• am
  • ru
  • en
Версия для печати
03.04.2015

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Руский

   

Գեորգի Կոլարով
Քաղաքական գիտությունների թեկնածու, 1995-1998թթ.՝ Բուլղարիայի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական բլոկի Տեղեկատվության և հասարակության հետ կապի վարչության «Անալիզ» բաժնի «Հոգեբանական պաշտպանություն» ուղղության փորձագետ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բուլղարիայի թագավորությունը պատերազմում էր Անտանտի դեմ։ Այսինքն՝ պատերազմում էր Օսմանյան կայսրության կողմից, Ռուսական կայսրության դեմ։ Արդյունքում՝ 1915-1918թթ. բուլղարա-թուրքական սահմանը մշտապես բաց էր նաև մարդկային հոսքի համար։ Այդ ժամանակ Բուլղարիայի քաղաքացի էթնիկ թուրքերը ծառայում էին թուրքական բանակում, և հակառակը՝ օսմանյան քաղաքացի էթնիկ բուլղարները ծառայում էին բուլղարական բանակում։ Մյուս կողմից՝ դեռ մոռացված չէին Բալկանյան երկու պատերազմները, որոնց ժամանակ բուլղարները կռվում էին թուրքերի դեմ, և օսմանյան ստրկության վերջն էլ դրվել էր ընդամենը երեք տասնամյակ առաջ։ Բուլղարիայում լավ էին հիշում այն քաջությունն ու ռազմական հմտությունը, որոնք ցուցաբերել էր 1912թ. Առաջին Բալկանյան պատերազմում հայկական վաշտը Անդրանիկ Օզանյանի և Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ, Մակեդոնական ներքին հեղափոխական կազմակերպության (ՄՆՀԿ) դիվիզիայի կազմում։ Ուստի, երբ 1915թ. ապրիլի 24-ից հետո սահմանն սկսեցին հատել Ցեղասպանությունից փրկվել փորձող հայերը, նրանք անմիջապես սրտակցություն և համերաշխություն էին գտնում։ Նրանցից մեկը Վառնայի քաղաքապետի նախկին թեկնածու և հայտնի իրավաբան Վանուհի Առաքելյանի պապն էր։

Հայ ժողովրդի ողբերգության տպավորության տակ բուլղար մեծ բանաստեղծ (հեղափոխական, ՄՆՀԿ ակտիվ գործիչ) Պեյո Յավորովը գրել է «Հայերը» ողբերգական պոեմը։

Հայերի մեծ մասը չմնաց երկրում. նրանք մեկնեցին Արևմուտք, հիմնականում Ֆրանսիա, ԱՄՆ և Արգենտինա։ Սակայն նրանք, ովքեր մնացին, և նրանց սերունդները, դարձան երկրի ամենահարգարժան քաղաքացիները։ Նրանք, անկախ քաղաքական փոփոխություններից, կազմում էին բուլղարական հասարակության ընտրանու մասը։ Գործել են քաղաքականության, գիտության, արվեստի, բիզնեսի, սպորտի ոլորտներում։

Բուլղարահայերն արագ կառուցեցին իրենց եկեղեցիները, իսկ Սոֆիայում կառուցեցին նաև Ժողովրդական տունը։ Նոր շենքերը կարևոր կենտրոններ էին հայ համայնքների համար յուրաքանչյուր քաղաքում, որտեղ հիմնավորվել էին նրանք։ Եվ սկսվեց մշակութային լիարժեք կյանքը, որը շարունակվում է ցայսօր։

Հայերի ներկայությունը դրական դեր խաղաց քրիստոնեական բարոյականության և բուլղարական հայրենասիրության ամրապնդման գործում։ Բուլղար ժողովրդի համատարած բոլշևիկացման ֆոնին, որն սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո (համաշխարհային երկու պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում երկու բուլղարացի՝ Վասիլ Կոլարովը և Գեորգի Դիմիտրովը, եղել են Կոմինտերնի գլխավոր քարտուղարներ), հայ համայնքը կատարում էր բարոյաքաղաքական և ֆինանսատնտեսական կարգավորիչի գործառույթ անգամ ԲԿԿ շարքերում։ Խորհրդային բանակի՝ երկիր մտնելուց և կոմունիստների իշխանության գալուց հետո բուլղարահայերը սկսեցին համալրել գերազանցապես գիտատեխնիկական և ստեղծագործող մտավորականության շարքերը՝ մի կողմ քաշվելով քաղաքականությունից, կառավարումից և գաղափարախոսությունից։ Թեև բացառություններ եղել են. հատուկ ծառայությունների գեներալ է եղել Կապրիել Կապրիելովը, մարքս-լենինյան փիլիսոփայության դասագրքեր է գրել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Սարգսյանը, Բուլղարիայի ակադեմիայի բուլղարագիտության ինստիտուտը ղեկավարել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Գարաբեդյանը, Վառնայի մարզի դատախազն էր Մասիս Խաջոլյանը, Վառնայի արհմիությունները ղեկավարում էր Լևոն Օվանեզովը։ Նրանք բոլորն էլ օրինապաշտ քաղաքացիներ էին և, շնորհիվ իրենց կրթության ու մասնագիտական հմտությունների, հաջող կարիերա ունեցան։

Սոցիալիզմի օրոք աչքի ընկնող լրագրող էր Կևորկ Կևորկյանը, հայտնի ռեժիսոր էր Խաչո Բոյաջիևը, հայտնի էին կոմպոզիտոր Հայգաշոտ Աղասյանը, երգչուհի Ստեֆկա Օնիկյանը, դերասան Սարգիս Մուհիբյանը, ծանրորդ Նորայր Նուրիկյանը, բռնցքամարտիկ Կիրկոր Կիրկորովը, ֆուտբոլիստ Կևորկ Թահմիսյանը, բազմաթիվ շախմատիստներ։

Հետկոմունիստական շրջանում շատ հայեր առաջավոր դիրքեր գրավեցին բիզնեսում, գիտության, քաղաքականության, լրագրության մեջ։ Երկար տարիներ Բուլղարիայի ազգային բանկը ղեկավարում է Լևոն Համբարձումյանը, անվանի ֆինանսիստներ են Եդի Մինասյանը և Սարգիս Սարկիզովը (Վառնայում Հայաստանի Հանրապետության նախկին պատվո հյուպատոս, որն իր պաշտոնից ազատվեց բուլղար հասարակության համար անհասկանալի պատճառներով)։ Գիտության մեջ համաշխարհային հռչակ ձեռք բերեց աստղաֆիզիկոս Գագո Մարդիրոսյանը։ Բուլղարիայում անվանի լրագրողներ են Ալեքսանդր Մարկարյանը, Արման Բաբիկյանը, Անտոն Հեքիմյանը։

ԽՍՀՄ փլուզման շրջանում հազարավոր հայեր տեղափոխվեցին Բուլղարիա։ Հետո նրանցից շատերը վերադարձան Հայաստան։ Անկասկած, Բուլղարիա տեղափոխված ամենահայտնի հայը ըմբիշ Արմեն Նազարյանն է։

Հատուկ ուշադրության է արժանի պլովդիվցի Թորոսյանների ընտանիքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո ազգությամբ հայ ամուսինը համոզում է բուլղարուհի կնոջը տեղափոխվել խորհրդային Հայաստան՝ սոցիալիզմ կառուցելու։ Ավագ որդին՝ Մկրտիչը, ծնվել է Բուլղարիայում, կրտսերը՝ Սուքիասը, ԽՍՀՄ-ում։ Ավագը դարձել է կատակերգակ դերասան, կրտսերը՝ օպերային երգիչ և նկարիչ։ Երկուսն էլ երկուական որդի ունեն, իսկ կանայք Վրաստանից են։ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Մկրտիչը օգտվեց Բուլղարիայում ծնվելու փաստից և Բուլղարիայի քաղաքացիություն ստացավ։ Հիմա նրա որդիները՝ Հովհաննեսը և Տիգրանը, ամենահայտնի դերասաններն են Բուլղարիայում, բուլղար երիտասարդության կուռքն են։ Սուքիասի կտավները մեծ պահանջարկ ունեն Բուլղարիայում։

Բուլղարահայերը 100%-ով «իրենցով են արել» շատ արհեստներ։ Մարդիկ իրենց ժամացույցները և ոսկերչական իրերը նորոգելու են տանում հայ վարպետների մոտ՝ նրանց ազնվության և որակյալ աշխատանքի համար։ Այդ արհեստները նրանք փոխանցում են սերնդեսերունդ։

Ընդհանուր առմամբ, բուլղարական հասարակությունը կիսում է հայերի ցավը և պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սակայն քաղաքական գործիչները, քաղաքացիական անդորրը պահպանելու նպատակով, ստիպված են փոխզիջման գնալ մեծաթիվ թուրքական համայնքի հետ և դրա ներկայացուցիչներին ներգրավել պետական և կառավարման կառույցներում։ Էթնիկ թուրքերի և այլ մուսուլմանների կուսակցությունը՝ Իրավունքների և ազատությունների շարժումը (ԻԱՇ) կարճ ընդմիջումներով արդեն քառորդ դար իշխանությունում է։ Դրա առաջնորդները հետևողականորեն խոչընդոտում են Ցեղասպանության ճանաչմանը։ Այժմ այն ընդդիմություն է։ Բայց իշխող՝ Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման (ՔՀԲԵԶ) կուսակցությունը ստիպված է չսրել հարաբերությունները նրա հետ՝ անդորրը և քաղաքական ուժերի միջև հանդուրժողական երկխոսությունը պահպանելու համար։ Ուստի, իրատեսական չի լինի սպասել, որ Բոյկո Բորիսովի կառավարությունը, առանց կոալիցիոն գործընկերների և հասարակության ճնշման, գնա Ցեղասպանության ճանաչման քայլին։ Կոալիցիոն գործընկերների մեջ Ցեղասպանության ճանաչման օգտին հանդես է գալիս «Հայրենասիրական ճակատ» կոալիցիան, որի կազմում երկու մեծ կուսակցություններ են՝ Մակեդոնական ներքին հեղափոխական կազմակերպությունը և Բուլղարիայի փրկության ազգային ճակատը, կան նաև բազմաթիվ փոքր կուսակցություններ։ ՔՀԲԵԶ-ի հետ կոալիցիայում է նաև նոր՝ Այլընտրանք հանուն բուլղարական վերածննդի (ԱՀԲՎ) կուսակցությունը, որը կազմված է Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության (նախկին կոմունիստական կուսակցության) նախկին անդամներից՝ հանրապետության կրկնակի ընտրված նախագահ Գեորգի Պիրվանովի և նախկին նախարարներ Իվայլո Կալֆինի, Ռումեն Պետկովի և Կիրիլ Ցոչևի ղեկավարությամբ։ ԱՀԲՎ ղեկավարությունը և անդամները նույնպես հանդես են գալիս Ցեղասպանությունը ճանաչելու օգտին։ Ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունների մեջ Ցեղասպանության ճանաչման մոլի կողմնակից է «Ատակա» քաղաքական կուսակցությունը։ Այն հակաթուրքական և ռուսամետ կողմնորոշում ունի։

Բուլղարիայի խորհրդարանում արդեն սկսվել է խորհրդարանական խմբերի վերաձևավորումը։ Այդ խմբերից դուրս են գալիս պատգամավորներ, որոնք դառնում են անկախ՝ թե՛ բուլղարներ, թե՛ թուրքեր։ Բուլղարները պատրաստ են քվեարկել Ցեղասպանության ճանաչման օգտին, թուրքերը կտրականապես դեմ են։

Բուլղարացի մի փոխվարչապետ և երեք պատգամավոր, որոնք կողմնակից են Ցեղասպանության ճանաչմանը, տողերիս հեղինակին են ներկայացրել իրենց կարծիքները հայ հասարակության համար։

Իվայլո Կալֆին՝ Այլընտրանք հանուն բուլղարական վերածննդի (ԱՀԲՎ) կուսակցության փոխնախագահ, ժողովրդագրական և սոցիալական հարցերի գծով փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար.- Արտգործնախարար և եվրապատգամավոր եղած ժամանակ ես հանդես էի գալիս Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Դիրքորոշումս չեմ փոխել նաև այսօր. մարդկության դեմ գործված ոճիրները վաղեմության ժամկետ չունեն։ Արդարությունը պետք է վերականգնվի, որպեսզի նման բան այլևս չկրկնվի համաշխարհային պատմության մեջ։ Ես մեծ համակրանք եմ տածում բուլղարահայերի՝ Ցեղասպանության զոհերի ժառանգների հանդեպ։ Հանձինս նրանց՝ մենք Բուլղարիայում ունենք տասնյակ հազարավոր ուսյալ, մտավորական, աշխատասեր, բարոյական բարձր հատկանիշների տեր քաղաքացիների։ Ասեմ նաև, որ միանման համակրանք ունեմ նաև հնաբնակ հայերի հանդեպ, ովքեր Բուլղարիայի տարածքում հիմնավորվել են մինչև Ցեղասպանությունն ու անմիջապես դրանից հետո, այն հայերի հանդեպ, ովքեր այստեղ են եկել հետխորհրդային տարիներին՝ Բաքվի և Սումգայիթի ջարդերից փախչելով և իրենց Հայրենիքից հեռանալով ֆինանսատնտեսական խնդիրների պատճառով։ Եթե Բուլղարիայի խորհրդարանը մինչև այժմ չի ընդունել Ցեղասպանությունը, դա չի նշանակում, թե չի կարող ճանաչել այն ապագայում։ Բայց, ըստ իս, հիմնական խնդիրն այն է, որ Բուլղարիայում ապրում է մեծաթիվ թուրքական և մահմեդական այլ բնակչություն, որն իր քաղաքական ներկայացուցչությունն ունի՝ հանձինս Իրավունքների և ազատությունների շարժման, «Ազատություն և արժանապատվություն» ժողովրդական կուսակցության և ԻԱՇ մի քանի փոքր ճյուղավորումների։ Նրանց ղեկավարները թույլ չեն տա ճանաչել Ցեղասպանությունը, քանի դեռ Անկարայի թույլտվությունը չեն ստացել։ Իսկ դրա համար, հավանաբար, պետք է սպասել, մինչև որ այն ճանաչի ինքը՝ Թուրքիայի Հանրապետությունը։ Հույս ունեմ, որ այդ պահը սարերի հետևում չէ։ Եվ մենք կդառնանք դրա ականատեսները։ Դա կնշանակի պատմական հաշտեցում հայերի և թուրքերի միջև։ Դրանից կարող է սկզբնավորվել համընդհանուր հաշտությունը՝ Բալկաններից մինչև Կովկաս։

Իսկրեն Վեսելինով՝ Մակեդոնական ներքին հեղափոխական կազմակերպության փոխնախագահ, Հայրենասիրական ճակատի խորհրդարանական խմբի փոխնախագահ, Էներգետիկ և ջրային կարգավորման պետական հանձնաժողովի վերահսկողության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ.- Հայոց ցեղասպանության ճանաչման թեման արդեն շատ տարիներ իմ մտահոգության կենտրոնում է։ 2008թ. հենց ես եմ նախաձեռնել Ռուսա քաղաքի Համայնքի խորհրդում դրա վերաբերյալ հռչակագրի ընդունումը (տե՛ս //obc.ruse-bg.eu/reshenia/1304/)։ Հայրենասիրական ճակատ-Բուլղարիայի փրկության ազգային ճակատ և Մակեդոնական ներքին հեղափոխական կազմակերպություն կոալիցիան նույնպես հստակ դիրքորոշում ունի այս հարցում. չի կարելի ժխտել պատմական ճշմարտությունը՝ անգամ հարյուր տարի անց։ Մի ամբողջ ժողովրդի զանգվածային սպանությունը պետք է ընդունվի Թուրքիայի կողմից, որն էլ ավելի անթաքույց կերպով է վերադառնում իր օսմանյան անցյալին։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովի կողմից նման որոշման ընդունման հեռանկարին, ես չեմ կարծում, թե այդ հեռանկարն իրականանալու մեծ հնարավորություններ ունի։ Իրավունքների և ազատությունների շարժումը և «Ազատություն և արժանապատվություն» ազգային կուսակցությունը «Բարեփոխական դաշինք» կոալիցիայի բաղկացուցիչ մասն են և դրա դեմ են հանդես գալու։ Երկու կուսակցությունն էլ, որոնք արտահայտում են Բուլղարիայի թուրքերի և մյուս մուսուլմանների շահերը, փորձում են ցույց տալ իրենց բարեհաճ վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ։ Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքական կուսակցության առաջնորդ և ներկայիս վարչապետ Բոյկո Բորիսովը նույնպես չի թաքցնում ջերմ հարաբերություններն Էրդողանի հետ։ Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցությունը լավագույն դեպքում կիսով չափ կպաշտպանի այս հարցը։ Այս համատեքստում իրատեսական չէ սպասել ձայների 50%-ից ավելին. այդ ձայները կարող են հավաքվել հիմնականում Հայրենասիրական ճակատում և «Ատակա» կուսակցությունում (եթե դա չհակասի նրա նոր՝ ռուսամետ գծին)։ Կարող են միանալ նաև Բուլղարիայի Դեմոկրատական կենտրոնի պատգամավորները, անկախ պատգամավորներ և կուսակցական կարգապահությամբ չպարտավորված շատ պատգամավորներ։ Այնպես որ, այս խորհրդարանը Ցեղասպանությունը չի ճանաչի։

Ստանիսլավ Ստանիլով՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Ատակա» կուսակցության ղեկավարության անդամ, նույն կուսակցության խորհրդարանական խմբի փոխնախագահ, Գիտության և կրթության, մշակույթի և զանգվածային լրատվամիջոցների խորհրդարանական հանձնաժողովի անդամ.- «Ատակա» կուսակցությունը Բուլղարիայի Ազգային ժողովում հրապարակայնորեն և հետևողականորեն հանդես է գալիս Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ 2005թ. կեսերից մինչև օրս ես, որպես պատգամավոր, ակտիվորեն մասնակցում եմ Բուլղարիայի ներքին և արտաքին քաղաքականության համար կարևոր այս հարցի շուրջ ծավալվող բանավեճերին։ Ներքին, որովհետև մեզ մոտ շատ են այն հայերի ժառանգները, ովքեր կարողացել են հատել թուրք-բուլղարական սահմանը և փրկություն գտնել մեր երկրում. նրանք այսօր մեր երկրի հարգարժան քաղաքացիներն են և հանդիսանում են բուլղարական հասարակության անբաժանելի մասը։ Արտաքին, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր ռազմավարական դաշնակիցն է թուրքական ղեկավարության քաղաքական նկրտումների (նեոօսմանիզմ և Բալկանյան թերակղզում ու Կովկասում ազդեցության վերականգնում) զսպման պայքարում։ Մեր կուսակցությունը և խորհրդարանական խումբը Բուլղարիայի Հանրապետության համար կենսականորեն կարևոր հարցերի լուծման նպատակով կանոնավորապես դիմում է զանգվածային գործողությունների, եթե վայելում է հանրային աջակցությունը։ Եթե հարկ լինի, մենք կդիմենք զանգվածային գործողությունների՝ պահանջելով Բուլղարիայի խորհրդարանից ճանաչել Ցեղասպանությունը։ Ի դեպ, ամեն տարի ապրիլի 24-ին մենք, հայ համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ, սգո երթեր ենք անցկացնում այն քաղաքներում, որտեղ կան հայկական եկեղեցիներ և հուշարձաններ Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Բելիզար Ենչև՝ անկախ պատգամավոր, դեսպան, լրագրող, հետախուզության գնդապետ.- Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է Թուրքիայի Հանրապետության՝ Բալկանյան թերակղզում, Մերձավոր Արևելքում և Առաջավոր Ասիայում ռազմական և տնտեսական տարածաշրջանային գերուժի վերածվելու հավակնությունները զսպելու համար։ Նեոօսմանականներն Անկարայում պետք է ընդունեն իրենց նախնիների մեղքը, որպեսզի բացառվի ցանկացած ժողովրդի և ազգի բնաջնջման փորձի կրկնության անգամ տեսական հնարավորությունը։ Ես կուզենայի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ ճանաչվեր նաև Թրակիայի բուլղարների ցեղասպանությունը 1913թ., որը, սակայն, մասշտաբներով փոքր լինելու պատճառով անհայտ է համաշխարհային հանրությանը։ Միայն ամբողջական, համակարգված մոտեցումը Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կատարած ոճրագործությունների հանդեպ կարող է հանգեցնել թուրքական ղեկավարության՝ բալկանյան և կովկասյան հարևանների հանդեպ ռևանշիստական տրամադրությունների չեզոքացմանը։ Բուլղարիայի նոր խորհրդարանը, սակայն, չի կարողանա ճանաչել Ցեղասպանությունը. այնտեղ չափազանց շատ են այն մարդիկ, ովքեր ընտրվել են հայրենասիրական և այլ կարգախոսներով և չեն փչացնի իրենց հանգիստ կյանքը, չեն վտանգի իրենց ապագա կարգավիճակը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր