
ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ալեքսանդր ՄանասյանՓիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ուսումնասիրության կարոտ հարցեր հայոց քաղաքական օրակարգում
Ղարաբաղյան հակամարտության մասին մեր պատկերացումները, այնուամենայնիվ, դեռևս մնում են չհստակեցված: Պատճառներից են պատմական անցքերի և նույնիսկ բախման մերձավոր պատմության փաստերի և իրավաքաղաքական հիմքերի ոչ համարժեք, երբեմն էլ իրարամերժ ըմբռնումները: Սա, իր հերթին, իր պատճառն ունի։ Հարյուրամյակներ շարունակ մենք անկախ պետականություն չունեինք և, բնական է, չունեինք համապատասխան ազգային արտաքին քաղաքական ծառայություններ, էլ չենք ասում` վերլուծական կենտրոններ: Եվ այսօր էլ ստացվել է այնպես, որ հազիվ թե որևէ մեկը` քաղաքական գործիչ կամ գիտնական, մեր ազգային արմատական շահերի տեսակետից համոզիչ ու ոչ հակասական պատասխաններ կարողանա տալ այնպիսի բազմաթիվ հարցերի, որոնցից կախված է մեր արտաքին քաղաքական վարքը ղարաբաղյան հարցում:
Օրինակ, ինչո՞ւ մինչև վերջերս մենք այլոց հետ հիմնահարցը որակում էինք զուտ քաղաքական՝ չկարևորելով հակամարտության անմիջական իրավական հիմքերը: Կամ` ինչպե՞ս պիտի համադրվի հայկական երկու պետականությունների արտաքին քաղաքական գործունեությունը տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս` միջազգային ասպարեզում միասնական ռազմավարություն ունենալու համար: Տարբեր պատասխաններ ստացող, երբեմն էլ բնավ չքննարկվող նման հարցեր շատ կան: Եվ դրանց թվում են այն հարցերը, որոնք վերաբերում են Արևելյան Անդրկովկասի հայությանը` ադրբեջանահայությանը:
Ո՞րն է ադրբեջանահայության տեղը 1988-ին սկսված մեր ազգային շարժման մեջ: Ո՞րն է նրա դերը տարածաշրջանային գործընթացներում և մեր գոյապահպանության հեռանկարում: Ի՞նչ դերակատարություն ունի մեր ժողովրդի այդ հատվածը ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդի փուլում: Հնարավո՞ր է արդյոք հասնել հակամարտության արդարացի կարգավորման՝ չտալով նրա հիմնական զոհի անունը: Քաղաքական մեր շրջանակներն այս հարցերի պատասխանները չունեն, քանի որ քաղաքագիտական մեր միտքը դրանց ըստ ամենայնի չի անդրադառնում:

դեպի ետ