
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՑ

Արդեն այս շաբաթ Պետդուման լսելու է այն օրինագծի առաջին ընթերցումը, որի համաձայն՝ օտարերկրացիները, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան ուղղակիորեն կամ անուղղակիորեն կառավարել կամ վերահսկել ռուսական ցանկացած ԶԼՄ հիմնադրի կանոնադրական կապիտալի 20%-ից ոչ ավելին։ ԶԼՄ-ի մասին օրենքի փոփոխությունը մտցրել են պատգամավորներ Վադիմ Դենգինը (ՌԼԴԿ), Վլադիմիր Պարախինը («Արդար Ռուսաստան») և Դենիս Վորոնենկովը (ՌԴԿԿ), այն արժանացել է «Միասնական Ռուսաստան» խմբակցության փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակովի հավանությանը։ Որոշ տվյալներով՝ փաստաթուղթը հավանության են արժանացրել նաև նախագահի աշխատակազմում, այսինքն՝ դրա բոլոր կետերի համաձայնեցման հնարավորությունը բավական բարձր է։
Այսօր շուկայի այս հատվածը լրջորեն կախված է օտարերկրյա, այդ թվում և օֆշորային ներդրումներից։ Այսօր առկա նորմերի համաձայն՝ օտարերկրացի ներդրողը կարող է մասնակցել հեռուստա- կամ ռադիոընկերության կապիտալի 50%-ին։ Մամուլի համար նման սահմանափակում չկա։ «ИД «Коммерсантъ» ՓԲԸ («Коммерсантъ» թերթ, «Секрет фирмы», «Огонек» ամսագրեր) հիմնադիրների մեջ պատկառելի բաժին ունի կիպրոսյան Kommersant Holding (Cyprus) Limited-ը։ «Ведомости» թերթը վերահսկվում է ֆիննական Sanoma-ի և ամերիկյան Dow Jones-ի ու FT Group-ի կողմից։ РБК հրատարակչական հոլդինգի առնվազն կեսը պատկանում է կիպրոսյան Pragla Limited ընկերությանը։
Օտարերկրացիներն ակտիվ են նաև հեռուստաշուկայում։ Խոշոր օտարերկրյա կապիտալ ունի CTC Media խումբը (CTC, «Домашний», «Перец» հեռուստաալիքներ)։ Այստեղ 37,9%-ի բաժնետերն է շվեդական MTG Group-ը, իսկ բլոկփաթեթը կիպրոսյան Telcrest ընկերության ձեռքին է, որը պատկանում է Յուրի Կովալչուկին։ Ռադիոեթերի խոշոր սեփականատեր է շվեդական Viasat-ը։ «Профмедиа ТВ» ընկերությունը («Пятница», «ТВ-3», «2х2» ալիքներ) կիսով չափ պատկանում է կիպրոսյան Independent Network Television Limited-ին։ «Эхо Москвы» ռադիոկայանը, բացի «Գազպրոմ-մեդիայից», կառավարում է նաև ամերիկյան EM Holding Company LLC-ը։
Նոր կանոնները, հավանաբար, դուր չեն գա ԶԼՄ շուկայի դերակատարների մեծ մասին, քանի որ կհանգեցնեն լուրջ կորուստների՝ այս հատվածում գովազդային շուկայի անկման և սահմանափակիչ այլ օրենքների ֆոնին, ինչպես, օրինակ, գովազդի արգելքն էր ռադիոալիքների համար։ Միևնույն ժամանակ, պետության՝ հայրենական տեղեկատվական տարածքը հսկելու ցանկությունը հասկանալի է։ Մեդիա-միջավայրի խոցելիությունը և ռիսկերը լավ հայտնի են նաև արևմտյան երկրներին, դրա համար էլ ԶԼՄ-ում օտարերկրյա կապիտալի սահմանափակումները վաղուց գործում են ողջ աշխարհում։ ԱՄՆ-ում օտարերկրյա ներդրողները չեն կարող լինել հեռուստաալիքների և ռադիոկայանների 25%-ից, Ճապոնիայում՝ 20%-ից ավելիի սեփականատերը։ Ֆրանսիայում գործընկերներ սպասում են միայն ԵՄ երկրներից, մյուսներին թույլատրում են ԶԼՄ-ում ունենալ ոչ ավելի, քան 20%։ Մեծ Բրիտանիայում օտարերկրյա մասնակցության բաժինը չի կարող գերազանցել բրիտանականի չափը։
http://expert.ruդեպի ետ