• am
  • ru
  • en
Версия для печати
01.09.2015

ԷՐԴՈՂԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՎԵՐՋԸ

EnglishРуский

   

Թիերի Մեյսան
Քաղաքական խորհրդական, Réseau Voltaire ինտերնետ պարբերականի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր նախագահ։

Պարտություն խորհրդարանական ընտրություններում

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպառնալիք են ոչ միայն Ռեջեփ Թայիփ Էրդողանի, որն արդեն իրեն նոր Սուլթան է պատկերացնում, այլև նա Արդարություն և զարգացում կուսակցության ծրագրերին։ Երեք այլ կուսակցություն (Ժողովրդական շարժում պահպանողական կուսակցություն՝ МНР, սոցիալիստական Հանրապետաժողովրդական կուսակցություն՝ CHP և ձախ Ժողովրդական դեմոկրատիայի շարժում կուսակցություն՝ HPD) հայտարարել են, որ համաձայն չեն ձևավորել կոալիցիոն կառավարություն և կողմ են եռյակ կոալիցիայի ստեղծմանն առանց ԱԶԿ-ի։ Իսկ եթե նրանք 45 օր հետո համաձայնության չգան, կամ պետք է հանձնարարվի սոցիալիստներին՝ ձևավորել կառավարական կոալիցիա, ինչին համաձայն չէ ԱԶԿ-ն, կամ կրկնակի խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն։

Այս սցենարը նույնքան անհավանական է թվում, որքան քաղաքագետների համար անհավանական էին թվում ընտրությունների արդյունքները մինչև հունիսի 7-ը։ Սակայն, Վլադիմիր Պուտինի հետ 2014թ. դեկտեմբերի 1-ին տնտեսական համաձայնագիր (Թուրքական հոսք) ստորագրելով՝ վերջինին Եվրամիության պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն տալու նպատակով, պրն Էրդողանը խախտեց ՆԱՏՕ չգրված կանոնները։ Սա անելով՝ նա միաժամանակ անհարմար դարձավ թե՛ Վաշինգտոնին, թե՛ Բրյուսելին։ Ուստի, ԱՄՆ-ը նախընտրական քարոզարշավում արեց ամեն բան՝ ԱԶԿ-ին խանգարելու համար։

Այս ընտրություններում պրն Էրդողանը նպատակադրվել էր ստանալ 400 տեղ 550-ից։ Սահմանադրության ընդունման համար, որը նրան կընձեռի բոլոր լիազորությունները, հարկավոր է 367 խորհրդարանական տեղ։ Բայց նա կբավարարվեր նաև 330 տեղով, ինչը նրան թույլ կտար հանրաքվե նշանակել և նոր սահմանադրություն ընդունել պարզ մեծամասնությամբ։ Բայց նա ընդամենը 258 տեղ ունի, ինչը բավական չէ իշխանությունը պահելու համար։

2002-ից ԱԶԿ գերիշխանությունը բացատրվում է միաժամանակ լավ տնտեսական ցուցանիշներով և ընդդիմության տարանջատվածությամբ։ Սակայն թուրքական տնտեսությունն այժմ ծանր դրության մեջ է. տասնյակ տարի 10%-ի հասնող աճի տեմպերն ընկան Լիբիայի դեմ պատերազմի և Սիրիայի դեմ գաղտնի գործողության ժամանակ։ Հիմա այն հավասար է 3%-ի, բայց շուտով կարող է և բացասական դառնալ։ Աճում է գործազրկությունը, գործազուրկների թիվը հասնում է 11%-ի։ Այդ պատերազմները վարվում էին Թուրքիայի դաշնակիցների և նրա առավել կարևոր տնտեսական գործընկերների դեմ։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ԿՀՎ-ն, որը մինչ այդ նրա կրակին յուղ էր ավելացնում, հիմա ջանում է բուժել նրան։

