
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԱՏՄ-Ն. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Զարա Գևորգյան
Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ արդյունաբերության, հայ գործարարության հնարավորությունների զարգացման հեռանկարները Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեքստում, առկա հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները. այս հարցերը քննարկվեցին անցած ուրբաթ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում տեղի ունեցած «Հայաստանի գործարար հանրությունը և ԵԱՏՄ-ն. սպասելիքներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ» գիտաժողովի ընթացքում՝ հայտնի փորձագետների մասնակցությամբ։ Ասենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրացիան Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Ռուսաստանի «Գիտելիք» («Знание») ընկերության, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության և «Կովկասյան համագործակցություն» ոչառևտրային գործընկերության համատեղ ջանքերով։
«ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՎՆԱՍՆԵՐ ԿՐԵՑԻՆ Միության փլուզումից հետո»,- դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ ողջույնի իր խոսքում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։- Այդ կորուստներն առնչվել են ոչ միայն տնտեսական ոլորտին, այլև գիտությանը։ Փակվեցին հարյուրավոր, հազարավոր գիտական ինստիտուտներ, շատ գիտնականներ կամ փոխեցին մասնագիտությունը, կամ մեկնեցին արտասահման, ինչը յուրատեսակ «ինտելեկտուալ ցեղասպանություն» դարձավ հետխորհրդային երկրների համար։ Կարծում եմ, այսօր ԵԱՏՄ-ում ինտեգրման շրջանակում եկել է ժամանակը համատեղ ջանքերով վերականգնելու այն, ինչը կորցրել ենք»։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն ՂԱԶԱՐՅԱՆԻ խոսքով՝ տնտեսական ինտեգրումը ԵԱՏՄ շրջանակում կարող է լուծել մի շարք կարևոր հարցեր ԵԱՏՄ երկրների շուկայի պոտենցիալի վերականգնման, աշխատանքի տեղավորման խնդրի լուծման, կենսամակարդակի, տնտեսության, արդյունաբերության և գիտության մրցունակության բարձրացման առումով։ «Արդյունքը կախված կլինի այն բանից, թե ինչ արդյունավետությամբ մենք կկարողանանք միավորել մեր ազգային շահերը վերազգային մակարդակում»,- ասաց Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մասշտաբով ստեղծված իրավիճակի բարդությունը, այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ ճգնաժամային միտումները հավերժ չեն։ Եվ այս համատեքստում կարևոր է հասկանալ գլխավորը. եթե Հայաստանը չդառնար ԵԱՏՄ լիիրավ անդամ՝ անելով միակ ճիշտ ընտրությունը, իրավիճակը հայրենական տնտեսությունում պարզապես աղետալիորեն ծանր կլիներ։
Ըստ Ա.Ղազարյանի՝ 2016-ը դառնալու է բավական վճռորոշ։ «Մենք կարող ենք իրապես սպասել, որ այս տարվա ընթացքում կործանարար գործընթացները կանգ կառնեն, և ինտեգրումը ԵԱՏՄ-ին իսկապես կօգնի վերականգնել մեր արդյունաբերությունը, իսկ հայկական շուկան կդառնա գրավիչ։ Սառը պատերազմի հոտը երկար չի մնա, և ես վստահ եմ, որ ԵԱՏՄ երկրները համատեղ ջանքերով կապահովեն զարգացման այն ուղին, որի շնորհիվ կիրագործվեն նոր հնարավորություններ տնտեսական ոլորտում։ Եվ 2017-2018թթ. մենք դուրս կգանք կայուն տնտեսական աճի ուղի»,- ասաց Արսեն Ղազարյանը։
Հայաստանի արդյունաբերողների միության գործադիր տնօրեն Էդուարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ կարծիքով՝ Հայաստանի գործարար հանրությունն ընդհանուր առմամբ դրական է վերաբերվել ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությանը՝ սթափ գնահատելով ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման բոլոր առավելությունները։ «Չէ՞ որ մենք դարձել ենք մեծ շուկայի մի մասը, որն ավելի քան 170 մլն սպառող ունի,- ասաց Է.Կիրակոսյանը։- Ցավոք, ԵԱՏՄ ստեղծումը համընկավ համաշխարհային տնտեսության ճգնաժամային երևույթների, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների, ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման հետ, ինչը հանգեցրեց Միության երկրների հետ ապրանքաշրջանառության նվազմանը։ ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունն անցած տարի կրճատվեց 17,6%-ով, այդ թվում Ռուսաստանի հետ՝ 18%-ով։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կրճատվեց 20,6%-ով, իսկ ԵՄ երկրների հետ՝ 23,6%-ով։ Հասկանալի է, որ Հայաստանում զգացվում է բարձր կախվածություն ռուսաստանյան տնտեսությունից. Ռուսաստանին բաժին է ընկնում առևտրի, ներդրումների և դրամական փոխանցումների հիմնական ծավալը։ Ռուսաստանի տնտեսությունում տիրող իրավիճակն արել է իրենը, և Հայաստանը, որի հիմնական առևտրային գործընկերը եղել և լինելու է Ռուսաստանը, դա զգաց իր վրա։ Ամենից շատ տուժեցին, իհարկե, արտահանողները։ Ռուբլու փոխարժեքի ավելի քան կրկնակի նվազումը հանգեցրեց այն բանին, որ մեր ապրանքները ԵԱՏՄ շուկայում սակավ մրցունակ դարձան։ Արդյունքում՝ արտահանումը ԵԱՏՄ երկրներ կրճատվեց 27,1%-ով, այդ թվում Ռուսաստան՝ 26,7%-ով։ Զգալիորեն կրճատվեց նաև ներմուծումը Հայաստան. ընդհանուր ներմուծումը կրճատվեց 26,5%-ով, ԵԱՏՄ երկրներից՝ 14,9%-ով, Ռուսաստանից՝ 15,6%-ով...»։
Եվ չնայած այս անմխիթարական վիճակագրությանը՝ բիզնես հանրությունն, ըստ Է.Կիրակոսյանի, հիանալի հասկանում է, որ իրադրությունը կարող էր և ավելի վատ լինել, եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ։
«Ակնհայտ է, որ ժամանակ է հարկավոր, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունն իրագործի իր ամբողջ պոտենցիալը,- փաստեց Է.Կիրակոսյանը։- ԵԱՏՄ երկրների առջև դրված է իրենց արդյունաբերական պոտենցիալները միավորելու խնդիրը՝ արտադրության և համատեղ արտադրանքի արտահանման ու երրորդ երկրների շուկաներում համատեղ ներկայանալու նպատակով։ Հայաստանի արդյունաբերողներն ուզում են և պատրաստ են զարգացնել կոոպերատիվ կապեր, ընդգրկվել ավելացված արժեքի ստեղծման շղթայում։ Այստեղ Հայաստանը, ճիշտ է՝ ոչ մեծ, բայց պոտենցիալ ունի։ Դա հատկապես վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որը Հայաստանում բավական զարգացած է, ոսկերչական և դեղագործական ճյուղերին, թեթև արդյունաբերությանը և այլն»։ Է.Կիրակոսյանի կարծիքով՝ այսօր առկա դժվարությունները չպետք է հիասթափեցնեն և հոռետեսության հիմք տան։ Սրանք ընդամենը հերթական մարտահրավերներն են, որոնք մենք պետք է միասին հաղթահարենք։
Գիտաժողովի մասնակից, տնտեսագիտության թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի խորհրդական Աշոտ ԹԵՎԻԿՅԱՆԸ խոսեց այն մասին, որ Հայաստանը 2016 թվական մտավ գրեթե բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացմամբ և մեր երկրի քաղաքացիների կենսամակարդակի անկմամբ։ Չի կարելի հաշվի չառնել նաև վտանգավոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանի սահմաններին անմիջապես մոտ, մերձավորարևելյան տարածաշրջանում։ Տնտեսական առումով բարդ է մնում նաև իրադրությունը Ռուսաստանում, ինչը բավական ուժեղ է անդրադառնում Հայաստան եկող տրանսֆերտների ծավալների վրա։
Հաշվի առնելով վերը թվարկված միտումները՝ Ա.Թևիկյանը նշեց, որ երկրի անվտանգության և նրա սոցիալ-տնտեսական գործընթացների արդյունավետ կառավարման հարցերը պետք է գերակա լինեն Հայաստանի իշխանության գործադիր մարմինների համար։
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության» թարմացված տարբերակում լավ կլիներ հաշվի առնել Մերձավոր Արևելքում ձևավորվող նոր սպառնալիքները անցկացվող տնտեսական քաղաքականության տեսակետից»,- ասաց Ա.Թևիկյանը՝ հավելելով, որ երկրի գործադիր մարմինների ընդունած ռազմավարական փաստաթղթերում, մանավանդ տնտեսության վերաբերյալ, հիմնական շեշտը պետք է դրվի արտահանմանն ուղղված ակտիվ արդյունաբերական քաղաքականության անցկացման, արդյունաբերա-նորարարական արտադրության, պաշտպանական արդյունաբերական համալիրի վերականգնման և զարգացման վրա։ «Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում իրական հնարավորություն ունի մասնակցելու այն նախագծերի իրագործմանը, որոնք կապված են բարձրտեխնոլոգիական արտադրանքի թողարկման հետ։ Հենց այս համատեքստում հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել վերջին ժամանակներս արտահանման քաղաքականության վերաբերյալ ընդունված կառավարական ակտերի կատարմանը»,- ասաց Ա.Թևիկյանը։ Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչների թվում նա նշեց նաև միասնական արդյունաբերական, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության ձևավորումը՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ինչպես նաև մասնավոր սեկտորի բիզնես նախաձեռնությունների իրագործումը։
Գիտաժողովում հանդես եկավ նաև հայտնի սոցիոլոգ Սամվել ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։ Ըստ նրա՝ Հայաստանում արդյունաբերության զարգացմանը խոչընդոտող լուրջ խնդիրներից են ժողովրդագրական անկումը և արտագաղթը։ «Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը խիստ անբարենպաստ է ինչպես բնակչության բնական վերարտադրման, այնպես էլ միգրացիոն բաղադրիչի առումով,- ասաց Ս.Մանուկյանը։- Եթե 2001-2007թթ. միգրացիոն հավասարակշռությունը տատանվում էր զրոյի շուրջ, ապա 2010-2015թթ. ընթացքում ամեն տարի Հայաստանի բացասական միգրացիոն հավասարակշռությունը կազմել է 40.000 մարդ։ Արդյունքում՝ այդ շրջանում Հայաստանը կորցրել է 250.000 մարդ»։ Սա իսկական աղետ է։ Ինչպե՞ս լուծել խնդիրը։ Ըստ Ս.Մանուկյանի՝ կարևոր է սկսել Հայաստանի տնտեսության՝ պետության կողմից աջակցվող անցում ավելի բարձր տնտեսական դիրքի՝ բարձրտեխնոլոգիական միջին և փոքր բիզնեսի զարգացման միջոցով, ինչը կօգնի էապես նվազեցնել արտագաղթի տեմպերը։
«Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, երբ զարգացած երկրներն ամեն կերպ ջանում են թույլ չտալ մրցակիցների տեխնոլոգիական զարգացումը, Հայաստանի միջին և փոքր բիզնեսի բարձրտեխնոլոգիական հատվածի զարգացման համար առավել հեռանկարային և իրատեսական են թվում ինտեգացիան և կոոպերացիան ԵԱՏՄ տեխնոլոգիական կենտրոնների, մասնավորապես և հատկապես Ռուսաստանի ՌԱՀ-ի հետ»,- ասաց Ս.Մանուկյանը։ Նա նշեց, որ «Նորավանք» հիմնադրամն արդեն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։ Փորձագետն առաջարկեց Հայաստանի կառավարության հովանու ներքո Հայաստանում կազմակերպել ռուսաստանյան մի շարք ընկերությունների (որոնք զբաղվում են բարձր տեխնոլոգիաների մշակմամբ) և Հայաստանի՝ ոլորտում աշխատող փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումներ։
Ամփոփելով ասենք, որ գիտաժողովում հնչած գաղափարները, առաջարկությունները, հանձնարարականներն ի մի կբերվեն և կուղարկվեն Ռուսաստանի ու Հայաստանի համապատասխան նախարարություններ՝ որպես արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման պլան։ Այս մասին գիտաժողովի ավարտին ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը։
http://golosarmenii.am/article/37863/armyanskij-biznes-i-eaes-problemy-i-perspektivy
դեպի ետ