• am
  • ru
  • en
Версия для печати
03.09.2015

ՀԱՅԻ՝ ՈՐՊԵՍ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

Լիլիթ Հակոբյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Ժամանակակից ադրբեջանական մեդիայի առանձնահատկություններից մեկը հասարակական գիտակցության մեջ «թշնամի հայի» կերպարի ակտուալացումն է։ Վերջինն ուսումնասիրելու նպատակով 2015թ. փետրվար-մայիսին որակական դիտարկման ենք ենթարկել ադրբեջանական էլեկտրոնային 10 ԶԼՄ-ի1 ռուսերեն հոդվածները։ Թշնամի հասկացությունը եղել է բոլոր ժամանակներում, մինչդեռ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում այն ձեռք է բերում այլ իմաստ և բովանդակություն, որի սոցիալ-հոգեբանական մեխանիզմների մասին կխոսենք ստորև։

Թշնամու կերպարի սոցիալ-հոգեբանական հիմքերը։ Պրիմիտիվ հասարակություններում ուրիշի նկատմամբ թշնամությունը համարվում էր բնական վիճակ, իսկ պատերազմը՝ խաղաղության պայմանավորվածության բացակայության պարագայում, այլ խմբերի հետ հարաբերման միակ ձևը2։ Վաճառականության և միջազգային հարաբերությունների նոր ձևերի զարգացման հետ առաջ են գալիս թշնամու կերպարի առավել բարդ ձևակերպումներ։ Ազգային և դասակարգային գաղափարախոսությունների ձևավորման արդյունքում ձևավորվում է «ազգի թշնամի» տերմինը՝ որպես ազգային նույնականացման և զանգվածային մոբիլիզացիայի մեթոդ։ Յուրաքանչյուր հասարակության մեջ ինքնության ձևավորման հիմքում ընկած են երկու խումբ գործոններ. առաջինը` կողմնորոշումներն, արժեքները, նորմերն են, որոնց շուրջ հասարակությունը համախմբվում է, երկրորդը`«ուրիշի» կերպարը:

Անձ-հասարակություն հարաբերության ուսումնասիրման մեջ ամերիկացի փիլիսոփա, սոցիոլոգ Ջ.Միդը (George Herbert Mead)3 առաջ է քաշում ընդհանրացված ուրիշի հասկացությունը՝ նշելով, որ նույնականացման արդյունքում անձը հասարակությունից վերցնում է սեփական և այլ խմբերի մասին առկա պատկերացումների համակարգը։ Վերջիններս ձևավորվում են սոցիալական փոխհարաբերությունների արդյունքում, որի ընթացքում խմբի կողմնորոշումները, արժեքները, սպասումները, տեսակետները, վարքի ձևերն աստիճանաբար ներքնայնացվում են՝ դառնալով անձնային հատկություններ։

Խմբային ինքնության ձևավորման մեջ «ուրիշ»-ի կերպարի դերին անդրադաձ է կատարվում Հ.Թեջֆելի սոցիալական ինքնության, ինչպես նաև դրա տրամաբանական շարունակություն համարվող Ջ.Թյորների ինքնակատեգորիզացիայի տեսության մեջ (1979թ.): Համաձայն Հ.Թեջֆելի և Ջ.Թյորների՝ սոցիալական ինքնությունն առաջանում է խմբային կատեգորիզացիայի արդյունքում սոցիալական խմբին պատկանելության գիտակցումից, ինչպես նաև այդ անդամակցման արժեքային և էմոցիոնալ գնահատումից: Սոցիալական ինքնությունը դրսևորվում է միջխմբային համեմատության մեջ։ Յուրաքանչյուր խմբի անդամներ հակված են դիտարկել «մենքը» (in-group), որպես շահեկանորեն «նրանք»-ից (out-group)4 տարբերվող, ինչը նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանը և դրական ինքնընկալմանը։ Այստեղից էլ առաջ է գալիս խմբային ֆանատիզմի էֆեկտը, այսինքն՝ սեփական խումբը բոլոր պարամետրերով ամենալավը դիտարկելու միտումը5։ Նման հակվածության պայմաններում մարդն ինֆորմացիոն բոլոր հոսքերից անգիտակցաբար ընտրում է նրանք, որոնք վկայում են սեփական խմբին ուրիշ խմբերի նկատմամբ առավելության ու կատարյալության մասին։ Կատեգորիզացիան6, լինելով իրականության ընկալման կարևոր գործոններից մեկը, չի հիմնվում անձնային փորձի վրա (հաճախ այն բացակայում է), այլ հիմնվում է տվյալ խմբի մասին հասարակական դիսկուրսում առկա պատկերացումների վրա: Ըստ Ս.Մոսկովիցիի սոցիալական պատկերացումների (social representations, 1961թ.) տեսության, իրականության կառուցման հիմքում ընկած են սոցիալական պատկերացումները, ուստի, կառավարելով սոցիալական պատկերացումների ձևավորման գործընթացը, հնարավոր է ազդել աշխարհընկալման վրա7: Կատեգորիզացիայի և իդենտիկության գործընթացների կարևոր մասը «նրանք»-ի կարծրատիպավորումն է, որի արդյունքում, ըստ Վ.Լիպմանի (Walter Lippmann), խումբը բնորոշվում է որոշակի հատկություններով, «բոլորը նույնն են» սկզբունքի համաձայն, ինչը և պայմանավորում է այն, թե ինչ տեսանկյունից ես նայում երևույթներին8։ Առաջ է գալիս խմբային հոմոգենության, միանմանության էֆեկտը։

Ընդհանրացնելով վերը նշված տեսական մոտեցումները՝ կարող ենք ասել, որ «ուրիշի կերպարը ձևավորվում է հետևյալ կերպ. սոցիալացման արդյունքում անձը ներքնայնացնում է հասարակության մեջ առկա պատկերացումները, կարծրատիպերը տարբեր խմբերի մասին (սեփական խմբի ֆանատիզմի ազդեցության տակ ձևավորված այս պատկերացումները հիմք են հանդիսանում ուրիշի խմբի հանդեպ բացասական ընդհանրացումների)։ Սոցիալ-մշակութային ճգնաժամի պայմաններում, երբ հին արժեքները, նորմերը, կողմնորոշումները այլևս ժամանակավրեպ են, իսկ նորերը, որոնք փոփոխված ինքնության ձևավորման հիմք կհանդիսանային, դեռ չեն ձևավորվել, միավորող գործոն է դառնում «ուրիշի կերպարը»9։ Արդյունքում` ինքնությունը կառուցվում է «մենք-նրանք» հակադրության հիման վրա։ Հ.Մարկուզեն նշում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության զարգացումը իշխող դասին հնարավորություն տվեց ձևավորել նոր զանգվածային «միաչափ մարդ»՝ խեղաթյուրված քննադատական վերաբերմունքով։ «Ազատ ինստիտուտները մրցում են ավտորիտարների հետ՝ ձգտելով վերածել թշնամուն համակարգի ներսում հզոր ուժի։ Այդ կործանարար ուժը խթանում է աճն ու նախաձեռնողականությունը՝ հասարակությունը վերածելով պաշտպանվող հասարակության։ Քանի որ թշնամին գոյություն ունի անընդհատ ոչ միայն արտակարգ իրավիճակներում... սպառնում է ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ ժամանակներում (ընդ որում, կարծես, առավել շատ, քան պատերազմի ընթացքում), այդ կերպ կառուցակցվում է համակարգում որպես այն կապող ուժ»10։ Հ.Մարկուզեն գտնում է, որ թշնամու կերպարն իրականացնում է մոբիլիզացիոն գործառույթ, ինչը նպաստում է հասարակության վերահսկելիությանը. «Թշնամու դեմ մոբիլիզացիան գործում է որպես արտադրողականության և աշխատանքային զբաղվածության խթան՝ այդ միջոցով ապահովելով կյանքի բարձր մակարդակը։ Այս ամենը նպաստում է վերահսկողությանը, այդ կայունությունը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ չի դիպչում կոնֆլիկտի հիմքերին»11։ «Թշնամու կերպարը» Օ.Ստուպոն դիտարկում է որպես իշխանական համակարգի արգասիք, որը ձևավորվում է բնակչության հետ համատեղ, ուստի այն դառնում է հաղորդակցման տարր, որը հոմոգենացնելու, միասնականացնելու դեր է խաղում՝ չեզոքացնելով հնարավոր տարբերվող կարծիքներն ու կենսաձևերը12։ Կոնֆլիկտի առկայության պայմաններում թշնամու կերպարը դեհումանիզացվում է, վերածվում է ոչնչի, որն իրավունք չունի ապրել։ Այս ամենի արդյունքում լեգիտիմացվում է բռնությունը թշնամու նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, «թշնամու» կերպարի հիման վրա ձևավորվող ինքնությանը Կ.Ռ. Սփիլմանը և Կ.Սփիլմանը բնորոշ են համարում՝

• Բացասական սպասումները

• Բոլոր ոչ բարենպաստ իրավիճակներում թշնամական ուժերի փնտրումը

• Թշնամուն չարի հետ նույնացնելը

• «Զրոյական» արժեքով խաղի մտածողությունը

• Կարծրատիպավորումը և ապաանձնավորումը

• Էմպատիայից հրաժարումը13։

Թշնամի հայի կերպարն ադրբեջանական ԶԼՄ-ում: Ընդհանրացնելով վերը նշված տեսական մոտեցումները՝ տեսնում ենք, որ մեդիայում ձևավորվող թշնամու կերպարն իրականացնում է ինքնության պահպանման, մոբիլիզացիայի, վերահսկողության գործառույթներ, մինչդեռ հարցն այն է, թե փաստացի ոչ պատերազմական իրավիճակում ինչին են այս գործառույթները ծառայեցվում։ Ադրբեջանական մեդիա-տեքստերի որակական ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ ադրբեջանական իշխանությունն անընդհատ մեդիայում հղում կատարելով թշնամի հային՝ տագնապի ու լարվածության մթնոլորտում է պահում ադրբեջանական հասարակությանը՝ այն դարձնելով առավել վերահսկելի։ Այս ամենն ամրապնդելու համար մեդիա-տեքստերում հակադրության մեջ են դրվում հայերն ու ադրբեջանցիները։ Հայերը, ի տարբերություն ադրբեջանցիների, հանդես են գալիս որպես հնարավոր բոլոր բացասական հատկանիշների կրողները։ Բացառվում է որևէ ընդհանրություն հայի և ադրբեջանցիների միջև, իսկ սա կարող է հանգեցնել քսենոֆոբիայի ու տարածաշրջանում ընդհանուր համակեցության անհնարինության14, ինչը վտանգավոր է երկու երկրների համար։ Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական ԶԼՄ հիմնական գործառույթը հայի «անմարդկային էությունը» և «հանցավոր պլանները «դիմակազերծելն» է։ Արդյունքում՝ հայի նկատմամբ իրագործված յուրաքանչյուր բացասական գործողություն, նույնիսկ ֆիզիկական հալածանքները, արդարացվում են։ Ադրբեջանական մեդիայում «թշնամի հայը», մի կողմից, ներկայացվում է որպես թույլ, անզոր, որին հեշտությամբ ցանկության դեպքում կարելի է վերացնել, միևնույն ժամանակ, խոսվում է տեռորիստ, ադրբեջանցիների նկատմամբ «դարերով տարբեր բռնություններ իրականացնող հայի» մասին։ Ադրբեջանական քարոզչության ոչ տրամաբանվածությանն ու իռացիոնալության դրսևորումներին անդրադարձել են նաև հայ հետազոտողները։ Օրինակ, հ.գ.թ. Ս.Մանուսյանը նշում է տեղեկատվական նյութերում առկա ավելորդ հուզականության, իմպուլսիվության, հայերի ենթադրվող խոցելի կողմերի ներկայացումը քարոզողի ինքնաներկայացման հետ յուրովի սերտաճած լինելու մասին15։

ԶԼՄ-ում թշնամի հայի կերպարը ստանում է հետևյալ բացասական բնութագրիչները՝ «фашисты, террористы, бандиты, убийцы, головорезы, варвары, националисты, дезертиры, шовинисты, агрессоры, захватчики, преступники, оккупанты, палачи, лжеци, нелюди, вероломные соседи։» Հայի կերպարի չեզոք երանգավորմամբ բնութագրիչներ հանդիպում են հազվադեպ, երբեմն՝ զուտ լրատվական հոդվածներում, իսկ դրական բնութագրիչներն իսպառ բացակայում են։ Հասարակության վրա թշնամու կերպարի բացասական ազդեցությունները երևում են հոդվածներն ընթերցողների առցանց մեկնաբանություններից։ Դրանցում կարելի է հանդիպել այսպիսի ձևակերպումների՝ «Вот негодяи, вот подонки», «Когда ж армяне получат по заслугам за все, что сделали с нами», «Армяшек», «Армянгутанг», «шакалы», առկա են նաև կրոնական հիմքով մեկնաբանություններ.«...армяне оскверняли память 12 Апостолов Иисуса Христа. Уничтожив армян, защищаем и святость памяти Апостолов»16։ Այս ամենը վկայում է նրա մասին, որ որքան ավելի հաճախ է ադրբեջանական հասարակությունը տարբեր աղբյուրներից հաղորդվող նույնատիպ քարոզչական տեղեկատվություն ստանում, այնքան ավելի մեծանում է վտանգը, որ ժամանակի ընթացքում կկորցնի քննադատաբար վերաբերվելու ունակությունը և, հետևաբար, դրանք կսկսեն ընկալվել որպես անվիճելի փաստեր։ Իրավիճակն առավել սրում է անձնական շփումների բացակայությունը, ինչը հնարավորություն կտար երկու հասարակությունների անդամներին սեփական փորձով ճանաչել միմյանց։ Ամրապնդելու համար հակահայկական տրամադրվածություններն ադրբեջանական հասարակությունում՝ ԶԼՄ-ում նկարագրվում են իբրև հայերի կողմից իրականացված բռնություններ։ Օրինակ. «...мусульман бесчеловечно мучили, истязали и всячески издевались над ними. Так, например, я видел трупы мусульман, брошенных в бане "Фантазия" в кипящую воду, у них были обожжены кости и жилы, а мягкие части отпали… Попадались трупы с отрезанными руками или ногами»17։

Նրա մասին, որ հայի կերպարը դարձել է գերիշխող ադրբեջանական քարոզչության մեջ, վկայում են ադրբեջանական ԶԼՄ-ում շրջանառվող Կ.Ռ. Սփիլմանի և Կ.Սփիլմանի կողմից առաջ քաշված «թշնամու» կերպարի հիման վրա ձևավորվող ինքնությանը բնորոշ կետերը՝

Բացասական սպասումներ. հայկական կողմից եկող ամեն ինչ կամ բացասական համատեքստում է դիտարկվում, կամ, եթե դա ռելևանտ է իրականությանը, ապա ինչ-որ թաքնված նպատակ է հետապնդում։ Օրինակ՝ «Армянские националисты всегда использовали благоприятные моменты для достижения своих бесчестных целей, каждый раз при изменении общественно-политической обстановки в регионе активизировались и совершали злонамеренные акции».

Բոլոր ոչ բարենպաստ իրավիճակներում թշնամական ուժերի փնտրումը. հայերը մեղավոր են բոլոր դժբախտություններում և պատասխանատու Ադրբեջանի ամեն խնդրի համար։ Օրինակ՝ «Вопрос в другом, каждый раз сталкиваясь с новыми проявлениями армянского абсурда, становится страшно за наше будущее. Ведь с этими людьми нам предстоит прожить бок о бок не один век. Вот такое вот армянское проклятье на нашу голову!».

• Թշնամուն չարի հետ նույնացում. հայերն ահաբեկիչներ, օկուպանտներ են, ամեն ինչ անում են ադրբեջանցիներին վնասելու համար, և այդ պատճառով պետք է նրանց առաջինը ոչնչացնել։ Հասարակության հակահայկական տրամադրվածությունը երևում է նաև հոդվածների առցանց մեկնաբանություններից, օրինակ. «Чем больше уничтожим, тем больше будет рад дух Иисуса. Так как армяне назвав Иисуса Христа и Ноя армянами, оскорбили их святой память», «Всему миру стало ясно:- армяне нуждаются и желают, чтобы сбылось 100-летная МЕЧТА и совершился настоящий геноцид армян. Уничтожив побольше оккупантов, выполним желание армян».

«Զրոյական» արժեքով խաղի մտածողություն. այն, ինչ շահավետ է հայերի և Հայաստանի համար, վնասում է Ադրբեջանին։ Օրինակ. «Армяне постоянно заняты невероятными провокациями против Азербайджана. Сожалею, что Ереван превратился в особый центр провокаций против Азербайджана со стратегической линией на создание тенденций противостояния в нашей стране».

Կարծրատիպավորում և ապաանձնավորում. բոլոր հայերը նույնն են։ Օրինակ. «...неизлечимом характере недуга армянского общенационального сознания. Кажется, ничто не в силах искоренить больное воображение наших соседей – избранного Богом народа», «Армяне же, сумевшие на протяжении истории сохранить омерзительные «качества», не осознают, что в корне их нынешнего беспомощного положения лежит именно их армянский характер».

Քսենոֆոբիայի և արմենոֆոբիայի բացասական հետևանքները: Հասարակության գիտակցության մեջ հայատյացությունն ամրապնդելու նպատակով ադրբեջանական մամուլի շահարկման առարկա են դառնում Հայաստանում գաղափարականացված հասկացությունները։ Դրանք օգտագործվում են համատեքստից կտրված, իմաստափոխված տարբերակով։ Օրինակ, «ծովից ծով Հայաստան» պատմական հասկացությունը ներկայացվում է ժամանակակից համատեքստում, որպես «սպառնալիք» Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների տարածքային ամբողջությանը։ Այս համատեքստում ներկայացվում է նաև ԼՂՀ կոնֆլիկտը՝ որպես «ծովից ծով Հայաստան» ստեղծելուն ուղղված քայլերից մեկը. «...начатые в 1988 году под лозунгом "Армения от моря до моря", привели к разрушению азербайджанских городов и сел в Нагорном Карабахе, изгнанию сотен тысяч азербайджанцев со своих исторических земель...»18։

Ադրբեջանական մեդիայի հակահայկական պրոպագանդան նաև ներքին խնդիրները երկրորդ պլան մղելու նպատակ ունի. սպառնացող այս իրավիճակում Ադրբեջանի ներքին խնդիրները նման կերպ կոծկվում են, տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանական հասարակությունը չունի ոչ մի այլ խնդիր, արտաքին վտանգից բացի։

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ թշնամի հայի կերպարի ձևավորմանն ուղղված ադրբեջանական ագրեսիվ քարոզչությունը վտանգավոր է նաև սեփական հասարակության վրա բացասական ազդեցությամբ, մյուս կողմից՝ այն անհնարին է դարձնում Ադրբեջանի և Հայաստանի ընդհանուր տարածաշրջանում համագոյակցության գաղափարը և բացառում փոխհամագործակցությունը:

1 Day.az, Trend.az, 1news.az, Aze.az, Apa.az, Contact.az, Oxu.az, Haqqin.az, Bakupost.az, Vesti.az.

2 Зиммель Г., Избранное, пер. с нем. в 2 томах, т. 2, Созерцание жизни, М., 1996.

3 СТРУКТУРА ЛИЧНОСТИ В КОНЦЕПЦИИ ДЖ. Г. МИДА, 1934.

4 Հ.Թեջֆելը և Ջ.Թյորները «սոցիալական ինքնության» տեսության շրջանակներում առաջ են քաշում խմբային կատեգորիզացիայի in-group և out-group հասկացությունները։

5 Аронсон Э., Общественное животное, М., 1998.

6 Կատեգորիզացիայի մեկնաբանման երկու մոտեցում կա. համաձայն առաջինի՝ կատեգորիզացիան մեկնաբանվում է որպես ճանաչողական մեխանիզմ, որն արագացնում և դյուրինացնում է բազմաբնույթ ինֆորմացիայի ընկալումն անձի կողմից։ Երկրորդ մոտեցմամբ կատեգորիզացիան դիտարկվում է որպես դրական ինքնության պահպանման մեխանիզմ: Երկու դեպքում էլ կատեգորիզացիան կարևոր մեթոդ է այլ խմբերի գոյության մասին պատկերացումների ձևավորման և իրականության կառուցակցման համար:

7 «Représentations sociales et identité: des relations complexes et multiples», http://osp.revues.org/index1770.html

8 А.Ослон, «Уолтер Липпман о стереотипах: выписки из книги “Общественное мнение”», http://corp.fom.ru/uploads/socreal/post-113.pdf

9 Т.В. Евгениева, А.В. Селезнева, «Образ «врага» как фактор формирования национальной идентичности современной Российской молодежи», 2007 http://www.russianpolity.ru/content11

10 Герберт Маркузе, «Одномерный человек», գրքի էլեկտրոնային տարբերակ, էջ 32։

11 Նույն տեղում, էջ 34։

12 Oxana Stuppo, Das Feindbild als zentrales Element der Kommunikation im Spätstalinismus, p. 755-761, https://monderusse.revues.org/6095

13 Spillmann K., & Spillmann K. (1991), On enemy images and conflict escalation. International Social Science Journal.

14 Առավել մանրամասն «Армянофобия в Азербайджане» գրքում, http://stophatespeech.net/

15 Սոնա Մանուսյան, «Ադրբեջանի հակահայ քարոզչության յուրահատուկ դրությունը», Գլոբուս «Ազգային անվտանգություն», թիվ 5, 2010, http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5055&sphrase_id=46246

16 Նման մեկնաբանություններ հաճախ կարելի է հանդիպել ԼՂՀ սահմանում տեղի ունեցող դեպքերի լուսաբանումների տակ, օրինակ՝ «Бои в Карабахе. Армянские ВС несут большие потери», http://news.day.az/politics/573044.html

17 «Мартовский геноцид азербайджанцев. Как это было», http//news.day.az/politics/323998.html

18«Великая Армения» - рецепт национального самоубийства, http://1news.az/authors/oped/20150403012200777.html


դեպի ետ