• am
  • ru
  • en
Версия для печати
05.11.2015

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԵՈԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Руский

   

Վարդան Բաղդասարյան
Քաղաքագիտական մտքի և գաղափարախոսության կենտրոնի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր

Հայրենասիրական շրջանակներում մեծ տարածում ունի Ալեքսանդր III-ի «Ռուսաստանը միայն երկու դաշնակից ունի՝ իր բանակն ու նավատորմը» արտահայտությունը։ Աֆորիզմը որքան վառ, նույնքան էլ վնասակար է Ռուսաստանի համար։ Այսպիսի պլատֆորմով Ռուսաստանն իսկական դաշնակիցներ ունենալ չի կարող. մտքերի ու սրտերի համար պայքարը համաշխարհային մասշտաբով չի կարելի շահել։ Այնպիսի իրավիճակում, երբ ի հեճուկս արտաքին տնտեսական և քաղաքական ճնշման՝ մի շարք երկրներ, այնուամենայնիվ, հավատարիմ են մնում Ռուսաստանի հետ պատմական բարեկամությանը, ասել, թե Ռուսաստանը դաշնակիցներ չունի, ռազմավարապես սխալ է և բարոյապես կասկածելի։

Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում բնաջնջեցին հայերին։ Հայերին բնաջնջեցին նրանց ռուսամետ կողմնորոշման համար։ Հայ ժողովուրդը ջնջվեց երկրի երեսից Ռուսաստանի պատճառով։ Սակայն, պարզվում է, որ Ռուսաստանը դաշնակիցներ չունի։

«Ֆոբիաների» երևույթը մարդկության պատմության հնագույն ժամանակներից ամրագրվում է ժողովուրդների զանգվածային գիտակցության մակարդակով։ Այդ երևույթը հետազոտվել է գիտության մեջ, որպես կանոն՝ «օտարի» ընկալման ճգնաժամային պաթոլոգիաների տեսակետից։ «Մենք»-«նրանք» երկճյուղման դիտարկման միջոցով վերակառուցվել են ավանդական հանրության կյանքի ֆոբիական սկզբունքները։ Այս առումով առաջին հերթին հետազոտվել է էթնիկական միֆերի ծագումնաբանությունը։ Նորություններ կան նաև անդրոիդի մասին։ Խոսքը սոցիոմշակությաին և ավելի լայն՝ քաղաքակրթական նախագծման ֆոբիաների մասին է։ Նման ֆոբիաներն առաջանում են որպես պատմական նախագծերի բախման, հանթինգտոնյան եզրաբանությամբ՝ քաղաքակրթությունների կոնֆլիկտի արդյունք։ Երբ պատմական մի նախագծի իրագործման համար խոչընդոտ է առաջանում մեկ այլ նախագծի տեսքով, ապա այդ «խոչընդոտի« հանդեպ ձևավորվում են դրան համաձայն չլինելու տարբեր տեսակի մարկերներ։ Համաձայն չլինելու գլխավոր խնդիրն է՝ զրկել հակառակ կողմին նրա ներքին ճշմարտությունից։ Այս տեսակի ֆոբիաների զարգացումը կարող է տևել ոչ մեկ հարյուրամյակ։

Հայատյացությունն այս առումով առնչակցվում է ռուսատյացության հետ և առանց դրա հետ շաղկապվածության չէր կարող համարժեք բացատրվել։ Թշնամիները հնարավորություն չունեին վերացնել Ռուսաստանը, ռուսական քաղաքակրթությունը։ Եվ այդ ժամանակ կազմակերպվում էր նրա խորհրդանշական ոչնչացումը ռուսաստանյան դաշնակիցների ոչնչացման միջոցով։ Սպանելով հայերին կամ սերբերին՝ Ռուսաստանի թշնամիներն Առաջին համաշխարհային պատերազմում նկատի ունեին այն, թե սպանում են ռուսներին։ Այս առումով հարյուր տարվա մեջ ոչինչ էականորեն չի փոխվել։

Ժամանակն է, որ Ռուսաստանը վերջապես կողմնորոշվի իր թշնամիների և դաշնակիցների հարցում։ Պատմական թշնամիները հազիվ թե կարողանան հանկարծ նրա բարեկամները դառնալ։ Եթե թշնամանքը պատմականորեն վերարտադրվել է, նշանակում է՝ այդ վերարտադրության համար եղել են ինչ-որ գործոնային հիմնավորումներ. աշխարհաքաղաքական, քաղաքակրթական։ Հայերը եղել են Ռուսաստանի պատմական դաշնակիցները, Թուրքիան՝ նրա պատմական հակառակորդը։ Ռուսական կայսրությունը պատերազմել է Թուրքիայի դեմ ավելի հաճախ, քան ցանկացած այլ պետության հետ։ Ռուսական կայսրության գոյության երկու հարյուր տարվա ընթացքում չի եղել մի սերունդ, որը չպատերազմեր Թուրքիայի դեմ։

Եվ հանկարծ, վերաբերմունքը պատմական թշնամու հանդեպ փոխվեց, նախկին թշնամանքի մասին մոռացվեց։ Ի հայտ եկավ Թուրքիայի տարածքով «Թուրքական հոսք» գազատարի անցկացման նախագիծը։ Ստորագրվեց համապատասխան հուշագիր Անկարայում։ «Ոչ բարեկամական» ուղղափառ Ուկրաինայի և «ոչ բարեկամական» ուղղափառ Բուլղարիայի փոխարեն գազատարն անցկացվելու է բարեկամական Թուրքիայի միջով։ Գնահատվե՞լ են արդյոք այս քայլի ռիսկերը։ Պատմությունը Թուրքիայի հետ Ռուսաստանի դաշինքի երկարատև հեռանկարի հանդեպ հավատի հիմքեր չի տալիս։ Իսկ մեր օրերն այդ հավատը տալի՞ս են։ Pew Research Center-ի 2014թ. հարցման տվյալներով՝ Ռուսաստանին լավ է վերաբերվում թուրք հարցվողների ընդամենը 16%-ը, նպաստավոր վերաբերմունք չունի 73%-ը։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում՝ ռուսաստանյան աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդ երկրում, այդ հարաբերակցությունն անգամ դրական է՝ 19%-ն ընդդեմ 72%-ի։ Դրական և բացասական պատասխանների տարբերության գծով Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը Թուրքիայից ավելի վատ է միայն Լեհաստանում։ Պատմությունն ինչպես լեհական, այնպես էլ թուրքական դեպքում, ճնշում է արդիականության ընկալման վրա։

Ռուս-թուրքական թշնամանքն ուներ իր աշխարհաքաղաքական և քաղաքակրթական հիմնավորումները։ Աշխարհաքաղաքական պայքարն ընթանում էր Եվրոպան Ասիայի հետ կապող ուղիների վերահսկողության համար։ Քաղաքակրթականը՝ Արևելահռոմեական կայսրության ժառանգության համար։

Կոնֆլիկտն ուներ եռակողմ բնույթ։ Երրորդ կողմը Արևմուտքն էր։ Եվրոպական պետությունների դիրքերի տարբերություններն «արևելյան հարցում» երկրորդ պլան էին մղվում, երբ խոսքը վերաբերում էր Ռուսաստանին դիմակայությանը։ Այդպես եղավ, մասնավորապես, Ղրիմի պատերազմի ժամանակ, երբ կանգնեցվեց ռուսական առաջխաղացումը դեպի Ստամբուլ 1878թ.։

Աշխարհաքաղաքական առումով Արևմուտքը չէր կարող թույլ տալ ռուսական վերահսկողության հաստատումը Թուրքիայի տարածքով անցնող առևտրային ուղիների վրա։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերահսկում էր հյուսիսային ուղիները, նրա դիրքը Թուրքիային հաղթելու պարագայում Արևմուտքի համար սպառնալից կդառնար։ Օսմանյան կայսրության բաժանման արդյունքում այդ վերահսկողությունն անցավ Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։

Կոնֆլիկտի քաղաքակրթական չափումը որոշվում էր Կոստանդնուպոլսի դիրքորոշմամբ՝ որպես Հռոմեական կայսրության լեգիտիմ կենտրոն։ Այդ կայսրությունն ընկալվում էր որպես համաշխարհային թագավորություն։ Բյուզանդիայի անկումից հետո ի հայտ եկան երեք ակտորներ, որոնք հավակնում էին Հռոմեական կայսրության ժառանգությունը լեգիտիմացնելուն՝ Արևմուտքը, Ռուսաստանը և թուրք-օսմանյան պետությունը։ Վերջինը, թեև կապված չէր քրիստոնեական պատմափիլիսոփայության ավանդույթին, բայց հավակնում էր այդ ժառանգությանը, քանի որ զավթել էր բյուզանդական հողերը։ Լեգիտիմ ժառանգորդ կարող էր լինել միայն մեկը։ Դա պայմանավորում էր դարեր շարունակվող պայքարի քաղաքակրթական անհաշտությունը։

Եվ այդ պայքարի էպիկենտրոնում հայտնվեցին հայերը։ Առանց հայերին իրենց բնօրրանից քշելու՝ Եվրոպա-Ասիա առևտրային ուղիների վերահսկողության նախագծերն իրագործվել չէին կարող։ Ցեղասպանության աշխարհատնտեսական գործոնները հասկանալու համար բավական կլիներ դիմել Օսմանյան կայսրությունում հայերի բնօրրանի քարտեզին։ Հայկական հողերը ձգվում էին մինչև Միջերկրական ծով, մինչև արդի Սիրիայի սահմանները։ Հայկական բնակավայրերը, մասնավորապես, դժվարություն էին ստեղծում Բեռլին-Բաղդադ-Բասրա մեծ երկաթուղու գերմանական նախագծի իրագործման համար։ Մեկ այլ խոչընդոտ էին սերբերը Եվրոպայում։ Ե՛վ սերբերը, և՛ հայերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ենթարկվեցին զանգվածային ոչնչացման։ Արդյո՞ք պատահական համընկնում է սա։

Հայկական տարածքները հայերից ազատելու մեջ շահագրգռված էին նաև անգլիացիները։ Սկսվում էր մերձավորարևելյան նավթի տարանցման համար պայքարը։ Մեծ Բրիտանիան այդ պայքարում հանդես էր գալիս որպես գլխավոր խաղացողներից մեկը։ Լինելով Ռուսական կայսրության անվանական դաշնակիցը՝ այն մնում էր նրա աշխարհաքաղաքական թշնամին և հնարավոր ամեն բան անում էր, որպեսզի հետպատերազմյան համակարգում նրան թույլ չտրվի մտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջան։ Ռուսաստանի ներթափանցումը Մերձավոր Արևելք կիրականանար նրան դաշնակից հայկական պետության ստեղծմամբ՝ հայկական ավանդական տարածքների սահմաններում։ Արևմուտքին, նրա տարբեր աշխարհաքաղաքական ակտորներին, այդպիսով, ձեռնտոււ էր հայերի ցեղասպանությունը՝ որպես Ռուսաստանի աշխարհաքաղաքական պոտենցիալի թուլացման միջոց։ Ինչպես և այսօր՝ հակամարտություն սադրելու մեջ օգտագործվել է քրդական խաղաթուղթը։ Հայտնի է, որ թուրքերի հետ միասին ոճրագործությունների մեջ հատուկ դեր են խաղացել նաև քրդերը։

Ցեղասպանությունը մեկանգամյա գործողություն չէր։ Ցեղասպան գործունեությունը շարունակվեց մինչև 1923թ.։ Հայտնի են հայերի վրա բժշկական փորձարկումներ անցկացնելու փաստեր։ Աշխարհի առաջատար տերությունները, որոնք ի վիճակի էին, մանավանդ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտվելուց հետո, կանխել ոճրագործությունները, գերադասեցին ինքնաբացարկը։ Հայերը ստիպված եղան երկար ժամանակ ջանալ՝ ցեղասպանության փաստի ճանաչմանը հասնելու համար։ Այն պաշտոնապես առաջինը ճանաչել է Ուրուգվայը։ Եվ դա 1965 թվականին էր, արդեն այն բանից հետո, երբ տեղի էր ունեցել ժամանակագրականորեն հակահայկական ջարդերից հետո տեղի ունեցած Հոլոքոստի հանցագործության համաշխարհային ճանաչումը։

Օսմանյան կայսրության հայերը հայտնվեցին կոնֆլիկտի կիզակետում նաև քաղաքակրթական հանգամանքների բերումով։ Եվ այդ հանգամանքները պայմանավորվում էին Արևելահռոմեական կայսրության ժառանգությամբ։ Վերն արդեն ասվեց, որ թե՛ Արևմուտքի և թե՛ Օսմանյան կայսրության համար Բյուզանդական քաղաքակրթության գոյության փաստն իսկ հարված էր հասցնում պատմական լեգիտիմության ընդունված վարկածին։ Պատմականորեն մշակվում էր «բյուզանդական համալիր», որը փոխանցվում էր Բյուզանդիայի լեգիտիմ քաղաքակրթական հաջորդների վրա տարածվող ֆոբիաների ձևով։ Ռուսաստանն, ընդհակառակը, իր հաջորդականությունը գաղափարապես բխեցնում էր Արևելահռոմեական կայսրությունից։ Իսկ հայերը Բյուզանդիայում առանցքային, պետականակերտ ժողովուրդներից մեկն էին։ Արաբական միջնադարյան աղբյուրները Բյուզանդիան բնորոշում էին որպես Հայկական պետություն։ Ժամանակակից շատ հետազոտողներ բյուզանդական քաղաքակրթական հանրույթը բնութագրում են որպես հունա-հայկական։ Հայեր են եղել Արևելահռոմեական կայսրության մի քանի տասնյակ կայսրեր։ Հայկական Մակեդոնական հարստության իշխանության օրոք (Մակեդոնական – ըստ բանակաթեմի, որը կառավարում էր հարստության հիմնադիրը) տեղի ունեցավ Ռուսիայի մկրտությունը։ Հայ էր, մասնավորապես, Աննա թագուհին, որը դարձավ Վլադիմիր Մկրտչի կինը։ Հայ կայսր Կոնստանտին IX-ի թոռն էր մեկ այլ ռուս նշանավոր իշխան՝ Վլադիմիր Մոնոմախը, որից էլ ստացել է իր մականունը։ Հայերը Բյուզանդական կայսրությանը տվել են նաև նշանավոր զորավարների, գիտնականների մի ամբողջ համաստեղություն։ Հայերը լայնորեն ներկայացված էին նաև Կոստանդնուպոլսի պատրիարքների թվում։ Նրանք բոլորն էլ հիմնականում քաղկեդոնական հայեր էին (որոնք ընդունել էին 451թ. Քաղկեդոնի ժողովի որոշումները)։ Եթե խոսելու լինենք ավելի ուշ շրջանի իդենտիֆիկացիոն կատեգորիաներով, ապա դա կլինի Բյուզանդիայի հայ ուղղափառ հանրույթը, որն էլ զգալի չափով ձևավորեց բյուզանդական քաղաքական և հոգևոր վերնախավը։ Բյուզանդիայում գոյություն ունեին նաև հայ մոնոֆիզիտներ, որոնք զարգանում էին որպես կրոնական, բայց ոչ համակայսերական միավորում։ Առաջին հայ հանրույթը կենտրոնացած էր գլոբալ, քաղաքակրթական նախագծի, երկրորդը՝ ազգայինի իրագործման վրա։ Բյուզանդիայի անկմամբ կայսրության համար առանցքային հայկական ուղղափառ հանրույթը փաստորեն դադարեցրեց գոյությունը (ուծացվեց), իսկ մոնոֆիզիտականը, մշակութային ինքնությանը հավատարմության արդյունքում, պահպանվեց։

Արևելահռոմեական կայսրության համար հայկական գործոնի առանցքային նշանակության ամրագրումը հանգեցնում է հայերի՝ որպես Բյուզանդական քաղաքակրթության գաղափարի կրողների, քաղաքակրթական առաքելության ընկալմանը։ Գոյություն ունի հայկական ազգային նախագիծ՝ Մեծ Հայքի տարածքի վերաբերյալ։ Բայց կա նաև քաղաքակրթական նախագիծ՝ կապված մեծ Բյուզանդական քաղաքակրթության վերստեղծման հետ։ Առաջին նախագիծն ավելի փոքր մասշտաբի է, բայցև պակաս հասանելի՝ աշխարհաքաղաքական այլ շահագրգիռ կողմերի բացակայության պատճառով, որոնք պատրաստ կլինեին պաշտպանել հայերին դրա իրագործման հարցում։ Բայց ահա նեոբյուզանդական նախագիծը կարող է դառնալ իսկապես միավորող գործոն շատերի համար։ Ներկայում ժամանակին Բյուզանդական քաղաքակրթության օյկումենեի մեջ մտնող երկրները հայտնվել են նոր արևմտակենտրոն աշխարհամակարգի ծայրամասում։ Նրանց հատկացվել է երկրորդ և երրորդ սորտի երկրների տեղ։ Ոմանց թույլ է տրվել մտնել Եվրոպա՝ երկրորդ տեսակի երկրների իրավունքով, ոմանց այդ իրավունքն էլ է մերժվել։ Սեփական համակարգի ստեղծումը հետբյուզանդական երկրների համար կդառնար իրական այլընտրանք արևմտակենտրոնությանը։ Ուղղափառ երկրների և ուղղափառ ինքնավար (ավտոկեֆալ) եկեղեցիների համար նեոբյուզանդական նախագիծը միավորման միակ իրական ճանապարհն է։ Ընդ որում, խոսքը չպետք է վերաբերի կրոնական տոտալիտարությանը։ Մուսուլմանները ուղղափառ քրիստոնյաներից պակաս չեն շահագրգռված նեոբյուզանդական միավորմամբ։ Այդ նախագիծը նրանց համար ելք կլիներ ծայրահեղ դիխոտոմիայից՝ աշխարհիկ արևմտականություն - խալիֆաթ՝ ԻԼԻՊ ձևաքանոնով։ Հայերը, որոնք հոծ համայնքներով բնակվում են տարածաշրջանի փաստորեն յուրաքանչյուր երկրում, կարող էին դառնալ նոր նախագծի շարժիչ ուժը։

Եվ վերջապես, Ռուսաստանը... Հարկավոր է, որպեսզի Ռուսաստանն արտահայտի այլընտրանքային աշխարհակարգի իր նախագիծը։ Հակառուսական շրջափակման կազմակերպման փորձերն ուղղված են հենց այն բանին, որպեսզի զրկեն նրան այդ հեռանկարից։ Նեոբյուզանդական նախագիծը Ռուսաստանի առջև մի շարք հնարավորություններ է բացում։

Նախ՝ ներքին ուղղվածության մեջ շեշտադրվում է ռուսական քաղաքակրթական ինքնության թեման՝ կապված մեծ իշխան Վլադիմիրի ուղղափառ ընտրության հետ։

Երկրորդ՝ առաջ է քաշվում ռուսական այլընտրանքն արևմտակենտրոն աշխարհակարգին, ինչը, միևնույն ժամանակ, զուտ ռուսական մակնիշավորում չպետք է ունենա, ինչը կարող էր վանել այլ երկրներին և ժողովուրդներին։

Երրորդ՝ իրականացվում է աշխարհաքաղաքական խաղի ծավալում աշխարհատնտեսական հոսքերի հանգուցային շրջանում (Եվրոպա-Ասիա-Աֆրիկա)։

Չորրորդ՝ հետբյուզանդական միավորմամբ հանվում է Ռուսաստանի հետ ուղղափառ Ուկրաինայի և Վրաստանի հակամարտությունը։

Հինգերորդ՝ ի հայտ են գալիս ԵՄ-ից դեպի Ռուսաստան բալկանյան երկրների վերակողմնորոշման ապահովման լրացուցիչ հնարավորություններ, երբ Ռուսաստանը հանդես է գալիս որպես հետբյուզանդական տարածքի միավորիչ ակտոր։

Վեցերորդ՝ ստեղծվում է նեոխալիֆաթի (որը վաղ թե ուշ, պատշաճ հակադարձման բացակայության դեպքում, կհարձակվի նաև Ռուսաստանի վրա) գաղափարախոսության արմատական հոսանքների ծավալմանը դիմակայելու իրական ուժ։

Յոթերորդ՝ նեոբյուզանդական հանրույթի ստեղծմամբ մարում է տարածաշրջանի մի շարք հակամարտությունների սրությունը, որոնցում ներգրավված են Ռուսաստանի գործընկերները։

Ութերորդ՝ նեոբյուզանդական և եվրասիական նախագծերի միավորմամբ Ռուսաստանի համար նվազում են վերջինի՝ Չինաստանից կախվածության աճի հետ կապված ծախքերը։

Նեոբյուզանդական նախագիծը պետք է ներկայանա որպես, նախ, աշխարհամշակութային և աշխարհատնտեսական նախագիծ։ Պետք է սպասել, որ դրա հակառակորդներն այն կփորձեն ներկայացնել որպես ռուսական իմպերիալիզմի նոր տարբերակ։ Բայց հետբյուզանդական օյկումենեի պառակտումից դեպի դրա ինտեգրում տանող շարժման անհրաժեշտությունը՝ արդի ճգնաժամերի, ռազմական թեժացումների և արևմտյան գերիշխանության պայմաններում, ավելի, քան երբևէ, սուր է զգացվում։

http://vbagdasaryan.ru/genotsid-armyan-i-perspektivyi-neovizantiyskogo-proekta/


դեպի ետ