլինի իր քաղաքականության իրականացումը: Այդ արժեհամակարգը դարձավ ժողովրդավարությունը, որը ներկայացվեց որպես ամերիկյան արժեհամակարգ [2, p. 17]։ Ամերիկյան փափուկ ուժի քաղաքականությունն ուղղվեց այս նպատակի իրականացմանը՝ որպես ԱՄՆ անվտանգության երաշխիք [3, p. 37; 4, p. 131; 5, p. 86-88]։ Ուստի, յուրաքանչյուր քայլ, որը կարող է ինչ-որ կերպ չեղարկել այս քաղաքականությունը, ԱՄՆ-ի կողմից խստագույն դիմակայության է հանդիպում: ԱՄՆ-ի համար անվտանգության սպանալիք է այն, որ ոչ ժողովրդավարական երկիրը կարող է օրինակ լինել այլ պետությունների համար, քանի որ հենց ժողովրդավարական ԱՄՆ-ը պետք է լինի «լավ, արդար, իսկական» պետության օրինակը: Եթե Ռուսաստանին (կամ մեկ այլ ոչ ժողովրդավարական պետության) հաջողվի առանց լուրջ կորուստների իր հեղինակությունը բարձրացնել համաշխարհային ասպարեզում, ապա Ռուսաստանը կարող է օրինակ դառնալ այլ պետությունների համար, որոնք վերջնականապես կարող են հրաժարվել ժողովրդավարական կառավարման համակարգից: Այս խնդիրն, անշուշտ, պետք չէ ԱՄՆ-ին: Նա պետք է ձգտի յուրաքանչյուր նման «սպառնալիք» մեկուսացնել և թույլ չտալ զարգանալ ու աճել:
- Այն թեզը, թե ազդեցության գոտիների համար պայքարը մնացել է ոչ հեռավոր անցյալում, գործում էր մի քանի տարի առաջ: Ամեն դեպքում, ազդեցության գոտիների համար պայքար կա այն ժամանակ, երբ աշխարհը միաբևեռ չէ կամ որևէ պետություն չի ցանկանում այն տեսնել միաբևեռ: Տվյալ դեպքում Ռուսաստանը «մարտահրավեր է նետել» միաբևեռ աշխարհին և՛ տեսական, և՛ գործնական հարթություններում: Տեսական դաշտում այն առաջ է քաշել «բևեռների» փոխարեն «կենտրոնների» գաղափարը, եվրասիականության գաղափարախոսությունն` ընդդեմ եվրոպականի, այն թեզը, որ ԱՄՆ-ը և Արևմուտքը չեն ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ, ուստի Ռուսաստանը գնում է դիմակայության: Գործնական դաշտում Ռուսաստանը հաջողությամբ առաջ է տանում իր շահերն Ուկրաինայում և Սիրիայում` աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող երկրներ, որոնք միշտ եղել են ԱՄՆ-ի և Եվրոպայի աչքի տակ: Ուկրաինայում արդեն 2-րդ հեղափոխությունը տեղի ունեցավ, սակայն այն վերջնականապես Արևմուտքինը չէ: Մերձավոր Արևելքում Իրաքից և Լիբիայից հետո արդեն 3-րդ երկրում` Սիրիայում է իշխանափոխության նույն սցենարը տեղի ունենում, սակայն տարածաշրջանը վերջնականապես Արևմուտքի ազդեցության տակ չէ19։ Որպեսզի ստեղծված իրադրությունն ավելի պարզ լինի, կարող ենք տարածաշրջանային և համաշխարհային իրադարձությունների միջև մի պարզ համեմատություն անել: Ինչպես ժամանակին Ռուսաստանը չէր ցանկանում, որ Վրաստանը դուրս գա իր ազդեցության գոտուց և արդյունքում Վրաստանը դրան գնաց տարածքների կորստի գնով, այնպես էլ այժմ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Ռուսաստանը դուրս գա «իր ստեղծած աշխարհից» առանց լուրջ կորուստների:
Այս պատճառները հաշվի առնելով` կարող ենք հստակեցնել, որ ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն ունի իր անվտանգության պահպանման համար խաղն իր ձեռքում պահելը: ԱՄՆ քաղաքականությանը միշտ բնորոշ է եղել կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը, այսինքն, եթե ԱՄՆ-ը հաշվարկում է իրադրության ծայրահեղ վատթարացում ապագայում, ապա առաջին քայլով փորձում է օգտագործել բոլոր տարբերակները և կանխել դա, ոչ թե սպասել, թե երբ է իրադրությունը դառնալու ծայրահեղ ծանր:
Վերադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` հարկ է ուշադրություն դարձնել այն դեպքերին, որ ռազմական գործողությունները նոր թափուվ բռնկվեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 16-ին Անկարայում հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ20: Ալիև-Էրդողան հանդիպմանը հետևեց մարտի 30-ին ԱՄՆ-ում Ադրբեջանի նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ21։ Ըստ Պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության, որևէ խոսք չկա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի, մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման մասին: Որպես կարգավորման հիմքեր նշվում են միջազգային իրավունքի սկզբունքները, ՄԱԿ կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը: Իսկ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախում ռազմական գործողությունների բռնկման նախորդ օրը՝ մարտի 31-ին, տեղի ունեցավ Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռ.Թ. Էրդողանի և Բարաք Օբամայի հանդիպումը22։ ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության ոլորտում, և ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգության հարցում:
Եթե դիտարկենք ղարաբաղյան հակամարտությունում կողմերի վարած քաղաքականությունը, ապա կտեսնենք, որ հայկական կողմը երբեք պաշտոնական հայտարարություններ չի արել հակամարտությունն ուժով լուծելու օգտին, շեշտել է բանակցային լուծման տարբերակը: Մինչդեռ Ադրբեջանը բանակցային լուծման տարբերակի հետ մեկտեղ պաշտոնական մակարդակով շրջանառության մեջ է դրել այն հայտարարությունը, թե ցանկանում է լուծել հակամարտությունն ինչ ձևով էլ լինի: Այս նույն հայտարարությունն արեց նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը CNN-ին տված հարցազրույցում23։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ եթե անհրաժեշտ է լարել հակամարտությունը, դա կարող է անել այն կողմը, որը պաշտոնապես խնդիր չի տեսնում հակամարտությունը բացի բանակցային տարբերակից այլ ձևով լուծելու հարցում, այսինքն՝ Ադրբեջանը:
Մյուս կողմից, հարկ է ուշադրություն դարձնել, որ ներկայիս համաշխարհային քաղաքականությունն ավելի շատ միտված է բևեռացման, քան կոմպլեմենտարիզմի: ՌԴ-Թուրքիա հարաբերությունների լարման ֆոնին, եթե Ադրբեջանն ընտրի Ռուսաստանին, պետք է հրաժեշտ տա «եղբայրական» Թուրքիային: Թուրքիային, որը ՆԱՏՕ անդամ է, ամենևին պետք չէ, որ ռուսական կողմում ևս մի երկիր ավելանա: Ուստի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան չեն համագործակցել միմյանց հետ լարվածության ստեղծման գործում, Թուրքիան պետք է որ Ադրբեջանին աջակցող հայտարարություններ չաներ: Մինչդեռ Թուրքիան թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական դաշտում աջակցում էր Ադրբեջանին:
Սա է փաստում այն, որ ռազմական գործողությունների բռնկումից հետո Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունն օգտագործում էր կտրուկ ու կոշտ հայտարարություններ` Հայաստանն անվանելով ագրեսոր, անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին24։ Թուրքիան նույնիսկ իր անվստահությունը բարձրաձայնեց ԵԱՀԿ ՄԽ-ի հանդեպ, որի անդամ է նաև ինքը, բայց հաշվի չի առնում, որ ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունը չի կարող ընդգծված միակողմանի հայտարարություններ անել:
Վերը նշված պաշտոնական հաղորդագրությունների և հայտարարությունների համադրությունից կարող ենք եզրակացնել, որ այս անգամ Ռուսաստանը չէ, որ սկսել է օգտագործել ադրբեջանական գործոնը տարածաշրջանային լարվածությունն ուժեղացնելու համար: Այդ գործոնն այժմ օգտագործում է Թուրքիան, որը ՆԱՏՕ անդամ է և լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ:
Այս ամենին Ռուսաստանն արձագանքեց բավական սառը հայտարարություններով25, որոնք հակամարտության կողմերին կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները: Ռուսական կողմից չեղավ ոչ մի հայանպաստ հայտարարություն: Մինչդեռ այդ հայտարարությունն իսկապես ակնկալվում էր ՀՀ ղեկավարության և հասարակության կողմից:
Ռուսական կողմի նման պահվածքը նպատակ ուներ ցույց տալու, որ եթե Սիրիայում Ռուսաստանը չգնաց իրադրության լարման և չմտավ Թուրքիայի հետ ռազմական բախումների մեջ, ապա Լեռնային Ղարաբաղի դեպքում, առավել ևս, նման քայլի չի դիմի:
Այս համատեքստում կարևոր հաղորդագրություն էր նաև Ադրբեջանի կողմից հենց ռուսական ծանր զենքերի օգտագործումը ռազմական գործողությունների ժամանակ26։ Թե՛ Արևմուտքը, թե՛ Ադրբեջանը քաջ գիտակցում են, թե ինչ մեծ բողոքի ալիք կբարձրանա Հայաստանում, երբ հայի վրա կրակեն այն պետության զենքից, որին ինքը դաշնակից է համարում:
Հակառուսական մեծ ալիքի բռնկումը «մեկ զենքով երկու նապաստակ խփելու» մտադրություն ուներ: Առաջին նպատակն այն էր, որ Հայաստանում ևս հակառուսական մեծ հասարակական դժգոհություն կառաջանա, ինչն իշխանություններին հիմք կտա Ռուսաստանին պնդել դրսևորել գործուն հայանպաստ քաղաքականություն, այլ ոչ թե հավասարություն դնել կողմերի միջև: Այստեղ հնարավոր է իրադրության զարգացման երկու սցենար: Առաջին դեպքում Ռուսաստանի նման քայլով հակամարտութունը, բնականաբար, ավելի կսրվեր` հանգեցնելով դրա բռնկման գլխավոր նպատակին` ռուս-թուրքական բախմանը: Երկրորդ դեպքում Հայաստանը կարող էր պահանջել հեռացնել ռուսական բազան իր երկրից, որով ոչ միայն կթուլանային Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, այլև Թուրքիայի վրա ազդեցության ևս մի կետ կփակվեր Ռուսաստանի համար: Սակայն այստեղ հաշվի չէր առնվել, որ Հայաստանն ամենևին էլ այն ժողովրդավարական պետությունը չէ, որ հաշվի նստի հասարակության կարծիքի հետ, կամ այնքան հզոր չէ, որ դեմ գնա Ռուսաստանին:
Մյուս խնդիրը Հայաստանում հակառուսական ալիքի բորբոքումն էր ԱՄՆ և ԵՄ դրական կերպարի ֆոնին: Այն դեպքում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որով վերջինս կրակում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակցին, Եվրոպական միության խորհրդարանում հնչում են հայանպաստ կամ չեզոք կարծիքներ, Ադրբեջանը մեղադրվում է ագրեսիայի, Ռուսաստանը` Ադրբեջանին զենք վաճառելու մեջ27։ Այն դեպքում, երբ Ռուսաստանը ձգտում է ստատուս քվոյի պահպանմանը, ԵՄ-ը խոսում է դրա անթույլատրելիության մասին:
Այս ամենի հետ մեկտեղ ակտիվանում են ամերիկյան փափուկ ուժը ներկայացնող մի շարք հայաստանյան հասարակական կազմակերպություններ, հակառուսական դիրքորոշում ունեցող քաղաքական կազմակերպություններ և անհատներ, որոնք իրենց նպաստն են բերում ոչ միայն հակառուսականության տարածմանը, այլև Արևմուտքին և ԱՄՆ-ին ներկայացնում են որպես այն միակ կողմերը, որոնք ցանկանում են իսկապես լուծել ղարաբաղյան հակամարտությունը28։
Այն, որ Ռուսաստանը միշտ էլ ձգտել է ստատուս քվոյի պահպանմանը, չենք կարող ժխտել, բայց որ Արևմուտքն իսկապես ցանկանում է լուծել խնդիրը՝ չենք կարող հաստատել, դրան գումարած նաև այն, որ մադրիդյան սկզբունքների իրականացումն այն չէ, ինչ ակնկալում է Հայաստանը որպես հակամարտության լուծում:
Չենք կարող բացառել նաև, որ նույն սցենարն ավելի կազմակերպված ձևով չի կրկնվի: Եթե ավելի քան 20 տարի շարունակ ղարաբաղյան հակամարտության ռազմական և բանակցային դաշտում որևէ էական փոփոխություն չի արձանագրվել, դրա պատճառն այն է եղել, որ տարածաշրջանում իրադրության էական փոփոխություն չի եղել: Այսօր, սակայն, տարածաշրջանը բուռն աշխարհաքաղաքական մարտի մեջ է: Այդ մեծ խաղում յուրաքանչյուր հակամարտություն, այդ թվում` ղարաբաղյանը, կարող է օգտագործվել որպես հաղթանակի հասնելու մի փոքր մաս:
Հաշվի առնելով ստեղծված դրությունը՝ իրավիճակային վերլուծության արդյունքում կարող ենք հանգել այն եզրակացության, որ Հայաստանի համար որպես արդյունավետ քայլ կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը և ներգրավումը բանակցային գործընթացներում, որտեղ արդեն կքննարկվեն ԼՂՀ-ի և ԱՀ-ի միջև առկա մյուս խնդիրները, մասնավորապես՝ սահմանների ճշգրտումը, փախստականների հարցերը, սահմանում իրադրության հնարավոր փոփոխությունների սցենարների դեպքում իրադրության անկայունացում թույլ չտվող քայլերի հստակեցումը և այլն:
Սա Հայաստանին տալիս է մի շարք առավելություններ: Նախ՝ ՀՀ-ն կարող է այս դեպքում ցանկացած պահի դուրս գալ բանակցություններից` չխաթարելով բանակցային գործընթացը: Այն թեզը, թե ԼՂՀ ճանաչումը կազդի բանակցային գործընթացի վրա, այստեղ արդեն չի գործում, քանի որ բանակցային գործընթացն արդեն իսկ խաթարված է պատերազմի բռնկման պատճառով: Պատահական չէ, որ ԵԱՀԿ ՄԽ կոչերը վերաբերում են ոչ թե բանակցությունների շարունակմանը, այլ դրանց սկսմանը, հակամարտության կողմերի՝ բանակցությունների սեղանին վերադառնալուն: ԼՂՀ ճանաչումը ՀՀ-ի կողմից ավելի է ընդլայնում հնարավորությունները` ԼՂՀ-ին բերելու բանակցությունների դաշտ, քանի որ ՀՀ-ն ցանկացած պահի կարող է դուրս գալ բանակցություններից` թողնելով այն երկու պետություններին` Ադրբեջանին և ԼՂՀ-ին:
Երբեք չի կարելի բացառել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի ճանաչումից հետո ԼՂՀ ճանաչումն այլ պետությունների կողմից տեղի չի ունենա: Խոսքն, իհարկե, միանգամից տեղի ունեցող գործընթացի մասին չէ, այլ հայկական սփյուռքի և լոբբիի կողմից նախապես կատարվելիք հետևողական աշխատանքի մասին:
Այս դեպքում Ադրբեջանի ագրեսիան կդիտվի ոչ թե որպես ներքին, այլ որպես արտաքին ագրեսիա` անկախ պետության ագրեսիան մեկ այլ անկախ պետության նկատմամբ: Ռազմական գործողությունների բռնկման դեպքում դրանք պաշտոնապես կլինեն երկու անկախ պետությունների միջև:
ՀՀ-ի կողմից այս քայլի իրականացումից հետո հնարավոր է ադրբեջանական ագրեսիայի ևս մեկ բռնկում, որին, սակայն, ավելի պատրաստ կլինենք: Հարկ է միշտ հիշել, որ ռազմական գործողությունների բռնկման հավանականությունը ցանկացած բանակցային արդյունքի դեպքում կպահպանվի, քանի դեռ ադրբեջանական հասարակությունը սնվում է հակահայկական քարոզչությամբ:
Սա բավական լուրջ քայլ կլինի ստատուս քվոյից հրաժարվելու, հակամարտության շուրջ նոր իրավիճակ ստեղծելու, բանակցություններին նոր ընթացք տալու համար: Սակայն դրա իրականացումը պահանջում է քաղաքական վճռական կամքի առկայություն, պատմական շրջադարձի ցանկություն: Այս որոշման կայացումն ունի մեծ հնարավորություններ խնդրի հայանպաստ լուծումն ապահովելու համար, բայցև պահանջում է վճռական գործողություններ: Այն արտաքին ճնշումների և թուրքական հիստերիայի նոր ալիքի պատճառ կարող է դառնալ, սակայն թույլ չի տա, որպեսզի այլ պետություններ օգտվեն ստեղծված իրավիճակից և Ադրբեջանին յուրաքանչյուրն իր կողմը գրավելու համար շահարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այդ շահարկումներն, անշուշտ, շարունակական են դարձնելու սահմանային լարվածությունը:
1 ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն տվեց Ռուսաստանի սահմանից դուրս ռուսական զինված ուժերի կիրառմանը՝ նպատակ ունենալով աջակցել ՍԱՀ կառավարական ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, http://council.gov.ru/press-center/news/59272/: Նույն օրը Սիրիայում ռուսական օդուժն առաջին հարվածը հասցրեց ԻՊ դիրքերին, http://syria.mil.ru/syria.htm?f=111&blk=12059235&objInBlock=5:
2 ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը սկսել է 2014թ. սեպտեմբերի 22-ից, http://www.defense.gov/News-Article-View/Article/603300/us-begins-airstrikes-against-isil-in-syria:
3 Սիրիայի նախագահ Ասադը պետք է հեռանա. Օբամայի առաջին հայտարարությունը Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից 5 ամիս անց, Obama: Syrian President Assad must step down, 2011թ., օգոստոսի 18, https://www.washingtonpost.com/blogs/checkpoint-washington/post/obama-syrian-president-assad-must-step-down/2011/08/18/gIQAM75UNJ_blog.html
4 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, Путин назвал основную задачу российских военных в Сирии, http://www.interfax.ru/russia/472593:
5 Fox News-ի հարցազրույցը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որտեղ Օբաման խոստովանում է, որ Լիբիա ներխուժումը սխալ քայլ է եղել, http://video.foxnews.com/v/4839779084001/exclusive-president-barack-obama-on-fox-news-sunday/?#sp=show-clips:
6 The Syrian Observatory for Human Rights, Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբ, գտնվում է Լոնդոնում, պարբերաբար տեղեկություններ է տալիս ռուսական օդուժի ավիահարվածների արդյունքում տուժած քաղաքացիական բնակչության մասին, http://www.syriahr.com/en/?s=Russian: Ուշագրավ է նաև բրիտանական Telegraph-ի «Russian air strikes “kill more civilians than Isil fighters”» վերնագրով հոդվածը, http://www.telegraph.co.uk/news/worldnews/middleeast/syria/12113905/Russian-air-strikes-kill-more-civilians-than-Isil-fighters.html:
7 ՌԴ ՊՆ Գերագույն շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, փոխգնդապետ Սերգեյ Ռուդսկիի ճեպազրույցը, НТВ հեռուստաալիք, http://www.ntv.ru/video/1235500/:
8 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին ստորագրեց Թուրքիայի դեմ առաջին պատժամիջոցների հրամանագիրը, Указ о мерах по обеспечению национальной безопасности России и защите граждан России от преступных и иных противоправных действий и о применении специальных экономических мер в отношении Турции, http://www.kremlin.ru/acts/news/50805:
9 Russia deploys missiles in Syria after Turkey shoots down bomber, http://www.foxnews.com/world/2015/11/25/russia-rescues-pilot-downed-warplane-from-rebel-territory.html
10 Putin vs. Erdogan: NATO Concerned over Possible Russia-Turkey Hostilities, http://www.spiegel.de/international/world/nato-worried-about-possible-turkey-russia-hostilities-a-1078349.html
11 As it happened: Russia warplane shot down in Syria: Key points, http://www.bbc.com/news/live/world-middle-east-34908469.
12 Tensions rise as Russia says it's deploying anti-aircraft missiles to Syria, http://edition.cnn.com/2015/11/25/middleeast/syria-turkey-russia-warplane-shot-down/.
13 Armenia pulled into Russia-Turkey clash in Syria, http://www.washingtontimes.com/news/2016/mar/2/armenia-pulled-into-russia-turkey-clash-in-syria/?page=all .
14 Այս մասին հայտնեց Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Ահմեդ ալ-Ասիրին Al-Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, The Guardian, http://www.theguardian.com/world/2016/feb/04/saudi-arabia-ground-troops-syria-fight-isis:
15 Մարտի 15-ից սկսվեց ռուսական օդուժի հիմնական մասի դուրսբերումը Սիրիայից, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգի, http://syria.mil.ru/news/more.htm?id=12080633@egNews:
16 Сирийские войска вошли в город Эль-Карьятейн, http://www.bbc.com/russian/news/2016/04/160403_al_qaryatai_syria_entered.
17 Saudi Arabia sends troops and fighter jets to military base in Turkey ahead of intervention against Isis in Syria, http://www.independent.co.uk/news/world/middle-east/saudi-arabia-sends-troops-and-fighter-jets-to-military-base-in-turkey-ahead-of-intervention-against-a6871611.html.
18 Փափուկ ուժ տերմինն առաջ է քաշել ամերիկացի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը 1990թ.: Ի տարբերություն կոշտ ուժի (ռազմական և տնտեսական), փափուկ ուժի դեպքում օգտագործվում են ոչ շոշափելի ռեսուրսներ՝ արժեքներ, մշակույթ, քաղաքական ուղղություններ և կառույցներ, որպեսզի օրակարգ սահմանելու և գրավելու միջոցով համոզեն այլ պետություններին կամ պետությունների խմբին ինչ-որ քայլ անել կամ չանել:
19 Խոսքն Ուկրաինայում 2004թ. տեղի ունեցած նարնջագույն, 2014-2015թթ. տեղի ունեցած Մայդանի հեղափոխությունների մասին է: Իսկ Իրաքի և Լիբիայի դեպքերը տարբերվում էին «արաբական գարնան» մյուս երկրներից նրանով, որ այս երկրներում ԱՄՆ-ը գործում էր ոչ միայն քաղաքական, այլև ռազմական դաշտում:
20 Ալիևն ու Էրդողանը հանդիպել են, 2016, մարտի 15: Հանդիպումը նվիրված էր Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի խորհրդի 5-րդ նիտին, http://armenpress.am/arm/news/839469/alievn-u-erdoxany-handipel-en.html:
21 Secretary Kerry's Meeting With Azerbaijani President Ilham Aliyev, http://www.state.gov/r/pa/prs/ps/2016/03/255351.htm.
22 Readout of the President’s Meeting with President Recep Tayyip Erdogan of Turkey, https://www.whitehouse.gov/the-press-office/2016/03/31/readout-presidents-meeting-president-recep-tayyip-erdogan-turkey.
23 CNN:Tensions escalate between Armenia and Azerbaijan, Interviews with Ministers of Foreign Affairs Mammadyarov (Azerbaijan) and Mirzoyan (Nagorno Karabakh Rebublic), https://www.youtube.com/watch?v=3eGslwx49SQ:
24 Էրդողանը շտապել է աջակցություն հայտնել «փոքր եղբորը», http://armenpress.am/arm/news/841909/erdoxany-shtapel-e-ajakcutyun-haytnel-poqr-exbory.html:
25 ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը՝ կատարված ապրիլի 2-ին, որտեղ կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, «Заявление официального представителя МИД России М.В. Захаровой в связи с событиями вокруг Нагорного Карабаха», http://www.mid.ru/web/guest/foreign_policy/international_safety/conflicts/-/asset_publisher/xIEMTQ3OvzcA/content/id/2199325:
26 ԼՂՀ ՊՆ հայտարարությունները, Ադրբեջանի կողմից «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և «ТОС» ծանր հրետանային համակարգ կիրառելու մասին, http://nkrmil.am/main/am/newsMore1257.html, (05/04/16 [08:35]), http://nkrmil.am/main/am/newsMore1253.html (04/04/16 [13:30]):
27 ԵՄ խորհրդարանի նիստ (12.04.2016), Situtaion in Nagorno-Karabakh (Debate), http://www.europarl.europa.eu/ep-live/en/plenary/video?debate=1460489512342:
28 «Ձեռքներդ հեռու Արցախից» բողոքի երթ դեպի ՀՀ ԱԳՆ և ՌԴ դեսպանատուն, http://www.1in.am/1896805.html:
Աղբյուրներ և գրականություն
1. M.Albright, Memo to the President Elect. How we can Restore America`s Reputation and Leadership, NY, 2008:
2. Joseph S. Nye, JR., Soft Power: The Means to Success in World Politics, NY, 2004.
3. Jerrold M. Post, The Mind of the Terrorist: The Psychology of Terrorism from the IRA to Al Qaeda, NY, 2007:
4. Henry Nau, America`s Identity, Democracy Promotion and National Interests, Beyond Realism, Beyond Idealism, Michael Cox, American Democracy Promotion: Impulses, Strategies, and Impacts, NY, 2002:
5. G. John Ikenberry, Liberal Order Building, M. Leffler, J. Legro, To Lead the World, American Strategy After the Bush Doctrine, NY, 2008:
դեպի ետ