Ամեն ինչ հեշտ կլիներ, եթե հաշվի առնենք բողոքների այն հոսքը, որն առաջ է գալիս պրն Էրդողանի իշխանասիրությամբ։ 2013թ. հունիսին ընդդիմությունը միավորվեց Թաքսիմ Գեզի պարտեզի ցույցի հիման վրա։ Բայց այդ շարժումը զարգացում չստացավ, որովհետև պրն Էրդողանին այն ժամանակ պաշտպանեց Վաշինգտոնը, իսկ շարժումն ինքը դուրս չեկավ քաղաքային հուզումների շրջանակից։ Ցուցարարները բողոքում էին ընդդեմ անշարժ գույքի մասին օրենքի, բայց հիմնականում՝ ընդդեմ «Մուսուլման եղբայրների» դիկտատուրայի և Սիրիայի դեմ պատերազմի։

Համարելով, որ այդ շարժումը չի կարող տապալել իրեն, ԱԶԿ-ն սխալմամբ կարծում էր, թե ո՛չ ոք չի կարող իրեն տապալել։ Կուսակցությունը փորձում էր ուժով անցկացնել իսլամիստական ծրագիրը (գլխաշորեր կանանց համար, հակառակ սեռի անձանց հետ արտամուսնական կյանքի արգելք և այլն)։ Եվ սա՝ այն ժամանակ, երբ Սուլթանի անբասիր կերպարն արատավորվեց ընտանեկան կոռուպցիայի փաստով։ 2014թ. փետրվարին, հավանաբար հեռախոսազրույցի գաղտնալսմամբ, բոլորն իմացան այն մասին, թե ինչպես է պրն Էրդողանը որդուց պահանջել թաքցնել 30 մլն եվրո կանխիկ փող ոստիկանների խուզարկությունից առաջ1։

Ասվածին կարելի է ավելացնել «մաքրումներն» այն մարդկանց մեջ, ովքեր հավատարիմ են եղել նախկին զինակից Ֆեթուլա Գյուլենին2, գեներալների, փաստաբանների և լրագրողների զանգվածային ձերբակալությունները3, քրդերին տված խոստումները չկատարելը, աշխարհում ամենամեծ նախագահական պալատի շինարարությունը։

Այս ձախողումը արտաքին քաղաքականության հետևանք է

Ռեջեփ Թայիփ Էրդողանի պարտությունը պայմանավորված է ոչ թե ներքին լուծումներով, այլ նրա արտաքին քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Նրա առաջին տարիների արտասովոր հաջողությունները հնարավոր չէին լինի առանց ԱՄՆ թաքուն օգնության, որն ուզում էր նրան դարձնել բոլոր սուննիների առաջնորդը։ 2011թ. երկրի տնտեսությունը ճգնաժամի մեջ էր այն պատճառով, որ Անկարան մասնակցում էր Լիբիական Արաբական Ջամահիրիայի փլուզման գործողությանը, որը մինչև հիմա էլ նրա երկրորդ տնտեսական գործընկերն է։ Թուրքիան վերականգնեց պատմական կապերը միստրատա ազգության և գլխավորապես աղդամների, այսինքն՝ իսլամացած թուրքական հրեաների հետ, որոնք բնակություն էին հաստատել Լիբիայում XVIII-XIXդդ.։

Թուրքիան գիտակցում էր, որ գրոհելով Լիբիայի վրա՝ կորցնում է շատ կարևոր շուկա, բայց հույս ուներ գլխավորել «Մուսուլման եղբայրների» աջակցությունը վայելող կառավարությունները Թունիսում, հետո, հնարավոր է՝ Լիբիայում, Եգիպտոսում և Սիրիայում։ Սկզբում այդպես էլ կար, բայց դա երկար չտևեց։

Անկարան ընդդեմ Սիրիայի պատերազմի մեջ մտավ։ Հենց թուրքական տարածքում ՆԱՏՕ-ն տեղակայեց գործողությունների կառավարման շտաբը։ Առաջին պատերազմի ժամանակ (4-րդ սերնդի պատերազմներ), 2011թ. փետրվարից մինչև 2012թ. հունիսի Ժնևի կոնֆերանսը, ՆԱՏՕ-ն Թուրքիա էր ուղարկում Լիբիայի «Ալ Քաիդայի» զինյալներին՝ Ազատ սիրիական բանակի կազմավորման համար։ Պրն Էրդողանը բավարարվում էր «փախստականների ճամբարների» անվան տակ քողարկված օդային բազաներ տրամադրելով, իսկ կուրացած արևմտյան մամուլը դրանում որևէ այլ բան չէր տեսնում՝ «արաբական գարնան» ոճի «դեմոկրատական հեղափոխությունից» բացի։

2012թ. հունիսին, Եգիպտոսում ընտրությունների ժամանակ «Մուսուլման եղբայրների» հաղթանակից հետո, ամբողջ Եղբայրությանը լուսավոր ապագա էին գուշակում։ Ուստի, պրն Էրդողանը հետևեց Հիլարի Քլինթոնի, գեներալ Փեթրեուսի և Ֆրանսուա Օլանդի՝ Սիրիայի դեմ պատերազմը վերսկսելու ծրագրին, բայց այս անգամ՝ ըստ Նիկարագուայում պատերազմի սկզբունքի։ Խոսքը ոչ թե ՆԱՏՕ գաղտնի գործողությանն աջակցելու, այլ դասական լայնամասշտաբ պատերազմի մասին էր։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ միջազգային ահաբեկչության համակարգող

Երբ 2012թ. հուլիսին Դիմակայության առանցքը՝ ի պատասխան Ազգային անվտանգության խորհրդի անդամների սպանության, փորձեց վերացնել սաուդյան արքայազն Բանդար բեն Սուլթանին, պրն Էրդողանն օգտվեց դրանից։ Նա Թուրքիան վերածեց Սաուդյան Արաբիայի զինակցի միջազգային ահաբեկչական մանիպուլյացիաներում։

Երկու տարվա ընթացքում ավելի քան 200 հազար վարձկան աշխարհի բոլոր ծայրերից Թուրքիայով Սիրիա անցավ՝ ջիհադ իրականացնելու։ Թուրքական հատուկ ծառայությունները զենքի և փողի հանձնման հզոր համակարգ էին մշակել՝ պատերազմը պահելու համար, որը վճարում էր Կատարը, իսկ ԿՀՎ-ն վերահսկում էր։

Պրն Էրդողանը Թուրքիայի տարածքում ստեղծեց երեք մարզաճամբար «Ալ Քաիդայի» համար՝ Շանլըուրֆայում (սիրիական սահմանին), Օսմանիեում (Ինջիրլիքի ՆԱՏՕ ռազմակայանի կողքին) և Քարամանում (Ստամբուլին մոտ), որտեղ նույնպես կազմակերպեց ահաբեկչության ակադեմիա՝ «Ամերիկ դպրոցի» ավանդույթներով4,5։

Ոստիկանությունը և թուրքական արդարադատությունը ցույց տվեցին, որ պրն Էրդողանը, ինչպեսև ամերիկյան փոխնախագահ Դիք Չեյնին, «Ալ Քաիդայի» «բանկիր» Յասին ալ-Քադիի ընկերն էր։ Համենայնդեպս, նրան այդպես էին անվանում ՀԴԲ-ում և ՄԱԿ-ում, քանի դեռ չհանեցին միջազգային ահաբեկիչների ցուցակից 2012թ. հոկտեմբերին։ Երբ Յասին ալ-Քադին միջազգային հետախուզման մեջ էր, գաղտնի այցելել էր Անկարա մասնավոր ինքնաթիռով։ Պրն Էրդողանի թիկնապահները նրան դիմավորել են օդանավակայանում՝ նախապես անջատելով տեսահսկման խցիկները6։

2014թ. մարտի 18-ին YouTube-ում դրվեց Turkish Airlines ընկերության կառավարիչ Մեհմեթ Կարատասի զրույցի տեսագրությունը, որում նա բողոքում էր պրն Էրդողանի խորհրդականին, որ իր ընկերությունն օգտագործվել է կառավարության կողմից «Բոկո Հարամի» համար Նիգերիա գաղտնի զենք տեղափոխելու համար։ Բարձրաստիճան պաշտոնյան մտահոգված էր ոչ թե այն պատճառով, որ ինքը խախտել է միջազգային իրավունքը, այլ նրանով, որ այդ զենքը կարող էր օգտագործվել ոչ միայն քրիստոնյաներին, այլև մուսուլմաններին սպանելու համար։

2014թ. մայիսին թուրքական հետախուզության ծառայությունը (MIT) հատուկ տրանսպորտով ԻԼԻՊ-ի համար սպառազինություն և նոր Toyota պիկապներ ուղարկեց, որոնք տրամադրել էր Սաուդյան Արաբիան։ Իսլամական պետությունը, որն այդ ժամանակ մի քանի հարյուր զինյալներից բաղկացած կազմակերպություն էր, մեկ ամսվա ընթացքում վերածվեց իսկական բանակի՝ մի քանի տասնյակ հազար մարդով, և գրավեց Իրաքը։

2014թ. վերջին չորս ամսվա ընթացքում Թուրքիան ՔԱԿ քրդերին թույլ չէր տալիս հատել սահմանը՝ յուրայիններին Քոբանիում (Այն ալ-Արաբ) օգնության հասնելու համար, երբ քաղաքը ենթարկվեց ԻԼԻՊ գրոհին։ Միևնույն ժամանակ, շատ լրագրողներ վկայում էին այն մասին, որ ջիհադականները կարող էին ազատ անցնել սահմանը7։

Հունվարի 19-ին ժանդարմերիան դատախազության հրահանգով կանգնեցրեց ԻԼԻՊ-ի համար զենք տեղափոխող պահակախումբը։ Բայց խուզարկությունը մինչև վերջ չհասցվեց, քանի որ պարզվեց, որ պահակախմբին ուղեկցում էին թուրքական հատուկ ծառայության (MIT) գործակալները։ Դրանից հետո դատախազը և ժանդարմերիայի գնդապետը դատապարտվեցին «դավաճանության» համար։ Այս գործի դատավարության ընթացքում դատավորը «բերնից թռցրեց», որ MIT-ը ընդհանուր առմամբ 2000 բեռնատար էր վարձել՝ ԻԼԻՊ-ի համար զենք տեղափոխելու նպատակով8։

Թուրքական ահաբեկչական համակարգի հիմնակմախքը հեշտ է պարզել. 2007թ. Վեսթ Փոյնթի Ռազմական ակադեմիան ցույց տվեց, որ Իրաքում Իսլամական պետության զինյալները եղել են լիբիական «Ալ Քաիդայից»։ Վարձկանները, որոնց օգտագործում էին 2011թ. Մուամար Քադաֆիին տապալելու համար9, հետագայում մտան Սիրիական ազատ բանակի կազմ («չափավորներ»)10։ Իրաքի Իսլամական պետության սիրիական զինյալները «Ալ Քաիդա» ստեղծեցին Սիրիայում (Ալ-Նուսրա ճակատ)։ Սիրիացի և լիբիացի շատ զինյալներ վերադարձան Իրաքի Իսլամական պետություն այն բանից հետո, երբ վերջինը վերանվանվեց «Դաեշ» և սկսեց զինյալներ մատակարարել «Բոկո Հարամին» (Նիգերիա)։

Թուրքիայի միջամտությունը հակամարտությանը

Թուրքիան հսկայական օգուտ կորզեց Սիրիայի դեմ պատերազմում։ Նախ՝ կազմակերպելով հնագիտական արժեքների թալան։ Անտիոքում ստեղծվեց շուկա, որտեղ ողջ աշխարհի հավաքորդները կարող էին գնել արվեստի հափշտակված նմուշներ և պատվիրել, որպեսզի նորերը հափշտակվեն։ Բացի այդ, կազմակերպվեց Հալեպի՝ Սիրիայի գլխավոր արդյունաբերական կենտրոնի արդյունաբերական ձեռնարկությունների թալանը։ Հալեպի Առևտրաարդյունաբերական պալատը ցույց է տվել, թե ինչպես են ապամոնտաժվել ամբողջական գործարաններ և Թուրքիա են փոխադրվել հաստոցներ՝ MIT զգոն հսկողության ներքո։ Սիրիացիները բողոքներ էին հղում դատարան, բայց դրանց թուրք փաստաբաններն անմիջապես ձերբակալվում էին պրն Էրդողանի վարչակազմի կողմից, և նրանք ցայսօր նստած են բանտերում։

