• am
  • ru
  • en
Версия для печати
12.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 2008-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

   

Էդգար Հովհաննիսյան
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ

Տարբեր պատճառներով օտար երկրներում հայտնված զանգվածների սփյուռքացման գործում կարևոր դերակատարում ունեն Հայրենիքի գաղափարը և հարաբերությունները հայրենի պետության հետ: Մեր հայրենակից, սփյուռքի հարցերի հայտնի տեսաբան Խաչիկ Թեոլեոլյանը սփյուռք երևույթի բնութագրական կողմերից է համարում «ինստիտուցիոնալ կապը սփյուռքյան տարբեր համայնքների և հայրենիքի միջև» [1, p. 10-11]: Իսկ ըստ ֆրանսիացի տեսաբան Ստեֆան Դյուֆուայի. «Սփյուռքը որևէ այլ բան չի նշանակում, քան տեղափոխման գաղափար և կապերի պահպանում իրական կամ մտացածին հայրենիքի հետ» [2, p. 2]: Այսինքն՝ ցանկացած սփյուռքի համար հայրենիքի հետ կապերն ունեն կենսական նշանակություն:

Հայկական սփյուռքի ձևավորումից սկսած՝ կապերը Հայրենիքի հետ գոյություն են ունեցել, սակայն քաղաքական պատճառներով պայմանավորված՝ այդ հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են բովանդակային տարբեր դրսևորումներ, հաճախ էլ հարաբերություններ որպես այդպիսին գրեթե գոյություն չեն ունեցել: Եթե 1920-1930-ական թթ. Սփյուռքի հարաբերությունները խորհրդայնացված հայրենիքի հետ կարելի է բնութագրել որպես բարեգործական գործունեության շրջան1, ապա 1960-1980-ական թվականները հիմնականում կարելի է բնորոշել որպես մշակութային հարաբերությունների շրջան2: 1988թ. արցախյան շարժման մեկնարկով և 1991թ. Հայաստանի անկախացումով, ի թիվս այլ բնույթի հարաբերությունների, սկիզբ է դրվում Հայաստան-Սփյուռք քաղաքական հարաբերությունների ժամանակաշրջանին:

Այսպիսով, 1991թ. Հայաստանի քաղաքական անկախացումից հետո Հայկական սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ ստեղծվեցին: Անկախության տարիներին ստեղծվեցին նաև մի շարք պետական գործիքներ և ձևաչափեր, որոնք պետք է իրականացնեին և համակարգեին ՀՀ պաշտոնական քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ:

Սակայն հարկ է նշել, որ անկախության քառորդդարյա գոյության ընթացքում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները չընթացան կայուն զարգացման հետագծով: Դրանում երբեմն արձանագրվեցին վայրէջքներ, երբեմն՝ վերելքներ, որոնք պայմանավորված էին ներքաղաքական, ինչպես նաև արտաքին մի շարք գործոններով: Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում կարևոր հանգամանք է Հայաստանում իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժի դիրքորոշումը Սփյուռքի նկատմամբ: Վերջին 25 տարիներին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման դինամիկան մեծ մասաբ կապված է եղել ՀՀ երեք նախագահների՝ Հայկական սփյուռքի նկատմամբ դիրքորոշումների և մոտեցումների հետ: Այդ դիրքորոշումներում գլխավոր դերակատարում է ունեցել այն հարցադրումը, թե արդյոք ինչպիսի քաղաքական հարաբերություններ պետք է ունենալ Սփյուռքի հետ, և ինչ դերակատարում պետք է ունենա Հայկական սփյուռքը Հայաստանի Հանրապետության թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կյանքում: Պետք է նշել, որ անկախության նվաճումից հետո տարբեր ժամանակաշրջաններում հանրապետությունում իշխանության ղեկին հայտնված քաղաքական ուժերը երբեմն նույնիսկ միմյանցից արմատապես տարբերվող մոտեցումներ են ունեցել այս հարցերում: Ուստի, ելնելով դրանից՝ անկախության տարիներին Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կարելի է բաժանել երեք շրջափուլի՝ պայմանավորված երեք նախագահների կառավարման տարիներով և Սփյուռքի նկատմամբ վերջիններիս իրականացրած քաղաքականությամբ:

Այսպես, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնականում դեմ է եղել Սփյուռքի քաղաքական դերակատարության մեծացմանը ՀՀ ներքաղաքական կյանքում: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, որը կարևոր կռվան է հանդիսանում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, ապա դրանք բնորոշվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում բավական զուսպ քաղաքականությամբ: Վերջինս գտնում էր, որ Սփյուռքի հետ փոխադարձ անհասկացողությունն ու անվստահությունն այնքան ժամանակ կլինեն, քանի դեռ Սփյուռքի առաջնորդները չեն հաշտվել այն մտքի հետ, որ քաղաքականությունն արվում է Հայաստանում [3, էջ 105]:

Սփյուռքի հետ կապված հարցերում հանրապետության առաջին նախագահից տարբերվող դիրքորոշում ուներ 1998թ. նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս կատարած մի շարք քայլեր Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ջերմացման ազդակներ հանդիսացան: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը կոշտացրեց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հռչակեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից [4, էջ 548-549], իսկ սփյուռքյան առանցքային քաղաքական կազմակերպություններից մեկը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, դարձավ իշխանության մաս: ՀՀ երկրորդ նախագահը փորձեց նաև Հայաստան-Սփյուռք երեք համաժողովների միջոցով ավելի սերտացնել հարաբերությունները Սփյուռքի հետ: Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին վերացվեց երկքաղաքացիության սահմանադրական արգելքը, իսկ 1998թ. Արտաքին գործերի նախարարությունում ձևավորվեց Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն, այնուհետև` գործակալություն, որը հանդիսանալու էր առաջին պետական մարմինը, որը համակարգելու էր Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների երրորդ փուլը համընկնում է նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների հետ, որի ընթացքում, պայմանավորված Սերժ Սարգսյանի ունեցած մոտեցումներով և իրականացրած քաղաքականությամբ, Հայաստան-Սփյուռք հարաբերություններն էական որակական և կազմակերպական բնույթի փոփոխություններ կրեցին:

2008թ. նախագահական ընտրությունների արդյունքում ՀՀ երրորդ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը: Շատ փորձագետների կանխատեսմամբ՝ նոր նախագահը պետք է ուղղակի շարունակողը հանդիսանար նախորդ նախագահի ներքին և արտաքին քաղաքականության: Սակայն իշխանության գալով՝ Սերժ Սարգսյանը որդեգրեց միանգամայն նոր մոտեցումներ թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական մի շարք հարցերում:

Նախորդ երկու նախագահներից տարբեր էին նաև Սերժ Սարգսյանի դիրքորոշումները Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում: Հանրապետության երրորդ նախագահի քաղաքական ծրագրերի կարևոր մասը կազմեց Հայկական սփյուռքի հետ հարաբերությունների ակտիվացումը: Նշենք, որ 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նախագահի գրեթե բոլոր թեկնածուներն իրենց ծրագրերում առանձին բաժիններ էին հատկացրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին3: Սերժ Սարգսյանը 2008թ. նախագահական ընտրություններից առաջ հրապարակած իր նախընտրական ծրագրում, անդրադառնալով Հայկական սփյուռքի հետ կապված հարցերին, նշում է, որ «...այսուհետ հնարավոր չէ մշակել և իրականացնել որևէ գլոբալ ծրագիր` առանց այս գործոնը (նկատի ունի Հայկական սփյուռքը- Է.Հ.) հաշվի առնելու»4: Վերջինիս նախընտրական ծրագրից ակնհայտ էր, որ նախագահ դառնալու դեպքում Սերժ Սարգսյանը Սփյուռքի նկատմամբ իրականացնելու է այնպիսի քաղաքականություն, որտեղ էապես կարևորվելու էր Սփյուռքի դերը ՀՀ թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Նախագահ ընտրվելուց հետո, արդեն երդման արարողության ժամանակ՝ 2008թ. ապրիլի 9-ին, նորընտիր նախագահը հայտարարում է. «Կառուցելու ենք այն Հայաստանը, որը կմիավորի համայն հայությանը, այնպիսի Հայաստան, որ կլինի բոլոր հայերի հայրենիքը: Իմ ջանքերն ուղղված են լինելու համազգային նպատակների իրագործմանը, սերունդների միջև կապն առավել ամրապնդելուն, տարբեր սոցիալական խմբերի շահերը համատեղելուն, ազգային փոքրամասնությունների ու հայապահպանության խնդիրներին»5։ Իր նախընտրական ծրագրում Սերժ Սարգսյանը հայտարարել էր նաև Սփյուռքի նախարարություն ստեղծելու մասին: Վաղուց հասունացել էր անհրաժեշտությունը՝ ունենալու մի կառույց, որը կհանդիսանար Հայաստանի Հանրապետության՝ Սփյուռքի նկատմամբ քաղաքականության անմիջական իրականացնողն ու համակարգողը: Նախագահ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանի առաջին ձեռնարկներից մեկը եղավ այդ նախարարության հիմնումը: Նման նախարարություն ունենալու միտքը հնչել էր դեռևս Հայաստան-Սփյուռք երկրորդ համաժողովի ժամանակ, սակայն դրա իրագործողը հանդիսացավ Սերժ Սարգսյանը: 2008թ. հոկտեմբերից արդեն ՀՀ կառավարության կազմում սկսեց գործել Սփյուռքի նախարարությունը6: Նորաստեղծ նախարարությունը հանդիսանալու էր «...որպես պետական գործիք Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման քաղաքականությունն ամբողջական և արդյունավետ դարձնելու» [5, էջ 20]: Սփյուռքի նախարարությունը Հայաստանի Հանրապետության նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է Հայաստանի և Սփյուռքի հետ կապերի ամրապնդման, Սփյուռքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ գործակցության զարգացման, հայապահպանության, Սփյուռքի ներուժի հայտնաբերման, հայրենադարձության ծրագրերի մշակման և նախարարության իրավաuությանը վերապահված այլ բնագավառներում Հայաuտանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը7: Այս քայլը դրականորեն ընդունվեց Սփյուռքի հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: Սփյուռքի նախարարության ստեղծումով բացվում էր նոր փուլ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:

Նախարարության ստեղծումից հետո, 2009թ. օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համար մի կարևոր փաստաթուղթ՝ «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը» [6]: «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը» սահմանում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները, գերակա ուղղությունները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները: Պետական քաղաքականությունը Հայաստան-Սյուռք գործակցության բնագավառում իրավական, տնտեսական, դիվանագիտական, կրթական, մշակութային, տեղեկատվական, կազմակերպչական հարաբերությունների ամբողջությունն է, որն ուղղված է հայապահպանության խնդիրների լուծմանը և ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում Սփյուռքի համակարգված մասնակցությանը: Հայեցակարգը հռչակում է Հայաստան-Սփյուռք «հայաստանակենտրոն» գործակցության զարգացման մասին:

«Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգում» նախանշված է, որ Հայաստան-Սփյուռք գործակցությանը համահայկական ընդգրկում հաղորդելու, համազգային, համամարդկային խնդիրները համատեղ քննարկելու և սկզբունքները որոշելու, պետական մարմինների գործունեությանը համահայկական բնույթ հաղորդելու և դրանց միջև Հայաստան-Սփյուռք գործակցությանը նվիրված համագործակցություն ապահովելու նպատակով ՀՀ նախագահի ղեկավարությամբ նախատեսվում էր ստեղծել համահայկական կենտրոնական մարմին՝ Ազգային խորհուրդ [6, էջ 27]: Ազգային խորհուրդն ունենալու էր ազգային-հասարակական խորհրդատվական բնույթ, որը քննության առարկա էր դարձնելու համազգային առաջնահերթությունները, համահայկական հիմնահարցերը: ՀՀ և ԼՂՀ պետական կառույցները Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականությունը մշակելիս պետք է հաշվի առնեն Ազգային խորհրդի երաշխավորությունները: Ազգային խորհուրդը դառնալու էր համահայկական ներկայացուցչական մարմին, որը, թեև ըստ այս հայեցակարգի ունենալու էր խորհրդատվական բնույթ, սակայն կարևոր դերակատարում էր ունենալու համահայկական բնույթի հարցերում կայացված որոշումներում: Ազգային խորհրդում ընդգրկվելու էին ՀՀ և ԼՂՀ պետական պաշտոնյաներ, Սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ, հայտնի անհատներ, հոգևորականներ: Ապագայում նման համահայկական կառույցի ստեղծումը լիովին համապատասխանում է Սփյուռքի նկատմամբ իրականացվող քաղաքականության հարցում Սերժ Սարգսյանի ունեցած դիրքորոշումներին: Դատելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգի Ազգային խորհրդի ստեղծման վերաբերյալ դրույթներից՝ կարելի է ենթադրել, որ հենց այս կառույցին էր վերապահվելու Հայաստան-Սփյուռք միասնական քաղաքական օրակարգի մշակման հարցը, որն օրակարգային խնդիր է նաև այսօր:

Բացասական ձևակերպումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք այս հատվածը շարադրել հետևյալ կերպ. «Ազգային խորհրդի գաղափարը գործնականում կյանքի կոչելու նպատակով՝ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը8 հետագայում վերանվանել «Համահայկական խորհուրդ»9:

Սփյուռքի նախարարություն ստեղծելուց հետո Սփյուռքի նկատմամբ ՀՀ քաղաքականության համակարգման և միասնականացման անհրաժեշտություն էր առաջացել: Ուստի, 2013թ. Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով Սփյուռքի նախարարությունը ճանաչվում էր որպես գլխադասային մարմին հայկական սփյուռքի հետ հարաբերությունների բնագավառներում10: Նույն այդ հրամանագրով Սփյուռքի նախարարությանն իրավունք էր վերապահվում ուղղակիորեն աշխատել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցերով, իսկ ՀՀ գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմիններին հանձնարարվում էր Սփյուռքի նախարարության հետ նախապես քննարկել Հայաստան-Սփյուռք գործակցության ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Նշված հրամանագրում կարևոր էր ևս մեկ կետ, որը նախատեսում էր Սփյուռքի ներկայացուցիչների ներգրավումը Սփյուռքին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի և այլ մարմինների կազմում: Սրանով կարևոր քայլ էր կատարվում Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում. Սփյուռքի կառույցների ներկայացուցիչները հնարավորություն էին ստանում անմիջական մասնակցություն ունենալ հայկական սփյուռքի նկատմամբ ՀՀ քաղաքականության մշակաման գործընթացին: Պետք է նշել, որ Սփյուռքի նախարարության ստեղծումից հետո որոշ նախարարություններ շարունակեցին համակարգել հարաբերությունները Սփյուռքի հետ իրենց գերատեսչական ոլորտների շրջանակներում: Մասնավորապես, Մշակույթի նախարարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի բնագավառում, իսկ Կրթության և գիտության նախարարաության կազմում մինչ օրս գործում է Սփյուռքի հետ կապերի բաժինը, որին էլ վերապահված է Հայրենիք-Սփյուռք կրթական ոլորտի գործունեության համակարգումը11:

2008թ. նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քաղաքական գործընթաց: Հայ-թուրքական հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի համար կարևորագույն խնդիր են: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ցանկացած զարգացում ուղղակիորեն առնչվում է նաև Սփյուռքին, ուստի հայ-թուրքական հարաբերությունները ոչ միայն Հայաստան-Թուրքիա, այլև Հայաստան-Սփյուռք-Թուրքիա հարաբերություններ են:

2008թ. հունիսի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, և ինքը պատրաստվում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրել Երևան` դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների՝ նույն տարվա աշնանը տեղի ունենալիք հանդիպումը12: Այս հայտարարությամբ սկիզբ դրվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված «ֆուտբոլային» դիվանագիտությանը: Այս ամենի արդյունքում 2009թ. ապրիլի 22-ին ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջնորդությամբ կնքեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզ» [7, с. 12]: Իսկ օգոստոսի 31-ին Հայաստանը և Թուրքիան նախաստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները13:

Այս փաստաթղթերի վերաբերյալ Սփյուռքի արձագանքը հիմնականում խիստ բացասական էր: Հասկանալի է, թե ինչ էմոցիոնալ մոտեցում ունի Սփյուռքը ցեղասպանության հետ կապված հարցերում, և նման արձագանքը կանխատեսելի էր: Սփյուռքի հասարակական-քաղաքական շրջանակները գտնում էին, որ ՀՀ քաղաքական ու տնտեսական շահերով պայմանավորված չպետք է անարգվի ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս պայմաններում, 2009թ. հոկտեմբերի սկզբին պաշտոնական հայտարարություն տարածվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանը մեկնում է համահայկական ուղևորության` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սփյուռքի հետ քննարկումներ անցկացնելու համար14: Հոկտեմբերի 2-ին մեկնարկեց նախագահի ուղևորությունը հետևյալ երթուղով` Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ և Դոնի Ռոստով: «Ուզում եմ լսել աշխարհասփյուռ հայերի մտահոգությունները, որովհետև այսօրինակ ցավոտ հարցում այդպիսիք չլինել չեն կարող, ուզում եմ մտովի համադրել դրանք իմ սեփական մտահոգությունների հետ, ստուգել` արդյո՞ք կան կողմեր, որ հաշվի չեն առնվել կամ բաց են մնացել, արդյո՞ք կան հարցեր, որոնց լուծման համար հնարավորությունների ստեղծման փոխարեն հնարավոր է անզգուշաբար դռներ փակենք այս փուլում»,- ասել է նախագահ Սարգսյանը համահայկական ուղևորության ընթացքում Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ15: Հայաստանի անկախության ընթացքում սա, թերևս, ամենանշանակալի դեպքն էր, երբ ՀՀ իշխանությունները, երկրի նախագահի մակարդակով, փորձում էին երկրի արտաքին քաղաքականության իրականացման հարցում կարևորել Սփյուռքի դիրքորոշումը: Նախագահի այս այցելությունը նպատակ ուներ տարհամոզել Սփյուռքին հայ-թուրքական հարաբերությունների հարցում՝ դա հիմնավորելով ստեղծված մի շարք սոցիալ-տնտեսական և քաղաքական անհրաժեշտություններով:

Սակայն հանդիպումները գրեթե չփոխեցին Սփյուռքի վերաբերմունքն այդ հարցում: Պաշտոնական Հայաստանը ևս չհրաժարվեց իր որդեգրած քաղաքականությունից, որն ուղղված էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Սակայն Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությունը մեր անկախ պետականության պատմության մեջ, թերևս, առաջին դեպքն էր, երբ փորձ էր արվում ՀՀ արտաքին քաղաքականության կոնկրետ դրվագում ընդհանրացնել և նույնացնել Հայաստանի և հայկական սփյուռքի դիրքորոշումները, Հայաստանը: Նախագահի համահայկական ուղևորության ընթացքում նշված քաղաքներում տեղի ունեցան բողոքի ցույցեր: Կոշտ հայտարարություններով հանդես եկավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, արձանագրությունների վավերացմանը դեմ արտահայտվեցին Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Ռամկավար Ազատական և Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունները, ինչպես նաև մի շարք այլ կուսակցություններ ու միավորումներ: Իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որն այդ ժամանակ հանդիսանում էր հայաստանյան կոալիցիոն կառավարության մաս, դուրս եկավ կառավարության կազմից:

Այնուամենայնիվ, 2009թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ԱՄՆ, ՌԴ, ԵՄ և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն ստորագրում են հայ-թուրքական արձանագրությունները: Այս արձանագրությունների հետագա ճակատագիրը հայտնի է, երբ 2010թ. ապրիլի 24-ի նախօրյակին` ապրիլի 22-ին Հայաստանի իշխող կոալիցիան որոշում է կայացնում ՀՀ Ազգային ժողովում առկախել արձանագրությունների վավերացման ընթացքը [7, с. 13]: Դրան էլ հետևում է նախագահ Ս.Սարգսյանի կոչը, որով հայտարարվում էր ՀՀ-ի կողմից արձանագրությունների վավերացման ընթացքի կասեցման մասին16։

2013թ. Հայաստանում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները: Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում հայտարարում էր. «Առաջիկա տարիներին կմշակվեն Սփյուռքի հետ համագործակցության նոր ձևաչափեր»17: Պարզ էր դառնում, որ հանրապետության երրորդ նախագահին չեն բավարարում Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների արդյունավետության մակարդակը, և անհրաժեշտ էր փնտրել համագործակցության նոր ձևաչափ, որն արդեն իսկ գոյություն ունեցող կառույցների և ինստիտուտների հետ միասին խորացնելու էր Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները: Հայաստանյան քաղաքական էլիտան սկսեց այդ ձևաչափի մշակման կամ փնտրտուքի աշխատանքները: Այս ամենը որոշակիորեն արտացոլվեց նաև Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կազմակերպված Հայաստան-Սփյուռք համաժողովների ժամանակ վերջինիս արած առաջարկություններում, նաև որոշակիորեն ՀՀ նոր Սահմանադրության դրույթներում:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին շարունակեցին կազմակերպվել Հայաստան-Սփյուռք համաժողովներ18՝ որպես արդեն ավանդույթ դարձած կարևոր ձևաչափ Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում: 2011թ. սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք չորրորդ համաժողովը: Այն կազմակերպվել էր նորաստեղծ Սփյուռքի նախարարության անմիջական նախաձեռնությամբ և Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների համահայկական համաժողով էր հանդիսանում: Համաժողովին մասնակցում էր Սփյուռքի շուրջ 550 ներկայացուցիչ մոտ 50 երկրներից, որոնք ներկայացնում էին Սփյուռքի 151 կազմակերպություն [8]:

Հանդիսավոր նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահը: Ողջունելով և շնորհավորելով Հայաստանի անկախության 20–րդ տարեդարձի առթիվ` նա համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Հայրենիք-Սփյուռք գործակցությանն առնչվող այն հիմնախնդիրների վրա, որոնք կենսական են Հայրենիքի և Սփյուռքի հզորացման, ազգային միասնության, Ցեղասպանության ճանաչման, հայապահպանության համար: Իր խոսքում նախագահը նշեց. «Սփյուռքն ու Հայաստանը պետք է դառնան միմյանց շարունակություն» [8, թ. 6]: Համաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան Սփյուռքի քաղաքական կազմակերպությունների, եկեղեցական ու բարեգործական կառույցների ղեկավարներ:

Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի հանդիսավոր բացմանը հաջորդեց լիագումար նիստը: Համաժողովի մասնակիցները կամավորության ու նախընտրության սկզբունքով բաժանվեցին չորս (լեզվի և կրթության հիմնախնդիրներ, երիտասարդության հիմնախնդիրներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության մասին, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման կառուցակարգերի մասին) թեմատիկ խմբերի:

Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովը տեղի ունեցավ 2014թ. սեպտեմբերի 18-21-ը: Հերթական այս համաժողովին մասնակցում էր ավելի քան 1000 ներկայացուցիչ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Ընդլայնվել էր մասնակցության աշխարհագրությունը, համաժողովին մասնակցելու նպատակով Հայրենիք էին ժամանել աշխարհի շուրջ 60 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները՝ 741 մասնակից, Արցախը ներկայացնում էր 20 մասնակցից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում էին 310 պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես եկան հայաստանյան և սփյուռքյան պետական և հասարակական-քաղաքական կառույցները ներկայացնող անձինք: Բացման պաշտոնական միջոցառումից հետո համաժողովի ընթացիկ աշխատանքներն այս անգամ ևս զուգահեռաբար շարունակվեցին չորս թեմատիկ նիստերով, որոնք կրում էին հետևյալ խորագրերը.

1. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը

2. Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները

3. Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները

4. Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի թեմատիկ նիստերից մեկի շրջանակներում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը19:

Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովը տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, մեծապես կարևորվեց համահայկական նշանակություն ունեցող այդ տարելիցին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությունը: Փաստորեն, 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը տրվեց հենց այս համաժողովում, երբ ընդունված Հայտարարության մեջ հռչակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հսկայածավալ շարժում սկսելու մասին՝ «Հիշում եմ և պահանջում…» կարգախոսով:

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը հանդես եկավ ՀՀ նախագահը, որը կարևորեց համաժողովի աշխատանքները, անդրադարձավ սիրիահայերի խնդիրներին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, միասնական ուժերով գործելու և հայության առջև ծառացած խնդիրները լուծելու անհրաժեշտությանը: Նախագահ Սարգսյանն առաջարկեց նաև, ինչպես արդեն վերը նշվեց, ստեղծել Համահայկական խորհուրդ, որը կդառնա համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մեկը20: Նշենք, որ համաժողովի ընթացքում սփյուռքահայ գործիչների կողմից բազմիցս առաջարկություն էր հնչել ՀՀ Ազգային ժողովում Սփյուռքի ներկայացուցիչների խումբ ստեղծելու մասին: Համաժողովի վերջում ընդունված Հայտարարության մեջ21 հավանություն տրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը 2015թ. ապրիլի 24-ից հետո վերանվանվի Համահայկական խորհուրդ՝ համակարգելու համազգային հրատապ խնդիրները: Նման կառույցի ստեղծումը կդառնա նոր ձևաչափ՝ համակարգելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և արդյունավետ լուծելու համահայկական նշանակության խնդիրները: Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը հայտարարեց նաև, որ ձեռնամուխ են եղել համահայկական հեռուստաընկերության ստեղծման աշխատանքներին: Նման հեռուստաընկերության ստեղծումը կարող է կարևոր գործիք դառնալ համահայկական տեղեկատվական անվտանգության համատեքստում: Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից ավելի քան երկու տարի անց դեռևս չի ստեղծվել Համահայկական խորհուրդը, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, այդ ուղղութամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:

2015թ. դեկտեմբերի 6-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանն ունեցավ նոր, բարեփոխված Սահմանադրություն, որով արմատապես փոփոխվում էր երկրի կառավարման համակարգը: Ինչպես հայտնի է, առաջարկվող բարեփոխումներով Հայաստանը դառնալու էր պառլամենտական հանրապետություն: Հանրաքվեի ներկայացված նոր Սահմանադրության նախագծում տեղ էին գտել նաև ՀՀ իշխանությունների մոտեցումները ՀՀ Սփյուռքի նկատմամբ իրականացվող քաղաքականության վերաբերյալ:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Հայաստանի անկախացումից հետո տարիների ընթացքում Սփյուռքի հետ հարաբերությունների կարևորությունը բարձրացվեց սահմանադրական նորմի աստիճանի, ինչն իր արտահայտությունը գտավ սահմանադրական փոփոխություններում։ Այսպես, ՀՀ 1995թ. ընդունված առաջին Սահմանադրության մեջ չկա որևէ խոսք Սփյուռքի կամ էլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին22: 2005թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում Սփյուռքի մասով ՀՀ Սահմանադրության մեջ տեղ գտավ հետևյալ ձևակերպումը. «Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստում է հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը»23: Ակնհայտ էր, որ այս փոփոխությունով Հայաստան պետությունը հավակնում էր Սփյուռքի հետ կապերի հետագա ամրապնդմանը, նաև հայտարարվում էր հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելու մասին: Նոր Սահմանադրությամբ հանվում էր նաև երկքաղաքացիության արգելքը:

Հաջորդ սահմանադրական փոփոխությունը մեր երկրում, ինչպես վերը նշվեց, տեղի ունեցավ արդեն 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Մինչ հերթական սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, 2014թ. հոկտեմբերին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հռչակվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որտեղ խոսվում էր ՀՀ նախագահի ընտրությանը Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցության հնարավորության մասին24: Նշենք, որ դեռևս 2011թ. հունվարին պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ աննախադեպ հայտարարություն էր արել այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը մտադիր է սահմանադրական փոփոխություններ կատարել, որոնք թույլ կտան ներգրավել սփյուռքահայերին ՀՀ պետական կառավարման համակարգում25: Նախարարը մասնավորապես նշում էր, որ խորհրդարանը պետք է կազմված լինի երկու՝ ներքին և վերին պալատներից. վերջինում էլ հենց պետք է ներգրավվեն սփյուռքահայերը: Նրա խոսքով, վերին պալատը կլինի Սենատը, որտեղ պետք է ընդգրկվեն Սփյուռքի ներկայացուցիչները: «Նախագահի առաջին քայլը եղել է Սփյուռքի նախարարության ստեղծումը, որից հետո մշակվել է լուրջ քաղաքականություն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Այնուհետև ներմուծվել է երկքաղաքացիության ինստիտուտը, իսկ երրորդ քայլը լինելու է խորհրդարանի վերին պալատի ստեղծումը, որի միջոցով Սփյուռքի հայերը հնարավորություն են ունենալու մասնակցել պետական կառավարմանը, քաղաքականության մշակմանը»,- ասել է Սփյուռքի նախարարը26:

Հայկական սփյուռքի հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչները հիմնականում ողջունել են երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարը:

Սակայն հետագայում համաժողովրդական հանրաքվեի դրված Սահմանադրության նախագծում վերը նշված դրույթը համապատասխան ձևակերպում չէր ստացել: Ակնհայտ էր, որ առաջարկվող բարեփոխումների հեղինակները դժվարացել էին գտնել արդյունավետ ձևաչափ, որով Սփյուռքը ներկայացուցչական մասնակցություն կունենար ՀՀ նախագահի ընտրություններին, թեև նոր Սահմանադրությամբ այդ պաշտոնն ավելի շատ կրում է խորհրդանշական բնույթ: Հայաստանի քաղաքական գործընթացներին Սփյուռքի ներգրավման և կառավարմանը մասնակից դարձնելու գաղափարը, թեկուզև խորհրդակցական ձայնի իրավունքով, հիմնականում հանդիսացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային դրույթներից մեկը: Սակայն, կարծում ենք, այս խնդիրը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ամենաբարդ հարցերից մեկն է: Քանզի, նախ, դժվար է ապահովել բազմաշերտ և ոչ միատարր հայկական սփյուռքի ներկայացուցչական մասնակցությունը: Հետո հստակեցված չեն ՀՀ կառավարմանը Սփյուռքի մասնակցելու ձևաչափը և լիազորությունների շրջանակը: Այս հարցում անհրաժեշտ է ցուցաբերել ծայրահեղ զգուշավորություն, որպեսզի այս քայլը չդառնա Սփյուռքի պառակտմանը նպաստող հավելյալ գործոն և չվտանգի Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:

2015թ. դեկտեմբերին ընդունված նոր Սահմանադրությունում ևս տեղ գտան դրույթներ Սփյուռքի վերաբերյալ: 19-րդ հոդվածը, որն անդրադառնում է հայկական սփյուռքի հետ կապերին, բաղկացած է երկու կետից.

1. Հայաստանի Հանրապետությունը հայկական սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը:

2. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը27։

ՀՀ նոր Սահմանադրության հայկական սփյուռքին վերաբերող դրույթը համեմատելով Սահմանադրության նախորդ տարբերակի հետ՝ պարզ է դառնում, որ նոր տարբերակում ավելացել է երկու կարևոր շեշտադրում՝ մեկը հայրենադարձության, մյուսը՝ հայապահպանության քաղաքականության մասով: Սրանով ցույց է տրվում, որ Հայաստան պետությունը հավակնում է Սփյուռքի հարցերում «էապես մեծացնել իր քաղաքական դերակատարությունը»: Այլ հարց է, թե իրականում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որքանով է հաջողվում այդ քաղաքականությունն իրագործել, կամ որքան է իրականացվող քաղաքականության արդյունավետության աստիճանը:

Այսպիսով, հետազոտության խնդրո առարկա հանդիսացող ժամանակահատվածում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման ուղղությամբ Հայաստանի քաղաքական ղեկավարության որդեգրած մոտեցումներն ունեցան նաև ակնառու գործնական դրսևորումներ: Կարևոր քայլեր կատարվեցին համակարգելու և ջերմացնելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, այդ նպատակով ստեղծվեցին մի շարք նոր պետական գործիքներ: Հարաբերությունները Սփյուռքի հետ ոչ միշտ ընթացան հարթ և առանց խնդիրների, սակայն մի բան հստակ է, որ Սփյուռքը և նրա կարծիքը երբեք չարհամարհվեցին համազգային նշանակություն ունեցող կարևոր հարցերում: Նշենք նաև, որ ՀՀ երրորդ նախագահի՝ համահայկական նոր կառույց ունենալու գաղափարի իրագործման եղանակների և ձևաչափի փնտրտուքը դեռևս շարունակվում է: Փաստենք նաև, որ դեռևս լուծված չէ Հայաստան-Սփյուռք միասնական քաղաքական օրակարգի ձևավորման հարցը: Կարծում ենք, եթե հաջողվի մշակել նոր համահայկական կառույցի արդյունավետ ձևաչափ, ապա վերջինիս կվերապահվի Հայաստան-Սփյուռք նոր միասնական քաղաքական օրակարգի մշակումը՝ ներքին և արտաքին արդի մարտահրավերներին համահունչ: Առաջիկա տարիներին հենց այս խնդրի իրագործմանը պետք է ուղղված լինեն համահայկական քաղաքական և մտավոր շրջանակների ջանքերը:

Հոկտեմբեր, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Tölölyan Kh., Redefining Diasporas: Old Approaches, New Identities. The Armenian Diaspora in an International Context, London, Armenian Institute, 2002.

2. Stephan Dufoix, Diasporas, Los Angeles, 2008.

3. Մելքոնյան Է., Հայաստանի երրորդ հանրապետության և սփյուռքի քաղաքական փոխհարաբերությունների հարցի շուրջ, Տարեգիրք, Երևան, 2012:

4. Պողոսյան Է., Անկախ պետականության հաստատման գործընթացը Հայաստանում (1991-2001թթ.), Երևան, 2003:

5. Հակոբյան Հ., ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, Տարեգիրք, Երևան, 2012:

6. Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգ, Հավելված ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 20-ի նիստի N34 արձանագրային որոշման, Երևան, 2010:

7. Искандарян А., Минасян С., Прагматичность политики сквозь реалии исторических ограничений: анализируя армяно-турецкий процесс, Ереван, 2010.

8. Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողով, Համաժողովի նյութեր, Երևան, 2011:

1 1920-1930-ական թթ. Խորհրդային Հայաստանում սփյուռքյան կազմակերպություններից գործունեության իրավունք էր տրված միայն Հայկական բարեգործական ընդհանուր միությանը:

21964թ. հիմնադրվում և մինչև 1980-ական թթ. վերջն ակտիվ գործունեություն է ծավալում Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն, որի գործունեությամբ էլ հենց պայմանավորվում են Հայաստան-Սփյուռք հարաբերություններն այդ ժամանակահատվածում:

3Բայադյան Հ., «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների» թեման նախագահի թեկնածուների ծրագրերում, 11 փետրվարի 2008, հասանելի է ՝ http://hetq.am/arm/news/31708/hayastan-spyurq-haraberutyunneri-teman-nakhagahi-teknatsuneri-tsragrerum.html

4Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիր (2008), http://www.president.am/u_files/file/docs/program_arm.pdf

5ՀՀ նախագահի պաշտոնական կայք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, ապրիլի 9, 2008թ., http://www.president.am/hy/domestic-visits/item/2008/04/09/news-32/

6ՀՀ կառավարության որոշումը «ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ Սփյուռքի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» (ընդունվել է 2008թ. սեպտեմբերի 11-ին): http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=78354

7Նույն տեղում:

8ՀՀ նախագահի 2011թ. ապրիլի 23-ի ՆՀ-67-Ա հրամանագրով ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով:

9ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման ժամանակ, տես՝ http://www.mindiaspora.am/am/Conferences/3418

10ՀՀ նախագահի հրամանագիրը հայկական սփյուռքի հետ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում միասնական քաղաքականության իրականացման մասին, տե՛ս http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=86167

11Հայաստան-Սփյուռք կրթական կապերի զարգացման տեսանկյունից կարևոր դերակատարում ունեն Համահայկական կրթական խորհրդաժողովները, որոնք կազմակերպվում են 2004թ. սկսած, երկամյա պարբերականությամբ: Վերջին՝ 7-րդ կրթական խորհրդաժողովը տեղի է ունեցել 2016թ. օգոստոսին Աղվերանում։

12Գեղամյան Վ., Հայ-թուրքական հարաբերությունները 2008-2010թթ., հետահայաց ամփոփում, տե՛ս http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5338

13ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք, Երկկողմ հարաբերություններ, http://www.mfa.am/hy/country-by-country/tr/

14Նախագահի համահայկական ուղևորությունը սփյուռքահայ գաղթօջախներ, http://www.president.am/hy/foreign-visits/item/2009/10/01/news-69/

15Նույն տեղում:

16ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. փետրվարին ԱԺ-ից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները:

17Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիր. Դեպի ապահով Հայաստան (2013), http://www.president.am/u_files/file/docs/election-programm-2013-hy.pdf

18Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովը տեղի է ունեցել 1999թ. սեպտեմբերի 22-24-ը Երևանում, երկրորդը՝ 2002թ. մայիսի 27-28-ը, երրորդը՝ 2006թ. սեպտեմբերի 18-20-ը:

19Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողով, տե՛ս http://www.mindiaspora.am/am/Conferences/3418

20ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը համաժողովի փակման արարողությանը, http://www.mindiaspora.am/am/Conferences/3418

21«Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի հայտարարությունը, հասանելի է՝ http://www.mindiaspora.am/am/Conferences/3418

22ՀՀ Սահամանադրություն (1995), http://www.arlis.am/documentview.aspx?docID=1

23ՀՀ Սահմանադրություն (2005), Գլուխ 1՝ Սահմանադրական կարգի հիմունքները, հոդված 11, տե՛ս http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75780

24ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ, http://www.parliament.am/library/sahmanadrakan%20barepoxumner/hayecakarg.pdf

25Հ. Յակոբեան Կը Հրապարակէ Սփիւռքը Ներառող Երկպալատ Խորհրդարան Ստեղծելու Նախագահի Ծրագիրը, http://www.armenia.com.au/news/Armenia-News/Armenian/2081/

26Երկպալատանի խորհրդարան. Պատրա՞ստ են արդյոք Հայաստանը և Սփյուռքը, փետրվարի 19, 2011թ., http://panarmenian.net/arm/politics/details/61991

27ՀՀ Սահմանադրություն (2015), Գլուխ 1՝ Սահմանադրական կարգի հիմունքները, հոդված 11, http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510


դեպի ետ