• am
  • ru
  • en
Версия для печати
18.12.2014

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՒ-Ն ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ

   

Կիպրոսի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն, կղզու հյուսիսում թուրքական զինված ուժերը թվաքանակով և ռազմական տեխնիկայով զգալիորեն գերազանցում են Կիպրոսի Հանրապետության բանակը։ «Կիպրոսի Զինված ուժերը 1974-2014թթ.» զեկույցում համեմատվում է ՄԱԿ բուֆերային գոտու (որով կղզին ըստ ազգային հատկանիշի երկու մասի էր բաժանվել 1974թ. Թուրքիայի ռազմական ներխուժումից և Հյուսիսային Կիպրոսի տարածքի 37%-ի զավթումից հետո) երկու կողմերից յուրաքանչյուրում կիպրոսցիների և թուրքերի ունեցած ռազմական պոտենցիալը։ Փորձագետները հաշվարկել են, որ հանրապետության (որը գերազանցապես բնակեցված է կիպրացի հույներով) ազգային գվարդիայում ծառայում է 14,6 հազ. մարդ, ևս 75 հազ. մարդ պահեստազորում է։ Բացի այդ, կղզու հարավային մասում տեղակայված է Հունաստանի ռազմական զորակազմը՝ 950 մարդ։ Նրանց դիմաց կան 40 հազ. թուրք զինծառայող, 3,5 հազ. կիպրացի թուրք զինակոչիկ և 25 հազ. պահեստազորային։ Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկային, ապա Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիան ներկայում իր զինանոցում ունի 228 տանկ, Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի տարածքում ունի 296 տանկ։ Հաշվի առնելով այն, որ կիպրացի հույների ռազմաօդային և ռազմածովային ուժերն ունեն ընդամենը մի քանի ուղղաթիռ և առափնյա պահպանության մոտորանավակ, ուստի, ինչպես նշվում է զեկույցում, «երկրին Թուրքիայի ՌՕՈւ-ի և ՌԾՈւ-ի կողմից սպառնացող մարտահրավերները շարունակում են մնալ կրիտիկական և անպատասխան»։

Վ.Կալաշնիկով, Зарубежное военное обозрение

Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ

Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելը երկրի խորհրդարան է ներկայացրել Թուրքիայում տեղի ունեցած զանգվածային կոտորածները ճանաչելու մասին օրինագիծ։ Կին պատգամավորը նաև պահանջում է ներողություն խնդրել կոտորածների ենթարկված ժողովուրդներից։ Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, խորհրդարան ներկայացված օրինագծի մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահը խորհրդարանում պետք է պաշտոնապես ներողություն խնդրի, հաջորդ օրը գնա իրադարձության վայրը և այնտեղ կարդա ներողության տեքստը։ Ներողություն խնդրելուց հետո մեկ տարվա ընթացքում պետք է խորհրդարանում հատուկ հանձնաժողով ստեղծել և բացել այդ թեմայի հետ կապված պետության բոլոր արխիվները, ասվում է օրինագծում։ Եթե օրինագիծը հաստատվի, Թուրքիան այդպիսով կճանաչի նաև Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը կնշի որպես սգո օր։

Պենտագոնը ստեղծում է սառըպատերազմյան ժամանակաշրջանի նմուշի պաշտպանական ծրագիր

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը ներկայացրել է սառըպատերազմյան ժամանակների ծրագրեր հիշեցնող «Ինովացիոն պաշտպանական նախաձեռնություններ» ստեղծելու մասին պլանները։ Երկարատև հետազոտությունների ծրագիրը, որին ձեռնամուխ է եղել ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը, ամերիկյան բանակի համար բեկում է ապահովելու կարևոր տեխնոլոգիաների ասպարեզում, ինչպիսիք են ռոբոտատեխնիկան, 3D-մամուլը և այլն։ Պենտագոնի ղեկավարը նոր նախաձեռնությունը համեմատել է Էյզենհաուերի վարչակազմի «Նոր հայացք» ծրագրի հետ, որի նպատակն էր ամերիկյան միջուկային զինանոցի արագ համալրումը 1950-ական թթ.՝ կոմպենսացնելու համար Եվրոպայում սովորական սպառազինություններում ԽՍՀՄ ունեցած գերազանցությունը։ Ըստ Հեյգելի՝ նոր ծրագիրը պետք է հնարավորություն տա ԱՄՆ Զինված ուժերին պահպանել գերազանցությունը ցանկացած հակառակորդի հանդեպ՝ անտեսելով բյուջեի կրճատումն ու երկարատև պատերազմների հետևանքով առաջանալիք տեխնիկայի մաշվածությունը։

Պենտագոնի գաղտնի գործակալները

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է մոտ 500 գաղտնի աշխատակից ուղարկել արտասահման, տեղեկացնում է «Վաշինգտոն փոստ» թերթը։ Մինչ այդ ծրագրվում էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը կուսուցանի և արտասահմանյան երկրներ կուղարկի «ռեզիդենտուրայի» մոտ 1000 աշխատակցի։ Ենթադրվում էր, որ նրանք աշխատելու են ԿՀՎ-ի և ԱՄՆ Հատուկ գործողությունների հրամանատարության հետ հակառուսական առաքելության կազմում, որի խնդիրներն են ազգային անվտանգության ապահովման հարցերը։ Սակայն պաշտպանության նախարարության գաղտնի ծառայություն ստեղծելու մասին հայտարարությունից երկու տարի անց այս պլանը վերանայվեց։ Թարմացված տվյալների համաձայն՝ գաղտնի աշխատակիցների թիվը կազմում է 500 մարդ, իսկ նրանց գլխավոր խնդիրն է դառնալու տեղեկատվության հավաքումը Պենտագոնի համար։


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11-12, 2014

դեպի ետ