Վերջին ժամանակներից սկսած՝ Թուրքիան սկսել է իր հատուկ նշանակության ջոկատներն ուղարկել Սիրիա, և մի քանի հատուկջոկատայիններ գերի են վերցվել Արաբական սիրիական բանակի կողմից։ Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է 2013թ. սեպտեմբերին գրոհ կազմակերպել Մաալուլու քրիստոնեական քաղաքի վրա, որը ռազմավարական որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, բայց քրիստոնեական պաշտամունքի ամենահին սրբավայրն է։ Բացի այդ, 2014թ. մարտին թուրքական զորքերը մտան Սիրիայի տարածք և ուղեկցեցին Ալ-Նուսրա ճակատի («Ալ Քաիդա») ջիհադականներին և Իսլամի բանակին (սաուդամետ) մինչև հայկական Քեսապ քաղաք՝ նպատակ ունենալով ոչնչացնել բնակիչներին, որոնց նախնիները փրկվել էին օսման թուրքերի11 իրականացրած ցեղասպանությունից։ Զարմանալի չէ, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը ընդդիմացան այս ագրեսիայի դատապարտմանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում։ Հետագայում թուրքական զորքերը քանիցս մտան Սիրիայի տարածք, բայց մարտերին չմասնակցեցին։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանցագործությունների ծանրությունը

Թուրքական մամուլում շատ է գրվել Էրդողանի վարչակազմի հանցագործությունների մասին, ինչը վերջնականապես նրանից հեռացրեց ալևիսներին (մոտ են ալավիներին) և քրդերին։ Առաջինները հիմնականում աջակցում են CHP-ին, իսկ երկրորդները՝ HPD-ին։ Բայց սա քիչ է նոր Սուլթանին տապալելու համար։

Առաջին սխալը կատարվեց 2004թ. դեկտեմբերի 1-ին, երբ պրն Էրդողանը ստորագրեց հսկայական տնտեսական համաձայնագիր նախագահ Պուտինի հետ, որին նա ընկալում է իբրև ցար և, հետևաբար, որպես ընդօրինակման մոդել։ Հնարավոր է, նա երկյուղում է, որ ԱՄՆ-ը իրենից երես կթեքի, եթե Սիրիան ընկնի, ինչպես որ երես թեքեց Սադամ Հուսեյնից, երբ Իրանը վերջնականապես հյուծվեց։ Այնուամենայնիվ, ցանկանալով երկու խաղատախտակի վրա խաղալ՝ Արևելքում և Արևմուտքում, պրն Էրդողանը կորցնում է այն աջակցությունը, որը նրան անվերապահորեն ցուցաբերում էր ԿՀՎ-ն 1998-ից։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի պրոֆեսիոնալ ճանապարհը

Երիտասարդ տարիքում Էրդողանը երազում էր ֆուտբոլիստ դառնալ։ Լիդերի հատկանիշներ ունենալով և խարիզմատիկ անձնավորություն լինելով՝ նա ապրում էր մի թաղամասում, որտեղ տերուտնօրենը հանցագործներն էին։ Նա մտնում է Նեջմեթդին Էրբաքանի «Միլլի Գերյուշ» («Ազգային տեսլական», ինչը, նկատի ունենալով գրաքննությունը, պետք է հասկանալ որպես «Քաղաքական իսլամ»), որի ծրագիրը երկրի իսլամացումն էր։ Նա ծայրահեղ աջ հակակոմունիստների խմբում էր և մասնակցում էր հրեաների ու մասոնների դեմ տարբեր ցույցերի։ 1991թ. խորհրդարան անցնելուց հետո նրան արգելվեց լինել այդ կազմակերպությունների անդամ՝ պետական հեղաշրջումների և ճնշումների արդյունքում, որոնք թափվեցին իսլամիստների գլխին։ 1994թ. Ստամբուլի քաղաքապետ ընտրվելով՝ նա չէր արտահայտում իր իսլամիստական հայացքները և դրանք ոչ մեկին չէր պարտադրում։ Բայց կուսակցության արգելումից հետո նա դատապարտվեց իր ելույթի ժամանակ պանթյուրքական բանաստեղծություն մեջբերելու համար։ 4 ամիս անցկացրեց բանտում, նրան արգելված էր դնել իր թեկնածությունն ընտրություններում։

Ազատ արձակվելուց հետո նա հայտարարեց, որ վերջնականապես խզում է կապերն անցյալի հետ։ Նա թողնում է հակաարևմտյան հռետորաբանությունը, ինչը պառակտում մտցրեց Նեջմեթդին Էրբաքանի շարժման մեջ։ Ոչ առանց ամերիկյան դեսպանության օգնության նա ստեղծում է ԱԶԿ-ն՝ միաժամանակ իսլամիստական և արևմտամետ կուսակցություն, որի մեջ մտան ոչ միայն «Միլլի Գերյուշի» նրա զինակիցները, այլև Ֆեթուլա Գյուլենի հետևորդները և Թուրգութ Օզալի նախկին կողմնակիցները։ Վերջինը սուննի քուրդ էր և եղել է երկրի նախագահը 1989-93թթ.։ ԱԶԿ-ն հաղթեց 2002թ. ընտրություններում, բայց դրանք չճանաչվեցին։ Այն հաղթանակ տոնեց նաև 2003թ., ինչը թույլ տվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերջապես վարչապետ դառնալ և վերջ դնել նրա վրա դրված քաղաքական արգելքներին։

Իշխանության գալով՝ պրն Էրդողանը մոռացավ իր իսլամիստական հայացքների մասին։ Նա սկսեց զարգացնել տնտեսությունն ԱՄՆ օգնությամբ, իսկ հետո, սկսած 2009-ից՝ կիրառում է Ահմեթ Դավութօղլուի (Ֆեթուլա Գյուլենի հետևորդ) տեսությունը, որի բովանդակությունը հակիրճ կարող է արտահայտվել որպես «զրո խնդիրներ հարևանների հետ»։ Խոսքը հարյուրամյա վաղեմության հակամարտությունների լուծման մասին էր, որոնք ժառանգություն էին մնացել Օսմանյան կայսրությունից։ Այդ նույն 2009թ. նա ձևավորում է Սիրիայի և Իրանի հետ ընդհանուր շուկա՝ տարածաշրջանային տնտեսական բում առաջացնելով։

ԱԶԿ-ն և «Մուսուլման եղբայրները»

«Միլլի Գերյուշը» միշտ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Եգիպտոսի «Մուսուլման եղբայրների» նկատմամբ, թեև նրանց պատմությունները տարբեր են։ Նշանակում է՝ այն հավատարիմ է Հասան ալ-Բաննայի և Սաիդ Խոթբայի ուսմունքներին։

ԱԶԿ-ն պաշտոնապես մերձեցավ «Մուսուլման եղբայրներին» 2008-09թթ. Գազայի դեմ Իսրայելի պատերազմի ժամանակ։ Դա հարկադրեց Էրդողանի կառավարությանն աջակցել և մասնակցել Ազատության նավատորմիղին, որը «Մուսուլման եղբայրները» կազմակերպել էին IHH հումանիտար ասոցիացիայի (Մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար օգնության հիմնադրամ) քողի ներքո և ԿՀՎ զգոն վերահսկողությամբ12։

«Արաբական գարնան» սկսվելուն պես ԱԶԿ-ն սկսեց աջակցել Ռաշիդ Գանուչիին Թունիսում, Մահմուդ Ջիբրիլին Լիբիայում և Մոհամեդ Մուրսիին Եգիպտոսում։ Կուսակցությունը «Մուսուլման եղբայրներին» մասնագետներ էր տրամադրում հասարակության հետ կապերի գծով և նրանց խորհուրդներ էր տալիս իրենց միջավայրում իսլամի ընդհանուր տեսլականի վերաբերյալ։

