• am
  • ru
  • en
Версия для печати
07.06.2016

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՇՂԹԱՅԻ ՕՂԱԿՆԵՐՆ ԵՆ

Руский

   

Զարա Գևորգյան


Գիտության, տեխնոլոգիաների և կրթության վիճակը երկրում մեծապես պայմանավորում է ազգային շահերի պաշտպանվածությունը ներքին և արտաքին սպառնալիքներից՝ դրանով իսկ էապես ազդելով ազգային անվտանգության մակարդակի վրա. այս մասին է խոսվել «Անվտանգությունը և տեխնոլոգիաները» գիտաժողովում, որն անցած շաբաթ տեղի ունեցավ Երևանում, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում։

«ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ գիտելիքների առկայությունը և դրանք ճիշտ օգտագործել կարողանալն է,- ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։- Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմի իրողությունները ցույց տվեցին, որ մենք բաց հարցեր ունենք, որոնց լուծմանն անհրաժեշտ է ձեռնամուխ լինել լրջորեն և անհապաղ։ Մի քանի տարի առաջ մենք ծավալուն և հանգամանալի հետազոտություն էինք պատրաստել, որում ցայտուն ցույց էր տրված, որ համազգային, համապետական շատ խնդիրներ, որոնք կարելի է լուծել, չեն լուծվում հենց համապատասխան տեխնոլոգիաների բացակայության պատճառով։ Եվ դա վերաբերում է պետության կենսագործունեության բոլոր բաղադրիչներին՝ տեղեկատվական, տնտեսական, ժողովրդագրական, կառավարչական և այլն...»։

Իսկ ո՞վ պետք է ստեղծի տեխնոլոգիաներ։ Մարդիկ, ովքեր գիտելիքների են տիրապետում, իսկ նրանք, ցավոք, ավելի ու ավելի սակավաթիվ են դառնում։ Բավական է ասել, որ Հայաստանում զգալիորեն կրճատվել է գիտնականների, գիտաշխատողների թիվը, փաստ, որն ինքնին շատ բանի մասին է վկայում։

«Երկրի համար, որը գործնականում պատերազմի մեջ է գտնվում ագրեսիվ հարևանի հետ, նման վատնողական վերաբերմունքը գիտական, ինտելեկտուալ կադրերի հանդեպ աններելի է,- նշեց Գ.Հարությունյանը։- Հաճախ ենք լսում, որ Հայաստանն, ասենք, պետք է դառնա զարգացած զբոսաշրջության, սերվիսի և այլնի երկիր։ Լա՛վ, բայց դա բավական չէ, որովհետև, հաշվի առնելով շարունակական ռազմական սպառնալիքն Ադրբեջանի կողմից, առաջին տեղում մեզ համար պետք է լինի անվտանգության ապահովումը։ Իսկ դա այն խնդիրն է, որը պահանջում է պատասխանատվություն և համալիր, կշռադատված լուծումներ տնտեսության, ժողովրդագրության, սոցիալական, տեղեկատվական և այլ ոլորտներում, ինչն, իր հերթին, պահանջում է ստեղծել և կիրառել առաջավոր տեխնոլոգիաներ...»։

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԵԿ ԱՅԼ ՄԱՍՆԱԿՑԻ՝ տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ ԹԵՎԻԿՅԱՆԻ կարծիքով՝ ազգային անվտանգության և բանակի պաշտպանունակության մակարդակի բարձրացման գործում էական դեր է խաղում տնտեսական զարգացման գործոնը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է կենտրոնանալ ռազմավարական պլանավորման հարցերի լուծման վրա։

«2007թ. ընդունվեց «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունը», որում կա կետ «լիբերալ տնտեսության» մասին,- ասաց Ա.Թևիկյանը։- Ադրբեջանի ապրիլյան ռազմական ագրեսիան բավական հստակ ցույց տվեց, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը մեզ համար նույնն է, թե պատերազմի վիճակը։ Ուրեմն, ի՞նչ լիբերալ տնտեսության մասին կարող է խոսք լինել նման պայմաններում։ Ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ռազմավարությունում կան կետեր, որոնք պահանջում են սրբագրումներ և համաձայնեցում այլ փաստաթղթի՝ «Մինչև 2025թ. Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարության» հետ։ Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ հարկավոր է լուրջ շեշտադրում անել սպառազինման, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հարցերի վրա։ Իհարկե, անհրաժեշտ է զարգացնել ՏՏ ոլորտը, բայց կան նաև այլ ուղղություններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Ընդունված օրենքները չպետք է մնան թղթի վրա։ Ասենք՝ մենք ընդունել ենք Օրենք արդյունաբերական քաղաքականության մասին, բայց ցայսօր չկան դրա համապատասխան նորմատիվ ակտերը։ Պետք է մշակվի նաև Օրենք ՌԱՀ-ի մասին...»։

ՀՀ Զինված ուժերի Ռազմավարական պլանավորման վարչության երրորդ բաժնի պետ Արմեն ՂԱԼԵՉՅԱՆԻ խոսքերով՝ տեղեկատվական գործոնը՝ որպես հակառակորդի ռազմավարական զսպման բաղադրատարր, ծանրակշիռներից մեկն է անվտանգության համատեքստում։ Եվ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում այն բարձրության վրա գտնվեց ագրեսորին մեր տեղեկատվական հակազդեցության համատեքստում։ «Ակնհայտ է, որ այսօր մենք կարող ենք բարձր մակարդակով լուծել մարտավարական և օպերատիվ խնդիրներ, բայց ռազմավարական տեսլականի առումով աշխատելու բան ունենք,- նշեց Ա.Ղալեչյանը։- Եվ այստեղ տնտեսության, քաղաքագիտության, կանխատեսման ոլորտների վերլուծաբանների, ռազմական մասնագետների, փորձագետների լուրջ աշխատանք է պահանջվում...»։

Ի ԴԵՊ, ԱՆՀՆԱՐ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁՆԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԻ ՓԱՍՏԻ ՎՐԱ. հենց որ ապրիլի լույս 2-ի գիշերն Ադրբեջանն սկսեց մասշտաբային մարտական գործողություններ ԼՂՀ-ի դեմ, մեր տեղեկատվական հարթությունն անմիջապես լցվեց այսպես կոչված փորձագետների ու վերլուծաբանների անասելի քանակությամբ, որոնցից յուրաքանչյուրն իր պարտքը համարեց գնահատական տալ ընթացիկ իրադարձություններին և կանխատեսել մոտ և ոչ այնքան մոտ ապագան։ Այսինքն՝ հանկարծ պարզվեց, որ մենք լիքը ամեն տեսակի փորձագետներ ունենք, ովքեր պատրաստ են գնահատել, վերլուծել և կանխատեսել իրավիճակը, ընդ որում՝ հաճախ նման «փորձագիտական» կանխատեսումները լիակատար անհեթեթություններ էին։

«Ցավոք, նման ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորումներ իսկապես եղան,- «ԳԱ»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Ա.Ղալեչյանը։- Սակայն, կարծում եմ, կգա ժամանակը, և այդ մարդիկ, ովքեր իրենց փորձագետ են համարում, բայց այդպիսին չեն, իրենք կհեռանան տեղեկատվական դաշտից, որը գերազանցապես ինքն իրեն է կարգավորվում։ Արդյո՞ք մենք պետք է ուսուցանենք պրոֆեսիոնալ ռազմական լրագրողների։ Դուք բացառիկ կարևորության հարց հնչեցրիք։ Ռազմական լրագրությանը՝ որպես հատուկ ժանրի, որը հենց նեղ մասնագետների առկայություն է պահանջում, հարկավոր է անհապաղ ուշադրություն հատկացնել։ Մենք այժմ դրա շուրջ լրջորեն աշխատում ենք, կադրեր ենք ընտրում, որոնք ռազմական լրագրության համապատասխան դասընթացներ կանցնեն, արտոնագրեր կստանան։ Չէ՞ որ դա հատուկ մասնագիտություն է՝ ռազմական լրագրող։ Ի դեպ, ռազմական լրագրողների ուսուցման դպրոց է գործում ՆԱՏՕ կառույցում, ռուսաստանցիները նույնպես այս հարցին մեծ ուշադրություն են նվիրում։ Ի վերջո, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ տեղեկատվության գրագետ և պրոֆեսիոնալ մատուցումը նույնպես ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգության հարց է...»։

http://www.golosarmenii.am/article/41593/bezopasnost-i-texnologii---zvenya-odnoj-cepi


դեպի ետ