• am
  • ru
  • en
Версия для печати
30.10.2014

ՑԱՆՑԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ

Руский

   

Ելենա Չեռնենկո

ՆԱՏՕ ուելսյան գագաթաժողովում հայտարարվեց կիբեռհարձակումից հավաքական պաշտպանության սկզբունքի տարածման մասին։ ՆԱՏՕ-ն կիբեռտարածքում գլխավոր սպառնալիք համարում է Ռուսաստանը։ Իսկ փորձագետները նախազգուշացնում են, որ այս միջավայրում չափազանց դժվար է որոշել ագրեսիայի աղբյուրը, և որ կարող են տուժել բնավ կապ չունեցող երրորդ երկրներ։

Վերջերս Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ գագաթաժողովի ընթացքում ընդունվեցին մի քանի կարևոր որոշումներ, որոնք ուղղակիորեն առնչվում են Ռուսաստանի շահերի հետ։ Խոսքն առաջին հերթին դաշինքի անդամների համաձայնեցրած ռազմական միջոցների լայն փաթեթի մասին է՝ ուղղված Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերի ներկայությունն ընդլայնելուն, ինչպես նաև մի շարք երկրների՝ ՌԴ հարևանների (Ուկրաինա, Վրաստան, Ֆինլանդիա) հետ բլոկի համագործակցության էական ամրապնդման մասին։

Բայց ՌԴ ազգային շահերի տեսանկյունից պակաս կարևոր չէ ՆԱՏՕ հայտարարությունը կիբեռտարածքում հավաքական պաշտպանության սկզբունքի (Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդված) տարածման մասին։ Սա նշանակում է, որ դաշինքի պետություններից մեկի դեմ կիբեռհարձակման դեպքում ագրեսորին պատասխանելու են դաշինքի բոլոր ուժերը։

Գագաթաժողովի արդյունքների հիման վրա ընդունված հայտարարությունում այս քայլը բացատրվում է այսպես. «Հյուսիսատլանտյան դաշինքը համարում է, որ կիբեռհարձակումները սպառնում են նաև եվրատլանտյան տարածաշրջանի երկրների բարգավաճմանը, անվտանգությանը և կայունությանը։ Դրանք կարող են նույնքան վնասակար ներգործություն ունենալ արդի հասարակությունների վրա, որքան սովորական հարձակումները»։

«ПИР-Կենտրոնի» փորձագետ Օլեգ Դեմիդովի կարծիքով՝ ՆԱՏՕ որոշումն ընդհանուր առմամբ սպասելի էր։ «Հզոր կիբեռհարձակման արդյունքում կարող են տուժել կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները (ներառյալ ԱԷԿ-ները և ամբարտակները), ինչը կարող է հանգեցնել տեխնածին աղետների։ Կիբեռզենքը կարող է օգտագործվել նաև ռազմավարական հաղորդակցությունները (ներառյալ արբանյակայինները) խափանելու համար, ինչը սպառնալիք է զինված ուժերի մարտունակությանը,- պարզաբանել է նա։- Կիբեռհարձակումները զինված հարձակումներին հավասարեցնելու օբյեկտիվ պատճառներն այսօր բավական շատ են»։

Բայց ՆԱՏՕ փաստաթղթերում չի հայտնվում, թե ում է դաշինքը համարում գլխավոր պոտենցիալ կիբեռագրեսոր։ Կոնկրետությունից խուսափում են նաև ՆԱՏՕ պաշտոնական ներկայացուցիչները։ Այդ մասին բացահայտ խոսում են միայն դաշինքի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները. գագաթաժողովի նախօրեին Boston Globe-ում հրապարակվեց Եվրոպայում ՆԱՏՕ Միավորված ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսի և ԱՄՆ Կիբեռհրամանատարության ռազմավարական պլանավորման նախկին ղեկավար Դեյվ Վայնշտեյնի սյունակը, որտեղ ասվում էր. «ՆԱՏՕ անդամները բախվում են լուրջ կիբեռսպառնալիքների շատ երկրների, բայց առանձնապես՝ Ռուսաստանի կողմից»։

Տեքստից հետևում է, որ DDoS-հարձակումներն էստոնական ռեսուրսների վրա 2007թ. (Բրոնզե զինվորի տեղափոխման շուրջ սկանդալի ժամանակ) միջպետական կիբեռպատերազմի առաջին օրինակն էին։ Մինչդեռ չհաջողվեց ապացուցել, որ ռուսական պետական կառույցներն ուղղակիորեն կապ ունեն այդ հարձակումների հետ (թեև հիմքեր կան կարծելու, որ դիվերսիան կազմակերպել է Կրեմլին հարող երիտասարդական շարժումներից մեկը), և վնասն էլ այդ ժամանակ նվազագույն էր. Էստոնիայի մի շարք պետական հաստատությունների և բանկերի կայքերը մի երկու ժամ չէին աշխատել։ Միևնույն ժամանակ, ԱԱԳ և ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մերկացումներից հայտնի դարձավ, որ Stuxnet վիրուսի ստեղծման թիկունքում, որը մեկ տարով հետ գցեց Իրանի միջուկային ծրագիրը, կանգնած են ամերիկյան և իսրայելյան հատուկ ծառայությունները, ինչպես նաև 2012թ. ողջ Սիրիան կտրվեց ինտերնետից՝ ԱՄՆ իշխանությունների մեղքով։

Եթե չլիներ Սնոուդենը, աշխարհը դժվար թե իմանար ճշմարտությունը Stuxnet-ի և Սիրիայի մասին։ Բանն այն է, որ կիբեռհարձակման աղբյուրը չափազանց դժվար է պարզել, քանի որ դիվերսիաները կարող են իրականացվել միանգամից մի քանի երկրների ենթակառուցվածքների օգտագործմամբ։ Դա նշանակում է, որ ՆԱՏՕ վերջին որոշումները կարող են հանգեցնել նրան, որ պատասխան հարված տրվի բնավ կապ չունեցող երրորդ կողմին։ Օլեգ Դեմիդովը բերում է հետևյալ օրինակը. «Բարդ համակարգչային վիրուսը վարակում է էլեկտրացանցերը և էլեկտրակայանները նաև ՆԱՏՕ երկրներում, էլեկտրականության անջատումը սպառնում է այդ թվում զինվորական օբյեկտներին (ՌԾՆ կայաններ, հրամանատարական կետեր)։ Ընդ որում՝ վիրուսը պարունակում է ռուսական ծագմամբ բառերով կոդ և այլ հղում ունի ռուսալեզու հեղինակին։ Հարձակման ընթացքում գործի են դրվում նաև սերվերներ, որոնք գտնվում են ՌԴ տարածքում։ Ո՞ւմ կկասկածի ՆԱՏՕ-ն։ Մոսկվային»։ Թեև վիրուսի իրական հեղինակն այս պարագայում ով ասես կարող է լինել, օրինակ՝ Եվրոպայում պատերազմ սանձազերծել ցանկացող ահաբեկիչները։

ՆԱՏՕ կենտրոնակայանում «Власть»-ի բարձրաստիճան աղբյուրն, ի դեպ, ասում է, որ կիբեռհարձակումների աղբյուրը պարզելու խնդիրը լուծելի է։ «Դա տեխնիկական ռեսուրսների և ժամանակի, ինչպես նաև դասական հետախուզության մեթոդներով ստացված տեղեկատվության հետ թվային տվյալների համադրման հարց է»,- կարծում է նա։

Գագաթաժողովում ընդունված որոշումները սկզբունքային այլ հարցեր էլ են առաջացնում։ Նախ՝ պարզ չէ, թե ինչպես է ՆԱՏՕ-ն պատասխանելու կիբեռհարձակումներին։ Դաշինքն ինքը, «Власть»-ի աղբյուրի հավաստիացմամբ, զբաղվում է լոկ պաշտպանական կիբեռտեխնոլոգիաների մշակմամբ։ Հետևաբար, եթե ՆԱՏՕ երկրներից մեկը դառնա հզոր կիբեռդիվերսիայի զոհ և որոշում կայացվի 5-րդ հոդվածը գործարկելու մասին, դաշինքը՝ իբրև այդպիսին, կարող է պատասխանել ագրեսորին միայն սովորական ռազմական եղանակով։ «Власть»-ի զրուցակիցը, սակայն, խոսքի մեջ ասաց, որ ՆԱՏՕ մի շարք երկրներ սկսել են զարգացնել հարձակողական կիբեռտեխնոլոգիաներ, և «համապատասխանաբար՝ կարող են երկկողմանի կամ բազմակողմանի հիմքով պաշտպանել բլոկի իր դաշնակցին»։

Էստոնական Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ Պիրետ Պերնիկի խոսքով՝ ՆԱՏՕ երկրների կիբեռպոտենցիալների միջև հսկայական տարբերություն կա։ Այս առումով մյուսներից բավական առաջ է անցել ԱՄՆ-ը, թեև վերջին երկու-երեք տարիներին առանձին կիբեռստորաբաժանումներ են ստեղծվել ՆԱՏՕ անդամ ևս 13 երկրների ռազմական կառույցներում։

Երկրորդ՝ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթերում չի տեղեկացվում, թե որքան ավերիչ պետք է լինի կիբեռհարձակումը, որպեսզի հարձակման զոհ պետությունն իրավունք ունենա հավաքական պաշտպանության դիմելու, ընդամենը ճշտվում է, որ «որոշումն այն մասին, երբ կիբեռհարձակումը հանգեցնում է 5-րդ հոդվածը ուժի մեջ մտցնելուն, ընդունվելու է ՆԱՏՕ-ի կողմից՝ յուրաքանչյուր առանձին վերցրած դեպքում»։ ՆԱՏՕ-ում «Власть»-ի աղբյուրը պարզաբանել է, որ դաշինքը հատուկ այս ձևակերպումը չի հստակեցրել, «որպեսզի պոտենցիալ ագրեսորներին չթվա, թե նրանք կարող են անպատիժ գործել՝ դուրս չգալով կրիտիկական շրջանակներից»։

Սակայն փորձագետները նման մոտեցումը թափանցիկ չեն համարում։ «Եթե ՆԱՏՕ-ն հաշվարկն անում է ագրեսիան կիբեռտարածքում զսպելու վրա, զսպման համակարգը պետք է հիմնված լինի համեմատաբար կանխատեսելի բազայի վրա, որպեսզի պոտենցիալ ագրեսորը կարողանա հաշվարկել իր գործողությունների հնարավոր գինը,- ասում է Օլեգ Դեմիդովը։- Կարելի է որպես անալոգիա բերել երաշխավորված փոխադարձ ոչնչացման հայեցակարգը սառը պատերազմի դարաշրջանում, երբ հակառակորդի վրա միջուկային հարձակման գինը երկու գերտերությունների համար անընդունելիորեն բարձր էր։ Եվ սա իմանալը գլխավոր զսպիչ գործոնն էր հանդիսանում»։

Երրորդ՝ ակնհայտ է տերմինների անհստակությունը։ Վաշինգտոնյան պայմանագրի 6-րդ հոդվածում ասված է, որ զինված հարձակում է համարվում ՆԱՏՕ երկրներից մեկի տարածքի կամ նրա զինված ուժերի, նավերի կամ թռչող սարքերի դեմ ագրեսիան։ 1949թ. փաստաթղթում տեղեկատվա-հաղորդակցային ենթակառուցվածքի մասին հասկանալի պատճառներով ոչ մի խոսք ասված չէ։ «Սա խնդիր է։ Հավանաբար, եկել է միջազգային իրավունքի հասկացական ապարատը թարմացնելու և վերանայելու ժամանակը՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաները»,- փաստում է Օլեգ Դեմիդովը։

Ուելսի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում, սակայն, ասված է, որ այժմ էլ գործող միջազգային իրավունքը, այդ թվում և հումանիտարը, լիովին կիրառելի է կիբեռտարածքում հակամարտությունները կարգավորելու համար։ Ըստ էության, դաշինքը պաշտոնական մակարդակով հաստատեց այն սկզբունքը, որը հռչակել էին CCDCOE փորձագետներն անցած տարի հրապարակված «Կիբեռպատերազմների վարման տալլինյան հրահանգներում» («Власть»-ը դրա մասին մանրամասն գրել է «Վիրտուալ ճակատ» հոդվածում, N20, 2013թ.)։

Խոշորածավալ կիբեռհարձակումների դեպում պետությունների և ռազմական դաշինքների գործողությունների ալգորիթմը նկարագրող փաստաթուղթն անմիջապես գրավեց ռուսական մի ամբողջ շարք գերատեսչությունների ուշադրությունը՝ ԱԳՆ-ից ու պաշտպանության նախարարությունից մինչև Անվտանգության խորհուրդ ու հատուկ ծառայություններ, քանի որ պարզ էր, որ այն կարող է դրվել կիբեռմիջավայրում ՆԱՏՕ քաղաքականության հիմքում։ Մոսկվան «Տալլինյան հրահանգների» փաստը համարեց պոտենցիալ առումով վտանգավոր, քանի որ փաստաթուղթը լեգիտիմացնում էր կիբեռպատերազմների հասկացությունը։ Սակայն ՌԴ պրոֆիլային գերատեսչություններում, ըստ «Власть»-ի տեղեկատվության, այնուամենայնիվ, հույս ունեին, որ «Տալլինյան հրահանգները» այդպես էլ կմնան որպես զուտ էստոնական կենտրոնի դիրքորոշում։ Այժմ պարզ է, որ այդ հաշվարկները չեն արդարացել։

ՌԴ իշխանությունները վերջին երեք տարիների ընթացքում միջազգային տարբեր հարթակներում հանդես են գալիս կիբեռտարածքում վարքագծի հատուկ կանոնների ընդունման նախաձեռնությամբ։ Բայց շոշափելի առաջընթաց այս ուղղությամբ չկա, քանի որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը ռուսական առաջարկներում սպառնալիք են տեսնում իրենց ինտերնետի ազատության դեմ։ Նրանց նոր օրենքներ ընդունելու անհրաժեշտության մեջ համոզելու համար ռուսական կողմը, ըստ «Власть»-ի տվյալների, վերջերս պատրաստել է ավելի քան 30 օրինակից բաղկացած մի ցանկ առկա միջազգային իրավունքի և կիբեռտարածքում իրական միջադեպերի միջև կոլիզիաների վերաբերյալ։ Դրանցից մեկն այն հարցն է, թե արդյոք վիրուսով վարակված և առանց դրանք օգտագործողի իմացության կիբեռհարձակման մեջ գործի դրված համակարգիչները (բոտերը) կարող են համարվել «մարտական» գործողության մասնակից։ ՆԱՏՕ կենտրոնակայանում «Власть»-ի աղբյուրը չկարողացավ հստակ պատասխան տալ այս հարցին։

Մոսկվայում, սակայն, նախընտրում են դրամատիկ բնույթ չտալ ՆԱՏՕ վերջին որոշմանը։ «Ոչ զարմանք, ոչ վախ այս քայլերը մեր մեջ չառաջացրին։ Ուելսում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները համակարգված և կենտրոնացված ձևով ներկայացրին այն, ինչն առանց այդ էլ վաղուց անում են»,- «Власть»-ին ասել է ՌԴ պետկառույցներում գործող և այս թեմայով բանակցություններին մասնակցող աղբյուրը։ Նորությունը, ըստ նրա, այն է, որ «ՆԱՏՕ-ն դադարել է այս ուղղությամբ իր աշխատանքը քողարկել խաբեբաների ու ահաբեկիչների դեմ պայքարով և դա ընդունել է որպես իր ռազմական քաղաքականության մի մաս»։

Журнал "Коммерсант Власть", №36, 15.09.2014, стр. 44

http://www.kommersant.ru/doc/2563329

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 10, 2014

դեպի ետ