Այս դաշինքը հատուկ նշանավորվեց այն օգնությամբ, որը պրն Էրդողանը ցուցաբերեց Ստամբուլում Սիրիական ազգային խորհրդի ստեղծմանը. այն կոչված էր դառնալու սիրիական կառավարություն վտարանդիության մեջ, ատյան, որը լիովին վերահսկվում էր «Մուսուլման եղբայրների» կողմից13։

2012թ. պրն Էրդողանը ԱԶԿ համագումարին հրավիրեց «Մուսուլման եղբայրների» առաջնորդներին՝ եգիպտացի Մոհամեդ Մուրսիին և պաղեստինցի Հալեդ Մեսքալին։ 2013թ. նա կազմակերպեց «Մուսուլման եղբայրների» կոնֆերանսը, որին ներկա էին Յուսեֆ Նադան, Մոհամեդ Ռիյադ ալ-Շաֆաքը (Սիրիայում Եղբայրների առաջնորդը) և Ռաշիդ Գանուչին։ Զգուշավորության համար նրանց հրավիրել էին ոչ թե ԱԶԿ, այլ «Միլլի Գերյուշի» նախկին զինակիցների անունից։

Երբ 2014թ. սեպտեմբերին Կատարը, Սաուդյան Արաբիայի հետ պատերազմից խուսափելու համար, «Մուսուլման եղբայրներին» հորդորեց թողնել Էմիրությունը, պրն Էրդողանը բաց չթողեց հարմար առիթը և միջազգային առումով միակն էր, որ Եղբայրությանը հայտնեց իր աջակցությունը։

Թուրքիայի ապագան

Ռեջեփ Թայիփ Էրդողանին թյուրիմացաբար նեոօսման են համարում։ Բայց նրա պլանը ոչ թե կայսրության վերականգնումն է, այլ նոր կայսրության ստեղծումը՝ նոր կանոններով։ Նա հույս ուներ հենվել սկզբում Խալիֆայության («Հիզբ ութ-Թահրիրի» և ԻԼԻՊ-ի հետ միասին) մոլեռանդության, իսկ հետո՝ պանթյուրքիզմի («գայլերի հովիտ») վրա։ Նրան ավտորիտար քաղաքական գործիչ նույնպես սխալմամբ են համարում։ Իրականում նա միշտ իրեն դրսևորել է որպես հոտի առաջնորդ, իսկ դրանց մասին չեն ասում, թե նրանք ավտորիտար են։ Քրեական մի քանի գործերում բռնված լինելով՝ նա միշտ հերքել է ակնհայտը՝ հեռացնելով կամ բանտ նստեցնելով օրենքով գործող ոստիկաններին ու դատավորներին։

Անգամ եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվի էլ կաշառել Ազգային շարժում կուսակցությանը կամ գոնե նրա 18 պատգամավորներին ու կառավարական կոալիցիա ստեղծել, նրա կուսակցությունը, միևնույն է, երկար չի մնա իշխանության ղեկին։

ԱՄՆ-ը, որպեսզի վստահ լինի, որ ստիպված չի լինելու բախվել ԱԶԿ-ի հետ, պետք է հովանավորի տարակարծությունը Ֆեթուլա Գյուլենի հետևորդների և նախագահ Թուրգութ Օզալի մոլի ջատագովների միջև և հակազդի նրանց կողմից սեփական կուսակցություն ստեղծելուն։

Կառավարությունը, որը փոխարինելու կգա ԱԶԿ կառավարությանը, ազատ կարձակի բոլոր քաղբանտարկյալներին, գործեր կհարուցի կոռումպացված իսլամիստական առաջնորդների դեմ և կվերացնի իսլամիստական օրենքը՝ ղեկավարվելով մեծամասնության կարծիքով։ Այն վերջ կդնի Թուրքիայի մասնակցությանը Սիրիայի դեմ ագրեսիվ պատերազմին, բայց չի բացառվում, որ կօգնի ԿՀՎ-ին՝ Իրաքից և Սիրիայից ջիհադականներ ուղարկել այլ ուղղություններով։

ԱԶԿ պարտությունը պետք է հանգեցնի Կատարի հետ «Մուսուլման եղբայրների» մերձեցմանը. այն միակ պետությունն է, որը նպաստավոր է նրանց համար։ Չի բացառվում, որ դա լույս կդառնա թունելի վերջում Թունիսի և Լիբիայի համար և կնպաստի խաղաղության հաստատմանը Սիրիայում և Եգիպտոսում։

1 «30 millions d’euros et la voix d’Erdogan» (http://www.voltairenet.org/article182345.html), Réseau Voltaire, 25 փետրվարի 2014թ.։

2 «Erdoğan attaque Gülen publiquement» (http://www.voltairenet.org/article181087.html), Réseau Voltaire, 23 նոյեմբերի 2013թ.։

3 «Le coup d’État judiciaire de l’AKP» (http://www.voltairenet.org/article179845.html), Թիերի Մեյսան, Al-Watan (Սիրիա), Réseau Voltaire, 19 օգոստոսի 2013թ.։

4 «Israeli general says al Qaeda’s Syria fighters set up in Turkey», Դան Ուլյամս, Reuters գործակալություն, 29 հունվարի 2014թ.։

5 Ամերիկ դպրոցը կտտանքների դպրոց էր, այն ստեղծվել է ԿՀՎ-ի կողմից Պանամայում։

6 «Erdoğan recevait secrètement le banquier d’Al-Qaida» (http://www.voltairenet.org/article181613.html), Réseau Voltaire, 2 հունվարի 2014թ.։

7 «Kobané, objet de tous les mensonges » (http://www.voltairenet.org/article185773.html), Réseau Voltaire, 1 նոյեմբերի 2014թ.։

8 «La Turquie arrête les procureurs qui enquêtaient sur Émirat islamique» (http://www.voltairenet.org/article187524.html), Réseau Voltaire, 8 մայիսի 2015թ.։

9«Ennemis de l’OTAN en Irak et en Afghanistan, alliés en Libye» (http://www.voltairenet.org/article169989.html), par Webster G. Tarpley, Réseau Voltaire, 21 մայիսի 2011թ.։

10 «L’Armée syrienne libre est commandée par le gouverneur militaire de Tripoli» (http://www.voltairenet.org/article172150.html), Թիերի Մեյսան, Réseau Voltaire, 18 դեկտեմբերի 2011թ..; «Islamistas libios se desplazan a Siria para “ayudar” a la revolución» (http://www.voltairenet.org/article172159.html), Դանիել Իրիարտ, ABC (Իսպանիա), Red Voltaire, 18 դեկտեմբերի 2011թ.։

11 «Являются ли массовые убийства для Анкары политическим средством?» (http://www.voltairenet.org/article185731.html), Թիերի Մեյսան, թարգմ.՝ Էդուարդ Ֆեոկտիստով, Վոլտեր ցանց, 27 հոկտեմբերի 2014թ.։

12 «Flottille de la liberté: le détail que Netanyahu ignorait» (http://www.voltairenet.org/article165659.html), Թիերի Մեյսան, Réseau Voltaire, 6 հունիսի 2010թ.։

13Սկզբում խորհուրդը ղեկավարում էր պրոֆեսոր Բուրհան Շալյունը, որին արևմտյան լրատվամիջոցները ներկայացնում էին որպես «աշխարհիկ ակտիվիստ», թեև 2003-ից նա եղել է Աբասի Մադանիի (Ալժիրի փրկության իսլամական ճակատի նախագահ) քաղաքական խորհրդականը։ Այսօր խորհուրդը ղեկավարում է Ժորժ Սաբրան, որին ներկայացնում են որպես քրիստոնյա մարքսիստ, թեև վերջերս Մեքքա ուխտագնացություն է կատարել։

Աղբյուրը՝ «Конец режима Эрдогана», Тьерри Мейсан, Վոլտեր ցանց, 2015թ. հունիսի 15, http://www.voltairenet.org/article187880.html


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր